Ձորագետի վրա նախատեսվում է 2 հէկ կառուցել․ գյուղում մտահոգվում են, որ ձորի բուսականությունն ամբողջությամբ կվերանա
Կուրթան համայնքի բնակիչ Սերգեյ Դարբինյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ 2021 թվականի ապրիլի 19-ին Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է լսումներ՝ Լոռու մարզի Ագարակ և Ձորագետ համայնքների վարչական տարածքներում՝ Ձորագետ գետի վրա, համապատասխանաբար «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» հէկերի նոր ջրօգտագործման թույլտվության նախագծերի վերաբերյալ։
Infocom.am-ի հետ զրույցում Կուրթանի բնակիչը հայտնեց, որ լսումների մասին ծանուցում ստացել է Շրջակա միջավայրի նախարարությունից՝ էլեկտրոնային փոստի միջոցով։
«Անցած տարի նույնպես նման իրավիճակ էր ստեղծվել։ Խնդիրն այն է, որ ուզում են 10 կիլոմետրից ավելի խողովակաշար անցկացնել, ինչի արդյունքում ձորի բուսականությունն ամբողջությամբ կվերանա։ Մոտ 15 տարի առաջ Գարգառ գետի վրա նույնպես կառուցվեց հէկ, եթե այցելեք Կուրթան, կտեսնեք, թե ինչ աղետալի վիճակում է այդ հատվածի բուսականությունը։ Գետի 80 տոկոսը անցնելու է խողովակաշարի միջով։ Նախագծում կան արդեն բացեր, որոնց պատճառով կարող են մերժել, բայց ամեն տարի մեզ գցում են նման վիճակի մեջ։ 2003 թվականից փորձ են անում hէկ կառուցել։ Անցյալ տարի դեմ էին Գյուլագարակ համայնքի գյուղապետը և ավագանին, կարծում եմ և հույս ունեմ, որ այս տարի էլ դեմ կլինեն, բայց որ գյուղը դեմ է, փաստ է»,- պատմեց Դարբինյանը։
Դեռ 2020 թվականի փետրվարին «Հայկական բնապահպանական ճակատը» հայտնել էր, որ «Լոռվա Ամրոց» ՍՊ ընկերությունը հայտ էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն՝ Ձորագետ գետի վրա երկու հէկերի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություններ ստանալու նպատակով։ Infocom.am-ի հետ զրույցում ՀԲՃ անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը պատմեց, որ ջրօգտագործման թույլտվության հայտի քննարկման ժամանակ իրենք իրենց առարկությունները ներկայացրել են, և նախարարությունն այդ ժամանակ մերժել էր նախագիծը։ Մի քանի օր առաջ ընկերությունը նորից հայտ է ներկայացրել՝ ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։
«Ես գնացի և ծանոթացա փաստաթղթերի հետ, քանի որ կարգն այդպիսին է, պետք է գնաս ու ծանոթանաս, առարկություն ներկայացնես, որպեսզի քննարկում լինի, եթե չես ներկայացնում, ընդունում են, որ առարկություն չկա, և նախարարությունն է միանգամից որոշում՝ ինչ անել։ Ես հարցրի՝ ինչ-որ բան փոխվե՞լ է, թե էլի անցյալ տարվա նույն հայտն է, իրենք ասեցին, որ, ըստ էության, նույն հայտն է։ Միայն մի բան էր փոփոխվել․ գրել են, որ, իբր, եթե իրենք այդ գործունեությունը ծավալեն, հէկերը սարքեն և այլն, այդ տարածքում կա բնապահպանական հուշարձան, այնպես կկառուցեն, որ այդ հատվածին վնաս չհասցվի, մնացած պարամետրերը նույնն են։ Մենք առարկությունները ներկայացնելու ենք, և երկուշաբթի օրվա հանրային քննարկումից հետո նախարարությունը կորոշի՝ տալի՞ս է ջրօգտագործման թույլտվություն, թե՞ ոչ»,- մանրամասնեց Գալստյանը։
Վերջինս նաև ընդգծեց, որ արդեն կան նման վատ օրինակներ, մեկը՝ Եղեգիսի դեպքում․ գետը, ըստ աշխարհագրագետի, որպես ջրային համակարգ վերանում է։ Գալստյանի խոսքով՝ գետը դառնում է խողովակաշարերի ինչ-որ համակարգ, որը տեղ-տեղ ընդմիջվում է գետի փոքր հատվածներով։
«Ինչով կավարտվի այս պատմությունը՝ չգիտեմ։ Վերջերս հրապարակվեցին Հատուկ քննչական ծառայության տվյալները՝ Ձորահենքի առնչությամբ քրեական գործի վերաբերյալ, թե ինչպես է այդ հէկը սեփականաշնորհվել։ Հիմա, ի վերջո, այդ քրեական գործն ուղարկվել է դատարան, բայց նորից կիսատ-պռատ հիմնավորումներով։ Այն ժամանակ մենք գրում էինք և ասում, որ հատուկ այդ հէկի համար փոխվել է որոշում․ կառավարությունը որոշել էր, որ փոքր հէկերի հզորության վերին շեմը 15-ից դառնում է 30 մեգավատտ՝ հատուկ այն պատճառով, որպեսզի այդ Ձորահէկն ընկնի բարձր սակագնի տակ, որովհետև փոքր հէկերին խրախուսական, բարձր սակագին է տրվում, ավելի մեծ շահույթ են ստանում»,- ասաց ՀԲՃ անդամը։
Գալստյանը նշեց, որ, ըստ իրենց հաշվարկների, մոտավորապես 1․5 միլիարդ դրամ ավելի եկամուտ են ստացել միայն այդ որոշումը փոխելու արդյունքում։ Այս երկու հէկերը, որոնք պատրաստվում են կառուցել, նույնպես լինելու են այդ սակագնի մեջ։ Մեր զրուցակցի տվյալներով՝ կառավարության այդ որոշումը վերջին երեք տարում չի փոխվել, չնայած՝ քրեական գործում ասվում է, որ կառավարությունը հակաօրինական որոշում է կայացրել։
«Մենք նամակ ենք գրել 2018 թվականի օգոստոսին, որ կառավարության այդ որոշումը չեղարկեն, ներկայացրել ենք, որ որոշումը հակաօրինական է, քանի որ փոքր հէկերի դեպքում ամբողջ աշխարհում հզորության վերին շեմը 10 մեգավատ է, իսկ մեզ մոտ 30 է։ Մեզ պատասխանեցին, որ նպատակահարմար չեն համարում փոփոխություն կատարել։ Մի կողմից քրեական գործ է հարուցվում, որտեղ այդ որոշումը համարվում է հակաօրինական, մյուս կողմից՝ կառավարությունը չի փոխում այդ որշումը»,- եզրափակեց Գալստյանը։
Infocom.am-ը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից տեղեկացավ, որ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին։ Ներկայումս ընկերության բաժնետերերն են «Էներգո հէկ Շին» ՍՊԸ-ն (80%) և Սամվել Հունանյանը (20%): 2011 թվականից մինչև 2020 թվականի մարտ ամիսը, ընկերության 25% բաժնեմասը պատկանել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին։
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի
Ասպրամ Փարսադանյան
19:50 - 16 ապրիլի, 2021