ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։  Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա զարգացման ռազմավարության նախագիծը, որն առաջիկայում սահմանված կարգով կընդունվի և կապահովի ծառայության հետագա ընթացքը և զարգացումը: Արմեն Աբազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին այս բարդ ժամանակահատվածում ցուցաբերած վստահության համար և շնորհավորել Անդրանիկ Սիմոնյանին՝ մաղթելով հաջողություն և բարի ծառայություն: Ներկայացնելով ծառայության նորանշանակ տնօրենին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Անդրանիկ Սիմոնյանը նոր մարդ չէ ծառայությունում՝ ավելի քան չորս տարի զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը: Անդրանիկ Սիմոնյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին նման պատասխանատու պաշտոն վստահելու համար և ընդգծել՝ մեծագույն պատիվ է հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնում ծառայել ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման գործում էական դեր է խաղում նաև Կառավարության որդեգրած ռազմավարությունը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է հիմնական երեք գործառույթների կարևորությունը, որոնց վրա ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն: «Կարծում եմ՝ Կառավարությունն էլ բավարար պայմաններ է ստեղծում, որպեսզի ծառայությունը կարողանա կենտրոնանալ այս գործառույթների վրա։ 2018 թվականից ի վեր, այսօրվա դրությամբ ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է»,- նշել է երկրի ղեկավարը: Անդրադառնալով օրերս պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործության բացահայտմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, ունեն և՛ ահաբեկչության, և՛ սահմանադրական կարգի խախտման, և՛ հակահետախուզական բնույթի հատկանիշներ: Աշխարհում հիմա շատ է քննարկվում հիբրիդային սպառնալիքների համակարգը, և ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են»։ «Ազգային անվտանգության ծառայությունն արդյունավետորեն դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների, որոնց առաջ կանգնած է մեր պետությունը, մեր ժողովուրդը», - ասել է Փաշինյանը: Վարչապետը վստահեցրել է, որ Կառավարությունը կշարունակի ԱԱԾ գործունեության արդյունավետության բարձրացման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, պետականության, նրա ժողովրդի, քաղաքացիների և ապագայի։
16:51 - 30 հունիսի, 2025
Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների. ՄԻՊ-ը՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի մասին

Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների. ՄԻՊ-ը՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հետևում է զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին և հանրային համերաշխության տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։  «Պետական իշխանությունը բացառիկ կարևորություն ունի հասարակական կյանքը կանոնակարգելու հարցում։ Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի բազմաթիվ քաղաքացիների խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից։  Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ թե՛ հասարակական կարգի պահպանումը, թե՛ կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր են բացառապես հանրային համերաշխության առկայության պայմաններում։ Ուստի, Պաշտպանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, առաջ եկած խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի, իրավունքի գերակայության արժեքների պահպանմամբ՝ հանրային համերաշխության և հանդուրժողականության առանցքային բնույթը նկատի ունենալով։  Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, և այդ հանգամանքը պետք է նկատի ունենան բոլորը»,- նշված է հայտարարության մեջ։
14:53 - 27 հունիսի, 2025
ԱԱԾ-ն իրավիճակի սրումը կանխելու համար դուրս է եկել Մայր Աթոռի տարածքից՝ առանց Միքայել արք․ Աջապահյանի․ ԱԱԾ

ԱԱԾ-ն իրավիճակի սրումը կանխելու համար դուրս է եկել Մայր Աթոռի տարածքից՝ առանց Միքայել արք․ Աջապահյանի․ ԱԱԾ

Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։ ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները՝ ապահովելով հանրային կարգի և անվտանգության պահպանումը։ Իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի։
14:21 - 27 հունիսի, 2025
Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, բայց ժողովուրդը թույլ չտվեց նրան նստել մեքենան․ Նաթան արք․ Հովհաննիսյան

Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, բայց ժողովուրդը թույլ չտվեց նրան նստել մեքենան․ Նաթան արք․ Հովհաննիսյան

Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, բայց ժողովուրդը թույլ չտվեց նրան նստել մեքենան։ Այս մասին հայտարարել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արք․ Հովհաննիսյանը։  «Երկրորդ անգամ ևս փորձ արվեց, նորից չկարողացանք։ Այնպես որ որևէ մեկը չի պահմտվում, որևէ մեկը փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից»,- նշել է նա։  Նշենք, որ Վեհարանի մոտ իրավիճակը պարբերաբար լարվում է։ Ոստիկանական ուժերը հրմշտում են քաղաքացիներին, որոնք խոչընդոտում են անցնել Վեհարանի դարպասից ներս։ «Ազատության»փոխանցմամբ՝ Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանից Էջմիածին քաղաք տանող  մուտքի մոտ: Ոստիկաններն առանձին մեքենաներ են կանգնեցնում, բեռնախցիկներն են ստուգում, այնուհետև՝ թույլատրում երթը: Հիշեցնենք, որ առավոտյան իրավապահները Շիրակի թեմի առաջնորդարանում են․ ներսում քննչական գործողություններ էին։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռում է՝ Քահանայից ժողովի համար։
13:42 - 27 հունիսի, 2025
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին. ԱԱԾ

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին. ԱԱԾ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։  Այդ կապակցությամբ 2025թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Որոշման իրագործումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։   ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։
13:35 - 27 հունիսի, 2025
Վարչապետի խոսնակը ԱԱԾ-ի գործողությունները Մայր Աթոռում չի մեկնաբանում
 |factor.am|

Վարչապետի խոսնակը ԱԱԾ-ի գործողությունները Մայր Աթոռում չի մեկնաբանում |factor.am|

factor.am: Իրավապահների գործողությունները չենք մեկնաբանում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռում այս պահին ընթացող իրադարություններին։ Հիշեցնենք՝ մոտ մեկ ժամ առաջ դիմակավորված ԱԱԾ-ականները, ոստիկանության ծառայողների հետ ներխուժեցին Մայր Աթոռի տարածք։ Նրանք ցանկանում են բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Դատախազությունը նրան մեղադրում է հեղաշրջում անելու կոչի համար: Փաստաբան Արա Զոհրաբյանը քիչ առաջ Մայր Աթոռում հավաքվածներին, այդ թվում՝ Շիրակի թեմի առաջնորդին ներկայացրեց նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մանրամասները. Ներկայացվում է ՔԿ քննիչի որոշում, որի համաձայն պետք է Միքայել սրբազանին ձերբակալեն՝ կալանավորման ներկայացնելու նպատակով: Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ ոստիկանության վարչության կողմից ստացված հաղորդման հիման վրա հունիսի 17-ին, առիթը նշված է 2024թ. փետրվարի 3-ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել սրբազանի խոսքերը»:  
12:55 - 27 հունիսի, 2025
Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման

Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է երեկվա գործողությունների ժամանակ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման։ Նրա խոսքով՝ իրավապահները ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցներ են։ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, բացահայտվել է պետականության, ՀՀ կայունության և անվտանգության դեմ նախապատրաստվող հանցագործություն․ «Բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը», - նշեց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ պարգևատրման հարցը քննարկել է նաև Հանրապետության նախագահի հետ։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
11:36 - 26 հունիսի, 2025
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը բերման ենթարկվեց

Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը բերման ենթարկվեց

Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ բերման ենթարկվեց իր տան բակից: Իրվապահները կնքեցին նրա կեցավայրը: Բերման ենթարկվեցին նաև Հրայր սարկավագը և Մովսեսը: Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ Գալստանյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե: «Բագրատ Գալստանյանն այս պահին ձերբակալված է համարվում»,- ասաց փաստաբանը: ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», և այս դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։  
12:21 - 25 հունիսի, 2025
Խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքար» շարժման, ՀՅԴ և «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամների տներում

Խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքար» շարժման, ՀՅԴ և «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամների տներում

Այս պահին իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Սրբազան շարժում» նախաձեռնության անդամների, ինչպես նաև շարժումը ղեկավարող Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի տներում: Նախաձեռնությունից հայտնում են, որ խուզարկություններ են իրականացվում 20 անդամների տներում: ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարել է, որ խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է նաև, որ «ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում նաև«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը»: Իր անդամների տներում խուզարկությունների մասին հայտնում է նաև «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը. «Հայաստանի գործող վարչախումբը հերթական անգամ ապօրինի գործողությունների է դիմել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նկատմամբ։ Հենց այս պահին առանց որևէ իրավական հիմնավորման խուզարկություններ են իրականացվում ՀՀՄ կուսակցության անդամների տներում։ Տեղի ունեցածը գործող վարչախմբի կողմից «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը «վախեցնելու» հերթական ապարդյուն փորձն է»: Նշենք, որ գործողություններում ներգրավված են նաև ԱԱԾ աշխատակիցներ: ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», և այս դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։ Լուսանկարը՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի տան դիմաց News.am-ի ուղիղ եթերից
11:10 - 25 հունիսի, 2025
Երևանի Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ
 |azatutyun.am|

Երևանի Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ |azatutyun.am|

azatutyun.am:   Անհետ կորածների հարազատները երեկվանից փակ են պահում Բաղրամյան պողոտան։ Այն երկկողմանի փակ է: Այս պահին նրանց լսելու համար հանդիպելու է եկել ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Անհետ կորածներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը, երեկ «Ազատությանն» ասել էր, որ իրենց գլխավոր պահանջն է վերականգնել պաշտոնում ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին: Աբազյանի պաշտոնանկության մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան: Անհետ կորածների հարազատները այսօր հայտարարեցին՝ պահանջում են, որ իրենց հետ հանդիպի ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը: Իրենց պահանջը փոխանցեցին նաև ոստիկանության պետի տեղակալին։ Արսեն Ղուկասյանը և մյուսները մտահոգություն ունեն, որ նրա պաշտոնանկությունից հետո որևէ մեկը գործուն քայլեր չի անի անհետ կորածների հարցերով, և հարցը կմտնի փակուղի: Արմեն Աբազայանը գլխավորում էր անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը: Ըստ Ղուկասյանի՝ Աբազյանն իրենց վստահեցրել է, որ մինչև վերջ իրենց կողքին է լինելու: ԱԱԾ հակահետախուզության պետ Դավիթ Սանամյանը, փոխոստիկանապետ Դավիթ Խուդինյանը երեկ տեղում էին, սակայն փաստացի բանակցություններն արդյունք չեն տվել: Վարչապետ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, «կա ինստիտուտ և ինստիտուցիոնալ կառույց»: Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։
10:09 - 19 հունիսի, 2025
Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում
 |azatutyun.am|

Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում |azatutyun.am|

azatutyun.am: Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում: Հավաքվածներն ասում են՝ «Աբազյանն էր զբաղվում մեր խնդրով, հիմա, որ գնաց, ո՞վ է զբաղվելու»: «Մեզ անհանգստացնում, որ իրեն հանեցին, մեր երեխաների հարցով զբաղվող չի լինի, քանի որ էդ մարդն ասել է՝ «ես էդ գործը տանելու եմ մինչև վերջ», - ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը: «Պահանջում ենք, որ մեր երեխաներին հետ բերեն: Որ մի փոքր աշխատանք էր կատարում էդ կառույցը՝ Ազգային անվտանգությունը, էդ մարդուն գործից ազատեց: Հիմա մենք իրանից մեր երեխաներին ենք ուզում, թող բերի» - նշեց անհետ կորած Պողոսյան Համազասպի հայրը՝ Պողոսյան Հովհաննեսը: Անհետ կորածների հարազատները հանդիպում են պահանջում միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Աշխատանքից ազատված ԱԱԾ նախագահ Արմեն Աբազյանը ղեկավարում էր գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը։ 
15:39 - 18 հունիսի, 2025
Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել. Փաշինյան

Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել. Փաշինյան

Ես կարծում եմ՝ Արմեն Աբազյանն արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետև 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։  Փաշինյանը նշեց, որ իր վարչապետության օրոք Աբազյանն ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, աշխատել է ամենաբարդ շրջանում, և նրա պաշտոնավարման ընթացքը եղել է չափազանց բարդ: Հարցին, թե նրա պաշտոնանկությունը կապ ունի՞ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, Փաշինյանը պատասխանեց. «ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես ինչ վերաբերում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային»: Ճշտող հարցին, թե չի՞ կատարել Փաշինյանի հանձնարարությունը, վերջինս արձագանքեց. «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել»: Հիշեցնենք՝ այսօր առավոտյան հայտնի դարձավմ որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ազատվել պաշտոնից։ Աբազյանը ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թ. նոյեմբերի 8-ից։ 
11:49 - 18 հունիսի, 2025