ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ

Սեպտեմբերի 20-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ հրավիրվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան» ելույթով: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ՝ խախտելով միջազգային իրավունքի և 2020 թ. նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները: Արմեն Պապիկյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նա մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը ծանր հրետանու, մարտական ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի միջոցով միտումնավոր հրետակոծության են ենթարկել մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ խաղաղ բնակավայրերը, ինչպես նաև թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Դեսպանը շեշտել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումներ, զրկել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից: Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ 9 ամսից ավել շարունակվող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և որպես պատերազմի մեթոդ՝ սովի օգտագործումը, Ադրբեջանի էթնիկ զտման համակարգված քաղաքականության անբաժանելի մասն է: Արմեն Պապիկյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ ու նպատակաուղղված միջամտության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել այն միջազգային գործընկերներին, ովքեր աներկբա դատապարտել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ միևնույն ժամանակ հավելելով, որ հայտարարություններն այլևս բավարար չեն, և անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ թիրախային պատժամիջոցներ: Արմեն Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ գործող նախագահին և քարտուղարությանը՝ մշտադիտարկել զարգացումները և հետևողականորեն կիրառել ԵԱՀԿ առկա գործիքակազմը:
19:59 - 21 սեպտեմբերի, 2023
ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի խաղաղություն ճանապարհին․ Օսմանի

ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի խաղաղություն ճանապարհին․ Օսմանի

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ երեկ ունեցած առանձին հանիպումների վերաբերյալ:  Ինչպես նշվում է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ, Օսմանին խոր մտահոգություն է հայտնել տարածաշրջանում երեկվա ռազմական գործողությունների և դրանց հետևանքով քաղաքացիական բնակչության համար ստեղծված վտանգների վերաբերյալ: Նա կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնել հակամարտությունից տուժած բնակչության, հատկապես խոցելի խմբերի վրա ծանր հետևանքների կապակցությամբ: Նա ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները պետք է գերակա լինեն և մարդկանց հումանիտար կարիքները պետք է բավարարվեն:  Օսմանին նաև ընդգծել է, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը մշտապես և ամբողջապես անընդունելի են, և որ բարեխղճության վրա հիմնված շարունակական, կառուցողական երկխոսությունը կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն է:  Նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ անձնապես և ակտիվորեն ներգրավվել, և ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի խաղաղություն ճանապարհին: Նա նաև ասել է, որ ԵԱՀԿ-ն ունի համապատասխան փորձ և գործիքակազմ՝ երկխոսության ֆասիլիտացման, վստահության կառուցման և համապատասխան համաձայնագրեր իրականացնելու համար, որոնք կնպաստեն երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը։
13:10 - 20 սեպտեմբերի, 2023
«Ադրբեջանը ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման»․ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

«Ադրբեջանը ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման»․ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Հանդիպման առանցքում են եղել սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար լրջագույն խնդիրները: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, միջազգային կառույցների կողմից զսպիչ քայլերի բացակայությունն ընկալում է որպես ամենաթողություն և բացահայտ ուժի կիրառման միջոցով ձգտում հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման:  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը:
09:05 - 20 սեպտեմբերի, 2023
«Խորապես մտահոգված եմ ռազմական գործողություններով»․ ԵԱՀԿ գործող նախագահը գրառում է արել

«Խորապես մտահոգված եմ ռազմական գործողություններով»․ ԵԱՀԿ գործող նախագահը գրառում է արել

ԵԱՀԿ գործող նախագահ Բուջար Օսմանին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Որպես ԵԱՀԿ նախագահ՝  խորապես մտահոգված եմ Ստեփանակերտում/Խանքենդիում ռազմական գործողություններով և դրա հետ կապված՝ քաղաքացիական անձանց համար ստեղծված վտանգներով։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և առաջին տեղում պետք է լինեն մարդասիրական հարցերը։            Այսօր կհանդիպեմ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջյհուն Բայրամովին և Հայաստանի ԱԳ նախարար Արայիկ Միրզոյանի հետ Նյու Յորքում՝  ՄԱԿԻ-ի գլխավոր անսամբլիայի 78-րդ գլխավոր նստաշրջանում, և կթարմացնենք մեր կոչը»։          Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։ Հակառակորդը փորձում է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը, ՊԲ-ն հաղորդում է, որ յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։ Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Ստեփանակերտից եկող հաստատված լուրերի համաձայն՝ վիրավորներ են տեղափոխվում բժշկական կենտրոններ, այդ թվում՝ երեխաներ։
16:03 - 19 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ Ղարաբաղի հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ Ղարաբաղի հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները չի կարող երկխոսել Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով, բայց տեղյակ է, որ ռուսները կողմերին քննարկումների են հրավիրում, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը, հավելելով՝ կողմերի որոշումն է գնալ դրանց, թե ոչ։ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ազդել է բազմաթիվ ձևաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել միջազգային համակարգի նորմերը, որ դժվար է նրա հետ համագործակցության ուղիներ գտնել։ Բայց, դրանով հանդերձ Միացյալ Նահանգները կենտրոնացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների, արդար և տևական խաղաղություն գտնելու վրա։ Դրա համար մենք երկկողմ և եռակողմ հանդիպումների մեջ ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սատարում ենք Եվրամիության ջանքերին, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին», - ասել է նա։ «Միաժամանակ, գաղտնիք չէ, որ ռուսներն էլ են քննարկումների հրավիրում կողմերին, և գաղտնիք չէ, որ ռուսները խաղաղապահներ ունեն տեղում։ Մենք չենք կարող այս պահին երկխոսություն ունենալ ռուսների քայլերի շուրջ, ուստի կողմերն իրենք են որոշում՝ ուզում են ներգրավվել ռուսական քննարկումներում, թե ոչ», - շարունակել է Մայքլ Քարփենթերը։ Ընդ որում, խոսելով միջնորդներից՝ ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները, ի տարբերություն այլոց, Հայաստանի ու Ադրբեջանի հարևանը չէ, կողմնակալ շահեր չունի և դրանով իսկ կարող է առավել անաչառ ու անկեղծ լինել։ Դա, ըստ Քարփենթերի, գիտակցում են թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։ «Կարծում եմ՝ երկու կողմն էլ Միացյալ Նահանգների ծառայությունը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ազնիվ ու անկեղծ ջանք, քանի որ մենք տեսնում ենք դրա առավելությունները երկարաժամկետ կտրվածքով. մենք հարևան երկիր չենք, ուստի մենք չունենք այն «անձնական» շահերը, որ որոշ այլ տարածաշրջանային երկրներ կարող են ունենալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է նաև առավելություն լինել Միացյալ Նահանգների համար, թույլ տալով, որ մենք գործի դնենք մեր անաչառ դիվանագիտական գործիքները՝ այս տարաձայնությունների լուծմանը հասնելու համար», - շեշտել է նա։ Այս փուլում Վաշինգտոնի համար առաջնահերթություն է, որ հումանիտար բեռները հասնեն Ղարաբաղ, և այդ ուղերձը Միացյալ Նահանգները փոխանցել է Ադրբեջանին, ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։ Մայքլ Քարփենթերը մանրամասնել է՝ կարևոր է, որ Լաչինի միջանցքը բացվի հիմա, բայց Նահանգների համար ընդունելի է նաև Աղդամի գործարկումը. - «Մենք ասում ենք մեր ադրբեջանցի գործընկերներին, որ այդ օգնությունը պետք է անցնի Լաչինի միջանցքով հիմա, բայց միաժամանակ նաև ասում ենք, որ այն պետք է անցնի երկու՝ թե՛ Լաչինի ճանապարհով, թե՛ Աղդամի։ Որ ճանապարհով հնարավոր կլինի օր առաջ հումանիտար աջակցությունը հասցնել Լեռնային Ղարաբաղ, դրանով էլ պետք է գնա»։ Ավելի մանրամասն՝ azaztutyun.am-ում։ 
17:47 - 17 սեպտեմբերի, 2023
Մամիջանյանը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ և ԼՂ անվտանգային իրավիճակին

Մամիջանյանը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ և ԼՂ անվտանգային իրավիճակին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին ու մեր երկրում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ Հայկ Մամիջանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի ու ՀՀ խորհրդարանի համատեղ աշխատանքը: Ըստ աղբյուրի՝ պատգամավորն իր խոսքում անդրադարձ է կատարել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և մեր երկրում անցկացվող ՏԻՄ ընտրություններին: Նշվում է, որ խմբակցության ղեկավարը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության պատրաստակամությունը և ի թիվս այլ հարցերի` խոսել նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգային իրավիճակից և մեր երկրի ներքաղաքական խնդիրներից:
18:47 - 13 սեպտեմբերի, 2023
Սա է հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության հայտարարությունն Արցախի վերաբերյալ
 |tert.am|

Սա է հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության հայտարարությունն Արցախի վերաբերյալ |tert.am|

tert.am: ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Քարփենթերը հանդես է եկել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։ «Միացյալ Նահանգների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ նախագահությանը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Հատուկ մշտական խորհրդի նիստ հրավիրելու համար... Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող մարդասիրական իրավիճակից», - ասել է պաշտոնյան՝ հիշեցնելով պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Իր ելույթում նա հիշեցրել է, որ մարդասիրական բեռները գտնվում են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի (Ակնա) երթուղիների մոտ: Քարփենթերը կրկնել է երկու միջանցքներն անհապաղ և միաժամանակ բացելու, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու կոչերը: «Մենք նաև կոչ ենք անում առաջնորդներին չգնալ որևէ գործողության, որ բարձրացնում է լարվածությունը կամ շեղում այս նպատակից: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է. Կրկնեմ, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է։ Մենք հետևողականորեն ասել ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի առևտրային, մարդասիրական և մասնավոր երթևեկության համար՝ համաձայն ՄՔԴ-ի փետրվարի 22-ի վճռի, և ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների առջև ծառացած իրավիճակի ծանրությունն ու հրատապությունը։ Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Մենք բազմաթիվ առիթներով այս ուղերձը փոխանցել ենք ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր կերպով Ադրբեջանի կառավարության բոլոր մակարդակներին, իսկ  Լեռնային Ղարաբաղի բնակիչներին կոչ ենք անում ընդունել մատակարարումը», - ասել է Քարփենթերը: «Հարավային Կովկասում վերջին շրջանում լարվածության աճի ֆոնին Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի՝ կարևոր խնդիրներն ուղիղ երկխոսության միջոցով լուծելու ջանքերին՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ և հարատև խաղաղության»։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:45 - 13 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ռազմական ագրեսիայի․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին

Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ռազմական ագրեսիայի․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը սեպտեմբերի 12-ին Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարի տեղակալը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 9 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից անվտանգային իրավիճակի լարմանն ուղղված գործողությունների վրա։  Վահե Գևորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից պարտադրված՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայ բնակչության անմարդկային շրջափակումը և մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցումը, որն ուղեկցվում է առանցքային ենթակառուցվածքների՝ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման դիտավորյալ արգելափակմամբ, հանգեցրել է ծայրահեղ հումանիտար ճգնաժամի, որով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղը ենթարկել ամբողջական էթնիկ զտման։  «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը հայերի դեմ տասնամյակներ շարունակվող ատելության հրահրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ավելի լայն պատկերի և էության մի մասն է, որոնք ցեղասպանական մտադրության նախազգուշացնող նշաններ են»,- նշել է Վահե Գևորգյանը։  ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է ականջալուր լինի միջազգային հանրության կոչերին և անվերապահ իրականացնի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 23-ին ընդունած և հուլիսի 6-ին վերահաստատած որոշումը՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով։  Վահե Գևորգյանը նշել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական հասանելիության անխոչընդոտ ապահովման և միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության հրատապությունը։ Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային իրավիճակին՝ ԱԳ նախարարի տեղակալը դատապարտել է Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժերն և կուտակումները։ Նա ընդգծել է, որ այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուժի սպառնալիք, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ռազմական ագրեսիայի։  «Մինչ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով բոլոր չլուծված խնդիրները կարգավորելու հանձնառությանը, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը և մեր գործընկերները կձեռնարկեն բոլոր ջանքերը և կկիրառեն իրենց տրամադրության տակ եղած միջոցները՝ կանխելու մեր տարածաշրջանում հերթական ագրեսիան»,- ընդգծել է Վահե Գևորգյանը։ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատմանը՝ ընդգծելով, որ այն հնարավոր Է կյանքի կոչել միայն ուժի կամ դրա ապառնալիքի և մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների բացառման պայմաններում: Ելույթում նաև ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման ուղղությամբ հատուկ միջազգային ջանքերի և Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության ամուր միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա շոշափելի արդյունքներ ապահովել գործընթացում։
18:52 - 12 սեպտեմբերի, 2023
Միրզոյանը Կասպրչիկի հետ հանդիպմանը շեշտել է ԵԱՀԿ-ի կողմից հրատապ քայլերի հրամայականը՝ վերահաս հումանիտար աղետը կանխելու նպատակով

Միրզոյանը Կասպրչիկի հետ հանդիպմանը շեշտել է ԵԱՀԿ-ի կողմից հրատապ քայլերի հրամայականը՝ վերահաս հումանիտար աղետը կանխելու նպատակով

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ կողմից հրատապ և գործուն քայլերի հրամայականը՝ վերահաս հումանիտար աղետը և դրա անդառնալի հետևանքները կանխելու նպատակով: Նախարար Միրզոյանը վերահաստատել է նաև ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը միջազգային գործուն մեխանիզմների ներքո:
14:02 - 23 օգոստոսի, 2023
Սահմանով «ազատ անցում» հասկացություն չկա. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԵԱՀԿ նախագահին
 |tert.am|

Սահմանով «ազատ անցում» հասկացություն չկա. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԵԱՀԿ նախագահին |tert.am|

tert.am: «Ամեն օր երկու ուղղություններով Լաչինի սահմանային անցակետով անցնում են Ադրբեջանի տասնյակ հայազգի բնակիչներ» (չակերտները - Tert.am)։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի X-ում արված հրապարակմանը։ «Պարոն նախարար, ինչպես ցանկացած այլ երկրում, Ադրբեջանում էլ սահմանահատումը լավ կանոնակարգված է, և «ազատ անցում» հասկացությունը ոչ մի տեղ չկա։ Ինչ վերաբերում է տարածաշրջան մեծ ծավալներով բեռների առաքմանը, ապա Ադրբեջանը այդ նպատակով հատկացրել է Աղդամ(Ակնա) -Ստեփանակերտ ճանապարհը, որից հայերը կարող էին օգտվել, եթե 10 օր առաջ չխախտեին համաձայնագրի պայմանները»,- նշել է Հաջիզադեն։
20:02 - 16 օգոստոսի, 2023
Օհանյանը Արցախի հարցով նամակներ է ուղարկել խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին

Օհանյանը Արցախի հարցով նամակներ է ուղարկել խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին

 Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը խմբակցության անունից նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության նախագահներին, Եվրանեսթի համանախագահներին՝ ներկայացնելով Արցախում ստեղծված օրհասական իրավիճակը։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստան դաշինքի ֆեյսբուքյան էջում։ Օհանյանը միջազգային կառույցներին է ներկայացրել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքում ցեղասպանություն են։ «Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման ցեղասպան քաղաքականությունն ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը որևէ կերպ չի կարող երաշխավորվել, եթե Ադրբեջանն իր իշխանությունը հաստատի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասված է Սեյրան Օհանյանի նամակում։ Նա նաև կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անմիջապես վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և վերադառնա ԵԱՀԿ կողմից մշակված սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին։
17:40 - 12 օգոստոսի, 2023
Մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն. ԵԱՀԿ գործող նախագահ
 |aravot.am|

Մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն. ԵԱՀԿ գործող նախագահ |aravot.am|

aravot.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին երկու առանձին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ըստ ԵԱՀԿ հաղորդագրության, Օսմանին իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և խաղաղ բնակչության, մասնավորապես խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց և երեխաների վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ Ընդգծելով, որ ուշադիր հետևում է իրավիճակին՝ նա կրկնել է կառուցողական և արդյունավետ երկխոսության իր կոչը՝ որպես կայուն լուծումների ուղի՝ ի շահ հակամարտությունից տուժած բնակչության։ Օսմանին ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն։ Նա առաջարկել է իր ծառայությունները և ԵԱՀԿ գործիքներն ու վստահության ամրապնդման միջոցները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման լուծումների մաս։ Հիշելով երկու նախարարների հետ իր նախորդ հանդիպումները և երկու մայրաքաղաքներ կատարած այցերը՝ ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու իր անձնական և ակտիվ ներգրավվածությունը կողմերի հետ։ Այս առումով նա կրկնել է, որ ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է նպաստել երկխոսությանը՝ հանուն կայուն և խաղաղ լուծման:
10:01 - 11 օգոստոսի, 2023