Տարոն Սիմոնյան

Տարոն Վարդանի Սիմոնյանը ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Անկուսակցական է։ 

2007թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2009թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան (եվրոպական իրավունք), 2012թթ.՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ 2009թ.՝ ԱՄՆ Թաֆտս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (միջազգային իրավակարգ)։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։

2010թ․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Եվրոպական հետազոտությունների կենտրոնի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս է: 2008-ից իրավաբանական եւ փորձագիտական աշխատանք է իրականացնում միջազգային եւ մասնավոր կազմակերպություններում՝ Եվրոպական Միության եւ Եվրոպայի Խորհրդի մի շարք ծրարգերում, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում, ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկներում (UNFPA, UNDP), ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում: 2010 թվականից զբաղվում է փաստաբանական գործունեութամբ: 2011-2019թթ.՝ «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։

2008 թվականից ՀՀ իրավաբանների միության (ասոցիացիայի) անդամ է, 2012-2019թթ.՝ գործադիր տնօրեն։ 2010թ.՝ «Լոռվա երիտասարդների միասնություն» հկ համահիմնադիր, համանախագահ: 2010թ.՝ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, 2013-2016թթ. տնօրեն։ 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, 2017 թվականից՝ ՓՊ խորհրդի անդամ։ 2014 թվականից Եվրոպական արբիտրաժային պալատի անդամ, արբիտր (Բելգիա, Բրյուսել)։ 2016թ.՝ Հայաստանի հաշտարարների միության համահիմնադիր, ՀՀՄ խորհրդի անդամ։ 2016 թվականից՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կից զինվորական հարցերով հանձնաժողովի անդամ։ 2017թ՝. ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր, խորհրդի անդամ։ 2017-2019թթ.՝ ՄԱԿ-ի միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) ՀՀ ազգային թղթակից:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ադրբեջանը լայնածավալ զինված հարձակում է գործում Ջերմուկի բոլոր ուղղություններով՝ հրթիռակոծելով քաղաքի բնակելի հատվածները․ Տարոն Սիմոնյան

Ադրբեջանը լայնածավալ զինված հարձակում է գործում Ջերմուկի բոլոր ուղղություններով՝ հրթիռակոծելով քաղաքի բնակելի հատվածները․ Տարոն Սիմոնյան

7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, իրավագետ Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ նոր է դուրս եկել Ջերմուկ քաղաքից։ Սիմոնյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․    «Ադրբեջանը լայնածավալ զինված հարձակում է գործում բոլոր ուղղություններով՝ հրթիռակոծելով քաղաքի բնակելի հատվածները։ Չխորանամ այն հարցերում, թե միջազգային իրավունքի քանի նորմ է խախտվում։ Դա այս նոր աշխարհում այդքան էլ հետաքրքիր չի։Բանակի հերոս տղերքը զսպում են թշնամուն։ «Սահմանային լարվածության» բառերով իրենց պիղծ ու անբարոյական հոգին հանգստացնող քաղաքական որոշ գործիչների ու դրսի որոշ «գործընկերների» ուղեղը բոլոր անհրաժեշտ միջոցներով մտցնել է պետք, որ Հայաստանի խորքում գտնվող բնակավայրերը սահման չեն։ Նույն տրամաբանությամբ Երևանն է «սահման», իսկ Երևանի փափուկ կյանքով ապրող ՖԲ-յան հայրենասերների տները՝ թիրախ»,-գրել է նա։ Սիմոնյանը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում հանրությանը թմբիրի մեջ պահելը, անհարկի հանգստացնելը, ժամերով քաղաքական հարց ու պատասխան անելը, խնդրին չառնչվող նախագծեր քննարկելը, օր առաջ հանրության միասնականության ու մոբիլիզացիայի հարցերով չզբաղվելը սահմանակցում է տգիտության/հանցավորության հետ․ «Եվ եթե պետականության կորստի վտանգը որոշ ստրկամիտ մարդկանց ուղեղին հասու չէ, օգտագործեմ սթափեցնող մյուս հասկացությունը՝ ցեղասպանություն։ Ահա այն, ինչին ձգտում են Ադրբեջանը և Թուրքիան։Այս մարտահրավերին դիմագրավելու միակ ուղին համընդհանուր միասնությունն է ու մոբիլիզացիան։Դրսից օգնություն մի սպասեք։ Վստահ եմ՝ հենց սկսենք հաջողություններ գրանցել, օգնողներ կլինեն»,-նշել է Սիմոնյանը։
20:06 - 14 սեպտեմբերի, 2022
7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

Նկարը՝ Iravaban.net-ի ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում։ Այս խորհրդարանը գործունեություն ծավալեց 2 տարի 5 ամիս, և այս տարվա մայիսի 10-ին արձակվեց իրավունքի ուժով՝ Նիկոլ Փաշինյանին երկու անգամ վարչապետ չընտրելու մեթոդով, որպեսզի հունիսին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ նոր ընտրություններ։ 2 տարի 5 ամիս օրենսդիր մարմնում գործունեություն են ծավալել երեք խմբակցություններ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»։ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, մշակում, նաև փոփոխում է օրենքներ և այլն: Հետևաբար օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած երեք ուժերի աշխատանքի գնահատման մեթոդներից մեկն էլ նրանց ներկայացրած և ընդունած օրենսդրական նախագծերն են։ Օրենսդրական նախագծերի ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել Ազգային ժողովի պաշտոնական Parliament.am կայքը, որտեղ հրապարակվում են պատգամավորների ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ և դեռևս չեն քննարկվել, կամ ընդգրկվել են ԱԺ օրակարգում, բայց դեռ չեն ընդունվել, կամ էլ ընդունվել են ամբողջությամբ։ «Իմ քայլը» խմբակցություն Այսպես, 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունն ունի 81 պատգամավոր, որոնցից 15-ը այս գումարման Ազգային ժողովում չունեն ընդունված նախագծեր, իսկ նրանց մի մասը պարզապես չեն էլ ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Այս պատգամավորներից ոմանք միայն վերջերս են ստանձնել պատգամավորական մանդատը, սակայն կան նաև պատգամավորներ, որոնք արդեն 2 տարի 5 ամիս է՝ օրենսդիրում են։ Օրինակ՝ Մաթևոս Ասատրյանը խորհրդարանում 2 տարի 5 ամիս աշխատելու ընթացքում համահեղինակության կարգով նախաձեռնել է 2 օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, սակայն դրանցից մեկը հեղինակը հետ է վերցրել, իսկ մյուսը հանվել է շրջանառությունից։ Այսինքն՝ պատգամավորը 7-րդ գումարման Ազգային ժողովում աշխատել է 2 օրենքի փոփոխության նախագծերի վրա, որոնք չեն ընդունվել։ Պատգամավոր Միքայել Զոլյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել ոչ մի նախագիծ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չունի ո՛չ ընդունված, ո՛չ օրակագում ընդգրկված և ո՛չ էլ շրջանառության մեջ դրած նախագծեր։ Պատգամավոր Սեդրակ Թևոնյանը նույնպես 7-րդ գումարման Ազգային ժողովում որևէ նախագիծ չի ներկայացրել։ Վերջինիս որպես հանձնաժողովի անդամ ներգրավված է եղել «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» նախագծի կազմում։ Պատգամավոր Կնյազ Հասանովը Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր է։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում Ազգային ժողովին չի ներկայացրել և չի համահեղինակել որևէ օրենսդրական նախագիծ։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Վերջինիս ներգրավված է եղել մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում։ Պատգամավոր Արտաշես Թևոսյանը մանդատը ստանձնել է խորհրդարանի ձևավորման հենց սկզբից։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում ներկայացրել է միայն մեկ նախագիծ, սակայն հետագայում հետ է կանչել այն։ Պատգամավորը չունի ընդունված ոչ մի նախագիծ, սակայն մեկ նախագիծ ընդգրկված է օրակարգում, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Սա վերջին 2,5 տարիների ընթացքում միակ նախագիծն է, որը դեռևս ամբողջությամբ ընդունված չէ։  Արման Եղոյանը չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Վերջինս մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ է եղել, որոնք, սակայն, հեղինակը հետ է կանչել։ Նախագծերից մեկը, որի համահեղինակ է եղել Արման Եղոյանը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին է․ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Մեկ այլ նախագիծ էլ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է, որը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հետ է վերցվել։ Այս նախագիծը նորից ներկայացվել է ԱԺ․ ընդունվել առաջին ընթերցմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծում Եղոյանը նույնպես ներառված է եղել․ այս դեպքում էլ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Երկրորդ անգամ ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Կինեմատոգրաֆիայի մասին մշակված նախագիծը արժանացել է նույն ճակատագրին, ինչ նախորդ երեք նախագծերը։ Այս անգամ ևս ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Այսինքն՝ այս պահին Եղոյանը օրակարգում ընդգրկված 3 նախագծերի համահեղինակ է։ Նարեկ Ղահրամանյանը պատգամավորական մանդատը ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, որից օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սա կարող է պատճառ լինել օրենսդրական բնականոն գործունեության խաթարման, բայց, այնուամենայնիվ, պատգամավորը դեռևս չունի ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն նա համահեղինակ է օրենսդրական 2 նախագծի, որոնք ընգրկված են օրակարգում, իսկ մեկ նախագիծ էլ դեռ օրակարգում չէ։ Նախագծերից մեկը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է, մյուսը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Պատգամավորը նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխություն էլ է նախաձեռնել, որը շրջանառության մեջ է։ Պատգամավորներ Գոռ Երանյանը և Կարապետ Մխչյանը պատգամավորական մանդատ են ստանձնել համապատասխանաբար 2020 թվականի հոկտեմբերի 1-ին և 13-ին, սակայն նրանցից մեկն ընդհանրապես չունի նեկայացրած նախաձեռնություն, մյուսն ունի ներկայացրած, սակայն դեռ չեն ընդունվել։ Մասնավորապես Գոռ Երանյանը ընդհանրապես չունի ներկայացրած նախագիծ։ Կարապետ Մխչյանը օրենսդրական երկու [1,2] նախագծերի մշակման աշխատանքներում մասնակցություն է ունեցել, որոնք, սակայն, հեղինակը հետ է վերցրել։ Երկու նախագծերն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Պատգամավոր Հայկ Ցիրունյանը մանդատը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 27-ին։ Պատգամավորը համահեղինակ է երկու նախագծերի, որոնք այժմ ընդգրկված են օրակարգում։ Դրանցից մեկը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է, մյուսը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Պատգամավորը մինչ օրս չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Պատգամավորներ Նարեկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը և Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, 14-ին և 24-ին։ Մանդատը ստանձնելուց ի վեր Նարեկ Գրիգորյանը չի ներկայացրել և համահեղինակության կարգով ներգրավված չի եղել որևէ օրենսդրական նախագծում։ Կարեն Գրիգորյանը մասնակցություն ունի 2 օրենսդրական նախագծում, որոնք հեղինակը հետ է վերցրել։ Նախագծերից երկուսն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Երկուսի դեպքում էլ նախատեսված են եղել գրեթե նույն փոփոխություններ, սակայն ինչ-ինչ պատճառներով երկու անգամ էլ հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո մինչ օրս չի համահեղինակել և չունի որևէ ներկայացրած նախագիծ։  Պատգամավորներ Էմմա Պալյանը և Վահագն Ալեքսանյանը մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2021 թվականի մարտի 22-ին և ապրիլի 6-ին։ Վերջիններս նույնպես օրենսդրական նախագծեր չեն հեղինակել կամ համահեղինակել։ Կան պատգամավորներ, որոնք ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ ունեն, սակայն նրանցից շատերինը նույն օրենսդրական նախագիծն է, որը մշակվել է շուրջ 55 պատգամավորների համատեղ ջանքերով։ Այսպես՝ պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը և Լիլիթ Ստեփանյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծի համահեղինակ են։ Այս շարքի պատգամավորներից Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը և Արեն Մկրտչյանը չունեն հեղինակած կամ համահեղինակած օրենսդրական նախագծեր։ Վերջիններս չունեն նույնիսկ ներկայացրած օրենսդրական նախագծեր, բացի այս մեկից, որի կազմում իրենք նույնպես ընդգրկված են եղել։ Սերգեյ Մովսիսյանը համահեղինակ է 2 օրենսդրական նախագծի, որոնք դրվել են շրջանառության, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգում։ Հայկ Սարգսյանը 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացրել է 4 նախագիծ, սակայն բոլորի դեպքում էլ հեղինակը ընթացքից հետ է վերցրել։ Սարգսյանն այս պահին ունի 1 նախագիծ, որը դրվել է շրջանառության, սակայն դեռ ընգրկված չէ օրակարգում։ Մերի Գալստյանը ներկայացված է եղել 15 օրենսդրական նախագծերում․ բոլորի դեպքում հեղինակը ընթացքից հետ է վերցրել նախագիծը։ Այժմ պատգամավորը ներկայացված է 3 նախագծում, որոնք դրվել են շրջանառության, բայց դեռ ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյան 1 նախագծի հեղինակ է, սակայն ընթացքում այն հետ է վերցրել։ Այժմ կան 6 նախագծեր, որոնք շրջանառության մեջ են, սակայն դեռ օրակարգում չեն ընդգրկվել։ Պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյանը, Տաթևիկ Գասպարյանը և Արթուր Մանուկյանը համահեղինակ են ընդունված միայն մեկ օրենսդրական նախագծի՝ ««Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»։ Սակայն, բացի այս երեք պատգամավորներից, նախագծի համահեղինակ են ևս 35 պատգամավորներ։ Այս պատգամավորներից Ալեքսանդր Ավետիսյանը և Տաթևիկ Գասպարյանը բացի այս նախագծում ներգրավված լինելուց, չեն ներկայացրել որևէ այլ օրենսդրական նախագիծ։ Արթուր Մանուկյանը ներգրավված է 2 օրենսդրական նախագրեծում, որոնք ընդգրկված են օրակարգում։ 1 օրենսդրական նախագծի համահեղինակ է նաև պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Բացի այս մեկ ընդունված օրենսդրական նախագծից, պատգամավորը ներգրավված չի եղել որևէ այլ օրենսդրական նախագծում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Ընդդիմադիր ուժերի պարագան մի փոքր այլ է։ Վերջիններս հնարավոր է չունենան ընդունված օրենսդրական նախագծեր իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանում մեծ թվով ներկայացված լինելու պատճառով։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախագծերը չեն ընդունվում իշխանության ներկայացուցիչների դեմ քվեարկելու պատճառով, ինչը սովորաբար չի լինում «Իմ քայլի» ներկայացրած նախագծերի պարագայում։ Այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք այս խմբակցության պատգամավորների ներկայացրած, ընդունված և չընդունված նախագծերի մի մասի վերաբերյալ ամփոփ տվյալներ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը և Սողոմոն Սողոմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեն ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ, սակայն այս նախագծի վրա համահեղինակության կարգով աշխատել են շուրջ 38 պատգամավորներ, որոնց թվում էին նաև հիշյալ անձինք։ Նախագիծը COVID 19-ի տարածումը կանխելու, կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին է։ Վերոնշյալ պատգամավորներից Գագիկ Ծառուկյանը և Սողոմոն Սողոմոնյանը բացի այս ընդունված նախագծիչ չեն ներկայացրել որևէ այլ նախագիծ։ Պատգամավոր Նորա Առուստամյանը ներկայացրել է 2 օրենսդրական նախագիծ, սակայն դրանք մերժվել են։ Վերջինս ունի նաև օրակարգում ընդգրկված 1 նախագիծ։ Վարդևան Գրիգորյանը համահեղինակել է 5 նախագիծ, որոնցից 1-ը մերժվել է, 4-ը  հետ է վերցվել։ պատգամավոր Կարինե Պողոսյան ներկայացված է 2 օրեսնդրական նախագծում, որոնք սակայն հետ են վերցվել։ Պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Քաջիկ Գևորգյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Հրանտ Մադաթյանը, Տիգրան Ստեփանյանը, Վարդան Վարդանյանը և Իվետա Տոնոյանն ունեն ընդունված 2 օրենսդրական նախագիծ, որից մեկը հիշյալ նախագիծն է։ Այս պատգամավորներից Արայիկ Աղաբաբյանը, Տիգրան Ստեփանյանը և Վարդան Վարդանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր։ Քաջիկ Գևորգյան համահեղինակ է մի նախագծի, որը դրվել է շրջանառության, սական ընդգրված չէ օրակարգում։ Ջանիբեկ Հայրապետյանը ներկայացրել է 5 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հեղինակը հետ է վերցրել, 2-ը՝ մերժվել։ Հրանտ Մադաթյան ներկայացված է 10 օրենսդրական նախագծում, որոնցից 9-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ Իվետա Տոնոյանը ներկայացրել է 4 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Ինչպես արդեն նշեցինք ընդդիմադիր պատգամավորների պարագայում մի փոքր այլ է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ ասել է, որ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերը իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում՝ դեմ քվեարկելով, որից հետո, ամիսներ անց, որոշակի փոփոխության ենթարկելով իրենց անվան տակ ներկայացնում են նույն նախագծերը և ընդունում։ Հետևաբար ընդդիմադիր պատգամավորների մոտ հաճախակի են դեպքերը, երբ ներկայացվել են նախագծեր, որոնք չեն ընդունվել։ Այսպես, օրինակ, պատգամավորներ Հրանտ Այվազյանը, Սրբուհի Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն վերջիններս ունեն ներկայացրած նախագծեր, որոնց մի մասը հենց հեղինակներն են հետ կանչել, մի մասն էլ մերժվել է։ Նշված պատգամավորներից Հրանտ Այվազյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ներկայացված օրենսդրական այլ նախագծեր։ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է 4 նախագիծ, որոնցից 2-ը հետ է վերցվել, 2-ը՝ մերժվել։ Սարիկ Մինասյանը ներկայացրել է 1 նախագիծ, որը հետագայում հետ է վերցրել։ Սարգիս Ալեքսանյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը և Ռուբիկ Ստեփանյանն ունեն միայն մեկ ընդունված օրենսդրական նախագիծ, որը այն նույն նախագիծն է, որի մասին արդեն խոսեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների գործունեությունը ներկայացնելիս։ Այս պատգամավորներից Սարգիս Ալեքսանյանը, Արմեն Եղիազարյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Ռուբիկ Ստեփանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր, բացի վերոնշյալից։ Պատգամավոր Աննա Կոստանյան ներկայացրել է 8 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ը հեղինակը հետ է վերցրել, 3-ը՝ մերժվել է։ Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում նախաձեռնությունները ներկայացնում է խմբակցության և ոչ անհատ պատգամավորների անունից։ Ընդհանուր առմամբ խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցից ընդունվել են 39-ը։  Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ 7-րդ գումարման խորհրդարանում կան 3 խմբակցություններում չընդգրկված 9 պատգամավորներ։ Նրանցից Աննա Գրիգորյանը և Թագուհի Թովմասյանը համահեղինակել են միայն 1 օրենսդրական նախագիծ։ Այս նախագծի համահեղինակ է նաև մեկ այլ անկախ պատգամավոր՝ Վարդան Աթաբեկյանը։ Վերջինս համահեղինակել է նաև մեկ այլ օրենսդրական նախագիծ։ Աննա Գրիգորյանը բացի այս նախագծից համահեղինակության կարգով ընդգրկված է նաև երկու այլ նախագծերում, որոնք դրվել են շրջանառության, սական դեռ չեն մտել օրակարգ։ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է 4 այլ նախագիծ, որոնք դրվել են շրջանառության, սակայն ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, բացի 2 ընդունված օրենսդրական նախագծերից, համահեղինակել է մեկ օրենսդրական նախագիծ, որը հետագայում հեղինակը հետ է վերցրել 2 ընդունված օրենսդրական նախագիծ ներկայացնողների շարքում են նաև անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը։ Գոռ Գևորգյանը, բացի 2 ընդունված նախագծերից, ներկայացրել է նաև 1 այլ նախագիծ, որը դրվել է շրջանառության մեջ, սակայն դեռևս ընդգրկված չէ օրակարգում։ Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը ներկայացրել են մի շարք օրենսդրական նախագծեր, որոնց մի մասը հեղինակներն են հետ վերցրել, մի մասն էլ մերժվել է խորհրդարանի կողմից։ Ընդհանուր պատկերը դիտարկելիս տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանին ներկայացված օրենսդրական նախագծերը հիմնականում ընդունվել են առանց խնդիրների, իսկ ընդդիմության ներկայացրած նախագծերի պարագայում կան մերժված շատ նախագծեր։ Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք չեն ներկայացրել և չունեն գեթ մեկ ներկայացված օրենսդրական նախագիծ, ոմանք էլ ունեն ներկայացված նախագծեր, սակայն միայն մեկ կամ երկուսն են ընդունվել խորհրդարանի կողմից։ Քանի որ օրենսդիր մարմնի գործառույթներից մեկն էլ օրենքներ մշակել, լրացնել և հեղինակելն է, հետևաբար, սա ակնառու ապացույց է, որի միջոցով էլ կարող ենք պատկերացում կազմել օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած պատգամավորների աշխատանքի մասին՝ այս խորհրդարանի արձակման պահին և նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին։ Նարեկ Մարտիրոսյան
15:40 - 21 մայիսի, 2021
ՀՀ-ն պետք է հստակ քաղաքական գիծ ունենա և ցեղասպան քաղաքականություն վարող պետությունների հետ բարեկամության մասին չխոսի․ Տարոն Սիմոնյան |tert.am|

ՀՀ-ն պետք է հստակ քաղաքական գիծ ունենա և ցեղասպան քաղաքականություն վարող պետությունների հետ բարեկամության մասին չխոսի․ Տարոն Սիմոնյան |tert.am|

tert.am: Մինչ այսօր իշխող խմբակցության շատ պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ առիթը բաց չէին թողնում ընդգծելու Ադրբեջանի, Թուրքիայի հետ հնարավոր բարեկամությունը, անգամ ասել էին՝ հարմար առիթ է հայ-ադրբեջանական բարեկամություն հաստատելու համար։ Սա ուղղակիորեն հակասում էր մեր պետական քաղաքականությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ «Մեր պետական քաղաքականությանը պետք է վեր բարձրացներ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականության շարունակականությունը, որն արտահայտվում էր էթնիկ զտումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, գերիների խոշտանգումներով և սպանությամբ։ Սրանք մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ են, և, բնականաբար, այսպիսի գործողություններ իրականացնող պետության հետ որևէ բարեկամական կապ հաստատելը հնարավոր չէր լինի»,- ասաց նա՝ նշելով, թե այսօր ԱԺ նիստին իշխող խմբակցության որոշ պատգամավոր ընդգծված ձևով արտահայտեցին իրենց կարծիքը, որ Ադրբեջանը կարմիր գծերն անցել է։ «Անկախ նրանից՝ որը կլինի իշխող քաղաքական ուժը, մեր պետությունը պետք է հստակ քաղաքական գիծ ունենա և ցեղասպան քաղաքականություն վարող պետությունների հետ բարեկամության մասին չխոսի, մինչև նրանց ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին չբերի պատասխանատվության դաշտ։ Դրանից հետո արդեն կարելի է խոսել այդ պետությունների հետ բարեկամության մասին։ Եթե նրանք շարունակում են հանցագործություններ կատարել, ու մեր իշխող խմբակցության պատգամավորներից շատերը խոսում են բարեկամության մասին, սա ուղղակի հակասություն է»,-ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում։
12:28 - 04 մայիսի, 2021
Նախադեպն ավելի վտանգավոր է դառնում, երբ հայկական կողմն է հաշտվում իրավիճակի հետ՝ սահմանների որոշակիացման, ճանապարհների բացման և համատեղ օգտագործման գործողություններով. Տարոն Սիմոնյան

Նախադեպն ավելի վտանգավոր է դառնում, երբ հայկական կողմն է հաշտվում իրավիճակի հետ՝ սահմանների որոշակիացման, ճանապարհների բացման և համատեղ օգտագործման գործողություններով. Տարոն Սիմոնյան

Պետություններն ու միջազգային կազմակերպությունները մի կողմից ընդունում են, որ Ադրբեջանը կատարել և կատարում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, մյուս կողմից վերջինիս նկատմամբ ոչ մի հետևանք չեն առաջացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ արձանագրելով, որ նախադեպը շատ ավելի վտանգավոր է դառնում, երբ հիմնական տուժողը՝ հայկական կողմը՝ ինքն է հաշտվում այս իրավիճակի հետ՝ սահմանների որոշակիացման, ճանապարհների բացման և համատեղ օգտագործման, իրավաչափ պահանջներից հրաժարման և այլ գործողություններով։ «Ադրբեջանաթուրքական կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները (ագրեսիա, պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ էթնիկ զտումներ, խոշտանգումներ, վարձկանների օգտագործում, ահաբեկչություն և այլն) տարածաշրջանում և ընդհանրապես՝ միջազգային հարթակում ստեղծել են լրիվ նոր իրավիճակ։ Մի կողմից խնդրով հետաքրքրված գրեթե բոլոր պետություններն ու միջազգային կազմակերպություններն ընդունում են, որ Ադրբեջանը կատարել և կատարում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, մյուս կողմից վերջինիս նկատմամբ ոչ մի հետևանք չեն առաջացնում։ Ավելին, խոսում են «մոռանալու, հաշտվելու և տարածաշրջանում նոր բարեկամական կյանք սկսելու» մասին։ Սա վտանգավոր նախադեպ է, քանի որ ուղղակիորեն հակասում է միջազգային իրավակարգի էությանն ու անգամ՝ դրա գոյությանը։ Միջազգային իրավունքում գոյություն ունի ex injuria jus non oritur սկզբունքը, համաձայն որի անօրինական գործողություններն իրավունք չեն ստեղծում։ Հետևաբար, եթե Արցախյան խնդրի լուծմանը ներգրավված կամ դրա լուծմամբ շահագրգրված պետություններն ու կազմակերպությունները փաստում են, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է միջազգային իրավունքի կոպիտ խախտումների արդյունքում, ապա չպետք է ընդունեն այն որպես իրավաչափ, օրինական կամ այլ կերպ ընդունելի։ Նախադեպը շատ ավելի վտանգավոր է դառնում, երբ հիմնական տուժողը՝ հայկական կողմը՝ ինքն է հաշտվում այս իրավիճակի հետ՝ սահմանների որոշակիացման, ճանապարհների բացման և համատեղ օգտագործման, իրավաչափ պահանջներից հրաժարման և այլ գործողություններով։ Պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո՝ ամեն օր, հայկական երկու պետությունները պետք է ամբողջ աշխարհին ներկայացնեն ադրբեջանաթուրքական հանցագործությունները՝ որպես սպառնալիք միջազգային անվտանգությանը, քանի որ այս «լուռ համաձայնության վտանգավոր նախադեպը», որ այսօր զարգացվում է, ի վիճակի է քանդելու առանց այն էլ փխրում միջազգային ամբողջ իրավակարգը։ Սա չանելը կամ գործողություններով այլ կերպ այս նախադեպին նպաստելը հավասարազոր է համաձայնելու և արդարացնելու ադրբեջանաթուրքական կողմի ագրեսիան, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները»,- գրել է Սիմոնյանը։
11:27 - 31 մարտի, 2021
Երկուսն էլ լուրջ պրոֆեսիոնալներ են. Սիմոնյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների մասին |1lurer.am|

Երկուսն էլ լուրջ պրոֆեսիոնալներ են. Սիմոնյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների մասին |1lurer.am|

1lurer.am: Նրանցից որևէ մեկի ընտրությունն այս պարագայում կհամարենք միանշանակ դրական՝ անկախ նրանից, թե ով կընտրվի, որովհետև երկուսն էլ բավականին լուրջ պրոֆեսիոնալներ են ու մեծ հարգանք են վայելում իրավական համայնքում՝ ոչ միայն իրենց մասնագիտական գիտելիքների համար, այլև մարդկային որակների: Այդ մասին ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրության քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նշենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները երկուսն են՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը:              «Ցավոք, ՀՀ-ում մենք կադրային մեծ բազա չունենք իրավաբանության բնագավառում և նաև մնացած բնագավառներում: Երբ գտնում ենք լավ կադրեր, արհեստավարժ մասնագետներ, նրանց պետք է բռնենք, համոզենք, բերենք պետական ապարատ՝ մասնավորապես նաև դատական իշխանություն: Չպետք է թույլ տանք, որ լավ կադրերը հիասթափվեն պետական ապարատից և գնան մասնավոր ոլորտ: Պետական մտածողություն է պետք բոլորիս»,- ասաց Սիմոնյանը:
11:56 - 24 մարտի, 2021
Դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք. Սիմոնյան |1lurer.am|

Դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք. Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի ժամանակ հայտարարեց, թե այդպես ոչ թե ապահովում ենք դատարանների փոփոխությունն ու արդյունավետ աշխատանքը, այլ ավելացնում դատավորների կախվածությունը և սահմանափակում դատաիրավական իրավունքները՝ այդ թվում նաև դատավարության մասնակիցների, փաստաբանների և այլն: «Դատավորները անկախ պետք է լինեն նաև մեկը մյուսից, և Բարձրագույն դատական խորհրդից ևս դատավորներն անկախ պիտի լինեն: ԲԴԽ լծակներն այնպիսին պետք է լինեն, որ ոչ թե միջամտեն դատավարության իրականացմանը, այլ հակառակը՝ դատավորների անկախությունը երաշխավորեն: Ինչո՞ւ. ուզում եք անգամ դատավորների՞ն վերահսկել ԲԴԽ-ի միջոցով: Ի՞նչ է նշանակում՝ դատավարության մեջ փոփոխություն մտցնել և սահմանել, որ Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա, եթե բեկանվում է ակտը, ուրեմն ստորադաս դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել, մինչդեռ նույն դատավարական օրենսգիրքը արգելում է նման գործընթաց սկսելը»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք:
12:58 - 19 մարտի, 2021
Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք․ Տարոն Սիմոնյան

Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք․ Տարոն Սիմոնյան

Ես երիցս համոզվում եմ, որ ԱԺ-ն և քաղաքական գործիչները, հատկապես պատգամավորները այն մարդիկ չեն, ովքեր պետք է ընտրեն վճռաբեկ դատարանի դատավոր, որովհետև մենք, իրական թեման թողած, անընդհատ շեղվում ենք, այլ թեմաներից ենք խոսում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ արդեն երեք օր է` Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը շեշտեց, որ հիմնական թեմային անդրադառնալու ժամանակը պատգամավորները ծախսում են այլ թեմայի վրա։ Սիմոնյանը նշեց, որ երեք օրվա ընթացքում գրեթե 7 աշխատանքային ժամ ծախսվել է ոչ թե թեկնածուների վերաբերյալ հարցեր տալու, պատասխաններ ստանալու վրա, այլ ծախսվել է երրորդ անձի հետ կապված քննարկում կազմակերպելու համար։ «Արդյո՞ք մեր պետականությունը այսօր այդ մարտահրավերի առջև է կանգնած, իմ համոզմամբ՝ ո՛չ։ Այն անձը, ում մասին դուք երեք օր շարունակ խոսում եք, այդ անձի թեկնածությանը և այդ անձի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուն մենք ի սկզբանե դեմ ենք եղել, երբ դուք կողմ էիք, բայց դուք նույն էնտուզիազմով մեր վրա էիք հարձակվում, ասում էիք՝ մեր ընտրությունն է։ Իհարկե, դուք անձամբ չէիք ընտրել, կազմակերպել եք այդ ընտրությունը՝ ձեր գործիքների, լծակների միջոցով։ Դուք հարձակվում եք մեր վրա, ասում եք՝ մեր ընտրությունը լավագույնն է, ճշմարտությունը մեր կողմն է։ Հիմա, քանի որ այդ անձը այլևս չի սպասարկում ձեր շահերը, ես չեմ ասում՝ լավ է անում, թե վատ, այլ չի սպասարկում ձեր շահերը, հիմա հարձակվել եք իր վրա, ասում եք՝ մենք ճիշտ ենք, դու սխալ ես։ Չեմ ասում՝ ինչ է ասել, ոնց է ասել, չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, այլ ուզում եմ անդրադառնալ այն բանին, որ դուք անընդհատ փոխում եք ձեր ճշմարտության հենքը։ Կարո՞ղ է դուք եք սխալ, և ձեր ճշմարտությունը սխալ ճանապարհ է ընտրել»,- հավելեց պատգամավորը։ Վերջինս կրկին շեշտեց, որ դատավորները քաղաքական հայտարարություն չպետք է անեն, և դրանում բոլորը համակարծիք են, որովհետև դատավորները արդարադատության կրողներն են։ Սիմոնյանը հստակեցրեց, որ դատավորները արդարադատություն են իրականացնում, նրանք արդարություն չեն իրականացնում։ Պատգամավորն ընդգծեց, որ սրանք մասնագիտական բառեր են, և պարտադիր չէ, որ բոլորը  իմանա դրանք։  «Արդարադատությունը օրենքով սահմանված ընթացակարգ է, արդարությունը բարոյական կատեգորիա է։ Եթե մենք իրականացնում ենք արդարադատություն՝ օրենքով սահմանված եղանակով, օրենքների հեղինակը ԱԺ-ն է։ Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք։ Եթե օրենքները այնպսին են, որ չեն ենթադրում ճիշտ արդյունք, ապա մի պահանջեք դատավորներից արդարություն, որովհետև այն բարոյական կատեգորիա է։ Այսքան ժամանակ ծախսելու փոխարեն դուք ընդամենը կարող էիք բացել  դատական օրենսգրքի 585-րդ հոդվածը այնտեղ կարդալ, որ ԲԴԽ անդամի նկատմամբ կարելի է հարուցել կարգապահական վարույթ, եթե նա որոշակի խախտումներ է թույլ տվել։ Երեք անդամի նախաձեռնությամբ կարող էիք անել, ես վստահ եմ, որ երեք անդամի վրա՝ ձեր ազդեցության միջոցով կարող էիք նախաձեռնել այդ գործընթացը»,- նշեց նա։ Սիմոնյանը խոսքով՝ վերը նշված ընթացակարգը չի իրականցվում, իսկ դրա փոխարեն նախընտրելի է  7 ժամ ծախսել այս ամբիոնից անվանարկելու մեկ անձի և նրա հետ մեկտեղ ամբողջ դատական համակարգի։ Պատգամավորն անդրադարձավ այն մտքին, թե խոսքը չի գնում ամբողջ դատական համակարգի մասին այլ անձերին է վերաբերվում, բայց Սիմնոյանի կարծիքով  հասարակության ընկալումը այլ է և այստեղ կարևորվում է պատգամավորների՝ որպես պատգամավորի առաքելության գիտակցումը։ Սիմոնյանը շատ ճիշտ համարեց այն միտքը, որ պատգամավորի յուրաքանչյուր խոսք մեծ արձագանք է ստանում և պետք է  զգույշ խոսել, որովհետև պատգամավորները օրենսդիր մարմին են և իրենց  արտահայտությունները օգտագործվում են օրենքների, օրնենքների մեկնաբանությունների մեջ, և դա հետագայում ազդում է հասարակության վրա։ «Չի կարելի չիմանալով, թե ինչ է արդարադատությւոնը, իրավաբանությունը, թե ինչ է օրենքը, միանգամից հարձակվեք այդ երևույթների վրա, քանդեք առանց այդ էլ խարխուլ դատական իշխանությունը։ Ձեզնից շատ քչերն են առնչվել արդարադատության այն խնդիրների հետ, որոնց ես եմ առնչվել՝ անգամ իմ մաշկի վրա զգացել եմ անարդարության շատ դեպքեր, բայց ես չեմ կանգնում և այնպիսի բառապաշար օգտագործում, որը պետականության կարևոր հիմքերից մեկը խարխլի՝ դատական իշխանությունը։ Խնդրում եմ, պահանջում եմ ուշադիր եղեք ձեր բառապաշարին, դրանք հնարավոր է, և  նաև իսկապես  բացասականորեն ազդում են ամբողջ պետականաշինության գործընթացի վրա»,- ասաց Սիմոնյանը։ Պատգամավորը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորների թեկանծուներին, ասաց, որ պատգամավորների առջև կանգնեցին երկու շատ պարկեշտ և մեծ գիտելիքների տեր անձնավորություններ, ովքեր շատ հավանական է այսօր կամ որոշ ժամանակ անց համալրեն դատական իշխանությունը։ Սիմոնյանը հարց ուղղեց՝  «խնդիրներ ունե՞ք նրանց մասնագիտական ունակությունների հետ, նրանց բարոյական կերտվածքի հետ, թե ոչ։ Կարո՞ղ ենք նմանատիպ մարդկանց քանակը ավելացնել դատական իշխանությունում»։  Սիմոնյանի դիտարկմամբ դատական իշխանությունում առկա բացասական երևույթների դեմ պետք է պայքարել նման մարդկանց քանակը ավելացնելով, ոչ թե ամբողջ ռեսուրսը ծախսել՝ վատերին անվանարկելու վրա։ Դրա փոխարեն կարելի է իրավական գործընթաց սկսել ու նրանց հեռացնել համակարգից։ Իշխող ուժն ունի բոլոր լժակները, իսկ իրենց պատրաստ են օգնել։ «Եթե դուք ձեր էներգիան, ռեսուրսները ծախսում եք բացառապես անվանարկելու վրա և չեք օգագործում  այդ ժամանակը նման անձնավորություններով համակարգը համալրելու վրա, ապա ես ձեր ազնվության վրա կասկածներ ունեմ, որովհետև դա իրական, պետական գործչի մտածելակերպ չէ»,- եզրափակեց Սիմոնյանը։
13:49 - 04 մարտի, 2021
Պատրաստ ենք գնալ ԱԺ լուծարման գործընթացին, ասել ենք՝ չենք առաջադրի վարչապետի թեկնածու, պետք լինի՝ կարող ենք նաև դա գրել թղթի վրա․ Տարոն Սիմոնյան

Պատրաստ ենք գնալ ԱԺ լուծարման գործընթացին, ասել ենք՝ չենք առաջադրի վարչապետի թեկնածու, պետք լինի՝ կարող ենք նաև դա գրել թղթի վրա․ Տարոն Սիմոնյան

Մենք առաջին իսկ օրից հայտարարել ենք, որ պահանաջում ենք արտահերթ ընտրություններ, քանի որ ինքներդ էլ տեսնում եք, որ այս խորհրդարանը ունակ չէ արձագանքել  այսօրվա քաղաքական իրադարձություններին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ «Հիմա ուզում եմ հասկանալ` էլ ինչ է պետք գրել հուշագրում, որպեսզի «Իմ քայլը» խմբակցությունը գնա այդ քայլին, իսկ վարչապետը հարաժարական տա, որպեսզի Ազգային ժողովը լուծարվի»,- հավելեց պատգամավորը։ Իր խոսքում Սիմոնյանն ընգծեց որ միայն հուշագիր ստորագրելը բավարար չէ, պետք է հասկանալ թե այնտեղ ինչ է գրվելու։ Նրա խոսքով՝ եթե այնտեղ պետք է գրվի, որ ԼՀԿ-ն համաձայն է այս Ազգային ժողովի լուծարմանը, ապա այո՛, խմբակցությունը համաձայն է։ Սիմոնյանը կրկին հիշեցրեց, որ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են  վարչապետի թեկնածու չառաջադրել, միայն թե առաջնահերթությունը Ազգային ժողովի լուծարումն է։ Լրագրողների այն դիտարկմանը, թե ԼՀԿ ղեկավարը ասաց, որ պատրաստ է հուշագիր ստորագրել, եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին  չհեռացնեն զբաղեցրած պաշտոնից, իսկ ԳՇ պետի  տեղակալ Տիրանի Խաչատրյանին հետ բերեն  իր պաշտոնին, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անընդունելի էր համարել Մարուքյանը հայտարարությունը՝ նշելով, որ չի կարելի նախապայմաններով խոսելը։ Հարցին, թե արդյո՞ք  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստ է  առանց պայմանի ստորագրել հուշագիր, որպեսզի այս  լարվածությունը մեղմվի, Սիմոնյանը պատասխանեց․ «Ես անձամբ, մեկը մյուսի հետ չեմ ուզում կապել, ԳՇ պետին և 40 բարձարստիճան զինվորական սպայակազմին գործից հանելը այլ գործընթաց է, մեր պետության հիմքերը խարխլող գործընթաց է, և եթե վարչապետը շարունակի իր պնդումը, ու այդ անձիք դուրս գան աշխատանքից, մեր բանակը կգլխատվի։ Սա չի կարելի թույլ տալ, սրա հետ կապված իրավական գործընթաց կա, հույս ունեմ, որ նախագահն էլ կդիմի Սահմանադրական դատարան, որպեսզի ՍԴ-ն իր եզրակացությունը տա։ Բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք գնալ Ազգային ժողովի լուծարման գործընթացին, մենք ասել ենք, որ չենք առաջադրի վարչապետի թեկնածու, եթե պետք լինի կարող ենք նաև դա գրել թղթի վրա»։ Այն հարցին, թե արդյո՞ք  պատրաստ են գնալ քաղաքական քննարկումների, պատգամավորը պատասխանեց, որ օրեր առաջ իրենք  հրավիրել էին ԱԺ խորհրդի  նիստ, որպեսզի խորհրդարանում անցկացվեն խորհրդակցություններ, սակայն «Իմ քայլը» խմբակության պատգամավորները չեն եկել նիստին, ինչի արդյունքում այն տեղի չի ունեցել։ Սիմոնյանի խոսքով՝ իրենք սպասում են, որ իշխող խմբակցությունը դիմի իրենց՝ խորհրդակցություններ, քննարկումներ իրականացնելու համար։  «Խմբակցությունը պատրաստ է իրենից կախված ամեն քայլ անել, որպեսզի այդ խորհրդարանը օր առաջ լուծարվի, և իրականացվեն արտահերթ ընտրություններ»,- հավելեց Սիմոնյանը։  Վերջինս անդրադառնալով նաև լրագրողների այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ իր պաշտոնից հեռացնել ԳՇ պետին, արդյո՞ք իշխանության այն պնդումը, թե նման հայտարարությունից հետո ԳՇ պետը չի կարող մնալ իր պաշտոնին արդարացված են, Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը կարող է միայն հեռահար մեկնաբանել, թե ինչու է այս վախը, իսկ մնացած հարցերին կարող է պատասխանել միայն իշխանությունը։  «Այդ վախն այն պատճառով է, որովհետև մենք նման աննախադեպ ակցիա, գործողություն չենք ունեցել մեր պետականության ամբողջ ընթացքում, երբ ամբողջ բանակի բարձրագույն սպայական անձնակազմը կամ նրանց մեծ մասը կանգնեն և պահանջեն, որ վարչապետը հեռանա։ Այսպիսի իրավիճակում առկա մարտահրավերներին չենք կարող արձագանքել, յուրաքանչյուրը վերմակը քաշի իր ուղղությամբ և արդյունքում պետականություն կորցնենք։ Մեկը պետք է ողջախոհություն ունենա, և ողջախոհություն ունենալու անհրաժեշտությունը բխում է հենց այսպես կոչված հասարակության ամենաբարձր պաշտոնատար անձի ներքին պատասխանատվությունից։ Եթե այդ մարդը պատրաստ է իր անձնական կամակորության հետևանքով պետականությունը վարի տալ, ես այդ մարդուն չեմ կարողանում հասկանալ»,- եզրափակեց Սիմոնյանը։
13:27 - 02 մարտի, 2021
Իշխանությունից պահանջում ենք բացատրություն տալ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ. ԼՀԿ պատգամավոր |1lurer.am|

Իշխանությունից պահանջում ենք բացատրություն տալ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ. ԼՀԿ պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ համացանցում օրերս հրապարակված հայտարարության մի տեքստի, որն առնչվում է Սյունիքին, որը, իբր, գաղտնի կնքվել է դեկտեմբերին և հարաբերություններ է կարգավորել մինչև դեկտեմբերի 18-ը: «Մենք իշխանություններից պահանջում ենք հոդաբաշխ բացատրություն տալ, որովհետև այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, միայն տեքստն է, չկա ստորագրություն հայկական կողմից, և չգիտենք՝ ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է: Եթե անգամ դա ստորագրված լինի գործադիրի ղեկավարի կողմից, սա ոչ միայն հակապետական փաստաթուղթ է, այլև իրավունքի կոպիտ խախտում ունեցող փաստաթուղթ»,- նշեց Սիմոնյանը: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հավելեց, որ փաստաթղթում բաներ կան, որոնք դե ֆակտո իրագործված են: «Հետևաբար մենք հիմնավոր կասկած ունենք, որ դա բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է, կամ իրականում ստորագրված տեքստն է: Բարդ է իշխանության համար հերքել, եթե նման բան չկա»,- նշեց Մարուքյանը:
12:31 - 12 փետրվարի, 2021
Մեծ մարտահրավերներ ունենք, որոնցով զբաղվում են զանազան ինստիտուտներ. Արարատ Միրզոյանը՝ Տարոն Սիմոնյանին
 |armtimes.com|

Մեծ մարտահրավերներ ունենք, որոնցով զբաղվում են զանազան ինստիտուտներ. Արարատ Միրզոյանը՝ Տարոն Սիմոնյանին |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Այսօրվա օրակարգային հարցերից է նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը:  Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նիստի սկզբում ներկայացրեց Ազգային ժողովի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ նախագիծը: Այնուհետև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում, և արդյոք համաչա՞փ են այսօրվա օրակարգային հարցերը կոնկրետ մարտահրավերի: «4 տարի, 8 ամիս, 19 օր և 12 ժամ: Սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը կարող է այն տխրահռչակ հայտարարության հիման վրա պահանջել ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը Արցախից: Սա նաև այն ժամանակն է, որ պետք է օգտագործենք, որ պատրաստ լինենք նման հավանական զարգացման»: Արարատ Միրզոյանն էլ համաձայնեց, որ կան մարտահրավերներ. դրանցով զբաղվում են ՀՀ զանազան ինստիտուտներ: Նրա խոսքով՝ դրանցում դերակատարություն ունի նաև Ազգային ժողովը՝ ընդգծելով, սակայն, որ ԱԺ-ի առօրյա պարտականությունները ոչ ոք անվավեր չի ճանաչել և չի կարող անվավեր ճանաչել: «Մենք ունենք նաև մեր առջև կանգնած բազմաթիվ այլ խնդիրներ, մենք չենք կարող զբաղվել միայն մեկ հարցով, մենք կարող ենք զբաղվել մեկ հարցով, երկու հարցով, երեք հարցով՝ ըստ առաջնահերթությունների, բայց զուգահեռաբար նաև չորրորդ հարցով, հինգերորդ հարցով, քսանվեցերորդ հարցով, սա մեր առաքելությունն է և պարտավորությունը»: ԱԺ նախագահը նաև հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները բարձրաձայնում են քննարկվող հարցերի ոչ ադկետվատ լինելու մասին, սակայն մասնակցում են քննարկումներին: 
11:00 - 09 փետրվարի, 2021
Եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծը չընդգրկեց ԱԺ օրակարգ |tert.am|

Եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծը չընդգրկեց ԱԺ օրակարգ |tert.am|

tert.am: ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախահագ Վլադիմիր Պուտինի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Հարցը նիստի օրակարգում ընդգրկելուն կողմ քվեարկեց 40, դեմ՝ 73 պատգամավոր։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց՝ երկու ամիս առաջ են իրականացրել այդ նախաձեռնությունը, որ կարողանան արտահերթ նիստ գումարել և միջազգային իրավունքի խախտմամբ ստորագրված փաստաթղթի իրավաչափությունը քննարկել, սակայն քաղաքական մեծամասնությունը չի ներկայացել խորհրդի նիստին։ Նա ընդգծեց՝ փաստաթղթում մեկ կետ է մնացել, որ դեռևս կենսագործված չէ՝ ռազմագերիների վերադարձի հարցը։ «Մենք առաջարկում ենք հնարավորությունն օգտագործել և այդ կետը քննարկել այս ամբիոնում՝ ընդգծելու համար ռազմագերիներին պատանդ պահելու միջազգային իրավունքի ակնհայտ խախտումը, որն Ադրբեջանի կողմից ակնհայտ հանցագործություն է, և ևս մեկ անգամ միջազգային հանրությանը կոչ անելու հնարավոր լծակները օգտագործել, որ Ադրբեջանին վերադարձնենք դեպի միջազգային իրավունքի պահպանման նորմալ միջավայր, եթե դա հնարավոր է»,-ասաց նա։ Ավելին՝ tert.am-ում
10:59 - 18 հունվարի, 2021
Բաքուն փորձում է խուսափել հայ ռազմագերիներին Հայաստանին հանձնելու պարտականությունից․ Տարոն Սիմոնյան |lragir.am|

Բաքուն փորձում է խուսափել հայ ռազմագերիներին Հայաստանին հանձնելու պարտականությունից․ Տարոն Սիմոնյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենց մոտ գտնվող հայ զինծառայողները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ, ինչը նշանակում է, որ չի ցանկանում վերադարձնել նրանց: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ինչ իրավական գործընթաց կարելի է նախաձեռնել մեր տղաներին վերադարձնելու համար: Մենք իրավական բոլոր գործիքները, որոնք հնարավոր են, կատարում ենք: Մարդու իրավունքների եվրոպական դատարան միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումներ արդեն ուղարկված են, և դրա միջոցով մենք փորձում ենք զսպել Ադրբեջանի քաղաքականությունը ռազմագերիների հետ կապված: Այն, որ Ալիևը հայտարարել է, որ նրանք ռազմագերի չեն, նա ընդամենը միջազգային իրավունքին անձամբ չի տիրապետում, կամ էլ դիտավորությամբ ցանկանում է խեղաթյուրել իրավիճակը, որովհետև նրանք իրականում ռազմագերի են, ռազմական գործողություններին մասնակից անձինք են եղել, եթե իհարկե քաղաքացիական անձինք չեն: Հետևաբար Ալիևը պարզապես ուզում է զրկել նրանց ռազմագերու կարգավիճակից և չվերադարձնել։ Մինչդեռ մենք ՄԻԵԴ-ում, որպես ռազմագերի, և որպես անձինք, որոնց կյանքի իրավունքը վտանգված է, խնդրել ենք, որ Եվրոպական դատարանի միջոցով նրանց հետ բերենք Հայաստան, կամ երաշխավորենք նրանց կյանքի իրավունքը: Դրա համար Ալիևը փորձում է ինչ-որ գործիքներից օգտվելով խուսափել այդ անձանց Հայաստանին հանձնելու պարտականությունից: Մեղադրանքներ են հնչում, որ ՀՀ իշխանությունները մինչև եռակողմ հայտարարությունը ստորագրելը պետք է կոնկրետ երաշխիքներ պահանջած լինեին և որ այստեղ կա մեր մեղքի բաժինը: Հայկական կողմն ընդհանրապես, ես ոնց հասկանում եմ, բանակցություններին չի մասնակցում կամ շատ թերի է մասնակցում, որովհետև և հայտարարության մեջ էր գրված, որ բոլոր գերիները պետք է հետ վերադարձվեն, և հետագայում էլ բազմիցս հայտարարվել է նրանց մասին, բայց գործնականում ոչ մի քայլ չի արվում: Ադրբեջանը, փաստորեն, երբ ուզում և ոնց ուզում վարվում է այդ հայտարարության տեքստի հետ: Եթե այս կողմից արձագանք չկա, հակառակորդը անսանձ քաղաքականություն է իրականացնում: Այդ տեսանկյունից, այո, ՀՀ կառավարությունը շատ թերի է իր աշխատանքը կազմակերպում և բանակցություններին, փաստացի տեսնում ենք, որ չի մասնակցում: Ես չգիտեմ, ՊՆ-ի կամ ԱԱԾ-ի միջոցով ինչ ինֆորմացիաներ են փոխանակում, բայց այն, որ հայտարարության տեքստը, չնայած նրան, որ այդ հայտարարությունն ինքնին միջազգային իրավունքի և ներպետական իրավունքի խախտում էր, դրանում ուղղակիորեն գրված էր, որ պետք է գերիներին հետ վերադարձնել: Եթե մեր կառավարության անդամները անգամ չեն կարողանում այնպես անել, որ գոնե այդ հայտարարության կետերը կիրառվեն, և կիրառվում են միայն ադրբեջանական կողմի պահանջները, այդ թվում այն տարածքների մասով, որոնք նշված չեն այդ հայտարարության մեջ, հետեւաբար մեր կառավարությունն ունակ չէ կամ անգործ է:Ավելին կարդացեք Lragir.am-ում։
19:54 - 06 հունվարի, 2021
ՀԽՍՀ-ԱԽՍՀ վարչատարածքային սահմանները անորոշ են եղել, դրանք չեն կարող մեխանիկորեն պետական սահմաններ դառնալ, այն էլ՝ թշնամաբար տրամադրված պետությունների միջև. Տարոն Սիմոնյան

ՀԽՍՀ-ԱԽՍՀ վարչատարածքային սահմանները անորոշ են եղել, դրանք չեն կարող մեխանիկորեն պետական սահմաններ դառնալ, այն էլ՝ թշնամաբար տրամադրված պետությունների միջև. Տարոն Սիմոնյան

Պարո՛ն վարչապետ, եթե չեք կարողանում սահմանային հարցերում օգուտ տալ Հայաստանի Հանրապետությանը, ապա գոնե Ձեր հայտարարություններով և գործողություններով մի՛ վնասեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Մի՛ զրկեք հաջորդ սերունդներին վերականգնել և հաստատել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնք առնվազն երաշխավորում են հայ ժողովրդի անվտանգությունը։ Լավ, էլ ո՞նց ասենք, որ սեփական անձին/թիմին այսօրեական արդարացման համար չի կարելի պետականության ու ազգի շահի դեմ քայլ անել... ՀԽՍՀ-ԱԽՍՀ վարչատարածքային սահմանները անորոշ և վարչատարածքային սահմաններն են եղել։ Ոչ մի օրենքով դրանք չեն կարող հաստատվել։ Դրանք չեն կարող մեխանիկորեն պետական սահմաններ դառնալ այն էլ, թշնամաբար տրամադրված պետությունների միջև, այն էլ հայերին ոչնչացնելու քաղաքականություն վարող պետության հետ»,- գրել է Սիմոնյանը:
14:09 - 21 դեկտեմբերի, 2020