էդուարդ Աղաջանյան

2012թ. ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան, 2016թ.՝ նույն համալսարանի մագիստրատուրան: Ֆինանսական ակտիվների կառավարման մագիստրոս:

2009-2010թթ. աշխատել է Մոնակոյի Ալբերտ 2-րդ  արքայազնի հիմնադրամի գիտական գծով տնօրենի օգնական: 2011թ.՝ «Մերիլ Լինչ» հիմնադրամի ֆինանսական հարցերով խորհրդականի օգնական: 2012 – 2016թթ. զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ: 2018թ. աշխատել է «HSBC» բանկի ռիսկերի կառավարման մասնագետ: 2018-2021թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2018 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017-2018թթ. եղել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2018թ. մայիսի 10-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: 2021 թվականի հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Առաջարկվում է մեղմացնել առանց ԱՊՊԱ–ի մեքենա վարելու պատիժը |armenpress.am|

Առաջարկվում է մեղմացնել առանց ԱՊՊԱ–ի մեքենա վարելու պատիժը |armenpress.am|

armenpress.am: ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքի չափը քաղաքացիների համար կնվազեցվի 75 տոկոսով, եթե քաղաքացին 24 ժամվա ընթացքում կնքի ԱՊՊԱ պայմանագիրը. հանվում է այդ պայմանագիրը Ոստիկանություն ներկայացնելու պահանջը:  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը: Ավելի պարզ վարչարարություն նախատեսող նախագիծը պատգամավորը ներկայացրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Գործող կարգավորմամբ՝ ՀՀ քաղաքացիները ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 հազար դրամով: Բայց գոյություն ունի խրախուսող նորմ, ըստ որի՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքը արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու և դրա մասին ապացույց Ոստիկանություն ներկայացնելու պարագայում քաղաքացիները կարող են 100 հազար դրամի փոխարեն վճարել 25 հազար դրամ, այսինքն՝ ի սկզբանե նախատեսված գումարի 25 տոկոսի չափով: «Մեր քաղաքացիներն, այսինքն, ոչ միայն պարտավոր են մոտակա 24 ժամվա ընթացքում այդ գումարը վճարել, այլ նաև պայմանագիրը ներկայացնել կամ Ոստիկանության բաժանմունք կամ որևէ պարեկային ծառայողի: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է այս հավելյալ պարտավորություն հանել քաղաքացիների վրայից, որովհետև այս տեղեկատվությունը հասանելի է Ոստիկանության ծառայությանը»,-ասաց Աղաջանյանը: 75 տոկոսի վճարման պարտականությունից ազատող, խրախուսող նորմը ժամանակին մտել էր ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորը նկատել է՝ փոփոխությունը դրական արդյունք է տվել, պայմանագրերի քանակներն ավելացել են այս ընթացքում: «Ըստ ներկայացված նոր նախագծի՝ քաղաքացուց այլևս չի պահանջվելու մոտենալ Ոստիկանություն, ներկայացնել ԱՊՊԱ պայմանագիրը՝ որպես ապացույց, որից հետո իր նկատմամբ տուգանքի որոշումը կփոխվի: Ոստիկանությունն օնլայն պետք է  հետևի, տեսնի ու վարույթը կարճի, 100 հազար դրամի փոխարեն 25 հազար դրամ պատասխանատվություն նախատեսի»,-ասաց Խաչատրյանը: Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:
13:01 - 04 դեկտեմբերի, 2023
Հռոմի կանոնադրության իրավազորությունն աշխատում է երկու տրամաբանությամբ․ Եղիշե Կիրակոսյան

Հռոմի կանոնադրության իրավազորությունն աշխատում է երկու տրամաբանությամբ․ Եղիշե Կիրակոսյան

Հռոմի կանոնադրության իրավազորությունն աշխատում է երկու տրամաբանությամբ․ մեկը, որ գործում է տարածքի նկատմամբ, մյուսը՝ վավերացրած երկրի քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե մեղադրվողը չի հանդիսանում Ստատուտը վավերացրած կողմ, բայց ըստ էության հանդիսանում է դատական պրոցեսի մաս, արդյո՞ք հնարավոր է մեղադրվող կողմին կանչել դատարան։ «Կա՞ նման պրակտիկա, որովհետեւ ենթադրվում է, որ չի վավերացրել Ստատուտը, Դատարան ներկայանալու պարտավորություն չունի»,- հարցրեց Էդուարդ Աղաջանյանը։ Ներկայացնելով իրավազորության աշխատանքի տրամաբանությունը՝ Կիրակոսյանն ասաց․ «Տարածքի դեպքում, եթե կատարվում է հանցագործություն կոնկրետ վավերացրած երկրի տարածքում, անկախ նրանից, թե հանցագործությունը կատարած անձանց պետությունը վավերացրել է Կանոնադրությունը, թե ոչ, նրանք ենթակա են լինելու դատարանի իրավազորությանը։ Համագործակցելու պարտավորություն, պարզ է, Կանոնադրությունը չվավերացրած պետությունը չի ունենալու նման պարտավորություն, բայց վավերացրած 123 պետությունները պարտավորություն են ունենալու համագործակցելու Դատարանի հետ եւ այդ անձնանց հանձնելու, եթե անհրաժեշտություն կա փոխանցելու դատարանին»։
11:55 - 03 հոկտեմբերի, 2023
Այստեղ որևէ սկանդալի փնտրտուքն անպտուղ զբաղմունք է. Աղաջանյանն անդրադարձել է իր հրաժարականին
 |armenpress.am|

Այստեղ որևէ սկանդալի փնտրտուքն անպտուղ զբաղմունք է. Աղաջանյանն անդրադարձել է իր հրաժարականին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից իր հրաժարականը և պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության առաջադրումը հորդորում է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բաշխման համատեքստում, ինչը պետական կառավարման համակարգում մշտական գործընթաց է: Աղաջանյանն այս թեմային անդրադարձավ ԱԺ-ում Խանդանյանի թեկնածության քննարկմանը՝ հաշվի առնելով հանրության շրջանում առաջացած հարցերը: «Նախ ես ամբողջությամբ աջակցում եմ ՀՀ կառավարության ծրագրում որդեգրած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես` խաղաղության օրակարգը: Եվ պատրաստվում եմ այսուհետ ևս իմ հնարավորությունների և լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել այս օրակարգին: Այս որոշումը պետք է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բաշխման համատեքստում, ինչը մշտական գործընթաց է պետական կառավարման համակարգում, և որևէ սկանդալի փնտրտուքն այստեղ անպտուղ զբաղմունք է»,- ասաց Աղաջանյանը: Նա վստահություն հայտնեց, որ Սարգիս Խանդանյանի մոտ լավագույնս կհաջողվի այդ կարգավիճակից բխող գործառույթներն իրականացնել՝ ի նպաստ ՀՀ պետական շահերի՝ կոչ անելով կողմ քվեարկել Խանդանյանի թեկնածությանը:
16:16 - 08 փետրվարի, 2023
ԱԺ նախագահը ստորագրել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: «Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի մասին դիմումը եւ  առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք՝ Աղաջանյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
13:07 - 03 փետրվարի, 2023
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայում, մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների երկրորդ խորհրդակցությանը: Հակոբ Արշակյանն իր նկատառումներն է ներկայացրել Իսլամական համագործակցության կազմակերպության, թյուրքական պետությունների ԽՎ-ի հետ ՀԱՊԿ ԽՎ-ի հարաբերությունների պաշտոնական ձեւակերպման վերաբերյալ: «Այդ ձեւակերպումն ընթացիկ փուլում հայկական կողմի համար ընդունելի չէ, քանի որ այդ կառույցների աշխատանքային մարմինների կողմից իրագործվում են հայատյաց քայլեր, հստակ գնահատականներ են հնչեցվում հօգուտ Ադերբեջանի, այդ թվում՝ Հայաստանի դեմ զինված հարձակման հարցում»,- ասել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրել է նաեւ իր ղեկավարած ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի գործունեության ուղղություններն ու իրականացվող աշխատանքը: Նշվել է, որ հանձնաժողովի գործունեության հիմնական ջանքերը կենտրոնացած են ՀԱՊԿ կանոնադրական նպատակների եւ խնդիրների իրագործմանն աջակցելուն, ՀԱՊԿ իրավական հիմքերի կատարելագործմանը, արտաքին քաղաքականության ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրության մերձեցմանը եւ ներդաշնակեցմանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների կատարմանը: «Ադրբեջանը, հղում անելով բնապահպանական կեղծ պատճառներին, փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է: Այս գործողությունների հետեւանքով Արցախի 120 հազարանոց բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որոնցից 270-ը անչափահաս են, արգելափակված ճանապարհի պատճառով տուն վերադառնալու հնարավորություն չունեն»,- այս մասին բարձրաձայնել է ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անդրանիկ Քոչարյանը խորհրդակցության ժամանակ: ԱԺ պատվիրակը մանրամասն ներկայացրել է ստեղծված հումանիտար ճգնաժամի հետեւանքները ու փաստել, որ Արցախի ժողովրդի համար կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը ձգտում է ստիպել բնակիչներին լքել իրենց տներն ու հայրենի հողը: Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունները հերթական էթնիկ զտումն իրականացնելու մտադրություն ունեն, եւ Լաչինի միջանցքի շրջափակման փաստը պետք է դիտարկել այդ պետության կողմից իրականացվող լայնածավալ եւ համակարգված քաղաքականության մաս: Պատգամավորն Արցախում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամի հարցում անհրաժեշտ է համարել միջազգային հանրության անհապաղ միջամտությունը: ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքների մասով Անդրանիկ Քոչարյանը նախեւառաջ ընդգծել է Ադրբեջանի ագրեսիայի փաստին հստակ քաղաքական գնահատականի անհրաժեշտությունը: Օրակարգային հարցերի շրջանակում են եղել միջազգային հարաբերություններին, պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր:
17:12 - 01 փետրվարի, 2023
Էդուարդ Աղաջանյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

Էդուարդ Աղաջանյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի դիմումի մասին հանդես է եկել հայտարարությամբ. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝ 1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, 2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
18:18 - 27 հունվարի, 2023
Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները խոչընդոտում են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը. Էդուարդ Աղաջանյան

Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները խոչընդոտում են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը. Էդուարդ Աղաջանյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին: Հանդիպմանը ներկա է եղել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը:  Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Մանրամասներ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ճանապարհի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Էդուարդ Աղաջանյանը Լեռնային Ղարաբաղում ծավալվող ճգնաժամային իրավիճակը կանխելու հարցում կարևորել է միջազգային գործընկերների դերակատարությունը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ խորհրդի որոշումը՝ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու վերաբերյալ (EUMA)՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում (CSDP):
18:49 - 24 հունվարի, 2023
Հայկական կողմն ստացել է Ադրբեջանի առաջարկները․ կարելի է ասել՝ երրորդ փուլն է քննարկվում այդ առաջարկների․ Աղաջանյան

Հայկական կողմն ստացել է Ադրբեջանի առաջարկները․ կարելի է ասել՝ երրորդ փուլն է քննարկվում այդ առաջարկների․ Աղաջանյան

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների։ Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդոււարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որ Բաքուն խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին։ «Այո, ճիշտ է, հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների, այսինքն՝ կարելի է ասել՝ երրորդ փուլն է քննարկվում այդ առաջարկների։ Եվ քանի որ սրանք հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են, ես չեմ կարող բարձրաձայնել դրանք, բայց, այո, հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները»,- նշեց Աղաջանյանը։  Բայրամովը նաև հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։ Լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է, որ երկրի ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով մինչև տարեվերջ հանդիպում տեղի ունենա կամ բանակցություններ սկսվեն, Աղաջանյանը ասաց․ «Ինչ վերաբերում է երկրի ղեկավարների մակարդակով կամ ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը մինչև տարեվերջ, կարծում եմ, այո, չի կարելի բացառել»,- ասաց Աղաջանյանը։ 
14:12 - 06 դեկտեմբերի, 2022
Ալմաթիի հռչակագրին հղում տալը չի նշանակում, որ հնարավորություն չի լինի Արցախի կարգավիճակին անդրադառնալ. Աղաջանյան

 |armenpress.am|

Ալմաթիի հռչակագրին հղում տալը չի նշանակում, որ հնարավորություն չի լինի Արցախի կարգավիճակին անդրադառնալ. Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Ալմաթիի հռչակագրի հետ կապված Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ու պատասխանել է հարցին, թե ինչպես կմեկնաբանի Լավրովի հայտարարությունը, քանի որ, ըստ Լավրովի խոսքերի, ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չեն կարող թողնել ապագային. «Կարծում եմ՝ կարիք չկա մեկնաբանելու Լավրովի հայտարարությունը: Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ և Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքը, մանրամասները և դետալները հրապարակվել են: Կարծում եմ, որ ոչ Սերգեյ Լավրովն է որևէ նոր բան ասել, ոչ ես կարող եմ ավելացնել։ Կարծում եմ՝ Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրին հղում տալով՝ որևէ հնարավորություն չի կորսվել, դրա արդյունքում չի նշանակում, որ տևական ժամանակ անց հնարավորություն չի լինի կարգավիճակին անդրադառնալ։ Իրականում, հետագային թողնելու առաջարկը եղել է Ռուսաստանի կողմից, դրան հայկական կողմը համաձայնել է։ Ենթադրվում է, որ դրա հնարավորությունների և անհնարինության գնահատումը, այո, պետք է Ռուսաստանի կողմից հնչի՝ պայմանավորված նրանով, թե հայկական կողմը որ փաստաթղթին է հղում կատարում, այլև պայմանավորված նրանով, թե Ռուսաստանը որպես միջնորդ ինչքանով է կարողանում այդ առաջարկներն իրողություն դարձնել, հաշվի առնելով, որ հայկական կողմը հայտարարել է, այդ թվում հրապարակավ, որ կողմ է այդ լուծմանը: Ենթադրվում է, որ Ադրբեջանը համաձայն չի, բայց արձանագրենք՝ Հայաստանը համաձայնել է, արձանագրենք, որ առաջարկը եղել է: Այդ հարցը ոչ մի կերպ կապված չէ Ալմաթիի փաստաթղթի հետ, միայն ու միայն կապված է նրա հետ, թե ստեղծված իրավիճակում ինչքանո՞վ մեր Ռուսաստանի գործընկերները կարող են այդ առաջարկն իրողություն դարձնել»,- ընդգծեց Աղաջանյանը: Հիշեցենք, որ երեկ՝ դեկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ալմա-Աթայի հռչակագրով խորհրդային բոլոր պետությունները հաստատում են սահմանների անփոփոխությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ-ի ժամանակ, իսկ այդ ժամանակ ԼՂԻՄ-ը, միանշանակ, Խորհրդային Ադրբեջանի մաս էր։  «Եվ երբ դրան հավանություն տվեցին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ֆրանսիան, և՛ պարոն Միշելը այն փաստաթղթի շրջանակներում, որ իրենք ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագիրը առանց նախապայմանների, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին: Իզուր չէ, որ ՀՀ ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է ոչ թե կարգավիճակի մասին, այլ որ հարկավոր է ապահովել հայ բնակչության իրավունքները Ղարաբաղում: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են տրամադրել իրավունքների երաշխիքներ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները: Իսկ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում»,- ասել էր Լավրովը։   
17:20 - 02 դեկտեմբերի, 2022
ՔՊ-ն հանձնաժողովի նիստում ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին

 |armenpress.am|

ՔՊ-ն հանձնաժողովի նիստում ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին, որը վերաբերվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ին ՔՊ և «Հայաստան» խմբակցությունները հնարավորություն են ունեցել բովանդակային քննարկում ունենալ հայտարարության տեքստի շուրջ: «Կարող եմ ասել, որ բազմաթիվ կետերի շուրջ ստացվեց փոխհամաձայնության գալ: Ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկու կողմերի համար սկզբունքային էին և, ըստ այդմ, արձանագրեցինք, որ հնարավորություն չկա Ազգային ժողովի հայտարարության տեսքով հանդես գալ երկու խմբակցությունների անունից: Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի արտահերթ նիստը քիչ անց գումարվելու է, և այն լինելու է երեքժամյա ռեժիմով, առաջարկում եմ բովանդակային քննարկումները տեղափոխել պլենար նիստերի ձևաչափ: Ինչ վերաբերվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշմանը հարցի վերաբերյալ, ապա հանձնաժողովների անդամներին կոչ եմ անում ձեռնպահ քվեարկել այս նախագծի հաստատմանը»,- ասաց Աղաջանյանը: Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես է գալիս Անդրանիկ Թևանյանը, ով ներկայացնում է Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն 2022թ․ նոյեմբերի 8-ին, որը իրենք համարում են Հաղթանակի օր, հայտարարություն է ընդունել, որում առկա է հայատյաց հռետորաբանությամբ։ Մասնավորապես, հայտարարության մեջ Հայաստանին մեղադրում են «վերջին 30 տարում միջազգային կոնվենցիաներ խախտելու, ռազմական հանցագործություններ կատարելու, ցեղասպանության, պետական ահաբեկչության, թալանի, վանդալիզմի, իսկ պատերազմից հետո «ականային տեռորի» մեջ»։    
11:12 - 02 դեկտեմբերի, 2022
Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված նպատակ է, սակայն դա միայն մեզնից չի կախված․ Աղաջանյան |tert.am|

Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված նպատակ է, սակայն դա միայն մեզնից չի կախված․ Աղաջանյան |tert.am|

tert.am: Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված նպատակ է. արդյոք կստացվի մինչև տարեվերջ իրականացնել, դա ցավոք, միայն մեզնից չի կախված: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Նա նշեց, որ իրավիճակը փակուղային չեն համարում։ Հայաստանը հանդիպման մասին իր պայմանավորվածությունից հետ չի կանգնել։ «Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է, նախնական պայմանավորվածության համաձայն, հանդիպումների ներկայանալ։ Սա այդ տեսանկյունից նորություն չէ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում գործընթացը փակուղային»,-ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է աշխատեն, որ հանդիպում դեկտեմբերին կայանա։ Դիտարկմանը, որ Ադրբեջանն արդեն հայտարարում է, որ իրենց 8 գյուղեր գտնվում են հայկական օկուպացիայի տակ, արդյոք սահմանազատման ուղղությամբ գործընթաց ընթանում է, Աղաջանյանը պատասխանեց. «Դրանք նոր հայտարարություններ չեն, գործընթաց տեղի է ունենում, բայց գործընթացներին պետք է մոտենանք ընդհանուր ժամանակի կոնտեքստում: Դա չպետք է ընկալել ամենօրյա հանդիպումների տեսքով: Գործընթացներն, այո, ենթադրում են հանդիպումներ երկկողմանի, եռակողմ և այլ, բայց դրանց արանքում ոչ հրապարակային գործընթացներ և խոսակցություններ ևս տեղի են ունենում»: Խոսելով սահմանին տիրող լարվածության մասին հարցին, Աղաջանյանը նշեց․«Սահմանին իրավիճակը լարված է եղել այս ամբողջ ժամանակահատվածում: Դրան զուգահեռ, բնականաբար, քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում»:  «Մենք պետք է առաջնորդվենք մեր կողմից առաջ քաշված օրակարգով և ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը դառնա այդ օրակարգի կրող և այդ օրակարգի մաս: Արդյոք մեզ մինչ այս պահը 100 տոկոսով հաջողվել է դա իրականացնել, ցավոք ոչ, ինչը չի նշանակում, որ որ մենք պետք է հրաժարվենք մեր ընդունած օրակարգից»:
19:00 - 30 նոյեմբերի, 2022
ՔՊ-ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին

 |armenpress.am|

ՔՊ-ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ կկատարի և վաղը օրվա ընթացքում մեր գործընկերների հետ աշխատանքային քննարկում կունենա։ Նիստի օրակարգում ընդգրկված հայտարարության նախագծի մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Արտահերթ նիստը ամեն դեպքում կկայանա, իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին»,- ասաց Աղաջանյանը։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն 2022թ․ նոյեմբերի 8-ին, որը իրենք համարում են Հաղթանակի օր, հայտարարություն է ընդունել, որում առկա է հայատյաց հռետորաբանությամբ։ Մասնավորապես, հայտարարության մեջ Հայաստանին մեղադրում են «վերջին 30 տարում միջազգային կոնվենցիաներ խախտելու, ռազմական հանցագործություններ կատարելու, ցեղասպանության, պետական ահաբեկչության, թալանի, վանդալիզմի, իսկ պատերազմից հետո «ականային տեռորի» մեջ»։      
16:52 - 30 նոյեմբերի, 2022
Կնախընտրեի օգտագործել այս հարթակն Ադրբեջանի պատվիրակության հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու համար. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Կնախընտրեի օգտագործել այս հարթակն Ադրբեջանի պատվիրակության հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու համար. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել աշնանային նստաշրջանում: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ելույթը ներկայացնում են ստորև․ «Հարգելի՛ գործընկերներ, Մտադրություն չունենալով խաթարելու այն ծանր հետեւանքները, որոնք ուկրաինական պատերազմն ունեցավ ԵԱՀԿ տարածաշրջանի վրա՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս կազմակերպության մեկ այլ ոլորտի վրա: 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք սողացող ներխուժման գործընթաց: Այդ պահից ի վեր Ադրբեջանի կողմից եղել է երեք խոշոր ռազմական հարձակում (վերջինը` այս տարվա սեպտեմբերի կեսերին), որոնց արդյունքում նրանց զորքերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 180 քառ. կմ տարածք: Փաստ, որը տարօրինակ կերպով խոստովանել է անձամբ Ադրբեջանի նախագահը, ով բառացիորեն ասել է հետեւյալը. «Այժմ հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում օկուպացիա եւ կորուստ»: Միջազգային հանրությունը նույնպես մեծապես հաստատակամ եւ միասնական է եղել իր գնահատականում՝ վերահաստատելով, որ ադրբեջանական զորքերը իսկապես ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ պետք է տեղափոխվեն իրենց՝ մինչեւ մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը: Այսպիսով, որո՞նք են Ադրբեջանի հիմնավորումները նման բացահայտ գործողությունների համար: 1. Այս գործողությունները Հայաստանի մտացածին ռազմական սադրանքների արդյունք էին: 2. Քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատված սահման չկա (գործնականում ենթադրում է, որ երկրների միջեւ գոյություն չունի սահման), ուրեմն որեւէ մեկին ներխուժման մեջ մեղադրելու հիմք չկա: Բացի այն, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, եւ ժողովրդավարական երկրները հակված չեն հարձակվելու իրենց հարեւանների վրա, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս անհիմն մեղադրանքների զուտ գործնական կողմի վրա: 2010 թ. մինչեւ 2021 թ. ներառյալ՝ Ադրբեջանի միջին ռազմական բյուջեն վեց անգամ գերազանցել է Հայաստանինը: Այսպիսով, այն, ինչին հավատալ ձեզնից ակնկալում են Ադրբեջանի մեր գործընկերները, այն է, որ իրենցից առնվազն 6 անգամ փոքր բանակը շարունակաբար ներգրավված է ռազմական սադրանքների մեջ: Սա վիրավորական է տրամաբանության եւ բանականության համար: Սահմանազատված սահմանի բացակայության փաստարկն էլ ավելի անհեթեթ է եւ, ընդհանուր առմամբ, շատ վտանգավոր տեսանկյուն: Որովհետեւ, եթե երկու երկրների միջեւ սահման չկա, տարածքային ամբողջականության սկզբունքը, որը եղել է ադրբեջանական դիվանագիտության հիմնաքարը ԼՂ հակամարտության համատեքստում, լիովին անիմաստ է դառնում, քանի որ, եթե չկա սահման, ապա չկա ճանաչված տարածք: Եթե տարածք չկա, ապա ինչի՞ ամբողջականության մասին էիք խոսում վերջին 30 տարիների ընթացքում: Հարգելի՛ գործընկերներ, ես կնախընտրեի օգտագործել այս հարթակն Ադրբեջանի պատվիրակության հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու համար, բայց, ցավոք, նրանք դեռ անկեղծորեն չեն կիսում մեր խաղաղության օրակարգը: Ուստի մենք կհամոզվենք, որ ԵԱՀԿ-ի մեր միջազգային գործընկերները պատշաճ կերպով տեղեկացված լինեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ ակնկալելով համարժեք արձագանք Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ագրեսիվ գործողություններին: Շնորհակալություն ուշադրության համար»,- ելույթը եզրափակել է Էդուարդ Աղաջանյանը:
13:36 - 26 նոյեմբերի, 2022
Էդուարդ Աղաջանյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին |1lurer.am|

Էդուարդ Աղաջանյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին |1lurer.am|

1lurer.am: ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին, գործընկերների ուշադրությունն է հրավիրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա: Նա հայտնել է, որ 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանը սկսել է ՀՀ ինքնիշխան տարածք սողացող ներխուժման գործընթաց: Այդ պահից ի վեր Ադրբեջանի կողմից եղել է երեք խոշոր ռազմական հարձակում, վերջինը՝ այս տարվա սեպտեմբերի կեսերին: Աղաջանյանը շեշտել է՝ միջազգային հանրությունը ևս միասնական է գնահատականում, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք: Նա, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքներին՝ ռազմական սադրանքներ իրականացնելու վերաբերյալ, նկատել է՝ պնդումը, թե իրենցից վեց անգամ փոքր բանակը ներգրավված է ռազմական սադրանքների մեջ, վիրավորական է տրամաբանության և բանականության համար:  Սահմանազատված սահմանի բացակայության փաստարկն, ըստ Աղաջանյանի, էլ ավելի անհեթեթ է, որովհետև եթե երկու երկրների միջև չկա սահման, տարածքային ամբողջականության սկզբունքը, որը եղել է ադրբեջանական դիվանագիտության հիմնաքարը ԼՂ հակամարտության համատեքստում, լիովին անիմաստ է դառնում: «Եթե չկա սահման, ապա չկա ճանաչված տարածք: Եթե տարածք չկա, ապա ինչի ամբողջականության մասին էիք խոսում վերջին 30 տարիների ընթացքում»,- նշել է նա: Աղաջանյանը հայտնել է, թե կցանկանար ԵԱՀԿ հարթակն օգտագործել Ադրբեջանի պատվիրակության հետ կառուցողական երկխոսության համար, բայց վերջիններս չեն կիսում հայկական կողմի խաղաղության օրակարգը, ուստի ցանկացել է, որ ԵԱՀԿ գործընկերները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին պատշաճ կերպով տեղեկացված լինեին:
22:22 - 25 նոյեմբերի, 2022