Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը դիմել են Միջազգային քրեական դատարանի դատախազին

Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը դիմել են Միջազգային քրեական դատարանի դատախազին

Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը դիմել են Միջազգային քրեական դատարանի դատախազին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արտակ Բեգլարյանը։ «Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց ես ու Գեղամ Ստեփանյանը դիմել ենք ՄՔԴ դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար Փարիզ - Հաագա, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ ադրբեջանական հարձակումից և ավելի քան 100,000 հայերի տեղահանումից մեկ տարի անց Գեղամ Ստեփանյանի ու Արտակ Բեգլարյանի կողմից հայց է ներկայացվել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար: Թուֆենկյան հիմնադրամի և «Արցախի աջակցության միության» համագործակցությամբ՝ միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան ներկայացնում են Արտակ Բեգլարյանին և Գեղամ Ստեփանյանին: Նրանք զբաղեցրել են Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը և եղել են իրենց հայրենիքից տեղահանված ավելի քան 100,000 մարդկանց մեջ: Հայցի մեջ ընդգծվում է, որ նրանք ստիպված էին տառապել սննդի և առողջապահական օգնության բացակայությունից, որը հարուցվել էր 2022թ. դեկտեմբերին սկսած Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակման հետևանքով: Դրան հաջորդեց Ադրբեջանի զինված ուժերի հանկարծակի ագրեսիան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և բնակչության բռնի տեղահանությունը: Մի խումբ այլ ղեկավարներ և բնակիչներ, որոնք չկարողացան դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, ձերբակալվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից և պահվում են անազատության մեջ: Նրանք ենթարկվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև զրկված են ընտանիքների ու փաստաբանների հետ պատշաճ հաղորդակցության հնարավորությունից: Ֆրանսուա Զիմերեյի և Կատալինա դե լա Սոտայի կարծիքով՝ «Ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ բնակչության՝ իրենց հայրենիքից ու տներից բռնի զրկման փաստը: Աշխարհը պետք է մերժի այս վայրագությունը, որը մեր ներկայացրած հայցի նպատակն է»: Հայցը ներկայացվել է որպես «հաղորդում»՝ համաձայն Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի, որը հնարավորություն է տալիս դատախազին հետաքննություն սկսել ներկայացված տեղեկությունների հիման վրա: Փաստաբանների խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունն ունի մարդկության դեմ հանցագործության բոլոր հատկանիշները: Այն եղել է անձանց բռնի տեղահանում նրանց օրինական բնակության վայրից՝ որպես լայնամասշտաբ ոտնձգություն քաղաքացիական բնակչության դեմ՝ ամբողջովին գիտակցելով դրա հետևանքները: Բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանցագործությունների պատասխանատուները արդարադատության ենթարկվեն միջազգային քրեական իրավունքի շրջանակներում»»,- նշված է գրառման մեջ։  Հայցի ամբողջական տեքստը՝ այստեղ
15:36 - 19 սեպտեմբերի, 2024
Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում երեկ ցուցադրված «դիմակահանդեսը» իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր Արցախի և արցախցիների հանդեպ․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում երեկ ցուցադրված «դիմակահանդեսը» իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր Արցախի և արցախցիների հանդեպ․ Արտակ Բեգլարյան

«Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում երեկ ցուցադրված «դիմակահանդեսը» ՀՀ իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր Արցախի և արցախցիների հանդեպ», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Խորհրդանշական է, որ այս խիստ դատապարտելի պահվածքին զուգահեռ իշխանությունները նույն օրը հայտարարել են Պաղեստինի Պետության ճանաչման մասին: Դա արել են այն իշխանությունները, որոնք ժխտել ու ոտնահարել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ պարարտ հող ստեղծելով ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի ու Արցախի հայաթափման համար, իսկ հիմա էլ թիրախավորում են Արցախի խիստ խոցելի պետական ինստիտուտներին:  Երևի հաջորդ հեգնական դրվագը կլինի Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարելը՝ զուգահեռաբար հանցավոր կերպով փակելով Արցախի տեղահանված ժողովրդի վերադարձի հնարավորություններն ու միջազգային օրակարգը», - նշված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ հունիսի 21-ին հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկա ներս բերելով առգրավել Արցախի նախագահին պատկանող ծառայողական մեքենան, որը կապարակնքել էին հունիսի 7-ին։ Քննչական կոմիտեի պաշտոնյա Գրիգոր Հովհաննիսյանը հայտնել էր, որ համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու նպատակով են առգրավում մեքենան՝ նշելով, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ գործի շրջանակում են իրականացվում գործողությունները, քանի որ նախաքննական գաղտնիք է։ Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնել էին, որ դեռևս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով քննիչը կայացրել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում։
19:18 - 22 հունիսի, 2024
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը  պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով

«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով, ապրիլի 24-ին Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որի ժամանակ պարգևատրվել է Փարիզ քաղաքի բարձրագույն՝ «Գրանդ վերմեյ» մեդալով: Ելույթներով հանդես են եկել Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, քաղաքապետ Անն Հիդալգոն, իսկ վերջում՝ Արտակ Բեգլարյանը: Բոլոր ելույթ ունեցողները անդրադարձել են նաև Արցախի ժողովրդի ցեղասպանությանը՝ ընդգծելով միջազգային հանրության ձախողումը Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը կանխելու հարցում, ինչպես նաև կարևորել են Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, միջազգային պաշտպանության ապահովման, պատանդների ազատ արձակման և մի շարք այլ գործողությունների անհրաժեշտությունը: Քաղաքապետ Հիդալգոն անվերապահ աջակցություն է հայտնել Արցախի ժողովրդին՝ ընդգծելով ցեղասպանության հետևանքների վերացման և հանցագործների պատասխանատվության ենթարկման անհրաժեշտությունը: Նա շեշտադրել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու արդարության ապահովման ջանքերին: Անն Հիդալգոն Արտակ Բեգլարյանին է տրամադրել Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևը՝ «Գրանդ վերմեյ» մեդալը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար և հաջակցություն ադրբեջանական բանտում գտնվող հայ պատանդների ազատ արձակման: Արտակ Բեգլարյանն այնուհետև հանդես է եկել ելույթով, որտեղ կոնկրետ հորդորներ ու առաջարկներ է հղել քաղաքապետին և Ֆրանսիայի ղեկավարությանը: Հիդալգոն այդ հորդորներին դրականորեն է արձագանքել ժամեր անց Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցած հիշատակի պաշտոնական միջոցառման իր ելույթով՝ կոչ անելով Ֆրանսիայի ղեկավարությանը  բոյկոտել COP29 համաժողովը, ինչպես նաև ֆրանսիական բիզնեսներին՝ խզել իրենց կապերը Ադրբեջանի հետ: Բեգլարյանի ելույթի տեքստը ներկայացվում է ստորև. «Մեծարգո՛ տիկին քաղաքապետ, Ձե՛րդ գերազանցություն տիկին դեսպան, Հարգարժա՛ն պարոն Գևորգյան, Հարգարժա՛ն պարոնայք Փափազյան ու Թորանյան, Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր, Հարգելի՛ ներկաներ, Ինձ համար պատիվ է այս միջոցառմանը մասնակցել, և շնորհակալ եմ Փարիզի քաղաքապետարանի բարձրագույն պարգևին արժանացնելու համար: Նախ, ես այս մեդալը համարում եմ տրված ոչ թե ինձ, այլ՝ Արցախի ողջ ժողովրդին և բաքվում պատանդառված մեր ներկայացուցիչներին: Երկրորդ, այսպիսի պարգևը ինձ լրացուցիչ պարտավորեցնում է՝ շարունակելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության պայքարը: Երրորդ, երանի այս մեդալի կարիքը չլիներ, և նման առիթով այս բեմը չբարձրանայի: Երբ իմ չորս տարեկան աղջկան Արցախի շրջափակման ժամանակ բացատրում էի շրջափակման պատճառները՝ նշելով, որ չարամիտ մարդիկ ցանկանում են մեզ սովամահ անել ու խլել մեր հայրենիքը, նա հակընդդեմ հարց տվեց, թե արդյոք աշխարհի բարի մարդիկ կույր են, որ չեն տեսնում մեր դատարկ խանութներն ու մեր տառապանքները, որ չեն գալիս մեզ օգնելու: Դա շատ բարդ հարց էր, բայց ես փորձեցի բացատրել, թե ինչ է նշանակում հոգով կույր լինել... Այսօր մենք հավաքվել ենք ծանր սրտով ոգեկոչելու պատմության մի սև էջ՝ Հայոց ցեղասպանությունը, որն արատավորում է մարդկության խիղճը: Ֆրանսիան՝ ազատության և մարդու իրավունքների փարոսը, նշանակալի դեր է խաղացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Ֆրանսիան ոչ միայն ընդունել է ցեղասպանված հայ ժողովրդի մազապուրծ պատառիկներին, ոչ միայն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, այլև ճանապարհ է հարթել այլ պետությունների համար՝ դեպի պատմական արդարությունն ու ճշմարտությունը: Սակայն արդյո՞ք դա է արդարությունը, եթե ո՛չ սպանվածներն են հարություն առնում, ո՛չ փրկվածներն են վերադառնում իրենց հայրենիք, ո՛չ հանցագործներն են պատժվում, ո՛չ էլ, առավել ևս, կանխվում են նոր ոճրագործությունները: Հետևաբար, միջազգային ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը լոկ սրտհովանք է, իսկ գոնե մասնակի արդարության ապահովման և կրկնությունների բացառման համար անհրաժեշտ է նաև համարժեք պատիժ հանցագործություններ կատարած անձանց ու պետությունների հանդեպ: Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ մի օր, որպես նորօրյա ցեղասպանությունից փրկված անձ, կխոսեմ պատմության նոր արատավոր էջի մասին: Երբեք չէի կարող պատկերացնել, որ արդի աշխարհը թույլ կտա արդի երիտթուրքերին արդի միջոցներով իրականացնել օսմանյան երիտթուրքերի անավարտ երազանքները: Ինչու՞, որովհետև հավատում էի, որ հոգու կուրությունն այլևս գերիշխող չէ աշխարհում: Թեև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ընթացքում Ֆրանսիան որոշակիորեն ակտիվ հայտարարություններ ու գործողություններ է կատարել միջազգային ճնշում գործադրելու ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմի վրա, այնուամենայնիվ, Ֆրանսիան, ինչպես և միջազգային հանրության բոլոր անդամները՝ ամեն մեկն իր չափով, Արցախի պարագայում ձախողել է ցեղասպանությունները կանխարգելելու և ժողովուրդներին պաշտպանելու իր սուրբ պատասխանատվության կատարումը: Փաստորեն, այդ բեռն ընկել է Ֆրանսիայի համայնքապետարանների ուսերին, որտեղ Փարիզը ստանձնել է առաջնորդող դեր: Կուզեի հիշատակել Փարիզի քաղաքապետարանի և անձամբ տիկին քաղաքապետի հետևյալ քայլերը՝ 2020թ. ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախի Հանրապետության անկախությանն աջակցող բանաձևի ընդունումը, շրջափակման ընթացքում մարդասիրական աջակցության առաքումը և Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո, որպես բարոյական աջակցություն, Արցախի ողջ ժողովրդին խորհրդանշականորեն Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը: Շնորհակալ ենք, տիկի՛ն Հիդալգո, Ձեր արժեքահեն վարքի և Ձեր կարողությունների սահմաններում մեր բարեկամությանը հավատարիմ մնալու համար: Թանկագի՛ն ներկաներ, Արցախում վերջին վայրագությունները, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի համակողմանի աջակցությամբ, մռայլ հիշեցում են այն մասին, որ ցեղասպանության ուրվականը դեռ թևածում է աշխարհում։ Արցախի ժողովրդի ամբողջական ու բռնի տեղահանումից և մեր հայրենիքի բռնազավթումից հետո Ադրբեջանն ու Թուրքիան այժմ էլ սպառնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին և ողջ հայ ժողովրդին՝ նոր ագրեսիայով ու ոճրագործություններով: Հարկ է հաշվի առնել, որ ակտիվ ցեղասպանությունը շարունակվում է Բռնազավթված Արցախում, քանի որ եկեղեցիների, հուշարձանների, գերեզմանոցների և տների ավերումն ու յուրացումը ոչ միայն հանցագործություններ են հայկական ու համաշխարհային նյութական ժառանգության նկատմամբ, այլև՝ Արցախի բնիկ հայ ժողովրդի գոյությունն ու պատմությունն իր նախնիների հինավուրց հողից արմատախիլ անելու ցեղասպանական քաղաքականություն: Պատահական չէ, որ ադրբեջանական վանդալները Արցախի բռնազավթման հենց առաջին փուլում ոչնչացրեցին նաև Շառլ ազնավուրի կիսանդրին, որը կանգնած էր Ստեփանակերտում՝ մեծ մարդասերի հիմնած մշակութային կենտրոնի առջև: Ի՞նչ եք կարծում՝ այդ հանցագործությունն ուղղված էր միայն հայերի՞ս դեմ, թե՞ նաև ֆրանսիական ժողովրդի ու ողջ մարդկության դեմ. չէ՞ որ Ազնավուրը երգում էր այդ հանցագործների համար խիստ խորթ ու վտանգավոր արժեքների՝ սիրո, ճշմարտության, արդարության, ազատության և նման այլ համամարդկային երևույթների մասին... Ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության մեկ այլ դրսևորում է Արցախի ժողովրդի մի խումբ առաջնորդների առևանգումը, որոնք այժմ պատանդ են Բաքվում։ Ես ինձ բախտավոր եմ համարում, որ կարողացա բռնի տեղահանման ժամանակ խուսափել ադրբեջանական հետապնդումից ու վերահաս առևանգումից, այլապես ես էլ հիմա կլինեի բանտում՝ զուտ իմ ազգային պատկանելիության և առաջնորդության համար։ Այնուամենայնիվ, ես պարտավորված եմ շարունակել պայքարը իմ ժողովրդի իրավունքների ու արդարության համար՝ նաև պատանդառված անձանց փոխարեն և նրանց ազատելու նպատակով։ Այդ համատեքստում հարկ է ընդգծել, որ պատանդներից մեծ մարդասեր Ռուբեն Վարդանյանը ապրիլի 5-ից հացադուլի մեջ է, և ալիևյան ռեժիմն ավելի քան երկու շաբաթ շարունակ արգելել է նրա կապն ընտանիքի հետ: Ուստի, նրա կյանքին լրացուցիչ ու անմիջական վտանգ է սպառնում, և անհրաժեշտ են հրատապ ու կոշտ միջոցներ նրա կյանքը փրկելու և բոլորին ազատելու համար: Հայ պատանդները խղճի, ազատության և հավատի բանտարկյալներ են, ինչպես ազատության համար մարտնչող Միսակ Մանուշյանն էր: Մահապատժից առաջ Մանուշյանն իր կնոջն ուղղված վերջին նամակում գրել է. «Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և վայելեն վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը»: Այո՛, միասնական պայքարի արդյունքում խաղաղությունն ու ազատությունը կգան մեկ օր, սակայն մենք չպետք է թույլ տանք, որ Միսակ Մանուշյանի վերջին տողերը վերագրելի լինեն հայ պատանդներին. վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը պետք է վայելեն նաև նրանք, նաև մեր բռնի տեղահանված ժողովուրդը՝ հավաքական, անվտանգ ու արժանապատիվ կերպով վերադառնալով իր բնօրրան և վերականգնելով հավատն առ համամարդկային արժեքներ ու հոգու կուրության բացառում: Այս համատեքստում կուզեի մի քանի գործնական առաջարկ ու հորդոր հղել ներկաներին և Ֆրանսիայի քաղաքական ու հասարակական առաջնորդներին, մասնավորապես՝ Տիկին քաղաքապետին առաջարկում եմ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական ագրեսիայի առաջին տարելիցի առթիվ, իր հովանու ներքո համատեղ կազմակերպել Արցախի ժողովրդի և այլ ցեղասպանությունների վերաբերյալ գիտագործնական մեծ ու միջազգային համաժողով. Բարձր գնահատելով տիկին Հիդալգոյի որոշումը Ադրբեջանում կայանալիք «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP 29 համաժողովը» բոյկոտելու հարցում՝ առաջարկում եմ այստեղ ներկա բոլոր անձանց հորդորել Ֆրանսիայի ողջ ղեկավարությանը նույն վարքը դրսևորել, իսկ տիկին քաղաքապետը կարող է նույն հորդորն ուղղել նաև Ֆրանսիայի մնացած քաղաքների ու Փարիզի քույր քաղաքների ղեկավարներին. Առաջարկում եմ հանրային արշավ սկսել Ադրբեջանում ֆրանսիական խոշոր բիզնեսներին հորդորելու խզել Ադրբեջանի հետ իրենց կապերը՝ չաջակցելու համար Ալիևի ցեղասպանական քաղաքականությանը. նրանք, վերջիվերջո, պետք է արժեքային ընտրություն կատարեն մարդու իրավունքների և արյունոտ փողերի միջև, որոնք, ամեն դեպքում, չեն կարողանալու վայելել: Սիրելի՛ բարեկամներ, Եզրափակելով՝ իմ սրտանց շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր բարձրացրել են իրենց ձայնը և անխոնջ աշխատել հայ ժողովրդի և մնացած ցեղասպանված ժողովուրդների համար արդարության հասնելու ուղղությամբ: Եկե՛ք կանխենք նոր Հիտլերների ծնունդը և թույլ չտանք նրանց հղում անել հայերի նոր ցեղասպանության անպատժելիությանն ու մոռացվածությանը. Եկե՛ք օգնենք մերօրյա Մանուշյաններին վայելելու վաղվա ազատության և խաղաղության քաղցրությունը. Եկե՛ք մեր երեխաներին ու թոռնիկներին ապացուցենք, որ հոգով կուրությունը բնորոշ չէ մեզ և այդպիսի վարքը չենք խրախուսում նաև իրենց համար: Մենք միասին կարող ենք աշխարհը դարձնել ավելի արդար, իսկ ցեղասպանությունները՝ զուտ պատմական ցավոտ հիշողություններ ու դասեր: Շնորհակալություն»:
12:24 - 26 ապրիլի, 2024
Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացվել ադրբեջանական հանցագործությունները

Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացվել ադրբեջանական հանցագործությունները

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ներկայացուցիչ Րաֆֆի Քալֆայանը և Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը մի շարք այլ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ապրիլի 22-23-ը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին՝ Ադրբեջանի պարբերական զեկույցի դիտարկման վերաբերյալ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի տարբեր կառույցներում: Ստորեւ՝ այդ հանդիպումների մասին Արցախ Միության մամուլի հաղորդագրությունը։ Նստաշրջանի օրակարգում էր Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի ներքո Ադրբեջանի պարտավորությունների կատարումը: Վերջինիս վերաբերյալ I.C.Law-ն, Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը, «Արբանէ» հիմնադրամը և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն մարտի 18-ին համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ ի պատասխան Կոմիտեին ներկայացրած Ադրբեջանի 5-րդ պարբերական զեկույցին: Խոսնակները ելույթ են ունեցել Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ հասարակական կազմակերպությունների համար նախատեսված ճեպազրույցում՝ ներկայացնելով 2016-ից ի վեր ադրբեջանցիների կողմից էթնիկ ատելության հիմքով հայերի նկատմամբ խոշտանգումների դեպքերը: Նրանք ընդգծել են, որ ադրբեջանական հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է 2020-2023թթ. խոշտանգումների և այլ ոճրագործությունների կտրուկ աճի, որոնց հետևանքով Արցախի ժողովուրդը ենթարկվել է տասնամսյա շրջափակման և ամբողջական ու բռնի տեղահանման: Քալֆայանն ու Բեգլարյանը հատուկ անդրադարձել են ադրբեջանական բանտերում տեղի ունեցող խոշտանգումներին՝ հղում անելով հայրենիք վերադարձած հայ գերիների վկայություններին: Այդ համատեքստում նրանք կարևորել են միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ պաշտպանելու և ազատելու ադրբեջանական բանտերում որպես գերի պահվող հայերին: Մասնակցելով նաև Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամների և Ադրբեջանի պատվիրակության միջև քննարկմանը՝ ՀԿ-ների ներկայացուցիչները հերթական անգամ արձանագրեցին, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները բազմաթիվ կեղծ տեղեկություններ տրամադրում միջազգային հանրության ներկայացուցիչներին, կոծկում իրենց կատարած զանգվածային ոճրագործությունները և ամբողջապես խեղում ղարաբաղյան հակամարտության էությունը: Կոմիտեի փորձագետ և երկրի համազեկուցող Թոդ Բուխվալդն ասաց, որ բազմաթիվ հաղորդումներ են եղել հայ ռազմագերիների նկատմամբ բռնությունների մասին․ «Մի սարսափելի տեսանյութում երևում էր, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գլխատում տանջվող հայ տղամարդու, իսկ հավաքված ամբոխը՝ ծափահարում և ոգևորում: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ազգամիջյան ատելության այս և այլ դեպքերը հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։ Ադրբեջանի պատվիրակությունը պատասխանել է, որ Ադրբեջանը ժխտել է հայ ռազմագերիների նկատմամբ Ժնևի կոնվենցիաներին համապատասխան վերաբերմունք չցուցաբերելու մասին պնդումները։ Ըստ պատվիրակության անդամների՝ ռազմագերիները չեն ենթարկվել խոշտանգումների և ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին։ Պատվիրակությունը նաև պնդել է, որ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է իրականացրել՝ տեսագրված հայ կալանավորների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Ըստ նրանց՝ որոշ զինվորականներ մեղավոր են ճանաչվել հայկական դիակները և գերեզմանները պղծելու մեջ և ենթարկվել են կարգապահական տույժերի կամ բանտարկության, իսկ Հայաստանի քաղաքացիների սպանության համար երկու անձ դատապարտվել է ազատազրկման։ Քալֆայանն ու Բեգլարյանը նաև հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի, Բռնի կամ հարկադիր անհետացումների հարցերով աշխատանքային խմբի և այլ մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում նրանք ներկայացրել են տվյալ մարմինների լիազորություններին առնչվող ադրբեջանական հանցագործություններն ու հիմնախնդիրները, որոնց բախվել և բախվում են հայերն Արցախում ու Հայաստանում:
21:22 - 25 ապրիլի, 2024
Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազորությունները տարածվում են Հայաստանի տարածքի վրա. Արտակ Բեգլարյան |news.am|

Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազորությունները տարածվում են Հայաստանի տարածքի վրա. Արտակ Բեգլարյան |news.am|

news.am: Ոչ մեկը չի ասում, որ Հայաստանի տարածքի վրա որեւէ այլ կառավարության լիազորություններ են տարածվում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չեն կարող այլ երկրի կառավարության ներկայացուցիչներ գտնվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը ի պատասխան արված հայտարարությանը, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, նաեւ, որ Հայաստանում չի կարող գործել որեւէ այլ կառավարություն, քան ՀՀ կառավարությունն է: «Օրինակ, երբ այլ երկրից հյուրեր են գալիս, ասենք՝ նախարար կամ վարչապետ, արդյոք իրենք ասում են, որ նրանք Հայաստանում պաշտոնական լիազորություններով չեն գտնվում: Իրենք կարող են մեկնաբանել, ասել՝ այո, Արցախի իշխանությունները տեղահանվել են, եկել են այստեղ, իրենք գտնվում են ՀՀ-ում, իրենց գործունեությունը չի տարածվում ՀՀ տարածքի վրա, այլ Արցախի տարածքի վրա է տարածվում: Եվ որեւէ ձեւով դա չի նշանակում, որ Հայաստանի տարածքում են իրենք գործում: Առնվազն սա կարող են ասել, եթե այդքան մեծ վախեր ունեն Ադրբեջանից: Բայց իրենք սա չեն ասում, իրենք ցավալիորեն եւ անընդունելի ձեւով թիրախավորում են Արցախի առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին եւ ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»,-ասաց նա: Բեգլարյանի խոսքով, լավ, թե վատ, Արցախի իշխանությունները ինչ-որ ձեւով, կիսատ-պռատ ինչ-որ աշխատանք կատարում են եւ պետք է կատարեն Հայաստանի աջակցությամբ, որը ցավոք, չի արվում, որպեսզի ներկայացնեն Արցախի ժողովրդի շահերը, իրավունքները եւ հնարավորինս պաշտպանվեն դրանք նաեւ իրենց կողմից: «Այստեղ հիմնական խնդիրը հավաքական իրավունքների հետ է կապված: Հայաստանը որեւէ պատասխանատվություն չի ստանձնում Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի համար, դա պետք է անի Արցախի իշխանությունը: Այստեղ ՀՀ իշխանությունները պետք է աջակցեն»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը: Նա կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը թերեւս արձագանքն է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ֆրանսիական «Ֆիգարո»-ին տված հարցազրույցին, որտեղ նա ասել էր, որ գոյություն ունի Արցախի վտարանդի կառավարություն. «Չէի ասի, որ այդտեղ հատուկ վտանգ կա, ուղղակի պետք է ձեւակերպումն այնպես անել, որ այո, Հայաստանի տարածքի վրա Արցախի իշխանությունների լիազորությունները չեն տարածվում: Իհարկե, նախընտրելի է, որ ՀՀ իշխանությունները ճանաչեն Արցախի իշխանություններին եւ աջակցեն, բայց եթե նույնիսկ չեն էլ ճանաչում, չպետք է գոնե խանգարեն, լրացուցիչ վտանգներ, սպատնալիքներ ստեղծելով: Էլ չեմ խոսում, որ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներից բխող խոսույթը այնպիսին է, որ սա շատ լուրջ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, արտաքին գործակալական ցանցի մի մաս է, որը շատ անընդունելի խոսույթ է: Շատ արցախցիներ կան, որ համարում են, որ Արցախի իշխանությունները եղած-չեղած, շատ ավելի քիչ գործունեություն են ծավալում, իրենց ձայնը չի լսվում, քան ինչ-որ իրենք անում են: Տեսանելի է, որ հոկտեմբերից ի վեր շատ զգույշ ու զուսպ ձեւով են Արցախի պետական մարմինները գործում, այնքան, ինչքան ռեսուրս ու կարողություն ունեն: Այսինքն հակառակ քննադատությունն էլ կա: Իմ տպավորությամբ Արցախի իշխանությունները բավականին զուսպ եւ զգույշ են, որպեսզի շահարկումներ չլինեն ոչ ներսից, ոչ Ադրբեջանից»,- հայտարարեց Արցախի նախկին պետնախարարը:
17:27 - 28 մարտի, 2024
«Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք». մեկնարկել է արցախցիների հանրահավաքը |azatutyun.am|

«Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք». մեկնարկել է արցախցիների հանրահավաքը |azatutyun.am|

azatutyun.am: Ազատության հրապարակում մեկնարկել է տեղահանված արցախցիների հրավիրած հանրահավաքը: Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության պահանջներից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունները բանակցությունների օրակարգում ներառեն նաև արցախցիների հավաքական վերադարձի հարցը, շեշտեց, որ դա պատկերացնում են միայն այն դեպքում, երբ Արցախում կտեղակայվեն միջազգային դիտորդներ ՄԱԿ-ի մանդատով: «Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք ու այնտեղ անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան կյանքը: Այստեղ նմանատիպ պահանջներ հնչելու են՝ ուղղված և՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և՛ միջազգային հանրության ներկայացուցիչներին, որ ապահովեն մեր հավաքական վերադարձը», - ասաց Բեգլարյանը: «Ազատության հարցին՝ ի՞նչ պայմաններում են արցախցիները պատրաստ վերադառնալ իրենց տներ, Արցախի նախկին պետնախարարը պատասխանեց. - «Իմ պատկերացումն այն է, որ պետք է բացառել ուղղակի ադրբեջանական որևէ տիրապետություն, որովհետև այդ տիրապետությունը ցեղասպանական տիրապետություն է, ու պետք է լինեն միջազգային պաշտպանության բարձրագույն մեխանիզմներ, հնարավորինս միջազգային անվտանգության երաշխիքներ լինեն, ու մենք այնտեղ կարողանանք ինքնիշխան կյանք վարել: Պատկերացնում եմ, որ պետք է Անվտանգության խորհրդի կողմից տրված մանդատով լիազորված խաղաղապահներ լինեն, որը նշանակում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամները պետք է դրան համաձայնություն տան»: Տեղահանված արցախցիները նաև սոցիալական խնդիրների մասին են բարձրաձայնում, կացարանների ապահովման հարցը, բայց նրանք շարունակում են պնդել, որ իրենց համար առաջնահերթ է հայրենիք վերադառնալը. այնտեղ թողել են հարազատների շիրիմները, շեշտում են, որ նաև ունեցվածքն են կորցրել, տները: Արցախցիներն անընդունելի են համարում Հայաստանի կառավարության ներկայացրած բնակարանային ապահովության ծրագիրը, որը դեռևս քննարկման փուլում է: Կառավարությունն առաջարկում է ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3 միլիոն դրամ տրամադրել բնակարան ձեռք բերելու համար, նրանք դա քիչ են համարում: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
17:54 - 20 մարտի, 2024
«Մեր ռազմավարական նպատակն Արցախ վերադառնալն է». Արտակ Բեգլարյան
 |news.am|

«Մեր ռազմավարական նպատակն Արցախ վերադառնալն է». Արտակ Բեգլարյան |news.am|

news.am: «Օրակարգում արցախցիների կոլեկտիվ իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախ վերադարձի իրավունքի հարցն է, դա մեր ռազմավարական նպատակն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Ըստ Բեգլարյանի՝ մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն այդ օրակարգը: «Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի իշխանությունները փակեն այդ հարցը: Այն պետք է լինի Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանին: Առանց Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշման մենք արդյունքի չենք հասնի: Նրանք պետք է ընդգծեն, որ դա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չէ: Միջազգային դատարանը համապատասխան որոշում է ընդունել արցախցիների վերադարձի իրավունքի մասին»,- նշել է Բեգլարյանը: Արցախցիների ամենասուր սոցիալական խնդիրը, նախկին պետնախարարի խոսքով, բնակարանային հարցն է։ «Ելնելով պատճառներից՝ արցախցիներին սխալ է համեմատել Հայաստանի՝ կացարանից զրկված բնակիչների հետ: Արցախցիները բռնի տեղահանվածներ են դարձել ցեղասպանության արդյունքում, ինչպես նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների ձախողման պատճառով: Ձախողել են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և, ընդհանուր առմամբ, ամբողջ միջազգային հանրությունը: Դրանից բացի, Հայաստանը փախստականի կարգավիճակ ունեցողների նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ ունի: Մեր դեպքում տարբերվում է նաև ֆինանսավորման աղբյուրը: Հայաստանը պետք է միջազգային հանրությունից խոշոր գումարներ պահանջի արցախցիների սոցիալական խնդիրների համար: Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե արդյունավետորեն լուծում են այդ խնդիրները՝ միջազգային հանրությանը ազդարարելով, որ նրանց աջակցության կարիքը չկա»,- ընդգծել է նախկին պետնախարարը: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
21:55 - 19 մարտի, 2024
Միջազգային ատյաններում Բաքվի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի ՀՀ-ին ու հայ ժողովրդին

Միջազգային ատյաններում Բաքվի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի ՀՀ-ին ու հայ ժողովրդին

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, հավատացնում եմ մասնագետները։ «ՀՀ բարձրագույն իշխանությունների հայտարարությունները միջազգային դատական ատյաններում և այլ կառույցներում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին հարուցում են խիստ մտահոգություններ. այդպիսի քայլերն անվերականգնելի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Այդ առթիվ շեշտադրում ենք հետևյալը. Իշխանության բարձրագույն մակարդակում արվող այդ հայտարարությունները բացարձակապես անթույլատրելի են: Ադրբեջանի դեմ գանգատներն ունեն Հայաստանի ու Արցախի հայերի, առհասարակ հայ ժողովրդի իրավունքների խախտումների համար միջազգային պատասխանատվություն ապահովելու ռազմավարական նպատակ: Դրանք անփոխարինելի միջոցներ են մեր հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության համար: Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության, ինչպես նաև կանխել ադրբեջանական նորանոր ոտնձգություններն արդեն ուղիղ կերպով Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ` Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման ձևով ու այլ հանցանքներով: Միջազգային ատյաններում առկա այդ գործընթացներն անհրաժեշտ քայլեր են նաև Արցախի ժողովրդի դեմ հանցագործությունների քննության և հավաքական իրավունքների պաշտպանության համար: Դրանք կարևորագույն նշանակություն ունեն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության և վերադարձից հետո այնտեղ միջազգային պաշտպանության մեխանիզմների երաշխավորմամբ անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովման հարցում: Ավելին, ներկայացված գանգատներով ու հայցերով Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել միջազգային ատյաններում պաշտպանելու ադրբեջանական հանցագործությունների հետևանքով տուժածների իրավունքները, այդ թվում` բռնի տեղահանված արցախահայության գույքային և այլ իրավունքները: Դրա արդյունքում մարդիկ զերծ են մնացել միջազգային դատական ատյաններ անհատական գանգատներ ներկայացնելուց, իսկ իրավական պաշտպանության միջազգային միջոցներից Հայաստանի հրաժարվելու և դրանք քաղաքական հարթություն տեղափոխելու դեպքում որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կկատարի այդ պահանջները: Հետևաբար, ՀՀ ներկայացրած հայցերից հրաժարվելն անխուսափելիորեն հանգեցնելու է տուժածների իրավունքների պաշտպանության միջազգային այս կարևորագույն գործիքակազմերի գործադրման անհնարինությանը՝ ելնելով հենց այդ գործիքակազմերի ձևական պահանջներից: Միջազգային ատյաններում ներկայացված են նաև բազմաթիվ անհատական գանգատներ միջպետական գանգատներից բացի, և դրանցից հրաժարվելու դեպքում անորոշ է լինելու անհատական գանգատների ճակատագիրը: Այս դեպքում անհատական գանգատների ուժը կա´մ զգալիորեն կթուլանա, կա´մ միջազգային դատարանը դրանք կարող է պարզապես միացնել միջպետական գանգատներին, որոնցից երկիրը հրաժարվում է, և մերժել դրանք: Ստացվելու է` Կառավարության անթույլատրելի քաղաքական որոշման պատճառով մարդիկ զրկվելու են իրենց իրավունքների միջազգային դատական պաշտպանությունից: Միջազգային ատյաններում գանգատներն ու պահանջներն անփոխարինելի են Հայաստանի դիվանագիտության համար: Միջազգային պահանջներից հրաժարումն անդառնալի վնասներ կհասցնի ՀՀ-ին միջազգային ասպարեզում` խարխլելով դիվանագիտական դիմադրողականության հիմքերը: Ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ հայերի դեմ վարել են խորքային ռասիզմի և ատելության քաղաքականություն` սկսած Հայաստանից ու Արցախից մինչև Սփյուռք: Ադրբեջանը ոչ միայն երբևէ չի փորձել պաշտպանել որևէ հայի կամ անգամ կանխել որևէ հայի իրավունքի խախտում, այլ պետական մակարդակով, հաճախ «խաղաղության» շղարշի ներքո, խրախուսել ու ոգևորել է հային ցանկացած վնաս հասցնելը` սպանություններ, խոշտանգումներ, առևանգումներ, կամայական ազատազրկումներ ու գերեվարումներ, հոգեկան տառապանքներ և այլն: Ավելին, ադրբեջանական գործող իշխանության ցեղասպանական քաղաքականությունը յուրաքանչյուր հանցանքից հետո մշտապես ավելի է խորացրել թշնամանքը և ստեղծել է նոր հանցանքների հիմքեր: Այդ կերպ առաջ են եկել ահագնացող սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական գոյության դեմ առհասարակ: Սրան գումարվում է այն, որ Հայաստանի իշխանությունն անընդհատ միակողմանիորեն բավարարում է ադրբեջանական պահանջները՝ սին հույսով, որ Ադրբեջանը կանգ կառնի, բայց դա այդպես էլ տեղի չի ունենում ու տեղի չի էլ ունենալու: Ադրբեջանի իշխանությունը երբեք էլ խաղաղության իրական մտադրություններ չի ունեցել: Նրանց միջազգային պահանջները Հայաստանի դեմ եղել են միայն արհեստական` զուտ հայելային` քայլ՝ արտաքին աշխարհին մոլորության մեջ գցելու, շղարշ ապահովելու և սեփական հանցանքները կոծկելու համար: Միջազգային ատյաններ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից Հայաստանի կառավարության հրաժարումն օրինականացնելու է ադրբեջանական ատելության քաղաքականությունն ու ծանր հանցանքները հայ ժողովրդի նկատմամբ, ծնելու է մեր իրավունքների նոր խախտումներ ու հանցանքներ: Հաշվի առնելով վերը շարադրվածը` Հայաստանի իշխանություններից վճռականորեն պահանջում ենք զերծ մնալ միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու հայտարարություններից ու գործողություններից։ Ավելին, պահանջում ենք ներկայացնել միջազգային դատական նոր հայցեր բոլոր հնարավոր կոնվենցիաներով, այդ թվում՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հանցագործության համար քրեական պատիժ կիրառելու պահանջով Միջազգային քրեական դատարանին դիմելու միջոցով: Ստորագրողներ` Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Սիրանուշ Սահակյան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արա Ղազարյան, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր և ղեկավար, միջազգային փորձագետ»։
10:15 - 18 մարտի, 2024
Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը. Բեգլարյան

Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը. Բեգլարյան

Աբսուրդ ու վտանգավոր է պնդել, որ արցախահայությունը չի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ՀՀ զինված ուժերում չծառայելու նպատակով, այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի պնդման։ Նա նշել է, որ հոկտեմբերից հազարավոր արցախցիներ ցանկացել են մտնել զինծառայության, բայց նրանց մերժել են՝ ստիպելով ընդունել քաղաքացիություն: «Վստահ եմ, որ կարիքի դեպքում, անկախ իրավական կարգավիճակից, արցախցիների ճնշող մեծամասնությունը զենք կվերցնի և կպաշտպանի հայոց հայրենիքը: Առաջիկա տարիներին արցախահայության շրջանում ժամկետային զինծառայության տարիքի տղաների թիվը չի գերազանցելու մի քանի հազարը: Հետևաբար, Փաշինյանի փաստարկի տրամաբանությունը հասկանալի չէ, թե ինչու ժողովրդի մնացած գերակշիռ մասը չի ցանկանում ընդունել քաղաքացիություն, եթե իրենց ընտանիքներում ժամկետային զինծառայության տարիքի տղաներ չկան: Իրականում, բացի մի մասի սոցիալական բնույթի մտավախություններից, ճնշող մեծամասնությունը մտավախություն ունի, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը: Ուստի, եթե ցանկանում եք, որ արցախցիները զանգվածայնորեն ընդունեն ՀՀ քաղաքացիություն, ապա պետք է ապահովել մեր հավաքական վերադարձի քաղաքական պահանջն ու քայլերը ՀՀ կողմից: Արցախցին ցանկանում է ապրել Արցախում՝ անվտանգ ու արժանապատիվ կերպով, և պետք չէ լրացուցիչ չափով հարվածի տակ դնել այդ հնարավորությունը: Պետք է խիստ զգույշ լինել արցախցիների հանդեպ լրացուցիչ բացասական տրամադրություններ չխթանելու հարցում՝ խուսափելով անհիմն ու արհեստական ընդհանրացումներից»,- Facebook-ում գրել է Բեգլարյանը։
19:08 - 14 մարտի, 2024
Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը հանցագործություն է. Արտակ Բեգլարյան

Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը հանցագործություն է. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը. նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց օրինական պաշտպանության հնարավորությունը: Այս մասին ահազանգում է Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նա ընդգծել է, որ Արցախի նախկին ղեկավարներին հիմա  ստիպում են հարցազրույց տալ։ «Հանցագործություն է նաև պատանդների օգտագործումը քարոզչական և զանգվածային նվաստացման նպատակով։ Ի դեպ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը 2023 թվականի նոյեմբերի 1-ի իր զեկույցում հստակ նշում է, որ Արցախի ղեկավարների կալանավորումը ցեղասպանության վկայություն է, քանի որ դա ցույց է տալիս համայնքը ոչնչացնելու մտադրություն»,-նշել է Բեգլարյանը։
10:33 - 11 մարտի, 2024
«Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի, այս հարցում կարեւոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը»․ Արտակ Բեգլարյան
 |aravot.am|

«Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի, այս հարցում կարեւոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը»․ Արտակ Բեգլարյան |aravot.am|

aravot.am: «Մեր գլխավոր ասելիքն այն է, որ մեր հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի։ Դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել, որի ուղղությամբ բոլորս անելիքներ ունենք»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի նախկին ՄԻՊ եւ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ կատարած այցին։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը «120 000 պատճառ կոալիցիայի» աջակցությամբ Վաշինգտոնում մասնակցել էին Միջազգային կրոնական ազատության համաժողովին, ելույթներ ունեցել տարբեր հարթակներում և ներկայացրել Արցախի ժողովրդի ցեղասպանության հանգամանքները, հոգևոր-մշակութային ժառանգության ու այլ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ՝ նրանք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում շուրջ 60 կոնգրեսականների ու նրանց ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ցեղասպանության մանրամասներն ու հետևանքները, ընթացիկ վիճակը, ինչպես նաև հորդորելով Կոնգրեսին կիրառել գործնական մեխանիզմներ Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ արցախցիների հավաքական վերադարձն ապահովելու համար կարեւոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։ «Հայաստանի Հանրապետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի մեր հավաքական վերադարձի իրավունքի իրացման եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում»,- ասաց նա։ Ըստ Բեգլարյանի՝ ԱՄՆ-ում բարձրաձայնել են նաեւ Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի պատասխանատուներին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցերը։ «Միջազգային հետաքննություն կամ Ադրբեջան պետության եւ կոնկրետ անհատների դեմ պատժամիջոցներ։ Նաեւ մշակութային ժառանգության հետ կապված հարցեր ենք բարձրաձայնել ու քննարկել տարբեր կազմակերպությունների հետ։ Գլենդեյլի քաղաքային խորհրդի նիստում ներկայացրեցինք իրավիճակը։ Եվ հենց մեր ներկայությամբ բանաձեւի նախագիծ ներկայացվեց, որը մեկ շաբաթ առաջ արդեն ընդունվեց Գլենդեյլի քաղաքային խորհրդի կողմից՝ շատ հստակ ուղերձներով, Արցախի ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելով եւ նաեւ կոչ անելով ԱՄՆ ղեկավարությանը՝ համապատասխան պատժամիջոցներ կիրառել, մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին եւ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իր հայրենիք»,- հավելեց նա։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ ասաց․ «Այցը հստակ ուղերձ ուներ՝ ցույց տալու, ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է։ Մենք չենք համարում, որ Արցախի ժողովրդի մասին այլեւս չպետք է խոսել կամ նրա իրավունքների պաշտպանությանը չպետք է անդրադառնալ։ Ցավոք սրտի, կարծես տեսնում ենք, որ տարածաշրջանային զարգացումների ֆոնին փակվում կամ անտեսվում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության օրակարգը։ Եվ խնդիր էր մեզ համար՝ թե ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին եւ թե ամերիկյան շրջանակների հասցնել այս կարեւոր ուղերձը»։  
11:55 - 15 փետրվարի, 2024
Ինչո՞ւ առ այսօր սուգ չի հայտարարվել արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին. Արտակ Բեգլարյան

Ինչո՞ւ առ այսօր սուգ չի հայտարարվել արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին. Արտակ Բեգլարյան

Ինչո՞ւ առ այսօր ՀՀ կառավարությունը սուգ չի հայտարարել արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին կամ գոնե ծանուցել նման մտադրության մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Նա նաեւ հավելել է. «Նման մասշտաբի ողբերգությունը, երբ շուրջ 500 անձ է զոհվել, գումարած Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկումը, առավել քան համապետական ու համազգային սգի հիմք է: Որքան էլ փաստացի սուգը շատ է մեր կյանքում, սակայն այդպիսի խորհրդանշական պետական միջոցառումները և դրանց բացակայությունը ցուցադրում են իշխանությունների գաղափարախոսական վերաբերմունքն իրադարձություններին: Սուգ հայտարարելու վերջին հնարավորությունը կհամարեի հոկտեմբերի 29-ին՝ պատերազմի մեկնարկի 40-րդ օրը, որն, իմ կարծիքով, պետք է առնվազն եռօրյա լինի: Համեմատության համար նշեմ, որ 2022թ. օգոստոսին երկօրյա սուգ էր հայտարարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին, որի ողբերգության մասշտաբներն անհամեմատ փոքր էին»։
15:36 - 23 հոկտեմբերի, 2023
Իմ տեղեկություններով՝ պատերազմի հաստատված զոհերի թիվը գերազանցում է 220-ը՝ չհաշված անհայտ կորածները. Արտակ Բեգլարյան

Իմ տեղեկություններով՝ պատերազմի հաստատված զոհերի թիվը գերազանցում է 220-ը՝ չհաշված անհայտ կորածները. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ մի քանի տվյալ ԼՂ ներկա բնակչության և պատերազմի ու վառելիքի պահեստի պայթյունի հետևանքների վերաբերյալ:   «1. Իմ տեղեկություններով՝ Արցախում՝ ադրբեջանական իշխանության ներքո մնացել են առավելագույնը 40 հայեր, ներառյալ՝ ենթադրաբար իրենց տներում մնացած միայնակ ու անօգնական անձինք, որոնց հնարավոր չէ եղել գտնել առ այսօր: Այդ անձանց որոնման աշխատանքները կատարում էին Արցախի փրկարարները՝ որոշակի դրական արդյունքներով, իսկ այժմ՝ փրկարարների դուրս գալուց հետո՝ Կարմիր խաչը:   2. Արցախում մնացած մոտ 15 հայի մասին հստակ տեղեկություններ կան, որոնց տեսնողներ ու նույնականացնողներ են եղել: Նրանք ենթադրաբար որոշել են կամավոր մնալ Արցախում և ընդունել Ադրբեջանի իշխանությունների պայմանները հպատակեցման վերաբերյալ:   3. Որքան տեղյակ եմ, Արցախի Հանրապետության իշխանությունների վերջին ներկայացուցիչները երեկ դուրս են եկել Արցախից՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ: Ուստի կարելի է ասել, որ Արցախի ողջ տարածքում արդեն գործում է բացառապես ադրբեջանական օկուպացիոն ու ցեղասպան իշխանությունը:   4. Արցախի ներկա և նախկին պաշտոնյաներից 8-ը ձերբակալվել և պատանդառվել են Ադրբեջանի կողմից՝ տարբեր մտացածին մեղադրանքներով. նրանք են՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը:   5. 24-ժամյա պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհերի, վիրավորների ու անհայտ կորածների վերաբերյալ լիազոր պետական մարմինները շարունակում են փաստահավաք ջանքերը և թարմացնում են ցուցակները: Իմ տեղեկություններով՝ պատերազմի հաստատված զոհերի թիվը գերազանցում է 220-ը՝ չհաշված անհայտ կորածները, իսկ վառելիքի պահեստի պայթյունի վայրից գտնվել է ավելի քան 170 անձի մարմին ու մասունք՝ կրկին չհաշված անհայտ կորածները:   6. Անհայտ կորածների ու գերիների վերաբերյալ ես թարմ տեղեկություններ չունեմ, սակայն, վստահ եմ, առաջիկայում լիազոր մարմինները համապատասխան պաշտոնական թարմացումները կկատարեն:   Ամեն դեպքում կուզեի մի հարց հստակեցնել, որ մի քանի լիազոր մարմնից ու պաշտոնյայից ճշտել եմ, թե արդյոք ճիշտ են զրույցներն այն մասին, թե իբր վառելիքի պահեստի պայթյունից հետո ադրբեջանական ծառայություններն իրենց մոտ են տեղափոխել մի խումբ վիրավորների: Բոլոր պաշտոնյաները տվել են հստակ բացասական պատասխան: Ուստի պայթյունի հետևանքով անհայտ կորածների հարազատները, ցավոք, պետք է իրենց հարազատներին փնտրեն գտնված մարմինների ու մասունքների շրջանում՝ անճանաչելի մարմինների դեպքում ԴՆԹ անալիզների միջոցով:   Հարկ է նաև հաշվի առնել մասնագետների ու ականատեսների այն պնդումը, որ պայթյունի զոհերի մի մասն էլ ամբողջությամբ այրվել է կրակի մեջ, և նրանցից ոչ մի մասունք հնարավոր չէ գտնել:   7. Ի լրումն հարյուրավոր ընտանիքների պատուհասած այս անդառնալի կորուստներին՝ հիմա էլ Արցախի ողջ ժողովուրդն է բռնի կերպով տեղահանվել իր հայրենիքից՝ ադրբեջանական ցեղասպանությունից մազապուրծ:   Առաջիկայում կանդրադառնամ նաև տեղահանված անձանց քանակի վերաբերյալ տարբեր հարցերի»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
19:32 - 05 հոկտեմբերի, 2023