Վազգեն Սարգսյան

Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է. վարչապետը՝ ԵԿՄ 30-ամյակին նվիրված միջոցառմանը

Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է. վարչապետը՝ ԵԿՄ 30-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԵԿՄ անդամներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Պաշտպանության հարգելի նախարար,Երկրապահ կամավորականների միության հարգելի նախագահ,Մեծարգո երկրապահներ,Պետական այրեր, Հոգևոր հայրեր,Հարգելի ներկաներ, Այսօր նշում ենք Երկրապահ կամավորականների միության 30-ամյակը ճգնաժամի պայմաններում՝ աշխարհաքաղաքական ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի և, ընդհանրապես, աշխարհակարգի փլուզման պայմաններում: Երկրապահ կամավորականների միության 30-ամյակն, իհարկե, առաջին հերթին ձեր անցած ճանապարհն արժևորելու առիթ է, շնորհավորելու մեզ բոլորիս այդ առիթով: Բայց իրականում երկրապահության պատմությունը և երկրապահի պատմությունը մի փոքր ավելին է: Այն իրականում կապ ունի Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման և պետականակերտման հետ: Թույլ տվեք ասել՝ երկրապահությունն, իմ ընկալմամբ, առաջին հերթին ձևավորեց որպես մտածողության փոփոխություն, և այդ մտածողության փոփոխության առաջին կրողը հենց Վազգեն Սարգսյանն էր: Ո՞վ էր Վազգեն Սարգսյանը: Մենք նրան հիմա գիտենք որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի հիմնադիր, որպես Երկրապահ կամավորականների միության հիմնադիր: Թերևս վստահ չեմ, որ ներկաներից բոլորը գիտեն, բայց Վազգեն Սարգսյանը նույնիսկ բանակում չէր ծառայել՝ Խորհրդային բանակում: Նա խոստումնալից գրող էր, խոստումնալից կազմակերպիչ, մշակույթի ոլորտի խոստումնալից գործիչ: Ինչպե՞ս ստացվեց, որ նա դարձավ Հայոց սպարապետ: Առաջին հերթին, մտածողության փոփոխության բերումով, որովհետև այդ մտածողությունն է՝ հասկանալ ինչ է կատարվում և ադեկվատ արձագանքել կատարվողին, դա է մտածողության փոփոխության ամենակարևոր բաղադրիչը: Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ Հայոց պետականությունն ամենակարևորն է և ամեն ինչից վեր: Ես շատ ուրախացա, երբ տեսա, ահա, այս պաստառը, որովհետև Վազգեն Սարգսյանի ժառանգությունից շատ բան կարելի է թվարկել: Այս բոլոր պատերը կարելի է զարդարել Վազգեն Սարգսյանի ժառանգությամբ, բայց շնորհակալ եմ, որ ընտրված է հենց սա, որովհետև խոսքը պետության և պետականության մասին է: Ինչի՞ համար է պայքարել Վազգեն Սարգսյանը, պիտի ասեմ նաև իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը: Իմ համոզմունքն է, որ Վազգեն Սարգսյանը պայքարել է պետության և պետականության համար: Սա շատ կարևոր արձանագրում է: Տեսանյութում հիշատակվեց Անդրանիկ Օզանյանը, խոսվեց նրա ողբերգության մասին: Համոզված եմ՝ բոլորս գիտենք, որ հենց Վազգեն Սարգսյանն է եղել Անդրանիկ Օզանյանի աճյունը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու նախաձեռնողը: Իսկ ինչո՞ւ էր դա այդքան կարևոր նրա համար: Մի շատ կարևոր պատճառով, որովհետև Վազգեն Սարգսյանը գիտեր, թե որն է Անդրանիկ Օզանյանի ողբերգությունը: Անդրանիկ Օզանյանի ողբերգությունն իրականում ազգային ազատագրական պայքարի զորավարի և պետականության դիսոնանսի մեջ էր: Այո, տեսանյութի մեջ հիշվեց, որ Անդրանիկ Օզանյանն ի վերջո ստիպված եղավ հեռանալ: Ինչո՞ւ ստիպված եղավ հեռանալ, որովհետև ինքը չկարողացավ իր տեղը գտնել պետության և պետականության պայմաններում: Վազգեն Սարգսյանն Անդրանիկ Օզանյանի աճյունը վերադարձրեց ոչ թե Հայրենիք, այլ վերադարձրեց Պետություն, որովհետև Վազգեն Սարգսյանն ուզում էր ֆիդայինի և պետության հաշտությունը: Եկեք ասենք՝ առանց երկրապահության և երկրապահի մենք անկախություն չէինք ունենա: Բայց երկրապահի արյունով ձեռք բերված անկախության, խաղաղության և պետականության հարաբերություններում, իհարկե, կան խնդիրներ: Մենք, հատկապես, մեղք կգործենք Վազգեն Սարգսյանի և մեր բոլոր ընկած եղբայրների առաջ, եթե դրա մասին չխոսենք: Վազգեն Սարգսյանը զորավար Անդրանիկի աճյունը բերելով Հայաստանի Հանրապետություն, պետական արարողակարգով նրա հուղարկավորությունը կազմակերպելով անկախության հիմքում ընկած, անկախության համար կյանքը տված նահատակների պանթեոնում՝ այդ հաշտությունն էր ուզում, այդ հաշտությունն էր փնտրում, ավելի ճիշտ կլինի ասել՝ ներդաշնակությունը: Դա էլ եկեք հասկանանք՝ մոտավորապես 3 մլն մարդ քվեարկել էր անկախության օգտին, բայց Վազգեն Սարգսյանն ստիպված էր փնտրել 500 մահապարտ: Եկեք այս հարաբերակցությունը հասկանանք: 3 մլն «այո» քվեարկած մարդ և 500 մահապարտի անհրաժեշտություն: Եվ սա էլ պետք է հասկանանք: Ես հաճախ եմ մեր քննարկումներում ասում, որ պետությունը հիմնվում է հանուն այդ պետության սեփական կյանքը տալու պատրաստակամության վրա։ Եթե չկա այդպիսի պատրաստակամություն` չի կարող լինել պետություն։ Բայց մյուս կողմից, շատ կարևոր է սրա շարունակությունը, որովհետև պետությունը մի տեղ չէ, որտեղ մարդիկ պետք է մահանան, պետությունը մի տեղ է, որտեղ մարդիկ պետք է ապրեն։ Անկախությունը նրա համար չէ, որ մարդն անընդհատ մահանա այդ անկախության համար, անկախությունը նրա համար է, որ մարդն ապրի, լինի անկախ, լինի պաշտպանված, լինի երջանիկ, լինի բարեկեցիկ։ Ինձ պատիվ է ընձեռվել աշխատել և մտածել այն աշխատասենյակում, ուր սպանվելուց մի քանի ժամ առաջ նստած աշխատելիս է եղել Վազգեն Սարգսյանը։ Եվ ես հիմա պիտի մի բան ասեմ, որ շատ եմ մտածել, ոչ մի անգամ չեմ բարձրաձայնել։ Իհարկե, Սասուն Միքայելյանը խոսեց հոկտեմբերի 27-ի մասին, հոկտեմբերի 27-ի սպանությունը, ահաբեկչությունը բացահայտելու մասին։ Դա իրավապահների գործն է, և համոզված եմ, որ ամեն հնարավորը կարվի դրա համար։ Բայց թույլ տվեք ձեզ հետ կիսել իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը։ Իմ համոզմունքն այն է, որ Վազգեն Սարգսյանը սպանվել է, որովհետև նախ հասկացել էր անհրաժեշտությունը, բայց նաև վերջնական որոշում էր կայացրել ազգային ազատագրական պայքարը վերաձևակերպել ու դարձնել պետականակերտման պայքար, պետության պայքար, պետության ինստիտուցիոնալ կայացման պայքար, պետության հզորացման պայքար, որովհետև մենք երբեմն չենք հասկանում, և սա է մեր մեծագույն խնդիրը, մեր իրականության մեջ միշտ չէ, որ Պետությունը և Հայրենիքն ընկալվում են նույն կերպ։ Եվ այդ ընկալումների ճեղքումն է, որ ի հայտ են բերում մեր բոլոր պարտությունները։ Մենք պետք է նույնացնենք Հայրենիք և Պետություն հասկացությունները, որովհետև Պետությունը շատ կոնկրետ է, և եթե Հայրենիքը Պետություն չէ, ցանկացած ուրիշ Պետություն կարող է դառնալ Հայրենիք։ Ցանկանում եմ կրկին շնորհավորել բոլորիս Երկրապահ կամավորականների միության 30-ամյակի առիթով։ Բայց ուզում եմ ասել, որ այն փոփոխությունը, որ տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի մտածողության մեջ, երբ խոսում եմ Վազգեն Սարգսյանի մասին, միայն իր մասին չեմ խոսում, որովհետև այդ փոփոխությունը բերեց շատ ավելի լայն փոփոխությունների, որովհետև դարակազմիկ մարդու մասին ենք խոսում։ Բայց 1999 թվականին այդ մտածողության փոփոխության ընթացքը կանգ առավ, որովհետև մի անգամ փոխված մտածողությունը նույնքան արդիական չէ 10, 15 տարի հետո, որովհետև աշխարհը փոխվում է, և մտածողությունն էլ պետք է աշխարհի հետ փոխվի սեփական ակունքներից չկտրվելով։ Ես դա համեմատում եմ հրթիռի թռիչքի հետ։ Երբ հրթիռը պոկվում է երկրից, մի որոշակի բարձրության՝ առաջին աստիճանի վրա նրա շարժիչները պոկվում են, բաց են թողնվում, որովհետև եթե այդ նույն շարժիչները նույն բանաձևով մնան այդ հրթիռի վրա, այն մի կետի վրա կկանգնի և կընկնի։ Այդ առաջին աստիճանի հրթիռները բաց են թողնվում, որպեսզի միանան երկրորդ աստիճանի հրթիռները, որպեսզի ապահովվի առաջընթացը, որպեսզի հաջորդ փուլում արդեն միանան երրորդ աստիճանի հրթիռները, որոնք հրթիռը կհասցնեն նպատակային կետի։ Սա մտածողության փոփոխության հետ եմ զուգահեռ տանում։ Վազգեն Սարգսյանը մեր առաջին աստիճանի հրթիռն էր, բայց որը նույնիսկ այն կետում չթողեց, որովհետև, իհարկե, ժողովրդավարական երկրում ոչ մեկ հավերժ չէր կառավարելու: Եվ շատ կարևոր է, որ մենք այս ընթացքը շարունակենք և այն շարունակում ենք մենք։ Այն մեծամասշտաբ բարեփոխումները, որ տեղի են ունենում բանակում, Զինված ուժերում, դրանք Վազգեն Սարգսյանի անվան բարեփոխումներն են, մենք այդպես չենք անվանում, բայց ես ուզում եմ մեր բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. այսօր Հայաստանի Հանրապետությունում Զինված ուժերում մի մարմին կա, որն անվանակոչված է Վազգեն Սարգսյանի անունով, դա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է։ Սա հաջորդ ամենաուժեղ ուղերձն է։ Հայրենասիրությունը, էմոցիան շատ կարևոր են, բայց 21-րդ դարում հայրենասիրությունը կթուլանա առանց գիտելիքի, էմոցիան ինքն իր դեմ կշրջվի առանց գիտելիքի: Մենք պետք է կարողանանք այս ճանապարհը շարունակել և այդ ճանապարհին հիշել այս ուղերձը, որն Անկախության մասին է, որն ինքնիշխանության մասին է, որը Պետության մասին է։ Եվ մենք Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է։ Շնորհավորում եմ բոլորին Երկրապահ կամավորականների միության 30-րդ տարեդարձի առիթով, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ Հաջորդիվ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մի խումբ երկրապահների հանձնել է ԵԿՄ 30-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներ: Հետմահու պարգևատրվել են նաև սպարապետ, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանը և միության ակունքներում կանգնած բազմաթիվ երկրապահներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԿՄ 30-ամյակի առթիվ այցելել է նաև Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին:
19:06 - 23 հուլիսի, 2023
44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» գրական նոր մրցանակի սկիզբ կդառնա

44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» գրական նոր մրցանակի սկիզբ կդառնա

Պետք է մեր գիտակցության մեջ պատրաստվենք պատերազմին, իսկ դրա համար պետք է ծանոթանալ պատերազմին։ Այս նպատակին է ծառայում 44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Մկրտչյանի հեղինակած «Հրետանավորի օրագիրը» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ։ Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Ալբերտ Մկրտչյանը մինչև 44-օրյա պատերազմի մեկնարկը ծառայել է Ագարակի զորամասում, պատերազմի ընթացքում մասնակցել է Ջրականի մարտերին։ Պատերազմի մասին ֆիլմեր դիտելիս ու գրքեր  ընթերցելիս Ալբերտին հետաքրքրել է, թե ինչպես պատերազմը, այդքան դաժան լինելով, կարող է դառնալ արվեստի գործ․ «Այդտեղից մոտս առաջացավ գաղափար, որ եթե սկսի պատերազմ, երևի ես էլ կգրեմ այդպիսի գործ։ Սեպտեմբերի 27-ին սկսեց պատերազմը, ու մենք բարձրացանք մեր կրակային դիրքեր։ Այնտեղ ուղղակի ժամանակ չէր լինում գրելու համար, չնայած մտածում էի այդ մասին։ Հետո, երբ գնացինք Ջաբրայիլ, այդ թոհուբոհի մեջ ամեն դեպքում վճռականություն գտա իմ մեջ, որ սկսեմ գրել»։ Ալբերտը հիշում է, որ պայուսակի մեջ երկու տետր է ունեցել․ մեկում հրանոթի հաշվարկներն է արել, մյուսի մեջ սկսել է օրագիրը գրել, բայց այդ տետրը «լավ ճակատագրի չի արժանացել»։ Հետո, երբ վերջին օրը գնացել են Իշխանաձոր, այնտեղից մի վարդագույն տետր է գնել՝ մտածելով, որ այնտեղ դեռ պետք է հրանոթի հաշվարկները գրի, սակայն այդ տետրի մեջ է հենց սկսել օրագիրը շարադրել․ «Այնպես ստացվեց, որ մենք արդեն պետք է հետ դառնայինք։ Երբ պիտի զորացրվեինք, տեսա, որ այդ վարդագույն տետրի մեջ մեր մարտկոցի Արտյոմը գրել էր՝ «Աբուլս, լավ մնա, սիրունս»։ Զորացրվեցի ու սկսեցի գրել։ Հիմնականում մեր տան խոհանոցում էի գրում։ Քայլում էի մի երկու րոպե սենյակում, մտքերս հավաքում էի ու հանձնում  օրագրին։ Երբ օրագիրը պատրաստ էր, ու սկսեցի թվայնացնել, կապվեցի «Մարտական եղբայրության» էջի հետ։ Ասացին, որ կաջակցեն հրապարակման համար»։  Հետո արդեն «Անտարես» հրատարակչությունում սկսել է բուն գործընթացը․ «Ինձ շատ հետաքրքիր էր այդ պրոցեսը, որովհետև այդ ընթացքում շատ բաներ սովորեցի։ Նախ կապեր ձեռք բերեցի, հետո ծանոթացա գիրք գրելու գործընթացին, և մոտ երկու ամիս առաջ գիրքը հրապարակվեց»։  Խոսելով գրքի նպատակների մասին՝ Ալբերտը ասում է՝ պատերազմը եկել ու հասել է Հայաստանի Հանրապետության սահմաններին, ուզենք, թե չուզենք, պիտի պատրաստվենք այդ պատերազմին․ «Պատերազմին պատրաստվել միայն չի նշանակում գնալ, պալիգոններում պատրաստվել։ Դա, իհարկե,  80%-ն է, բայց մենք  նաև պետք է մեր գիտակցության մեջ պատրատվենք պատերազմին, իսկ դրա համար պետք է ծանոթանալ պատերազմին, իմանալ, թե ինչ է մեզ սպասվում պատերազմի դաշտում, իմանալ, թե ինչ մտքեր են այդտեղ գերակշռելու, ինչ զգացողություններ են այդտեղ գերակշռելու։ Այս առումով  գիրքը կարող է ծառայել որպես պատերազմի ձեռնարկ, այսինքն՝ կարող է ծանոթացնել ընթերցողին պատերազմի հետ։ Ես փորձել եմ առանց զգացմունքայնության, չոր պատմել, թե ինչ է կատարվում պատերազմի դաշտում, ինչեր կարող ենք տեսնել ու ինչերից է պետք զգուշանալ»։ Գրքում Ալբերտը անդրադարձել է երեք կերպարների՝ Ազիզին, Սերոժին ու Արտակին, ու պատմել, թե ինչու է նրանց համարում հերոսներ․ «Իրենք երեքն էլ տարբեր կերպարներ էին, բայց ինձ համար հերոսի բացարձակ կերպարներ են, ու ես առանձին պարբերություններով անդրադարձել եմ երեքին էլ, թե ինչու ենք նրանք ինձ համար համարվում հերոսներ»։ Գրքի խմբագիրը  գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է, ում կարծիքով «Հրետանավորի օրագիրը» գրքին պետք է շատ հանգիստ ու նուրբ մոտենալ․ «Պատկերացրեք՝ վիրավորի ենք ուզում օգնել։ Այդ կարգի նրբությամբ քաղենք առավելագույնը և ոչ պաթետիկը։ Սա օրագիր է, որը մեր մեջ պետք է մեռցնի ցանկացած անպատեհ պաթետիզմ։ Փորձենք այս գրքին արժանի լինել, այդ գրքում պատկերվածին հետահայաց նայելիս արժանի լինել, որ այդ տղաները  պայքարել են, զոհվել են և այս տեսակ թանկ վկայություններ են մեզ փոխանցել։ Սա շատ կարևոր գիրք է, այս տեսակ գիրքը պիտի լինի մեր գրականության մեջ և՛ որպես զսպիչ, և՛ որպես հորդոր, և՛ որպես կոչ։  Շնորհակալ եմ Ալբետրին, որ միամիտ-միամիտ գրել է այս հրաշք գիրքը, և ուզում եմ, որ սա յուրօրինակ ուղերձ լինի մեր գործունեության բոլոր ոլորտներին, որտեղ մենք աշխատելու ենք, արարելու ենք, որովհետև այս գիրքը այն մասին է, որ մենք ուզենք-չուզենք, պետք է ունենանք ուժեղ պետություն, անվտանգ պետություն, այն, ինչ պատկերված է գրքում, չպետք է կրկնվի այլևս»։ Գրքի վերջաբանի հեղինակը պատմաբան, «Մարտական եղբայրություն» միաբանության համահիմնադիր Հրանտ Տեր-Աբրահամյանն է, ում համար գրքի հետ հանդիպումը շատ հաճելի անակնկալ է եղել։ Ասում է՝ Ալբերտի գիրքը մի գիշերում է կարդացել․  «Սա ինձ համար բավականին զարմանալի է, որովհետև ինձ դժվար է համոզել մի բան կարդալ, քանի որ կարդալու շատ բան կա այս աշխարհում, և նոր բաները դժվարությամբ են կարդում։ Ես սկսեցի ինչ-որ տեղ պարտավորված կարդալ,  որովհետև մարդը ուղարկել էր, բայց  հասկացա, որ կարդացվում է ամբողջությամբ ու միանգամից։ Լավ իմաստով պարզ տեքստ էր, շատ զարմանալի ներքին ռիթմ ուներ։ Ես դրա մասին մանրամասն գրել եմ»։ Հրանտ Տեր-Աբրահամյանը պատմում է, որ հանրային հանգանակություն են արել ու գումարը շատ արագ հավաքվել է։ Նա կարևորում է այս հանգամանքն ու ընդգծում, որ այս քայլով ցույց են տվել, որ նմանատիպ գրքերի հրապարակումը հանրային պատվեր  է․ «Դա շատ մեծ գումար չէր, բայց խնդիրը այն չէր, որ այդ գումարը հնարավոր չէր գտնել։ Մենք շատ կարևոր համարեցինք, որ դա հանրային լինի, մարդիկ դրան մասնակցեն, ամեն մեկը իր համեստ չափով, դրանով իսկ ցույց տալով, որ սրա հանրային պատվերը կա, որ սա մարդկանց պետք է։ Այդ գումարը շատ արագ՝ 1-2 օրում հավաքվեց, ինչ համար շնորհակալ եմ։ Դրանով ես ունեցա ապացույց, որ այն, ինչը մենք անում ենք, մեր քմահաճույքը չի, իրոք մարդիկ ուզում են, դրա պատվերը կա»։Հրանտ Տեր-ԱբրահամյանըԱլբերտի գիրքը Հրանտ Տեր-Աբրահամյանը համարում է սկիզբ ու կոչ անում պատերազմի մասնակիցներին յուրաքանչյուր ժանրի ստեղծագործություն ունենալու դեպքում դիմել իրենց․ «Մենք ամեն ինչ կանենք, որ դրանք հրապարակվեն։ Սա հանրային կարևորության գործ է, որ մենք այս պատերազմը վավերագրենք և՛ գեղարվեստական իմաստով, և՛ գիտական իմաստով։ Նաև որպես պատմաբան ասեմ, որ պատմաբանների համար շատ կարևոր է այսպիսի նյութերը։ Ոչ միայն  գեներալների հուշերն է կարևոր, այլ շարքային մասնակցի դիտակետը»։ Վազգեն Սարգսյանի անվան գրական ամենամյա մրցանակը՝ պատերազմի մասնակիցներին խրախուսելու համար «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն էլ  «Հրետանավորի օրագիրը» գրքում կարևորում է  միֆերի ու պաթոսի բացակայությունը․ «Իմ տպավորությամբ այս գիրքը իրականությունն է, ինչպես կա։ Այստեղ ոչ մի ավելորդ բան չկա, ինչ տեսել է, դա նկարագրած է»։Նրա կարծիքով՝ այս պատերազմը մեր պատկերացման մեջ պետք է մնա ոչ թե որպես ինչ-որ արհավիրք ու աղետ, ինչպես սովորաբար լինում է, այլ իմաստավորվի, ռացիոնալացվի։ Բարսեղյանի խոսքով՝ մտածել են այնպես անել, որ Ալբերտից բացի նաև այլ պատերազմի մասնակիցները շարունակեն գրել։ Այս նպատակով էլ «Կողբ» հիմնադրամը և «Մարտական եղբայրություն»-ը  որոշել են գրական ամենամյա մրցույթ սահմանել՝ պատերազմի մասնակիցներին խրախուսելու համար․ «Բնականաբար, կհրապարակվի, որոշակի նյութական մրցանակներ կլինեն, դա էլ որոշակի մոտիվացիա կլինի, ի վերջո գրքերը կհրապարակվեն այդ գումարներով»,-ասում է Արման Բարսեղյանը։ Նա պատմեց նաև, որ քննարկել են ու հասկացել, որ ամենաճիշտը գրական մրցանակը Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անունով կոչելն է․ «Հայրենասիրությունը երկու բան է․ ստեղծել և պաշտպանել։ Վազգեն Սարգսյանի մեջ այդ երկու գործունեության ոլորտն էլ առկա է եղել։ Այդ տրամաբանության մեջ մենք մտածեցինք, որ ճիշտ կլինի Վազգեն Սարգսյանի անունով անվանել մրցույթը»։Ալբերտ Մկրտչյանը Հրանտ Տեր-Աբրահամյանն էլ ասաց՝ Վազգեն Սարգսյանը նախևառաջ գրող էր, և ոչ թե ուղղակի գրող էր, այլ լավ գրող էր։ «Այսօր արհեստական հակադրություն կա, որ գրողը մի բան է, պատերազմը ուրիշ բան է։ Բայց մարդը գրող էր, որը դարձավ ոչ թե ուղղակի զինվորական,  այլ առաջնորդ-զինվորական։ Սա հիշեցնում է, որ առաջին պատերազմում մեր հաղթանակը իր հիմքում ժողովրդական շարժումը ուներ»։ Այնուհետև Հրանտ Տեր-Աբրահամյանը ընթերցեց մրցույթի նպատակները․ «Պատերազմը՝ որպես ազգային կյանքի կարևորագույն իրադարձության հանրային իմաստավորումը ու վերապրումը, ինչպես նաև պատերազմ անցած հանրության գեղարվեստական, հոգեբանական, վավերագրական ու վերլուծական փորձի ամրագրումն ու փոխանցումը, դրա տեղադրումը հանրային օրակարգի կենտրոնում։ Երկրորդը՝ պատերազմի մասնակցի ձայնը, տեսակետը, ապրումը լսելի դարձնելը, և երրորդը պատերազմի մասնակիցների մեջ տաղանդների բացահայտումը՝ գրակական վերլուծական և այլն։ Եվ չորրոդը՝ պատերազմի վավերագրումը, որը հետագայում պետք է նյութ դառնա պատմագիտության, հասարակագիտության, ռազմագիտության, ինչպես նաև արվեստի համար»։Նանե Ավետիսյան
14:47 - 06 հոկտեմբերի, 2022
Մեր երկիրը վիրավոր է. վիրավոր է, բայց այդ վերքերը բուժելի են. ԵԿՄ վարչության ուղերձը

Մեր երկիրը վիրավոր է. վիրավոր է, բայց այդ վերքերը բուժելի են. ԵԿՄ վարչության ուղերձը

ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ ՀՀ ԵԿՄ վարչության և միության անդամները ծաղիկներ են խոնարհել ԵԿՄ վարչության շենքում տեղադրված Սպարապետի կիսանդրու առջև:   ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության անդամները, երկրապահները, Սպարապետի մարտական ընկերները, պետական և քաղաքական գործիչներ են այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:   ՀՀ ԵԿՄ վարչությունն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.   «Այսօր հաղթանակ կերտած Սպարապետի, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է:   Հետպատերազմական այս բարդ իրավիճակում առավել է արժևորվում Սպարապետի ծնունդն ու սերունդներին ժառանգած պատգամը:   Մենք պարտք ունենք քո առջև՝ Սպարապե´տ, մեք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ։   Մեր երկիրը վիրավոր է. վիրավոր է, բայց վստահաբար ենք ասում, որ այդ վերքերը բուժելի են, քանի որ մեր հավաքական կամքն ու սերը հայրենիքի նկատմամբ ավելի ամուր է, ավելի զորեղ:   Մենք՝ երկրապահներս, Սպարապետի պատգամին հավատարիմ, այս օրերին էլ շարունակում ենք մեր սուրբ գործը, մենք ամուր կանգնած ենք սահմանին:   Սիրելի՛ հայրենակիցներ   Պատերազմի պատճառած ցավալի հետեւանքներն ու փորձությունները հաղթահարելու, մեր հայրենիքը, պետականությունը ամուր պահելու, մեր պետության համար նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կերտելու նպատակով պետք է շարունակենք ապրել ու արարել մեր երկրում:   Պետք է ամեն վայրկյան մտածենք նահատակված հերոսների արյամբ սրբացած մեր հայրենիքի շենացման ու կայունացման մասին, պետք է հզորանանք մեր համախմբման միջոցով. մենք այլևս սխալվելու իրավունք չունենք, մենք «փառքեր ունենք թաղված հողի տակ, մենք հույսեր ունենք պահված մեր երկրում»։   Խոնարհվում ենք որդեկորույս մայրերի առջև:   Ցավը բոլորիս սրտերում է: Փա՛ռք մեր պետությանը, Փա՛ռք աշխարհասփյուռ հայությանը: Փա՛ռք ՔԵԶ Սպարապետ Օրհնվի Ծնունդդ՝ խաղաղություն լինի մեր երկրում»:
18:30 - 05 մարտի, 2021
Մինչև հիմա ինչ պայմանագիր կնքել են, հանդես են եկել խեղճի վիճակից կամ դրսի թելադրանքով՝ կործանելով Հայաստանը․ Վազգեն Մանուկյան

Մինչև հիմա ինչ պայմանագիր կնքել են, հանդես են եկել խեղճի վիճակից կամ դրսի թելադրանքով՝ կործանելով Հայաստանը․ Վազգեն Մանուկյան

Մեր շարժումը նորից սկսում է զանգվածային կիջոցառումներ, և ամսի 20-ին պետք է լինի մեծ հանրահավաք․ շարժման օրակարգը մնում է նույնը։ Այս մասին ասաց խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ելույթ ունենալով Երևանի Ազատության հրապարակում, որտեղ վերջինս հրավիրել է քաղաքացիներին, իր խոսքով, որոշ հարցեր քննարկելու։ «Բայց 2 օր առաջ տեղի ունեցավ մի դեպք, որը ստիպեց ինձ դիմել ժողովրդին և մինչ 20-ի հանրահավաքը հավաքել ձեզ, որ միասին խոսենք։ Պատահաբար պարզվեց, որ, բացի եռակողմ հայտարարությունից, կա նաև գաղտնի ստորագրված մի փաստաթուղթ՝ 6 կետանոց։ Նախորդ ամիսների ընթացքում մենք չէինք հասկանում՝ ինչ է կատարվում Սյունիքում, ինչու ենք կորցնում մեր սահմանները, մեր ճանապարհները։ Ոմանք ասում էին, որ իշխանությունը պարալիզացված է, չի կարողանում տիրապետել իրավիճակին։ Պարզվեց՝ ոչ, պարզվեց՝ կա ևս մի դավաճանական փաստաթուղթ։ Զարմանալին գիտե՞ք՝ որն է․ պատերազմը ավարտվեց ամսի 9-ի հայտարարությամբ, այիսնքն՝ եթե այնտեղ գրված էր՝ զորքերը կանգնած են մնում իրենց տեղերում, մեր զորքը Զանգելանից և Կուբաթլուից նահանջեց դեպի Սյունիքի սահմանները՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Պարզվեց՝ ինքը ունի մի գաղտնի փաստաթուղթ մեր ժողովրդից»,- ասաց Մանուկյանը։ Անդրադառնալով Սյունիքի մարզի մի շարք շրջաններ լրագրողների մուտքը ազգային անվտանգության մարմինների հետ համաձայնեցնելու հետ կապված հայտարարությանը՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ դա նշանակում է, որ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ մեզ տարան պարտության, նույնը կկատարվի Սյունիքում՝ մամուլը փակելով, ինչը նշանակում է, որ էլի կան պայմանավորվածություններ։ «Անկեղծ ասած, ինձ թվում էր, որ այս երկու փաստը ժողովրդին դուրս կբերի փողոց, և ժամանակ առաջ այդպես կլիներ։ Տարիներ առաջ այդպիսի փաստ լիներ՝ ժողովուրդը դուրս կգար փողոց։ Բայց մեր ժողովուրդը այնքան հարվածներ ստացավ այս տարվա ընթացքում, որ արդեն կամքը ջարդվել է, արդեն համակերխվում է ամեն ինչի հետ»,- ասաց նա՝ կոչ անելով զարթնել, քանի որ «հայրենիքը կործանում են մեր աչքի առջև»։ Նրա խոսքով՝ այսպիսի բան դեռևս հազարավոր տարիների մեջ չի ունեցել Հայաստանը, բայց այսպիսի դավաճանություն, որ երկրի ղեկավարը առանց ժողովրդին տեղյակ պահելու, ժողովրդի մեջքի հետևից ծախի պետությունը երբևէ չեն տեսել։ Անդրադառնալով Արցախի Մարտունի քաղաքում Նժդեհի արձանի շուրջ տեղեկություններին՝ Մանուկյանն ասաց, որ Ադրբեջանն այնքան«վերխ» ունի մեզ վրա, որ ասում է, որ նրա արձանը պետք է հանի Հայաստանը։ «Նժդեհն այն մարդն էր, որ պահեց Սյունիքը, դա է պատճառը, որ ադրբեջանցիներն ուզում են նրա արձանը հանել, որովհետև Սյունիքը իրենք են ուզում վերցնել։ Սյունիքի պատերազմն է գնում, և ես չեմ զարմանա, որ այս իշխանությունները հանեն այդ արձանը»,- ընդգծեց Մանուկյանը։ Նշենք, որ Մարտունու քաղաքապետը հայտնել է, որ Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել և կանգնեցված է իր տեղում: Վազգեն Մանուկյանը նշեց, որ այս պայմաններում ցանկացած պայմանագիր, որ ՀՀ-ն կկնքի, կործանարար է լինելու Հայաստանի համար։ «Մինչև հիմա ինչ պայմանագիր կնքել են, միշտ հանդես են եկել խեղճի վիճակից կամ դրսի թելադրանքով՝ կործանելով Հայաստանը»,- ասաց նա։
16:01 - 12 փետրվարի, 2021