Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Չինաստանի նկատմամբ |armenpress.am|

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Չինաստանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի Չինաստանի մի շարք ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ՝ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին աջակցելու համար։ Այս մասին հայտարարություններ են տարածել ինչպես ԱՄՆ պետքարտուղարությունը, այնպես էլ Ֆինանսների նախարարությունը։  Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ պատժամիջոցների ցանկում են հայտնվել իրանական և չինական 6 ֆիզիկական անձ և 12 կազմակերպություն։ «Պատժամիջոցների ցուցակին ավելացված անձինք աջակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարբեր կապալառուների, որոնք օգնում են Իրանին արտադրել ածխածնային մանրաթել, որն անհրաժեշտ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արտադրելու համար», - ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ: Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտնել է, որ Իրանի կողմից առաջադեմ բալիստիկ հրթիռների արտադրությունն «անընդունելի սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների և տարածաշրջանային կայունության համար»։ «Միացյալ Նահանգները չի կարող Իրանին թույլ տալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակել», - ասել է Բեսենթը, որի խոսքը մեջբերվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշված է, որ այս միջոցները մասն են կազմում նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության նախագահական հուշագրի, որով առավելագույն ճնշում է գործադրվում՝ սահմանափակելու Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը և զրկելու ԻՀՊԿ-ին և նրա «ահաբեկիչ պրոքսիներին ապակայունացնող գործողությունները պահպանելու համար անհրաժեշտ ռեսուրսներից»։  Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում այն ժամանակ, երբ բանակցություններ են ընթանում Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ-Իրան բանակցությունների 4-րդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին Օմանում։ Կողմերը պատրաստվում են քննարկումների հաջորդ փուլին։ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը կայացել էին Օմանում (ապրիլի 12-ին և 26-ին), իսկ երկրորդ փուլը՝ ապրիլի 19-ին, Հռոմում: Բանակցություններին իրանական կողմից մասնակցում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյանից՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: 
10:39 - 15 մայիսի, 2025
Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում. Միրզոյանը՝ դեսպան Լի Սինվեյին

Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում. Միրզոյանը՝ դեսպան Լի Սինվեյին

2025 թ. մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: «Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական ու այլ ոլորտներում փոխգործակցության առումով, և ես մեծապես կարևորում եմ առկա հնարավորությունների առավելագույնս իրացումը»,- ընդգծել է նախարար Միրզոյանը: Անդրադարձ է կատարվել միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է ներկայիս՝ անորոշություններով, բայց և միաժամանակ հնարավորություններով լի ժամանակաշրջանում փոխշահավետ գործընկերությունների զարգացման կարևորությունը: Արարատ Միրզոյանը և Լի Սինվեյը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացմանն առնչվող հարցեր, ինչի համատեքստում նշվել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ ձևավորված հետաքրքրությունը:
14:02 - 12 մայիսի, 2025
ԱՄՆ-ը և Չինաստանը կրճատում են մաքսատուրքերը
 |azatutyun.am|

ԱՄՆ-ը և Չինաստանը կրճատում են մաքսատուրքերը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը և Չինաստանը համաձայնության են եկել՝ փոխադարձաբար նվազեցնելու մաքսատուրքերը, հայտնում է Սպիտակ տունը: Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի կառավարությունները, գիտակցելով «երկկողմանի տնտեսական և առևտրային հարաբերությունների կարևորությունը», որոշել են մայիսի 14-ից նվազեցնել մաքսատուրքերը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ երկրները կնվազեցնեն փոխադարձ մաքսատուրքերը 115 տոկոսով: ԱՄՆ-ն՝ 145 տոկոսից մինչև 30 տոկոս, իսկ Չինաստանը՝ 125-ից մինչև 10 տոկոս: Շաբաթներ շարունակված լարվածությունից հետո մայիսի 10-ին Ժնևում հանդիպել էին Չինաստանի փոխվարչապետ Հե Լիպենգը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը: Դոնալդ Թրամփը «շատ լավ» և «կառուցողական» է որակել երեկ Ժնևում տեղի ունեցած ԱՄՆ-Չինաստան հանդիպումը, պնդելով, թե աշխարհի երկու խոշորագույն տնետսությունները պայմանավորվել են «վերագործարկել առևտրային հարաբերությունները»։
13:05 - 12 մայիսի, 2025
Փոփոխական ու անկայուն ժամանակաշրջանում անփոփոխ է չին և հայ ժողովուրդների անկեղծ բարեկամությունը. Չինաստանի դեսպանի հոդվածը

Փոփոխական ու անկայուն ժամանակաշրջանում անփոփոխ է չին և հայ ժողովուրդների անկեղծ բարեկամությունը. Չինաստանի դեսպանի հոդվածը

Վաղ ամառը՝ բնության բուռն ծաղկունքի ժամանակն է։ Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իններորդ արտակարգ և լիազոր դեսպան։ Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան և առաջին աշխատանքը դեսպանի պաշտոնում. երկու կարևոր «առաջիններ», որոնք իմ կյանքի այս փուլում միաժամանակ կարևոր առաքելություն և լուրջ հանձնառություն են։  Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածում, այս չքնաղ երկիրն արդեն խորը տպավորություն է թողել ինձ վրա։ Հայաստանը՝ գեղատեսիլ լեռներով ու ջինջ աղբյուրներով հիասքանչ երկիր է։ Մեծահամբավ ու վեհ Արագած լեռը լուռ հսկում է այս հնագույն հողը, իսկ կապուտակ Սևանա լիճը սերնդեսերունդ զորացնում է աշխատասեր ժողովրդին։ Ժամանակի փոշուց մգացած քարաշեն շինությունները լուռ պատմում են հեռավոր դարերի պատմություններ։ Հատկապես հմայիչ է մայրաքաղաք Երևանը։ Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ, անցնելով Հյուսիսային պողոտայով, Օպերային թատրոնում վայելելով հիասքանչ ներկայացում, ապա բարձրանալով Կասկադի աստիճաններով, կարելի է ամբողջությամբ զգալ Առնո Բաբաջանյանի հայտնի երգում նկարագրված «կյանքի քաղաքի» կախարդանքը։ Հայաստանը հարուստ պատմությամբ ու մշակույթով հնագույն քաղաքակրթության օրրան է։ Դեռևս երկու հազար տարի առաջ այն եղել է Մետաքսի ճանապարհի կարևոր հանգույցներից մեկը, որտեղ Արևելքի և Արևմուտքի մշակույթները խաչվելով միաձուլվել են՝ ձևավորելով առանձնահատուկ ինքնություն և ծնելով հարատև ու փառահեղ քաղաքակրթություն։   Էջմիածնի մայր տաճարը, Զվարթնոց տաճարի ավերակները, Գեղարդ վանական համալիրը և այլ մշակութային կոթողներ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Հայոց այբուբենը, հայկական դուդուկի երաժշտությունը, Քոչարին և այլ հայկական մշակութային տարրեր ճանաչվել են որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն, ինչը բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկների գրավում է բացահայտելու այս հմայքը։ Հայաստանը փորձությունների միջով անցած, սակայն անսասան կանգնած երկիր է։ Հայ ժողովուրդը վերապրել է պատերազմներ ու բնական աղետներ, մեծ կորուստներ է ունեցել, անցել է պատմության ծանր ճանապարհով, սակայն պահպանել է իր ուժեղ կամքը, ինքնակատարելագործման ձգտումը և կենսախինդ ոգին։ Հայ ժողովուրդը առանձնանում է իմաստությամբ ու տոկունությամբ, իսկ աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքն ունի զգալի միջազգային ազդեցություն։  Չինաստանն ու Հայաստանը հարուստ պատմություն և խորը մշակութային արմատներ ունեցող երկրներ են։ Հենց այս պատմամշակութային ընդհանրությունն է, որ հնարավորություն է տալիս մեր ժողովուրդներին փոխադարձաբար հասկանալ ու աջակցել միմյանց, դառնալ անկեղծ ու վստահելի բարեկամներ, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության արդյունքում հասնել ամուր և երկարաժամկետ գործընկերության։ Այսօր աշխարհը կանգնած է վերջին հարյուրամյակում աննախադեպ փոփոխությունների շեմին, և բոլոր երկրները միաժամանակ բախվում են թե՛ բացառիկ հնարավորությունների, թե՛ լուրջ մարտահրավերների։ Այս պատմական շրջադարձային պահին պետությունները պետք է դրսևորեն փոխադարձ հարգանք, գտնեն համատեղ եզրեր՝ պահպանելով միմյանց առանձնահատկությունները, գործեն միասնաբար՝ մերժելով պրոտեկցիոնիզմը և միակողմանիությունը, համատեղ ջանքերով պահպանեն արդար ու ողջամիտ միջազգային կարգը և նպաստեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորմանը՝ այս ամենով ամրապնդելով խաղաղությունն ու կայուն զարգացումը աշխարհում։  Հայաստանը ևս գտնվում է բարեփոխումների և վերափոխման փուլում։ Այս փոփոխական ու անկայուն ժամանակաշրջանում անփոփոխ է մնում չին և հայ ժողովուրդների միջև եղած ջերմ ու անկեղծ բարեկամությունը։ Չինաստանը մշտապես եղել և մնում է Հայաստանի վստահելի բարեկամը և գործընկերը։ Չին ժողովուրդը երբեք չի մոռանա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին շրջանում ավելի քան 6000 հայազգի կարմիրբանակայիններ մեկնեցին Չինաստանի հյուսիս-արևելք՝ մասնակցելու ճապոնական ագրեսիայի դեմ պայքարին՝ արժանապատվորեն գրելով եղբայրության և քաջության անմոռանալի էջեր։ Այս տարի լրանում է ճապոնական ագրեսիայի դիմադրության պատերազմում չին ժողովրդի տարած հաղթանակի և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի հաղթանակի 80-ամյակը։ Մենք պետք է դասեր քաղենք պատմությունից, իմաստություն ու ուժ ստանանք Երկրորդ համաշխարհային պատերազմի դառն փորձից և հակաֆաշիստական պատերազմի մեծ հաղթանակից, հաստատակամորեն պաշտպանենք միջազգային արդարությունը, վճռականորեն մերժենք բոլոր տեսակի հեգեմոնիզմն ու ուժի քաղաքականությունը՝ համատեղ կերտելու ավելի լուսավոր ապագա ողջ մարդկության համար։ Չինաստանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են կարևոր պատմական հանգույցում, երբ բացվում են մեծ հնարավորություններ տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար։ Իմ նոր պաշտոնի ստանձնման պահին պատրաստ եմ աշխատել հայ գործընկերներիս հետ՝ շարունակելու երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացումը, դրա փոխշահավետ պտուղները կիսելու, երկու ժողովուրդների փոխըմբռնումն ու բարեկամությունը ամրապնդելու, և թույլ տալու, որ պատմական քամին բացի նոր էջ՝ իրական բարօրություն բերելով մեր երկու ժողովուրդների համար։ Լի Սինվեյ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան
10:52 - 12 մայիսի, 2025
Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերներից մեկն է․ Չինաստանի նորանշանակ դեսպանը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը

Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերներից մեկն է․ Չինաստանի նորանշանակ դեսպանը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը:Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի մենք առավել զարգացնենք ու ընդլայնենք մեր համագործակցության դարավոր ավանդույթները և նոր հնարավորություններ ստեղծենք մեր երկրների և ժողովուրդների միմյանց առավել մոտ ճանաչելու, փոխգործակցության և բարեկամության համար»,- նշել է նախագահը:Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար, նորանշանակ դեսպանը շեշտել է, որ բոլոր ջանքերը գործադրելու է Հայաստան-Չինաստան գործընկերության ընդլայնման համար:«Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և ես իմ կարողությունների և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանեմ մեր երկրների համագործակցության հետագա ընդլայնման համար»,- նշել է դեսպանը:Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժին՝ նշելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ներուժի լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ։ Շեշտվել է տարբեր մակարդակներում արդյունավետ և շարունակական փոխգործակցության կարևորությունը, որը կարող է ստեղծել ամուր հիմք երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար։Նախագահն ընդգծել է բարձր մակարդակի շփումների և ակտիվ քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման առանցքային գործոն։ Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, որը դիտարկվել է որպես երկխոսության նոր հարթակ՝ համագործակցությունը տարբեր ոլորտներում ընդլայնելու նպատակով։Զրույցի ընթացքում դրական են գնահատվել Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթերի առկայությունը՝ դա դիտելով որպես գործնական քայլ, որը նպաստում է քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի խորացմանը։
16:23 - 02 մայիսի, 2025
Չինաստանը վերացնում է եվրոպացի պատգամավորների դեմ սահմանված պատժամիջոցները |armenpress.am|

Չինաստանը վերացնում է եվրոպացի պատգամավորների դեմ սահմանված պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան մայիսի 1-ին նախագահների խորհրդաժողովին տեղեկացրել է, որ Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել վերացնել պատժամիջոցները Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորների, նրանց ընտանիքների անդամների և ԵԽ հանձնաժողովների նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը։ «Որպես խորհրդարանի նախագահ՝ ես պատասխանատվություն եմ կրում, որպեսզի մեր բոլոր պատգամավորներն իրենց լիազորությունները կարողանան իրականացնել ազատ և առանց սահմանափակումների։ Մեր խորհրդարանական հանձնաժողովները պետք է հնարավորություն ունենան առանց վախի քննարկելու եվրոպական շահերը իրենց չինացի գործընկերների հետ։ Չինաստանի հետ մեր հարաբերությունները շարունակում են մնալ բարդ ու բազմաշերտ, սակայն լավագույն ուղին փոխգործակցությունն ու երկխոսությունն է»,-նշել է Մեցոլան։ Չինաստանը դեռ 2021 թվականի մարտին էր սահմանել պատժամիջոցներ Եվրոպական խորհրդարանի հինգ պատգամավորների և մարդու իրավունքների ենթահանձնաժողովի դեմ։ Այս քայլը ԵՄ-ում ընկալվել էր որպես պատասխան մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ քննադատություններին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:40 - 01 մայիսի, 2025
Վան Ին և Լավրովը քննարկել են Իրանի և Կորեական թերակղզու միջուկային խնդիրները |armenpress.am|

Վան Ին և Լավրովը քննարկել են Իրանի և Կորեական թերակղզու միջուկային խնդիրները |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում կայացած հանդիպմանը քննարկել են Կորեական թերակղզու և Իրանի միջուկային խնդիրները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը կարծիքներ են փոխանակել Իրանի և Կորեական թերակղզու միջուկային խնդիրների շուրջ», - հայտնել են Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Հաղորդվում է, որ Վան Ին և Լավրովը նաև «ռազմավարական շփում են ունեցել այնպիսի բազմակողմ ձևաչափերով համագործակցության ամրապնդման հարցերի շուրջ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Մեծ քսանյակը»:Ռիո դե Ժանեյրոյում ապրիլի 28-ին կայացել է ԲՐԻԿՍ-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստը։ 
12:38 - 29 ապրիլի, 2025
Տևական ընդմիջումից հետո Չինաստանը Հայաստանում դեսպան է նշանակել

Տևական ընդմիջումից հետո Չինաստանը Հայաստանում դեսպան է նշանակել

Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Կողմերն գոհունակությամբ նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու և բազմոլորտ համագործակցությունը խթանելու հանձնառությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Չինաստանը շուրջ 9 ամիս դեսպան չուներ Հայաստանում։ Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտել էր 2024-ի հուլիսին։
12:47 - 28 ապրիլի, 2025
Պեկինը ծրագրում է ՀՀ-ին ակտիվորեն ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում․ ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար |factor.am|

Պեկինը ծրագրում է ՀՀ-ին ակտիվորեն ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում․ ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար |factor.am|

factor.am: Չինաստանը պատրաստվում է նոր գլուխ բացել իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Համաշխարհային առևտրի քարտեզը վերաձևավորվում է։ Չինաստանը պատրաստվում է Հայաստանին ներառել իր տրանսպորտային ցանցում՝ կատարելով ևս մեկ ուշագրավ քայլ իր պատմական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը Երևանին նախագծում ներառելու մասին առաջին անգամ հայտարարել է թուրքական Turkiye gazetesi-ն տված հարցազրույցում։ Մին Չենն ասել է, որ Պեկինը ծրագրում է Հայաստանին, որը ներկայացրել է որպես «աշխարհի խաչմերուկ», ավելի ակտիվորեն ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ։ Նա նշել է, որ Չինաստանը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում, և որ այդ նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։ Դիվանագետը նաև ուշագրավ հայտարարություններ է արել  Թուրքիա-Չինաստան հարաբերությունների մասին՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը, տնտեսական ներուժը և դերը Միջին միջանցքում որակելով որպես «անփոխարինելի»։ Նա նշել է, որ Թուրքիան և Չինաստանը «հին Մետաքսի ճանապարհի ժառանգությամբ ձևավորված իրենց բարեկամությունը վերածել են ռազմավարական գործընկերության»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
22:49 - 22 ապրիլի, 2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների նկատմամբ |factor.am|

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների նկատմամբ |factor.am|

factor.am: Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել չինական երեք ընկերությունների նկատմամբ։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Կիևը սկսեց հայտարարել, որ չինական զենք է մատակարարվում Ռուսաստանին, փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։ Զելենսկիի հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել հետևյալ ընկերությունների նկատմամբ. Beijing Aviation And Aerospace Xianghui Technology Co. Ltd. – այս ընկերությունը արտահանում և ներմուծում է աերոտիեզերական տեխնոլոգիաներին առնչվող արտադրանք: Ընկերությունը Ռուսաստանին մատակարարում է ածխածնային մանրաթել (անհրաժեշտ է ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ստեղծման համար, այն նաև օգտագործվում է զրահատեխնիկայի և սարքավորումների մասերի, փոքր զենքի արտադրության մեջ) և էլեկտրոնային բաղադրիչներ։ Zhongfu Shenying Carbon Fiber Xining Co. Ltd. – Չինաստանի առաջատար բարձր արդյունավետությամբ ածխածնային մանրաթել արտադրողներից մեկը։ Rui Jin Machinery Co. Ltd. – տարբեր փաթեթավորման մեքենաների չինական արտադրող։ Ըստ հրամանագրի՝ ԱԳՆ-ին հանձնարարվել է քննարկել նմանատիպ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ երկրների իրավասու մարմինների հետ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
22:37 - 18 ապրիլի, 2025
Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրել է մինչև 145 տոկոս |armenpress.am|

Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրել է մինչև 145 տոկոս |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն կրկին հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին։Ինչպես հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել բարձրացնել Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը՝ հասցնելով դրանք ռեկորդային՝ 145 տոկոսի։ 2025 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրեց չինական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը՝ սահմանելով 10 տոկոս։ Մարտի 4-ին այդ սակագինը կրկին վերանայվեց՝ հասնելով 20 տոկոսի։ Ապրիլի 2-ին Թրամփը ներկայացրեց «փոխադարձ մաքսատուրքեր» համակարգը, որի շրջանակում Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանվեց 54 տոկոս մաքսատուրք։  Ապրիլի 10-ին Չինաստանը պատասխանեց՝ սահմանելով 84 տոկոս մաքսատուրք ամերիկյան ապրանքների նկատմամբ։  Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին՝ այն հասցնելով 125 տոկոսի։  
20:36 - 10 ապրիլի, 2025
ԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս |armenpress.am|

ԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներկրվող մաքսատուքերը 125%-ի հասցնելու մասին։ Այս մասին նշված է ԱՄՆ-ի նախագահի՝ Truth սոցիալական կայքում կատարած գրառման մեջ։  «Ելնելով այն հարգանքի բացակայությունից, որը Չինաստանը դրսևորել է համաշխարհային շուկաների նկատմամբ, ես սույնով բարձրացնում եմ Չինաստանից գանձվող սակագինը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մինչև 125%, որն անմիջապես ուժի մեջ է մտնում»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը:  Թրամփը հույս է հայտնել, որ մոտ ապագայում, Չինաստանը կհասկանա, որ ԱՄՆ-ը և այլ երկրներ թալանելու օրերն այլևս կայուն կամ ընդունելի չեն:  «Մյուս կողմից, և ելնելով այն փաստից, որ ավելի քան 75 երկրներ կոչ են արել Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Առևտրի, Գանձապետարանի և Միացյալ Նահանգների առևտրային ներկայացուցչին, բանակցություններ վարել առևտրի, առևտրային խոչընդոտների, մաքսատուրքերի, արժույթի մանիպուլյացիայի և ոչ դրամական մաքսատուրքերի վերաբերյալ քննարկվող հարցերի լուծման շուրջ, և որ այդ երկրները իմ խնդրանքով չեն ձեռնարկել որևէ այլ գործողություններ ԱՄՆ-ի դեմ, ես թույլատրել եմ 90-օրյա դադար և էականորեն իջեցված փոխադարձ սակագին՝ այդ ժամանակահատվածում՝ 10%-ով, որը նույնպես անմիջապես ուժի մեջ է մտնում»,-մանրամասնել է Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ, Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերը 34%-ից բարձրացնել մինչև 84%։
22:21 - 09 ապրիլի, 2025