Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը միջազգային հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Բեռլինում 1993 թ.-ին: Նրա շահույթ չհետապնդող նպատակը քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն միջոցառումներով գլոբալ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելն է եւ կանխելը կոռուպցիայից բխող հանցավոր գործողությունները: 

2000 թ. հուլիսին արեւմուտքում կրթություն ստացած իր համախոհ ընկերների հետ, Ամալյա Կոստանյանը հիմնադրել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հ/կ-ն։  Մեկ տարվա ընթացքում` 2001 թ. հոկտեմբերին կազմակերպությունը հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից որպես ազգային մասնաճյուղ: 2008 թ. փետրվարին կազմակերպությունը վերագրանցվել է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ):

ԹԻՀԿ առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:

Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար ԹԻՀԿ-ն իր երկարարատեւ տեսլականն է սահմանել «Ձեւավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ ռազմավարու­թյան հիմքում:

ԹԻՀԿ գործադիր տնօրենն է Սոնա Այվազյանը։

Չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական գանգատներից, հրաժարվել Մինսկի խմբի լուծարման մտադրությունից. ՀԿ-ներ

Չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական գանգատներից, հրաժարվել Մինսկի խմբի լուծարման մտադրությունից. ՀԿ-ներ

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Նիկոլ Փաշինյանի հրապարակման վերաբերյալ, որտեղ ՀՀ վարչապետը տարածաշրջանում երկարատեւ կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար, ի թիվս այլնի, որպես առաջարկել էր նաև լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։  «2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլ առաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի նման առաջարկը համարում ենք խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։ Սույն հայտարարությամբ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։  Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս պնդում ենք, որ տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել հնարավոր չէ, քանի դեռ ձևավորված և իրագործված չեն մարդու իրավունքների զանգվածային խախտումները կանխող, խախտված իրավունքների վերականգնումը երաշխավորող մեխանիզմներ։ Առանց նման մեխանիզմների հնարավոր չի լինի ոչ միայն կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները, այլև վերացնելու մարդու իրավունքների խախտումների համար անպատժելիությունը։ Առանց մարդու իրավունքները հիմքում ունեցող համապարփակ գործընթացի խաղաղությունն ինքնին զուրկ է իրական բովանդակությունից և չի կարող երաշխավորված լինել երկարաժամկետ կտրվածքով։   Որևէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։ Ադրբեջանը որևէ գործողություն չի կատարել և չի կատարում մարդու իրավունքների խախտումների փաստը ճանաչելու, դրանք քննելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, մարդու իրավունքների խախտումների համար փոխհատուցում տրամադրելու, հավաստելու և երաշխավորելու ապագայում նման խախտումներն ու հանցագործությունները բացառելու ուղղությամբ։ Միջպետական գանգատներից հրաժարումը բերելու է Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների և հանցագործությունների համար տոտալ անպատժելիության և նոր խախտումների և հանցագործությունների կատարման։ Սույնով պնդում ենք, որ՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից միջազգային դատական ատյաններին ներկայացված  հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող միջպետական քաղաքական փաստաթղթերով, հատկապես եթե դրանց կատարումն ապահովող առնվազն համարժեք մեխանիզմ նախատեսված չէ։  ՀՀ ստանձնել է հստակ պարտավորություն՝  իր քաղաքացիների և իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովելու այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) միջպետական գանգատներից հրաժարվելը կհանդիսանա  Կոնվենցիայով ստանձնած այս պարտավորության խախտում։ Ռասայական խտրականության արգելքը ճանաչված է որպես jus cogens, որը ստեղծում է erga omnes պարտավորություններ, որից որևէ վերապահում կամ շեղում չի թույլատրվում։ Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների իրականացվող հետևողական և շարունակական լայնածավալ հայատյաց քաղաքականությունը, խտրականություն ու ատելություն պարունակող հրապարակային հայտարարությունները, որոնք շարունակում են հնչել անգամ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ, Արդարադատության միջազգային դատարանում ռասայական խտրականության հիմքով միջպետական գանգատից հրաժարվելը հավասարազոր կլինի  ռասայական խտրականության քաղաքականությունը արտոնելուն և կհանդիսանա Կոնվենցիայով ստանձնած պարտավորության խախտում, այդ թվում՝ «անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն»։  Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ կտա նրան խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն և զանգվածային խախտումների համար, ինչպես նաև միջազգային բարձրագույն դատական ատյանի կողմից հաստատված հայատյացության պետական քաղաքականություն վարելու և ռասիստական պետություն ճանաչվելուց։ ՀՀ կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ ՄԻԵԴում վերաբերում են հարյուր հազարավոր անձանց մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների, որոնց բոլորի մեջ կարմիր թելով անցնում է էթնիկ ատելության շարժառիթը՝ որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն։ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, և հայերի դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները քաջալերվում են պետության ամենաբարձր մակարդակով՝ երաշխավորելով հանցագործների անպատժելիությունը։  Ներկայացված դատական հայցերը, ի թիվս այլնի, վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների և բռնի անհետացման, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու, ազատության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումների, սեփականության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու  և այլ հիմնարար իրավունքների խախտումների։ ՄԻԵԴ ներկայացված գանգատներից մեկը վերաբերում է հայազգի ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտումներին։ ՀՀ վարչապետն իր առաջարկում ներկայացրել է  «ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը», այս պայմաններում միջազգային իրավական գործընթացները միակ արդյունավետ միջոցն են ապահովելու Արդբեջանում պահվող հայազգի անձանց իրավունքները։ Ավելին, ՀՀ կառավարությունը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը անհապաղ և առանց որևէ նախապայմանների բոլոր պահվող անձանց ազատ արձակելու ու հայրենադարձելու ուղղությամբ։  Այս հարցն առավել կարևոր է դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող խաղաղության պայմանագրի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության և կոպտագույն խախտումներ կատարած անձանց պատժի ենթարկելու հարցեր չեն քննարկվում։ Մինչդեռ, միջազգային պրակտիկայում առկա չէ կոնֆլիկտից հետո երկարատև խաղաղություն ապահովելու  որևէ փորձ, որը չի ներառում արդարադատության ապահովման միջազգային մեխանիզմներ։ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել։ Այդ քաղաքականության արտացոլումն է, ի թիվս այլնի, Արցախի բռնի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը, հայկական գերեզմանների և սեփականության ոչնչացումը՝ Ադրբեջանում հայկական հետքի վերացմանն ուղղված նպատակային քաղաքականությունը։ Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականության արտացոլումն է հայերին և հայկական պետությունը որպես ֆաշիստական որակումը և ուղղակի սպառնալիքները ՀՀ գոյությանը։ Այս քաղաքականությունը լրացվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի» հորինված խոսույթի հիման վրա քաղաքականության զարգացմամբ և առաջմղմամբ, ինչն ուղիղ և անթաքույց սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և սեփական պետությունում ապրելու իրավունքի  դեմ։   Հայաստանի իշխանությունները առաջնային պարտավորություն ունեն պաշտպանելու ՀՀ քաղաքացիների և իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները զանգվածային և համակարգային խախտումներից, ինչպես նաև կանխելու խախտումներին հանգեցնող սպառնալիքները։ Միջազգային դատական ատյաններ ներկայացված բոլոր գանգատները միտված են ՀՀ այս պարտավորության կատարմանը, և դրանցից հրաժարումը իրավունքների պաշտպանության առումով, նշանակում է հրաժարում ստանձնած հանձնառություններից և պարտավորություններից։ Ավելին, մենք վստահ ենք, որ ՀՀ կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների համար անպատժելիության, ինչը երկրի  միջազգային, այդ թվում՝ ՀՀ կողմից վավերացրած Ժնևի կոնվենցիաներով և Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների ուղղակի խախտում է։  Ավելին, մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից իրականացրած մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին, այն անընդունելի է հետևյալ հիմնավորումներով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծված համարվել՝ օրինականացնելով ուժի կիրառմամբ վեճի լուծումը՝ Ադրբեջանի  ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և դրա բնակիչների իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումները և էթնիկ զտումը։ ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարմամբ ՀՀ իշխանությունների կողմից կնշանակի ընդունել ռազմական ճանապարհով հակամարտությունները լուծելու օրինականությունը, ինչը ոչ միայն հենց Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների կոպիտ խախտում կհանդիսանա, այլև ուղղակի սպառնալիք կլինի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։    Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք․  ՀՀ կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում, շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ,  հրաժարվել  ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարման մտադրությունից»,- նշված է գրառման մեջ։  Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ «Փոփոխություն» ՀԿ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն  Փինք իրավապաշտպան ՀԿ Էկոլուր տեղեկատվական ՀԿ Գորիսի մամուլի ակումբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն  Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան ՀԿ Հանրային լրագրության ակումբ Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն (Արցախ միություն) ՀԿ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն ՀԿ «Արբանե» հիմնադրամ
12:23 - 14 հունվարի, 2025
Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ

Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ

2023 թվականին ուժային կառույցների՝ Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության, Հակակոռոպւցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության 85 աշխատակիցներ ստացել են 343 մլն դրամի 105 նվիրատվություն։  «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 105 նվիրատուներից 55-ին և գտնել նրանց կապը պաշտոնյաների հետ։ Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։ 343 մլն դրամից շուրջ 326 միլիոնը պաշտոնյաները ստացել են գումարի տեսքով, իսկ 17 միլիոնը՝  բնամթերային ձևով։ Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները ուժային կառույցների աշխատակիցները ստացել են ծնողներից՝ մոտ 95 մլն դրամ։  Շուրջ 143 միլիոն դրամի նվիրատվություններ կատարած անձանց չենք կարողացել նույնականացնել։   Հայտարարագրերը նվիրատվությունների ծագման աղբյուրը չեն բացահայտում 2023 թվականին 105 նվիրատուներից միայն 9-ն են եղել հայտարարատու։ Մյուս 96 նվիրատուների դեպքում նվիրատվության գումարի ծագման աղբյուրը տեսանելի, հետևաբար նաև հետագծելի չէ։ Նվիրատվությունների գումարների ծագման աղբյուրները հաճախ չեն ուսումնասիրվում անգամ այն դեպքում, երբ նվիրատուներից որոշները հայտարարատու են, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ բոլոր պաշտոնյաների հայտարարագրերն է ուսումնասիրում։  Պաշտոնատար անձանց և նրանց հայտարարատու նվիրատուների հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում որոշ հետաքրքիր դրվագներ ենք նկատել։  Երևան քաղաքի դատախազության արդեն նախկին ավագ դատախազ Կարեն Զոհրաբյանը (պաշտոնեական պարտականությունները դադարեցվել են 2024թ․-ին) 53 500 ԱՄՆ դոլար նվիրատվություն է ստացել կնոջից՝ Նաիրա Ղազարյանից։ Հետաքրքիր է, որ Կարեն Զոհրաբյանի՝ 2023 թվականի եկամուտը կազմել է մոտ 54 մլն դրամ, որից ընդամենը 12.6 մլն դրամն է աշխատավարձ, մնացած 41 մլն դրամից շուրջ 20 մլն դրամը կնոջ նվիրատվությունն է, ևս 21 մլն դրամ էլ արդեն նախկին դատախազը ստացել է վարկերից։  Ուսումնասիրեցինք նաև նրա կնոջ՝ Նաիրա Ղազարյանի հայտարարագիրը։ Վերջինիս այդ տարվա եկամուտը կազմել է 43 մլն դրամ, որից ընդամենը շուրջ 2 մլն դրամն է աշխատավարձից, իսկ մյուս մասը՝ կրկին ստացած վարկերից։  Շիրակի մարզի դատախազության դատախազ Արման Նիկողոսյանը 12 մլն դրամ նվիրատվություն է ստացել հորից՝ Գագիկ Նիկողոսյանից, և 5 մլն դրամ՝ մորից՝ Կարինե Նիկողոսյանից։ 2023 թվականին Արման Նիկողոսյանի եկամուտները կազմել են շուրջ 47 մլն դրամ, որից միայն 9 մլն դրամն է աշխատավարձից: Դատախազը աշխատավարձից և նվիրատվություններից բացի ևս 21 մլն դրամի փոխառություններ և վարկեր է ստացել։   Որո՞նք են ամենամեծ նվիրատվություններ ստացած պաշտոնյաները, ի՞նչ աղբյուրներից են պաշտոնյաները նվիրատվություններ հայտարարագրել Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունը ստացել է Ոստիկանության տնտեսական վարչության պետի արդեն նախկին տեղակալ Վարդան Ավագյանը՝ 16 մլն դրամ՝ Կարինե Սարգսյանից, 10 մլն դրամ և 2 մլն ռուսական ռուբլի՝ Կարեն Ավագյանից։ Միևնույն ժամանակ, այդ տարի նրա աշխատավարձը կազմել է ընդամենը 4.7 մլն դրամ։ Վարդան Ավագյանը նույն մարդկանցից նվիրատվություններ է ստացել նաև նախորդ տարիներին. 2021թ․-ին՝ Կարինե Սարգսյանից՝ 10 մլն դրամ, Կարեն Ավագյանից՝ 1 մլն ռուսական ռուբլի, իսկ 2022թ․-ին՝ Կարինե Սարգսյանից՝ 12 մլն դրամ, Կարեն Ավագյանից՝ 1.2 մլն ռուսական ռուբլի: 2023թ․-ին 22 մլն դրամ նվիրատվություն է ստացել Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի տեղակալ Գնել Սիմոնյանը Հասմիկ Սիմոնյանից։ Գնել Սիմոնյանի 2023 թվականի եկամուտը կազմել է 27 մլն դրամ, որից 22 մլն դրամը նվիրատվություն է, իսկ միայն 5 մլն դրամը՝ վարձատրություն աշխատանքի դիմաց։ Գնել Սիմոնյանին հարցրել էինք՝ ինչ առիթով է ստացել այդքան մեծ նվիրատվություն։ Ի պատասխան վերջինս նշել է. «Օրենսդիրը (հանրությունը) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների հաշվետվողականության և նրանց եկամուտների առաջացման նկատմամբ հսկողության, այդ թվում՝ հանրային վստահության ապահովման նպատակով սահմանել է բավարար օրենսդրական մեխանիզմներ, ուստի ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում եմ, որ իմ կողմից օրենքով սահմանված կարգով իրավասու մարմնին ներկայացված հայտարարագիրը բովանդակում է բավականաչափ տեղեկատվություն և բավարարում է հանրության կողմից սահմանված չափորոշիչներին ու բխում է դրանից»։ Այսպիսով, ըստ Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի՝ սեփական աշխատավարձից 5 անգամ մեծ նվիրատվություն ստացող պաշտոնյայի եկամուտների նկատմամբ հսկողության, ինչպես նաև այդ պաշտոնյայի հանդեպ հանրային վստահության ապահովման համար բավարար է միայն այն, որ այդ նվիրատվությունը հայտարարագրված լինի։ Սա այն դեպքում, որ նվիրատվություն կատարողի՝ հայտարարատու չլինելու հանգամանքով պայմանավորված՝ հանրությունը հնարավորություն չունի տեսնել նվիրաբերված գումարի ծագման աղբյուրը։ Ավելին՝ 6000-ից ավելի պաշտոնյաների հայտարարագրերից 100-200-ն է պարտադիր ուսումնասիրվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։  Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը 20 մլն դրամ է ստացել հորից՝ Լևոն Նազարյանից։ Ստեփան Նազարյանը 2023 թվականին 29 հազար ԱՄՆ դոլար (ավելի քան 11 մլն դրամ) արժողությամբ Volkswagen մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել, 20 մլն դրամ էլ փոխառություն է տվել «Ֆիլիշին» ՍՊԸ-ին։ Մեր զրույցում Ստեփան Նազարյանը նշեց, որ հայրը վաճառել է իր բնակարանը, և որդու անունով «Ֆիլիշին» ՍՊԸ կառուցապատողից ձեռք են բերել բնակարան, այդ պատճառով էլ հայրը թե՛ 2022 թվականին, թե՛ 2023 թվականին այդ վաճառված բնակարանի գումարը մաս-մաս նվիրատվություն է արել որդուն՝ նոր բնակարան ձեռք բերելու նպատակով։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանը անհայտ աղբյուրից ստացել է 18 մլն դրամ նվիրատվություն։ Հայտարարագրի համապատասխան բաժնում վերջինս չի լրացրել, թե ումից է ստացել այդ գումարը։ Մեր զրույցում նա նշեց, որ նվիրատվությունը ստացել է կնոջ հորից և եղբորից, որոնք բնակվում և բիզնես գործունեություն են ծավալում Ուկրաինայում։ «Ես ունեցել եմ հիպոթեքով տուն և նոր տուն եմ վերցրել եկամտահարկով։ Քանի որ նախկինում վերցրած հիպոթեքով տանը մնացորդ կար մուծելու, և նաև կանխավճարներ կար մուծելու, կնոջս հայրը և եղբայրը ինձ նվիրատվություն են արել։ Իրենք Ուկրաինայում, եթե չեմ սխալվում, խմորեղենի մեծ բիզնեսներ ունեն, իմացան, որ ես ուզում եմ եկամտահարկով տուն վերցնել, տեղյակ էին, որ ես գումար չունեմ, իրենց կողմից նվիրատվություն կատարեցին, որ այդ վարկը մուծենք ու կանխավճարները տանք»,- նշեց Խորեն Բարխոյանը։ Նա նաև հավելեց, որ այս նվիրատվությունն իր գործունեության վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ նվիրատուները կնոջ հարազատներն են, որոնք անգամ Հայաստանում չեն բնակվում։ Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը 4 մլն դրամ նվիրատվություն է ստացել, սակայն հայտարարագրում չի նշել, թե ինչ աղբյուրից։  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը 2023 թվականին հայտարարագրել է 4 200 ԱՄՆ դոլար և 1.5 մլն դրամ ստացած նվիրատվություններ։ Երկու դեպքում էլ նվիրատուների հատվածում լրացրել է «փոխանցում ԱՄՆ»-ից։ Մեր զրույցում Երվանդ Նիկոյանը նշեց, որ այս գումարները հայրն է փոխանցել ԱՄՆ-ից։ Գումարային նվիրատվություններից բացի Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետը Արմեն Գասպարյանից որպես նվիրատվություն ստացել է HONDA մակնիշի ավտոմեքենա։ Մեր զրույցում Երվանդ Նիկոյանն ասաց, որ Արմեն Գասպարյանն իր ընկերն է։   Որոշ պաշտոնյաներ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ նվիրատվություններ են ստացել «Ինֆոքոմը» ուսումնասիրել է նաև ուժային կառույցների աշխատակիցների 2021 և 2022 թվականների հայտարարագրերը և նկատել հետևյալ օրինաչափությունը. որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։ Ուժային կառույցների 28 աշխատակիցներ նվիրատվություններ են ստացել առնվազն երկու տարի անընդմեջ։ Նրանցից 3-ը նվիրատվություններ են ստացել երեք տարի անընդմեջ։ Բոլոր երեք պաշտոնյաներն էլ աշխատում են Գլխավոր դատախազությունում։   Ի՞նչ ռիսկեր է պարունակում պաշտոնյաների՝ խոշոր նվիրատվությունների ստացումը Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը նշում է, որ նվիրատվությունները կարող են պարունակել տեսական ռիսկեր, ուստի անհրաժեշտություն կա բոլոր իրավիճակները մանրամասն ուսումնասիրելու, նվիրատվության հանգամանքները պարզաբանելու։ Եթե նվիրատուն ընտանիքի անդամ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնյայի վրա ազդեցություն ունենալու ռիսկեր չեն կարող լինել, մինչդեռ կարևոր է համոզվել, որ ընտանիքի անդամը, որը պաշտոնյային նվիրատվություն է կատարում, ունի դրա համար բավարար միջոցներ. «Այս հանգամանքով պայմանավորված՝ տեսականորեն կարող են լինել մի շարք ռիսկային խնդիրներ։ Կարող են, օրինակ, փոխկապակցված անձանց, մտերիմ, հարազատական կապեր ունեցող անձանց կապերը օգտագործվել երրորդ անձի կողմից գործարքներ ծածկելու համար։ Նվիրատվությունների միջոցով կարող են փորձել երրորդ կողմի շնորհակալությունը պաշտոնյային հայտնելու համար միջնորդ հանդիսանալ մերձավոր ազգականները կամ ընտանիքի անդամները։ Ոչ թե պաշտոնյան անձամբ է այդ շնորհակալությունը կամ կաշառքը ստանում, այլ միջնորդավորված՝ ընտանիքի անդամի միջոցով»։  Արմեն Խուդավերդյանը շեշտում է, որ կարևոր է հասկանալ՝ նվիրատվության միջոցները, որ իրենց մոտ հայտնվել են, երրորդ կողմի աղբյուրի՞ց են հայտնվել, թե՞ ոչ։ Անդրադառնալով այլ ռիսկերին՝ փորձագետը նշում է, որ նվիրատվությունները շատ դեպքերում կարող են օգնել, որ պաշտոնյաները հիմնավորեն իրենց կանխիկ դրամական միջոցների աղբյուրը կամ խուսափեն հարկերի վճարումից, քանի որ նվիրատվության եղանակով կատարված գործարքները ազատված են հարկերից։  «Այս բոլոր իրավիճակները, իհարկե, ունեն տեսական բնույթ։ Շատ կարևոր է, որ նվիրատվության բոլոր գործարքները «հալած յուղի տեղ» չընդունվեն հայտարարագրի մեջ, և չասեն՝ իմ հարազատներն են, կամ այսինչ միջոցառմումներից եմ ստացել նվիրատվություն, ուրեմն խնդիր չկա։ Դրանք բոլորը պետք է ենթակա լինեն մանրամասն ուսումնասիրությունների և հանգամանքների պարզաբանման»,- հավելում է Արմեն Խուդավերդյանը։   Ո՞վ պետք է զբաղվի նվիրատվություններով պայմանավորված ռիսկերի կառավարմամբ Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից, եթե անգամ նրանք հայտարարատու չեն, ըստ անհրաժեշտության, պահանջելու իրավիճակային հայտարարագիր։  Առաջին հայացքից թվում է, թե նվիրատվությունների հետ կապված բոլոր ռիսկերի կանխարգելումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դաշտում է, սակայն Հանձնաժողովը տարեկան կարող է ստուգել սահմանափակ թվով հայտարարագրեր։ Որպես ընտրանք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջին տարիներին սահմանում է պաշտոնների ցանկ՝ որպես ռիսկային չափորոշիչ ընդունելով հիմնականում պաշտոնների բարձրաստիճանությունը, սակայն այդ ցանկը չի ներառում ինչպես ուժային կառույցների աշխատակիցների, այնպես էլ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների և դատական իշխանության ներկայացուցիչների մեծ մասին։ Վերջին երկու խմբերի ստացած նվիրատվություններին անդրադարձել էինք ավելի վաղ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշել է, որ Հանձնաժողովը ևս ռիսկային է համարում խոշոր չափով նվիրատվությունները և հավանաբար առաջիկայում «Ինֆոքոմի» հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն կիրականացնի՝ դուրս բերելով ռիսկային նվիրատվությունները և իրականացնելով համապատասխան վերլուծություն։ Չնայած դրան, եթե նվիրատվությունների ստացումը չսահմանվի որպես ռիսկային չափորոշիչ, չներառվի համապատասխան որոշումներում, ապա խոշոր և ոչ հետագծելի աղբյուրներով նվիրատվություն ստացող պաշտոնյաների հայտարարագրերի վերլուծությունը կիրականացվի դրվագային՝ միայն լրատվամիջոցների հրապարակման առկայության կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա։ Սա այն դեպքում, որ նման նվիրատվություններ ամենաշատը ստանում են այնպիսի առանցքային ոլորտների պաշտոնյաները, ինչպիսիք են ուժային կառույցները, դատական համակարգը, Պետական եկամուտների կոմիտեն։  Այսպիսով, 2023 թվականին ուժային կառույցների ներկայացուցիչների 105 նվիրատուներից 96-ը հայտարարատու չեն եղել, և նրանց նվիրաբերված գումարի ծագման աղբյուրը հանրության համար տեսանելի չէ։ Ավելին՝ անգամ հայտարարատու նվիրատուների դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միշտ չէ, որ ուսումնասիրում է այդ հայտարարագրերը։ Սա այն դեպքում, երբ պաշտոնյաների մի մասի դեպքում նվիրատվությունների ստացումը պարբերական բնույթ է կրում, իսկ բոլոր նվիրատվությունների միջին գումարը մոտ է Հայաստանում 1 տարվա միջին աշխատավարձին։   Լյուսի Մանվելյան
18:31 - 13 հունվարի, 2025
«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» Վրաստանում «այլևս ի վիճակի չէ» դիտորդական առաքելություն իրականացնելու
 |civilnet.am|

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» Վրաստանում «այլևս ի վիճակի չէ» դիտորդական առաքելություն իրականացնելու |civilnet.am|

civilnet.am:  Երեքշաբթի կեսօրին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյին վերանայել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանին» և նրա տնօրեն Էկա Գիգաուրիին որպես ընտրական նպատակներ ունեցող սուբյեկտներ որակելու որոշումը: Կոբախիձեի հայտարարությունը հրապարակվել է ֆեյսբուքում։ Ըստ Կոբախիձեի, Բյուրոյի որոշումը, իրավական տեսանկյունից, հիմնված էր «ճշմարտության ամենաբարձր չափանիշի» վրա։ Այնուամենայնիվ, ըստ նրա, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի» կարգավիճակը պետք է փոխվի «պետական ​​շահերը [պահպանելու] և ընտրական գործընթացում արտաքին շահարկումներից խուսափելու համար»։ Կոբախիձեն հակակոռուպցիոն բյուրոյին առաջարկել է նաև չեղարկել ընտրական նպատակներ ունեցող այլ կազմակերպությունների վերաբերյալ իր որոշումները: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» հայտարարել է, որ «այլևս ի վիճակի չէ» դիտորդական առաքելություն իրականացնել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ վկայակոչելով Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը, ըստ որի՝ այն դասակարգվել է որպես «հայտարարված ընտրական նպատակ ունեցող միավոր»: Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի»՝ սա առաջին դեպքն է նրանց մոտ 25 տարվա գործունեության պատմության մեջ, երբ նրանք որպես դիտորդ չեն մասնակցում վրացական ընտրություններին: Նրանք նշել են, որ այս բանաձևի հիմքում ընկած է Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանին» որպես «հայտարարված ընտրական նպատակ ունեցող միավոր» հռչակելու մասին որոշումը։ Սեպտեմբերի 24-ին Բյուրոն կազմակերպությանը և նրա տնօրեն Էկա Գիգաուրիին դասակարգեց որպես ավելի խիստ ֆինանսական վերահսկողության և քաղաքական խմբերի նկատմամբ կիրառվող կարգավորող պահանջների ենթակա: Որոշման մեջ նշվում է, որ նույն դասակարգմանն է արժանացել նաև վրացիների քվեները համախմբելու նպատակով հուլիսին ստեղծված «Քվեարկիր Եվրոպայի համար» խումբը։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» երկուշաբթի հայտարարել է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը կասեցնելու իրենց միջնորդությունը՝ մինչև դատարանի վերջնական վճռի կայացումը: Նրանք հավելել են, որ այս որոշումը կասեցնելուց հրաժարվելը նշանակում է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» փաստացի համարվում է քաղաքական կուսակցությանը հավասար կազմակերպություն, իսկ նրա գործադիր տնօրենը՝ քաղաքական կուսակցության ընտրական սուբյեկտին հավասար անձ։ ««Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» հրաժարվում է ճանաչել վերը նշված կարգավիճակը, որը մեզ պարտադրվել է բացարձակապես անօրինական կերպով։ Կցանկանայինք ևս մեկ անգամ շեշտել, որ ո՛չ կազմակերպությունը, ո՛չ նրա գործադիր տնօրենը չեն մասնակցում ընտրություններին։ Բացի այդ, մեր ներկայացուցիչներից ոչ մեկը չի հայտնվում քաղաքական կուսակցությունների ցուցակներում։ Ուստի մենք հրաժարվում ենք կատարել «Վրացական երազանքի» հակակոռուպցիոն բյուրոյի կողմից սահմանված պահանջները»։ Բյուրոյի որոշման համաձայն՝ կազմակերպությունը «ենթարկվում է քաղաքական կուսակցությունների համար սահմանված կանոնակարգերին, նաև՝ հատուկ ընտրական հիմնադրամ ստեղծելու պարտավորությանը, արևմտյան ցանկացած ֆինանսավորում ստանալու և ծախսելու արգելքին և պարտադիր ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պահանջին»։ Սեպտեմբերի 24-ին ճեպազրույցում Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին ասել է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի» և «Քվեարկիր Եվրոպայի համար» խմբի ղեկավարները Վրաստանի քաղաքացիներին կոչ են արել կատարել եվրոպական ընտրություն, և որ իրենց տեղեկատվական արշավների և հանրային հանդիպումների ժամանակ նրանք հանդես են եկել հակակառավարական և զրպարտչական հայտարարություններով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:29 - 02 հոկտեմբերի, 2024
Երևանի գլխավոր հատակագծի մասին հանրային քննարկումները՝ առանց հանրային մասնակցության․ ԹԻՀԿ

Երևանի գլխավոր հատակագծի մասին հանրային քննարկումները՝ առանց հանրային մասնակցության․ ԹԻՀԿ

Ս.թ. ապրիլի 9-ին Երևանի քաղաքապետարանը կայքում տեղադրել է «Հանրային քննարկման հրավեր»՝ տեղեկացնելով, որ 2024 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում նախատեսվում է կազմակերպել Երևան համայնքի կողմից ներկայացված «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծ» հիմնադրույթային փաստաթղթի վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված առաջին հանրային լսումը. տեղեկացնում են Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնից (ԹԻՀԿ)։ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող փաստաթղթերը պետք է ենթարկվեն ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և բնապահպանական փորձաքննության: Նույն օրենքով սահմանվում է ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացների մեկնարկը և հանրության մասնակցության իրավունքի մասին տեղեկատվության տարածումը, ՌԷԳ-ի փաստաթղթերի մատչելիության ապահովումը, լսումներին հանրության մասնակցության պայմանների ստեղծումը և պաշտոնական կայքերով ու այլ միջոցներով փաստաթղթի նախագծի վերաբերյալ հանրության իրազեկումը: Հանրային լսումների ծանուցումը պետք է պարունակի՝ նախաձեռնողի անունը փաստաթղթի նախագծի անվանումը ամփոփ նկարագիրը փաստաթղթի նախագծի դրույթների վերաբերյալ տեղեկատվությունը հանրային լսումների ժամանակը և վայրը տեղեկատվություն ստանալու վայրը և առաջարկություններ ներկայացնելու ժամկետները Երևանի քաղաքապետարանի կողմից ս.թ. ապրիլի 9-ին հրապարակված ծանուցումը չի բավարարում Օրենքի պահանջներին, և այդպիսով գործընթացի սկիզբն արդեն իսկ խնդրահարույց է։ Մասնավորապես՝ հրապարակված հայտարարության մեջ ապահովված չեն 3-րդ (նկարագիրը), 4-րդ (գլխավոր հատակագծի նախագծի դրույթների վերաբերյալ տեղեկատվությունը) և 6-րդ (տեղեկատվություն ստանալու վայրը և առաջարկություններ ներկայացնելու ժամկետները) կետերի պահանջները: Ծանուցման տեքստում նշվում է երկու հեռախոսահամար՝ մեկը տեղեկատվություն ստանալու («Երևաննախագիծ» ՓԲԸ), մյուսը՝ առաջարկությունները հավաքագրելու համար (Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն), որոնցով բազմակի զանգեր անելուց հետո ԹԻՀԿ աշխատակիցներին այդպես էլ չի հաջողվել հասանելիություն ունենալ նախատեսվող փաստաթղթին: ԹԻՀԿ-ի նամակին ի պատասխան քաղաքապետարանից արձագանքեցին, որ օրենքի սահմանված կարգով կատարվել է շահագրգիռ կողմերի պատշաճ իրազեկում, ծանուցումը հրապարակվել է «Առավոտ» օրաթերթի տպագիր տարբերակում, քաղաքապետարանի կայքում և փակցվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրի հայտարարությունների ցուցատախտակին։ Հանրային լսումներին մասնակցել է ընդամենը տասնմեկ ներկայացուցիչ քաղաքապետարանից և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներից։ Լսումների ժամանակ մասնակիցների մոտ հարցեր չեն առաջացել։ Հետագայում «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ այս փուլում որևէ թուղթ չեն կարող տրամադրել, թեև փաթեթն արդեն տրամադրվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը փորձաքննության նպատակով։ Այսպիսով, հայտարարության մեջ նշված գերատեսչություններից գլխավոր հատակագծին առնչվող որևէ փաստաթուղթ հնարավոր չէր ստանալ։ Թերևս արժե այս համատեքստում համեմատության համար հիշատակել, որ 2005 թ-ին Երևանի գլխավոր հատակագիծը անցել է ռազմավարական էկոլոգիական գնահատման մի քանի ամիս տևողությամբ ինտենսիվ գործընթաց, որի շրջանակում իրականացվել է 7 հանրային ու մասնագիտական լսում/քննարկում՝ մոտ 270 մասնագետների, հասարակական գործիչների և շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ։ Ի լրումն Օրենքի խախտումներին, Երևանի գլխավոր հատակագծի ընդունման ուղղությամբ իրականացվող գործընթացը նաև հակասում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի պահանջներին։ ԹԻՀԿ-ն առաջարկել է քաղաքապետարանին վերսկսել Երևանի գլխավոր հատակագծի վերաբերյալ հանրային ծանուցման և ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացը՝ ապահովելով բավարար պայմաններ շահագրգիռ հանրության արդյունավետ և բովանդակային մասնակցության համար՝ հաշվի առնելով ներկայացվող առաջարկները և դրանց հիման վրա կատարելագործելով Երևանի զարգացման գլխավոր քաղաքաշինական փաստաթուղթը։
13:45 - 29 հուլիսի, 2024
Բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը. իրավապաշտպան ՀԿ-ներ

Բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը. իրավապաշտպան ՀԿ-ներ

Հայաստանյան 5 իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։ Հայտնի չէ՝ ինչ հիմնավորմամբ են ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցները հայտնվել կուսակցության գրասենյակի մոտ, ինչ նպատակով և հասարակական կարգի պահպանման ինչ նկատառումներով, բայց հստակ է, որ ՀՀ ՆԳՆ-ն պարտավոր է բացատրել և հիմնավորել ոստիկանության մեծաքանակ աշխատակիցների այդտեղ գտնվելու և գործողություններ իրականացնելու նպատակները։ Վերստին, ինչպես նախկինում ենք արձանագրել,  իրավապահ մարմինների աշխատակիցների  արդեն սովորական դարձած վարքագիծը չի փոխվում․ շարունակվում են ոչ իրավաչափ և ոչ համաչափ ուժի կիրառման դեպքերը, ապօրինի բերման ենթարկելու և ազատության իրավունքի խախտումները  հավաքների ազատության իրավունքի իրացման ժամանակ։ Ոստիկանության կողմից նման մեթոդների կիրառումը երկար ժամանակ համակարգի ներսում անպատժելիության քաղաքականության արդյունք է, որի հետևանքով բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը։ Հավաքների ազատության իրավունքը և կարծիքի արտահայտման ազատության իրավունքը դասվում են մարդու հիմնարար իրավունքների շարքին: Յուրաքանչյուր ոք օրենքի սահմաններում ունի խաղաղ հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու իրավունք, որոնք ժողովրդավարության անբաժանելի բաղադրիչներն են: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի խաղաղ՝ ոչ բռնի միջոցներով հայտնելու իր դիրքորոշումը՝ առանց ոստիկանական բռնություններից վախի։ Ցուցարարների կողմից հասարակական կարգի խախտման, ոչ պատշաճ և նույնիսկ սադրիչ գործողությունների դիմաց ոստիկանությունը լիազորված է գործել բացառապես օրենքի շրջանակներում։ Սրա նպատակն է հավաքից հեռացնել կոնկրետ անձանց և ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։ Ցուցարարների կողմից ոչ պատշաճ վարքը չի կարող որևէ կերպ արդարացնել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները։ Դատապարտում ենք իրավապահ մարմինների բռնարարքների յուրաքանչյուր դեպք, յուրաքանչյուր դրսևորում և պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցներին գործել բացառապես օրինականության շրջանակներում, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և ժողովրդավարական պետությունում  հասարակական կարգի պահպանման սկզբունքներին համապատասխան։ Վերահաստատելով ոստիկանության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ մեր նախկին պնդումները ՝  պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՀ քննչական կոմիտեից մարդու իրավունքների խախտման, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, խոշտանգման և վատ վերաբերմունքի  յուրաքանչյուր առերևույթ դեպքով իրականացնել անկախ և արդյունավետ քննություն և պատասխանատավության ենթարկել նման խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին։ Անհրաժեշտ է ապահովել քննության թափանցիկությունը և հանրությանը պատշաճ իրազեկել ձեռնարկվող քայլերի մասին՝ բացառելու անպատժելիության ընկալումը հասարակության շրջանում։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հարգել խաղաղ ցույցի մասնակիցների իրավունքները, զերծ մնալ բռնություններից, անհամաչափ ուժի գործադրումից և նրանց արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը։ Նախարարությունը պարտավոր է ոստիկանության շարքերից անհապաղ հեռացնել այն ծառայողներին, որոնք չեն համապատասխանում այս չափանիշներին։ Հասարակական, քաղաքական առճակատման պայմաններում իրավիճակի հետագա լարվածության կանխման միջոց կարող է հանդիսանալ միմիայն իրավունքի գերակայության սկզբունքի, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի լիարժեք ապահովումը, ոչ թե մարդու իրավունքները  խախտող գործողությունները, որոնք հանգեցնում են լարվածության, ատելության խոսույթի տարածման։ Ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխան ոստիկանություն ունենալու հարցը մնում է օրակարգում առաջնային։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
17:02 - 28 մայիսի, 2024
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. հայտարարություն

Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. հայտարարություն

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանն իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ։ Միանշանակ է, որ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը կարևոր է, սակայն այն պետք է իրականացվի միջազգային իրավունքի սկզբունքների և Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ։ Նախ, ըստ ՀՀ վարչապետի հայտարարության, սահմանազատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ակնհայտ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում, ինչը արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ սահմանազատումը և սահմանագծումը չի իրականացվում միջազգային իրավունքի հիման վրա։ Տարածաշրջանում իրական և կայուն խաղաղություն կարող է կայանալ բացառապես ուժի գործադրման և դրա սպառնալիքների բացառման պայմաններում։ Մինչդեռ, Ադրբեջանի կողմից որևէ իրական և գործուն քայլեր չեն գործադրվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարբեր թվականների հարձակումների և ինքնիշխան տարածք ներխուժման արդյունքում օկուպացված դարձած տարածքներից   (ինչպես դեռևս 1990-ականներից, այնպես 2021-2022 թվականների ընթացքում հարձակումների արդյունքում) զինված ուժերը դուրս բերելու ուղղությամբ։ Ըստ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հայտարարությունների՝ սահմանագծման գործընթացները կատարվում են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) շրջանակներում գործող վարչական սահմանները պետական սահման դարձնելու սկզբունքից ելնելով՝ uti possidetis սկզբունքին համահունչ։ Միևնույն ժամանակ, օրերս ՀՀ արտաքին գործերի նախարարը հերթական անգամ հաստատել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը խուսափում է հստակ հաստատել, որ առաջնորդվելու է ԽՍՀՄ-ից ժառանգած վարչական սահմաններով և հանդիսանալ այդ սահմանների իրավահաջորդը։ Սահմանների՝ վարչական, թե պետական, իրավահաջորդության անկյունաքարային սկզբունքի շուրջ գրավոր համաձայնության բացակայության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության անկախության հռչակագրով Առաջին հանրապետության իրավահաջորդ հանդիսանալու, որով Հայաստանից տարածքային նկրտումների հիմք է ստեղծում,  և Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ռազմական հարձակումների և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Արևմտյան Ադրբեջան ներկայացնող խոսույթների ակտիվ զարգացման պայմաններում լեգիտիմ սահմանազատում չի կարող ընթանալ։ Ավելին, սահմանագծումը կատարվում է առանց  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատշաճ իրավական գործընթացների պահպանման, այլ իրականացվում է սահմանազատման հանձնաժողովների համաձայնության հիման վրա, որոնք դեռևս չունեն հստակ և նախապես ընդունված լիազորությունների շրջանակ և աշխատանքային կանոնակարգեր, ինչը ՀՀ Սահմանադրության և այլ իրավական ակտերի հիման վրա իրավաչափ գործընթաց համարվել չի կարող։ Նշված եղանակով սահմանազատումը հակասում է հենց ՀՀ ներպետական օրենսդրությանը և կառավարության կողմից որդեգրած մոտեցումներին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման առնչությամբ։ Մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիրքորոշման համաձայն՝ «քանի որ սահմանագծման ողջ ուրվագծի համաձայնեցումը չի ավարտվել և չի հաստատվել օրենսդիր մարմինների կողմից, համաձայնեցված հատվածները չեն համարվում վերջնական համաձայնեցված»։ Ավելին, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը պահանջում է, որ պետական սահմանը տեղորոշելիս և փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով. ա) Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության. բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման. գ) օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության. դ) սահմանային հարցերի խաղաղ լուծման: Ներկայումս ընթացող սահմանագծման գործընթացները հիմնված չեն ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վրա, քանի որ պայմանավորվածությունների մաս չի կազմում ՀՀ տարածքի դեօկուպացիան, իրականացվում է ուժի սպառնալիքով։ Չի ապահովվում նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններվ ստանձնած ՀՀ քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում բնակվող քաղաքացիների իրավունքների եւ անվտանգության ապահովումը հրամայական է։ ՀՀ կառավարության ղեկավարի կողմից նշվել է, որ ըստ պայմանավորվածության՝ սահմանագծվող սահմանի երկու կողմերում տեղակայվելու են պետությունների սահմանապահ զորքերի ծառայողները։ Հաշվի առնելով Ադրբեջանի բազմիցս փաստագրված, այդ թվում՝ միջազգային ատյանների կողմից հաստատված հայատյաց քաղաքականությունը և դրա շարունակական տարածումը, այդ թվում՝ երեխաների շրջանում ուսումնական հաստատություններում կրթության միջոցով, ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին տարիներին հայազգի անձանց նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության սպանությունները, ներառյալ՝ գլխատման, գնդակահարության միջոցով, խոշտանգումները, ուղիղ թիրախավորումները, հայկական մշակութային ժառանգության շարունակական ավիրումներն ու հայկակականության հետքի վերացումը, Արցախի ողջ բնակչության բռնի տեղահանումը հայրենիքից և բոլոր սահմռկեցուցիչ հանցագործությունների համար տոտալ անպատժելիությունը, ադրբեջանական  ուժերի, այդ թվում՝ սահմանապահ տեղակայումը խաղաղ բնակչության կենսական տարածքների անմիջական հարևանությամբ լրջագույն և իրական անվտանգային ռիսկեր է ստեղծում։  Ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազեռծած պատերազմի ընթացքում հենց Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայողների կողմից առերևույթ պատերազմական հանցագործությունների կատարման բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ ռազմագերիների սպանություն, դիակների խեղում, խոշտանգումներ, հայ զինծառայողների մի խումբ դեռևս համարվում է անհայտ կորած սահմանապահ զորքերի վերահսկողության տակ հայտնվելուց հետո։ Ավելին, 2020 թվականից ի վեր ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակիչների նկատմամբ կատարված անօրինական գործողությունները և հանցագործությունները, ներառյալ գյուղերի և տների ուղղությամբ դիտավորյալ կրակոցները, վերջինը՝ 2024թ․ ապրիլի 9-ին, քաղաքացիական խաղաղ բնակչության թիրախավորումները, կենդանիների գողության դեպքերը, Գորիս – Կապան ճանապարհի փակելը, ճանապարհով երթևեկող անձանց, այդ թվում՝ երեխաներին վախեցնելը, և այլ անվտանգային սպառնալիքները նույն իրավիճակը Տավուշի մարզում կրկնվելու իրական հնարավորության մասին են հուշում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհն անցնելու է ենթադրյալ ադրբեջանական տարածքներով, արդբեջանական զորքերը անմիջականորեն տեղակայվելու են քաղաքացիական բնակչության տներին կից, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, դպրոցները լինելու են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության ներքո, այդ  թվում՝ օրինակ Կիրանց գյուղի դպրոցը ենթադրյալ ադրբեջանական սահմանից հեռու է լինելու ընդամենը 70մետր։ Սահմանագծման արդյունքներով մի շարք քաղաքացիների սեփականությունը, այդ թվում՝ տները, հողատարածքները հայտնվելու են ենթադրյալ ադրբեջանական տարածքում կամ անմիջապես սահմանին կից՝ անհնարին դարձնելով սեփականության օգտագործումը։ Անհրաժեշտ է փաստել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ի դեմս՝ վարչապետի, չեն բացառում Ադրբեջանի կողմից այլ սպառնալիքների և ռազմական ուժի գործադրման հավանականությունը սահմանագծումից հետո անգամ, ինչի պարագայում հրամայական է դառնում սահմանազատման և սահմանագծման գործընթացում միջազգային իրավունքի և ընդունված փորձի ու սկզբունքների կիրառումը։ Միաժամանակ, միջպետական ճանապարհի օգտագործման անհնարինության պայմաններում ինչպես Կիրանց, այնպես էլ Ոսկեպար և Կայան գյուղերի բնակիչները կանգնած են շրջափակման վտանգի առաջ, ինչն էական ռիսկեր է ստեղծելու բնակչության անվտանգ միջավայրում կենսագործունեության համար՝ վտանգելով նշված գյուղերի բնակիչների կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի, կրթության, առողջության և այլ իրավունքները։ Նման իրական անվտանգային ռիսկերի առկայության պայմաններում գյուղերը կարող են դատարկվել։ Նման պայմաններում բարձր հավանականություն կա, որ նշված գյուղերի բնակչությունը կլքի իրենց մշտական բնակության վայրը՝ երեխաների անվտանգության լուրջ սպառնալիքներ ունենալու ու կրթության իրավունքը պատշաճ ապահովելու անհնարինության պայմաններում։ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կառավարության և գործող իշխանության, պարտավորություն է կրում երաշխավորելու նշված գյուղերի բնակիչների անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը։ Այս առնչությամբ, հատկապես, ՀՀ ոստիկանության կողմից վերջին օրերին Կիրանց գյուղում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժի գործադրման, խաղաղ ցուցարարների ապօրինի բերման ենթարկելու դեպքերն անընդունելի են։ Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է ապահովել բնակիչների և յուրաքանչյուր անձի իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը, պահպանելու հասարակական անվտանգությունը։ Բնակիչների արդարացի մտահոգությունների բարձրաձայնման և պայքարի ճնշումը ոստիկանության ուժերի կողմից իրավաչափ չէ, և ունակ է առավել մեծ անպաշտպանության և անվստահության զգացողություն առաջացնել բնակիչների շրջանում։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարությունից․ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու գործընթացում հիմնվել Միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, խստիվ պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջները։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացում երաշխավորել սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավունքները և անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ապահովել անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները՝ իրենց բնակավայրերում անձանց անվտանգ և արժանապատիվ բնակվելու իրավունքի երաշխավորման համար։ Վերանայել Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի և աշխատանքային խմբերի կազմը՝ ներգրավելով միջազգային իրավունքի մասնագետների, քարտեզագիրների և այլ վերաբերելի մասնագետների։ Սահմանագծման գործընթացներում հանրության համար ապահովել թափանցիկություն, կանխատեսելիություն և որոշակիություն, այդ թվում՝ սահմանագծման սկզբունքների և կիրառվող գործիքների վերաբերյալ։ Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում  Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը։   Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
22:54 - 02 մայիսի, 2024
ՀԿ-ները դատապարտում են բռնությունները և խոշտանգումները ոստիկանությունում

ՀԿ-ները դատապարտում են բռնությունները և խոշտանգումները ոստիկանությունում

Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտող հայտարարություն են տարածել ոստիկանության ծառայողների կողմից շարունակական բռնությունների վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող շարունակական բռնությունները և խոշտանգումները։ Թեև Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվում են ոլորտի խնդիրների ընկալման և դրանց շուրջ բարեփոխումների իրականացման պատրաստակամության մասին, քաղաքացիների նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունների դեպքերի արձանագրումները փաստում են այդ բարեփոխումների թերի և անարդյունավետ լինելու վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփումներում։ Մասնավորապես, շարունակվում է բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնությունների, ինչպես նաև հոգեբանական ճնշումների, վիրավորանքների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների այլ դրսևորումների պրակտիկան։ Վերջին շրջանում արձանագրվել են մեղադրյալների նկատմամբ բռնությունների աղաղակող դեպքեր, որոնց վերաբերյալ տեսանյութերը դարձել են նաև հանրության սեփականությունը։ Մասնավորապես, 2024թ․ մարտի 21-ին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման կադրերից ակնհայտ է ոստիկանության մի խումբ ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրման և անձի արժանապատվությունը նվաստացնող գործողությունների կատարումը։ 2024թ․ ապրիլի 1-ին սոցիալական հարթակներում տարածված մեկ այլ տեսանյութում ոստիկանության ծառայողները բռնության գործադրմամբ և վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ հնչեցնելով, սպառնալով փորձում են բերման ենթարկված Վահե Նավոյանից կորզել տեղեկություններ։ Ընդ որում, ոստիկանության օպերատիվ ծառայողների այս գործողությունները կատարվում են ոստիկանության բաժնից դուրս՝ չեզոք տարածքում՝ նպատակ ունենալով կոծկել հանցագործության իրականացման փաստը ոստիկանության բաժնում։ Ավելին, անձին ոստիկանության բաժին անմիջապես արգելանքի վերցնելուց հետո չտանելը վտանգում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և անձի կարգավիճակից բխող ընթացակարգային երաշխիքների ապահովումը։ Երկար տարիներ են պահանջվել, որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ երաշխավորված բոլոր երաշխիքներն ապահովվեն անձին փաստացի ազատությունից զրկելու պահից, իսկ դրանց բացակայությամբ անձին ոստիկանության բաժնից դուրս այլ վայր տանելը, ազատությունից զրկելը ժամանակին չարձանագրելն ու ազատությունից զրկված անձի երաշխիքների չապահովումը լրջագույն հետընթաց է մարդու իրավունքների նվազագույն չափանիշներից։ Մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ մարտի 21-ին ոստիկանության Մասիս քաղաքի բաժին բերման էր ենթարկվել հղի կինը իր երեք անչափահաս երեխաների հետ, ովքեր ոստիկանության բաժանմունքում, այնուհետև նաև քննչական կոմիտեում ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երկար ժամանակ չի տրամադրվել սնունդ մանկահասակ երեխաներին և հղի կնոջը՝ հոգեբանական ծանր ապրումներ առաջացնելով նրանց մոտ։ Վերոգրյալ դեպքերը բացառապես հայտնի են դրանց մասին բարձրաձայնելու կամ տեսանյութերի առկայությամբ պայմանավորված։ Մինչդեռ, ոստիկանության ծառայողների կողմից բռնությունների վերաբերյալ արժանահավատ ահազանգերի քանակը մտահոգիչ կերպով շարունակում է աճել։ Ոստիկանության ծառայողների կողմից բռնություններն ու խոշտանգումները շարունակվում են տարիներ ի վեր տոտալ անպատժելիության պայմաններում։ Քննչական և դատախազական մարմինների կողմից ոստիկանության բռնությունների փաստերով չի իրականացվում արդյունավետ և բազմակողմանի քննություն՝ բռնություն գործադրողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Անհրաժեշտ է ապահովել նաև բռնության գործադրման մեջ մեղադրվող ոստիկանների լիազորությունների կասեցումը քննության ողջ ընթացքում։ Նման օրինակներից է նաև 2022թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների նկատմամբ թույլ տրված բռնությունների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վարույթը, որը ինչպես քննչական մարմինը, այնպես էլ դատախազությունը առանց արդյունավետ քննություն իրականացնելու փորձում էին կարճել՝ բացառելով ոստիկանության ծառայողների պատասխանատվությունը, ինչը հաստատվում է Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով։ Ոստիկանության ծառայողների կողմից մարդկանց նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունները ՀՀ կառավարության կողմից ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացման քաղաքական կամքի բացակայության և շարունակական անգործության հետևանք են։ Ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումնրի վրա ծախսվել են ահռելի ռեսուրսներ՝ ուղղված համակարգի հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, հանրային վստահության բարձրացմանը, սակայն վերոգրյալ դեպքերը փաստում են, որ իրականացված գործողությունները մակերեսային են և խորքային բարեփոխումներ տեղի չի ունեցել։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք ՀՀ վարչապետից և կառավարող քաղաքական ուժից․ Իրականացնել իրական և արմատական բարեփոխումներ ՀՀ իրավապահ համակարգում՝  ոստիկանությունում,      քննչական մարմիններում և դատախազությունում, Հեռացնել ոստիկանության և իրավապահ մյուս համակարգերից այն ծառայողներին, որոնք անցած տարիներին արատավորել են ծառայողի պատիվն ու արժանապատվությունը, կատարել կամ հանցակից են եղել մարդու իրավունքների անօրինական սահմանափակումներին և ոտնահարումներին, օրենսդրությամբ բացառել նրանց հետագա հնարավոր նշանակումը ոստիկանության և իրավապահ համակարգում, Արդյունավետ քննություն իրականացնել ոստիկանության ծառայողների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով և պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին և հանցակիցներին, Որդեգրել «զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ» սկզբունքը ոստիկանության համակարգում, Ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ, որոնց տեսադաշտում կլինեն բոլոր այն տարածքները, որտեղ կարող են լինել բաժնում ցանկացած կարգավիճակով գտնվող քաղաքացիներ, Ներդնել և ապահովել խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի վերաբերյալ կրթական ծրագրերի դասավանդման արդյունավետությունը Ոստիկանության ակադեմիայում, Երաշխավորել ոստիկանության ծառայողների բարեվարքության գնահատումը, ինչպես նաև բռնության նկատմամբ վերաբերմունքի ստուգումը ինչպես պաշտոնի նշանակելիս, այնպես էլ շարունակական ատեստավորման շրջանակներում, Վերանայել ոստիկանության քրեական հետախուզության ծառայողների գնահատման չափանիշները՝ դրանցում ներառելով նախաքննությանը օրինական ապացույցներով աջակցելը և քննական հանձնարարությանը պատշաճ կատարումը: Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Հանրային լրագրության ակումբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում Իրավունքի կենտրոն ՀԿ Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ Խաղաղության երկխոսություն ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ   Լուսանկարը՝ Հետքի արխիվից/22.09.2023
13:51 - 04 ապրիլի, 2024
ԹԻ. 2023 թ․ Կոռուպցիայի ընկալման համաթիվ․ Արդարադատության համակարգերի թուլացումը կոռուպցիան դարձնում է անվերահսկելի
 |hetq.am|

ԹԻ. 2023 թ․ Կոռուպցիայի ընկալման համաթիվ․ Արդարադատության համակարգերի թուլացումը կոռուպցիան դարձնում է անվերահսկելի |hetq.am|

hetq.am: Թրանսփարենսի Ինթրնեշնլը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման 2023թ․ համաթիվը։ Ըստ կազմակերպության՝ կառավարություններին հիմնականում չի հաջողվում կանգնեցնել կոռուպցիան։ Բեռլին, հունվարի 30, 2024թ – Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից այսօր հրապարակված 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) ցույց է տալիս, որ պետությունների մեծ մասը քիչ կամ ոչ մի առաջընթաց չի գրանցել հանրային ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում: ԿԸՀ արժեքի համաշխարհային միջինը տասներկուերորդ տարին անընդմեջ մնում է անփոփոխ՝ 43։ Պետությունների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ համաթվի արժեքները 50-ից ցածր են, ինչը վկայում է կոռուպցիոն լուրջ խնդիրների առկայության մասին: Համաձայն Օրենքի գերակայության համաթվի՝ աշխարհում արդարադատության համակարգերի արդյունավետությունն անկում է ապրում։ Այս համաթվով ամենացածր միավորներ ունեցող երկրները նմանապես ԿԸՀ շատ ցածր  միավորներ ունեն՝ ընդգծելով հստակ կապը արդարադատության հասանելիության և կոռուպցիայի միջև: Ե՛վ ավտորիտար  վարչակարգերը, և՛ ժողովրդավար առաջնորդները՝  խաթարելով արդարադատությունը, նպաստում են կոռուպցիայի անպատժելիության աճին և, որոշ դեպքերում, նույնիսկ խրախուսում են այն՝  օրինախախտների համար վերացնելով հետևանքները: Նրանց գործողությունների ազդեցությունն ակնհայտ է բոլոր երկրներում՝ Վենեսուելայից (ԿԸՀ 13 միավոր) մինչև Տաջիկստան (ԿԸՀ 20 միավոր): Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության նախագահ Ֆրանսուա Վալերիանը նշում է. «Կոռուպցիան կշարունակի ծաղկել այնքան ժամանակ, քանի դեռ արդարադատության համակարգերը չեն կարողանում պատժել ապօրինությունը և վերահսկել կառավարություններին: Երբ արդարադատությունը գնվում է կամ նրա նկատմամբ քաղաքական միջամտություն է տեղի ունենում, տուժողը ժողովուրդն է լինում։ Առաջնորդները պետք է իրենց ուժերը լիովին ներդնեն՝   երաշխավորելու համար այն ինստիտուտների անկախությունը, որոնք պահպանում են օրենքը և պայքարում կոռուպցիայի դեմ: Ժամանակն է վերջ տալ կոռուպցիայի անպատժելիությանը»։ Կոռուպցիայի իրավիճակն աշխարհում ԿԸՀ-ն դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝ ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով: Դանիան (ԿԸՀ 90 միավոր) վեցերորդ տարին անընդմեջ գլխավորում է համաթվի դասակարգման աղյուսակը, որին հաջորդում են Ֆինլանդիան և Նոր Զելանդիան՝ համապատասխանաբար 87 և 85 միավորներով: Արդարադատության լավ գործող համակարգերի շնորհիվ այս երկրները նաև Օրենքի գերակայության համաթվով առաջատարների թվում են: Սոմալին (11 միավոր), Վենեսուելան (13 միավոր), Սիրիան (13 միավոր), Հարավային Սուդանը ( 13 միավոր) և Եմենը (16 միավոր) զբաղեցնում են համաթվի դասակարգման աղյուսակի վերջին տեղերը: Այս բոլոր երկրները տուժում են ձգձգվող ճգնաժամերից, հիմնականում զինված հակամարտություններից: 23 պետություն, որոնց թվում՝ որոշ բարձր ԿԸՀ արժեք ունեցող ժողովրդավարություններ, ինչպիսիք են Իսլանդիան (ԿԸՀ 72 միավոր), Նիդեռլանդները (79 միավոր), Շվեդիան (82 միավոր) և Միացյալ Թագավորությունը (71 միավոր), ինչպես նաև որոշ ավտորիտար պետություններ, ինչպիսիք են Իրանը (24 միավոր), Ռուսաստանը (26 միավոր), Տաջիկստանը (20 միավոր) և Վենեսուելան (13 միավոր), այս տարի գրանցել են իրենց ԿԸՀ պատմական նվազագույն արժեքը: 2018 թվականից ի վեր 12 պետությունների ԿԸՀ  արժեքները զգալիորեն նվազել են: Ցանկում ներառված են ինչպես  ցածր և միջին եկամուտ ունեցող  երկրներ, ինչպիսիք են Սալվադորը (31միավոր), Հոնդուրասը ( 23 միավոր), Լիբերիան (25 միավոր), Մյանման ( 20 միավոր), Նիկարագուան ( 17 միավոր), Շրի Լանկան ( 34 միավոր) և Վենեսուելան (13 միավոր), այնպես և միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներ, ինչպիսիք են Արգենտինան (37 միավոր), Ավստրիան (71 միավոր), Լեհաստանը (54 միավոր), Թուրքիան (34 միավոր) և Միացյալ Թագավորությունը ( 71 միավոր): Միևնույն ժամանակ, ութ երկրներ բարելավել են իրենց ԿԸՀ արժեքը։ Այդ երկրներն են՝ Իռլանդիան (77 միավոր), Հարավային Կորեան ( 63 միավոր), Հայաստանը ( 47 միավոր), Վիետնամը ( 42 միավոր), Մալդիվները ( 40 միավոր), Մոլդովան ( 39 միավոր), Անգոլան ( 33 միավոր) և Ուզբեկստանը ( 31 միավոր): Յուրաքանչյուր պետության ԿԸՀ անհատական միավորի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանի վերլուծության վերաբերյալ տեղեկատվության համար տե՛ս ԿԸՀ 2023 էջի հղումը։ Կոռուպցիան և անարդարությունը Անկախ, թափանցիկ և պատշաճ ծավալի միջոցների տիրապետող   դատական մարմինները և իրավապահ կառույցներն առանցքային նշանակություն ունեն կոռուպցիան զսպելու գործում: Իր հերթին, արդարադատության համակարգերի վրա քաղաքական իշխանության չարաշահման, կաշառակերության և կոռուպցիայի այլ ձևերի ազդեցության կանխումը, էական նշանակություն ունի  նրանց արդյունավետությունն ապահովելու համար: Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի (36 միավոր)  հսկայական մարտահրավերներ դարձան  վերջինիս կառավարման և ենթակառուցվածքների համար՝ մեծացնելով կոռուպցիոն ռիսկերը: Այնուամենայնիվ, Ուկրաինան շարունակեց իր ԿԸՀ 11 տարվա աճը՝ կենտրոնանալով արդարադատության համակարգի բարեփոխումների վրա, ներառյալ՝ դատական ինքնակառավարման մարմինների վերակառուցումը, դատական անկախության մակարդակի բարձրացումը և հակակոռուպցիոն դատախազության կարողությունների հզորացումը: Չնայած այս բարեփոխումներին, իշխանության բարձր մակարդակներում կոռուպցիոն դեպքերի զգալի թվի առկայությունը շարունակում է մնալ  մտահոգիչ: Գվատեմալայի (33 միավոր) ԿԸՀ անկումն իրար հաջորդող երեք կառավարությունների՝ կոռուպցիոն գործարքների մեջ նրանց ներգրավվածության արդյունքն  է։ Դատախազությունը և դատական համակարգը օգտագործվել են  իրենց կոռուպցիոն գործունեության համար վերնախավերին անպատժելի  թողնելու և թիրախավորելու նրանց, ովքեր իրենց ձայնն են բարձրացնում կոռուպցիայի դեմ: Արդյունքում պետությունը մնաց առանց կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կարողությունների: Աֆրիկայում արդարադատության համակարգերում կոռուպցիայի և հարակից խնդիրների դեպքերը  բազմաթիվ են՝ ընդգրկելով այնպիսի երկրների արդարադատության համակարգերում կաշառակերության, շորթման և քաղաքական միջամտության մասին զեկույցներ,  ինչպիսին է, օրինակ, Նիգերիան (25 միավոր): Բուրունդիում (20 միավոր)  եղել են դատավորների բանտարկության,  իսկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ( 22 միավոր)՝ դատարաններ բերված գործերի արդյունավետ քննության բացակայության դեպքեր։  Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում կառավարություններին արդարադատության համակարգերի համար ապահովել անկախություն, ռեսուրսներ և թափանցիկություն, որոնք անհրաժեշտ են բոլոր կոռուպցիոն հանցագործությունների համար արդյունավետ պատիժ նշանակելու և իշխանության նկատմամբ վերահսկողություն և հակակշիռներ ապահովելու համար: Անհրաժեշտության դեպքում պետք է նաև ներդրվեն ավելի լավ ընթացակարգեր և օրենքներ, որոնք կօգնեն արդարադատության հաստատություններին պաշտպանվել կոռուպցիոն գործողություններից և թիրախավորել դրանք։ Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Դանիել Էրիքսոնը նշում է. «Կոռուպցիան էլ ավելի է  խորացնում սոցիալական անարդարությունը և անհամաչափորեն ավելի վատ է ազդում ամենախոցելի խավերի վրա։ Շատ երկրներում կոռուպցիայի զոհերի համար արդարությանը հասնելու խոչընդոտները պահպանվում են: Ժամանակն է կոտրել պատնեշները և ապահովել, որ մարդիկ կարողանան արդյունավետ կերպով օգտվել արդարադատությունից: Յուրաքանչյուր ոք արժանի է արդար և ներառական իրավական համակարգերի, որտեղ զոհերի ձայնը լսելի է յուրաքանչյուր փուլում։ Ցանկացած այլ բան վիրավորանք է արդարադատության նկատմամբ»: Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2023 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։ Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։ ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝ 2017 թվականին Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից)՝ համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից այս կողմ ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են յուրաքանչյուր այլ տարվա գնահատականների հետ։ Ավելի շատ տեղեկատվության համար՝ տե՛ս ԿԸՀ այբուբենը․ ինչպես է հաշվարկվում Կոռուպցիայի ընկալման համաթիվը հոդվածը։
12:50 - 30 հունվարի, 2024
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլը» վիճարկում է ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը  դիտարկելու՝ ԱԺ արգելքը

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլը» վիճարկում է ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը դիտարկելու՝ ԱԺ արգելքը

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» Հակակոռուպցիոն կազմակերպությունը դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելու ՀՀ Ազգային ժողովի կողմից ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը  դիտարկելու արգելքը։ Ստորեւ՝ դիմումի մասին կազմակերպության տարածած հաղորդագրությունը։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) 31.10.2023թ. դիմել էր ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝  խնդրելով ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով ԹԻՀԿ ներկայացուցչի մուտքի հնարավորությունը՝ դիտորդի կարգավիճակով:     ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը պատասխան գրությամբ մերժել էր դիմումը, այն հիմնավորելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 14-րդ կետի դրույթով, ըստ որի՝ բացի տվյալ պահին հարցազրույցին մասնակցող հավակնորդից, այլ անձանց չի թույլատրվում ներկա գտնվել հարցազրույցի անցկացման սենյակում: 16.11.2023թ. ԹԻՀԿ-ը  նույն պահանջը հասցեագրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ որպես փաստարկ, հղում անելով  ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված նախադեպային դիրքորոշումներին։ Այդուհանդերձ, երկրորդ դիմումը նույնպես մերժվել է։ ԹԻՀԿ-ը գտնում է, որ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու իր հիմնարար իրավունքները և ՀՀ վարչական դատարանին խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱԺ-ի կողմից՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին ԹԻՀԿ ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: Դատարանում ԹԻՀԿ-ի ներկայացուցիչներն են փաստաբաններ Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը
20:13 - 21 դեկտեմբերի, 2023
Հետաքննական լրագրությունը կոռուպցիայի դեմ պայքարում․ Հետքի, Սիվիլնեթի և Ինֆոքոմի լրագրողները մրցանակների արժանացան

Հետաքննական լրագրությունը կոռուպցիայի դեմ պայքարում․ Հետքի, Սիվիլնեթի և Ինֆոքոմի լրագրողները մրցանակների արժանացան

Դեկտեմբերի 8-ին` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, ԹԻՀԿ-ը քննարկում էր կազմակերպել «Հետաքննական լրագրությունը կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով՝ նպատակ ունենալով արժևորել հետաքննող լրագրողների բացառիկ դերը կոռուպցիայի դեմ պայքարում։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ով անդրադարձավ մարդու իրավունքների, ժողովրդավարության և ազգային ավտանգության վրա կոռուպցիայի կործանարար ազդեցությանը և ողջունեց հետաքննող լրագրողներին իրենց գործունեության համար։   ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն իր բացման խոսքում ընդգծեց հետաքննող լրագրողների զգալի ներդրումը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում։   Քննարկման բանախոսներն էին «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, հետաքննող լրագրող Մկրտիչ Կարապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Գայանե Վարոսյանը և ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը։   Քննարկումն ամփոփվեց ԹԻՀԿ հիմնադիր Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի շնորհման արարողությամբ։ Մրցանակը տրվում է 9-րդ անգամ՝ այս դեպքում արժևորելով հետաքննող լրագրության անգնահատելի դերը կոռուպցիայի դեմ պայքարում։   Մրցանակը շնորհվեց վերջին տարինեին կոռուպցիոն հանցագործությունների մասին հրապարակումներով առավելագույնս շատ աչքի ընկած «Հետք», «Սիվիլնեթ», «Ինֆոքոմ» լրատվամիջոցների հետաքննող լրագրողներ Տիրայր Մուրադյանին և Մկրտիչ Կարապետյանին՝ նշանավորելով իրենց սկզբունքային ու խիզախ գործունեությունը կոռուպցիայի դեմ պայքարում։
21:57 - 08 դեկտեմբերի, 2023
ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ ՀԿ-ները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ ՀԿ-ները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Մի շարք ՀԿ-ներ ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Հայտարարարությունը՝ ստորև․ «Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին, Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի կապակցությամբ մենք՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիչներս, կրկին դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝  պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Այս հանցագործությունների ռիսկերն իրական են, և դրա իրականացումն ընթացքի մեջ է, ինչն ապացուցում են քրեական իրավունքի միջազգային անկախ փորձագետները, ցեղասպանագետները և մասնագիտացված կազմակերպությունները: 21-րդ դարում հայ ժողովրդի հետ նման ողբերգություն կրկնության դեպքում, պատասխանատվությունը մեծապես կկրեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները և ցեղասպանության և էթնիկ զտումների միջազգային հանցագործություններ իրականացնող պետության փաստացի հովանավորությունը։ ԱԽ-ին կոչ ենք անում՝ Ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային փետրվարի 23-ի որոշման ձեռնարկել հրատապ միջոցներ՝ ապահովելու միջազգային խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռուսական խաղաղապահ զորախմբի ժամկետի ավարտը, մինչև  հակամարտության տեւական կարգավորում ապահովումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար, ինչպես նաև օգտագործել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր համապատասխան մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ խորհրդականների և հատուկ զեկուցողների՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության պայմանների վերաբերյալ անհապաղ հաշվետվություններ պատրաստելու համար: Դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը,  (արտացոլված Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ),որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք։ Ապահովել լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ իրավապաշտպան կազմակերպությունների առաքելությունների մուտքը տարածաշրջան՝ իրավիճակն ուսումնասիրելու և միջազգային լսարանին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու համար»: Ստորագրյալներ՝ Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Նաիրա Սուլթանյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Սեդա Մուրադյան, Հանրային  լրագրության ակումբ ՀԿ Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Արաքս Մելքոնյան, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա - Վանաձոր Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» Ն.Գ Լևոն Բարսեղյան Ժուռնալիստների «Ասպարեզ» ՀԿ Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոն Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ Մամիկոն Հովսեփյան, «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ Նինա Կարապետյանց, Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա Թամարա Գեւորգյան, «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ Օլեգ Դուլգարյան, Համայնքների մոբիլիզացիայի և աջակցության կենտրոն ՀԿ Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն ՀԿ. Գևորգ Ղուկասյան, «Ռեստարտ Գյումրի» Երիտասարդական քաղաքացիական կենտրոն ՀԿ Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ Նունե Սարգսյան, Մեդիանախաձեռնությունների կենտրոն Արթուր Պապյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ  
11:20 - 14 օգոստոսի, 2023
ՀԿ-ները դիմել են ՄԱԿ ԱԽ-ին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով

ՀԿ-ները դիմել են ՄԱԿ ԱԽ-ին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով

ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի վանաձորյան գրասենյակը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության հիմնական մանդատակիր և կոչ են արել հրատապ միջամտություն ցուցաբերել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամի առնչությամբ։ Լաչինի միջանցքը միակ փրկօղակն է, որը կապում է տեղի հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետությանը և աշխարհին: Շրջափակումը նպատակ ունի տարածաշրջանի էթնիկ հայերի համար ստեղծել անտանելի կենսապայմաններ և դուրս մղել նրանց իրենց տներից։ Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ավելի է վատթարացել, բնակիչներն այժմ կանգնած են սովի անմիջական սպառնալիքի առաջ: Կարևոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստանձնի պատասխանատվություն պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին էթնիկ զտումներից և ցեղասպանությունից, որն իրականում տեղի է ունենում  սովի ենթարկելու միջոցով: Անվտանգության խորհուրդից, մասնավորապես պահանջվում է՝ Ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցի։ Անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքում միջազգային խաղաղապահ մանդատ ներգրավելու համար՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո, այսինքն՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մանդատի ավարտից հետո։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար, ինչպես նաև օգտագործել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր համապատասխան մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ խորհրդականների և հատուկ զեկուցողների՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության պայմանների վերաբերյալ անհապաղ հաշվետվություններ պատրաստելու համար: Դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը, որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք։    Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
13:12 - 04 օգոստոսի, 2023
Քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ ԼՂ հարցով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ ԼՂ հարցով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Հուլիսի 24-ին, քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին՝ պահանջելով  շտապ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված։  Հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման գործում տարբեր միջազգային դերակատարների օժանդակությամբ ընթացող քաղաքական բանակցությունների կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև անթերագնահատելի է։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի համար, սովից և հումանիտար աղետից մահանալու անմիջական սպառնալիքը, իրավիճակը դարձնում է սարսափելի։ Հետևաբար, հրատապ է այս մարդասիրական աղետը կանխելու համար միջազգային արագ և վճռական արձագանքը։ 215 օրից ավելի պաշարման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ հայերի իրավունքները համակարգված խախտվում են, որպեսզի ստեղծվեն անտանելի պայմաններ ու Ադրբեջանի կողմից ակնհայտ էթնիկ զտումների դրդապատճառներով դուրս մղեն իրենց այդ տարածքից։ Մեկը մյուսով պայմանավորված խախտումների հետևանքներն ուժգնանում են և ներառում են ներքոնշյալները․ Կյանքի իրավունքը՝ մինչ հրադարարի խախտումները, հարձակումները, խաղաղ բնակիչների, բնակելի տների, դպրոցների ուղղությամբ կրակոցները, առևանգումներն հաճախակի նախորդում են Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, այնպիսի տպավորություն է ձևավորվում, կարծես հրադարարը խախտողները հայերն են;  Մարդկանց և տրասպորտային միջոցների տեղաշարժի ազատությունը, որը բացառությամբ քչաթիվ արտակարգ դեպքերի, ամբողջությամբ արգելված է Լեռնային Ղարաբաղից և դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում նաև խաթարել է հանրային տրանսորտի և մասնավոր փոխադրամիջոնցերի տեղաշարժը վառելիքի պակասի պատճառով, ինչն իր հերթին բացասապես է ազդել առողջապահության, կրթության, տնտեսական զարգացման և այլնի վրա;  Բավարար կենսամակարդակը, որը պայմանավորված է շրջափակման 215 օրերից 100-ից ավելի օր ձգվող գազի պարբերական անջատումներով, էլեկտրաէներգիայի պակասով ու օրական 6 ժամ ջգվող պարբերական անջատումներով, հեռահաղորդակցության վատ որակով ու տեղեկատվության հասանելիության խնդիրներով, 2020 թվականին պատերազմի արդյունքում տեղահանվածների համար տների կառուցումն ավարտելու համար պահանջվող շինանյութի բացակայությամբ;  Սննդի և ջրի հասանելիությունը, քանի որ գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները և կերակրել իրենց անասուններին՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների հաճախակի կրակոցները, որոնք նաև վնասում են գյուղտեխնիկան և գողանում անասունները։ Սարսանգի ջրամբարը չորանում է և հասել է կրիտիկական մակարդակի, ջրի պակասը չլրացնելու պատճառով, ինչը չի ապահովում մարդկանց գոյատևման համար անհարժեշտ էլեկտրաէներգիան; Բնապահպանական իրավունքները, որոնք պայմանավորված են դեգրադացվող Սարսանգի ջրամբարից շրջակայքի  ուտելի բույսերի, ձկնային ռեսուրսների և ոռոգելի հողերի կախվածությամբ;  Ֆիզիկական առողջության իրավունքը, որը հաշվի առնելով թերսնումը, դեղորայքի, հիգիենայի պարագաների, հագուստի և բժշկական ծառայությունների հասանելիության պակասը պայմանավորված այս շրջանում ավելի քան 1400 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների անհետաձգելի վիրահատության չեղարկմամբ և ԿԽՄԿ-ի կողմից պատշաճ բուժօգնություն ստանալու նպատակով միայն մի քանի հիվանդի Հայաստան տեղափոխմամբ, բարձր սթրեսի ու շրջափակման պայմաններում հավասարակշռված սննդակարգի հնարավորությունից զրկված հղի կանանց շրջանում վաղ հղիության փուլում միայն անցած ամսվա ընթացքում գրանցված եռապակտված վիժումների թվով;  Կրթության իրավունքը, որը էլեկտրաէներգիայի և ինտերնետի, ինչպես նաև վառելիքի բացակայության պայմաններում հատկապես խորացրել է վատթար վիճակը գյուղաբնակ երեխաների համար, որոնք ստիպված են երկար ճանապարհ անցնել դպրոց հաճախելու համար;  Մշակութային և կրոնական իրավունքները, բնիկ հայկական մշակույթի հետքերը տարածաշրջանից հեռացնելու նպատակով պայմանավորված, վաղ քրիստոնեական շրջանի պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ Ադրբեջանի կողմից դրանց վերափոխումներով;   Տնտեսական և սոցիալական իրավունքները, անհրաժեշտ ապրանքների ներկրման անհնարինությամբ, էլեկտրաէներգիայի և գազի սակավությամբ պայմանավորված, 860 տնտեսվարող սուբյեկտների գործունեության դադարեցմամբ և դրա արդյունքում շուրջ 11000 մարդու գործազրկությամբ ու եկամտի կորուստով, ինչպես նաև գյուղացիների կողմից հավաքված բերքը քաղաք տեղափոխելու անկարողությամբ; Հոգեկան առողջության իրավունքը, Ադրբեջանի ղեկավարության մշտական ռազմատենչ սպառնալիքների զուգակցումը շրջափակման և սովամահության միջոցով մարդկանց կամքը կոտրելու փորձով, աշխատանքի հնարավորությունների բացակայությամբ, տնտեսական և սոցիալական անգործությամբ, անապահով և անորոշ վիճակով, ինչպես նաև պահվող և շարունակաբար խոշտանգվող 35 գերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց միջոցով ադրբեջանական զինուժի կողմից հայերի նկատմամբ գործադրվող ահաբեկչությամբ պայամանավորված։ Վերոնշյալները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կենցաղը խաթարելուն, կյանքի անտանելի պայմաններից դրդված հայրենիքը լքելուն հակող Ադրբեջանի ռազմավարության մասն են կազմում, որն ի վերջո էթնիկ զտումների վարվող քաղաքականություն է։   Նկատի ունենալով նման աղետները կանխելու ՄԱԿ-ի ավելի համընդգրկուն մանդատն ու պատասխանատվությունը՝ կազմակերպությունները շտապ քայլեր ձեռնարկելու կոչ են անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։  Կազմակերպությունները հորդորում են՝ Կոչով դիմել Ադրբեջանին արդյունավետ և տեսանելի քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2022 թվականի դեմտեբերի և 2023 թվականի փետրվարի որոշումների անհապաղ կատարումը; Դիտարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի նշանակման հարցը՝ հաշվի առնելով հումանիտար աղետը։ Հարկավորել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համապատասխան մեխանիզմներին, առանց հապաղման զեկուցել Լեռնային Ղարաբաղի շուրջ մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության իրավիճակի վերաբերյալ՝ զեկուցման համար ներառելով ստորև նշված հատուկ խորհրդականներին և հատուկ զեկուցողներին՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական, Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և հարակից անհանդուրժողականության ժամանակակից ձևերի հատուկ զեկուցող, Անվտանգ խմելու ջրի և սանիտարական մաքրման մարդու իրավունքի հատուկ զեկուցող, Զարգացման իրավունքի հարցերով հատուկ զեկուցող, Սննդի իրավունքի հարցով հատուկ զեկուցող, Կրթության իրավունքի հատուկ զեկուցող, Մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցող, Փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող, Բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով հատուկ զեկուցող, ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող, Մարդու իրավունքների իրացման վրա միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական ազդեցության վերաբերյալ հատուկ զեկուցող, Անվտանգ, մաքուր, առողջ և կայուն միջավայրից օգտվելու հետ կապված մարդու իրավունքների պարտավորությունների հարցով հատուկ զեկուցող։   Ամբողջական նամակը հասանելի է հետևյալ հղմամբ  Ստորագրյալ կազմակերպություններ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Օրենքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Հանուն հավասար իրավունքների ՀԿ Հանրային լրագրության ակումբ ՀԿ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
15:53 - 25 հուլիսի, 2023
Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն. քաղհասարակության կազմակերպությունները՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն. քաղհասարակության կազմակերպությունները՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Սովահարությունը որպես բանակցային մարտավարություն օգտագործելը չպետք է նորմալացվի։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն և խաթարում է ԼՂ-ի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ցանկացած ջանք Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության համատեքստում։ Այս մասին ասվում է Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի համար հայտարարության մասին Հայաստանի քաղհասարակության մի խումբ կազմակերպությունների տարածած հայտարարությունում։ Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններն անհանգստություն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ վերջին եռակողմ հանդիպումից հետո արված մամուլի հայտարարության վերաբերյալ։ Մասնավորապես, մենք մտահոգված ենք, որ հայտարարությունը նույնացնում է Լաչինի միջանցքը և Աղդամը՝ որպես ներկայիս հումանիտար ճգնաժամի լուծման տարբերակներ: Այս առաջարկն անտեսում է այն փաստը, որ հումանիտար ճգնաժամի սկզբնաղբյուրն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շարունակական շրջափակումն է, ԼՂ բնակչությանը սովի և թերսնման ենթարկելը՝ նրանց հարկադրաբար ենթարկեցնելու Բաքվի պահանջներին, կամ ավելի վատ՝ ֆիզիկապես դուրս մղելու տարածքից։ Ավելին, այն չի լուծում մարդու իրավունքների մյուս շարունակական խախտումները՝ ներառյալ ազատ տեղաշարժը, առողջապահական ծառայություններից օգտվելը, կրթության հասանելիությունը և այլն: Մենք մտավախություն ունենք, որ եթե այս առաջարկն առաջ մղվի, այն կվատթարացնի ներկայիս ծանր իրավիճակը՝ վտանգի ենթարկելով Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքը: Լաչինի միջանցքն այլընտրանք չունի։ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի  փետրվարի որոշումը (վերահաստատված 2023թ․ հուլիսին) հաստատում է միջանցքը մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ անցման համար բաց պահելու կարևորությունը։ Սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն անտեսել է այս որոշումը, այլ էլ ավելի է խստացրել ամիսներ տևող շրջափակումը։ «Այլընտրանքային» ուղիների շուրջ քննարկումը, ինչպիսին է Աղդամը, հումանիտար ճգնաժամի բուն պատճառին անդրադառնալու փոխարեն, միջազգային հանրության ուշադրությունը շեղում է խնդրի սկզբնաղբյուրից՝ Ադրբեջանի կառավարության կողմից մարդասիրական միջանցքի անօրինական շրջափակումից և էթնիկ զտումների քաղաքականությունից: Աղդամի ճանապարհի շահագործումն ակամա կաջակցի այս քաղաքականությանը՝ Ադրբեջանին լրացուցիչ քաղաքական և տնտեսական ճնշման լծակներ տալով ԼՂ հայ բնակչության դեմ և էլ ավելի խարխլելով նրանց իրավունքները: Սովահարությունը, որպես բանակցային մարտավարություն օգտագործելը, չպետք է նորմալացվի։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն և խաթարում է ԼՂ-ի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ցանկացած ջանք Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության համատեքստում: Եթե միջազգային հանրությունը ենթարկվի Ադրբեջանի ապօրինի գործողություններին և էթնիկ զտումների հստակ մտադրություններին, ապա այն փաստացի կվավերացնի Լաչինի միջանցքի անօրինական փակումը և 2022 թվականի դեկտեմբերից ի վեր 120 հազար մարդկանց շրջափակումը: Ավելին, այն կլեգիտիմացնի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը և կվարկաբեկի բոլոր գործող և ապագա համաձայնագրերը կամ միջազգային իրավական որոշումները: Շառլ Միշելի հայտարարությունը վերաբերում է նաևանզգուշությամբ սահմանի հակառակ կողմն անցած զինծառայողների ազատ արձակման դյուրացմանը։ Թեև սա կարևոր է, սակայն առանցքային է, որ մոռացության չտրվի բոլոր կալանավորված անձանց և ռազմագերիների ճակատագիրը: Ադրբեջանում կա առնվազն 35 հաստատված ռազմագերի և կալանավորված քաղաքացիական անձ։ Եղել են հավաստի տեղեկություններ, որ նրանք ենթարկվել են խոշտանգումների և անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի: Նրանցից երկուսն առևանգվել են այս տարվա սկզբին Հայաստանի տարածքից, և Ադրբեջանի դատարանը նրանց դատապարտել է երկարաժամկետ ազատազրկման՝ «դիվերսանտների» խմբին մատակարարման փորձի և «զինված ահաբեկչության դավադրության» համար «սահմանազանցության» համար: Նման կեղծ դատավարություններ տեղի են ունեցել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերի ընկած այլ կալանավորների մասով։ Ակնհայտ է, որ ներկա պայմաններում արդարադատության հասանելիությունն անհնար է։ Ավելին, Ադրբեջանը, կարծես թե, այս ձերբակալվածներին պահում է որպես սակարկության առարկա բանակցությունների ընթացքում։ Այսպիսով, մենք հորդորում ենք միջազգային հանրությանը. առաջնահերթություն տալ Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ուղղված ջանքերին` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռին, միավորել ջանքերը՝ նպաստելու բոլոր ռազմագերիների և այլ կալանավորված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանը»: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրազեկ քաղաքացիների միավորում Իրական Աշխարհ, Իրական ՀԿ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Կանանց աջակցման կենտրոն ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ Հանրային լրագրության ակումբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն   Հիշեցնենք, որ Ակնայով (Աղդամ) Արցախին օգնություն ցուցաբերելու մասին առաջին անգամ հուլիսի 14-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»: Ավելի ուշ՝ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես խոսեց «Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ»։ Այսօր արդեն ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի։ Հայկական կողմից այս հայտարարությանը արձագանքել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է Արցախի համար, որը կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով։ Արցախցիները հուլիսի 18-ին բետոնե արգելապատնեշներով փակեցին Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը՝ ցույց տալու, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։
16:41 - 19 հուլիսի, 2023
Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց, թե ինչով է պայմանավորված Հայաստանի նահանջը Հակակոռուպցիոն զեկույցի համաթվում
 |armenpress.am|

Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց, թե ինչով է պայմանավորված Հայաստանի նահանջը Հակակոռուպցիոն զեկույցի համաթվում |armenpress.am|

armenpress.am: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց, թե ինչպես է կազմակերպությունը կոռուպցիայի ընկալման ցուցիչը հաշվարկում և ինչու է Հայաստանը 2022 թվականին հետընթաց գրանցել։ Հոկտանյանը նախ բացատրեց, թե ինչպես է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից կազմվում կոռուպցիայի ընկալման ցուցիչը։ «Կոռուպցիան ընկալման համաթիվը մեր միջազգային կազմակերպության հետազոտական արտադրանքներից մեկն է։ 1995 թվականից ցուցիչի հաշվարկը իրականացվում է, և Հայաստանը 2003 թվականից գտնվում է ցուցիչի դասակարգման աղյուսակում։ Նախ մի քանի կարևոր ճշտումներ անեմ։ Առաջինը՝ սա միայն հանրային սեկտորի կոռուպցիան է ցույց տալիս, մասնավոր սեկտորը չի ուսումնասիրում։ Երկրորդը՝ այս ցուցիչը միայն գործարարների և փորձագետների ընկալումն է ցույց տալիս, ընդ որում՝ տվյալ երկրի հետ առնչվող։ Եվ երրորդ՝«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը դա չի հաշվարկում։ Ներկա դրությամբ կան 12 հայտնի միջազգային կազմակերպությունների 13 ուսումնասիրություններ, օրինակ՝ Համաշխարհային բանկ, Համաշխարհային տնտեսական ֆորում, « Freedom House» և այլն, որոնք ուսումնասիրություններ ունեն «լավ կառավարման» ոլորտում, որի մեջ կա նաև կոռուպցիայի վերաբերյալ հարցեր։  «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի Բեռլինի կենտրոնակայանը ունի հետազոտական բաժին, որը վերցնում է այդ ուսումնասիրությունները և դրանցից առանձնացնում է կոռուպցիայի վերաբերյալ հարցերը և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներով հաշվարկում է ամեն մի համաթիվը։ Կոնկրետ Հայաստանի դեպքում վեց ուսումնասիրությունների աղբյուր կա։ Դրանից հետո հանվում է միջին վիճակագրական թիվը, և ստացվում է կոռուպցիայի ընկալման ցուցիչը»,- պարզաբանեց Հոկտանյանը։ Ինչ վերաբերվում է միջազգային հակակոռուպցիոն զեկույցի համաթվում Հայաստանին նահանջին, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը նախ նշեց, որ 2012 թվականից (մինչ այդ այլ մեթոդաբանությամբ էր հաշվարկվում) մինչև 2018 թվականը այդ ցուցիչը տատանվում էր 33-37-ի միջև և մեծ առաջընթաց չէր գրանցվում։ «Դրանից հետո եղավ բավականին կտրուկ առաջընթաց երկու տարիների ընթացքում՝ 2019 թվականին միանգամից 42 բարձրացավ, 2020 թվականին ևս 7 միավորով ավելացավ։ Ի դեպ, 2012-2020 Հայաստանը աճի ցուցանիշով առաջին տեղում էր ամբողջ աշխարհում։ 2021 թվականին կանգնեց աճը, և 2022 թվականին նահանջ եղավ։ Նահանջը վիճակագրորեն զգալի չէ, նահանջն այնքան էլ մեծ չի եղել, խնդիր կամ լուրջ իրավիճակ չէ, բայց անհանգստանալու կարիք կա»,- ասաց Հոկտանյանը։ Նա նշեց, որ Հայաստանի վերաբերյալ 6 ուսումնասիրությունների աղբյուրներից, որոնցից հանվել է միջին վիճակագրական թիվը, առավել մեծ նահանջ տվել են Համաշխարհային տնտեսական ֆորումի և «V-Dem»-ի ուսումնասիրությունները։ «Համաշխարհային տնտեսական ֆորումը երկու տիպի հարցեր է ի հայտ հանել։ Առաջինը՝ բիզնեսները որքան են ապօրինի վճարներ կատարում պետական տարբեր ծառայություններին՝ հարկային, մաքսային, լիցենզիաներ և այլն։ Եվ երկրորդը՝ որքանով են հանրային միջոցները ոչ օրինական ձևով ուղղվում մասնավորին։ Դա սովորաբար գնումների և այլ գործընթացների միջոցով է տեղի ունենում ։ «V-Dem»-ը իր հերթին նշել էր դատական իշխանության անկախության, իրավապահ մարմինների բարեվարքության, զսպող և հակակշռող մեխանիզմների պահպանման խնդիրները»,- եզրափակեց Հոկտանյանը։
13:27 - 09 փետրվարի, 2023
Վարչապետն անհանգստացնող է համարում Հայաստանի նահանջը միջազգային հակակոռուպցիոն զեկույցի համաթվում
 |armenpress.am|

Վարչապետն անհանգստացնող է համարում Հայաստանի նահանջը միջազգային հակակոռուպցիոն զեկույցի համաթվում |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից օրեր առաջ հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը որոշակի նահանջ է գրանցել։   «Սա շատ կարևոր ցուցիչ է մեզ համար և հակակոռուպցիոն մեր ռազմավարության մեջ մենք այս ցուցիչում առաջընթաց արձանագրելու շատ հստակ նպատակադրում ունենք։ Եվ մինչև 2026 թվականը որոշակի գործողությունների պլան ունենք։ Այս ցուցիչի թեկուզ ոչ շատ մեծ, թեկուզ ոչ շատ նշանակալի նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կառավարության նիստ է հրավիրել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, Բարձագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին՝ հասկանալու թե ինչն է նման հետընթացի պատճառը։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, համաձայն որի՝ Հայաստանը թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, և այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-ի փոխարեն։
12:34 - 09 փետրվարի, 2023