Բաբկեն Թունյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում։

2001թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 2003թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագիտության մագիստրոս։ 2007թ.՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) «Տնտեսագիտություն եւ հանրային կառավարում» երեքամսյա դասընթացը:

Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ Կոնֆլիկտաբանություն եւ բանակցություններ (2006թ., Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Երեւան), Թրեյնինգ՝ թրեյներների (դասախոսների) համար (2006թ., Լոնդոն), աշխատանքային պրակտիկա «BBC Parliament» հեռուստաալիքում (2007թ., Լոնդոն), Ընտրական պրոցեսներ, մամուլի ազատություն, Հայաստան-ԵՄ հարաբերություններ (2011թ., Փարիզ, Ստրասբուրգ), International Visitor Leadership ծրագիր (2011թ., ԱՄՆ)։

1998-1999թթ. եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության փախստականների եւ միգրացիայի բաժին պետի օգնական: 2000-2002թթ.՝ Բնական ակտիվ նյութեր արտադրողների եւ արտահանողների հասարակական կազմակերպության նախագահի օգնական: 2005-2018թթ. աշխատել է «168 ժամ» թերթի եւ 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-2006թթ.՝ «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ եւ խմբագիր: 2007-2009թթ.՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2009 -2012թթ.՝ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության հիմնադիր տնօրեն:

2015թ. հիմնադրել եւ մինչեւ 14.01.2019թ. ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ազգային ժողովը մերժեց ավազն ապօրինի արդյունահանելու մասին փոփոխությունների փաթեթը
 |aravot.am|

Ազգային ժողովը մերժեց ավազն ապօրինի արդյունահանելու մասին փոփոխությունների փաթեթը |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի այս նախագծին, եւ քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկներով հանդես գալ, որպեսզի նախագիծը վերադառնա քննարկումների փուլ՝ առաջին ընթերցում։ Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ասաց, որ առաջարկում է նախագծերի քննարկումը վերադարձնել նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման փուլ։ Բաբկեն Թունյանը մայիսի 23-ի ԱԺ նիստում ասել էր․ «Այս փուլում, երբ ՀՀ-ում ընթանում են ծավալուն շինարարական աշխատանքներ շինանյութերի, այդ թվում` ավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն մեծացել է: Մեծացել է նաեւ ավազն ապօրինի կերպով արդյունահանելու գայթակղությունը, ինչի հետեւանքով ոչ միայն պետական բյուջեն է վնասվում, այլեւ շրջակա միջավայրին անդառնալի վնասներ են պատճառվում: Հուսով եմ` մենք միասին կկարողանանք ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ արդյունավետ հաղթահարել»,- ասել է Բաբկեն Թունյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից ավազի արդյունահանում իրականացվող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը լիազոր մարմնի որոշմամբ կասեցնել մինչեւ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումն ուժի մեջ մտնելը: Ընդ որում, ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Ըստ կառավարության՝ նախագծերի փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն ափապաշտպան արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
11:11 - 24 մայիսի, 2023
ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորումը պարզեցնող նախագծին
 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորումը պարզեցնող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն օրինակ, փոփոխություններ է առաջարկում արտադրական կանեփի հետ կապված գործունեության՝ արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիա ստանալու կարգում: «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: «Գործող օրենսդրությամբ տնտեսավարողներից պահանջվում է անպայման լիցենզավորման փաստաթղթերի հետ մեկտեղ նաև բիզնես ծրագրի ներկայացնում: Մեր փորձառությունը ցույց է տվել, որ դրա կարիքը չկա»,-ասաց Նանուշյանը: Այսպիսով, արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջը նախատեսվում է հանել: Նախագծի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում լրացվել են որոշակի սահմանումներ, օրինակ՝ արտադրական կանեփի չորացված զանգված հասկացությունը: Կառավարության համար սահմանվել են որոշակի լիազորություններ, օրինակ՝ ոչնչացման պահանջները սահմանելու համար: «Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկվել է մեկ տարին դարձնել 2 տարի: Տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ենք տալիս մինչև 2 տարվա ընթացքում պատրաստել արտադրությունը՝ կառույցները հիմնելով և մնացած պահանջները սահմանելով: Մտահոգություն էր հնչել, որ հնարավոր է՝ որոշ դեպքերում մեկ տարին բավարար չի լինում այդ ամենը նախապատրաստելու»,-ասաց Նանուշյանը: 2021-ին ընդունված օրենքով Հայաստանում թույլատրվելու են արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանում են լիցենզավորման գործունեության տեսակ:  Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե արդյոք 2 տարի առաջ օրենքի ընդունումից հետո առկա տնտեսական ակնկալիքները չեն արդարացե՞լ և հիմա ներկայացված նախագծով փորձում են այդ խոչընդոտները վերացնե՞լ, որ այդ բիզնեսը զարգանա: Նանուշյանը պատասխանեց, որ 1.5-2 տարիների ընթացքում, երբ օրենքը և ենթաօրենսդրական ակտերը սկսեցին գործել և լիցենզավորման գործընթացը սկսվեց, վերհանեցին որոշ խնդիրներ, խոչընդոտներ: «Եվ հիմա դրանք վերացնելով՝ նպատակ ենք հետապնդում, որ օրենքն ավելի արդյունավետ կիրարկվի»,-նշեց նա: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ երբ 2 տարի առաջ քննարկել են արտադրական կանեփի զարգացումը, ցանկացել են այնպիսի կարգավորումներ ունենալ, որի արդյունքում կստեղծվի ոլորտ, որը զգալի կլինի տնտեսության մեջ: «Հիմա, 2 տարի անց, երբ մենք ունենք 1 ընկերություն, որը «ախորժակը կորցրել է» այս բիզնեսի նկատմամբ ու փակվելու մտադրություն էլ ունի, կարիք կա մոդելն ընդհանրապես վերանայելու»,-ասաց նախարարը: Ըստ նախարարի՝ դա նաև գյուղատնտեսության ճյուղ է, նաև հնարավորություն կա դեգրադացված հողերի վրա այդ արդյունաբերությունը զարգացնել, լավացնել հողերը, զարգացնել գյուղատնտեսությունը: Սակայն Բաբկեն Թունյանը կարծիք հայտնեց, որ նախագիծը էական խնդիր չի լուծելու, բացի այդ՝ վստահ չէ, որ այն լրացուցիչ խնդիրներ չի առաջացնելու: Պատգամավորը ցանկություն հայտնեց առանձին աշխատանքային քննարկման ձևաչափով խոսել դրանց մասին: «Կարծում եմ՝ եթե տնտեսվարողները 2 տարի դիմացել են, 1 ամիս էլ կդիմանան»,-ասաց նա՝ առաջարկելով հետաձգել նախագիծը: Փոխնախարարը, սակայն, դեմ արտահայտվեց հետաձգելուն՝ հավելելով, որ տնտեսվարողներն այդպիսով շարունակելու են խոչընդոտներ ունենալ: Թեև նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ, սակայն կքննարկվի լիագումար նիստում:
12:57 - 17 մայիսի, 2023
Եթե նախապայմաններ չլինեին, հայ-թուրքական սահմանը շուտվանից բացված կլիներ. Թունյան |armenpress.am|

Եթե նախապայմաններ չլինեին, հայ-թուրքական սահմանը շուտվանից բացված կլիներ. Թունյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմի թեզն այն է, որ Թուրքիան չպետք է կախվածության մեջ մտնի երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերություններից: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիան Ադրբեջանի գործոնը որպես նախապայման չի՞ դիտվում հայ-թուրքական հարաբերություններում: «Մենք խոսում ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին: Բնականաբար, եթե նախապայմաններ չլինեին, այդ սահմանը շուտվանից բացված կլիներ: Հիմա, եթե մեր առաջ նախապայմաններ են քաշում, մենք էլ ասում ենք, որ ունենք մեր կարմիր գծերը և տեսլականը: Իսկ դա այն է, որ երկրներն իրար հետ պետք է ունենան նորմալ հարաբերություններ: Երկու երկիր իրար հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակ չպետք է կախվածության մեջ մտնեն երրորդ երկրների հետ մեր հարաբերություններից»,-ասաց պատգամավորը: Սա է հայկական կողմի թեզը: Թունյանի կարծիքով՝ այդ թեզը հասկանալի է նաև միջազգային հանրության համար: Հայաստանը և Թուրքիան ավելի վաղպայմանավորվածություն էին ձեռք բերելհայ-թուրքական սահմանը ամռան սկզբին բացել՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։
13:44 - 10 մայիսի, 2023
Պատգամավորը հույս ունի, որ Ալեն Սիմոնյանի այցն Անկարա կնպաստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը
 |armenpress.am|

Պատգամավորը հույս ունի, որ Ալեն Սիմոնյանի այցն Անկարա կնպաստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը |armenpress.am|

armenpress.am: Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշարձանի հետ կապված հարցը քննարկման առարկա է դարձել ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի հանդիպմանը: Այս մասին հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Բաբկեն Թունյանն ասուլիսում՝ ամփոփելով մայիսի 4-5 Անկարայում տեղի ունեցած նիստի արդյունքները:  Նիստի օրակարգը հագեցած է եղել, քննարկվել են տարբեր հարցեր: Հայկական պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը նշեց՝ կազմակերպությունը տնտեսական բնույթի է, բայց տարբեր երկրների միջև կան կոնֆլիկտներ, և նաև դրա պատճառով տնտեսական օրակարգը մղված է երկրորդ պլան, և երկրներն ավելի շատ քաղաքական հարցեր են քննարկում: Նիստին մասնակցել է նաև ԱԺ նախագահը՝ երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը: Ըստ Բաբկեն Թունյանի՝ Ալեն Սիմոնյանի այցը Թուրքիա բավականին կարևոր փաստ է: «Եվ հույս ունենք, որ դա կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չնայած այն բոլոր բարդ խնդիրներին ու մարտահրավերներին, որ մեր առջև ծառացած են»,-ասաց Թունյանը: Պատգամավորը նաև անդրադարձավ հարցին, թե նիստի շրջանակում արդյոք քննարկվե՞լ է Երևանում «Նեմեսիս» հուշարձանի հարցը, որի տեղադրումը Թուրքիայում մեծ արձագանք էր ստացել, Թուրքիան դրանից հետո անգամ փակեց օդային տարածքը՝ Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար։ ««Նեմեսիս»-ի հուշարձանի հետ կապված հարցը քննարկման առարկա դարձել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաթաֆա Շենթոփի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էինք նաև մենք: Թուրքական կողմը նշել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին այդ հուշարձանը բացել: Պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ, եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար, որովհետև շատ ավելի կարևոր խոչընդոտներ են եղել, կան ու, գուցե, դեռ լինեն»,-պատմեց Թունյանը: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր՝ եթե հուշարձանը չհեռացվի, դրան պատասխան քայլեր կհետևեն: Սակայն Թուրքիայում գտնվող հայկական պատվիրակությանը ուղիղ նման բան չի ասվել: Բաբկեն Թունյանը նշեց՝ հարց տվողները շատ լավ գիտեն հայկական պատվիրակության լիազորությունները և քննարկվող հարցերի շրջանակը: Նիստի ընթացում Բաբկեն Թունյանն ընտրվել է կազմակերպության նախագահի տեղակալի պաշտոնում:
12:07 - 10 մայիսի, 2023
Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

factor.am: Այսօր Գյումրիում կառավարության մի քանի ներկայացուցիչների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախարար Ռուստամ Բադասյանի, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորում։ Էկոնոմիկայի նախարարը մանրամասներ ներկայացրեց Գյումրիում «չոր նավահանգիստ» հիմնելու ծրագրի ընթացքի մասին։ «Չոր նավահանգիստ», ըստ էության, ինդուստրիալ պարկ է, որտեղ լինելու են արդյունաբերական ենթակառուցվածքներ, շենքեր, հոսանքի, ջրի, գազի աղբյուրներ, տարածքներ, որտեղ հնարավոր է հեշտ արդյունաբերական ընկերություն ստեղծել, բայց նաև կոնտեներային տերմինալ, որը թույլ է տալիս, որպեսզի այդտեղ հավաքվեն բեռներ նաև ուրիշ տեղերից, նաև լոգիստիկ կենտրոն դառնա։ Հիմա այս ծրագիրը, որը նախնական հավանության արժանացել է, գտնվում է խորը ուսունասիրության փուլում։ Մենք շփվում ենք այնպիսի ընկերությունների հետ, որոնք, հնարավոր է , հետաքրքրված լինեն, մի քանի ընկերություններ նախնական հետաքրքրություն հայտնել են «չոր նավահանգստի» օպերատորությունն անել, տեսնենք, պրոցեսի դեռ 10 տոկոսն ենք անցել և ասել դրա մասին, որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել։ Էսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ դա խոստումնալից նախաձեռնություն է, մենք հավատով առաջ ենք գնում։ Ես կարծում եմ, եթե իրադարձությունները հաջող գնան, մենք տարվա վերջ կարող ենք մրցույթ հայտարարել էն ընկերությանը ընտրելու համար, որը պետք է ներդրումները և կառավարումն իրականացնի չոր նավահանգստի, դա պետք է լինի միջազգային առաջնակարգ ընկերություն, դա «չոր նավահանգստի» հաջողության առաջնային, գլխավոր պայմանն է»,-ասաց էկոնոմիկայի նախարարը։
20:06 - 11 մարտի, 2023
Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը
 |armenpress.am|

Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ Գյումրու «Թումո» կենտրոնում մարտի 11-ին  մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը, որի նպատակը պետություն-մասնավոր երկխոսության հարթակի միջոցով Շիրակի մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները բացահայտելը, ինչպես նաև՝ բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները ներկայացնելն է։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Մեկ հարթակում քննարկվեցին  մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացվեցին բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները։ ««Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումը հնարավորություն է տալիս գործարարին հանդիպելու ոլորտի պատասխանատուների հետ։ Տնտեսական ակտիվության ապահովման կարևոր բաղադրիչը մարզում գործունեություն ծավալող, աշխատատեղ ստեղծող ու հարկ վճարող բիզնեսն է։ Փորձը ցույց է տվել, որ գործարարի առաջ քաշած խնդիրներն ու առաջարկները պատասխանատու անձանց հետ քննարկելն ու առաջնահերթությունները առանձնացնելը խիստ կարևոր են բիզնեսի զարգացման ու տնտեսական կայունության ապահովման տեսակետից: Ի դեպ, Հանրապետության 1000 խոշոր հարկատուներից մեր մարզում գրանցված 18-ը պետությանը վճարում են 10 մլրդ դրամից ավելի գումար»,-իր խոսքում նշեց ԱԺ-ի՝ Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Դավիթ Առուշանյանը: Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսելով պետության կողմից արտադրողականության ավելացմանը նպաստող բաղադրիչներից, առանձնացրեց սարքավորումների մոդեռնիզացիայի ծրագիրը, որի շրջանակներում, փետրվարի 1-ի դրությամբ, 1245 ընկերություն շուրջ 74  մլրդ. դրամի նոր սարքավորումներ է ձեռքբերել: «Կառավարությունն իրականացնում է ձեռքբերված սարքավորումների վարկերի սուբսիդավորումը: Այստեղ ուզում եմ շեշտել «նոր» բառը, որովհետև մենք ուզում ենք, որ ընկերությունները գնեն նոր, բարձր արտադրողականությամբ, էներգոարդյունավետ  սարքավորումներ, և բարձրացնեն իրենց արտադրողականությունը»,-նշեց նախարարը՝ խորհուրդ տալով բոլորին օգտվել այս ծրագրից: Քերոբյանը նաև խորհուրդ տվեց օգտվել օտարերկրյա բարձրագույն որակավորում ունեցող  մասնագետների ծառայություններից:  «Եթե ձեր բիզնեսի համար վարձում եք բարձր որակավորում ունեցող մասնագետ, ով սովորել է աշխարհի լավագույն  400 համալսարաններից մեկում, կամ աշխատել է առաջնակարգ ընկերություններում, ապա Կառավարությունը պատրաստ է նրա աշխատավարձի որոշակի տոկոս սուբսիդավորի»,-նշեց նախարարն՝ ընդգծելով, որ դա արվում է Հայաստանում բացակայող գիտելիքները Հայաստան բերելու նպատակով:  Որպես արտադրողականությունը բարձրացնող  բաղադրիչներ,  նախարարը նշեց նաև թվային տրանսֆորմացիան և նորարարությունների կիրառումը: Այն, որ նմանատիպ հանդիպում-քննարկումների կարիքը մեծ է, հաստատեց  Բաբկեն Թունյանը՝  վստահեցնելով՝ նման կազմով մարզ են եկել գործարարներին հուզող խնդիրներն ու առաջարկները լսելու, հնարավորության դեպքում՝ հարցերին անմիջապես պատասխանելու, կամ՝ դրանք Կառավարությանը փոխանցելու նպատակով: Նմանատիպ հանդիպումներ նախատեսվում են նաև մյուս մարզերում:
17:58 - 11 մարտի, 2023
Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ․ Բաբկեն Թունյան

Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ․ Բաբկեն Թունյան

Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են հրավիրված, որոնք վերաբերում են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը։   Նախագծով, հիշեցնենք, նախատեսվում է Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Օրեր առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը։ Խորհրդարանական լսումների սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ասաց՝ լսումներն էքստրաօրդինալ իրավիճակում են անցկացում՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված․ «Դրա հետ կապված մենք նաև այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ ենք ունենալու՝ 1-ից 1 անց կեսի կողմերը։ Կխնդրեմ, որ ռեգլամենտը պահենք, այսինքն՝ հարցերին, ելույթներին հատկացված ժամանակի մեջ փորձենք տեղավորվել, որ բոլորը հասցնեն իրենց կարծիքները արտահայտել։ Նաև ուզում եմ այս առիթով նշել, որ կարող են լինել քննադատություններ կամ տեսակետներ, որ մենք այս իրավիճակում  եկամուտների հայտարարագրման հարց ենք քննարկում, բայց սա որոշվել էր դեռևս երկու շաբաթ առաջ՝ հանձնաժողովի նիստում, և օրենքով մենք այս լսումները պետք է անցկացնենք, այսինքն՝ սա մյուս հարցի հետ խառնել չի կարելի։ Մյուս հարցը նույնպես խորհրդարանի ուշադրության կենտրոնում է գտնվում և այդ հարցով, ինչպես նշեցի, կլինի համապատասխան հայտարարություն Ազգային ժողովի կողմից»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը դադարեցրել է դեպի Արցախ գազամատակարարումը։ 
11:48 - 14 դեկտեմբերի, 2022
Սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է․ Գուրգեն Արսենյանը հակադարձեց Բաբկեն Թունյանին

Սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է․ Գուրգեն Արսենյանը հակադարձեց Բաբկեն Թունյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ օրինագծի քննարկման ընթացքում ասաց, որ քննարկումներ են ունենում փորձագետների հետ։ Թունյանի խոսքով՝ փորձագետները կարծում են, որ նոր համակարգը պետք է լինի ոչ թե միայն եկամուտների հայտարարագիր, այլ պետք է լինի գույքի և եկամուտների հայտարարագիր․ «Այսինքն՝ եթե հայտարարում ենք, որ պետությունը ցանկանում է ավելի լավ ճանաչել իր քաղաքացուն, պետք է նայի ոչ միայն եկամուտները, այլև ունեցվածքը, որովհետև կարող է մարդը ունենալ, ենթադրենք, ամսական 100.000 դրամ աշխատավարձ, բայց տանը կախած ունենալ Մարտիրոս Սարյանի կտավ, որը արժի մի քանի տասնյակ հազար դոլար»։  Թունյանի ելույթի այս հատվածին արձագանքեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ «Առաջինը, ես ուզում եմ հորդորով դիմեմ ձեզ, որ կարևորագույն նախագիծը ներկայացնելուց մի բերեք  հասարակության տարբեր սոցիալական խմբերին իրար հակադրելու հիմնավորումը։ Այսինքն ՝հասարակության ինչ-որ խմբի, որը գույքային այլ կարգավիճակում է, հակադրել հասարակության այլ խմբի, որը գույքային ոչ այդքան բարվոք կարգավիճակում է։ Ժամանակն է, որ անցնենք այդ մասը, որովհետև պետության մեջ բոլոր խմբերը իրենց կարևորագույն դերակատարումը ունեն, և կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը շատ ճիշտ նշեցիք, որ գործիք է պետության համար»։Արսենյանի խոսքով՝ սոցիալական արդարության գաղափարախոսությունը գրավիչ է, բայց արդյունավետ չի․ «Սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է, աղքատներին հարստացնել է, ոչ թե հարուստներին աղքատացնելը»։ Բաբկեն Թունյանն էլ, արձագանքելով Արսենյանին, ասաց՝ եթե սոցիալական քաղաքականություն ենք իրականացնում, ուրեմն պետք է նաև հստակ չափանիշներ լինեն․ «Ես չեմ հակադրում, այսինքն՝ երբ ասում եմ՝ որևէ մեկը իր տանը ունի, ենթադրենք, մի քանի տասնյակ հազար դոլարանոց նկար, մեկը չունի, դա չի նշանակում՝ մեկը լավ մարդ է, մյուսը՝ վատ, մեկը կարևոր է պետության համար, մյուսը կարևոր չի։ Դա նշանակում է, որ եթե պետությունը այսպես թե այնպես սոցիալական քաղաքականություն է իրականացնում ու իր առջև խնդիր է դնում աջակցություն տրամադրել այն խմբերին, որոնք դրա կարիքը ունեն, դա պիտի անի թիրախային։ Ոչ թե Քովիդի միջոցառումների ժամանակ օգնություն տրամադրեինք, օրինակ, էլեկտրաէներգիայի ծախսի փոխհատուցման տեսքով, հետո պքարզվեր, որ այդ փոխհատուցումը ստանում են նաև դոլարային միլիոնատերերը»,-նշեց Թունյանը։
15:02 - 06 դեկտեմբերի, 2022
Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի և ուղարկել ԱԺ

Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի և ուղարկել ԱԺ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում քննարկվելու է եկամուտների միասնական հայտարարագրման նախագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Պատգամավորը հիշեցրել է, որ կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» փաթեթին: Փաթեթի համաձայն՝Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: «Կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:   Այն կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում և դրական եզրակացություն ստանալու դեպքում՝ առաջին ընթերցմամբ կքննարկվի ԱԺ դեկտեմբերի 6-ին մեկնարկող լիագումար նիստում:   Մինչև հանձնաժողովի նիստը կկազմակերպվի աշխատանքային քննարկում, որին կհրավիրվեն նաև անկախ փորձագետներ:   Իսկ առաջին ընթերցումից մինչև երկրորդն ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ: Համակարգը ներդրվելու է 2023 թվականից, փուլային տարբերակով: Առաջին հայտարարագրերը կլրացվեն 2024 թվականի սկզբին:   Նախագծերի փաթեթը և հիմնավորումները ներկայացված են e-gov.am կայքի՝ կառավարության նոյեմբերի 17-ի նիստի օրակարգում (34-րդ կետ)»,-գրել է Բաբկեն Թունյանը:
22:37 - 18 նոյեմբերի, 2022
Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ, պետք է ինդեքսավորում անել. Թադեւոս Ավետիսյան |news.am|

Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ, պետք է ինդեքսավորում անել. Թադեւոս Ավետիսյան |news.am|

news.am: Նվազագույն աշխատավարձի 7 հազար դրամով կամ 10 տոկոսով բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլեւ ոչ համարժեք ահագնացող գնաճի ֆոնին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: «Իրական լուծումը ոչ թե նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացումն է, այլ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը, որի նախագիծը մերժվել է քաղաքական մեծամասնության կողմից: Մինչեւ հիմա արձանագրված գնաճը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բարձրացրել է առնվազն երկու անգամ ավել 2020-ի հունվարի 1-ից հետո, երբ չի բարձրացել նվազագույն աշխատավարձը: Գնաճի բոլոր նախադրյալները կան. մինչեւ հաջորդ տարվա ավարտը զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած չափի տարբերությունը լինելու է շուրջ երեք անգամ: Այսինքն նվազագույն զամբյուղը բարձրանալու է մինչեւ 80-85 հազար, իսկ դուք առաջարկում եք 75 հազար դրամ: Այնպես որ, սա լուծում չէ, դրա համար մենք քվեարկեցինք ձեռնպահ»,-ասաց նա: ՔՊ-ական Բաբկեն Թունյանն էլ արձագանքեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները բոլոր հնարավորություններն ունեին անցած ամիսներին թե հանձնաժողովների նիստերի, թե քննարկումների ժամանակ իրենց  առաջարկությունները ներկայացնեին: Հույս ունեմ, որ հետագայում այդ աշխատաոճը եւ հարցերը կքննարկվեն այն տեղում, որտեղ պետք է քննարկվեն»: «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը հակադարձեց՝ հիշեցնելով, որ իրենք երկու անգամ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ. «Դուք նույնիսկ չեք քվեարկել, որ այդ հարցերը մտնեն օրակարգ, երբ առաջարկում էինք 2023 թվականից այն դարձնել 80 հազար դրամ»: Այդուհանդերձ, նախագիծն ընդունվեց, որին կողմ քվեարկեց 68, ձեռնպահ՝ 27 պատգամավոր: Այդ նախագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամի փոխարեն սահմանել 75 հազար դրամ:
11:11 - 16 նոյեմբերի, 2022
Արցախին հաջորդ տարի 144 մլրդ դրամ կտրամադրվի, եթե ընթացքում խնդիրներ լինեն, կրկին գումար կտրամադրվի․ Ֆինանսների նախարար
 |tert.am|

Արցախին հաջորդ տարի 144 մլրդ դրամ կտրամադրվի, եթե ընթացքում խնդիրներ լինեն, կրկին գումար կտրամադրվի․ Ֆինանսների նախարար |tert.am|

tert.am: Կա մի թյուր կարծիք, որ Հայաստանը հաջորդ տարի դադարեցնելու է Արցախի վարկավորումը, չնայած ձեր պրեզենտացիայից երևաց, որ դա այդպես չէ, բայց պետք է խնդրեմ ներկայացնեք։ Այս մասին ԱԺ-ում 2023թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով Ֆինանանսերի նախարար Տիգրան Խաչատրյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Եկող տարվա բյուջեում Արցախի ֆինանսավորումը նախատեսված է 144 մլրդ դրամի չափով, ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա բյուջեով նույնպես 144 մլրդ դրամ էր նախատեսված։ Եկող տարի առանց փոփոխության կկատարվի ֆինանսավորումը։ Արցախի մեր գործընկերների հետ տարվա ընթացքում հաճախ ենք անդրադառնում այն հարցին, թե ինչպիսին են ֆինանսական միջոցների կարիքները»,- ասաց Խաչատրյանը։ Նախարարը նշեց, որ ֆինանսական միջոցների կարիքները հիմնականում վերաբերում են բնակարանային շինարարությանը։ «Բնակարանային շինարարությունը Արցախում իրականացվում է ՀՀ կառավարության մեծ աջակությամբ։ Հաջորդ տրվա ընթացքում 144 մլրդ դրամ է նախատեսված, բայց եթե ընթացքում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են Հայաստանի կառավարության աջակցությունը, ըստ բովանդակության կքննարկվեն և կստանան լուծումներ՝ ինչպես եղել է մշտապես»,- ասաց նա։  
12:28 - 31 հոկտեմբերի, 2022
QS World University Ranking-ում ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը լավագույն 1000-յակում են․ Բաբկեն Թունյանը սխալվում է

QS World University Ranking-ում ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը լավագույն 1000-յակում են․ Բաբկեն Թունյանը սխալվում է

Բաբկեն Թունյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի հայտնի բուհերը տեղ չեն գրավում «անգամ աշխարհի լավագույն բուհերի ոչ թե հազարյակում, այլ տասըհազարյակում»։ Պատգամավորը, սակայն, սխալվում է, որովհետև կան 1500-2000 հաստատություն ներառող վարկանիշային ցանկեր, որտեղ Հայաստանյան որոշ բուհեր ներառված են։ ԱԺ այսօրվա նիստի ընթացքում քննարկվող հարցերից էր Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Նախագծի քննարկման ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին։ Թունյանը հարցի ընթացքում այսպիսի միտք արտահայտեց․ «Բուհերի միավորման հետ կապված այս վերջին պատմությունները որ եղավ, ես, անկեղծ ասած, չգիտեի, էդ ժամանակ իմացա, որ մեր էն բոլոր հայտնի բուհերը, որոնք մենք համարում ենք առաջատար, տեղ չեն գրավում անգամ աշխարհի լավագույն բուհերի ոչ թե հազարյակում, այլ տասհազարյակում»։  Իրականում, սակայն, Երևանի պետական համալսարանն (ԵՊՀ) ու  Հայ-ռուսական համալսարանն ընդգրկված են QS World University Ranking-ում։ Այս վարկանիշային ցանկը ներառում է 1500 կրթական հաստատություն, իսկ ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը գտնվում են 801-1000 դիրքում։ Այս հարցին Infocom-ն անդրադարձել էր դեռ օրեր առաջ, երբ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստի ընթացքում բանավեճ էր սկսվել հայաստանյան բուհերի վարկանիշների վերաբերյալ։ Մենք ներկայացրել էինք, որ հայաստանյան ոչ մի բուհ ընդգրկված չէ Շանհայի վարկանիշային ցանկում։ Սակայն հայաստանյան տարբեր բուհեր ընդգրկված են վարկանիշային այլ ցանկերում։ The Times Higher Education-ի վարկանիշային ցանկում, օրինակ, ներառված է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը․ այս ցանկը ներառում է 1799 հաստատություն։ Ավելի քան 30 000 հաստատություն ներառող Webometrics-ի ցանկում էլ ԵՊՀ-ն, օրինակ, 3050-րդ տեղում է, Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ 4375, Հայ-ռուսական համալսարանը՝ 5011 (հայաստանյան այլ բուհեր կարող եք գտնել այստեղ)։ Այսպիսով, 1500 հաստատություն ներառող QS World University Ranking վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը լավագույն 1000-յակում են։ Այլ ցանկերում ևս ներառված են հայաստանյան մի քանի բուհեր, որոնք ամենևին էլ տասըհազարերորդական տեղերում չեն։   Գլխավոր լուսանկարը՝ Sputnik-ի Աննա Սահակյան
15:41 - 25 հոկտեմբերի, 2022
Ցեմենտի շուկայի դեֆիցիտը կկարգավորվի ներկրման շնորհիվ. Բաբկեն Թունյան

Ցեմենտի շուկայի դեֆիցիտը կկարգավորվի ներկրման շնորհիվ. Բաբկեն Թունյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:   Սա նշանակում է, որ այսուհետ հնարավոր է Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2 հազար դրամ տուրք (նախկին 14 հազարի փոխարեն): Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի Ֆեյսբուքի էջում։   «Հիշեցնեմ, որ ներկրելուց առաջ հարկավոր է դիմել էկոնոմիկայի նախարարություն, ստանալ ներկրման լիցենցիա և վճարել տուրքը: Էկոնոմիկայի նախարությունը մաքսիմալ կարճ ժամանակահատվածում կկազմակերպի այդ գործընթացը:   Ցեմենտի շուկայի դեֆիցիտը, որը խնդիրներ է ստեղծել կառուցապատողների համար, այսպիսով, կկարգավորվի ներկրման շնորհիվ»,- գրել է նա:
14:38 - 16 հոկտեմբերի, 2022
Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը կնվազեցվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը կնվազեցվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջութամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կնվազեցվի Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը։Օրինագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկել էր Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14.000 դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9.000 դրամ,  իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2.000 դրամ տուրքն առհասարակ հանել:Երեկ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում Բաբկեն Թունյանը ասել էր, որ առաջինից ընթերցումից հետո  ուսումնասիրել են շուկան, տեսնել, թե գներն ինչպես են փոփոխվում՝ հարկ լինելու դեպքում տուրքի չափը վերանայելու պայմանով: Այսպիսով, երկրորդ ընթերցման փուլում որոշում է կայացվել տուրքն էլ ավելի իջեցնելու՝ ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանելով 2.000 դրամ․ «Այսինքն՝ կարելի է ասել՝ խորհրդանշական կարգի տուրք ենք սահմանել»։
12:35 - 05 հոկտեմբերի, 2022