Երեւան

ՀՀ մայրաքաղաքն է ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Տարածքը 227 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից 1000մ։ 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երեւանն ստացել է մարզի (Երեւանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան եւ օրհներգ: Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին եւ քաղաքապետը: Գործող քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ ընտրված «Իմ քայլը» դաշինքից։ Ավագանիում ներկայացված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունները։

150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներդրման դեպքում

150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներդրման դեպքում

Երեւանում հանրային տրանսպորտի տոմսային համակարգի փոփոխության դեմ վերջին շաբաթների բողոքի ակցիաների արդյունքում Երեւանի քաղաքապետարանը ներդրեց ուղեւորատոմսի նոր տեսակ՝ մեկ ուղեւորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս ֆոնին, սակայն, քննարկումների դաշտից դուրս մնաց այն հարցը, թե ինչպիսի փոփոխության է ենթարկվելու երթուղային ամբողջ ցանցը, եւ դա ինչ ազդեցություն է ունենալու երթեւեկության գնի վրա։  Այս տարվա հունվարի 28-ին, երբ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց մեկ ուղեւորության համար 150 դրամ արժողությամբ նոր ուղեւորատոմսի ներդրման մասին, նշեց, որ իրենց նպատակն է «ստեղծել տոմսային համակարգ, որը մի կողմից կլինի մատչելի եւ հարմարավետ բոլոր մարդկանց համար, բայց մյուս կողմից հնարավորություն կտա լուծելու կանգառներում երկար սպասելու խնդիրը, ավտոբուսների գերբեռնվածության խնդիրը [...] եւ այլն»։ Ի դեպ, Ավինյանը նաեւ ասաց, որ մեկ ուղեւորության համար 150 դրամ վճարը կգործի 2025 թվականին, իսկ հաջորդ տարիներին կարող է բարձրանալ տարեկան առավելագույնը 10 դրամով։  Չնայած այս պնդմանը, արդեն հունվարի 31-ին Երեւանի ավագանու կայացրած որոշման մեջ չկա այս ուղեւորատոմսի գինը տարեկան առավելագույնը 10 դրամով թանկացնելու հայտարարված սահմանափակման վերաբերյալ կետ։ Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխման թեման գալիս է 2010-ականներից։ Արդեն 2017 թվականին Երեւանի քաղաքապետարանի պատվերով բրիտանական WYG ընկերությունը իրականացրել է լրացուցիչ ուսումնասիրություն, իսկ 2018 թվականին ներկայացրել է «Նոր ավտոբուսային երթուղային ցանցը, ինտեգրված սակագնի եւ տոմսային համակարգը» վերջնական ծրագիրը, որը բաղկացած է երկու հիմնական մասից՝ տրանսպորտային նոր ցանցի նախագծում եւ ինտեգրված սակագնի եւ տոմսային նոր համակարգի մշակում։ Տրանսպորտային համակարգի բարելավման համատեքստում քաղաքային իշխանությունները հիմնվում են հենց այս նախագծի վրա [ 1, 2, 3]։ Միասնական տոմսային համակարգի ներդրման եւ սակագների վերջին փոփոխությունների համատեքստում «Ինֆոքոմը» Երեւանի քաղաքապետարանից գրավոր հարցմամբ խնդրել է տրամադրել 2026 եւ 2027 թվականների համար նախատեսված երթուղիների մասին մանրամասն տվյալներ՝ հասկանալու, թե ինչ տեսք է ունենալու Երեւանի երթուղային ցանցն ապագայում։ Ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ «նոր շարժակազմերի ձեռքբերման պարագայում նախատեսվում է անցում կատարել նոր՝ բրիտանական խորհրդատվական WYG կազմակերպության կողմից մշակված երթուղային ցանցին»։ Քաղաքապետարանից, սակայն չեն նշել վերջնաժամկետ, թե երբ է ներդրվելու տրանսպորտային նոր ցանցը։ Ինչ է ենթադրում նոր ցանցի ներդրումը Ներկայումս Երեւանում գործում են ավտոբուսային, միկրոավտոբուսային եւ տրոլեյբուսային երթուղիների լայն ցանցեր: Համակարգը կառուցված է այնպես, որ ուղեւորները հիմնականում կարողանում են հասնել իրենց անհրաժեշտ վայրերը մեկ փոխադրամիջոցով՝ առանց տեղփոխերի: Տրոլեյբուսային երթուղիները հիմնականում սպասարկում են քաղաքի կենտրոնական եւ որոշ ծայրամասային հատվածներ, ավտոբուսային եւ միկրոավտոբուսային ցանցը ներառում է ավելի մեծ ծածկույթ՝ ընդգրկելով ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդային երթուղիներ: Գործող տրանսպորտային համակարգում շահագործվում է ավտոբուսային 64 երթուղի, միկրոավտոբուսային 11 երթուղի եւ տրոլեյբուսային 5 երթուղի, իսկ մետրոպոլիտենն ունի 10 կայարան։ Նոր երթուղային ցանցով արդեն նախատեսվում է փոխել երթուղիների կառուցվածքը՝ կրճատելով դրանց քանակը եւ կենտրոնացնելով դրանք հիմնական տրանսպորտային հանգույցների շուրջ: Սա նշանակում է, որ ուղեւորները ստիպված կլինեն ավելի հաճախ տեղափոխվել մեկ երթուղուց մյուսը՝ ավելի հեռու նպատակակետի հասնելու համար։ Այսինքն՝ եթե նոր ցանցի պայմաններում մեկ ուղեւորություն կատարելու համար հարկավոր լինի երկու եւ ավելի փոխադրամիջոց նստել, ապա ուղեւորությունը, որը տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից չօգտվելու դեպքում հիմա արժե 150 դրամ, կարժենա 300 դրամ:  Նոր համակարգը հիմնված է լինելու տեղփոխի սկզբունքի վրա Առաջարկվող նոր միասնական ցանցը հիմնված է լինելու տեղփոխի եւ միասնական տոմասային համակարգի սկզբունքների վրա, ուստի ցանցի ներսում շատ ուղղություններ կպահանջեն տրանսպորտային միջոցի փոփոխություն: WYG-ի ներկայացրած առաջարկում նշված է, որ դրա համար հարկավոր է ապահովել տեղփոխի հարմար վայրեր/հանգույցներ։ Այդ կետերը սպասարկվելու են հիմնական ցանցի կողմից (ավտոբուս, տրոլեյբուս եւ/կամ մետրո), որը բաղկացած է լինելու գործող տրոլեյբուսային ցանցից, մետրոպոլիտենից եւ մի շարք երկար, հիմնականում քաղաքի կենտրոնով անցնող երթուղիներից: Սնուցող ավտոբուսային ցանցն էլ սպասարկելու է տեղփոխի հիմնական կետերը եւ տեղական ուղղությունների միջեւ ընկած հատվածները: WYG-ի հետազոտության մեջ նշված է նաեւ, թե նոր ցանցի ներդրման դեպքում քանի տոկոս է կազմելու տեղփոխների անհրաժեշտությունը։  Ըստ պատկերի՝ նոր ցանցի դեպքում ուղեւորների 44%-ը երթեւեկելու է առանց տեղփոխի, 36%-ը՝ առավելագույնը մեկ տեղփոխով, 16%-ը՝ մինչեւ երկու տեղփոխով, 4%-ը՝ երեք տեղփոխով: Համեմատության համար՝ գործող ցանցը ներառում է 94% ուղիղ եւ 6% մեկ տեղփոխով երթեր: Նոր ցանցի ներդրման համար նախանշվել են հիմնական տրանսպորտային 6 հանգույցներ, որոնք պետք է ապահովեն անարգել եւ դյուրին անցում տրանսպորտային ծառայությունների եւ տրանսպորտի տեսակների միջեւ։ Տեղփոխի հանգուցային կետերն են՝ Աջափնյակ վարչական շրջան (Չաուշի հրապարակ), Բարեկամություն մետրոյի կայարան, Սասունցի Դավիթ հրապարակ, Գարեգին Նժդեհի հրապարակ, Սեբաստիայի փողոց / Րաֆֆու փողոց,  Նոր Նորք վարչական շրջան։ Դեղին կետերով նշված են տեղփոխի հանգույցները Այս կետերն ընտրվել են մի շարք գործոնների հիման վրա, մասնավորապես հաշվի են առնվել մետրոպոլիտենի եւ տրոլեյբուսային ցանցերի հետ ինտերգրացիան, խիստ բնակեցված շրջանների կենտրոնական հատվածները, առանցքային ուղղությունները եւ կամ կապը մետրոպոլիտենի/տրոլեյբուսային ցանցի հետ եւ այլն։ Իսկ երթուղային ցանցը, ըստ առաջարկի, բաղկացած է լինելու 47 երթուղիներից`  - 11 հիմնական երթուղիներ, - 30 սնուցող երթուղիներ, - 5 տրոլեյբուսային երթուղիներ,  - 1 օդանավակայանի փոխադրման ծառայություն։ Նոր տրանսպորտային ցանցի կանգառների համակարգը, ըստ նախագծի, ներառում է մոտավորապես 1200 ավտոբուսի կանգառներ եւ վերջնակետեր: Կանգառների տեղերը հիմնականում նախագծված են այնպես, որ հնարավորինս շատ մարդիկ գտնվեն կանգառից մինչեւ 400մ հեռավորության տիրույթում, որը համարժեք է 5 րոպե քայլելուն:  Հիմնվելով նախագծում ներկայացված տվյալների վրա (երթուղու սկզբնակետ, ընթացք, վերջնակետ)՝ «Ինֆոքոմը» մոդելավորել է քարտեզ, որի վրա առանձին-առանձին պատկերված են առաջարկվող երթուղիները՝ ինչպես հիմնական, այնպես էլ սնուցող, ինչպես նաեւ էլեկտրատրանսպորտային (տրոլեյբուս, մետրո)։ Եթե այս քարտեզի վրա որպես սկզբնակետ եւ վերջնակետ նշեք այն երկու հիմնական կետերը, որոնց միջեւ հիմնականում տեղափոխվում եք քաղաքային տրանսպորտով, կտեսնեք՝ այս երկու կետերի միջեւ տեղաշարժվելու համար անհրաժեշտ լինելո՞ւ է տեղփոխ կատարել, թե՞ առկա է նպատակակետ հասնող մեկ երթուղի։ Այլ կերպ ասած՝ կարող եք հասկանալ՝ նոր տրանսպորտային ցանցի վերջնական ներդրումից հետո կկարողանա՞ք տեղափոխվել 150-դրամանոց «Մեկ ուղեւորություն» տեսակի 1 տոմսով, թե մեկ երթի համար պետք է ձեռք բերեք մի քանի այդպիսի տոմս կա՛մ 300-դրամանոց փաթեթ, որը թույլատրում է 3 ուղեւորություն 180 րոպեում, կա՛մ էլ օգտվեք առաջարկվող տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից։ Նշենք, որ մեր մոդելավորած քարտեզում կարող են լինել որոշակի շեղումներ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ WYG-ի ներկայացրած նախագծում ընդգրկված փողոցներ ժամանակի ընթացքում անվանափոխվել են կամ որոշ փողոցներում փոխվել է երթեւեկության կազմակերպումը, երթուղիների սկզբնակետերը եւ վերջնակետերը երբեմն նկարագրված են խիստ մոտավոր, առանց կոորդինատների եւ այլն։ Այս շեղումները չէին լինի, եթե քաղաքապետարանը ունենար եւ տրամադրեր երթուղիների թվային քարտեզագրական շերտերը:  Տրանսպորտային ցանցի փոփոխության եւ տեղփոխով երթեւեկելու մասին խոսել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում, օրինակ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։  Տեղփոխով երթեւեկելու ձեւի մասին խոսելիս նրանք հիմնականում հիշատակել են ուղեւորատոմսերի փաթեթների մասին՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս մեկ վճարումով, բայց մեկից ավելի տրանսպորտով ավելի արագ հասնել նախանշված կետ՝ առանց կանգառներում երկար սպասելու։  Այսպիսով, մեկ երթեւեկության համար նոր՝ 150-դրամանոց տոմսի ներդրումից հետո թեպետ տպավորություն է, որ այս՝ «Մեկ ուղեւորություն» տեսակի տոմսը մինչ փոփոխությունները գործած տոմսից թանկ է ընդամենը 50 դրամով եւ յուրաքանչյուր տարի թանկանալու է միայն 10 դրամով, այդուհանդերձ հաշվի չի առնվում եւ հանրությանն էլ ամբողջապես չի պարզաբանվում այն հանգամանքը, որ նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրման եւ, հետեւաբար, տրանսպորտային ցանցի հիմնային փոփոխության պարագայում ուղեւորները մի կետից մյուսը գնալու համար ավելի հաճախ են տեղփոխ անելու կարիք ունենալու։ Արդյունքում Ա կետից Բ կետ տեղափոխվելը, եթե այդ կետերը հիմնական երթուղիների շրջակայքում կամ հարեւան թաղամասերում չեն, տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից չօգտվողների համար հիմնականում արժենալու է 300 դրամ։  Տրանսպորտի ուղեվարձի գործող սակագները եւ փաթեթները Երեւանի ավագանին, ինչպես վերը նշեցինք, հունվարի 31-ի որոշմամբ մեկ ուղեւորության արժեք է սահմանել 150 դրամ։ Այս սակագինը պահպանվելու է 2025 թվականի ընթացքում՝ հետագայում յուրաքանչյուր տարի 10 դրամով բարձրանալու հավանականությամբ։ Այս «Մեկ ուղեւորություն» տոմսը վավեր են 3 օրվա ընթացքում։  Գործում են նաեւ ուղեւորավարձերի այլ փաթեթներ։ WYG խորհրդատվական ընկերության նախագծած Երեւանի տրանսպորտային ցանցի բարեփոխումների նախագիծը մեկնարկել է դեռեւս Տարոն Մարգարյանի օրոք, անցել Հայկ Մարությանի ձեռքի տակով եւ հասել Տիգրան Ավինյանին։  Հարկատուների հաշվին մի քանի հարյուր միլիոն դրամ արժեցած այս հետազոտությունն ու նախագիծը Երեւանի քաղաքապետարանում պահվում է միայն PDF տարբերակով՝ որպես կատարված աշխատանքի հաշվետվություն, սակայն բացակայում են այդ աշխատանքի քարտեզագրական տվյալների, թվային մոդելների վերաբերյալ էլեկտրոնային ֆայլերը, որոնք, ինչպես երեւում է հաշվետվության 3-րդ գլխից, բրիտանական ընկերությունն ունեցել է ամենայն մանրամասնությամբ։  Տեքստային բովանդակության համար PDF-ը հարմար ձեւաչափ է, սակայն հետազոտությունը ներառում է բարեփոխումների ամբողջական փաթեթը՝ այդ թվում նոր երթուղիների քարտեզագրական թվային շերտերը, երթուղային ցանցի մոդելները եւ այլն։ Չունենալով այդ պարտադիր տվյալները՝ քաղաքապետարանը զրկված է քաղաքում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունների դեպքում երթուղիների փոփոխությունները վերլուծելու, զարգացման նոր պլաններ կազմելու հնարավորությունից: Ստացվում է՝ Երեւանի քաղաքապետարանը բրիտանական ընկերությանը պատվիրել է կազմել տրանսպորտային նոր համակարգի քարտեզը, վճարել է դրա համար, բայց չի վերցրել՝ բավարարվելով միայն դրա սքրինշոթերով։ Պատկերավոր ասված՝ քաղաքապետարանը, ենթադրենք, պատվիրել է շենքի նախագիծ, վերցրել դրա ավարտուն տեսքի եռաչափ նկարները, բայց չի վերցրել չափերին, կոնստրուկցիային ու շինարարական կարեւոր գործողություններին առնչվող տվյալներ, առանց որոնց հնարավոր չէ կազմակերպել շենքի կառուցումն ու շահագործումը: Հարգելի ընթերցողներ, եթե ցանկանում եք առաջիկայում տեսնել նման հետազոտություններ և ինտերակտիվ գործիքներ, ապա բաժանորդագրվեք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom։   Հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան Ինտերակտիվ քարտեզը՝ Կատյա Մամյանի, Հայարփի Բաղդասարյանի Գլխավոր նկարը եւ վիզուալները՝ Լյուսի Մանվելյանի
20:44 - 18 փետրվարի, 2025
Գանձում նախորդ ուղեւորության համար եւ ընթացիկ վճարման մերժում․ վալիդատորներն աշխատում են օֆլայն

Գանձում նախորդ ուղեւորության համար եւ ընթացիկ վճարման մերժում․ վալիդատորներն աշխատում են օֆլայն

Այսօր առավոտյան Կարինե Շ․-ն իրեն սպասարկող բանկի օնլայն դրամապանակում տեսել է ծանուցում այն մասին, որ Telcell-ը փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը որպես տրանսպորտի վճար գանձել է 150 դրամ։ Սա այն պարագայում, երբ նա վերջին անգամ հանրային տրանսպորտից օգտվել է հունվարի վերջին, երբ մեկ ուղեւորության արժեքը եղել է 100 դրամ։ «Սկզբում մտածեցի՝ քարտս եմ կորցրել, որովհետեւ այն Telcell-ի օնլայն դրամապանակին կցված չէ, ուրեմն հավանաբար ֆիզիկական վճարում է եղել։ Բայց երբ ստուգեցի, որ քարտս ինձ մոտ է, սպասարկող բանկից փորձեցի ճշտել՝ գուցե տեխնիկական խնդիր է։ Բանկից առաջարկեցին դիմել Telcell-ին, մեկ անգամ փորձեցի զանգով ճշտել, սակայն զանգս անպատասխան մնաց»,-  «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց քաղաքացին։ Քաղաքապետարանի որոշմամբ փետրվարի 1-ից է մեկ ուղեւորության արժեքը սահմանվել 150 դրամ՝ 100-ի փոխարեն։  Բացի Կարինեից՝ մի շարք այլ քաղաքացիներ էլ են նկատել, որ փետրվարի 1-ին 100 դրամի փոխարեն Telcell-ը 150 դրամ է գանձել իրենց՝ նախորդ օրերին մերժված վճարումների դիմաց։ Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումների ֆոնին քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել նաեւ միասնական տոմսային համակարգի այս եւ այլ խնդիրների մասին։  Ըստ Telcell-ի՝ միշտ չէ, որ ուղեւորավարձը գանձվում է հենց այն պահին, երբ տրանսպորտի մեջ եք Telcell-ի փոխտնօրեն Լիանա Հունանյանի մեկնաբանմամբ՝ վալիդատորներն աշխատում են օֆլայն՝ տարբերվելով, օրինակ, խանութներում կիրառվող պոստերմինալներից, որոնք աշխատում են օնլայն․ «Վալիդատորներն աշխատում են օֆլայն, այսինքն՝ ինտերնետին կպած չեն։ Այն պահին, երբ ուղեւորն առաջին անգամ իր քարտը մոտեցնում է վալիդատորին, սարքն անգամ չգիտի՝ այդ քարտի մեջ գումար կա, թե ոչ կամ ինչ կարգավիճակում է քարտը։ Դրա համար առաջին անգամ ասում է՝ վճարումը կատարված է՝ ընկերության վրա թողնելով ռիսկը»։ Մանրամասնելով, թե ինչպես է աշխատում օֆլայն համակարգը՝ Հունանյանն ասաց, որ քարտով վճարման գործողությունից հետո վալիդատորը կապի է մտնում սերվերի հետ, փոխանցում է վճարման մասին իֆորմացիան, սերվերը փորձում է ուղեւորի քարտից գանձել գումարը, իսկ այդ գործընթացը կարող է տեւել 10 վայրկյանից մինչեւ 10 րոպե եւ ավելի երկար։ Ըստ մեր զրուցակցի՝ եթե համակարգին չի հաջողվում գումարը գանձել այդ պահին, նույն փորձը անում է 1 ժամից, 1 օրից, 1 շաբաթից, 1 ամսից, 2 ամսից․ «Հիմա մարդիկ ասում են՝ ես քնած էի, իսկ իմ քարտից գումար է գանձվել։ Այդ գումարը ոչ թե հավելյալ է, այլ այն վճարն է, որը համակարգը չի կարողացել գանձել հենց այդ պահին եւ գանձել է հետո։ Ինչու գիշերը, որովհետեւ այդ ժամանակ համակարգը պակաս ծանրաբեռնված է»,- մանրամասնեց Հունանյանը։ Ըստ Telcell-ի փոխտնօրենի մեկնաբանության՝ սարքն ուղեւորավարձի վճարը մերժում է մի քանի դեպքում․ երբ վալիդատորն անսարք է, երբ քարտի վրա գումար չկա, երբ քարտի վրա գումար կա, բայց գերազանցվել է քարտով գործարքների սահմանաչափը կամ երբ քարտի վրա գումար կա, բայց գերազանցվել է գործարքի գումարի սահմանաչափը․  «Եթե դուք բանկային քարտ ունեք եւ բանկի օնլայն դրամապանակ, մտնեք ձեր քարտի սահմանաչափերը նայեք, այնտեղ կա սահմանաչափ մեկ օրվա գործարքի մասով, գործարքների քանակի մասով։ Օրինակ՝ երբ օնլայն խանութից գնում ենք կատարում, մեզ թվում է 1 անգամ վճարեցինք մի քանի ապրանքի համար, բայց իրականում ամեն ապրանքի համար գումարը գանձվում է առանձին, ստացվում է մի քանի գործարք, ու կարող է այդ օրվա գործարքների սահմանաչափն անցնեք։ Ինչ է անում սերվերը․ ստուգում է՝ մնացորդ կա՞, սահմանաչափը չի՞ գերազանցվել, եթե ամեն ինչ կարգին է, վճարումը չի մերժում»,- ասաց Հունանյանը՝ դարձյալ շեշտելով, որ մերժված գործարքների պարագայում համակարգն ավելի ուշ նորից փորձում է գանձել գումարը։  Նշենք, որ Հունանյանը որպես օնլայն խանութ օրինակ է բերում «Վայլդբերիսը», որտեղից, սակայն, միանգամից մի քանի ապրանք գնելու պարագայում քարտից գումարը գանձվում է մեկ անգամով։ Ինչ վերաբերում է սահմանաչափերին՝ «Ինֆոքոմը» Հայաստանում գործող երկու բանկից ճշտել է, որ հաճախորդները անկանխիկ գնումների քանակի կամ անկանխիկ գործարքի գումարի սահմանափակում չունեն։ Եթե այսօր ես նստել եմ X համարի ավտոբուս, վալիդատորը հաստատել է իմ վճարումը, սակայն համակարգն այդ պահին չի կարողացել գանձել գումարը, տարբեր պահերի փորձելու է այդ գործողությունը անել։ Հետո ես նստել եմ Y ավտոբուս, վալիդատորը մերժել է վճարումը, սակայն ավելի ուշ ես տեսել եմ, որ ինձնից գանձվել է մեկ ուղեւորության արժեք։ Դա, փաստորեն, ըստ Լիանա Հունանյանի, ոչ թե հենց այնպես գանձնված գումար է, այլ այն մեկը, որը հաստատվել էր, սակայն չէր գանձվել։ Միաժամանակ, ստացվում է, որ երբ Y ավտոբուսում վալիդատորը մերժում է, որպեսզի գնա ու գանձի այն X ավտոբուսով երթեւեկելու վճարը եւ ես այս Y-ում մերժվելուց հետո այլ եղանակով չեմ վճարում, եւ չեմ էլ իջնում ավտոբուսից, երթեւեկում եմ առանց վճարելու։ Հետագայում, երբ համակարգը այն 1 չգանձածը գանձում է, քարտը նորից ակտիվանում է ու վալիդատորները շարունակում են ընդունել այդ քարտով ֆիզիկական վճարումները։ Telcell-ն ընդունում է, որ 100-ի փոխարեն 150 դրամ գանձելն իրենց բացթողումն է «Երբ փետրվարի 1-ին անցում է կատարվել 100 դրամից 150-ի, մեր համակարգի ֆունկցիոնալը սխալ է դրված եղել, ու հին պարտքերը գանձվել են 150 դրամով։ Մենք բողոքներ ենք ստացել եւ միանգամից այդ սխալն ուղղել ենք։ Մենք ընդունում ենք, որ դա մեր բացթողումն է եղել»,- ասաց Telcell-ի փոխտնօրենը։ Հունանյանի խոսքով՝ կոնկրետ Կարինեի դեպքում խնդիրը պայմանավորված է երթուղիներից մեկում տեղադրված վալիդատորի անսարքությամբ։ Նա մանրամասնեց, որ հունվարի 7-ին 55 համարի երթուղում տեղադրված վալիդատորը սարքին չի եղել ու չի կարողացել գանձել ուղեւորների վճարումները, այդ թվում Կարինեի քարտից։ Հետո, երբ վալիդատորի աշխատանքը վերականգնվել է, այն սկսել է չկատարած բոլոր գործարքների գումարները գանձել։ Այնպես է ստացվել, որ հունվարի 7-ին կատարած ուղեւորության գումարի գանձումը համընկել է այդ խափանման հետ, ու քաղաքացուց գանձվել է 150 դրամ։ Telcell-ը վերցրել է քաղաքացու տվյալները՝ խոստանալով վերադարձնել հավելյալ գանձած գումարը։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք քարտով ֆիզիկական վճարումների դեպքում Telcell-ը հասանելիություն ունենո՞ւմ է քաղաքացու տվյալներին, Հունանյանը վստահեցրեց, որ ընկերությունը տեսնում է միայն բանկային քարտի թվերի կեսը եւ այն տվյալները, թե երբ եւ որ ավտոբուսում տեղադրված վալիդատորով է եղել վճարումը։ Քաղաքացին պնդում է՝ վալիդատորը 5 անգամ մերժել է քարտով վճարումը, բայց 5 անգամ էլ գանձում է արել «Ինֆոքոմի» հետ զրույցում քաղաքացի Նաիրա Գրիգորյանն ասաց, որ որոշ ժամանակ առաջ 26 համարի ավտոբուսում առավոտյան փորձել է բանկային քարտով վճարել ուղեվարձը, սակայն 5 փորձից 5-ն էլ մերժվել են։ Ավելի ուշ նա ստուգել է իր հաշիվը եւ նկատել, որ 500 դրամ պակաս է իր ունեցած գումարից․ «Ավտոբուսի մեջ կասկածեցի՝ կարո՞ղ է գումար չկա քարտիս, բայց իջա, բանկոմատով ստուգեցի, գումարը պակասել էր։ Երբ փորձում ես բանկային քարտով վճարել, այդ պահին վալիդատորը մերժում է, բայց իրականում գումարը գանձում է»,- ասաց Գրիգորյանը։ Մեր զրուցակիցը չի դիմել իր բանկին, քանի որ բանկի օնլայն դրամապանակ ունի, Telcell-ին էլ չի դիմել, քանի որ իր գործընկերը դիմել է մի այլ խնդրով, սակայն լուծում չի ստացել։ Անդրադառնալով այս խնդրին՝ Telcell-ի փոխտնօրենն ասաց, որ գործնականում նման դեպքի մասին առաջին անգամ են լսում եւ առանց հավելյալ տվյալների չեն կարող մեկնաբանել, թե իրականում ինչն է եղել պատճառը։ Հունանյանն առաջարկեց, որ քաղաքացիները տոմսային համակարգին առնչվող ցանկացած խնդրի դեպքում դիմեն Telcell—ին, որպեսզի յուրաքանչյուր հարց առանձին դիտարկվի եւ լուծվի։ Հայարփի Բաղդասարյան
18:37 - 03 փետրվարի, 2025
Երեւանում ադրբեջանցու շրջելու մասին տեսանյութը հին է, եւ փաստ չէ, որ նկարողն ադրբեջանցի է

Երեւանում ադրբեջանցու շրջելու մասին տեսանյութը հին է, եւ փաստ չէ, որ նկարողն ադրբեջանցի է

Այսօր համացանցում տարածվող այն տեսանյութը, որտեղ իբրեւ ադրբեջանցի Թելման Քասիմովը շրջում է Երեւանի Կոմիտաս 5Ա հասցեում գտնվող բնակելի շենքի բակում, հին է։  Ադրբեջանական Մինվալին տված հարցազրույցում Թելման Քասիմովը ասում է, թե ինքը ծնվել եւ 17 տարի ապրել է նշված հասցեում, իսկ այդ հասցեից Ադրբեջան տեղափոխվելուց 35 տարի անց կրկին այցելել է այնտեղ եւ նկարահանել բակն ու բնակարանը։ Քասիմովի ծննդյան տարին ֆեյսբուքյան էջում նշված է 1971 թվական։ Ըստ իր հարցազրույցի՝ գնացել է այդ հասցեից 1988-ին, իսկ վերադարձել է բակը նկարելու 35 տարի անց, այսինքն՝ այս տարի։  «Ինֆոքոմն» այցելել է Երեւանի Կոմիտասի 5Ա հասցե եւ այսօրվա դրությամբ համեմատել տեղանքը տեսանյութի կադրերի հետ։ Հրապարակում ենք լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ տեսանյութում առկա կադրերը չեն համապատասխանում բակի ու շենքի ներկայիս տեսքին։  Ինչպես երեւում է կադրերից՝ փոխվել է այդ շենքի մուտքի դուռը, երկրորդ հարկի պատշգամբը կառուցապատվել է, հանվել է տեսանյութում երեւացող ցայտաղբյուրը, ներկվել են ավտոտնակների դարպասները։ Շենքի բնակիչների պնդմամբ՝ տեսանյութում երեւացող ցայտաղբյուրը հանվել է այս տարվա ամռանը՝ օգոստոս ամսին։ Շենքի բնակիչները նշում են, որ մուտքի դուռը փոխվել է եւ պատշգամբը վերանորոգվել է 2 տարի առաջ: Սա նշանակում է, որ այս տեսանյութը նկարահանվել է առնվազն 2 տարի առաջ: Մինչդեռ Թելման Քասիմովը իր հարցազրույցում տպավորություն է ստեղծում, թե տեսանյութը նկարահանվել է արցախցիների բռնի տեղահանումից՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հետո։ Նա, մասնավորապես, նշում է. «Պատկերացրեք, որ մինչեւ այժմ Ղարաբաղից ոչ բոլոր տեղահանվածներն են տեղավորվել եւ ապահովվել բնակարաններով։ Նրանցից շատերը դեռ շարունակում են գիշերել մեքենաներում։ Այդ մարդիկ անգործ թափառում են փողոցներում։ Ես նրանց տեսա ամենուր։ Եւ քանի դեռ ես այնտեղ էի, երկու անգամ անջատեցին հոսանքը»։ Թելման Քասիմովը տեսնյութում չի երեւում։ Տեսանյութը մոնտաժված է, մասնավորապես հանված են այն հատվածները, որտեղ մեքենաների ապակիներին կարող էր նկարահանողի արտացոլանքը երեւալ։ Պնդումը, որ տեսանկարահանողը հենց Քասիմովն է, տեսանյութում չի ապացուցվում, քանի որ խոսողի ձայնը եւ պատկերը հեշտությամբ կարելի էր մոնտաժել եւ համադրել։  Արդյո՞ք Կոմիտասի 5Ա շենքում ադրբեջանցի ապրել է Շենքի բնակիչները հիշում են, որ Թելման անունով ադրբեջանցի մինչեւ 1990-ականներն ապրել է իրենց շենքում եւ նշված բնակարանում։ Նրա մոր անունը Զեմֆիռա է եղել, նրան կոչել են Զեմֆիռ խալա (մորաքույր)։  Շենքի հինգերորդ հարկում, որտեղ, ըստ ադրբեջանցու, նախկինում իր տունն է եղել, երեք բնակարան կա։ Տեսանյութում խոսող անձը հնչեցնում է անուններ՝ ասելով, որ նրանք իր նախկին հարեւաններն են եղել։ Այդ անուններն են Լիդա, Ռոզա։ Տեսանյութում խոսողն ասում է, թե հարկի ձախ կողմի բնակարանը իրենն է եղել։ Այդ տանն այժմ ապրում է մի կին, որն «Ինֆոքոմի» հետ զրույցում պատմեց, որ վաղուցվանից է այդտեղ տեղափոխվել, իսկ հարեւաններից լսել է, որ 80-ականներին այդտեղ ադրբեջանցի է բնակվել, որը հետո վաճառել է իր տունը հայի։ Մեկ այլ հարեւանի խոսքով՝ այդ տանն ապրող ադրբեջանցին գնացել է 1988-89թթ․-ներին՝ տունը փոխանակելով մի հայի՝ Բաքվում ունեցած տան հետ։ Հիշեցնենք, որ Թելման Քասիմովը Լաչինի միջանցքը փակած «բնապահպանական ակցիայի» առաջնորդներից է։ Ըստ «Թաթոյան» հիմնադրամի հրապարակած տեղեկությունների՝ Քասիմովը հայատյաց զինվորական է, ռազմական հատուկ հետախուզական ծառայության սպա։ Վերջինս իր սոցիալական էջերում հրապարակում է նկարներ՝ ցուցադրելով իր կապը «Գորշ գայլեր» ահաբեկչական-ազգայնական խմբի հետ։ Քասիմովը նաեւ լուսանկար է հրապարակել հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովի հետ: Հայարփի Բաղդասարյան
20:33 - 05 դեկտեմբերի, 2023
Մոտ 12 000 ՌԴ քաղաքացի կարող է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

Մոտ 12 000 ՌԴ քաղաքացի կարող է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

Սեպտեմբերի 17-ին Երևանում կանցկացվեն ավագանու ընտրություններ։ Ի տարբերություն Ազգային ժողովի ընտրություններին ավագանու ընտրություններին մասնակցելու համար պարտադիր չէ լինել ՀՀ քաղաքացի։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում՝ մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք։  Սեպտեմբերի 7-ի դրությամբ ավագանու առաջիկա ընտրությունների ընտրողների թիվը 824 250 է, որոնցից 14 111-ը ՀՀ քաղաքացիներ չեն։ Ըստ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ Երևանում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց գերակշիռ մեծամասնությունը՝ 84%-ը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Շուրջ 3%-ը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, 2.3%-ը՝ Վրաստանի Հանրապետության, 2%-ը՝ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիներ։ Եւս 1176 ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են 76 երկրներ, որոնց աշխարհագրությունն ընդգրկում է ԱՄՆ-ից Արգենտինա, Ավստրալիայից Շվեյցարիա, Հնդկաստանից Իրաք և անգամ Սենթ Քիթս և Նևիս։   Լյուսի Մանվելյան
11:31 - 16 սեպտեմբերի, 2023
12  օր է՝ Հելեն Դադայանի աճյունը Գորիսում է. հարազատները սպասում են խաղաղապահների պատասխանին |news.am|

12 օր է՝ Հելեն Դադայանի աճյունը Գորիսում է. հարազատները սպասում են խաղաղապահների պատասխանին |news.am|

news.am: Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով  զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը արդեն 12 օր է, ինչ շարունակում է մնալ Գորիսում, ասել է Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը՝ նշելով, որ Արցախի կառավարությունը միջնորդագիր է ներկայացրել ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ աճյունը տեղափոխելու խնդրանքով, իրենք դեռ սպասում են պատասխանի:«Դեռ սպասում ենք խաղաղապահների որոշմանը, Կարմիր Խաչին էլ չի հաջողվում տեղափոխել, Ադրբեջանը չի թույլատրում: Ծնողները չեն ցանկանում իրենք գալ Հայաստան եւ այստեղ հուղարկավորեն, նրանք ցանկանում են Ճարտարում հուղարկավորել իրենց երեխային: Հույս ունեմ, որ մի արդյունքի կհասնենք, մի տարբերակ կգտնեն»,- ասել է նա։
12:32 - 26 օգոստոսի, 2023
Պարեկները կօգնեն վարորդներին՝ չափելու ապակիների լուսաթափանցելիության աստիճանը

Պարեկները կօգնեն վարորդներին՝ չափելու ապակիների լուսաթափանցելիության աստիճանը

Պարեկային ծառայության ստեղծման և կայացման ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ստորաբաժանման հիմնական նպատակներից է ոչ միայն վարչական իրավախախտումների հայտնաբերումն, այլ նաև իրավախախտումների դեմ պայքարում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն ու ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։   Հիմք ընդունելով այս սկզբունքը՝ պարեկայինծառայությունը մայրաքաղաքում և մարզերում կիրականացնի իրազեկման միջոցառումներ։ Վարորդները հնարավորություն կունենան պարեկային ծառայության կարգախմբերի օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։   Իրազեկման միջոցառումների ժամանակացույցը ստորև՝   Երևան Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջան, «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարևանությամբ, Մայիսի 22-ից 28-ը՝ ժամը 11.00-ից 16.00-ն, Կենտրոն վարչական շրջան, Շահումյանի հրապարակ, Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Արաբկիր վարչական շրջան, Կիևյան 2 Ա, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Աջափնյակ վարչական շրջան, Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Դավիթաշեն վարչական շրջան, Տ. Պետրոսյան փողոցից Եղվարդի խճուղի հատված, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Շենգավիթ վարչական շրջան, Շիրակի փողոց, Մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Էրեբունի վարչական շրջան, Էրեբունու թանգարանի հրապարակ, Մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ավան վարչական շրջան, Ավանի թաղապետարանի հարակից տարածք, Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք, Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոր Նորք վարչական շրջան, Նոր Նորքի թաղապետարանի հարակից տարածք։   Շիրակի մարզ Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Գյումրի, Կայարանամերձ հրապարակ, Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ախուրյան, համայնքապետարանի հարակից տարածք, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Արթիկ, Սասունցի Դավթի փողոց, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Անի համայնք, Հրանտ Շահինյան փող. 1   Լոռու մարզ Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Վանաձոր, Հայքի հրապարակ, Թումանյան շրջանաձև խաչմերուկ, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Սպիտակ, Ալեք Մանուկյան 5, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ստեփանավան, Մարշալ Բաղրամյան 19, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Տաշիր, Երևանյան 136, Մայիսի 27-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Ալավերդի, Թումանյան 3   Կոտայքի մարզ Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Աբովյան, Ռոսիայի փողոց, Սուրբ Հովհաննես եկեղոցու հարևանությամբ, Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց, ոստիկանության բաժանմունքի հարակից տարածք, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Եղվարդ, Երևանյան թաղամաս 1, համայնքապետարանի հարակից տարածք, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոր Հաճն, Չարենցի փողոց, ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Չարենցավան, Ստեփան Շահումյան փողոց, ոստիկանության բաժնի հարակից տարածք, Մայիսի 27-ի, ժամը 11.00-ից 16.00-ն, Հրազդան, Օգոստոսի 23-ի փողոց, համայնքապետարանի հարակից տարածք, Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ծաղկաձոր, Խաչատուր Կեչառեցու փողոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք   Գեղարքունիքի մարզ Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Սևան, Կենտրոնական հրապարակ, Մայիսի 23-ից 24-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Գավառ, Կենտրոնական հրապարակ, Մայիսի 24-ից 25-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Մարտունի, Մյասնիկյան փողոց, Երաժշտական դպրոցի հարակից տարածք, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Վարդենիս, Լեոնիդ Ազգալդյան փողոց, Հայփոստի հարակից տարածք, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ճամբարակ, Գարեգին Նժդեհի փողոց, ոստիկանության բաժնի հարակից տարածք   Արագածոտնի մարզ Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Աշտարակ, Ներսես Աշտարակեցու հրապարակ Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Ապարան, Մարշալ Բաղրամյան 26 Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Թալին, Գայի 1   Տավուշի մարզ Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Իջևան, Արցախյան 4, Մայիսի 24-ին, և մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Դիլիջան, Օղակաձև խաչմերուկ, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոյեմբերյան, Բարեկամության 4 Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Բերդ, Լևոն Բեկի 14   Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։
16:50 - 20 մայիսի, 2023
Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 ասստիճանով

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 ասստիճանով

Հայաստանի տարածքում ապրիլի 23-ի, 25-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կբարձրանա 2-3, 24-ի ցերեկը կնվազի 3-4 ասստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում ապրիլի 23-ի և 28-ի երեկոյան ժամերին  սպասվում է, 26-27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
14:47 - 23 ապրիլի, 2023
Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Բաքու․ Ադրբեջանի Երիտասարդության եւ սպորտի նախարարության եւ երկրի օլիմպիական կոմիտեի համատեղ հայտարարությունը

Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Բաքու․ Ադրբեջանի Երիտասարդության եւ սպորտի նախարարության եւ երկրի օլիմպիական կոմիտեի համատեղ հայտարարությունը

Ադրբեջանի Երիտասարդության եւ սպորտի նախարարությունը եւ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ ադրբեջանցի մարզիկները վերադառնում են իրենց երկիր։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը։ «2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից ցուցադրական կերպով այրվել է Ադրբեջանի դրոշը։ Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության այսպիսի մթնոլորտ, չի ապահովվում անվտանգությունը, հոգեբանական ճնշման պատճառով ադրբեջանցի մարզիկների նորմալ մասնակցությունը մրցումներին հնարավոր չէ։ Հաշվի առնելով այս ամենը՝ որոշում է կայացվել ադրբեջանցի մարզիկների հայրենիք վերադառնալու մասին։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասված է հայտարարությունում։
11:28 - 15 ապրիլի, 2023
Երևանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են. Քննչական կոմիտե

Երևանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են. Քննչական կոմիտե

Երևան քաղաքում 2022թ. արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) 1928 դեպք, որից 58-ը՝ մահվան ելքով։ 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը գրեթե չի ավելացել, իսկ մահվան ելքով դեպքերը նվազել են 20-ով կամ 26%-ով։ Այս դրական միտումները մեծապես պայմանավորված են մայրաքաղաքում պարեկային ծառայության ներդրմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, սակայն, քննվող վարույթների ճնշող մեծամասնությունը վերաբերում է այն դեպքերին, երբ անձինք շարունակում են վարել տրանսպորտային միջոցը՝ անտեսելով, որ իրենց վարելու իրավունքը ժամանակավորապես կասեցված է` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառվող տուգանային առավելագույն 9 բալերի քանակն անցնելու պատճառով։ Վարորդները պետք է տեղեկացված լինեն, որ այդ արարքը համարվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։
13:07 - 18 մարտի, 2023
Իրանական կառուցապատող ընկերություններին են ներկայացվել Երևանում նախատեսվող խոշոր ծրագրերը

Իրանական կառուցապատող ընկերություններին են ներկայացվել Երևանում նախատեսվող խոշոր ծրագրերը

Երևանի և Թեհրանի միջև ստորագրված աշխատանքային ծրագրով երկու մայրաքաղաքները գործակցություն կծավալեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: ԻԻՀ մայրաքաղաք այցելած երևանյան պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Թեհրանի փոխքաղաքապետերի հետ: Այս մասին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից։ Ֆինանսական և տնտեսական գծով քաղաքապետի տեղակալ Աբուլֆազլ Ֆալայի հետ հանդիպմանը մասնակցել են նաև իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում կառուցապատման ոլորտում:    Քաղաքային տնտեսության կառավարման գործում ներկայացնելով իր մոտեցումները՝ Երևանի քաղաքապետն անդրադարձել է մի շարք խոշոր նախագծերի, որոնք նախատեսվում են Երևանում: Մասնավորապես՝ Հրաչյա Սարգսյանը խոսել է մետրոպոլիտենի նոր կայարանի, Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատվածի շինարարության, ինչպես նաև կոյուղաջրերի մաքրման կայանի, աղբավայրի փակման և նոր աղբավայր կառուցելու նախագծերի մասին: Կարևորելով Երևանի և Թեհրանի միջև գործակցության հաստատումը՝ հանդիպման մասնակիցները համատեղ ծրագրեր իրագործելու պատրաստակամություն են հայտնել:  Քաղաքային ծառայությունների և շրջակա միջավայրի գծով քաղաքապետի տեղակալ Հոսեյին Նազարիի հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել են կանաչապատման ոլորտին առնչվող խնդիրներ: Քաղաքային այգիների ձևավորում, անտառտնկարկների հիմնում ու  ճիշտ բուսատեսակների և ծառատեսակների ընտրություն. քույր քաղաք Թեհրանը պատրաստ է Երևանին փոխանցել կուտակած փորձն ու հաջողած ծրագրերը:  Եթե մինչև իսլամական հեղափոխությունը Թեհրանի կանաչ մակերեսը եղել է 4 200 հա և ԻԻՀ մայրաքաղաքն ունեցել է 75 այգի, ապա այժմ այդ ցուցանիշը հասնում է 61 000 հա-ի, հանգստի գոտիների թիվն էլ 2 352 է:
12:33 - 21 հունվարի, 2023