Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

Ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2007 թ.-ից ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահն է։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
Բազմաթիվ գիտական եւ ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաեւ Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի եւ Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգեւատրվել է ԵՊՀ եւ ԿԳՆ ոսկե մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։

Հնարավորություններիս սահմաններում իմ նպաստն եմ բերելու հզոր ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն կերտելու գործին․ Վահրամ Դումանյան

Հնարավորություններիս սահմաններում իմ նպաստն եմ բերելու հզոր ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն կերտելու գործին․ Վահրամ Դումանյան

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը լքելուց հետո Վահրամ Դումանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ առաջիկայում իր աշխատանքով փորձելու է նպաստել պետականության հիմքերն ամրացնելու, ուժեղ, հզոր ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն կերտելու գործին: Ներկայացնում ենք Դումանյանի հայտարարությունն ամբողջությամբ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, երկու տարի առաջ ընդունելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը՝ ես առաջնորդվել եմ մեր պետականությանը և հայրենիքին ծառայելու անշահախնդիր մղումով: Այդ ծանրագույն ժամանակում՝ 44-օրյա պատերազմից հետո, գլխավորելով ԿԳՄՍ գերատեսչությունը՝ առաջին իսկ պահից հայտարարել եմ, որ եթե անգամ մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս լինեմ նախարար, ապա իմ ուժերի, կարողությունների և լիազորությունների շրջանակում անելու եմ ամենայն հնարավորը՝ ԿԳՄՍՆ ոլորտներում առկա խնդիրներին լուծման ընթացք տալու և երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու համար: Անվիճարկելի է, որ բազմաթիվ ու բազմաբնույթ են այդ խնդիրները: Եվ, հիրավի, իմ աշխատանքային երկու տարիների ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը դիմակայել է մի շարք մարտահրավերների, հանգուցալուծվել են բազում ճգնաժամային իրավիճակներ, լուծվել են էական խնդիրներ, իսկ ամենակարևորը՝ կասեցվել է գերատեսչական ոլորտների հետագա անկումը, և դրվել են զարգացման հիմքերը: Իհարկե, դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ և հարցեր, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ: Սակայն, համոզված եմ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է բարեփոխումների ընթացքը՝ ի շահ կրթության որակի բարելավման, մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման, գիտական նոր նվաճումների, արվեստում և մարզական ասպարեզում նոր հաջողությունների արձանագրման: ԿԳՄՍ նախարարի պաշտոնն ինձ վստահելու և ընձեռած հնարավորության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Շնորհակալություն եմ հայտնում նաև Կառավարության իմ գործընկերներին, ԿԳՄՍՆ ու նրա ենթակայությամբ գործող կոմիտեների անձնակազմերին՝ համատեղ անցած ճանապարհի և տքնաջան աշխատանքի համար, ինչպես նաև ԿԳՄՍՆ ոլորտներում գործող կազմակերպություններին ու անհատներին՝ լրջագույն հարցերի լուծման ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Հարգելի՛ հայրենակիցներ, ինչ վերաբերում է իմ հետագա գործունեությանը, ապա ինչպես անցյալում, այնպես էլ առաջիկայում իմ աշխատանքով, հնարավորություններիս սահմաններում իմ նպաստն եմ բերելու մեր պետականության հիմքերն ամրացնելու, ուժեղ, հզոր ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն կերտելու գործին»:
13:20 - 13 դեկտեմբերի, 2022
Չեմ վիճարկում, որ կարող էր ավելի լավ լուծում տրվել․ ԿԳՄՍ նախարարն՝ ամանորյա լուսավորության մասին

 |armenpress.am|

Չեմ վիճարկում, որ կարող էր ավելի լավ լուծում տրվել․ ԿԳՄՍ նախարարն՝ ամանորյա լուսավորության մասին |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքով  շենքերի վրա առաջացած բոլոր անցքերը կվերականգնվեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ «Քաղաքապետարանը հայտարարել է, որ ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքով բոլոր վնասները կվերականգնվեն։ Այդ մասով աշխատանքները կատարվել են  քաղաքապետարանի պատվերով, և պարոն Ավինյանը (Երևանի փոխքաղաքապետ-խմբ) ևս ասել է այդ մասին, և ես կասկած չունեմ, որ նրանք իրենց ասածը կանեն»,- ասաց Դումանյանը։ Հարցին, թե ինչու՞ նախապես հանձնաժողով չէր կազմվել, և Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ չէր դիմել, նախարարը պատասխանեց․ «Այդ ամենը՝ որպես ժամանակավոր կառույց, չի դիտարկվել գիտամեթոդական նիստի օրակարգում։ Եթե դա լիներ մշտական կառույց, ապա կքննարկվեր գիտամեթոդաբանական խորհրդում, նոր կստանար հավանություն»,- նշեց նախարարը։ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ամանորյա լուսավորության մասով, միգուցե, իր մոտ ավելի լավ գաղափար լիներ։ «Չեմ վիճարկում, որ կարող էր ավելի լավ լուծում տրվել, բայց այս լուծումը պետք չէ վերածել անդառնալի գործընթացի։ Վստահ եմ, որ ամեն ինչ կվերականգնվի, և խնդիր չի լինի»,- եզրափակեց Դումանյանը։ Լուսանկարը՝ Հետքի
13:48 - 08 դեկտեմբերի, 2022
Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ

Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը: Աշխատանքային հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր գիտական աստիճանաշնորհման կարգում նախատեսվող փոփոխություններին: Նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի գլխավոր նպատակը ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Նշվել է, որ գործող կանոնակարգի չափանիշներում գերակշռում են քանակական, այլ ոչ թե որակական պահանջները։ Դրույթներն ընդհանուր առմամբ չեն նպաստում ՀՀ-ում իրականացվող գիտական հետազոտությունների միջազգայնացմանը և աստիճանաշնորհման գործընթացում միջազգային գիտաչափական տվյալների աճին։ Նախագծով ներկայացվող նոր կանոնակարգի հաստատման նպատակն է աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական, բովանդակային պահանջներ, նպաստել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրությանը, օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում։ Առաջարկվող փոփոխություններով ներկայացվող պահանջներին բավարարելը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև խորհրդային մոդելից եվրոպական մոդելին սահուն անցմանը: Օրակարգային առաջին հարցի շրջանակում ծավալվել է քննարկում, մասնակիցները հանդես են եկել մի շարք առաջարկություններով, որոնք ԲՈԿ-ին կներկայացվեն նաև գրավոր:   Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է միջազգային վարկանիշավորման ցանկերում բուհերի ընդգրկման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Բուհերի ռեկտորներին առաջարկվել է աշխատանքներ սկսել իրենց բուհն աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման որևէ (QS World University Rankings, Times Higher Education Shanghai University Ranking կամ այլ) աղյուսակում դիրք զբաղեցնելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ճանապարհային քարտեզ մշակելու ուղղությամբ:
18:47 - 07 դեկտեմբերի, 2022
Մոտ 2 մլրդ դրամ հատկացվեց 96 դպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածությունն ապահովելու նպատակով
 |armtimes.com|

Մոտ 2 մլրդ դրամ հատկացվեց 96 դպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածությունն ապահովելու նպատակով |armtimes.com|

armtimes.com: Այսօր Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարարությանը 2022 թվականին հատկացված միջոցներից կատարվեց վերաբաշխում 1 մլրդ 933 մլն դրամի չափով՝ 96 դպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածությունն ապահովելու նպատակով: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, խոսելով այս մասին հայտնեց, որ նախագծով նաև գումար է հատկացվում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզի որոշ դպրցների՝ գույքային ապահովման նպատակով: «Այս աշխատանքները հնարավորություն են տալիս լուծել մարզպետարանների կողմից գույքագրված՝ դպրոցներում առկա հրատապ խնդիրները՝ ջեռուցման, տանիքի և սանհանգույցների վերանորոգման տեսանկյունից»,- ասաց նա:  Դումանյանը նշեց, որ չզեկուցվող փաթեթում ընդգրկված 8 մանկապարտեզի և 13 դպրոցի գույքով ապահովելու որոշումներ են ընդունել. դրանք ընդգրկված են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում: «Ինչպես զեկուցվող նախագիծը, այնպես էլ չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունված երկու նախագծերն այն որոշումներից են, որոնք համոզված եմ՝ մեծ էներգիա են տալիս, որովհետև մենք տեսնում ենք, որ հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու մեր որոշման թափանիվը սկսել է շարժվել, և մենք շարունակում ենք խոշոր ներդրումներ անել հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
13:21 - 24 նոյեմբերի, 2022
Կհիմնվի 18 հեռավար գիտական լաբորատորիա. հայտնի են մրցույթի արդյունքները

Կհիմնվի 18 հեռավար գիտական լաբորատորիա. հայտնի են մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի 2022 թ. նոյեմբերի 21-ի N 2138 Ա/2 հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթի արդյունքում ընտրվել է 18 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռքբերման նպատակով նախատեսվում է հինգ տարվա կտրվածքով տրամադրել մինչև 152,5 միլիոն ՀՀ դրամ: Նշվում է, որ թեմաների ղեկավարներն արտերկրում բնակվող բարձր վարկանիշ ունեցող գիտնականներ են, որոնք պատրաստ են իրականացնել իրենց հավակնոտ հետազոտական գաղափարները՝ ստեղծելով և ղեկավարելով նոր հետազոտական խմբեր Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում: «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթը լինելու է պարբերական. հաջորդ շրջափուլի մասին հայտարարությունը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում:
10:40 - 23 նոյեմբերի, 2022
Ձեզանից է կախված այս աշխարհն օր առաջ ավելի լավը դարձնելու առաքելությունը. ԿԳՄՍ նախարարը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել

Ձեզանից է կախված այս աշխարհն օր առաջ ավելի լավը դարձնելու առաքելությունը. ԿԳՄՍ նախարարը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ ուսանողներ, Ջերմորեն և բարի մաղթանքներով շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Ուսանողներն ամբողջ աշխարհում հասարակության շարժիչ ուժն են, կարծրատիպերի դեմ պայքարների և հաղթանակների, փոփոխությունների ու նորարարությունների խորհրդանիշը: Դուք գտնվում եք կյանքի այն փուլում, որտեղ բացահայտում եք աշխարհը, ճանաչում կյանքն ու միջավայրը՝ որդեգրելով ձեզ համար կենսական և ուղենշային սկզբունքներ: Կրթության, գիտելիքի, իմացության անսպառ աշխարհում կերտելով ինքներդ ձեզ՝ առաջնային համարե՛ք նաև ձեռքբերումները`դրանք ծառայեցնելով ի շահ պետության, ի նպաստ ձեր համայնքի ու միջավայրի վերափոխման: Կայացե՛ք և զարգացե՛ք ձեր ընտրած մասնագիտությամբ, ձգտե՛ք լավագույնին, դարձե՛ք լավագույնը. ձեզանից է կախված այս աշխարհն օր առաջ ավելի լավը դարձնելու առաքելությունը. դուք դա կարող եք: Միշտ հիշե՛ք՝ պետությունը ձեր վստահելի գործընկերն է և ջանք չի խնայում բարելավել ձեր կրթական իրավունքի իրացման պայմանները, գրանցել շարունակական աճ և բարձրացնել կրթության որակը: Սրան է միտված բարեփոխումների ողջ գործընթացը, որ իրականացվում է այսօր: Սիրելի՛ ուսանողներ, մաղթում եմ ձեզ մշտապես փնտրելու, կրթվելու և ինքնակրթվելու ամուր կամք, մեծ երազանքներ ունենալու համարձակություն, սիրելու և նվիրվելու անսպառ եռանդ: Բարին ընդ ձեզ»:
13:54 - 17 նոյեմբերի, 2022
Ազգային ժողովն ընդունել է կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիրը

Ազգային ժողովն ընդունել է կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիրը

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ‹‹Հայաստանի  Հանրապետության  կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հարցը զեկուցել է նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որից հետո նախարարությունը սերտորեն համագործակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին կազմակերպվել է ծրագրի հանրային լսում, որն, ըստ նախարար Դումանյանի, արդյունավետ է եղել: «Պատգամավորների և մեր կողմից ներկայացված առաջարկները համատեղ մանրամասն քննարկվել են, ինչի արդյունքում նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ ու լրացումներ: Հանձնաժողովի հետ աշխատանքների արդյունքում, կարծում եմ, ծրագիրը զգալիորեն բարելավվել է: Կրթությունն այն ոլորտն է, որն ունի բավարար ներուժ՝ դառնալու Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը, նպաստելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, օգնելու մեր երիտասարդներին ունենալու բարեկեցիկ և արժանապատիվ կյանք սեփական երկրում»,- ասել է Վահրամ Դումանյանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» շահառուների կողմից երկար սպասված փաստաթուղթ է և հանդիսանալու է առաջիկա տարիների հիմնական ռազմավարական ուղենիշ՝ ուղղորդելով և համակարգելով ոլորտի հետագա բարեփոխումներն ու զարգացման ծրագրերը: Հաջորդաբար ընդունվելու է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի իրագործման գործողությունների և միջոցառումների պլանն ու ժամանակացույցը: Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ սկսվել են ծրագրից բխող գործողությունների պլանի մշակման աշխատանքները, և այն շուտով կդրվի հանրային քննարկման. «Հուսով եմ՝ այդ փաստաթղթի շուրջ մենք նույնպես հնարավորություն կունենանք համագործակցելու»: «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը մշակվել է հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր ներառականություն, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում: Ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Շեշտադրված կարևոր խնդիրներից է կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումը՝ բարելավելով Հայաստանի դիրքը գլոբալ կրթական համակարգում: «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» նախատեսում է նաև էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ: Այս նպատակադրման համար նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացման, կրթության-գիտության փոխգործակցության խթանման միջոցառումներ։ Նախատեսվում է, որ Հայաստանի առնվազն չորս բուհեր մինչև 2030 թ. կընդգրկվեն միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչև 8 բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը: Նախատեսվում է առաջիկա 8 տարվա ընթացքում կտրուկ ավելացնել հայաստանյան բուհերում սովորող ուսանողների թիվը: Բոլոր բուհերի համար կսահմանվեն միջազգայնորեն ընդունելի միասնական լիցենզավորման և հավատարմագրման պահանջներ՝ ըստ ենթակառուցվածքների, ընդհանուր տարածքի, կառավարման համակարգի, ուսանող-դասախոս հարաբերակցության և այլ չափանիշների։ Կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ: Նախատեսվում են հավասար մրցակցային դաշտի ստեղծում, բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում օտար լեզվով դասավանդման հնարավորությունների ընդլայնում, ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզվով դասավանդվող կրթական ծրագրերի որակի բարելավում: Նախադպրոցական կրթության առաջնային խնդիրը, ըստ նոր ռազմավարության, 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը ընդգրկվածության ապահովումն է նախադպրոցական ծրագրերում. նախքան դպրոց ընդունվելն առնվազն մեկ տարի երեխան պետք է հաճախի մանկապարտեզ: Այսպիսով, փաստաթղթի կարևոր հայեցակարգային դրույթներն առնչվում են հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների ապահովմանը, դպրոց ընդունվող բոլոր երեխաների՝ առնվազն մեկ տարի նախադպրոցական ծրագրերում ընդգրկվածությանը, բոլոր խոշորացված համայնքներում մսուրային ծառայությունների գործարկմանը, դպրոցների պատշաճ կահավորմանը և արդիական սարքավորումներով հագեցմանը, շենքային պայմանների ու ենթակառուցվածքների բարելավմանը, թվային, բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և այլ լաբորատորիաների, գրադարանների նորարարական ոճով կահավորմանը: Ծրագիրը մշակվել է ընդգրկուն, մասնակցային փուլերով՝ անցնելով հանրային քննարկումների տևական փուլ, ներառելով ոլորտի շահառուներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին:
13:48 - 16 նոյեմբերի, 2022
Ձեր ուսերին է դրված մեր կայուն և զարգացած ապագայի պատասխանատվությունը. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ

Ձեր ուսերին է դրված մեր կայուն և զարգացած ապագայի պատասխանատվությունը. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ գիտնականներին ուղղված շնորհավորանք է հղել: Շնորհավորանքի մեջ, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ գիտնականներ, Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը, որի առանցքային խորհուրդը հասարակության ուշադրությունը դեպի գիտությունն ուղղելն է, դրա դերի և նշանակության կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելը: Սա հրաշալի առիթ է՝ իրազեկելու քաղաքացիներին գիտության միտումների մասին, մեծացնելու հետաքրքրությունը դրա նկատմամբ, խրախուսելու և նպաստելու նոր նվաճումների գաղափարի իրագործմանը, գիտության ոլորտում կրկնապատկելու աջակցությունը, ստեղծելու ազգային և միջազգային համերաշխության կամուրջ տարբեր երկրների գիտական ձեռքբերումների միջև, և, ի վերջո, գիտության շուրջ համախմբելու համաշխարհային հանրությանը: Դուք պետության կարևոր հիմնասյունն եք, ձեր ուսերին է դրված մեր կայուն և զարգացած ապագայի պատասխանատվությունը, պետականամետ և իրավագիտակից քաղաքացու կայացման տեսլականը: Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը շարունակաբար թիրախավորված ծրագրեր է իրականացնում՝ բարձրացնելու հետաքրքրությունը գիտության նկատմամբ՝ սկսած դպրոցական նստարանից, աջակցելու գիտության նվիրյալներին, որպեսզի կյանքի կոչեն իրենց գաղափարները, որոնք կնպաստեն գիտական մտքի կայացմանն ու  իրագործմանը: Ձեր գործունեությունը, իրավամբ, ոչ միայն հայրենանպաստ է, այլև իր անուրանալի դերն ու կշիռն ունի համաշխարհային նվաճումների շարքում, ինչի համար ձեզ երախտապարտ է ամբողջ աշխարհը: Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, աշխարհը դեպի լավը փոխելու գաղափարների իրականացում և անսպառ եռանդ»:
15:26 - 10 նոյեմբերի, 2022
Մանկավարժական կրթության հետագա զարգացումն ունի անկյունաքարային նշանակություն. վարչապետը ներկա է գտնվել Մանկավարժական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Մանկավարժական կրթության հետագա զարգացումն ունի անկյունաքարային նշանակություն. վարչապետը ներկա է գտնվել Մանկավարժական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Իր խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է բոլորին Մանկավարժական համալսարանի 100-ամյակի առիթով և ընդգծել, որ սա շատ կարևոր հոբելյան է: «Այս հոբելյանը մեզ համար նաև մի կարևոր հանգրվան է, երբ մենք առանց որևէ չափազանցության պիտի արձանագրենք, որ մանկավարժի մասնագիտությունը, և հետևաբար՝ նաև մանկավարժական կրթությունը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետև մանկավարժական կրթությունը, ի վերջո, կներեք կրկնաբանության համար, կրթություն է՝ կրթություն տալու մեթոդների, ձևերի և այսօր արդեն՝ տեխնոլոգիաների մասին: Եկեք վերադառնանք այն ժամանակները, երբ հիմնադրվում էր բուհը: Դա մի ժամանակ էր, երբ Հայաստանում, ինչպես նաև շատ երկրներում, ստեղծվում էին այնպիսի հաստատություններ, որոնք կոչվում էին «լիկկայաններ»: Դրանք նրա համար էին, որ մարդկանց դարձնեն տառաճանաչ, որովհետև անգրագիտությունը, ցավոք, համատարած երևույթ էր՝ ինչպես այդ ժամանակի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Բայց, ցավով պիտի արձանագրենք, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի 100-ամյա հոբելյանի ժամանակներում մենք նույնպիսի կամ նման մարտահրավերների առաջ ենք կանգնում. երբ հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում, օրինակ, մինչև 10 տարեկան երեխաների մի շատ մեծ տոկոս ունի ֆունկցիոնալ անգրագիտություն: Սա ազգային անվտանգության խնդիր է: Առանց չափազանցության: Եվ մենք այսօր այս խնդիրը լուծելուն ուղղված քայլերի անխուսափելիության առաջ ենք կանգնած: Դա է պատճառը, որ հանրակրթության ոլորտում ձեռնարկված են, իսկապես, մասշտաբային և խորը բարեփոխումներ: Այդ բարեփոխումների անկյունաքարային իմաստն ընդգծելն է կրթության, հանրակրթության, նախադպրոցական կրթության անկյունաքարային և ռազմավարական նշանակությունը: Բայց և ընդգծելն է, որ առանց պրոֆեսիոնալ ուսուցչի, առանց պրոֆեսիոնալ ուսուցչական խավի այդ խնդիրը հնարավոր չի լինելու լուծել: Եվ հետևաբար՝ մանկավարժական կրթության հետագա զարգացումը մեզ համար ունի անկյունաքարային նշանակություն: Այսօր ուրախ եմ այս հոբելյանի առիթով հնարավորություն ունենալ հայտարարել, որ ապրում ենք մի ժամանակներում, որտեղ ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվում է և եռապատկվում է: Եվ ուրախ եմ արձանագրելու, որ այս գործընթացը լինելու է շարունակական: Եվ ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այո, այսօր մենք հնարավորություն ենք ստեղծում, որ ուոսուցիչներն ստանան 400.000 դրամ աշխատավարձ, բայց դա միայն սկիզբն է: Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչը պիտի ստանա 800.000, 1.000.000, 1.200.000 դրամ աշխատավարձ: Նույնը վերաբերում է նաև ուսուցիչներ պատրաստող դասախոսներին, որովհետև նրանց պատասխանատվությունն առավել մեծ է, նրանց աշխատանքի արդյունքն առավել էական է իմ նշած գործընթացի հաջող ձևակերպման և հանգուցալուծման համար: Բայց այս գործընթացը մենք անում ենք ոչ միայն գործող ուսուցիչների, այլ նաև դպրոցների շրջանավարտների համար, որ նրանք իմանան, որ պետական ամենաբարձրագույն մակարդակով ուսուցչի աշխատանքը, ուսուցչի մասնագիտությունը կարևորվում է և համարվում ռազմավարական, և այս տեքստի, այս ասելիքի կոնկրետ, գործնական իրագործում է տեղի ունենում մեր օրերում: Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի սիրելի դասախոսներ, ղեկավարներ, ուսանողներ, շրջանավարտներ, Կրկին թույլ տվեք շնորհավորել բոլորիս այս կարևոր հոբելյանի առիթով և արձանագրել, որ 100-ամյակը լավ առիթ է ամփոփելու կատարված աշխատանքը, բայց առավել ևս լավ առիթ է՝ պլանավորելու ապագան: Եվ այն ապագան, որ մենք կպլանավորենք և կիրականացնենք մանկավարժական կրթության ոլորտում, ահա, այդ ապագան իր պլանավորման և իրականացման որակի տեսքով որոշ ժամանակ անց կդառնա իրականություն: Համոզված եմ, որ մենք կկարողանանք այսօր արդեն նախագծել և վաղն իրագործել ազատ, երջանիկ և անվտանգ Հայաստանի ապագան, և այդ ապագան պիտի կերտվի մանկավարժության, մանկավարժական կրթության ոլորտում, մանկավարժական կրթության համալսարանում: Հույս ունեմ նաև, որ դուք բոլորդ կաջակցեք այն բարեփոխումներին, որ կառավարությունը պատրաստվում է իրականացնել: Շնորհակալ եմ բոլորիդ կատարված աշխատանքի համար և հաջողություն եմ մաղթում կատարվելիք աշխատանքում»: Վարչապետ Փաշինյանը Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ Մանկավարժական համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը և Մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Մեժլում Երիցյանը: Երկարամյա անբասիր աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանը և Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Ղուշչյանը», - նշված է հաղորդագրության մեջ:
21:24 - 06 նոյեմբերի, 2022
Վահրամ Դումանյանն ընդունել է Գարո Փայլանին

Վահրամ Դումանյանն ընդունել է Գարո Փայլանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին: Վահրամ Դումանյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարությունում հյուրընկալվելու, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտին առնչվող խնդիրներին, հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցերին։ Գարո Փայլանն իր հերթին շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար և ընդգծել , որ հնարավորությունների սահմանում պատրաստ է իր նպաստն ունենալ բարձրաձայնված խնդիրների լուծման գործում:
11:42 - 02 նոյեմբերի, 2022
50%-ի չափով հավելավճար կստանա ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 6%-ը. Վահրամ Դումանյան

50%-ի չափով հավելավճար կստանա ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 6%-ը. Վահրամ Դումանյան

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ավարտվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն  էլ ներկայացրեց այս փուլի արդյունքները։  «Ուսուցչական կազմի և այն առարկայացանկը, որով կարող էին ատեստավորվել, շահառուների ընդհանուր թիվը կազմել է 29 441: Ատեստավորման համար գրանցվել են 3886-ը: Ի դեպ, նախորդ տարի շահառուների ընդհանուր թիվը կազմել է 15 417, գրանցվել է շահառուների թվի շուրջ 9%-ը: Այս տարի գրանցվել է շուրջ 13 տոկոսը: Այս տարվա մասնակիցների թիվը կազմել է գրանցվածների 60%-ը՝ 2300 մասնակից»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ ընդհանուր առմամբ ատեստավորվել է մասնակիցների 2/3-ը կամ 66%-ը։«30 %-ի չափով հավելավճար կստանա մասնակիցների 23 %-ը, 40%՝ մասնակիցների 17%-ը, և 50%՝ 6%-ը»,- ասաց Դումանյանը:
13:19 - 27 հոկտեմբերի, 2022
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին

 |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 14-ի առավոտյան ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացրել են, որ ընթացել է կառուցողական բովանդակային զրույց: Նախարարությունից փոխանցեցին, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցելու է ոլորտը համակարգող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նախարար Դումանյանը չի կարող մասնակցել նիստին՝ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով պայմանավորված:   Հոկտեմբերի 14-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում նախատեսված է գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը: Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ «ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը»։ Համալսարանի բակում ուսանողները բողոքի ակցիա ու դասադուլ էին կազմակերպել։ Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշել էր, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնել էր, որ բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ «Կոչ եմ անում ուսանողներին հետևողական լինելու որակյալ կրթություն ստանալու գործում, և չտրվել տարբեր էսպիսի ոչ կրթական, կրթության շահերից չբխող, կրթության բովանդակությունից չբխող, կրթության որակ չապահովող հարցադրումներից։ Խոսքը մեկ կամ երկու պաշտոնի մասին է ընդամենը, և սա կարծում եմ՝ կրթության հետ կապ չունեցող հարց է»,- նշել էր Դումանյանը։ 
13:39 - 14 հոկտեմբերի, 2022
Վահրամ Դումանյանը հաստատեց՝ շրջանառվում է երեք բուհերը՝ Բրյուսովի, Մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու հարցը

Վահրամ Դումանյանը հաստատեց՝ շրջանառվում է երեք բուհերը՝ Բրյուսովի, Մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու հարցը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ զարմացած է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի հայտարարությունից, թե իր համար անակնկալ է եղել նշված բուհը Մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հետ միավորելու լուրը։ Նախարարի խոսքով լիազոր մարմնի համար է անակնկալ եղել, որ այդ հարցը բերվել է օրակարգ։ Նախարարը նշեց, որ օգոստոսի 9-ին երեք բուհերի ռեկտորների հետ հանդիպում է տեղի ունեցել, ու ասվել է, որ կա նման գաղափար, որ ինքն ասել է՝ հնարավոր է՝ շուտով այդ գաղափարը մտնի գործնական փուլ։ Ըստ Դումանյանի՝ հանիպմանը ռեկտորներն ասել են, թե արդյո՞ք հնարավոր չէ այլ կոնցեպտ քննարկել, ինքն էլ ասել է, որ բաց են քննարկումների համար։ Նախարարը նշեց, որ օրենքով չկա դրույթ, որ նախարարությունը նման գործընթաց սկսելու համար տեղեկացնի բուհին, բայց գործընկերային հարաբերություններից ելնելով՝ համալսարանները տեղեկացվել են։ «Կրթության որակի բարձրացման միտում ունի այս ամենը, որևիցե բան չի փակվում, որևիցե հաստիք չի կրճատվում, այս ամենի արդյունքում միգուցե երկու ռեկտորի հաստիք պակաս կունենանք, եթե երեք բուհ միավորվի, պարզ է՝ երեք ռեկտոր չի կարող լինել, կլինի մեկը։ Խոսքը ամենաշատը երկու պաշտոնի մասին է։  Բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ Կոչ եմ անում ուսանողներին հետևողական լինելու որակյալ կրթություն ստանալու գործում, և չտրվել տարբեր էսպիսի ոչ կրթական, կրթության շահերից չբխող, կրթության բովանդակությունից չբխող, կրթության որակ չապահովող հարցադրումներից։ Խոսքը մեկ կամ երկու պաշտոնի մասին է ընդամենը, և սա կարծում եմ՝ կրթության հետ կապ չունեցող հարց է»,- նշեց նա։ Հարցին, թե որն է տրամաբանությունը միավորելու հենց այս երեք բուհերը, նախարարը պատասխանեց․ «Մանկավարժականը մանկավարժ պատրաստող բուհ, Ֆիզկուլտ ինստիտուտը մարզիչներ և ևս ուսուցիչներ պատրաստող է։ Օտար լեզուների գծով մանկավարժների պատրաստումը եղել է Բրյուսովի ինստիտուտի հիմնական գործառույթը շատ տարիներ առաջ, որի մի մասը տարիների ընթացքում մնացել է էլի այդ բլոկը, մյուս մասը դարձել է լրիվ ուրիշ բան: Կրթության կազմակերպան, այս ուսուցիչների, մարզիչների [պատրաստման] տրամաբանությամբ»։ Խոսելով ապագայի մասին՝ Դումանյանն ասաց, որ երբ, Կառավարության ռազմավարության համաձայն, ստեղծվեն մինչև 8 բուհեր, կպահպանվի միայն մանկավարժական բլոկը, իսկ որոնք որ կկրկնվեն, օրինակ ԵՊՀ-ի հետ համեմատությամբ, կվերանայվեն, օրինակ, մասնագիտությունների ցանկը, ֆակուլտետների քանակը, որովհետև, ըստ նախարարի, պետք չէ, որ նույն ֆակուլտետից ու նույն մասնագիտութունից ՀՀ չորս բուհերում էլ լինի։  Անդրադառնալով միավորված երեք բուհերի անվան ընտրության հարցին, նախարարը ասաց․«Շրջանառվող նախագծով մենք առաջարկել ենք «Կրթական գիտությունների ինստիտուտ» անվանումը, քննարկելու տեղեր կան, լավագույն տարբերակը կքննակվի և կընտրվի»։ Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ «ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը»։ Համալսարանի բակում ուսանողները բողոքի ակցիա ու դասադուլ էին կազմակերպել։ Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշել էր, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:
12:39 - 13 հոկտեմբերի, 2022