ՀՅԴ ՀԵՄ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միությունը հիմնադրվել է 1993 թվականին: Միությունը ՀՅ Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որը գործում է Հայաստանում եւ 17 երկրում, այդ թվում` Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում: ՀՅԴ Երիտասարդական միությունները գործում են ապակենտրոն սկզբունքով: Միության նպատակներն են՝  հայ երիտասարդության քաղաքականացում, պայքար Հայ Դատի արդարացի լուծման ուղղությամբ,  ընկերվարության եւ ժողովրդավարության արժեքների տարածում երիտասարդության շրջանում, մասնակցություն անարդարության դեմ պայքարին եւ հասարակական արդարություն հաստատել ձգտում, զորակցություն մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքներին, մասնակցություն քաղաքացիական հասարակության ստեղծման գործընթացին, պայքար բոլոր տեսակի խտրականությունների դեմ, մասնակցություն արդարության ձգտող միջազգային շարժումներին եւ համագործակցություն միջազգային առաջադիմական երիտասարդական կազմակերպությունների հետ, մասնակցություն հայկական ինքնության պահպանման աշխատանքներին Սփյուռքում, հայ ժողովրդի շահերին ամենուրեք ծառայելու գիտակցության եւ հանձնառության ստեղծում երիտասարդության շրջանում:

Առանց հանրաքվեի որևէ տարածքի փոփոխությունն առոչինչ է․ ՀՅԴ հայտարարություն

Առանց հանրաքվեի որևէ տարածքի փոփոխությունն առոչինչ է․ ՀՅԴ հայտարարություն

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև․   «Հայաստանի գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է պետականավնաս և քրեորեն պատժելի հերթական գործընթացի մասին, որով Տավուշի մարզից տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին:   Աջակցություն հայտնելով միակողմանի զիջումների օրակարգի դեմ Տավուշում ձևավորվող ժողովրդային հակազդեցությանը՝ արձանագրում ենք.   1. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած սահմանազատման հարցերով հանձնաժողովն, ըստ իր ստեղծման իրավական հիմքի խորհրդակացական մարմին է, չունի որևէ լիազորություն տալ համաձայնություն կամ կայացնել որոշում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածք այլ պետությանը փոխանցելու կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի գիծը որոշելու հարցում: Հակառակը լիազորությունների չարաշահում է և քրեորեն պատժելի արարք.   2. Տավուշի մարզից սահմանազատման և դրա հիման վրա փաստացի սահմանագծման աշխատանքների մեկնարկման որոշումը կայացվել է ոչ միայն նման հարցերով միջազգային լավագույն փորձի լիակատար անտեսմամբ, միջազգային իրավունքով արգելված՝ ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու, Հայաստանի անվտանգությունն անտեսելու պայմաններում, այլ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի կոպտագույն խախտումներով.   3. նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո, որտեղ գործում են Հայաստանի Հանրապետության օրենքները, տեղակայված են Հայաստանի զինված ուժերը, իսկ 2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի մեջ մտած Սահմանադրության 205-րդ հոդվածի հանաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով.   4. վերահաստատելով սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ միաջավայրի բացակայության վերաբերյալ նախկինում մեր արտահայտված դիրքրոշումը, կրկին հիշեցնում ենք, որ երկու երկրների միջև սահմանազատումն ու սահմանագծումը միմյանց հաջորդող գործընթացներն են: Նախ, միջազգային իրավունքի համաձայն և փորձի հաշվառմամբ՝ երկու երկրների միջև պետք է իրականացվի սահմանի ամբողջական սահմանազատում (դելիմիտացիա), որի նկարագրությունը հաստատող փաստաթուղթը, երբ այն նախատեսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն, ենթակա է հանրաքվեով հաստատման: Վերջինիս առկայության դեպքում է միայն իրականացվում սահմանագծում (դեմարկացիա).   5. մինչև նշված հանրաքվեով հաստատումը՝ Հայաստանի զինված ուժերը պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման իրենց՝ սահմանադրական գործառույթները. Ըստ այդմ, հայտարարում ենք և զգուշացնում Նիկոլ Փաշինյանին ու գործընթացում ներգրավված բոլոր անձանց, առանց հանրաքվեի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն (փոխանցում այլ պետության) կամ այդ ուղղությամբ իրականացված որևէ գործողություն ոչ միայն առոչինչ է, այլ նաև համարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն, որը պատժվում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ»:  
18:19 - 22 ապրիլի, 2024
«Իրական մեղավորը»․ ՀՅԴ երիտասարդները քայլերթ են իրականացնում դեպի Կառավարության շենք

«Իրական մեղավորը»․ ՀՅԴ երիտասարդները քայլերթ են իրականացնում դեպի Կառավարության շենք

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը Մատենադարանի հարակից հատվածից քայլերթ է իրականացնում դեպի ՀՀ Կառավարության շենք՝ ի սատարումն Արցախի։ Երթը կրում է «Իրական մեղավորը» խորագիրը և, ըստ կազմակերպիչների, նպատակ ունի ցույց տալու, որ իրավիճակի հանգուցալուծման առաջնային պատասխանատուները ՀՀ փաստացի իշխանություններն են։ Կազմակերպիչներից մեկը նշեց՝ այսօր այստեղ են մեղավորության սլաքը ուղղելու դեպի ՀՀ փաստացի իշխանությունները, որովհետեւ այս իշխանությունն է պատասխանատու արցախահայության իրավունքների պաշտպանության, այս իշխանությունն է մեղավորը, որ Հայաստանն ու Արցախը, հայ մարդն այսօր հայտնվել է այսպիսի ժանր վիճակում։ Նշեցին՝ հստակ ձեւակերպելու են կառավարության շենքի մոտ՝ «կամ լուծեք այս հարցը, կամ հեռացեք»։
15:36 - 28 դեկտեմբերի, 2022
ԵՄ երկրների առաջնորդները համաձայնության են եկել Բոսնիա և Հերցեգովինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հարցում |hetq.am|

ԵՄ երկրների առաջնորդները համաձայնության են եկել Բոսնիա և Հերցեգովինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հարցում |hetq.am|

hetq.am: Եվրամիության երկրների առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցները համաձայնության են եկել Բոսնիա և Հերցեգովինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հարցում։ Այդ մասին հայտնում են Agence France-Presse-ը և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվյակը։ Ավելի վաղ՝ դեռ հոկտեմբերին, Եվրոպական հանձնաժողովը առաջարկել էր բալկանյան այդ երկրին տալ նման կարգավիճակ։ Դեկտեմբերի 13-ին համանման առաջարկով հանդես էր եկել նաև ԵՄ խորհուրդը։ 2003 թվականին Եվրամիությունն ընդունել էր որոշում՝ առաջարկելու Արևմտյան Բալկանների երկրներին անդամակցել Եվրամիությանը, եթե նրանք անեին քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին։ Այդ երկրներից առաջինը և միակը, որը 2013 թվականին միացել է ԵՄ-ին, Խորվաթիան է։ Բոսնիա և Հերցեգովինան ԵՄ-ին անդամակցելու «պոտենցիալ թեկնածուի» կարգավիճակ ստացել էր 2003 թվականին։ Սպասվում է, որ Եվրամիության անդամակցության հայտ այդ երկիրը ներկայացրել է 2009 թվականին, սակայն գործընթացը հետաձգվել էր մինչև 2016 թվական։
12:25 - 16 դեկտեմբերի, 2022
ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ–ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ Արցախի հուշարձանների պահպանության պահանջով

ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ–ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ Արցախի հուշարձանների պահպանության պահանջով

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում՝ Արցախի հայկական մշակութային հուշարձանների ինքնությունը պահպանելու պահանջով։ Ուսանողական միության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային հուշարձանների հայկական ինքնությունը վտանգված է։ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով և լայն թափով իրականացվում է մշակութային հերթական ցեղասպանությունը։Այդ ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների իշխանությունների կողմից որևէ առարկայական քայլեր չեն ձեռնարկվում։Արցախը հայությանն է, և հայությունն ինքը պետք է հետամուտ լինի Արցախի հայկականության պահպանման գործին։Սիրելի՛ հայրենակիցներ Պահպանելու համար մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը, հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, անհրաժեշտ ենք համարում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հրավիրելու մասնագիտացված կազմակերպությունների ուշադրությունը մշակութային ցեղասպանության վրա։ Ելնելով վերոնշալ համոզումներից՝ սկսում ենք թշնամու կողմից օկուպացված տարածքներում գտնվող պատմամշակութային հայկական ժառանգության պահպանման պահանջով ձեռնարկումների շարք»։
17:05 - 25 փետրվարի, 2022
 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել Կառավարության դիմաց տեղի ունեցած իրավիճակի վերաբերյալ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել Կառավարության դիմաց տեղի ունեցած իրավիճակի վերաբերյալ

Այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայասատանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև։ Այս մասին տեղեկանում ենք ուսանողական միության ֆեյսբուքյան էջից։ «Մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին, այդ թվում ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանին, ուսանողական միության անդամներ Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Ոստիկանությունից հայտնել են, որ Կառավարության մոտից այսօր 16 քաղաքացի է բերման ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։
15:15 - 17 հուլիսի, 2021
Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի 43 մասնակից բերման է ենթարկվել. Ոստիկանություն
 |tert.am|

Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի 43 մասնակից բերման է ենթարկվել. Ոստիկանություն |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիայի մասնակից 43 անձ բերման է ենթարկվել: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: «Բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար», - հայտնեցին Ոստիկանությունից: Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված է` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
20:04 - 03 դեկտեմբերի, 2020
Ազատության հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ
 |armtimes.com|

Ազատության հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ |armtimes.com|

armtimes.com: Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ, որը կրում է «Արժանապատվության երթ» կարգախոսը։ Երթի անցկացման մասին երեկ տեղեկացրել էր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ «Այսօր միասնության երթ կլինի, այսօր կլինի արժանապատվության երթ, որովհետև կորսված է մեր արժանապատվությունը։ Ես նորից եմ կրկնում՝ բոլոր նրանք, ովքեր այս շարժումների մեջ փորձում են տեսնել որևէ քաղաքական ուղղվածություն, ուրեմն դրանով սատարում են հայրենիքի դավաճաններին։ Ես՝ որպես քաղաքացի, լինելու եմ բոլոր այն հավաքներին, բոլոր այն երթերին, բողոքի բոլոր ակցիաներին, որը կլինի ընդդեմ այս դավաճանության, կլինի ընդդեմ այն կապիտուլյացիոն համաձայնագրի, որը ստորագրվեց նոյեմբերի 10-ին»,- երթի սկզբում լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Երթի կազմակերպիչները նշեցին, որ շարժվում են դեպի Կառավարության շենք, որտեղ հայտարարություն են անելու գործողությունների ընթացքի վերաբերյալ:
19:19 - 02 դեկտեմբերի, 2020
Պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կոչը

Պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կոչը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հանդես է եկել կոչով, որում ասվում է. «ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ մերժելով Հայաստանի և հայ ժողովրդի գոյությանը սպառնացող դավադիր ծրագիրը, գիտակցելով պահի վճռականությունը, հավատարիմ մնալով ի շահ Հայրենքի և հայ ժողովրդի գործելու իր առաքելությանը հայտարարում է` Պատերազմը տանուլ տված, երկիրը խորը ճգնաժամի առաջ կանգնեցրած, հասարակությանը այս ծանր վիճակում անգամ պառակտող իշխանությունը պետք է անհապաղ հեռանա։ Սույն պահանջով կոչ ենք անում հայ երիտասարդներին 1. Բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ դավադիր իշխանության՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 2. Մնալով օրինականության սահմաններում, բռնությունը իսպառ բացառող բոլոր գործողություններով, օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները՝ հայ ժողովրդի մեջ բոցավառելու ազատագրկան պայքարի կրակը 3. Մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները և փշրելով հայի ազատատենչ ոգին շղթայող կապանքները՝ ապրել և գործել ի շահ Հայրենիքի։
15:48 - 16 նոյեմբերի, 2020
ՀՅԴ ՀԵՄ-ը հերքում է իր առնչությունը Եռաբլուրում կատարվածին

ՀՅԴ ՀԵՄ-ը հերքում է իր առնչությունը Եռաբլուրում կատարվածին

ՀՅԴ Հայ երիտասարդական միությունը հերքել է ոստիկանության հայտարարությունը, թե Եռաբլուրում շիրմաքարերին հայտնված մոմի հետքերը նախօրեին ՀՅԴ ՀԵՄ-ի կազմակերպած մոմավառության հետևանքով են առաջացել։ ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունում մասնավորապես ասված է․  «Սեպտեմբերի 5-ին համացանցում լուր է հայտնվել, որ պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարարերը։ Օգտատերերը հրավիրել են ՀՀ Ոստիկանության ուշադրությունը։ Ոստիկանությունը, առանց պատշաճ քննություն անցկացնելու, հապշտապ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ շիրմաքարերին հայտնված հետքերը նախօրեին մեր կազմակերպած մոմավառության արդյունք են։ Մինչդեռ նկարներից պարզ երևում է, որ մեր կողմից իրականացված մոմավառության ընթացքում մոմերը՝ հատուկ տարրաներով դրված են միանգամայն այլ վայրում, իսկ հետքերը հայտնվել են հերոսների դեմքերին։ Հիշեցնենք նաև, որ նույնանման դեպք տեղի էր ունեցել նաև անցած տարի, որից հետո մենք պատրաստակամություն էինք հայտնել Եռաբլուրում՝ անհրաժեշտության դեպքում, սահմանել հսկողություն։ ՀՅԴ ՀԵՄ-ը տարիներ շարունակ, պարբերաբար Եռաբլուրում իրականացնում է մոմավառություններ, որոնց արդյունքում երբեք որևէ նման խնդիր չի առաջացել։ Մենք՝ քաջ գիտակցելով վայրի արժեքը, չափազանց զգուշավոր ենք Եռաբլուրում անցկացվող մեր բոլոր միջոցառումների ժամանակ։ Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչության ընկեր ներկայացել է Ոստիկանություն և պարզաբանում ներկայացրել, որ մեր կողմից իրականացված մոմավառության արդյունքում անհնար էր նման հետքերի հայտնվելը։ Հորդորում ենք ՀՀ Ոստիկանությանը պատշաճ քննություն անցկացնել և բացահայտել եղելությունը՝ զերծ մնալով անհիմն մեղադրանքներից և ապատեղեկատվություն տարածելուց»։ 
16:00 - 06 սեպտեմբերի, 2020
ՀՅԴ-ն հանդես կգա գործողություններով և նախաձեռնություններով

ՀՅԴ-ն հանդես կգա գործողություններով և նախաձեռնություններով

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հրավերով «Արամ Մանուկյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպական կառույցի ընդլայնված խորհրդաժողով, որի օրակարգում երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակի քննությունն էր, ներքին և արտաքին մարտահրավերների գնահատումը, կուսակցության հետագա մարտավարական քայլերի հստակեցումը։ Անդրադառնալով իշխանափոխությանը հաջորդած ժամանակահատվածում ՀՀ իշխանությունների քաղաքականությանն ու ընթացիկ զարգացումներին, խորհրդաժողովն արձանագրեց, որ իշխանության ամբոխավարական մոտեցումները, ժողովրդային շարժման նպատակների և կառավարության վարած քաղաքականության միջև խորացող տարբերությունները, արցախյան բանակցություններում ՀՀ-ի և Արցախի դիրքերի թուլացումը, Հայաստանի զինված ուժերի հրամանատարական կազմի հեղինակազրկումը, արտաքին քաղաքականության ձախողումները, ռազմավարական ծրագրերի բացակայությունը, գործողությունների և վարքագծի անկանխատեսելիությունը, օտարածին օրակարգերի սպասարկման պատրաստակամությունը, ազգային և պետական շահերի ստորադասումը նեղ անձնական և խմբակային ձգտումներին, այլակարծության մերժումը, պետական կառավարման համակարգում հայեցողական մոտեցումներով առաջնորդվելը, կադրային ձախող քաղաքականությունը, բռնության մշակույթի խրախուսումը լուրջ մարտահրավերներ են ստեղծել երկրի կայուն զարգացման համար : ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, առաջիկայում հանդես կգա երկրի բնականոն զարգացման ընթացքն ապահովելուն ուղղված համապատասխան գործողություններով և նախաձեռնություններով: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին Հոկտեմբեր 31, 2019 թ.
16:55 - 31 հոկտեմբերի, 2019
Հրամայական ենք համարում աշխատավոր դասի և սոցիալական խոցելի խմբերի շահերի ոտնահարումից հնարավորինս խուսափելը. ՀՅԴ ՀԵՄ

Հրամայական ենք համարում աշխատավոր դասի և սոցիալական խոցելի խմբերի շահերի ոտնահարումից հնարավորինս խուսափելը. ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը` հիմնված լինելով ընկերվարական արժեքների վրա, անկյունաքարային է համարում պետական պատկան մարմինների ցանկացած գործողության սոցիալական բաղադրիչը: ՈՒշի-ուշով հետևելով վերջին շրջանում երկրում ընթացող իրադարձություններին` հարկ ենք համարում արձանագրել, որ բարեփոխումների քողի տակ ոտնահարվում են խոցելի և միջին խավերի իրավունքները: Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գործիքակազմ և մեխանիզմներ կիրառելիս, հարկավոր է առաջնահերթ հաշվի առնել երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմանները, աղքատության մակարդակը, արտագաղթի ցուցանիշները, ինչպես նաև տնտեսական ցուցանիշներից ոչ պակաս կարևոր ազգային մտածելակերպի առանձնահատկությունները: Ուստի կարծում ենք, որ այն դեպքում, երբ օրենքով և քաղաքական ամենաբարձր իշխանությունների մակարդակով պաշտպանվում են խոշոր գործարարների և մեծահարուստների շահերը, հասարակ աշխատավորների կրճատումները, մանր և միջին ձեռնարկատերերին հարվածելը կրում է պարզապես աշխատանքի իմիտացիա ստեղծելու միտում և ուղղված է կարճաժամկետ նպատակների իրագործմանը: Երկրի բարձրագույն իշխանություններին, պատկան մարմիններին կոչ ենք անում՝ խնդիրները դիտարկել իրենց ամբողջության մեջ և կոսմետիկ լուծումների փոխարեն փնտրել և կիրառել լուծումների հիմնաքարային տարբերակներ: Հրամայական ենք համարում աշխատավոր դասի և սոցիալական խոցելի խմբերի շահերի ոտնահարումից հնարավորինս խուսափելը և վարվող քաղաքականության այնպիսի պլանավորումը, որը միտված կլինի առաջին հերթին միջին և միջինից ցածր եկամուտ ունեցող խավի ներկայացուցիչների կենցաղային պայմանների բարելավմանը:Հաշվի առնելով վերոհիշյալ խնդիրները` ՀՅԴ ՀԵՄ-ը պատկան մարմիններից ակնկալում է խելամիտ լուծումներ»:
10:02 - 14 մարտի, 2019