Հայկ Սարգսյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1992թ․ օգոստոսի 9-ին։ 2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2012թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի հաշվապահական հաշվառում եւ աուդիտ բաժինը: 2014թ.՝ «1-ին Ավտո» ընկերության հիմնադիր ղեկավար: 2018-2019թթ.՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ: 2013թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ, 2015թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

2017թ. խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի նախընտրական շտաբի պետ: 2018թ.՝ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցություննների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ազգային ժողովը  ընդունեց պետական տուրքը խաղային ոլորտի համար կրկնապատկելու նախագիծը

Ազգային ժողովը ընդունեց պետական տուրքը խաղային ոլորտի համար կրկնապատկելու նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պետական տուրքը խաղային ոլորտի համար կրկնապատկելու նախագիծը 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ ձայներով: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նախագիծը ներկայացնելիս նշել է, որ ֆինանսական բեռի բարձրացումը ձևակերպվել է այնպես, որ այն ամեն տարի բարձրանա, որ լուծվի խաղային օպերատորի հարցը: Վերջինիս միջոցով սահմանափակվելու է քաղաքացիների՝ կազինո խաղալու հնարավորությունը, որոշ սոցիալական խմբերի և պետական ծառայողների համար ընդհանրապես արգելվելու է։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ հանձնաժողովի նիստում փոխվել է նախագիծը, մասնավորապես՝ հարկային փոփոխության փոխարեն պետական տուրքի տարբերակով կլինի. «Ի սկզբանե նախատեսվող հարկային բեռի չափը նվազերցրել ենք մի քանի անգամ: Ինչի համար. անկախ ամեն ինչից, անկախ ոլորտի առանձնահատկությունից՝ հարկը պիտի լինի տրամաբանական, և չի կարող հարկը ավբելի մեծ լինել, քան եկամուտը, որ ստանում են ընկերությունները»: Թունյանը հույս է հայտնել, որ կկարողանան առաջիկայում արագ կյանքի կոչել կարգավորումները, մասնավորապես՝ խաղային օպերատորի ներդրումը. «Խաղային օպերատորը ոչ միայն թույլ է տալու ամբողջական պատկերացում կազմել խաղային ոլորտւի իրական շարժերի մասին, այլև թույլ է տալու նույնականացնել այն խմբերին, որոնց նկատմամբ պետք է որոշակի սահմանափակումներ գործեն, լինեն դրանք սոցիալապես անապահով մարդիկ, պետական ծառայողներ, զինծառայողներ: Մենք հիմա չենք կարող բուքմեյքերական ընկերություններին էդ ամբողջ ինֆորմացիան տալ, պետք է լինի միջանկյալ օղակ»: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ հայտնել է, որ կառավարության առաջարկով խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կիրականացվի պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ: «Պետական տուրքը նախատեսված է խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու քվոտավորման տրամաբանությամբ: Կառավարության առաջարկն է, որ անմիջապես ապրիլի 1-ից երկու անգամ բարձրացվի պետական տուրքը, այնուհետև յուրաքանչյուր տարվա սկզբից աճը լինի շարունակական յուրաքանչյուր այս պահին գործող պետական տուրքի չափով, մինչև ստեղծվի խաղային ոլորտի մոնիթորինգային կենտրոնը, և կներդրվի օպերատորի ինստիտուտը»,- ասել է Պողոսյանը:
11:51 - 06 մարտի, 2025
Պետական տուրքը շարունակաբար տարեկան 2 անգամ կբարձրանա խաղային ոլորտի համար մինչ օպերատորի ներդրումը

Պետական տուրքը շարունակաբար տարեկան 2 անգամ կբարձրանա խաղային ոլորտի համար մինչ օպերատորի ներդրումը

Երկու անգամ կավելանան օնլայն կազինոների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Այս մասին «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացրեց նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: «Ֆինանսական բեռի բարձրացումը ձևակերպվել է այնպես, որ այն ամեն տարի բարձրանա, որ լուծվի խաղային օպերատորի հարցը: Վերջինիս միջոցով սահմանափակվելու է քաղաքացիների՝ կազինո խաղալու հնարավորությունը, որոշ սոցիալական խմբերի և պետական ծառայողների համար ընդհանրապես արգելվելու է»,- ասաց Հայկ Սարգսյանը: Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ հայտնելով, որ հանձնաժողովի նիստում փոխվել է նախագիծը, մասնավորապես՝ հարկային փոփոխության փոխարեն պետական տուրքի տարբերակով կլինի. «Ի սկզբանե նախատեսվող հարկային բեռի չափը նվազերցրել ենք մի քանի անգամ: Ինչի համար. անկախ ամեն ինչից, անկախ ոլորտի առանձնահատկությունից՝ հարկը պիտի լինի տրամաբանական, և չի կարող հարկը ավբելի մեծ լինել, քան եկամուտը, որ ստանում են ընկերությունները»: Թունյանը հույս հայտնեց, որ կկարողանան առաջիկայում արագ կյանքի կոչել կարգավորումները, մասնավորապես՝ խաղային օպերատորի ներդրումը. «Խաղային օպերատորը ոչ միայն թույլ է տալու ամբողջական պատկերացում կազմել խաղային ոլորտւի իրական շարժերի մասին, այլև թույլ է տալու նույնականացնել այն խմբերին, որոնց նկատմամբ պետք է որոշակի սահմանափակումներ գործեն, լինեն դրանք սոցիալապես անապահով մարդիկ, պետական ծառայողներ, զինծառայողներ: Մենք հիմա չենք կարող բուքմեյքերական ընկերություններին էդ ամբողջ ինֆորմացիան տալ, պետք է լինի միջանկյալ օղակ»: Պատգամավորն ընդգծեց, որ կարգավորումները պետք է լինեն այնպիսի, որ ոլորտը չունենա գերշահույթներ, մյուս կողմից չպետք է լինեն այնքան խիստ, որ մարդիկ ֆինանսական հոսքերը տեղափոխեն կասկածելի օտարերկրյա կայքեր և ավելի մեծ վնաս տան: «Նախագիծը այս տեսքով մեզ համար ընդունելի է: Այս նախագիծը լուծում է ոչ թե խաղամոլության չտարածման խնդիր, այլ արդարացի հարկման խնդիր: Խաղամոլության տարածման խնդիրը լուծում են այլ նախագծեր»,- ասաց Թունյանը՝ հորդորելով կողմ քվեարկել նախագծին: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ հայտնեց, որ կառավարության առաջարկով խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կիրականացվի պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ: «Պետական տուրքը նախատեսված է խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու քվոտավորման տրամաբանությամբ: Կառավարության առաջարկն է, որ անմիջապես ապրիլի 1-ից երկու անգամ բարձրացվի պետական տուրքը, այնուհետև յուրաքանչյուր տարվա սկզբից աճը լինի շարունակական յուրաքանչյուր այս պահին գործող պետական տուրքի չափով, մինչև ստեղծվի խաղային ոլորտի մոնիթորինգային կենտրոնը, և կներդրվի օպերատորի ինստիտուտը»,- ասաց Պողոսյանը:
10:31 - 06 մարտի, 2025
10% շրջանառության հարկ՝ շահումով խաղերի և բուքմեյքերական ոլորտի համար. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

10% շրջանառության հարկ՝ շահումով խաղերի և բուքմեյքերական ոլորտի համար. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

Առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, 10% շրջանառության հարկ սահմանել շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ոլորտի համար: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում:  Այն ներկայացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նա ներկայացրեց, որ 2010թ. ոլորտում շրջանառության ծավալը կազմել է 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը կազմել է 2.6 միլիոն դոլար կամ 7.2 տոկոս. «2010-2023թթ. գործունեության ծավալը աճել է ավելի քան 440 անգամ, և 2023թ. կազմել 15.8 միլիարդ դոլարչ, հավաքագրվող հարկերը կազմել են 67 միլիոն դոլար կամ ծավալի 0.4 տոկոսը»: Նա ընդգծեց, որ փաստերը ցույց են տալիս, որ շրջանառության ծավալում հարկերի տեսակարար կշիռը իջել է: Ապա Սարգսյանը ներկայացրեց վերջին 5 տարվա ընթացքում ոլորտը կարգավորելուն ուղղված օրենսդրական փոփոխությունները, որոնք նպատակ ունեին սահմանափակել և կրճատել ծավալները, սակայն, նրա խոսքով, «դրանք այնքան էլ չեն ծառայել նպատակներին»: «Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին ավելացնել: Առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, 10% շրջանառության հարկ սահմանել նշված ոլորտի վրա»,- ասաց Սարգսյանը՝ ներկայացնելով միջազգային փորձը. Վրաստանում 10% է, Ավստրալիայում՝ 15%, Գերմանիայում՝ 5-20%, Իտալիայում՝ 20-22%, Լեհաստանում՝ 12%, Պորտուգալիայում՝ 8-16%, Իսպանիայում՝ 8-10%, Հունգարիայում՝ 15%: Հայկ Սարգսյանը ներկայացրեց նաև, որ գործադիրի և օրենսդիրի մի շարք գործընկերներ դեմ են հանդես եկել նախագծին՝ նշելով, որ այս փուլում այն նպատակահարմար չէ: Նրա խոսքով կառավարության գործընկերների, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են նախագիծը, և վերջինս կողմ է եղել ու առաջարկել է փոփոխություններն ուժի մեջ մտցնել ոչ թե վեց ամիս անց, նախագծի ընդունումից անմիջապես հետո: «Առաջարկվել է շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ: Առաջինից երկրորդ ընթերցում կկատարենք համապատասխան փոփոխություններ, և սույն ընկերությունները ապրիլի 1-ից կվճարեն 2 անգամ ավելի շատ տուրքեր: Պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 միլիարդ դրամով»,- հայտնեց պատգամավորը: Ապա պատասխանելով պատգամավոր Հովիւկ Աղազարյանի հարցին, Հայկ Սարգսյանը բացատրեց, որ 2 տեսակի տուրք կա, մեկը տարեկան տուրքն է, մյուսը՝ խաղադրույքի ծավալի նկատմամբ կիառվող տուրքն է, և բարձրացվում է ոչ թե տարեկան տուրքը, որը բազային տուրքն է, այլ շրջանառության վրա դրված տուրքը, որը համարժեք է շրջանառության հարկին. «Այսինքն՝ անունն է տուրք, բայց ինքը շրջանառության ծավալի հետ շարունակելու է աճել: Եթե շրջանառության ծավալը 2 անգամ աճի, տուրքը 2 անգամ աճելու է»:  Սարգսյանն ընդգծեց նաև, որ օրենքի նախագծի մեջ նաև հստակ նշվելու է, որ մինչև խաղային օպերատորի ուժի մեջ մտնելը, տուրքը վեց ամիսը մեկ շարունակելու է կրկնապատկվել. «Այսինքն՝ մենք մեխանիզմ ենք ստեղծել, որ խաղային ընկերությունները ոչ թե խանգարեն խաղային օպերատոր ունենալու գործին, այլ օգնեն, որ տուրքն էլ չկրկնապատկվի»: Նա հավելեց, որ ոլորտի համար սահմանափակումներ չեն նախատեսվում այս նախագծով, սակայն առաջիկայում պատրաստվում են նաև նմանատիպ նախագծի շուրջ քննարկումներ սկսել, որ քաղաքացիները չկարողանան իրենց աշխատած գումարները վատնել:
10:25 - 04 մարտի, 2025
Աժ-ն քննարկում է ավտոկայանատեղիների, օդանավակայանների, սահմանի անցակետերի տեսահսկման համակարգերը ոստիկանության համար հասանելի դարձնելու հարցը

Աժ-ն քննարկում է ավտոկայանատեղիների, օդանավակայանների, սահմանի անցակետերի տեսահսկման համակարգերը ոստիկանության համար հասանելի դարձնելու հարցը

Հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մի շարք այլ հանցագործությունների աճը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին, իրավախախտումներին՝ հնարավորինս արագ արձագանքելու, այդ թվում՝ դրանք կանխարգելելու, հայտնաբերելու և բացահայտելու համար: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորի խոսքով մի շարք հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցագործությունների միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի: Հայկ Սարգսյանը նշեց, որ ներկայումս Երևանում տեղի ունեցած հանցագործությունների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում ոստիկանությունը հաճախ օգտվում է ավտոկայանատեղիները վերահսկող տեսախցիկներից, և ամեն անգամ համակարգը սպասարկող ընկերությունների թույլտվության ու ներկայության անհրաժեշտություն է լինում. «Սա բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման՝ դրան ոչ իրավասու անձանց անհարկի մասնակցությամբ, ինչն իր հերթին անհնարին է դարձնում դեպքերի՝ տաք հետքերով հայտնաբերումն ու բացահայտումը»: «Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու կլինի ՀՀ պետական համակարգի մարմիններից, ՏԻՄ-երից, պետական և համայնքային կազմակերպության մարմիններից և հիմնարկներից, ավտոկայանատեղիներից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության՝ դրսի կողմից տեղադրված տեսանկարահանման համակարգերին»,- ասաց նա: Հայկ Սարգսյանի խոսքով վերոնշյալ հասանելիությունը պետք է ներառի. 1. տեսահսկման համակարգի օգտագործողի հնարավորություն,2. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի տեսանյութի դիտման հնարավորություն,3. տեսանյութի հոսքի ստացման և պահպանման հնարավորություն: ՆԳՆ-ն հնարավորություն կունենա տեսանկարահանման համակարգերի միջոցով իրականացնելու տվյալների մշակում՝ հետևյալ նպատակներով՝ 1. իրավախախտումների կանխարգելման, նախականխման, կանխման, հայտնաբերման ու բացահայտման,2. հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայությամն դեպքում արագ արձագանքման,3. քննությունից կամ պատժի կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման,4. անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման,5. հասարակական կարգի պահպանման և հասարակության անվտանգության ապահովման: Տեսանկարահանման համակարգերը կիրառվելու են նաև հետևյալ նպատակներով՝ 1. տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման,2. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կամզակերպությունների հետ համագործակցության,3. օրենքով չարգելված նպատակներով պետական և ոչ պետական կազմակերպուըթյուններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրման, և այլն: Ոստիկանությունը տեսահսկման համակարգերին հասանելիություն կունենա «Տեսալուսանկարահանյող էլեկտոնային համակարգերի կառավարման» ՊՈԱԿ-ի միջոցով 24/7 ժամային ռեժիմով: Հիշեցնենք, որ 2024թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն  էր տարածել՝ նշելով, որ սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը, որը 2024թ. հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել էր ՀՀ ազգային ժողովի կողմից: ՆԳՆ-ն հայտնել էր, որ խնդրի փուլային լուծման տարբերակ է քննարկվում, մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։
12:26 - 11 փետրվարի, 2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին եւ լրացումներին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին եւ լրացումներին

Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլախաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին դրանք ավելացել են ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 միլիարդ դոլար): Մինչդեռ հավաքագրվող հարկերը եւ տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն ը հայտնում է, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողի խոսքով վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտի սահմանափակմանն ու հարկային բեռի բարձրացմանը, սակայն, ըստ նրա, ինչպես ցույց է տալիս վիճակագրության վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն, եւ անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: Նախագծով առաջարկվում է առկա հարկերից եւ տուրքերից բացի՝ ոլորտի համար նախատեսել 10 տոկոս շրջանառության հարկ: Հեղինակը նշել է, որ Նախարարների կոմիտեի նիստի քննարկման ժամանակ Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ քննարկումների ժամանակ Ֆինանսների փոխնախարարը հայտնել է՝ նախարարությունը նպատակահարմար չի համարում բարձրացնել խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպության գործունեության հարկերը: Հեղինակի խոսքով 2010-2016 թվականների ընթացքում շրջանառության ծավալներն աճել են 11 անգամ: Մանրամասն ներկայացնելով իրավիճակը՝ զեկուցողը կարեւորել է առաջարկվող փոփոխությունները: Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ ոլորտում տիրող իրավիճակի, կատարված ուսումնասիրությունների արդյունքների, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերի վերաբերյալ: «Նախագծի նպատակն է, եթե ծավալները չփոխվեն, տարեկան  շուրջ հարյուր միլիարդ դրամ ավելի եկամուտ ապահովել պետական բյուջե»,- ընդգծել է օրենսդրական նախաձեռնության հեղինակը: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախատեսում է կազմակերպել քննարկում ոլորտում գործող չորս ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի արդյունքում գուցե եւ հանդես կգան շրջանառության հարկի բարձրացման առաջարկությամբ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ օրենքների նախագծի փաթեթը եւ դրա վերաբերյալ Կառավարության առաջարկների նախագիծը քննարկվել է միայն Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեում, եւ Կառավարությունը պաշտոնական դիրքորոշում դեռեւս չի արտահայտել: Ելույթներում պատգամավորները կարեւորել են քննարկվող թեման, առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ ոլորտն ուսումնասիրելու եւ դաշտը վերահսկելու, նոր գործիքակազմեր ներդնելու, հարկային նոր կարգավորումների անհրաժեշտություն կա: Նրանք հանդես են եկել նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել նման զգայուն թեմա եւ խնդիր բարձրացնելու համար: Կարեւորելով խնդիրը եւ ընդունելով, որ լրացուցիչ քայլերի անհրաժեշտություն կա՝ նա առաջարկել է օրենսդրական նախաձեռնությունը հետաձգել երկու ամիս ժամկետով՝ այդ ընթացքում կազմակերպելով աշխատանքային քննարկում, ինչպես նաեւ ստանալ Կառավարության դիրքորոշումը: Հայկ Սարգսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է ելույթներին, դիտարկումներին: Օրենսդրական նախաձեռնության հեղինակի պնդմամբ տեղի է ունեցել քվեարկություն, նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Հանձնաժողովը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
16:00 - 05 փետրվարի, 2025
Որքա՞ն գումար են նախկինում վճարել ծառայությունից խուսափած քաղաքացիները. Հայկ Սարգսյանի պնդման հետքերով
 |civilnet.am|

Որքա՞ն գումար են նախկինում վճարել ծառայությունից խուսափած քաղաքացիները. Հայկ Սարգսյանի պնդման հետքերով |civilnet.am|

civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում պնդել է, թե իր հեղինակած օրենքով՝ ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձինք քրեական հետապնդումից ազատվելու համար կվճարեն 15 մլն դրամ, այնինչ նախկին իշխանությունների ժամանակ վճարը կազմել է ընդամենը 100 հազար դրամ։ «Եթե [քաղաքացին՝ խմբ.] չցանկանա կամ չկարողանա ծառայել, նա ստիպված կլինի վճարել 15 մլն դրամ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 2004-ին ընդունված և Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին գործած օրենքի, երբ ծառայությունից խուսափած քաղաքացին վճարում էր ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ՝ ազատվելով պատասխանատվությունից»,- ասել է Սարգսյանը։ Այնուհետև Սարգսյանը շարունակել է. «Ձեր ժամանակ մեկ զորակոչի չներկայացած-չծառայածը վճարում էր 100 հազար դրամ, իմ առաջարկած տարբերակում նա պետք է վճարի 15 մլն դրամ կամ 15 անգամ ավելի»։ Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ստուգել է պատգամավորի այս պնդումը։ Պատգամավորը մոլորեցնում է. նախկինում չծառայածները չեն վճարել 100 հազար դրամ ՔՊ-ական պատգամավորը նշել է, որ նախկին իշխանությունների օրոք մեկ զորակոչի չներկայացած-չծառայածը վճարել է ընդամենը 100 000 դրամ, իսկ իր նախագծով կվճարի 15 անգամ ավելի՝ 15 մլն դրամ։ Այս պնդումը մոլորեցնող է։ Բանն այն է, որ 2004-ից գործած օրենքում սահմանվում էր, որ 27 տարին լրացած անձինք, որոնք ցանկանում են ազատվել քրեական պատասխանատվությունից, պետք է վճարեն յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար 100 հազար դրամ։ Հայաստանում մշտապես տարեկան երկու զորակոչ է գործել։ Այսինքն 18 տարեկանից սկսած ժամկետային ծառայությունից խուսափած անձը 27 տարին լրանալուն պես խուսափել է 18 զորակոչից և պետք է վճարեր 1 մլն 800 հազար դրամ։ 2017-ի դեկտեմբերին օրենսդրական փոփոխությամբ չծառայելու համար քրեական հետապնդումից խուսափելու գինը երկու անգամ բարձրացվեց, և ամեն զորակոչի համար պետք է վճարվեր 200 հազ դրամ։ Այսինքն՝ 9 տարի շարունակ զորակոչերից խուսափելու համար վճարը կազմում էր 3 մլն 600 հազար դրամ։ Այս հարցը պարզաբանել էր նաև նախկին պատգամավոր Գորգիսյանը ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:11 - 18 հունվարի, 2024
Եթե քաղաքացին չցանկանա կամ չկարողանա ծառայել, ստիպված կլինի վճարել 15 միլիոն դրամ. Հայկ Սարգսյան |1lurer.am|

Եթե քաղաքացին չցանկանա կամ չկարողանա ծառայել, ստիպված կլինի վճարել 15 միլիոն դրամ. Հայկ Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 16-ի Ազգային ժողովի նիստը մեկնարկեց նախորդ օրն անավարտ մնացած նախագծի քննարկմամբ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հեղինակը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, հարցի երկրորդ ընթերցման շրջանակում ներկայացրեց մի քանի հիմնավորում, թե ինչու պետք է կողմ քվեարկել նախաձեռնությանը: Ըստ պատգամավորի՝ նախագծի ընդունումը նախ հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին, ծառայելով ԶՈՒ-ում և կամ գումար վճարելով, ազատվել քրեական պատասխանատվությունից: Եթե քաղաքացին ծառայի երկու տարի, նա գումար չի վճարի: «Եթե չցանկանա կամ չկարողանա ծառայել, ստիպված կլինի վճարել 15 միլիոն դրամ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 2004 թվականին ընդունված և Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին գործած այն օրենքի, երբ ծառայությունից խուսափած քաղաքացին վճարում էր ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ՝ ազատվելով պատասխանատվությունից: Ձեր ժամանակ 1 զորակոչին չներկայացած-չծառայածը վճարում էր 100 հազար դրամ, իմ առաջարկած տարբերակում նա պետք է վճարի 15 միլիոն դրամ կամ 15 անգամ ավելի»,- ասաց Հայկ Սարգսյանը: Երկրորդ հիմնավորումը, ըստ պատգամավորի, այն է, որ նախագծով լուծվում է հաշվառման չկանգնած քաղաքացիներին ծառայության տանելու հարցը: Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հաշվառման չեն կանգնում մինչև 27 տարին լրանալը, հետևաբար չեն ծառայում: Ըստ Հայկ Սարգսյանի՝ «հետաքրքիր զուգադիպությամբ» նրանք բոլորը ներկայանում և հաշվառման են վերցվում 27 տարին լրանալուց հետո՝ ազատվելով ծառայելու պարտավորությունից: «Նախագծի ընդունման դեպքում նրանք նույնպես ստիպված կլինեն ծառայել, եթե անգամ հաշվառման վերցվեն 27 տարին լրանալուց հետո: Այս փոփոխությունը նույնպես կհամալրի ԶՈՒ շարքերը և լրացուցիչ ֆինանսական մուտքեր կապահովի պետական բյուջե»,- ասաց նա: Գործող կարգավորման համաձայն՝ այն անձինք, որոնք մինչև հաշվառման վերցվելը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից և ՀՀ քաղաքացիության են դիմում ու ստանում 27 տարին լրանալուց հետո, չեն ծառայում: Նաև այն անձինք, որոնք դիմում են և ստանում են ՀՀ քաղաքացիություն 27 տարին լրանալուց հետո, նրանք նույնպես չեն ծառայում: Սա, ըստ Հայկ Սարգսյանի, անարդարացի կարգավորում է: «Օրենքի ընդունմամբ այս խումբ անձինք նույնպես պարտավոր կլինեն ծառայելու կամ գումար վճարելու պետբյուջե,- ասաց նա, ապա հավելեց,- նշված հիմնավորումներին հակափաստարկ չկա: Պետության շահն ասում է, որ այս օրենքին պետք է քվեարկեն բոլոր այն պատգամավորները, ում համար առաջնային է պետական շահը: Այսպիսով՝ սիրո՞ւմ ես հայրենիքդ, կո՛ղմ քվեարկիր անգամ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավորի այն նախաձեռնությանը, որն ի շահ քո պետության է»: Նախագծին առնչվող առաջարկ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսվում է, որ պարտադիր զինծառայությունից ազատվում են նաև այն քաղաքացիները, որոնք մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել են այլ պետության ԶՈՒ-ում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել են այլընտրանքային ծառայություն, սակայն կան այլ շատ դեպքեր, երբ այլ պետության՝ ազգությամբ հայ քաղաքացին անչափահաս տարիքում ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, բայց մշտապես բնակվում է իր պետությունում, այնտեղ անցնում է զինվորական ծառայություն, 12 ամիս կամ 18 ամիս, ինչպես նշված է օրենքում, բայց ակամա, 18 տարին լրանալուց հետո հայտնվում է հետախուզման մեջ ՀՀ-ում: «Կարծում եմ՝ այս խնդիրը պետք է լուծվի և լուծվի մեր օրենքի շրջանակներում, այսինքն՝ ես առաջարկում եմ, որպեսզի այդ կատեգորիան ևս ազատվի ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու պարտականությունից»,- ասաց Թորոսյանը՝ նկատելով՝ նման մարդիկ շատ են:
11:26 - 16 հունվարի, 2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է պարտադիր զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերող նախագծերի փաթեթը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է պարտադիր զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերող նախագծերի փաթեթը

ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում: Առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրեական պատասխանատվությունից: «Գործող կարգավորումներով 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման: Նրանք որեւէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած»,- ասել է Հայկ Սարգսյանը՝ մանրամասն ներկայացնելով օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես, 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով կամ 12 ամիս ժամկետով՝ ՀՀ պետական բյուջե վճարելով 2.500.000 ՀՀ դրամ: Նախագծով առաջարկվող երրորդ տարբերակը 6 ամիս ժամկետով ծառայությունն է, որի պարագայում ՀՀ պետական բյուջե պետք է վճարել 5.000.000 ՀՀ դրամ: Մեկ ամիս ժամկետով զինվորական ծառայության ընտրության դեպքում ՀՀ պետական բյուջե պետք է վճարել 10.000.000 ՀՀ դրամ: Իսկ զինվորական ծառայության փոխարեն, ըստ առաջարկվող նախագծի, քաղաքացին կարող է ՀՀ պետական բյուջե վճարել 15.000.000 ՀՀ դրամ: Ներկայացնելով նախկին օրենսդրական կարգավորումները՝ Հայկ Սարգսյանը նշել է, որ այսօր բանակում չծառայելու համար հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի, որոնցից շուրջ հինգ հազարի 27 տարին լրացել է: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ընձեռել այս անձանց  հնարավորություն օգտակար լինել իրենց պետությանը ծառայությամբ եւ (կամ) գումար վճարելով՝ դատապարտվելու եւ պետության համար բեռ դառնալու փոխարեն: Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ, ըստ հիմնական զեկուցողի, բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, Հայաստանի զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, եւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետական բյուջե: Հայկ Սարգսյանի կարծիքով  բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություններում  կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաեւ  կստեղծվեն նոր աշխատատեղեր: «Առաջարկվող հաջորդ կարգավորմամբ հնարավորություն կտրվի շտկել  մի կողմից` ՀՀ-ում ծնված կամ մինչեւ 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց եւ մյուս կողմից՝ 27 տարեկանից հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց միջեւ առկա անհավասարությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում ծնված կամ մինչեւ 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք պարտավոր են անցնելու  2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտավորություն չունեն»,- մանրամասնել է նախագծի հեղինակը: Նախագծի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները: Ընդ որում, նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում կամ ՀՀ պետական բյուջե վճարել 2.500.000 ՀՀ դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից: Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ օրենքը տարածվում է այն անձանց նկատմամբ, ում 25 տարին լրացած կլինի օրենքի ընդունման պահին: «Այսինքն՝ այն մտավախությունը, որ այսօր 18 տարեկան անձինք կլքեն երկիրը, որ 27 տարեկանում օգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից, չի համապատասխանում իրականությանը»,- նշել է օրենսդրական նախաձեռնության  հեղինակը: Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ հանձնաժողովում նախագծի վերաբերյալ ծավալուն քննարկումներ են տեղի ունեցել: Անդրադառնալով հնչող մտահոգություններին՝ պատգամավորը նշել է, որ տարբեր ժամանակներում արական սեռի ՀՀ քաղաքացիները լքել են Հայաստանը եւ սպասել այնքան, մինչեւ 27 տարին լրանա, որից հետո նրանք այլեւս չեն կարող ծառայել Զինված ուժերում: Նրա խոսքով օրինագծով որոշակիորեն ինստիտուցիոնալ լուծում կտրվի մի շարք հարցերի: Հարակից զեկուցողի գնահատմամբ օբյեկտիվորեն նախագծով շատ ավելի լավ լուծումներ են առաջարկվում, քան եղել է մինչեւ այս: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ Կառավարությունը որոշակի առաջարկություններ է ներկայացրել նախագիծը լրամշակելու նպատակով: Մասնավորապես, առաջարկվել է ձեռնպահ մնալ 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիների մասով 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնելու պարտականություն սահմանելուց՝ հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու գործընթացին հնարավոր խոչընդոտելու հանգամանքը: 18-27 տարեկան զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար առաջարկվում է ավելացնել 27 տարեկանից հետո ծառայության ժամկետները. 24 ամիսը փոխարինելով 30 ամսով, 12 ամիսը՝ 15-ով, 6 ամիսը՝ 7 ամիս 15 օրով: Առաջարկվել է նաեւ հստակեցնել 27 տարին լրանալուց հետո զինվորական հաշվառման վերցնելու դեպքերը: Ներկայացվել են նաեւ մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ: Եզրափակիչ ելույթում Հայկ Սարգսյանը պատասխանել է բոլոր հարցադրումներին՝ նշելով, որ օրենքի հավանական շահառու քաղաքացիներին ծառայելու հնարավորություն պետք է տրվի: Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
22:28 - 12 դեկտեմբերի, 2023
Օրենքի նախագիծը տալիս է ոչ թե բանակում չծառայելու, այլ չդատապարտվելու հնարավորություն. Հայկ Սարգսյան
 |1lurer.am|

Օրենքի նախագիծը տալիս է ոչ թե բանակում չծառայելու, այլ չդատապարտվելու հնարավորություն. Հայկ Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իր առաջարկած՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերող նախագիծը ներկայացնելիս պատգամավորների հարցերին պատասխանելիս ևս մեկ անգամ պարզաբանեց՝ ովքեր կարող են օգտվել նախագծից: «Օրենքը տարածվելու է այն անձանց նկատմամբ, ում 25 տարին լրացած կլինի օրենքի ընդունման պահին, այսինքն՝ այն մտավախությունը, որ այսօր մարդիկ 18 տարեկանում կլքեն երկիրը, որպեսզի 27 տարեկանում օգտվեն օրենքից, չի համապատասխանում իրականությանը, որովհետև նրանք չեն կարող օգտվել, այսինքն՝ օրենքից կարող են օգտվել միայն նրանք, որոնք օրենքի ընդունման պահին կլինեն 25 տարեկան և ավելի բարձր տարիքի: Ինչո՞ւ 25 տարեկան և ավելի բարձր. որովհետև փորձը ցույց է տալիս, որ մենք արեցինք համաներում, որից կարողացան օգտվել 27 տարին լրացած քաղաքացիները, բայց ունեինք բազմաթիվ 25-26 տարեկաններ, որոնք այս ընթացքում չեն վերադարձել և ծառայել, այսինքն՝ նրանք չօգտվեցին իրենց ծառայելու հնարավորությունից և այսօր գտնվում են քրեական հետապնդման ներքո՝ չունենալով որևէ այլ տարբերակ՝ ազատազրկումից բացի»,- պարզաբանեց պատգամավորը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:  Նրա խոսքով՝ ազատազրկված ամեն մի քաղաքացուն պահելու համար մեր պետությունը ծախսում է տարեկան մոտ 5 միլիոն դրամ: «Այսինքն՝ եթե մենք քաղաքացուն հայտնաբերենք, բերենք-պահենք, 5 տարում մենք քաղաքացու վրա ծախսելու ենք մոտ 25 միլիոն դրամ: Բացի դրանից՝ մենք չենք էլ կարողանում այդ քաղաքացիներին դատապարտել»,- ասաց Սարգսյանը՝ ներկայացնելով թվեր: «2022 թվականին, երբ որևէ կարգավորում չկար քաղաքացիների համար, ովքեր չեն ծառայել՝ ազատվելու պատասխանատվությունից, ունեցել ենք 10 հազարից ավելի քաղաքացիներ, ովքեր հետախուզվել են բանակում չծառայելու համար և այդ 10 հազար քաղաքացուց ընդամենը 420-ն են հայտնաբերվել կամ կամովին ներկայացել: Կարո՞ղ եք ենթադրել՝ այս 420 քաղաքացուց քանիսն են դատապարտվել ազատազրկման: Նրանցից մեկն է դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: Այսինքն՝ նրանք փաստացի չեն էլ ազատազրկվում»,- ասաց պատգամավորը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Հայկ Սարգսյանին՝ խնդրելով պատասխանել հարցին՝ որքանո՞վ է ազդելու այս նախագիծը բանակի ինտելեկտուալության վրա: Նրա խոսքով՝ արդյո՞ք նախագծի ընդունման դեպքում չի նվազի ինտելեկտուալ բարձր կադրերի հոսքը բանակ: Սարգսյանի խոսքով՝ օրենքի նախագիծը բանակին տալու է հնարավորություն՝ նոր զորակոչիկներ և ֆինանսական նոր միջոցներ ունենալու, որն այս պահին մենք չունենք, և դա, կարելի է ասել, վատնում ենք՝ այս օրենքը չընդունելով: «Այսինքն՝ մինչ այս պահը օրենքը չենք ընդունել և այն քաղաքացիները, որոնց  27 տարին լրացել է, կամ որևէ ձևով վերադարձել ու խուսափել են պատասխանատվությունից, այսինքն՝ ոչ ծառայել են, ոչ դատապարտվել: Իմ առաջարկած օրենքի ընդունման դեպքում, եթե քաղաքացին վերադառնա և անգամ տեսնենք, որ նա պիտանի չէ պարտադիր զինվորական ծառայության, նա պարտավոր կլինի վճարել 15 միլիոն դրամ, այսինքն՝ մենք միայն կշահենք օրենքի ընդունման դեպքում»,- նշեց Սարգսյանը: Ինչ վերաբերում է ինտելեկտուալ կադրերի արտահոսքին, պատգամավորը պատասխանեց՝ բոլորովին հակառակն է: «Մեր փոփոխություններով՝ այսօր շարքային կազմի պայմանագրային զինծառայողը, եթե ատեստավորումը հանձնի և ստանա «գերազանց», կստանա ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ»,- նշեց Սարգսյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց տնտեսագիտական հաշվարկի հիմքի վերաբերյալ. ինչու քաղաքացին պետբյուջե պետք է վճարի 5 կամ 10 միլիոն դրամ, ո՞րն է հիմնավորումը: «Իմ օրենսդրական նախաձեռնության հիմնական շահառուները օգտվելու են 4-րդ կետից, վճարելու են 10 միլիոն դրամ և ծառայելու են 1 ամիս: Ինչո՞ւ 10 միլիոն դրամ, որովհետև դա պայմանագրային զինծառայողի բարձր աշխատավարձով երկու տարվա աշխատավարձին համարժեք գումարն է և մեկ ամսնավ ծառայությունն էլ նրա համար է, որպեսզի նրանք ՀՀ ԶՈՒ համազգեստը կրեն, բանակում ծառայելու հիմնական կանոնները սովորեն և հավանական զորակոչի ժամանակ կարողանան ներկայանալ, իմանալ իրենց հաշվառման զորամասը, տիրապետեն իրենց կցագրված զենքին»,- պարզաբանեց Սարգսյանը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, հաշվի առնելով հարցի լայն հնչեղությունը, հետաքրքրվեց՝ արդյոք տվյալ օրինագիծը կարո՞ղ է նպաստել կամ հնարավորություն ստեղծել սովորական ժամկետային զինծառայողների համար՝ խուսափելու զինծառայությունից տվյալ մեխանիզմով: Սարգսյանը ևս մեկ անգամ պարզաբանեց՝ օրենքը վերաբերում է բոլոր նրանց, որոնց 27 տարին լրացած է, և նրանք այսօրվա գործող կարգավորումներով՝ ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության: «Օրենքի նախագիծը ոչ թե տալիս է հնարավորություն՝ բանակում չծառայելու, այլ տալիս է հնարավորություն՝ չդատապարտվելու: Այսինքն՝ այս խմբի քաղաքացիները այսօր չեն կարող ծառայել, նրանք պետք է միայն դատապարտվեն, ես ասում եմ՝ եկեք նրանց չդատապարտենք, նրանց վրա գումարներ չծախսենք, այլ այդ քաղաքացիներին հնարավորություն տանք գումարներ վճարելու, ծառայելու և պիտանի լինելու իրենց երկրին, որ նրանք բեռ չդառնան պետության վրա՝ կրելով ազատազրկում, այլ պետությանը նպաստ բերեն»,- պարզաբանեց պատգամավորը: Հակոբ Արշակյանի ճշտող հարցին՝ արդյոք Հայաստանի բազմահազար քաղաքացիները, որոնց 27 տարեկանը չի լրացել, կարո՞ղ են ապագայում դիտարկել այս օրինագիծը զինծառայությունից խուսափելու և դրանից օգտվելու ակնկալիքով, Սարգսյանը տվեց բացասական պատասխան: «Այսօրվա դրությամբ և օրենքի ընդունումից հետո այն քաղաքացիները, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, մինչև 27 տարեկան են, չեն կարող օգտվել օրենքի ընձեռած հնարավորությունից՝ նրանք պետք է ծառայեն: Օրենքը կտարածվի միայն նրանց վրա, ովքեր գործող կարգավորումներով ծառայելու հնարավորություն չունեն»,- ընդգծեց պատգամավորը:
15:09 - 12 դեկտեմբերի, 2023
Արման Սարգսյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագծի վերաբերյալ
 |1lurer.am|

Արման Սարգսյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագծի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրեց՝ Կառավարությունը որոշակի առաջարկություններ է ներկայացրել լրամշակելու նպատակով, ապա անդրադարձավ Կառավարության դիրքորոշմանը և առաջարկություններին: Ըստ այդմ՝ Կառավարությունը համարում է, որ. 1. Ցանկալի է ձեռնպահ մնալ 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիների մասով 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնելու պարտականություն սահմանելուց՝ հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու գործընթացին հնարավոր խոչընդոտելու հանգամանքը: 2. 18-27 տարեկան՝ զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար առաջարկում է ավելացնել 27 տարեկանից հետո ծառայության ժամկետները՝ 24 ամիսը փոխարինելով 30 ամսով, 12 ամիսը՝ 15 ամսով, 6 ամիսը՝ 7 ամիս 15 օրով: Առաջարկվում է հստակեցնել նաև 27 տարին լրանալուց հետո զինվորական հաշվառման անցնելու դեպքերը, համապատասխան փոփոխություն նախատեսել նաև «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում, 27 տարին լրացած և օրենքով սահմանված՝ տարկետման հիմք ունեցող քաղաքացիների համար նախատեսել 15 միլիոն դրամ վճարելու պարտավորություն, նաև հստակ սահմանել այն անձանց շրջանակը, որոնց վրա տարածվելու են օրենքի դրույթները, այն նկատառմամբ, որ առաջարկվող կարգավորումները լրացուցիչ խթան չհանդիսանան պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիների խուսափելու համար:  Այդ նպատակով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի՝ օրենքի գործողությունը տարածվում է օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 25 տարին լրացած և օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած ՀՀ քաղաքացիների վրա, նաև տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ, բացի դրանից՝ Քրեական օրենսգրքի նախագծում հստակ նախատեսել, որ 27 տարեկանից հետո գումարի վճարմամբ քրեական պատասխանատվությունից ազատումը կարող է իրականացվել միայն տվյալ անձի ներկայանալու դեպքում: «Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ նախագծերի ընդունումն իրականացնել՝ հաշվի առնլելով Կառավարության հիշյալ առաջարկությունները»,- խոսքը եզրափակեց պաշտպանության նախարարի տեղակալը: Հիշեցնենք՝ գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման: Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած: Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվել քրեական պատասխանատվությունից:
14:58 - 12 դեկտեմբերի, 2023
«Բանակում չծառայելու համար այսօր հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի»․ ԱԺ-ն քննարկում է Հայկ Սարգսյանի նախագիծը
 |aravot.am|

«Բանակում չծառայելու համար այսօր հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի»․ ԱԺ-ն քննարկում է Հայկ Սարգսյանի նախագիծը |aravot.am|

aravot.am: ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Հայկ Սարգսյանն ասաց, որ իր նախագծով ակնկալվում է հետեւյալ խնդիրները լուծել։ «Գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Նրանք որեւէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած։ Նախագծով առաջարկում եմ 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն՝ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 2․5 մլն դրամ, երրորդ՝ վեց մասի ծառայելով ու վճարելով 5 մլն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով՝ վճարելով 10 մլն դրամ, հինգերորդ՝ վճարելով 15 մլն դրամ»,- ասաց նա։ Հայկ Սարգսյանը նշեց, որ նախկինում հետեւյալ կարգավորումներն են եղել։ 2004-2019 թվականը գործել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների մասին օրենքը, որը հնարավորություն էր տալիս պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին վճարել 200 հազար դրամ ամեն բացակայած զորակոչի համար եւ ազատվել պատասխանատվությունից։ Առավելագույնը 3,6 մլն դրամ վճարելով՝ սույն խմբի քաղաքացիները ազատվում էին քրեական պատասխանատվությունից։ Այս օրենքից օգտվել է 10 000 քաղաքացի։ 2021 թվականին, երբ երկու տարի որեւէ կարգավորում չկար, Ազգային ժողովն ընդունեց «Համաներման մասին» օրենք, որից օգտվեցին 1360 քաղաքացիների՝ չվճարելով որեւէ դրամ եւ չծառայելով՝ ազատվեցին քրեական պատասխանատվությունից։ Եթե այն ժամանակ համաներման փոխարեն ընդունվեին իմ կողմից առաջարկված կարգավորումները, ապա կունենայինք ավելի քան 10 մլրդ դրամ հավելյալ մուտքեր պետական բյուջե եւ 1000-ից ավելի զինծառայողներ մեր Զինված ուժերում։ Բանակում չծառայելու համար այսօր հետախուզման մեջ են գտնվում ավելի քան 10 000 քաղաքացիներ, որոնցից շուրջ 5000-ը 27 տարին լրացած են։ Ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել։ Ես չեմ ցանկանում, որպեսզի մենք երբեւէ նորից անենք համաներում՝ այս անձանց պատասխանատվությունից ազատելու համար։ Բայց նաեւ չեմ ցանկանում 5000 քաղաքացիներին դատապարտել 5 տարվա ազատազրկման, քանի որ դրանից մեր երկիրը ոչ միայն չի շահի, այլեւ մենք նրանց հայտնաբերելու, դատապարտելու եւ կալանքի մեջ պահելու համար մեծ գումարներ կծախսենք»,- ասաց Հայկ Սարգսյանը։ Ըստ նրա՝ եթե 27 տարին լրացած քաղաքացուն չընձեռվի այս հնարավորությունը, ապա գործող կարգավորումներով նրանք չեն վերադառնա հայրենիք մինչեւ նրանց 37 տարին լրանալը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:26 - 12 դեկտեմբերի, 2023
Իշխանական պատգամավորը բանակից խուսափած 5000 տղամարդկանց «հայրենիք վերադարձնելու» նախագիծ է առաջարկում
 |azatutyun.am|

Իշխանական պատգամավորը բանակից խուսափած 5000 տղամարդկանց «հայրենիք վերադարձնելու» նախագիծ է առաջարկում |azatutyun.am|

azatutyun.am: Պարտադիր զինվորական զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած շուրջ 5000 Հայաստանի քաղաքացիների դեմ այս պահին քրեական հետապնդում է հարուցված։ Տվյալներն այսօր հրապարակեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ անձինք ենթադրաբար Հայաստանից հեռացել են մինչև 18 տարի լրանալը և Հայաստան վերադառնալու դեպքում նրանց ազատազրկում է սպառնում։ «Մեր գործող օրենսդրությամբ զինապարտ են համարվում 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները մինչև 27 տարին լրանալը: Այսինքն, գործող կարգավորումներով 27 տարեկան տղաները չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ մինչև 5 տարի ժամկետով», - ներկայացրեց Սարգսյանը: Մինչև 5 տարվա ազատազրկման դատապարտելու փոխարեն, սակայն, ՔՊ-ական պատգամավորը առաջարկում է հազարավոր տղամարդկանց հայրենիք վերադառնալու և քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տալ։ Արդեն շրջանառության մեջ դրված օրինագծով զինապարտության տարիքը լրացած անձանց 5 առաջարկ է արվում. Զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են պարզապես վերադառնալ և 2 տարի ծառայել հայկական բանակում։ Մեկ տարի ծառայելու դեպքում պետք է պետական բյուջե վճարեն ավելի քան 2 միլիոն դրամ, վեցամսյա ծառայության դեպքում՝ հինգ միլիոն դրամ, և ընդամենը 1 ամսվա համար՝ 10 միլիոն։ Եթե հետախուզվող անձինք ընդհանրապես չեն ցանկանում ծառայել, ապա պարզապես կարող են պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ, շուրջ 40 հազար դոլար և ազատվել քրեական հետապնդումից։ «Նախագիծը հնարավորություն է տալիս նրանց ծառայելու, եթե չունեն գումար վճարելու ու չծառայելու, նրանք ուղղակի կարող են գալ ու ծառայել, ինչպես մեր մյուս քաղաքացիները, ովքեր գնում են ծառայության 18-27 տարեկան հասակում», - նշեց Հայկ Սարգսյանը: Իշխանական պատգամավորի խոսքով՝ զորակոչիկների թվի վերաբերյալ առկա վիճակագրությունը արդեն իսկ խիստ մտահոգիչ է։ Վերջին 15 տարիների ընթացքում բանակում ծառայողների թիվը տարեց տարի նվազում է։ Եվ խնդիրը միայն ծնելիության ցածր ցուցանիշը չէ։ Ծնողները հաճախ իրենց երեխաներին պարզապես մանուկ հասակում տեղափոխում են արտերկիր, մինչև հաշվառվելը ստանում են այլ երկրի քաղաքացիություն և ազատում նրանց ծառայությունից։ Հայկ Սարգսյանի տվյալներով՝ միայն 9 տարվա ընթացքում զորակոչիկների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է. - «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, և 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով, այսինքն, 44 հազարից դարձել է 24 հազար»: Սարգսյանը համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե իր առաջարկած օրինագիծը կարող է էլ ավելի նպաստել, որ քաղաքացիները խուսափեն ծառայությունից, ապա գումարով ազատվեն քրեական պատասխանատվությունից, քանի որ օրինագիծը արդեն իսկ զինծառայությունից խուսափած տղամարդկանց մասին է։ Պատգամավորի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը նախնական քննարկումների արդյունքում կողմ է արտահատվել, բայց պաշտոնական կարծիքներն ու առաջարկները դեռ չեն ստացել։
16:35 - 14 նոյեմբերի, 2023
27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կազատվեն քրեական պատասխանատվությունից. նախագիծ
 |1lurer.am|

27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կազատվեն քրեական պատասխանատվությունից. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն կտա ազատվել քրեական պատասխանատվությունից։ Լրագրողներին մանրամասներ ներկայացնելով՝ պատգամավորը նշեց՝ նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի ժամկետով և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց: Պատգամավորը հիշեցրեց, որ գործող կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում։ «Նրանք ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով»,- ասաց նա և նշեց, որ իր ներկայացրած նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին հնարավորություն տալ չդատապարտվելու, ծառայելու կամ գումար վճարելու դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից»,- ասաց Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ նախնական քննարկումների արդյունքում Պաշտպանության նախարարությունը կողմ է արտահայտվել նախագծին: «Իմ կանխատեսումներով՝ առաջիկա 1 տարվա ընթացքում օրենքից կօգտվի մոտ 500-1000 քաղաքացի: Օրենքի ընդունման արդյունքում մենք կունենանք ավելի քան 500 նոր զորակոչիկ և հավելյալ ֆինանսական մուտքեր պետական բյուջե»,- ասաց նա:
12:35 - 14 նոյեմբերի, 2023
Անտեղի է պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում. ՔՊ պատգամավոր
 |armenpress.am|

Անտեղի է պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում. ՔՊ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը համոզված է, որ իր հեղինակած օրենքի նախագիծը լրացուցիչ զորակոչ կապահովի հայկական բանակի համար՝ նրան տալով մեծ ֆինանսական հոսքեր, ինչը նաև կամրապնդի Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը։ Սարգսյանը նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ վերոհիշյալ օրենքի նախագիծը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք հնարավորություն կունենան կրճատված ժամկետով ծառայել, կամ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով ազատվել ծառայությունից և պատասխանատվությունից։ «Շատ հաճախ ասում են, որ նախագիծը հնարավորություն է տալու 15 միլիոն դրամ վճարել և խուսափել զինծառայությունից ու քրեական պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախագիծը վերաբերում է միայն 27 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին։ Գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները հնարավորություն չունեն ծառայելու։ Քաղաքացին հայտնաբերվելու կամ կամովին ներկայանալու դեպքում ունի մեկ տարբերակ՝ ազատազրկվել կալանավորմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով։ Նոր օրինագծով, եթե քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ, բայց ցանկանում է գալ և ծառայել զինված ուժերում՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից, նրան ընձեռվում է նման հնարավորություն, հետևաբար, անտեղի է այն պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում»,- ասաց Աժ պատգամավորը։   Սարգսյանը հիշեցրեց, որ համանման կարգավորում եղել է դեռ 2004 թվականին, որը կոչվում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենք, որի համաձայն՝ 27 տարին լրացած քաղաքացիները, ովքեր չէին կարող ծառայել, կարող էին վճարել ամեն բացակայած զորակոչի համար 100 000 դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից՝ չծառայելով ոչ մի օր։ «Եթե քաղաքացին դիցուկ 18 տարեկանից չի ներկայացել զորակոչերին, ապա ստացվում է, որ մինչև 27 տարեկանը բացակայել է 18 զորակոչից, այսինքն՝ առավելագույնը 1 միլիոն 800 հազար դրամ վճարելով՝ ազատվում էր քրեական պատասխանատվությունից ու չէր ծառայում։ Այս օրենքը երկարաձգվել է մինչև 2019 թվականը, որից հետո որևէ կարգավորում չի եղել և դաշտը մնացել է բաց։ 2021 թվականին ԱԺ-ն ընդունեց համաներում, որի համաձայն՝ բոլոր այն քաղաքացիներն, ովքեր չէին ծառայել, հնարավորություն ունեցան ներկայանալ, ազատվել քրեական պատասխանատվությունից՝ չվճարելով որևէ դրամ և չծառայելով ոչ մի օր։ Ես դեմ էի այս համաներմանը և հիմնավորված ասեմ, որ տվյալ որոշումը ոչինչ չտվեց մեր բանակին, քանզի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վերադարձան և ազատվեցին քրեական պատասխանատվությունից, հետո լքեցին երկիրը՝ որևէ օգուտ չտալով նրա պաշտպանությանն ու անվտանգությանը ո՛չ գումարի, ո՛չ ծառայության տեսքով»,- ասաց պատգամավորը։ Սարգսյանը հայտնեց, որ վերոնշյալ համաներումից կոնկրետ օգտվել է 1360 քաղաքացի։ Անգամ այն հանգամանքը, որ նրանք հաշվառվել են պահեստազորում, քիչ բան է տալիս հայկական բանակին, քանզի նրանցից շատերն այժմ արտասահմանում են։ Եթե այն ժամանակ համաներում չկիրառվեր և ընդունվեր առաջարկվող այս տարբերակը, ապա, Սարգսյանի դիտարկմամբ, առնվազն 1000 քաղաքացի կմուծեր միջինը 10 միլիոն դրամ և այդ ահռելի գումարը կարող էր ծառայել երկրի անվտանգության զարգացմանը: Հետևաբար, թեկուզ ուշացած՝ այս նախագիծն անպայման պետք է կյանքի կոչել։ «Սույն նախագծով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել նրանց, ովքեր կծառայեն մեկ ամիս, իսկ նրանք, ովքեր ընդհանրապես չեն ցանկանա ծառայել, ապա պետք է վճարեն 15 միլիոն դրամ։ Մեծ գումարային տարբերությունն այն շահագրգռող հանգամանքն է, որպեսզի քաղաքացիներն, այդուհանդերձ, մեկ ամիս ծառայեն հայկական բանակում։ Ի սկզբանե ցանկացել էի, որ գումարը լինի 10 միլիոն դրամ, սակայն ամեն դեպքում հարցը ՊՆ-ի մեր գործընկերների հետ քննարկելու և օտար երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում որոշեցինք այնպիսի կարգավորում անել, որ քաղաքացիները գոնե մեկ ամիս ծառայեն։ Օրինակ, դրսում ապրած և Հայաստանի կյանքին չինտեգրված անձինք կգան և կհագնեն հայկական բանակի համազգեստը, կծառայեն ՀՀ զինված ուժերում, կիմանան բանակում ծառայելու կանոններն ու ավելի կկապվեն հայրենիքի հետ։ Ավելին, այդ մեկամսյա ծառայությունը շատերի մոտ կարող է Հայաստան տեղափոխվելու և այստեղ մշտապես բնակվելու ցանկություն առաջացնել»,- նշեց բանախոսը։   Անդրադառնալով  այն հարցին՝ եթե մարդիկ չեն օգտվել նախկինում ընձեռված համեմատաբար մատչելի  օրենսդրական հնարավորությունից և համաներումից, ապա ինչն է նրանց դրդելու օգտվել սույն  նախաձեռնությունից, որն ավելի դժվար պայմաններ է իր մեջ պարունակում, Սարգսյանն ընդգծեց, որ ավելի քան 10 500 քաղաքացի էլ 2004-2019 թվականների միջակայքում է օգտվել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց առնչվող օրենքից, հետևաբար ասել, որ մարդիկ չեն օգտվել նախորդ նախաձեռնությունից, ապա ինչու պետք է օգտվեն ներկա նախագծից՝ տեղին չէ։   Իսկ ինչ վերաբերում է սոցիալական արդարության հետ կապված խնդրին, որ հարուստները կարող են ինդուլգենցիայի սկզբունքով կոնկրետ գումարի դիմաց ազատվել պատասխանատվությունից՝ ի տարբերություն նրանց, ովքեր այդքան էլ ապահովված չեն  և չունեն նման հնարավորություն, պատգամավորն ասաց, որ համաներումը նաև սոցիալական անարդարության դրսևորում էր, քանի որ քաղաքացիների մի մասը վճարում էր որոշակի գումար և չէր ծառայում՝ ազատվելով պատասխանատվությունից, մինչդեռ մյուսները գնում էին ծառայության, էլ չասած նրանց մասին, ովքեր զոհվեցին պատերազմում։ «Եթե մերժվի ներկայացվող նախագիծը, ապա գործող կարգավորումների պարագայում մեր հայրենակիցներից շատերը չեն վերադառնա Հայաստան, կսպասեն, մինչև կլրանա իրենց 37 տարին, ինչից հետո նրանց դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն վաղեմության հիմքով, և պետությունը նրանցից ընդհանրապես որևէ օգուտ չի ստանա»,- ասաց Սարգսյանը։ Նրա ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2010 թվականին ժամկետային զինծառայողների թվաքանակը եղել է 44 365, իսկ 2019 թվականին՝ 24 761, այսինքն՝ ցուցանիշն ընդամենը ինը տարվա ընթացքում գրեթե երկու անգամ պակասել է։ Բացի դրանից, հաշվետու ժամանակահատվածում 52 տոկոսով կրճատվել է նաև արական սեռի տղաների ծնվելու ցուցանիշն, ինչը մտահոգիչ հանգամանք և լրացուցիչ ևս մեկ շարժառիթ է եղել պատգամավորի համար՝ ստիպելով նրան մտածել սույն օրենսդրական նախաձեռնությունը օր առաջ կյանքի կոչելու մասին։
14:59 - 06 նոյեմբերի, 2023
Շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով 27 տարին լրացած, պարտադիր զինծառայություն չանցած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից

Շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով 27 տարին լրացած, պարտադիր զինծառայություն չանցած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Այդ մասին ասված է պատգամավորի Ֆեյսբուքի էջում։   «Նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։   Մասնավորապես. Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝   1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,   2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ, 3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր,   4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր,   5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դր:   Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ՝ ակնկալվում են հետևյալ հիմնական արդունքները.   1) բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․   2) ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում, կտան զինվորական երդում, իսկ ծառայությունից արձակվելուց հետո կհաշվառվեն պահեստազորում․   3) լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե․   4) կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները․   5) որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների, պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային ծանրաբեռնվածությունը․   6) բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր․   7) այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք․ 8) կամրապնդվեն ու կխորանան Սփյուռքի հետ բազմաբնույթ կապերը և այլն»,- նշված է գրառման մեջ։
16:18 - 29 հոկտեմբերի, 2023
ՊՆ-ն մերժել է տեղեկության տրամադրումը գաղտնիքի հիմքով այն դեպքում, երբ Հայկ Սարգսյանը հրապարակել է դրա վերաբերյալ որոշ տվյալներ

ՊՆ-ն մերժել է տեղեկության տրամադրումը գաղտնիքի հիմքով այն դեպքում, երբ Հայկ Սարգսյանը հրապարակել է դրա վերաբերյալ որոշ տվյալներ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերից մեկին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ներկայացնելով իր հեղինակած նախագիծը, ի թիվս այլնի, հրապարակեց օրինական հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի վերաբերյալ որոշ ամփոփ տվյալներ։ Նա, մասնավորապես, ասաց․ «Մենք ունենք տարեկան մոտավորապես 8000-10․000 զինծառայող, ովքեր ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից առողջական խնդիրների հիման վրա կամ այլ խնդիրներ ունենալով... Վերջին 8 տարվա մեջ մենք 60․000-ից ավելի զորակոչիկի ազատել ենք պարտադիր զինվորական ծառայությունից»։ Նիստից հետո՝ փետրվարի 25-ին, մենք գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հետաքրքրվելով, թե 2000-2021 թթ ընթացքում ամեն տարի ՀՀ քանի՞ քաղաքացի է ազատվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից եւ քանի՞ քաղաքացի՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Խնդրեցինք հայտնել նաեւ, թե ազատումներից յուրաքանչյուրը օրենքով նախատեսված ո՞ր հիմքով է եղել (առողջական, այլ պետությունում ծառայած լինելու, բացառիկ եւ այլն)։ Մարտի 4-ին ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա․ «Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»,- ասված էր գրության մեջ։ Օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, սական, ՊՆ-ն պատասխանը չտրամադրեց։ Մեկ ամիսը լրանալուն պես՝ մարտի 26-ին, մենք զանգահարեցինք թե՛ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, թե՛ վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն, սովորության համաձայն, մեր զանգերը մի քանի օր շարունակ մնացին անպատասխան։ Միայն մարտի 29-ին մեզ հաջողվեց կապ հաստատել նրանց հետ, որից հետո՝ մարտի 30-ին, ստացանք հարցման պատասխանը հետեւյալ բովանդակությամբ․ «Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում եմ, որ հարցն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ տեղեկացնում եմ, որ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկություաների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 2015թ. հուլիսի 9-ի N 9-Ն հրամանի 55-րդ կետի պահանջները»: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, իսկ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի հիշյալ դրույթը ամրագրում է, որ գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են եւ հրապարակման ենթակա չեն: Նախարարի հիշյալ հրամանի համաձայն էլ՝ գաղտագրման ենթակա տեղեկությունների թվում են ՊՆ համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ուղղությունների ընդհանրացված ամփոփ տեղեկություններ, հանրագումարային տվյալներ պարունակող վերլուծական փաստաթղթեր (նյութեր)` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի։ ՊՆ այս պատասխանը, իհարկե, սպառիչ կլիներ, եթե պատգամավորը նույնաբովանդակ տվյալներ հրապարակած չլիներ։ Այնուհանդերձ, համոզվելու համար, որ Հայկ Սարգսյանի հրապարակած տվյալների աղբյուրը հենց պաշտպանական գերատեսչությունն է, գրավոր հարցում ուղարկեցինք նաեւ Հայկ Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե պետական որ կառույցը կամ պաշտոնատար անձն է տրամադրել իր հրապարակած թվային տվյալները, որն է դրանց աղբյուրը, եւ խնդրեցինք հնարավորության դեպքում տրամադրել դրանք ավելի ամբողջական տեսքով։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը հայտնեց, որ ներկայացված տեղեկության հիմքում ընկած են հաշվարկներ, իսկ հաշվարկների համար օգտագործվել են գաղտնի եւ ոչ գաղտնի տվյալներ, որոնք տրամադրել են ՀՀ ՊՆ-ն եւ ԳՇ-ն․ «Առավել մանրամասներ չեմ կարող հայտնել այս մասով, միայն կարող եմ հավելել, որ ազատվածների 15․3 տոկոսը պիտանի են ծառայության համար եւ ազատվել են այլ հիմքերով։ Հաշվարկների համար օգտագործված թվերը միչեւ 2020 թվականը ընկած, վերջին 10 տարիների միջինացված թվերն են»,- ասված էր պատգամավորի պատասխանում։ Լրացուցիչ հարցմամբ խնդրեցինք տրամադրել հաշվարկների հիմքում ընկած ոչ գաղտնի տեղեկությունները, ինչին ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը տրամադրեց 1984-2001 թթ ծնված տղաների թվաքանակը ՀՀ-ում՝ կից գրությամբ․ «Այս տարեթվերին գումարելով 18՝ ստանում ենք որքան զինծառայող պետք է զորակոչվի 18 տարի հետո։ Այսինքն 2000 թվականին ծնվածները զորակոչվում են 2018 թվականին։ Իհարկե, սա հաշվարկների մեջ շատ չնչին դեր ունեցող տվյալ է, սակայն այստեղ տարակուսելին այն է, որ 1984 -ից 2001 թվականների ընթացքում՝ ընդամենը 17 տարում, ծնված տղաների թիվը կրճատվել է 23502-ով կամ 2,3 անգամ»։ Պարզ է, որ Սարգսյանի տրամադրած այս տվյալները կապ չունեն ՊՆ-ի կամ ԳՇ-ի հետ, նա ինքն էլ նշել է, որ դրանց աղբյուրը Քաղաքացիական կացության ծննդյան վերաբերյալ ակտերն են։ Ուստի անհասկանալի է մնում՝ եթե օրինական հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների թվային տվյալները գաղտնիք էին, ապա ինչու է պատգամավորը դրանցից որոշները հրապարակել Հանձնաժողովի նիստում, իսկ եթե գաղտնիք չէին, ապա ինչու ՊՆ-ն, հետագայում նաեւ՝ պատգամավորը, չեն տրամադրում դրանք լրատվամիջոցին։ Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարությունը Infocom-ի հարցմանն ի պատասխան մերժել է տեղեկության տրամադրումը պետական եւ ծառայողական գաղտնիք համարվելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ պատգամավոր Հայկ Սարգսյանը հրապարակել է նույն այդ տեղեկության վերաբերյալ որոշ տվյալներ։   Միլենա Խաչիկյան
16:54 - 26 ապրիլի, 2022