ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

Վլադիմիր Գասպարյանի կնոջ վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Վլադիմիր Գասպարյանի կնոջ վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Ս.Գ.-ն, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում պաշտոնավարելու ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, 2000-2010 թվականների ընթացքում օժանդակել է իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին (Վլադիմիր Գասպարյան-խմբ.) պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել 17 մլն դրամի հափշտակություն (Վ.Գ.-ն 1997 թվականի հունիսի 17-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 2-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության (2007 թվականի փետրվարի 3-ից՝ Ռազմական ոստիկանության) վարչության պետի, իսկ 2010 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները): Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես՝ Վ.Գ.-ն, քաջատեղյակ լինելով, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող, 2000-2011 թվականներին ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալքության դեմ պայքարի բաժանմունքում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ս.Գ.-ն (Ս.Ս-ն) ավելի քան տասնմեկ տարի ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վերոնշյալ ժամանակահատվածում ստորագրել է Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրեր, որոնցում ընդգրկված է եղել նաև Ս.Գ.-ի տվյալները: Արդյունքում, 2000-2010 թվականների ընթացքում, Ս.Գ.-ին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ՝ փաստացի վճարվել է 17 մլն դրամ: Մեկ այլ դեպքով, Վ.Գ.-ն Ս.Գ.-ի օժանդակությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ Վ.Գ.-ն, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, խախտելով օրենքի համապատասխան պահանջը, այն է՝ ոստիկանության ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, իր կնոջը՝ Ս.Գ.-ին, նշանակել է ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ: Պաշտոնին նշանակվելուց հետո Ս.Գ.-ն, 2011-2018 թվականների ընթացքում, պարբերաբար ծառայության չի ներկայացել և ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, առանց վերադասին ուղղված՝ իրեն արձակուրդ տալու մասին զեկուցագրերի և դրանց հիման վրա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրամանների, մի շարք դեպքերում տարբեր տևողություններով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որով պայմանավորված՝ չի ներկայացել ծառայության: Այս պայմաններում, 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել են «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ապա նաև նրա անվամբ փոխանցվել է 19 մլն դրամ: Հսկող դատախազի որոշմամբ` Ս.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքն հափշտակելուն օժանդակելը) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը): Հսկող դատախազը 2023 թվականի օգոստոսի 21-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:45 - 21 օգոստոսի, 2023
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն

Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ղեկավար կազմի հետ: ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին զեկուցել է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների, առաջիկա անելիքների մասին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է լինել անհանդուրժող արատավոր բարքերի նկատմամբ և ջանք չխնայել` դրանք զինված ուժերից արմատախիլ անելու համար: Անդրադարձ է կատարվել հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։ Նախարար Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:    
15:25 - 07 օգոստոսի, 2023
Հայտնաբերվել են սոցցանցերի օգտատերերի կողմից բանակին օգնելու պատրվակով քաղաքացիների շրջանում իրականացված դրամահավաքի դեպքեր

Հայտնաբերվել են սոցցանցերի օգտատերերի կողմից բանակին օգնելու պատրվակով քաղաքացիների շրջանում իրականացված դրամահավաքի դեպքեր

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բանակին օգնելու պատրվակով քաղաքացիների շրջանում իրականացված դրամահավաքի դեպքեր։ «Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Զ.Ս.-ն 2022-2023 թթ. ընթացքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով իրականացրել է դրամահավաք՝ քաղաքացիներից հավաքելով 500.000-1.000.000 ՀՀ դրամ գումար, որի զգալի մասն առերևույթ յուրացրել է: Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր՝ Է.Ս.-ն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով բանկային հաշվեհամարներ, ինչպես ՀՀ քաղաքացիներից, այնպես էլ արտերկրում բնակվող անձանցից հավաքագրել է մոտ 300.000 ԱՄՆ դոլար գումար՝ իբր բանակի համար անհրաժեշտ պարագաներ պատրաստելու և նվիրաբերելու նպատակով։ Մինչդեռ պարզվել է, որ նշված գումարի մեծ մասն առերևույթ յուրացրել է: Նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի հատկանիշներով (խարդախություն) նախաձեռնվել են քրեական վարույթներ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել` ՀՀ զինված ուժերին օժանդակության պատրվակով, անձնական շահագրգռություններից ելնելով, հակաիրավական և հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու, նման դեպքերին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ զինված ուժերի բարի համբավին և հեղինակությանը վնասելուն, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներին մոլորության մեջ գցելուն ուղղված ցանկացած գործողությունից: Միաժամանակ օրինապահ քաղաքացիներին կոչ ենք անում նմանատիպ գործունեությամբ զբաղվող անձանց կամ սոցիալական ցանցերի օգտատերերի մասին տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը կամ ցանկացած իրավապահ մարմնի»,- ասված է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
18:27 - 14 հունիսի, 2023
Մարտական առաջադրանքի մեկնելիս քիմիկների զորքին զրահաբաճկոններ չեն հատկացվել․ դատարանում սկսվել է ապացույցների հետազոտումը

Մարտական առաջադրանքի մեկնելիս քիմիկների զորքին զրահաբաճկոններ չեն հատկացվել․ դատարանում սկսվել է ապացույցների հետազոտումը

#Կարճասած Հակակոռուպցիոն դատարանում երեկ մեկնարկեց «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործով ապացույցների հետազոտումը, որի ժամանակ դատավոր Սարգիս Դադոյանը, հրապարակելով գործում առկա գրավոր փաստաթղթերը, հայտնեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ՀՀ զինված ուժերի՝ Զանգելանի հատվածում մարտական խնդիր կատարող զինծառայողներին զրահաբաճկոններ չեն հատկացվել, նրանք համալրված են եղել իրենց ամրակցված զենք–զինամթերքով եւ սաղավարտներով։ Ապացույցների հրապարակումից պարզ դարձավ նաեւ, որ ամբաստանյալներ, ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն ու զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը միմյանց հետ որպես կապի միջոց օգտագործել են բջջային հեռախոսներ։ Դատավորը որոշում կայացրեց 7 անձի տուժողի իրավահաջորդ եւ 25 զինծառայողի տուժող ճանաչելու մասին։ Այդ զինծառայողների մի մասին նախաքննության ժամանակ հնարավոր էր եղել նույնականացնել ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայ գերիների մասնակցությամբ հրապարակված տեսանյութերից, բայց թե ինչու նրանք և նրանց հարազատները տուժող եւ տուժողի իրավահաջորդ չէին ճանաչվել այդ փուլում, դատարանում պարզ չդարձավ։ Նիստի ընթացքում ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը դատարանին ներկայացրեց բժշկական հաստատությունից ստացված տեղեկանք, որը փաստում է, որ նա հղի է, եւ փետրվարի 3-ից սկսած գրեթե 5 ամիս՝ 144 օր, նախածննդյան եւ հետծննդյան շրջանով պայմանավորված չի կարողանալու ներկայանալ դատարան։ Քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ամբաստանյալների ներկայությունը դատական նիստերին պարտադիր է, իսկ նրանցից մեկի բացակայության պայմաններում նիստերը ենթակա են հետաձգման, առայժմ անհայտ է, թե ինչ ընթացք կստանա գործի քննությունը։ #Մանրամասն 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին,  ՀՀ զինված ուժերի՝ Զանգելանի հատվածում մարտական խնդիր կատարող զինծառայողներին զրահաբաճկոններ չեն հատկացվել, նրանք համալրված են եղել իրենց ամրակցված զենք–զինամթերքով եւ սաղավարտներով։ Խոսքը վերաբերում է ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (այսուհետ՝ ՌՔԿՊ) զորքերի զինծառայողներին։ Ինչպես հայտնի է, ՌՔԿՊ զորքերի 62 հոգանոց անձնակազմի 40 զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները այժմ քննվում են Հակակոռուպցիոն դատարանում։ Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ երեկ մեկնարկեց ապացույցների հետազոտման փուլը, որի ժամանակ էլ դատավորը հրապարակեց վերոնշյալ տեղեկությունը։ Քրեական գործով, հիշեցնենք, ամբաստանյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարի 24-ին), ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ ԳՇ պետի նախկին տեղակալն ու զորամասի հրամանատարը միմյանց հետ որպես կապի միջոց օգտագործել են բջջային հեռախոսներ Հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները՝ դատավոր Սարգիս Դադոյանը հրապարակեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2021 թ․–ին իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզված մի շարք տեղեկություններ։ Համաձայն դրանց՝ 2020 թ հոկտեմբերի 21-ին Զանգելանի հատվածում տեղի ունեցած մարտական գործողություններին ՀՀ ՊՆ N զորամասից մասնակցել է 50 զինծառայող, որոնցից 25-ը՝ պահեստազորային։ Այդ հատվածում անձնակազմը պետք է կատարեր սանրման աշխատանքներ, հայտնաբերեր դիվերսիոն հետախուզական խմբերի, ոչնչացներ նրանց, այնուհետեւ անցներ պաշտպանության՝ թույլ չտալով թշնամու ներթափանցումը ՀՀ տարածք։  Նշենք, սակայն, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Աբգարյանը, պարտավոր լինելով անձնակազմին Կովսականի շրջանի Կերեն գյուղի մոտակայքում գտնվող «Կիրի Հանք» անվանումով տեղանք հասցնել, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական կանոնադրության պահանջները, ինչի արդյունքում անձնակազմի մի մասն ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ անհավասար մարտի բռնվել։ Նման պայմաններում, ըստ մեղադրանքի, Անդրանիկ Մակարյանը, հանդիսանալով տվյալ մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու, օգնության շտապելու փոխարեն իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, ցուցաբերել է իշխանության անգործություն, անձնակազմին տվել «Նահանջ» հրաման եւ վերադարձել Կապան քաղաք։ Արդյունքում, 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է մինչ օրս։ Շարունակելով ապացույցների հետազոտումը՝ դատավորը հայտնեց՝ ՕՀՄ–ների արդյունքում պարզվել է նաեւ, որ Աբգարյանն ու Մակարյանը միմյանց հետ որպես կապի միջոց օգտագործել են բջջային հեռախոսներ։ Այս հանգամանքին վերաբերելի փաստաթուղթը ուսումնասիրելիս Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ փաստաթղթի 6-րդ կետում Մակարյանի հեռախոսահամարը լրացված է ձեռագիր նշումով՝ ընդգծելով, որ պարզ չէ, թե լրացումը ում կողմից է կատարվել։ Հանրային մեղադրող (դատախազ) Արշակ Մարտիրոսյանի կարծիքով, սակայն, այդ հանգամանքը որեւէ կասկած չի հարուցում։  Լուսանկարում՝ ամբաստանյալներն ու պաշտպանները Դատարանում չքննարկվեց եւ պարզ չդարձավ, թե ինչու են Աբգարյանն ու Մակարյանը միմյանց հետ կապ պահել բջջային հեռախոսներով, այլ ոչ թե ռադիոկապով։ Նշվեց միայն, որ ՕՀՄ–ների արդյունքում պարզվել է նաեւ, որ զինծառայողների մոտ առկա է եղել ներքին կապի միջոց, որի օգտագործման հեռավորությունը եղել է 600-700 մետր։ Դատավորը հրապարակեց ենթասպա Գեւորգ Նշանյանի կողմից գրված զեկուցագիրը Ուսումնասիրված ապացույցների թվում էր ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատար, ենթասպա Գեւորգ Նշանյանի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 11–ին գրված զեկուցագիրը։ Հիշեցնենք՝ վերջինս ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդին է, որի ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելու մեջ էլ մեղադրվում են Էլլադա Հարությունյանն ու Հայկ Կուլակչյանը։ Ըստ զեկուցագրի՝ Գեւորգ Նշանյանը դիմել է նույն զորամասի ՀՄ վաշտի հրամանատար, կապիտան Կ․ Մալխասյանին՝ խնդրելով վերջինիս միջնորդությունը վերադաս հրամանաատարության առջեւ, որպեսզի 11․10․2020 թ․–ից իրեն ազատեն ծառայողական պարտականությունների կատարումից՝ ընտանեկան պայմաններից ելնելով հորեղբոր որդու մահվան եւ նրա դիի որոնողական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Փաստաթղթի վրա առկա էին Նշանյանի եւ Մալխասյանի ստորագրությունները, վերջինինս՝ թույլատրել մակագրությամբ։ Ապացույցի հրապարակումից հետո ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը հայտարարեց, որ առկա է գործավարական ընթացքի կարգի խախտում․ «Այդ փաստաթուղթը չի հասել շարային մասի պետին, հասկացանք՝ հրամանատարը թույլատրել է, բայց թող գործավարը գա, պատասխան տա՝ եթե հերթականությամբ մուտքագրվել է, ինչո՞ւ կարգը պատշաճ կերպով չի շարունակվել, ինչո՞ւ շարայինի պետը չի տեղեկացվել, էնտեղից շտամպ պետք է լիներ, մուտք անելիս գործավարը զորամասի շտամպը պետք է դներ իմ սեղանին, բայց նման բան չի եղել, դրա համար է մութ այս ամենը»։ Փաստաթղթի վերաբերյալ հայտարարություն արեց նաեւ անհետ կորած մայոր Արմեն Բադեյանի կինը՝ Հասմիկ Ղուկասյանը։ Նա նշեց, որ ավագ սպա է, ծառայում է համալրման բաժանմունքում եւ շատ լավ պատկերացնում է, թե ինչ ընթացակարգով է այդ ամենը արվում․ «Ստացվում է, որ որեւէ մեկը կարող է մեկ ուրիշ զորամասից գալ որեւէ զորամաս, էդտեղ զեկուցագիր գրվի, մուտք արվի, մատյաններում լրացումներ կատարվեն, բայց որեւէ կնիք, հաստատող փաստ չլինի, որ եկել է այդ զորամասից, ինձ հետաքրքիր է՝ այդ զեկուցագրի վրա կա՞ որեւէ կնիք, որ էդ զեկուցագիրը եկել է էնտեղից»,– ասաց Ղուկասյանը՝ ցանկություն հայտնելով տեսնել զեկուցագիրը։ Լուսանկարում՝ դատավոր Սարգիս Դադոյանը Նախքան նրա բարձրացրած հարցին անդրադառնալը դատավոր Սարգիս Դադոյանը ճշտեց՝ Ղուկասյանը ի՞նչ կարգավիճակ ունի։ Պարզվեց, որ նա նախաքննությանը մասնակցել է որպես վկա, եւ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ չունի։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ վկայի կարգավիճակ ունեցող անձինք մինչեւ իրենց հարցաքննությունը չպետք է նիստերի դահլիճում գտնվեն։ Այս հանգամանքը վկայակոչելով՝ դատավորը հորդորեց Հասմիկ Ղուկասյանին լքել նիստերի դահլիճը։ –Որպես վկա եմ էս պահին, բայց ուզում եմ լինել որպես իրավահաջորդ,– ասաց Ղուկասյանը։ -Եթե ցանկանում եք նման կարգավիճակ ունենալ, դիմումով հանդես եկեք,  դատարանը այն կքննարկի, կորոշի համապատասխան կարգավիճակ տալ–չտալը,– պարզաբանեց դատավորը՝ հորդորելով լքել նիստերի դահլիճը։ Դատավորի հորդորը զայրացրեց զոհված եւ անհետ կորած զինծառայողների՝ դահլիճում գտնվող հարազատներին․ –Ինչի՞ համար լքի, ամեն ինչ տենց օրենքով ա՞, դուք նրան վիրավորեցիք, – բղավեցին նրանք։ Նիստն ընդմիջվեց։ Դատարանը որոշում կայացրեց մի շարք զինծառայողների տուժող, իսկ նրանց հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին Նիստի ընդմիջմանը պարզ դարձավ, որ դահլիճում գտնվում են վեց այլ ծնողներ, որոնք եւս տուժողի իրավահաջորդի կարգավիճակ չունեն։ Վերջիններս տեղում դիմում հասցեագրեցին դատարան՝ տեղեկացնելով, որ իրենք վկա են, սակայն հաշվի առնելով, որ իրենց զավակները համարվում են անհետ կորած՝ ցանկանում են ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց տուժողի իրավահաջորդ ճանաչել դիմումներ ներկայացրած Հ․ Ղուկասյանին, Ն Մելքոնյանին, Գ Մելքոնյանին, Բ․ Ավդալյանին, Հ․ Ալեքսանյանին, Ռ․ Հայրապետյանին, Ա․ Հակոբյանին։  Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Միեւնույն ժամանակ դատարանը տուժող ճանաչեց զինծառայողներ Արմեն Բադեյանին, Էրիկ Ներսիսյանին, Սամվել Փիլոյանին, Հայրապետ Գեւորգյան, Գեւորգ Կարապետյանին, Հարություն Հակոբյանին, Էդգար Նահապետյանին, Ռուդիկ Ալեքսանյանին, Ալեքսանդր Եղիազարյանին, Նորիկ Առաքելյան,Արսեն Նահապետյան, Կարեն  Հովհաննիսյանին, Յուրիկ Գասպարյանին, Կարապետ Հարությունյան, Գարիկ Հարությունյանին, Արգիշտի Գաբրիելյանին, Շավարշ Ավդալյանին, Ալբերտ Մելքոնյանին, Գարիկ Մելքոնյանին, Դավիթ Սարգսյանին, Գրիգոր Ռոստոմյանին, Արթուր Ալոյան, Գեւորգ Բալայան, Լյուդվիգ Հայրապետյանին, Մաքսիմ Սարգսյանին։ Հիշյալ 25 զինծառայողների մի մասին նախաքննության ժամանակ հնարավոր է եղել նույնականացնել ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայ գերիների մասնակցությամբ հրապարակված տեսանյութերից, բայց թե ինչու նրանք կամ նրանց հարազատները տուժող եւ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել այդ փուլում, դատարանում այդպես էլ պարզ չդարձավ։ Ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը 144 օր չի կարողանալու ներկայանալ դատարան Նիստի ընթացքում ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը դատարանին ներկայացրեց բժշկական հաստատությունից ստացված տեղեկանք, որը փաստում է, որ նա հղի է, եւ փետրվարի 3-ից սկսած գրեթե 5 ամիս՝ 144 օր, նախածննդյան եւ հետծննդյան շրջանով պայմանավորված չի կարողանալու ներկայանալ դատարան։ Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվեց, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն ստեղծված իրավիճակում քրեական գործի հետագա քննության վերաբերյալ։ Բանն այն է, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ամբաստանյալների ներկայությունը դատական նիստերին պարտադիր է, իսկ նրանցից մեկի բացակայության պայմաններում նիստերը ենթակա են հետաձգման։ Լուսանկարում՝ Գլխավոր դատախազության՝ զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ Էլլադա Հարությունյանի մեղադրանքը առնչվում է Արսեն Աբգարյանի մեղադրանքին, ինչի պայմաններում տարանջատված քննությունը հնարավոր չէ․  «Եվ հաշվի առնելով, որ ուղղակի պահանջ է ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստերին, ես չունեմ իրավական այլընտրանք, քան հետաձգումն է»,– ասաց Մարտիրոսյանը։ Նա նաեւ նշեց, որ եթե տեսականորեն Էլլադա Հարությունյանի վերաբերյալ մաս անջատվի, գործերից մեկով առավել արագ քննություն իրականացվի, եւ կայացվի դատավճիռ, ապա իրավական առումով կաշկանդվածություն  է ստեղծվելու գործի մյուս մասը քննող դատավորի համար, քանի որ կայացված դատական ակտի հիմքում ընկած են լինելու փաստական տվյալներ, որոնք դեռ հետազոտվելու են դատարանում։ Պաշտպանական կողմը ամբողջությամբ համաձայնեց մեղադրողի դիրքորոշմանը։ Լսելով կողմերին՝ դատավոր Սարգիս Դադոյանը տեղեկանքը կցեց գործի նյութերին եւ նշեց միայն, որ հաջորդ դատական նիստի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն։ Հավելենք, որ չնայած նախնական դատալսումների փուլում կողմերն առարկել էին նիստի տեսա եւ լուսանկարահանման դեմ, դատաքննության փուլում նրանց դիրքորոշումը փոխվեց, ուստի դատարանը, լսելով կողմերի կարծիքը, թույլատրեց նիստի տեսա եւ լուսանկարահանումը՝ բացառությամբ Հայկ Կուլակչյանի, որը դարձյալ դեմ արտահայտվեց։   Միլենա Խաչիկյան
23:13 - 31 հունվարի, 2023
ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են աշխատանքների արդյունքները

ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են աշխատանքների արդյունքները

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022թ. անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:  Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, այլ պաշտոնատար անձինք: «Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական  ուժերով կարգապահության ամրապնդմանը միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը, հորդորել հատուկ ուշադրություն դարձնել ռազմական ոստիկանության զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին:   Խորհրդակցության ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
16:48 - 10 հոկտեմբերի, 2022
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել է զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրներ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել է զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրներ

Հունվարի 24-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Քննարկվել են նաև զորամասերում զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման նպատակով զորամասերում անցկացվող պրոֆիլակտիկ միջոցառումների, ինչպես նաև զորամասերի հրամանատարության հետ փոխգործակցության առավել ակտիվացման ուղղությամբ:
18:44 - 25 հունվարի, 2022
Պնդումը, թե ռազմական ոստիկանությունը պարգևավճար է ստացել, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

Պնդումը, թե ռազմական ոստիկանությունը պարգևավճար է ստացել, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

Ի պատասխան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկության, թե ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների դեկտեմբեր  ամսվա աշխատավարձը փոխանցվել է միայն մասամբ, ինչպես նաև պնդումների, թե դա պայմանավորված է թերի ֆինանսավորմամբ, հայտնում ենք, որ աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի որ տվյալ վարձատրությունը ձևավորվում է երկու հիմնական գումարից՝ բուն աշխատավարձից և հավելավճարից, որը կախված է ծառայության պայմաններից և տեղանքից։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ըստ այդմ՝ զինծառայողների դեկտեմբեր ամսվա բուն աշխատավարձը լիարժեք փոխանցվել է, իսկ հավելավճարները, ըստ գործող կարգի, վճարվելու են հաջորդ ամսվա (տվյալ դեպքում՝ հունվարի) սկզբին, երբ կհաշվարկվի զինծառայողների ծառայության փաստացի օրերի քանակը։ Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա հավելավճարները, տվյալ դեպքում, կվճարվեն մինչև 2022 թվականի հունվար ամսվա 7-րդ աշխատանքային օրը։ Միևնույն ժամանակ, իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե ՊՆ առանձին ստորաբաժանում, այս դեպքում՝ ռազմական ոստիկանությունը, պարգևավճար է ստացել։
15:09 - 27 դեկտեմբերի, 2021
Կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իրականացվել է 62 նմուշառում, ապա տրամադրվել ձևաթղթեր՝ կեղծ պատասխաններով. ՌՈ-ում հարուցվել է քրգործ

Կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իրականացվել է 62 նմուշառում, ապա տրամադրվել ձևաթղթեր՝ կեղծ պատասխաններով. ՌՈ-ում հարուցվել է քրգործ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ծառայությունների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021թ. սեպտեմբերի 29-ին և 2021 թ. հոկտեմբերի 15-ին ՖԵՆԻՔՍ ՄԵԴ ՍՊԸ-ի ներկայացուցիչները Covid-19 համավարակի հայտնաբերման հետազոտության նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմից իրականացրել են ընդհանուր թվով 62 նմուշառում։ Այնուհետև, համապատասխանաբար 2021թ. հոկտեմբերի 4-ին և 2021 թ. հոկտեմբերի 18-ին վերջիններիս տրամադրել են ԲԻՈՄԵԴ ՍՊԸ ձևաթղթեր՝ առանց ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտության բացասական տվյալներով կեղծ պատասխաններով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:
16:56 - 11 նոյեմբերի, 2021
Նոր նախագծով քաղաքացիություն ստանալու դիմումները 6 ամսվա փոխարեն կքննարկվեն 90 աշխատանքային օրում |1lurer.am|

Նոր նախագծով քաղաքացիություն ստանալու դիմումները 6 ամսվա փոխարեն կքննարկվեն 90 աշխատանքային օրում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ միաժամանակ օրենքում հստակ ամրագրելով ճանաչման գործընթացն իրականացնող մարմինները: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի, ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել բոլոր օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում: «Նախագծով նախատեսվում է նաև փոփոխել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր»,- հավելեց Ֆիդանյանը:
12:01 - 26 հոկտեմբերի, 2021
Ի վերջո ԶՈՒ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ․ ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել

Ի վերջո ԶՈՒ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ․ ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել

Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարները՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով միմյանց հայտարարություններին, որոշ ժամանակ առաջ խոսել էին ՀՀ ԶՈՒ 2018-24թթ․ զարգացման պլանի մասին՝ մի կողմից պնդելով, որ այն փոփոխվել է ու իշխանափոխությունից հետո ձեռք չեն բերվել մի շարք տեխնիկաներ, որ նախատեսված էին այդ պլանով, մյուս կողմից՝ հակառակը։ Մասնավորապես, Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր  նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Ըստ նրա՝ այս փաստաթղթի հիման վրա կազմվել էր ռազմական տեխնիկայի  եւ սպառազինության ձեռքբերման պլան, որի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար,  իսկ այդ միջոցների աղբյուրները, Սարգսյանի վստահեցմամբ, հստակորեն կային։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։  Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպառազինության եւ տեխնիկայի գնման պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Սակայն այս հայտարարություններից որն էր համապատասխանում իրականությանը՝ պաշտոնապես պարզել չհաջողվեց, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը թեմայի վերաբերյալ որեւէ տեղեկություն համարեց գաղտնի։ Եւ թեեւ ՊՆ-ն հրաժարվել էր մեզ տրամադրել տեղեկություններ՝ հիմնավորելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք, այդ թվում հարցը՝ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ, Ռազմական ոստիկանությունն, այնուամենայնիվ, նյութերի նախապատրաստման արդյունքում եկավ այն եզրակացության, որ մասնավորապես Սերժ Սարգսյանի հայտարարություններում հանցակազմ չկա, այսինքն՝ չկա գաղտնիքի բացահայտում։ Զուգահեռաբար՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք՝ Փաշինյանի՝ Սարգսյանի ասածն ուղղակիորեն հերքող հայտարարությունը դիտարկվո՞ւմ է որպես պետական գաղտնիքի բացահայտում։ Դատախազությունից հայտնել էին, որ հարցի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում՝ նկատի ունենալով Սարգսյանի հայտարարությունների մասով իրավական գործընթացը, իսկ նյութերի նախապատրաստման արդյունքում, ինչպես նշեցինք, իրավապահները հանցակազմ չեն տեսել, ուստի քրգործի հարուցումը մերժվել է, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հայտարարությունը, որը, ՊՆ-ի տրամաբանությամբ առաջանորդվելու դեպքում, եւս պետական գաղտնիքի տարր ունի, ՌՈ-ի համոզմամբ՝ գաղտնիքի բացահայտում չէ։  Ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, որոնցում Ռազմական ոստիկանությունը հանցակազմ չի տեսնում, իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, դրանք ճի՞շտ են, թե՞ ոչ։ Պաշտպանության նախարարությունից դարձյալ մերժել են տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ հայցված տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ ՊՆ-ն, մասնավորապես, հղում են արել հետեւյալ իրավական ակտերին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (մերժվում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, ․․․ գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ եւ 12-րդ հոդված (ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց արտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին տեղեկությունները դասվում են պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին), ՀՀ կառավարության 13.03.1998 N173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետ (պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ), ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ․ N 9-ՆԳ հրամանով գործողության դրված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 25-րդ, 26-րդ, 27-րդ, 30-րդ կետերի պահանջներ։ Այն, որ ՊՆ-ն տեղեկություն չի տալիս ԶՈՒ զարգացման պլանի փոփոխության վերաբերյալ ՀՀ նախկին ու ներկա ղեկավարների հայտարարույթունների իսկության մասին, անպատասխան է թողնում հարցը՝ ի վերջո նրանցից ով է ճիշտն ասում։ Թյուրիմացության մեջ է պահում նաեւ այն հանգամանքը, որ ՊՆ-ն համարում է, որ այդ հայտարարությունները կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները գաղտնիք են պարունակում, իսկ Ռազմական ոստիկանությունը պնդում է՝ նախկին ու ներկա պաշտոնյաների հայտարարություններում հանցակազմ չկա։ Սա առնվազն նշանակում է, որ կամ նրանք սխալ տեղեկություն են տալիս, դրա համար ՌՈ-ն չի համարում, որ այդ հայտարարություններում կա գաղտնիքի տարր, կամ նրանցից որեւէ մեկը ճիշտ տեղեկություն է տալիս, եւ որպեսզի դրա մասին պաշտոնապես չհայտարարվի, ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով առհասարակ մերժում է տեղեկություն տրամադրել։ Այդուհանդերձ, նրանցից մեկի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։ Հայարփի Բաղդասարյան
17:47 - 21 հուլիսի, 2021