REconstitution (Սահմանադրական փոփոխություններ)

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մահապատժի վերականգնման առաջարկին կանդրադառնա մոտակա նիստին |azatutyun.am|

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մահապատժի վերականգնման առաջարկին կանդրադառնա մոտակա նիստին |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն առաջիկայում նիստ կանցկացնի և կորոշի՝ նպատակահարմար համարում է քննարկել Հայաստանում մահապատիժը վերականգնելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկը, փոխանցեց հանձնաժողովը ղեկավարող արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։ «Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստը նեխատեսվում է իրականացնել առաջիկա 10-ից 15 օրվա ընթացքում։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս հարցին, ապա խորհուրդը և հանձնաժողովը կորոշեն նպատակահարմար համարում է քննարկել այդ հարցը, թե միանգամից կլինի ընդհանրական պատասխան», - ասաց Մելքումյանը։ Մի քանի օրից պաշտոնը լքող Հայաստանի գլխավոր դատախազը 2003 թվականից Հայաստանում արգելված մահապատիժը վերականգնելու անհրաժեշտության մասին խոսեց մեկ շաբաթ առաջ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ուղղված գրությամբ՝ առաջարկելով պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել։  
16:00 - 07 սեպտեմբերի, 2022
«Կառավարման խնդիրների լուծումները պարտադիր չի, որ հենց կառավարման ձևի փոփոխությամբ արվեն». Եղիշե Կիրակոսյան
 |azatutyun.am|

«Կառավարման խնդիրների լուծումները պարտադիր չի, որ հենց կառավարման ձևի փոփոխությամբ արվեն». Եղիշե Կիրակոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներին չի կաշկանդում վարչապետի այսօրվա հայտարարությունը, թե Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը։ Խորհրդի փոխնախագահ Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումն է հայտնել սահմանադրական բարեփոխումների խորհրդում և մասնագիտական հանձնաժողովում, սակայն, կառավարման ձևի մասին քննարկումները շարունակվում են. - «Որովհետև ունենք խորհրդի անդամներ և հանձնաժողովի անդամներ, ովքեր որ, օրինակ, բարձրացնում են նաև կառավարման ձևի քննարկման հարցը։ Նպատակահարմա՞ր է պահպանել կառավարման համակարգի պառլամենտական ձևը, թե՞ պետք է փոխենք նախագահական։ Չեմ կարծում, թե դա կաշկանդել է։ Ամեն դեպքում, ես պահի դրությամբ անձամբ ես էլ եմ կարծում, որ կառավարման ձևի հաճախակի փոփոխությունը ինքը ռիսկային է ամեն դեպքում՝ չնայած որ կարող ենք անհամաձայն լինել շատ հարցերի հետ։ Բայց ես արդեն իմ ելույթում էլ արդեն ասեցի, որ կառավարման խնդիրների լուծումները պարտադիր չի, որ հենց կառավարման ձևի փոփոխությամբ արվեն»։ Նույն տեսակետը հայտնեց խորհրդի անդամ, «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը. - «Խորհուրդը պետք է քննարկի, հանձնաժողովը պետք է մասնագիտական պրպտումների, աշխատանքի և քննարկումների միջոցով բացահայտի պրոբլեմները, տրամադրի դրանց լուծման հնարավոր տարբերակները, խորհուրդը ևս քննարկի դրանք, և ներկայացնի։ Եթե կլինեն լավ լուծումներ, իսկ լավ լուծումներ չեն կարող չլինել, ապա պետք է քաղաքական ուժերը քննարկեն դա, այդ թվում նաև՝ վարչապետը և իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժը»։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նախագահում է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Կես տարի առաջ վարչապետը հաստատել է խորհրդի կազմը, որը մինչև տարեվերջ նախ պետք է հաստատի հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և այն ներկայացնի վարչապետի աշխատակազմին: Ապա մինչև 2023 թվականի հունիսի 30-ը պետք է հաստատի հանձնաժողովի մշակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և կրկին ներկայացնի վարչապետի աշխատակազմին։ Դեռ մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե պետք է աշխատեն հանրաքվեով ընդունել նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ։ Սա Փաշինյանի կառավարության՝ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ մշակելու երկրորդ փորձն է։ Նման մի հանձնաժողով ստեղծվել էր դեռ 2020 թվականին, որի աշխատանքները պաշտոնական մեկնաբանությամբ ձախողվեցին քովիդի և պատերազմի պատճառով։ Երկու դեպքում էլ առանցքային հարցերից մեկը կառավարման համակարգի փոփոխությունն է։
17:12 - 05 հուլիսի, 2022
Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները

Մարտի 23-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:  Հարցազրույցին ներկա էին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի մեկական թեկնածուների հետ շահերի բախման պատճառով: Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, Արման Զրվանդյանը և Արտյոմ Գեղամյանը: Խորհրդի անդամների գնահատականների արդյունքում անցողիկ՝ 7 միավորի շեմը հաղթահարել են՝   Անահիտ Մանասյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ. Դավիթ Հակոբյան - իրավաբանական գիտությունների թեկնածու. Ռաֆիկ Գրիգորյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ.  Արտյոմ Գեղամյան - իրավաբանական գիտությունների թեկնածու.  Լուսինե Հակոբյան - իրավագիտության մագիստրոս (Լոնդոնի Քուին Մերի համալսարան):   Անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուների վերջնական ցուցակը ներկայացվելու է ՀՀ վարչապետի հաստատմանը:  
20:27 - 24 մարտի, 2022
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է հանրային հարցում իրականացնելու մասին

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է հանրային հարցում իրականացնելու մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել են խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները  և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը: «Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում: Բոլոր առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը: Եթե ունեք առաջարկություններ կամ կարծիքներ սահմանադրական բարեփոխումների ուղղությունների հետ կապված, խնդրում ենք դրանք կից ձևաչափին համապատասխան ներկայացնել մինչև ս.թ. մարտի 31-ը` ուղարկելով [email protected] հասցեին: Անանուն հաղորդագրությունները չեն դիտարկվելու: Հանրային հարցման ձևաչափը կարող եք լրացնել` այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ:  
19:19 - 22 փետրվարի, 2022
Ամեն ինչ անելու ենք գրպանային դատավորներին դատական համակարգից դուրս թողնելու ուղղությամբ. Կարեն Անդրեասյան |armenpress.am|

Ամեն ինչ անելու ենք գրպանային դատավորներին դատական համակարգից դուրս թողնելու ուղղությամբ. Կարեն Անդրեասյան |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարության կողմից Բարձրագույն դատական խորհրդին որոշ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների ներկայացումը բացարձակ օբյեկտիվ աշխատանք է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերին։ «Բացարձակ օբյեկտիվ աշխատանք է տեղի ունենում։ Դա ես ասում եմ ամենայն անկեղծությամբ, ամենայն պատասխանատվությամբ և խղճի հանգստությամբ։ Այո, մեզ դիմում է  քաղաքացին՝ չենք տանում կարգապահական, իր ասածի մեջ կան արդարության հատիկներ, բայց այդ գործը իրավաբանորեն թույլ է, քաղաքացին հիասթափվում է, տխրում է, երբեմն մեզ վարկաբեկում է ու թողնում գնում է։ Տանում ենք գործը ԲԴԽ, դատավորն է սկսում վրդովվել և որակում է իր նկատմամբ ճնշում։ Քիչ են տանում, մեղադրում են, որ անգործություն է, վեթինգ տեղի չի ունենում, իշխանությունը չի ուզում  մաքրել դատական համակարգը։ Շատ են տանում, ասում են, որ գործադիրը ընկել է դատավորների հետևից, ճնշում է և այլն, և այլն։ Այս բոլոր շահարկումներով ոչ փոխելու եք մեր աշխատանքը, ոչ ստիպելու եք սուբյեկտիվ դառնալ, ոչ էլ փակելու եք մեր հնարավորությունը՝ փակելու ապօրինությունների դեմ դատական համակարգում։ Որևէ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը իր շատ արդար կարգապահական վարույթները առաջ տանելու հարցում»,- ընդգծեց Անդրեասյանը։ Անդրադառնալով որոշ ընդդիմադիր ուժերի մտահոգություններին, ովքեր դարձել են «արդար դատավորների մեծ պաշտպաններ»՝ Կարեն Անդրեասյանը նշեց, նրանք պետք է գոնե ամոթ ունենան և նորմալ աշխատանքը չվարկաբեկեն։ «Իսկ եթե վախենում են, որ գրպանային դատավորները դուրս կմնան դատական համակարգից, թող իսկապես վախենան, որովհետև մենք ամեն ինչ այդ ուղղությամբ անելու ենք»,- ընդգծեց Անդրեասյանը։
15:00 - 16 փետրվարի, 2022
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը |armenpress.am|

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար, խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը՝ ամփոփելով խորհրդի աշխատանքները։ Նախարարը հայտնեց, որ  «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցի փուլային քննարկման առաջարկը կլրամշակվի և նորից կշրջանառվի։ «Հաստատվեց նաև, որ հայցելու ենք Հայաստանի և սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների կարծիքները, առաջարկները Սահմանադրական փոփոխությունների մասին, որի լրամշակված տարբերակը նույնպես կտարածվի»,- ասաց Անդրեասյանը։ Անդրեասյանն առաջարկեց հաջորդ խորհրդի նիստը անել ոչ ուղիղ եթերում բացառապես աշխատակարգային հարցեր քննարկելու համար, որպեսզի հանրությունը չծանրաբեռնվի տեխնիկական հարցերի քննարկմամբ։ Նախարարը նաև առաջարկեց հաջորդ նիստ հրավիրել փետրվարի 25-ին՝ հետո նիստեր անցկացնել յուրաքանչյուր տաս օրը մեկ։ Անդրեասյանը հայտնեց նաև, որ հաջորդ նիստին կմասնակցի Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
13:33 - 16 փետրվարի, 2022
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում կընդգրկվի մինչև 5 թեկնածու |armenpress.am|

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում կընդգրկվի մինչև 5 թեկնածու |armenpress.am|

armenpress.am:  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորումը իրականացվելու է երկու փուլով։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Տիգրան Դադունցը՝ ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագծի հիմնական դրույթները։ «Ըստ նախագծի՝ առաջին փուլում թեկնածուները կներկայացնեն հայտեր, ընդ որում նաև որոշակի լրացուցիչ պահանջներ են սահմանվել այն առումով, որ հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ հանդիսացող, Քրեական օրենսգրքով նախատեսված դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև հանրային ծառայությամբ պաշտոններ զբաղեցնող անձինք։ Հայտերին կից պետք է թեկնածուները ներկայացնեն իրենց ամբողջական փաստաթղթերը, որոնք կհիմնավորեն իրենց մասնագիտական գործունեությունը, աշխատանքային փորձը, նաև առաջարկվել է ներկայացնել որոշակի տեսլական 10-12 էջի սահմաններում, թե ինչ խնդիր են իրենք տեսնում Սահմանադրության մեջ և ինչ լուծում են առաջարկում, որպեսզի հնարավոր լինի բացահայտել նաև թեկնածուի մասնագիտական ունակությունները»,- ասաց Դադունցը։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը նշեց, որ առաջին փուլում քարտուղարության կողմից կազմվելու է տեխնիկական պահանջներին բավարարող թեկնածուների ցանկը, որը ներկայացվելու է խորհրդին, որից հետո արդեն սկսվելու է մրցույթի երկրորդ փուլը, որն իրականացվելու է երկու ենթափուլով։ «Առաջին ենթափուլում գնահատվելու է թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերի բովանդակային կողմը՝ աշխատանքային, մասնագիտական գործունեությունը, առաջարկված տեսլականը, նաև հստակ գնահատման չափանիշներ և միավորներ են սահմանվել, և թեկնածուները կարող են ստանալ առավելագույնը 100 միավոր։ Խորհուրդը գնահատելու է նրանց աշխատանքային փորձը, հեղինակած աշխատանքների քանակը, ճանաչվածությունը, գիտական հետաքրքրությունների ոլորտը և այլն։ Այնուհետև այս 100 միավորից 60 և ավելի միավոր ձեռք բերած թեկնածուները ներկայացվելու են խորհրդին, որպեսզի խորհուրդը արդեն բանավոր հարցազրույցի ենթափուլում լսի թեկնածուներին։ Այս հարցազրույցի բանավոր փուլի ընթացքում թեկնածուն հակիրճ կներկայացնի իր կենսագրությունը, անցած ճանապարհը, իր մոտեցումները հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նաև կներկայացնի Սահմանադրությանն առնչվող մեկ իրավական հարցի վերաբերյալ հակիրճ վերլուծություն և դիրքորոշում։ Դրանից հետո արդեն խորհուրդը հարցազրույցի արդյունքում կգնահատի թեկնածուներին կրկին 100 բալանոց համակարգով, որից 50-ը թեկնածուն կստանա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ մոտեցումների համար, իսկ մյուս 50 միավորը՝ Սահմանադրությանն առնչվով որևէ իրավական հարցի վերաբերյալ իր վերլուծության և դիրքորոշման համար։ Այնուհետև, ըստ նախագծի, խորհրդի անդամները որոշելու են յուրաքանչյուր թեկնածուի գնահատականը, եթե նման որոշում չկայացվի, գնահատականը կորոշվի թեկնածուների ստացած գնահատականների միջինով։ Առավելագույն ձայներ ստացած մինչև հինգ թեկնածու կընդգրկվի խորհրդի որոշման նախագծում, որը պետք է ներկայացվի վարչապետին, քանի որ, ըստ խորհրդի կանոնակարգի, վարչապետն է հաստատում հանձնաժողովի անհատական կազմը»,- եզրափակեց Դադունցը։
11:27 - 16 փետրվարի, 2022
Բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է անհրաժեշտ փոխել Սահմանադրությունը. Մարուքյան |armenpress.am|

Բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է անհրաժեշտ փոխել Սահմանադրությունը. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարևորում է սահմանադրական բարեփոխումների այնպիսի գործընթաց ունենալը, որը երկրում կբերի ոչ թե նոր բաժանումներ, այլ համերաշխություն ու համախմբում: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում: «Մենք պետք է կարողանանք ունենալ այնպիսի գործընթաց, որ այն ոչ թե նոր բաժանումներ բերի մեր երկրում, այլ համերաշխություն և համախմբում: Եվ պետք է ամեն ինչ անել, որ այդ համերաշխությունն ու համախմբումը լինի մայր օրենքի՝ Սահմանադրության տեքստի շուրջ: Առանց որի ես նաև չեմ տեսնում հանրաքվեի միջոցով այդ տեքստի ընդունում, եթե չեղավ հանրային լավ կոնսոլիդացիա, մեր սահմանադրական հանրաքվեի բարիերն այնքան բարձր է, որ անհնար կլինի ուղղակի թեկուզ ամենալավ գրված տեքստը դարձնել ՀՀ սահմանադրություն»,-ասաց Մարուքյանը: Նա նշեց՝ ինքը խորհրդում է, քանի որ այն, ինչ չի ստացվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը տեղ հասցնել 2014-ին, 2015-ին Սահմանադրական բարեփոխումների ժամանակ: Այն, ինչ չի ստացվել այդ առաջարկներով, լոբբինգով այնպիսի Սահմանադրություն ունենալ, որ Մարուքյանը նշեց՝ նախորդ բարեփոխումների ընթացքում իր քաղաքական ուժին չի հաջողվել առաջարկներով, լոբբինգով այնպիսի Սահմանադրություն ունենալ, որ լինի իրական խորհրդարանական համակարգ, իրական հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմներ, անկախ ինստիտուտներ ունենանք: «Եվ ունենանք Սահմանադրություն, որտեղ հստակ նշված է, թե ով է տարածքային ամբողջականության երաշխավորը, օրինակ` այս Սահմանադրության մեջ հստակ չկա նման բան, իսկ նախկին Սահմանադրություններում կար, և էլի շատ հարցեր»,-ասաց Մարուքյանը: Նա կարևորեց դրա համար ռեսուրս և ջանք ներդնելը: «Ակնհայտ է մի բան, որ բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը: Սկսած հանրաքվեից, որ օրինակ գործող Սահմանադրությունը կեղծված հանրաքվեով է ընդունվել, կեղծ պառլամենտական համակարգ է ներդրվել երկրում»,-կարծիք հայտնեց նա: Մարուքյանը հավելեց՝ վճռական կամքով են եկել խորհուրդ՝ իրենց ժամանակը, ներուժը գիտելիքը ներդնելու, փոխադարձ հարգանքի, համերաշխության մթնոլորտում քննարկելու, բանավիճելու և հասնելու այն լուծումներին, որ ՀՀ-ն ավելի կզորացնեն:
17:48 - 04 փետրվարի, 2022
Կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ

Կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կլուծարվի և կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ: համապատասխան որոշումը հրապարկվել է e-gov.am-ում: Ըստ որոշման՝ խորհուրդը կնախագահի ՀՀ արդարադատության նախարարը: Խորհրդի անդամները կլինեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, համաձայնությամբ նաև կլինեն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեկական պատգամավոր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությունից, մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդի կազմից, ՀՀ 8-րդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ, ընդ որում, ներկայացուցիչների առաջադրման գործընթացին կարող են մասնակցել ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առնվազն երկու ընտրությունների մասնակցած կուսակցությունները: Խորհրդի անդամ կլինի նաև ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ: ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ խորհրդի կազմում որպես լրացուցիչ անդամ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարական համակարգի ամրապնդման, օրենսդրության կատարելագործման, դատաիրավական համակարգի զարգացման ոլորտներում ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում ՀՀ-ում անընդմեջ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների երկու ներկայացուցիչ: Խորհրդի կողմից մրցութային ընթացակարգով ձևավորվելու և գործելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով՝ կազմված հինգ անդամից: Հանձնաժողովի անդամների ընտրությունը կատարվելու է խորհրդի կողմից՝ խորհրդի գործունեության կարգին համապատասխան: Ըստ որոշման՝ Արդարադատության նախարարը պետք է մեկամսյա ժամկետում կազմի և վարչապետի աշխատակազմ ներկայացնի սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման, խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը հաստատելու և վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին վարչապետի որոշման նախագիծը:
10:50 - 20 դեկտեմբերի, 2021
Թող Ռ. Քոչարյանը քայլի առջևից, Վանեցյանն էլ ապահովի անվտանգությունը՝ առանց գաղտնալսելու. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Թող Ռ. Քոչարյանը քայլի առջևից, Վանեցյանն էլ ապահովի անվտանգությունը՝ առանց գաղտնալսելու. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ազատությունն» այսօր զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից:   Անդրանիկ Քոչարյան. - Ես Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ եմ եղել, և բացի դա նաև Մարտի 1-ի քաղբանտարկյալների մեծամասնությունը, եթե ոչ բոլոր քաղբանտարկյալները, եղել են իմ ընկերները: Նրանցից առնվազն երկուսը հիմա գտնվում են կոմայի մեջ, մեկն էլ մահացավ առողջական խնդիրների պատճառով՝ Սմբատ Այվազյան: Դա նշանակում է, որ նրանք իրենց առողջությունը կորցրել են նաև բազմաթիվ դատաիրավական համակարգում գործունեություն ծավալած դատավորների ապօրինի որոշումների պատճառով ևս: Այդտեղ իմ կարծիքը կարող է տարբերվել այլ քաղաքական գործիչների կարծիքից, որոնք ասում են՝ ծնող, հայր, այդտեղ պետք է ոչ մի բան չգտնել: Բայց այստեղ խնդիրը դա չի, մեր խմբակցությունում դա քննարկել ենք [Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի] թեկնածությունը, թեկնածուի հետ ունեցել ենք հարցուպատասխաններ, և մեր քվեարկությամբ մենք կհաստատենք, թե ինչպես ենք վերաբերում այդ թեկնածուի հետ կապված հարցերին: «Ազատություն». - Պարո՛ն Քոչարյան, այդ հանդիպմանը Դուք ի՞նչ տպավորություն ստացաք, նա այդ ինչ-ինչ մտահոգությունները փարատե՞ց: Անդրանիկ Քոչարյան. - Եկեք ես իմ տպավորությունների մասին հիմա չկիսվեմ, մենք կարող ենք խոսել քվեարկությունից հետո: «Ազատություն». - Պարո՛ն Քոչարյան, շուտով խորհրդարանին ներկայացվելու է նաև ևս մեկ թեկնածու, այս անգամ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի մասին է խոսքը. նորից առնչություն անցյալին, և նորից գնդակը խորհրդարանի դաշտում է: Անդրանիկ Քոչարյան. - Մենք անցյալի հետքերից այդքան շուտ և հեշտ չենք պրծնելու, բայց ամբողջ գործընթացները մեր երկրի առողջացման գնում են այն ուղղությամբ, որ երկիրը պետք է թեթևացվի՝ իր վրա եղած այդ ծանրությունները հաղթահարելով: Այնպես որ եկեք թեկնածությունները, քննարկումները տեսնենք ինչպես կանցնեն թե՛ խմբակցություններում, թե՛ խորհրդարանում, թե՛ արտախորհրդարանական քննարկումը շատ կարևոր են, դրանք էլ առողջացման և վեթինգի տարրեր են պարունակում: Կարևորելով նաև Սահմանադրական դատարանի շուրջ եղած այս մեկ տարվա պրոցեսները, նաև մեր դատաիրավական համակարգի առողջացման խնդիրները, կարծում եմ, որ ամեն մի թեկնածու պետք է վերջիվերջո համապատասխանի այն չափորոշիչներին, որը նաև ամրագրված է հեղափոխության օրակարգում: «Ազատություն». - Ամեն դեպքում չե՞ք բացառում, որ անգամ եթե նա կառավարության, վարչապետ Փաշինյանի թեկնածուն է, կարող է Ազգային ժողովում մերժվել: Անդրանիկ Քոչարյան. - Թեկնածությունները, մանրամասն պարոն Փաշինյանը միշտ ասել է, որ ցանկացած թեկնածու, որ կոմունիկացիոն խողովակի միջոցով կգա քննարկումների փուլ, նա պետք է լրացուցիչ ուսումնասիրվի, և վերջնական համոզմունքի կայացման պարագայում նոր տեղի ունենան լիարժեք քննարկումներ: Այնպես որ որևէ ճնշում որևէ պատգամավորի կամ խմբակցություն ներսում գոյություն չունի: Այս քննարկումներն էլ հենց դրանով են շատ լավը, որ, էլի եմ ասում, իրենց մեջ պարունակում են շատ լուրջ վեթինգի գործընթացներ: «Ազատություն». - Արթուր Վանեցյանը երեկ ասաց, որ չի բացառում հանդիպել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ, ճիշտ է նա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի անունը տվեց, բայց առաջին նախագահի օրակարգում իշխանափոխության հարցը չկա, նա չի բարձրաձայնել այդ մասին, ուստի մնում է դաշինքը Սարգսյանի, Քոչարյանի հետ: Հիմա ինչո՞ւ ոչ, Ուկրաինայի օրինակն են բերում, որտեղ մայդանից հետո, տեսեք, քանի անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել: Անդրանիկ Քոչարյան. - Իշխանափոխության բազմաթիվ ծրագրեր կարող է ունեն, ինչի մասին խոսեց Ռոբերտ Քոչարյանը: Իրեն բարի երթ, եթե ինքը պատկերացնում է քայլելով կամ փողոցներ փակելով, առանց ժողովրդի մասնակցության դա անհնար է լուծել, իսկ եթե ինքը կարծում է, որ իրեն չեն մերժել, թող ինքը առաջնորդի այդպիսի մի շարժում՝ պարոն Վանեցյանի մասնակցությամբ և «Վերնատան» այդ ամբողջ քաղաքական համակարգի և քաղաքական գործիչների համախմբվածությամբ, տեսնենք՝ ինչ արդյունք կլինի: Եթե ժողովրդի աջակցություն, ունեցան, բնականաբար, տեղի կունենա իշխանափոխություն: Եթե իրենք վստահ են, ապա ինչո՞ւ այս պահին փողոցում չեն, երբ որ այդ հարցազրույցի ժամանակ ինքն ասում էր՝ «ո՞նց կարելի է՝ երկու տարի է արդեն կառավարում են, երեք տարի էլ սպասենք»: Չէ, մի սպասեք, վեր կացեք, քայլեք, բայց Դուք առջևից պետք է քայլեք, պարոն Վանեցյանն էլ պետք է ապահովի ձեր անվտանգությունը՝ առանց գաղտնալսելու: Թող քայլեն, իսկ պարոն Վանցյանի այդ հայտարարությունից ես հասկացա, որ պարոն Վանեցյանը նախկին իշխանությունների ամենահաջողված պրոյեկտն էր Ազգային անվտանգության ծառայության՝ այն ժամանակվա կողմից իրականացված: «Ազատություն». - Նա նաև պնդում է, որ հիմա իրեն լռեցնելու նպատակ ունի իշխանությունը և քաղաքական հետապնդում է գնում: Անդրանիկ Քոչարյան. - Բայց Արթուր Վանեցյանին պետք չի լռեցնել, նրան պետք է խոսեցնել, պարոն Վանեցյանը պարզապես շատ քիչ է խոսում, ինքը խոստացել էր շատ խոսել, և հիմա անընդհատ խոսում է իրեն լռեցնելու մասին, ինչո՞ւ պետք է լռեցնեն: Ինքը հիմա էլ ազատության մեջ է, թող խոսի ինչքան կարող է, թող սկսի իր գաղտնալսումից՝ ինչպե՞ս տեղի ունեցավ դա, ինքը արդյոք տեղյա՞կ էր, որ իրեն գաղտնալսում են, թե՞ չէ, եթե տեղյակ չէր՝ ուրիշ պատմություն, եթե տեղյակ էր, բնականաբար, իրեն խոսեցնելու ցանկությունը գնալով մեծանալու է իրավապահ մարմինների կողմից: Այնպես որ պարոն Վանեցյանը, եթե կարծում է, որ այսպես թեթև ինչ-որ քրեական գործերի մեջ է իր գործունեությունը ուսումնասիրվելու, սխալվում է, այնտեղ կան և՛ տնտեսական իր հետաքրքրությունների, ընտանիքի հետաքրքրությունների ուսումնասիրման խնդիր, և իր պաշտոնավարման ընթացքում քրեաօլիգարխիկ համակարգի ազատ շարժվելու հնարավորությունը արդեն տեսանելի է դարձել, թե ոնց են նրանք հանգիստ առնչվում, իհարկե, դա ձևակերպելով որպես օպերատիվ աշխատանք: Հիմա կտեսնենք: Իսկ պարոն Վանեցյանին բարի երթ, թող խոսի ինչքան կարող է, ինչքան շատ խոսի, այնքան շատ բան կիմանանք, թե ինչպիսի համագործակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ:
21:49 - 01 օգոստոսի, 2020
Խնդիրը ՍԴ-ի այն մոդելի կյանքի կոչումն էր, որը նախատեսված է Սահմանադրության մեջ |lragir.am|

Խնդիրը ՍԴ-ի այն մոդելի կյանքի կոչումն էր, որը նախատեսված է Սահմանադրության մեջ |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պտգամավոր Վլադիմիր Վարդանյանը։   - Պարոն Վարդանյան, արդեն խոսվում է այն մասին, որ «Իմ քայլը» ազատ է լինելու ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկության ժամանակ՝ հաշվի առնելով այն հանրային դժգոհությունը և ճնշումը, որ վերջին օրերին նկատվում է: ՍԴ թեկնածուի հարցում «Իմ քայլում» կա՞ միասնական դիրքորոշում: - Այդ հարցը պետք է ուղղեք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին, իսկ որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և որպես պատգամավոր, ես կարող եմ ասել հետևյալը. քանի որ սա այն հարցերից է, որը պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում, որից հետո պետք է տեղի կունենա գաղտնի քվեարկությունը, հետևաբար, ես զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից: - Վահրամ Ավետիսյանի թեկնածության դեմ են արտահայտվել նախկին քաղբանտարկյալներն ու «Մարտի 1»-ի զոհերի հարազատները: Բացի այդ իրավապաշտանները դիմել են կառավարությանը, որ հետ կանչեն նրա թեկնածությունը: Ընդհանրապես, այպիսի բան կարո՞ղ է անել կառավարությունը, կա՞ նման հնարավորություն: - Որպես այդպիսին, հետկանչի նման ընթացակարգ գոյություն չունի, սակայն ինչպես կայացվել է կառավարության որոշումը, այնպես էլ այն կարող է փոփոխվել կամ վերացվել: Ընդհանրապես, կառավարությունը կարող է վերացնել կամ փոփոխել իր ցանկացած որոշում: - Ինչպիսի՞ն է անձամբ ձեր վերաբերմունքն այս թեկնածուին, որովհետև շատերն ասում են` «եթե պետք է «Մարտի 1»-ի գործով մեղադրանքները դակողի որդին դառնա ՍԴ դատավոր, այդ դեպքում ինչու հանեցինք ՍԴ նախկին դատավորներին՝ Գյուլումյանին, Թոխյանին, Նազարյանին, լավ էլ աշխատում էին»: - Դուք կրկին հարցը փորձում եք տեղափոխել անձնական ոլորտ: Իրականում հարցը ոչ թե Թոխյանին, Գյուլումյանին կամ Նազարյանին պաշտոնից ազատելն էր, խնդիրը ՍԴ-ի այն մոդելի կյանքի կոչումն էր, որը նախատեսված է Սահմանադրության մեջ: Գաղափարը հետևյալն է, որ ՍԴ-ում պետք է լինեն դատավորներ, որոնք ունեն նույն կարգավիճակը, պաշտոնավարման նույն ժամկետը և օգտվեն սոցիալական նույն երաշխիքներից: - Դուք խոսում եք անձնական դաշտ տեղափոխելու մասին, բայց հանրությունն անընդհատ շեշտադրում է անում ՍԴ դատավորի թեկնածուի անցած ճանապարհը, որքանով նման թեկնածուները կարող են վերականգնել ՍԴ-ի նկատմամբ քաղաքացու վստահությունը:  Ինչպե՞ս է հնարավոր առհասարակ չկենտրոնանալ անձերի վրա: - Իմ մոտեցումը շատ հստակ է, որ ՍԴ-ում պետք է լինեն այնպիսի դատավորներ, որոնք վայելում են եթե ոչ ամբողջ հասարակության, ապա հասարակության ճնշող մեծամասնության վստահությունը: - Ճանաչո՞ւմ եք այս թեկնածուին: - Վահրամ Ավետիսյանին ճանաչում եմ բավականին երկար, աշխատել ենք Երևանի պետհամալսարանում: Կարող եմ ասել, որ մասնավոր իրավունքի լավ մասնագետ է: - Անակնկա՞լ էր նրա առաջադրումը: Իմ կարծիքով որևէ իրավաբանի առաջադրումը, որը 40-ն անց է, 15 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունի, անակնկալ չի կարող լինել, որովհետև գրեթե բոլորին ճանաչում եմ այդ ոլորտում, այդ տարիքում և այդ հետաքրքրություններն ունեցող: - Մինչ Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը տարբեր անուններ էին հնչում՝ Գագիկ Ջհանգիրյան, Կարեն Անդրեասյան, Արտակ Զեյնալյան, որ նրանք են իշխանությունների ֆավորիտ թեկնածուները: Դուք թվարկածս անձանց առաջադրման դեպքում նույն վերաբերմո՞ւնք էիք ունենալու: - Չի կարելի խոսել ինչ-որ իրադարձության վերաբերյալ, որը տեղի չի ունեցել: Հետևաբար, ես այս պահի դրությամբ զերծ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց: Նորից պետք է տամ հետևյալ պատասխանը՝ կառավարության, ՀՀ նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի իրավասությունն է ներկայացնել ՍԴ դատավորի թեկնածու, Ազգային ժողովի իրավասությունն է ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին: - Մամուլը գրում է, որ ԱԺ իշխող մեծամասնությանն ազատ է թողնված այս թեկնածուին ընտրելու հարցում և հնարավոր է միասնական քվեարկություն չլինի: - Եթե մենք խոսեինք օրենքների մասին կամ որևէ հարցի մասին, որը քվեարկվում է բաց, ապա կարելի էր քննարկել, բայց այս դեպքում խոսքը գաղտնի քվեարկության մասին է:  Քվեատուփի առջև կանգնելիս ամեն մարդ ինքն իր խղճի և իր ստանձնած հանձնառությունների շրջանակներում է որոշում կայացնում: Հետևաբար, գաղտնի քվեարկության ընթացակարգով ընտրվող որևիցե պաշտոնատար անձի պարագայում չի կարելի խոսել միասնական կամ ոչ միասնական դիրքորոշման մասին: - «Մարտի 1»-ի գործերով թեկնածուի հոր կողմից դատավճիռներ հաստատելու հանգամանքը կարո՞ղ է ձեզ կաշկանդել, թե ոչ: - Մի բան, որ կարող է ինձ կաշկանդել, դա անձի վարքագիծն է, անձի մասնագիտական ուղին, որի հետ կապված ես որոշում կկայացնեմ: Ես չէի ուզենա այստեղ անդրադառնալ ծնողների, զավակների խնդիրներին, որովհետև դա մի փոքր բարդ հարց է և բարոյականության տեսանկյունից, և ընդհանրապես անձի անձնական հատկանիշների գնահատման տեսանկյունից, որովհետև ի վերջո, մենք խոսում ենք կոնկրետ անձի, նրա անցած ուղու և այդ անցած ուղու շրջանակներում նրա դրսևորած վարքագծի մասին:   Շարունակությունը՝ lragir.am-ում։
21:38 - 01 օգոստոսի, 2020
Սահմանադրական փոփոխությունները, որոնց մենք ականատես ենք լինում, հանգեցրել են իրավիճակի, երբ ՍԴ-ում որևէ քաղաքական իշխանություն չունի գերիշխանություն․ Վահե Գրիգորյան

Սահմանադրական փոփոխությունները, որոնց մենք ականատես ենք լինում, հանգեցրել են իրավիճակի, երբ ՍԴ-ում որևէ քաղաքական իշխանություն չունի գերիշխանություն․ Վահե Գրիգորյան

Այսօր՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ նախկինում Հայաստանի ժողովուրդը ընտրությունների ժամանակ ի վիճակի չի եղել իր կամարտահայտությունն ազատորեն դրսևորելու։ «Դա փաստված է թե՛ ընտրական խիստ տարօրինակ վիճակագրությամբ, թե՛ նախորդ երկու տասնամյակի ընթացքում գործող այն ընտրական կանոնակարգումներով, որոնք փաստացի անհնար էին դարձնում ընտրակեղծինքերի դեմ արդյունավետ պայքարը, ավելին՝ պետական մի ողջ համակարգ մասնակից էին դարձնում ամենավտանգավոր ընտրակեղծարարության սխեմաներին, որոնցից առաջինը ընտրողների ստորագրված ցուցակների գաղտնիության պայմաններում ընտրողների քանակի հավելագրումն էր՝ հօգուտ այդ պահի դրությամբ գործող իշխանությունը վերահսկող քաղաքական խմբավորման, երկրորդը ընտրական վեճերով բողոքարկման բացարձակ անարդյունավետությունը և Սահմանադրական դատարանի՝ այս հարցում իր առաքելության իսպառ ձախողումն էր»,- նշեց նա։ Ըստ Վահե Գրիգորյանի՝ երաշխիքներ չկան, որ այս պրակտիկան չի կարող կրկնվել, եթե արատավոր անցյալն իր գնահատականին չի արժանացել, և այդ գնահատականից բխող գործուն քայլեր չեն կատարվել։ «Երբ մենք խոսում ենք Սահմանադրական դատարանի մասին, մենք խոսում ենք պետական իշխանության բարձրագույն մարմիններից մեկի մասին։ Մի պետությունում, որտեղ ավտոկրատիկ պրակտիկաների կիրառման արդյունքում որևէ գյուղապետ նույնիսկ չէր կարող ընտրվել կամ պաշտոնավարել՝ առանց քաղաքական իշխանության համաձայնության, բոլորի համար հաստատ է, որ որևէ մեկը չէր կարող հայտնվել Սահմանադրական դատարանում՝ բացարձակ լոյալություն չդրսևորելով այդ իշխանության նկատմամբ»,- ասաց նա։ Վահե Գրիգորյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները, որոնց մենք ականատես ենք լինում վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, հանգեցրել են իրավիճակի, երբ ՍԴ-ում այլևս որևէ քաղաքական իշխանություն չունի և չի կարող ունենալ գերիշխանություն։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ բոլոր այն քննադատությունները, որոնք ուղղված են եղել վերջին սահմանադրական փոփոխությունների դեմ, իրենց առանցքում ունեցել են հետևյալ, իմ գնահատմամբ, մտացածին կետը, որ նոր իշխանությունը ձևավորելու է իր քիմքին հաճո ՍԴ։ Մենք այստեղ գործ ունենք ոչ թե քաղաքագիտական կանխատեսումների կամ իրավագիտական վերլուծությունների, այլ պարզ մաթեմատիկայի հետ»,- նշեց նա։ Վահե Գրիգորյանն ասաց, որ այս պահի դրությամբ ՍԴ-ում պաշտոնավարում են 4 դատավորներ, որոնք նշանակվել են 2010-ից 2018 թվականների ընթացքում՝ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք։ Դատավոր Դիլանյանին ընտրել է Ազգային ժողովը նախորդ իշխանության՝ խորհրդարանում ունեցած գերակշռության պայմաններում, և միայն իրեն է ՍԴ դատավոր ընտրել 7-րդ գումարման Ազգային ժողովը։ «Եթե ևս 3 դատավորներ ընտրվեն ՍԴ-ում, նրանցից առնվազն մեկը լինելու է դատավորական կորպուսից, որտեղ նա անխուսափելիորեն նշանակված է լինելու կրկին երրորդ նախագահի ադմինիստրացիայի օրոք և անձամբ նրա կողմից, և միայն մեկին է ի վիճակի լինելու առաջադրել ՀՀ կառավարությունը, որը նույն քաղաքական թիմն է, ինչ ԱԺ-ն, և մյուսին ներկայացնելու է ՀՀ նախագահը։ Նույնսիկ համաձայնելով ընդդիմախոսների բոլոր փաստարկներին, որ նախագահի կողմից առաջադրվողներն էլ են համարվում ՍԴ-ում քաղաքական նշանակումներ՝ նոր ձևավորվող ՍԴ-ի 9 դատավորներից 6-ը լինելու են այս կամ այն փուլում նախագահ Սարգսյանի կողմից նշանակված դատավորներ»,- նշեց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ այս սահմանադրական փոփոխություններն ընդամենը ՍԴ-ն 2015 թվականի մոդելին համահունչ ՍԴ դարձնելու ուղղությամբ արված քայլ են։    Հիշեցնենք, հունիսի 26-ին ուժի մեջ մտան ԱԺ-ի ընդունած՝ Հայաստանի Հանրապետության Սահմանդրության փոփոխությունները: Այս փոփոխություններով մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և նրան պաշտոնավարումը դադարում է։
21:07 - 05 հուլիսի, 2020