Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԼՂՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ։

Ծնվել է 1965 թվականի մարտի 5-ին: Ծննդավայրը՝ Ստեփանակերտ: 1972-1982 թվականներին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։ 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։ 1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։ 1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։

1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավելի պահվում Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։

1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները։ 1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։ 1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։ 1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։

1995-1999 թթ. ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996)։ 1992-1995 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 1995-1999 թվականներին եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։ 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, 4.5 տարի անց նրան ներում է շնորհվել։

2004-2005 թվականներին ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը ։ 2005 թվականին հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։ 2017 թվականին ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում: 2018 թվականին ազատ է արձակվել բանտից։ 

Սերգեյ Ղազարյանը՝ Արցախի ԱԳ նախարար․ Արայիկ Հարությունյանը փոփոխություններ է արել կառավարության կազմում

Սերգեյ Ղազարյանը՝ Արցախի ԱԳ նախարար․ Արայիկ Հարությունյանը փոփոխություններ է արել կառավարության կազմում

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են` համաձայն հրամանագրերի՝ Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության արդարադատության նախարար: Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար: Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: Արմեն Մանգասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար: Նույն օրը նախագահը հաստատել է կառավարության որոշում Արմեն Մանգասարյանին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանին:
09:41 - 11 հունվարի, 2023
«Միասնական հայրենիքը» Արցախում նոր ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում

«Միասնական հայրենիքը» Արցախում նոր ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում վերահսկողության մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Դիտարկելով բնապահպանական ակցիայի քողի ներքո ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքում վերահսկողության հնարավոր մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ կողմերի պաշտոնական հրապարակումներն ու մոտեցումները՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝ 1 – Օրախնդիր պահանջ է միջազգային հանրության գործուն մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատ պատվիրակել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընթացակարգերով սահմանված կարգով՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը, այն է՝ հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորումը։ 2 – Միանգամայն մերժելի են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից չբխող գործողություններն ու միջամտությունները, որոնք խոչընդոտում են իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի իրավունքներն ու ազատությունները։ Արգելված առարկաների վերահսկողության հիմնավորմամբ համապատասխան սարքավորումներ պետք է տեղակայել նախևառաջ Քարվաճառ-Մատաղիս և Խուդաֆերին-Սանասար-Քաշաթաղ-Քարվաճառ երթուղիներում, եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջաններում, որտեղ ադրբեջանական կողմը ոչ միայն կենտրոնացրել է հսկայական քանակությամբ կենդանի ուժ և զինտեխնիկա, այլև այդ տարածքներով ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Ջերմուկ, Վարդենիս, Սյունիք և այն։ Սա այն դեպքում, երբ առանց մարտական գործողությունների հանձնված տարածքները պետք է լինեն ապառազմականացված գոտիներ՝ միջազգային սկզբունքների և նորմերի համապատասխանությամբ, սույն դեպքում՝ ՌԴ խաղաղապահության պատասխանատվությամբ։ 3 – Խիստ անհրաժեշտություն է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի աշխարհագրական կոորդինատները, ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման հենակետերը՝ 5 կմ լայնությամբ եզրագծով (աջ և ձախ կողմերից 2․5-ական կմ)՝ խաղաղապահ պատասխանատվության գոտում անվտանգության նկատառումներով տեղակայելով ոչ ավել, քան մեկ հսկիչ-անցագրային կետ, դիցուք՝ Հայաստան-Արցախ սահմանագծին։ 4 – Մտահոգիչ են Հայաստանի՝ որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմի մոտեցումները նույն հայտարարության դրույթների մեկնաբանության, քաղաքական նպատակահարմարությամբ դրանց վերաբերյալ ձևավորված հայեցողական վերաբերմունքի առնչությամբ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է հետամուտ լինեն մասնավորեցնելու և եռակողմ հայտարարությունից բխող փաստաթղթերում ամրագրելու բովանդակային և տեխնիկակական վերոնշյալ հարցերը՝ հայտարարության մյուս կողմերին պարտավորեցնելով ամբողջ ծավալով իրացնելու ստանձնած պարտավորությունները։ 5 – Տարակուսելի է Արցախի Հանրապետության իշխանությունների հանցավոր ինքնավստահությունը սեփական ժողովրդի նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի շարունակական դրսևորումների ֆոնին, մասնավորապես ռազմավարական նշանակության տարածքային կորուստներ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր (11-12 դեկտեմբերի, 2020թ․), Փառուխ գյուղ և հարակից Քարագլուխ բարձունք (24 մարտի, 2022թ․), Կուսանաց լեռ՝ հարակից Սարիբաբ և Բուզդուխ բարձունքներով (3 օգոստոսի 2022թ․), լարվածություն շփման գծում՝ զոհերի և վիրավորումների ելքով, միջադեպեր քաղաքացիական բնակչության շրջանում և այլն։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ Արցախի Հանրապետության ներքաղաքական դասավորվածությունը չի արտացոլում հետպատերազմյան իրողությունները․ քաղաքական ղեկավարությունը բացարձակ անհաղորդ է Արցախում և Արցախի շուրջ մարտահրավերների էությանը, որոնց հաղթահարումը հնարավոր է բացառապես նոր ընտրությունների ելքով։ Արդյունքում Արցախի ժողովրդի վստահության մանդատ ստացած իշխանությունը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու պոզիտիվ լեգիտիմություն կստանա, հակառակ դեպքում՝ ժողովուրդը կարող է դիմել համարժեք քայլերի»,- ասված է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։  Ավելի ուշ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ:  Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։ Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարեց, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։
13:18 - 07 դեկտեմբերի, 2022
Սամվել Բաբայանը կոչ-խնդրանք է ուղղել Արցախի և Հայաստանի նախագահներին

Սամվել Բաբայանը կոչ-խնդրանք է ուղղել Արցախի և Հայաստանի նախագահներին

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Ստեփանակերտից կոչ-խնդրանք է ուղղել Արցախի և Հայաստանի նախագահներին։ «Հայկական երկու հանրապետությունների շուրջ օր օրի սեղմվող օղակը հայ ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքի, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրո առարկայի հնարավոր լուծման հարցում։ Մեզանից յուրաքանչյուրն Արցախում և Արցախով է հաջողել։ Մեզ Արցախն է կյանք ու պատիվ նվիրել։ Ժամանակն է, որ մենք Արցախին վերադարձնենք նրա անունն ու պատիվը։ Ես վեր եմ կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Արցախի փրկության գաղափարի շուրջ մեկնում եմ ձեռքս՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն համահայկականության»։
09:38 - 06 հոկտեմբերի, 2022
Հայկական խաղաղության օրակարգը համարժեք չէ գործնականում արձանագրվող իրողություններին․ Սամվել Բաբայան

Հայկական խաղաղության օրակարգը համարժեք չէ գործնականում արձանագրվող իրողություններին․ Սամվել Բաբայան

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության նկատմամբ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի կապակցությամբ։ «Ադրբեջանը, հերթական անգամ օգտվելով աշխարհաքաղաքական գործընթացներից և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի փորձը, այսօր հարձակողական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ակնհայտորեն առաջնորդվելով նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով՝ Ադրբեջանը շարունակաբար ուժի կիրառմամբ առավելագույնն է կորզելու հայկական կողմից։ Այս համատեքստում հայկական խաղաղության օրակարգը համարժեք չէ գործնականում արձանագրվող իրողություններին։ Կանոնավոր և մարտունակ բանակն է պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդի ֆիզիկական անվտանգության,  երկրի սոցիալ-տնտեսական զարգացման երաշխավորը։ Ուստի պետք է անհապաղ վերանայել հայկական օրակարգը․ վերջ տալ միջազգային հանրությանն ապավինելու անփառունակ փորձերին, խմբագրել պաշտպանական քաղաքականությունն ու ձևավորել համահայկական մարտահրավերներին և սպառնալինքներին համարժեք զինված ուժեր։ Հայաստանի նկատմամբ պարբերական ոտնձգությունների հետևանքները վերացնելու փոխարեն, պիտի կանխարգելել դրանք․ և այդ կանխարգելիչ գործոնի բացարձակ մենաշնորհը բանակին է։ Հակառակն ապացուցելու փորձերն ու այդ կապակցությամբ արդարացումները սիրողական-կուսակցական մոտեցումներ են։
14:29 - 13 սեպտեմբերի, 2022
Սամվել Բաբայանը հերքում է պատերազմի օրերին Արցախը լքելու մասին լուրերը և դիմում ԱՀ դատախազությանը

Սամվել Բաբայանը հերքում է պատերազմի օրերին Արցախը լքելու մասին լուրերը և դիմում ԱՀ դատախազությանը

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության գրասենյակը հաղորդագրություն է տարածել կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի անունից, որտեղ Բաբայանն անդրադարձել է պատերազմական օրերին Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ լուրերին։ «Հետպատերազմյան շրջանում շահադիտական դրդումներով պարբերաբար հրապարակ են նետվում իմ, որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ, որի կապակցությամբ անհրաժեշտ եմ գտնում անդրադառնալու մի շարք էական հանգամանքների: 2020թ․ հունիս-նոյեմբեր ամիսներին, զբաղեցնելով նախագահին կից անվտանգության հարցերով խորհրդակցական մարմնի քարտուղարի պաշտոնը, պատերազմի ողջ ընթացքում կատարել եմ իմ պաշտոնեական լիազորություններից բխող գործողություններ, այդ թվում՝ խորհրդատվություն տրամադրել մարտական գործողությունների կազմակերպման վերաբերյալ։ Հարցերը, թե այդ խորհրդատվական դիտարկումներից քանիսն են ընդունելի դարձել և/կամ ինչ ճշգրտությամբ են իրականացվել, այլ հասցեատեր ունեն։ 2020թ․ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել եմ քաղաք Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով իմ կողմից հանրայնացման ենթական չեն)։ Գործուղման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում մնացած սակավաթիվ բնակչությունը տարհանվել է, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվել հայկական կողմի համար խիստ անբերենպաստ պայմաններով հայտնի եռակողմ հայտարարությունը։ Տեղեկանալով հայտարարության մասին, ինչպես հայտնել եմ ավելի վաղ, փորձել եմ կանխել այն, սակայն փաստաթուղթն արդեն ստորագրված էր։ Որպես ԱԽ քարտուղար, անզոր լինելով փոխելու զարգացումների ընթացքը, այլևս նպատակահարար չեմ գտել շարունակել զբաղեցնել հնչեղ, բայց անբովանդակ այդ պաշտոնը։ Ապա, ի նշան բողոքի, հրաժարվել եմ նաև «Արցախի հերոս»  բարձրագույն կոչումից: Պետական համակարգից հեռանալուց հետո, բազմակողմանիորեն գնահատելով Արցախում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, իմ քաղաքական գաղափարակիցների հետ մշակել և Արցախի ու Հայաստանի իշխանություններին եմ ներկայացնել ճգնաժամային կառավարման ոլորտային մոտեցումներ, ծրագրեր, հայեցակարգեր։ Նշեմ նաև, որ ԱՀ իշխանությունների հետ պարբերական շփումներ եմ ունենում իբրև խորհրդարանական ուժի առաջնորդ, իսկ ՀՀ իշխանությունների հետ առնչվել եմ բացառապես արտախորհրդարանական ուժերի հարթակում, ապա հեռացել՝ ձևաչափի անարդյունավետության պատճառով։ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննչական գործողությունների շրջանակում երկու անգամ հրավիրվել եմ հարցաքննության, պարզաբանումներ տվել մարտական գործողություններին իմ առնչության և ներգրավվածության վերաբերյալ։ Այս կապակցությամբ կանխակալ մեդիահրապարակումներով ինձ մեղսագրվող արարքների ապացուցման դեպքում պատրաստ եմ կրելու պատասխանատվություն։ Հակառակ դեպքում հետամուտ եմ լինելու՝ պատասխանատվության ենթարկելու զրպարտության և սուտ մատնության հեղինակներին։ Զինվենք համբերությամբ և հետևենք դատավարական գործընթացներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները իմ, որպես ԱՀ բարձրաստիճան պաշտոնյայի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու  վերաբերյալ տեղեկությունների հիմքով օրենքով սահմանված գործողություններ չեն նախաձեռնել, դիմում եմ ԱՀ դատախազությանը՝ վերոնշյալի կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և համապատասխան քրեաիրավական որակմամբ ճշմարտությունը բացահատելու պահանջով։ Իրավապահ մարմինների գործողությունների առանցքում, ի դեպ, վաղուց հայտնված պիտի լիներ նաև ԱԽ 2020թ․ նոյեմբերի 6-ի նիստում շրջանառված պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող, պետության կողմից պահպանվող և պաշտպանվող տեղեկատվության՝ ԱԽ քատուղարի ելույթի առանձին դրվագների հանրայնացված լինելու հանգամանքը։ Պետական, ռազմական, քաղաքական, հասարակական իմ ողջ գործունեության ընթացքում առաջնոդվել եմ բացառապես սեփական գաղափարներով և խղճով: Ըմբռնումով եմ մոտենում ինձ վերագրվող երևույթները, քանի որ շրջանակները, ովքեր մշտապես ուղղորդվոմ են ինչ-ինչ կենտրոններից, չեն կարող հավատալ ազատ և անկաշկանդ միտք ունենալու հնարավորությանը: Հարգելով յուրաքանչյուրի արտահատվելու իրավունքը, այնուամենայնիվ համոզված եմ, որ այդ հասկացությունը նույնական չէ զրպարտության ու սուտ մատնության հետ․ որևէ մեկի իրավունքը չի կարող իրացվել մյուսի իրավունքների ոտնահարման հաշվին»,–ասվում է հաղորդագրությունում։
10:08 - 05 սեպտեմբերի, 2022
ՀՀ ԶՈւ-ն դուրս է բերվել ԼՂ-ից, Արցախի անվտանգությունն ապահովում են տեղի ինքնապաշտպանական ուժերը և սակավաթիվ խաղաղապահ զորակազմը. «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը

ՀՀ ԶՈւ-ն դուրս է բերվել ԼՂ-ից, Արցախի անվտանգությունն ապահովում են տեղի ինքնապաշտպանական ուժերը և սակավաթիվ խաղաղապահ զորակազմը. «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը

Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ապառազմականացման Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. Վերջին օրերին, օգտվելով աշխարհաքաղաքական տեղաշարժերից, Ադրբեջանն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ նոր օրակարգ է թելադրում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման անհիմն պահանջներ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարում է․ · Խստորեն դատապարտում ենք ԼՂ-ում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումներն ու Ադրբեջանի ագրեսիվ ձեռնարկումները: · ՀՀ-ի ԶՈւ-ի ստորաբաժանումները դուրս են բերվել ԼՂ-ից և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովվում է տեղի ինքնապաշտպանական ուժերի և սակավաթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցներով։ · Արցախի բնակչության նկատմամբ շարունակաբար իրականացվող զինված հարձակումների, էթնիկ ատելության հրահրումների, հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման, հայաթափման ադրբեջանական քաղաքականության համապատկերում Արցախի ժողովուրդն այլընտրանք չունի, քան ձեռնարկել ինքնապաշտպանության միջոցառումներ: · Արցախի Հանրապետությունն իրացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ պաշտպանելու իր ժողովրդի հիմնարար իրավունքները ադրբեջանական շարունակական և համակարգային ագրեսիայից։ Ուստի, անթույլատրելի ենք համարում Արցախի ժողովրդի անվտանգության անվերապահ երաշխավորի՝ Արցախի Պաշտպանության բանակի, կազմալուծման և/կամ զինաթափման որևէ պահանջ: Նման պահանջը միաժամանակ չի արտացոլում Հայտարարությամբ ստանձնած Կողմերի պարտավորությունները: · Կարևորելով ՌԴ-ի միջնորդական ջանքերը ԼՂ-ի հակամարտության կարգավորման և խաղաղապահ առաքելություն ստանձնելու գործում, ինչպես նաև հաշվի առնելով ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիվ միջամտությունները, համոզված ենք, որ ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ ներկայությանը միջազգայնորեն ամրագրված երաշխիքներով և հստակ գործառույթներով օժտելը օրվա հրամայականն է: Արցախի ԶՈւ-ն Արցախի ժողովրդի գոյաբանական նախադրյալն ու երաշխիքն է, ուստի նրա գործառնությունները սահմանափակող և իրավական կարգավիճակը վատթարացնող ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն ոչ միայն հակադարձ համեմատական է Արցախի ժողովրդի ազգային-անվտանգային շահերին, այլև ոտնձգություն է Արցախի հայկական ապագայի նկատմամբ:
16:53 - 05 օգոստոսի, 2022
Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին |azatutyun.am|

Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած` 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին: Բաբայանն ասաց` պատճառները մի քանիսն են: «Հլը չեմ ուզում բարձրաձայնել, կգա օրը, կխոսեմ», - նշեց նա: Բաբայանը պատերազմի օրերին եղել է Արցախի ԱԽ քարտուղարը: Նա չի ցանկանում առայժմ հրապարակել իր որոշման պատճառները, ասաց` անձնավորված չէ, ակնարկեց, թե խաղի կանոնները չեն պահպանում. «Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»: Թե ինչու է Բաբայանը հեռացել հանձնաժողովից, չհաջողվեց պարզել իշխանական անդամներից: Նրա դերը շատ կարևորած Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց «Ազատության» զանգերին: Պատերազմի հանգամանքներն Ազգային ժողովում քննելու անհրաժեշտության մասին իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, երբ դեռ չէր ձևավորվել 8-րդ գումարման Ազգային ժողովը: Այդ հայտարարությունից 10 ամիս է անցել, բայց հանձնաժողովի բուն աշխատանքը դեռ չի սկսվել, երկու դռնբաց նիստ է եղել 2 ամիս առաջ տեխնիկական բնույթի: Մինչև հանձնաժողովի ձևավորումը ամիսներ շարունակ իշխանականներն իրավական ուղիներ էին փնտրում, որ շրջանցեն ԱԺ կանոնակարգն ու հանձնաժողովն ավելի մեծ մասշտաբով ձևավորեն, ընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերը: Այդ լուծումներն օդում մնացին: Վարչապետ Փաշինյանի հետ համագործակցող արտախորհրդարանական ուժերից ընտրեցին Սամվել Բաբայանին, Նորայր Նորիկյանին և Դավիթ Սանասարյանին: Անդրանիկ Քոչարյանը նրանց վերջին նիստում ներկայացրեց անկախ խորհրդատուի կարգավիճակում: Մյուս անկախ խորհրդատուներն ի՞նչ իրավական հիմքերով են հանձնաժողովում և արդյոք հետևելու են Սամվել Բաբայանի օրինակին, թե՞ կաշխատեն: Նորիկյանն ու Սանասարյանը չարձագանքեցին մեր զանգերին: Փաշինյանի հետ համագործակցող 11 արտախորհրդարանական ուժերից մեկից պետք է Բաբայանին փոխարինող ընտրեն, քննիչ հանձնաժողովում միայն իշխանական պատգամավորներ են, ընդդիմադիրները հենց սկզբից են հրաժարվել այս հանձնաժողովում աշխատել:  
16:29 - 27 ապրիլի, 2022
Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու համար. Դավիթ Բաբայան
 |azatutyun.am|

Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու համար. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բավականին ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու՝ ադրբեջանական զինուժին ելման դիրքեր վերադարձնելու համար, վստահեցնում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Պաշտոնյան պնդում է՝ իրավիճակը վերահսկելի է: «Այո, բարդ է, բայց դա կապ չունի: Մենք ապրում ենք նման իրավիճակում տարիներ շարունակ, առավել ևս 2020 թվականի վերջի երրորդ պատերազմից հետո հայտնվել ենք նման բարդ իրավիճակում: Բայց դա չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվենք», - ասաց Բաբայանը: Առաջնագծի բոլոր հատվածներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, գիշերը և մինչև առավոտյան ժամը 10-ը իրավիճակը չի փոխվել՝ մնալով լարված, սակայն հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Փառուխում պայմանավորվածություն է խախտվել, այս մասին այսօր հրապարակավ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով՝ ադրբեջանցիներն առաջ են եկել ռուս խաղաղապահների ներկայությամբ: Ստեփանակերտում կարծում են, որ այս իրավիճակից նաև ռուս խաղաղապահներն են անակնկալի եկել: «Հիմա ռուս խաղաղապահները նույնպես, միգուցե առաջին անգամ, տեսել են՝ ով ով է, հասկացել են՝ ինչ է Ադրբեջանը: Եվ իսկապես սա մի իրադարձություն է, որն անակնկալի բերեց նաև ռուս խաղաղապահներին», - նշեց Դավիթ Բաբայանը: Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց նաև, որ Փառուխի օրինակով Ադրբեջանական հարձակման տարածման միտումներ կան: Փառուխը հիմա, ըստ պաշտոնական տեղեկությունների, խաղաղապահների վերահսկողության տակ է, իսկ ռազմավարական Քարագլուխ բարձունքում ամրացված հենակետերում դեռ շարունակում է մնալ Ադրբեջանի զինուժը: Արցախի արտաքին գործերի նախարարն ասում է՝ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր ծավալապաշտական նկրտումները, սա նորություն չէ. «Մենք գիտենք՝ ինչ է Ադրբեջանը, սա ոչ միայն Փառուխն է, սա գազամատակարարման երկու անգամ տապալումն է, հումանիտար ահաբեկչություն է և այլն, բայց պետք է կանգնենք, պետք է աշխատենք, պետք է ամուր լինենք, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք և իսկապես հասկանանք, որ պատմական պահ է, մենք իրավունք չունենք սխալներ գործելու»: Պաշտոնական Ստեփանակերտից Արցախի կարգավիճակի մասին խոսակցություններ ֆոնին կրկին հաստատում են՝ իրենց համար կարմիր գիծ է՝ Արցախը երեբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
21:02 - 31 մարտի, 2022
«Բունկեր» եմ գնացել, որ Արցախի նախագահին զեկուցեմ, թե ինչ է կատարվում, կարգադրություն չեմ տվել. Սամվել Բաբայան |armenpress.am|

«Բունկեր» եմ գնացել, որ Արցախի նախագահին զեկուցեմ, թե ինչ է կատարվում, կարգադրություն չեմ տվել. Սամվել Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը վստահեցնում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ինքը որևէ ղեկավարում չի իրականացրել, հրամանատարական շտաբ է գործուղվել որպես Արցախի նախագահի խորհրդական, որևէ կարգադրություն չի տվել. այսպիսով Բաբայանը ՀՀ ԱԺ-ում ստեղծված՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր ներկայացվածությունը լիովին անաչառ է համարում: Բաբայանը նման տեսակետ հայտնեց քննիչ հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում: Սամվել Բաբայանը նախ հայտնեց, որ ինքը հանձնաժողովում ներգրավվել է որպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ, իր մասնակցության համար իրավական հիմքեր կան: Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, պատերազմի կառավարողներից մեկը, ինչպե՞ս է անաչառ լինելու հանձնաժողովում՝ Բաբայանն ասաց. «Արցախի Հանրապետության անվտանգության քարտուղարը նամակով դիմել է Արցախի Հանրապետության ՊԲ-ին, գրավոր պատասխանել են. «Դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ բանակի մասին հարցնել»: Ի՞նչ ղեկավարումից եք խոսում»: Ես «բունկերում» եղել եմ որպես նախագահի խորհրդական: Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ այնտեղ, որ երեկոյան զեկուցեմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Ես ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ: Կանգնել եմ, իրենք գործել են, ես տեսել եմ, զեկուցել եմ իր վերադասին»: Անդրադառնալով հարցին, թե, հաշվի առնելով իր նախկինում տված գնահատականները որոշ մարդկանց քայլերին, որքանո՞վ է անաչառ իր ներկայությունը քննիչ հանձնաժողովում, Բաբայանը պատասխանեց. «Լրիվ անկեղծ անաչառ է լինելու»: Անդրադառնալով հարցին՝ քննիչ հանձնաժողովը, որը ձևավորել է իշխանությունը, կարո՞ղ է արդար քննություն իրականացնել՝ նա ասաց, որ ցանկացած իշխանություն պարտավոր է արդար քննել, եթե ինքը մեղավոր չէ, ցուցադրել, թե մեղքն ումն է եղել: «Երբ այս իշխանությունը ստացել է մի «օժիտ», հիմա պետք է պարզենք, թե գործող իշխանության մեղքը որքանո՞վ կա: Օրինակ՝ Արցախի բանակի հրամանատարին և շտաբի պետին, որոնք որոշող են, նշանակել է Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ առաջարկով, ուզում եմ ճշտել, թե ով է առաջարկել, որ այդ մարդկանց նշանակեն. պարզվում է, որ այնտեղի գործող իշխանությունը. առաջարկել են Բակո Սահակյանը և Տիգրան Աբրահամյանը, որը հիմա ասում է, որ ընդդիմադիր է »,-ասաց Բաբայանը:
14:43 - 21 փետրվարի, 2022
Պատերազմի օրերի հրամանները ԶՈՒ-ի կողմից կեղծելու մասին Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին

Պատերազմի օրերի հրամանները ԶՈՒ-ի կողմից կեղծելու մասին Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները: Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ: Նախօրեին Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանը «Սիվիլնեթի» տաղավարում հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու։ «Հետագայում նստել են, սկսել քարտեզներով հրամաններ սարքել ու մտցնել թղթերի մեջ, իրենց թվում է՝ ես տեղյակ չեմ, երբ հանձնաժողովի (նկատի ունի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը) մասին խոսեցին, սկսեցին նման բաներ անել», - ասել է Բաբայանը։
13:38 - 03 դեկտեմբերի, 2021
Արցախի ԱԳ նախարարը շնորհավորել է Աբխազիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Արցախի ԱԳ նախարարը շնորհավորել է Աբխազիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ինալ Արձինբային, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հարգելի պարոն Արձինբա,Արտաքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից  ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու առթիվ։ Այդ բարձր և պատասխանատու պետական պաշտոնում մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։ Արցախում հատուկ նշանակություն են տալիս Աբխազիայի հետ հարաբերություններին։ Հաշվի առնելով Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության բազմամյա փորձը և բարձր մակարդակը՝ համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հանուն մեր երկրների ժողովուրդների կենսական շահերի։ Վերստին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում ամուր առողջություն և ամենայն բարիք, իսկ եղբայրական Աբխազիային՝ խաղաղություն և բարգավաճում»։
16:49 - 19 նոյեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Բաբայան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ես, որքան հնարավոր է, հետևել եմ Ձեր քարոզարշավին նախընտրական շրջանում, և ափսոսում եմ, որ Ձեր քաղաքական ուժը չհաղթահարեց խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ արգելքը: Եվ այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ՝ լսելու Ձեր տեսակետները հետագա քաղաքական պրոցեսների մասին և նաև այն մասին, թե ինչպես կարող ենք մենք, ինչ ֆորմատներ ենք հնարավոր տեսնում, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ Դուք, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինենք իրար համար, ինչպիսի հնարավորություններ եք տեսնում այս ամենում: Սամվել Բաբայան - Շնորհակալ եմ: Առաջին հերթին, բոլորիդ շնորհավորում եմ, Ձեր կուսակցությանը, որովհետև, իրոք, մեծ պատասխանատվության տակ եք մտել: Ապագան պետք է կառուցել, և Հայաստանը մեծ հույսեր է կապում ձեզ հետ, որ զարգացում ապահովենք, պաշտպանված լինենք: Ես իմ կողմից մյուս 2 կուսակցություններին ևս շնորհավորել եմ, որովհետև պետք է կարողանաք համախմբել այս վիճակը և դրան պիտի գնանք: Ապագան դա է պահանջում մեզանից: Բոլորը, իմ կարծիքով, իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն մեր պետության, հանուն մեր ապագայի: Իմ կարծիքն այն է, որ ներքին կայունությունը մեծ խնդիրներ է լուծելու, եթե բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ մեր պետության շահը պետք է գերադասել ամեն ինչից բարձր: Սա առաջինը: Երկրորդը՝ այս ամբողջ քաղաքական պրոցեսի մեջ մենք ներկայացրել ենք մեր տեսակետը: Ես կփորձեի նշել քաղաքական ֆունդամենտալ խնդիրները՝ Սահմանադրությունը և օրենսդրությունը հիմքն է: Այս ամբողջ վայրիվերումները, իմ և մեր թիմի կարծիքով, գալիս են օրենսդրական բազայի անկատարությունից և երկիմաստությունից: Սա լուրջ պրոբլեմ է, և իմ խնդրանքն է, որ հետագայում դրան շատ լուրջ ուշադրություն դարձնեք: Մենք պետք է պետությունը հզորացնենք այնպես, որ մարդն իր ամբողջ դրական լիցքերը կարողանա ներդնել, և ոչ մի խոչընդոտ չլինի: Չարիքը բոլորիս մոտ էլ կա, պետք է սահմանափակենք օրենքներով, օրենսդրական ակտերով, որ չլինի: Նորից եմ ասում, անկեղծ ուրախ եմ, - որևիցե կապ չունի, թե մենք ինչ տոկոս ենք ստացել, ինչ է եղել, ինչպես է եղել - ժողովուրդն է որոշում, ես բազմիցս ասել եմ՝ այդ ձև են ճիշտ գտել, այդ ուղղությամբ են տեսել իրենց ապագան, գնացել են այդ ուղղությամբ: Դա պետք է բոլորս ողջունենք, փորձենք՝ ինչքանով կարող ենք օգտակար լինել այդ ամբողջ պրոցեսին: Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
18:49 - 22 հունիսի, 2021
Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցության պատկերացումները երկրի զարգացման վերաբերյալ |1lurer.am|

Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցության պատկերացումները երկրի զարգացման վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: «Անվտանգ ու ապահով հայրենիք» կարգախոսով է «Ազատական» կուսակցությունը մասնակցում խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Ընտրական ցուցակը գլխավորող Արցախի հերոս Սամվել Բաբայանը խոստանում է՝ իրենց ընտրվելու դեպքում առաջին քայլը, որ կանեն սահմանադրությունը փոխելն ու կիսանախագահական մոդելին անցնելն է:Սամվել Բաբայան («Ազատական» կուսակցության ընտրական ցուցակի 1-ին համար) - Մենք առաջարկում ենք ոչ թե ասել պայքարում ենք, այլ հստակ օրենսդրությունը փոխել, պարզեցնել, հստակեցնել, որ անգամ, եթե քո հարազատն ա էդ հանցանքը կատարել ցանկության դեպքում էլ չկարողանաս իրեն օգնել:  «Անվտանգությունն այլընտրանք չունի». Բաբայանը պրոֆեսիոնալ, հզոր բանակի ստեղծմամբ է պատկերացնում անվտանգային խնդիրների լուծումը: Կուսակցության առաջնորդի խոսքով՝ ծրագիրը կազմելիս բոլոր հարցերը քննարկել, վերլուծել ու անիրատեսական խոստումներ չեն տվել: Իր նպատակը ոչ թե վարչապետ դառնալն է, այլ ռազմական գերատեսչությունը ղեկավարելն ու հզորացնելը:Սամվել Բաբայան - 18 տարեկան երեխան 1 տարի բանակում ուչեբկա ծառայի ու գնա իրենց տուն, ցանկության դեպքում, եթե իր կյանքը ցանկություն ունի բանակի հետ կապի, նա գալիս ա, պայմանագիր կնքում 6 ամիս նորից պարապում, նոր միայն ծառայում պայմանագրային:«Ազատականը» բարեփոխումներ է նախատեսում նաև սոցիալ-տնտեսական ոլորտներում: Սամվել Բաբայանը վստահ է՝ իրենք այն ուժն են, որ կարող են Հայաստանի տնտեսությունն ուշքի բերել: Շատ աշխատատեղեր ստեղծելու խոստումներ չեն տալիս, փոխարենը խոստանում են բիզնեսը հզորացնել ու մրցունակ դարձնել: Ինչ վերաբերում է գերիների հարցին, Բաբայանն իր տարբերակն է առաջարկում:Սամվել Բաբայան - Մեր գերիների դիմաց պետք ա վերցնենք, փոխանակենք: Ուրիշ ոչ մի ձև, բայց առաջին հերթին, որ դու չվերցնես, հետո ինքը չվերցնի առաջին գիծը փակել ա պետք օպերատիվ, անցնել երկրորդ քայլին: Սայա ձևը+ Ադրբեջանցու հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր: Այ էդ փայտը գցել ենք, վիզներս ծռել, նայում ենք իրար: Պիտի կարողանանք հզոր բանակ ունենալ, մեր խնդիրներն ամբողջովին լուծելու ենք, դժվար չի:«Արցախի հարցը պետք է դիվանագիտությամբ լուծվի»,- ասում է Սամվել Բաբայանն ու նորից հիշեցնում՝ Շուշին և Հադրութը առանց պատերազմի հետ բերել չի լինի:
20:53 - 14 հունիսի, 2021
«Ազատական» կուսակցությունը Շիրակի մարզում էր |armenpress.am|

«Ազատական» կուսակցությունը Շիրակի մարզում էր |armenpress.am|

armenpress.am: «Ազատական» կուսակցությունը քարոզարշավի 7-րդ օրը Շիրակի մարզում էր: Սամվել Բաբայանի գլխավորությամբ հանդիպումը մարզի ընտրողների հետ մեկնարկեց  Գյումրու Մարզամշակութային կենտրոնի դահլիճում: Քաղաքացիների հետ հարց ու պատասխանի ընթացքում Սամվել Բաբայանը նշեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններում բավարար ձայներ հավաքելու ու հաղթանակ արձանագրելու դեպքում պետական անվտանգությունը կլինի առաջնային: «Բանակի խնդիրը, անկասկած, մեր առաջնահերթություններից է, և ես բազմիցս ասել եմ, որ միայն հզոր, անպարտելի բանակը կարող է դառնալ տնտեսության կայուն զարգացման գրավականը: Մենք կարողանալու ենք ապահովել ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը»,- հավաստեց Սամվել Բաբայանը՝ վստահեցնելով, որ պետական անվտանգության ապահովումը կարող է  լինել միայն  արդիական սպառազինությամբ՝ պրոֆեսիոնալ բանակով: Խոսելով  44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառների մասին՝  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը նշեց. «Մեր ժողովուրդը չի պարտվել, պարտվել է ղեկավարությունը: Վտանգի մասին տարիներ շարունակ ես նախազգուշացրել եմ բոլոր հնարավոր հարթակներում: Ասել եմ, որ անհրաժեշտ է պատրաստել ուժեղ ու հզոր բանակ, որովհետև միմիայն մեր սեփական ուժերով մենք կարող ենք պաշտպանել մեզ և ստիպել հաշվի նստել մեզ հետ։ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում լինելու ժամանակ անտեսվեցին իմ առաջարկները լրջորեն վերաբերվելու արտաքին սպառնալիքներին և բանակի սպառազինության վերանայման խնդրին: Վերջին 10 տարին, նրանք, ովքեր ղեկավարել են, պետք է պատասխան տան՝ գեներալներն էլ, քաղաքական ղեկավարներն էլ: Մենք անելու եք ամեն ինչ, որ մեղավորները պատժվեն  ու պատասխան տան: Ավելին ասեմ, ես չեմ գտնում, որ իմ թոռը պետք է այդ գեներալներին,  կամ այդ ղեկավարերին թոշակ տա: Այդ մարդկանց պագոնները պետք է պոկվի:  Ապատժելի ոչ մեկը չպետք է մնա»: Ուժեղ ու պրոֆեսիոնալ բանակ ունենալու դեպքում, ըստ բանախոսի, Ադրբեջանը կգնա փոխզիջման: «20 տարի լափել են բանակը, մենք բանակ չունենք: Հենց մեր բանակն ունենանք՝ մեր խդիրները կլուծվեն, բայց ոչ պատերազմի միջոցով. տեսնելով մեր բանակը՝ Ադրբեջանը կգնա փոխզիջման»: ՀՀ քաղաքացու համար կարևորը ապահով երկիրն է, իր խոսքում նշեց Սամվել Բաբայանը։ Դա ունենալու դեպքում միայն սոցիալական վիճակը կարող է բարելավել. «Բոլոր 25 կուսակցությունները գալիս են ընտրողների հետ հանդիպման ու խոստանում, որ իրենց ընտրվելու դեպքում աշխատավարձը կբարձրացնեն, բայց մեկը չկա ասող՝ դու սահմանադրության առաջին կետը ապահովվի, ավտոմատ իմ աշխատավարձն էլ կբարձրանա»: Խոսելով այն մասին, թե  հնարավորության  դեպքում «Ազատական» կուսակցությունը որ ուժի  հետ կոալիցիա կկազմի,  կուսակցության ղեկավարը նշեց՝ նրանց հետ, ովքեր կհամաձայնեն միանալ «Ազատական»-ի  սկզբունքներին:  «Այսօր ես չգիտեմ ԱԺ ովքեր են մտնելու ու ինչ տոկոսներ են լինելու: Այսօրվա գործողությունները տանում են նրան, որ կարող է նաև կոալիցիայի  կարիքը չզգացվի»,-նշեց կուսակցության  առաջորդը:  Սամվել Բաբայանը խոսեց նաև Խծաբերդում գերեվարված տղաների հետվերադարձի մասին. «Խաղաղ պայմաններում գերի ընկած տղաների համար  պատասխան  պետք է տա Ղարաբաղի հրամանատարությունը, իսկ տղաների հետ վերադարձը հնարավոր է փոխանակման միջոցով՝ հենց այն ադրբեջանցիներով, ովքեր մտել են Հայաստանի տարածքները: Ես ասում եմ՝ մեզ ձայն տալով, մենք բանակը կհզորացնենք՝ գերիների հարցով կնստենք, կբանակցենք  ու կփոխանակենք»,- նկատեց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ «Ազատական»-ը կապահովի ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը: 
21:48 - 13 հունիսի, 2021
Պետք է մեր բանակով զբաղվենք, բանակը պատրաստենք, մեր տարածքները մենք պաշտպանենք․ Սամվել Բաբայան

Պետք է մեր բանակով զբաղվենք, բանակը պատրաստենք, մեր տարածքները մենք պաշտպանենք․ Սամվել Բաբայան

Մենք ընտրում ենք օրենսդիր մարմին, մենք խոսում ենք օրենքներից, Սահմանադրության փոփոխություն պետք է լինի։ Այս մասին «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հայտարարել է «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանը։ «Քաղաքացին՝ ցանկացած մեկը, պետք է կարողանա այդ Սահմանադրությունը ապահովի, այդ մարդը իր պոտենցիալը, դրական լիցքերը պետք է ներդնի իր երկրում, ստեղծի, ստեղծագործի, արարի, և պետությունը, օգտվի, հարկի։ Պետք է Սահմանադրությունը այդ ճանապարհը ապահովի, մեր Սահմանադրությունը դա չի ապահովում, դրա համար այդ պոտենցիալը ունեցող հայերը դուրս են գալիս արտասահման, ցանկացած երկիր, կարողանում են ստեղծել, ստեղծագործել, արարել»։ Անդրադառնալով անվտանգային հարցերին, ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածքում լինելու հանգամանքին, Սամվել Բաբայանն ասաց, որ Հայաստանը ինքնուրույն պետք է լուծի իր խնդիրները։ «Մեր խնդիրները մենք պետք է լուծենք։ Ասում էին՝ ՄԱԿ-ին դիմենք։ Պետք է Ադրբեջանը թույլ տա իր տարածքում այդ կողմերը հետ քաշվեն,  եթե Ադրբեջանը ցանկանում է՝ այդ խնդիրը լուծվի, Ադրբեջանին պետք չի Հայաստանի սահման մտնի, հետո այլ ուժեր բերի, իր տարածքում տեղակայի։ Մի քիչ լրջանալ է պետք։ Մենք պետք է մեր բանակով զբաղվենք, բանակը պատրաստենք, մեր տարածքները մենք պաշտպանենք։ Մեզ այլընտրանք չունենք»։ Սամվել Բաբայանը անդրադարձավ նաև Արցախյան առաջին պատերազմին ու հայկական կողմի հաղթանակին։ «Մտովի հետ գնացեք 1992 թ․։ Ի՞նչ վիճակում եք եղել և ինչ պարտություն էր ձեր ճակատին գրված, և դրանից հետո ինչ փոխվեց Արցախում, որ մենք հաղթեցինք։ Եթե այդ պերիուդը հստակեցնեք ամենքդ ձեր համար, հասկանալի կլինի՝ ինչ է կատարվել։ Քանի որ ես բնավորությունով այսքան տարի չեմ խոսել, չեմ ասել իմ դերը կամ մյուսի դերը, մնացածը կարողացել են իրենց ներկայացնել, որովհետև պետությունը, լրատավական միջոցները, գումարները, իրենց ձեռքին են եղել։ Ներկայացրել են, որ դա իրենք են, փրկել են, հաղթող են։ Մարդը ՀՀ տարածքում չի եղել այդ տարիներին, այդ տարածքները ազատագրելուց, մարդիկ կան, որ ներկայացնում եք հերոս, 1993 թվականի մայիսից 1993 թվականի օգոստոսի վերջ ՀՀ տարածքում չի եղել»։
21:36 - 12 հունիսի, 2021