Հակոբ Ասլանյան

Հակոբ Ասլանյանն 8-րդ գումարման խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ 

Ծնվել է 1954-ին։ 1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1988թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմություն-իրավունք ֆակուլտետը:

24.12.2020-02.08.2021թթ. եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ստորագրեցին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ
 |hetq.am|

Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ստորագրեցին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ |hetq.am|

hetq.am: Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ստորագրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։ Նրանք ավելի վաղ հայտնել էին, որ որպես վարչապետի թեկնածու առաջադրում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Մարուքյանը նույնպես ստորագրեց՝ իր համաձայնությունը տալով, որ խորհրդարանի մեկ երրորդը կարողանա իրեն առաջադրել վարչապետի թեկնածու։ Անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելուց հետո կարճ ելույթով հանդես եկավ Հակոբ Ասլանյանը։ Նա գործընթացը պատմական որակեց։ «Սա մեր նոր պատմության առաջին դեպքն է, որ ամբողջությամբ օրենքի տառին համապատասխան մենք նախաձեռնում ենք մի գործ, որը ամբողջությամբ ծառայելու է մեր պետության ու պետականության նորովի զարգացումներին։ Ասլանյանը նաև հավելեց, որ հիմա գնդակը ընդդիմության դաշտում է, և եթե ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը, ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին, կարող են ստորագրել իմպիչմենտի գործընթաց սկսելու նախաձեռնության տակ։ Իսկ Հովիկ Աղազարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Էդմոն Մարուքյանին՝ իրենց առաջարկն ընդունելու համար։  «Մենք շատ կարևոր և վճռական ընտրություն ենք կատարել՝ ի դեմս Ձեզ։ Դա հեշտ չի եղել։ Մենք ունեցել ենք յոթ թեկնածու՝ մեկը մեր կուսակցության վարչության երիտասարդ անդամ Լյովա Մխիթարյանն էր, մյուսը՝ ես։ Եվս հինգը նույնպես մեր կուսակցությունից էր։ Վարչությունը, քննարկելով և հաշվի առնելով ձեր անցած ճանապարհը, պետականությանը ձեր ներդրումը, միաձայն որոշեց կանգնել ձեր թեկնածության վրա»,- ասաց Աղազարյանը։ Էդմոն Մարուքյանը կրկնեց Ասլանյանի միտքը՝ նշելով, որ իրենք այլևս անելիք չունեն, և հերթը «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններինն է։ «Եթե այս պրոցեսը տապալվի, իսկ սա կարող են տապալել միայն ընդդիմադիրները,  իմացեք՝ Հայաստանի զինանշանը գնում է փոփոխության։ Հայաստանի Հանրապետությունը վերածվելու է, գնում է այն ճանապարհով, որ դառնա «Արևմտյան Ադրբեջան»»,- հավելեց Մարուքյանը։ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին հայտնի դարձավ նախորդ շաբաթվա վերջին։ Մայիսի 16-ին Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ «ՄԱՍԿ» կուսակցությունը լիազորել է իրենց սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրել Էդմոն Մարուքյանին։ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին այսօր անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա գործընթացն անիրատեսական անվանեց։ «Ես ավելի պրագմատիկ մարդ եմ և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չէ»,- ասաց Քոչարյանը։ Ավելի վաղ, սակայն, «Հայաստան» խմբակցությունը տարածել էր հայտարարություն, որում վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ տրամադրելու բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե այդ գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորների ստորագրությունները։ Այդ հայտարարությունը տարածվել էր մայսիս 2-ին, երբ դեռ Էդմոն Մարուքյանը չէր առաջադրվել վարչապետի թեկնածու և Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը չէին հայտարարել իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության մասին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ չի արձագանքել Մարուքյանի առաջադրման լուրին և չի հայտարարել՝ կմիանա իմպիչմենտի գործընթացին, թե ոչ։ Բայց ավելի վաղ՝ մայիսի 6-ին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ պատրաստ են, առանց նախապայմանների, քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։
15:50 - 19 մայիսի, 2025
Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ համաձայնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն

Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ համաձայնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ՄԱՍԿ կուսակցությունից առաջարկ է ստացել՝ վարչապետին անվստահություն հայտնելու ՄԱՍԿ-ի նախաձեռնած գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն։ Նա նշեց՝ քննարկումների արդյունքում տվել է համաձայնությունը։ Մարուքյանը հայտնեց նաև, որ հանդիպումներ կնախաձեռնի ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։  Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հայտարարել են, որ վարչապետին անվստահություն հայտնելու նախագծով վարչապետի թեկնածու են առաջադրում Էդմոն Մարուքյանին։ Հիշեցնենք, որ գործընթացն ԱԺ-ում կարող է քննարկվել, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի ստորագրություն։ Ավելի վաղ՝ «Արթուն ենք» շարժման նախաձեռնած անվստահության գործընթացի շրջանակում «Պատիվ ունեմ»-ը հայտարարել էր, որ առանց որեւէ նախապայմանի կքննարկեն թեկնածուի հարցը ու կնախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Խմբակցությունն ունի 6 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցությունն էլ նշել էր, որ կտրամադրի իր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
15:26 - 16 մայիսի, 2025
Մարդուն խոշտանգել են ու նսեմացրել, ի՞նչն եք մեկ տարի փորձաքննում․ պատգամավորը՝ գլխավոր դատախազին
 |civilnet.am|

Մարդուն խոշտանգել են ու նսեմացրել, ի՞նչն եք մեկ տարի փորձաքննում․ պատգամավորը՝ գլխավոր դատախազին |civilnet.am|

civilnet.am: Ընդդիմադիր հայացքներ ունեցող Սամվել Վարդանյանին ձերբակալման վայր տեղափոխելու ընթացքում ենթադրաբար խոշտանգած և նսեմացրած անձինք մեկ տարի անց դեռևս հայտնաբերված չեն։ Այս մասին ապրիլի 25-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձագանքելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բացատրությանը, թե կատարվում է փորձաքննություն։ «Ես ունեմ լուսանկարներ։ Երիտասարդին ակնհայտ ծնկաչոք վիճակում նստեցրել են խոտին, տաբատը իջեցրել են, թքել են վրան ու խոշտանգել։ Ի՞նչ փորձաքննություն է պետք այս ամենին։ Ի՞նչ անհասկանալի բան կա, որ արդեն մեկ տարի է անցել, բայց Երևանում գործած այս հանցախումբը չի բացահայտվել։ Նրանք գործել են ազատ և բանուկ հատվածում»,- հայտարարեց Թովմասյանը։ 2024-ի ապրիլի 16-ին հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել Սամվել Վարդանյանի և այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։ Վարդանյանը վերջինիս անվանել էր «հակահայ վիժվածք»։ Միջադեպից հետո Վարդանյանը ձերբակալվել էր։ Ավելի ուշ նրա փաստաբանները հայտնել էին, որ Վարդանյանին Քննչական կոմիտեից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս դաժան խոշտանգումների են ենթարկել։ Ըստ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ խոշտանգումը եղել է նախապես կազմակերպված, իսկ հանցագործներին աջակցել են հենց ոստիկանները։ Մինչ օրս խոշտանգող անձինք չեն հայտնաբերվել։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արձագանքեց պատգամավոր հայարարությունը՝ նշելով, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ «Նշանակվել են երեք փորձաքննություններ դեռևս 2024-ի մայիսին, որոնց արդյունքները դեռ չենք ստացել։ Մինչև այդ արդյունքները չստանանք, չենք կարող հիմնվել միայն լուսանկարների վրա, որտեղ, օրինակ, պատկերված է տաբատ՝ ենթադրյալ խոտի հետքերով։ Չենք կարող պնդել, թե այդ հետքերը առաջացել են այն մեխանիզմով, որը նկարագրում է տուժածը»,- ամփոփեց Վարդապետյանը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում։
11:37 - 25 ապրիլի, 2025
Սամվել Վարդանյանը տուգանվել է 750 հազար դրամով՝ 1 տարի առաջ Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած վեճի հետևանքով

Սամվել Վարդանյանը տուգանվել է 750 հազար դրամով՝ 1 տարի առաջ Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած վեճի հետևանքով

Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանքը՝ 750 հազար դրամի չափով։ Նա ազատվել է պատժի կրումից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․ «Այսօր տեղի ունեցան Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» լրացուցիչ դատալսումները՝ նշանակման ենթակա պատժի հարցով։ Դատարանը վճռեց նշանակել պատիժ 750 հազար դրամ տուգանքի ձևով։ Միաժամանակ, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, դատարանը վճռեց Սամվելին ազատել պատժից։ Հիշեցնեմ, որ հիմնական դատալսումների արդյունքում դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։ Մենք համաձայն չենք դատապարտման հետ և պատրաստվում ենք դատավճիռը բողոքարկել։ Հիշեցնեմ նաև, որ ուղիղ 1 տարի առաջ՝ 2024թ. ապրիլի 15-ին Սամվելին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա», - նշված է իրավապաշտպանի գրառման մեջ։Հիշեցնենք, որ 2024 թ․ ապրիլի 15-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ քաղաքացին հանրային տրանսպորտում տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին նրա հետ վեճի է բռնվում։Նշենք նաև, որ ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի քաղաքացին ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ենթարկվել էր դաժան ծեծի։ Թեմային նաև անդարադարձել էր ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոշտանգման դեպքը համարելով «անթույլատրելի»։
19:11 - 14 ապրիլի, 2025
«Ավտոբուսի գործով» մեղադրյալին չհասցրեցին հարցաքննել. դատարանում էր ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը |azatutyun.am|

«Ավտոբուսի գործով» մեղադրյալին չհասցրեցին հարցաքննել. դատարանում էր ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր շարունակվեց իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի գործով դատավարությունը։ Ամբաստանյալը ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդ Սամվել Վարդանյանն է, որը մեղադրվում է խուլիգանության և համացանցում քաղաքական հայացքներով պայմանավորված՝ պատգամավորի նկատմամբ խտրականություն, ատելություն տարածելու համար, նա մեղքը չի ընդունում։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդը մեկ տարվա ընթացքում երկու անգամ վիճել է Ասլանյանի հետ։ Վարդանյանի ու պատգամավորի վերջին հանդիպումը ավտոբուսում այս տարվա ապրիլին էր, երիտասարդն Ասլանյանին «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» էր անվանել։ Տարածված կադրերում երևում է, որ պատգամավորն, ի պատասխան, հարվածում է Վարդանյանին։ Իսկ ուղիղ մեկ տարի առաջ, էլի ապրիլին, Վարդանյանը YouTube-ում հեռարձակվող փոդքասթի հյուրն էր ու պատմել էր, թե ինչպես է փողոցում պատահաբար հանդիպել Հակոբ Ասլանյանին։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է՝ գործում քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն կամ խտրականություն չկա։ Մելիքյանն ասում է՝ Սամվել Վարդանյանը քաղաքական անձ չէ, որպես քաղաքացի իր բողոքն է արտահայտել իշխանության քաղաքականության առնչությամբ, հետևաբար՝ այս, ինչպես նաև խուլիգանության հոդվածը չպետք է վերագրվեին նրան։ Հավելում է՝ Վարդանյանը պարզապես վիրավորական արտահայտություններ էր արել, ինչը հանցակազմ չի պարունակում։ «Այս պահին մեր հստակ դիրքորոշումն է, որ Սամվել Վարդանյանը դուրս չի եկել քաղաքացու կողմից իշխանության ներկայացուցչին քննադատելու՝ այո, թեկուզ կոշտ, այո, թեկուզ կոպիտ քննադատելու չարգելված, չասեմ խրախուսելի, բայց ասեմ չարգելված շրջանակներից», - «Ազատությանն» ասաց փաստաբանը: Վարդանյանը պետք է այսօր հարցաքննվեր, բայց աշխատանքային օրվա ավարտի պատճատով նիստն ընդմիջվեց մինչև դեկտեմբերի 27-ը։ «Ավտոբուսի գործով» տուժած Հակոբ Ասլանյանն այսօր դատարանում էր,բայց հրաժարվեց որևէ հարցի պատասխանել։ Եթե իրավապահներն արագ քննեցին այս գործն ու ուղարկեցին դատարան, ապա Վարդանյանին խոշտանգելու գործն արդեն ութ ամիս է քննում են, դեռևս չկա որևէ մեղադրյալ։ Վարդանյանը ձերբակալվելուց հետո Քննչականի ճանապարհին ծեծի էր ենթարկվել։ Հարուցվել էր քրեական գործ խոշտանգման հոդվածով։ Փաստաբանի կարծիքով՝ սա քաղաքական պատվեր էր մի մարդու հանդեպ, ով համարձակվել էր իշխանական պատգամավորի հետ վեճի բռնվել։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
18:03 - 24 դեկտեմբերի, 2024
«Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հեռացումը շատ տրամաբանական էր, հանրային մարդիկ պետք է բարոյական զսպվածություն ունենան»․ Պապոյան
 |aravot.am|

«Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հեռացումը շատ տրամաբանական էր, հանրային մարդիկ պետք է բարոյական զսպվածություն ունենան»․ Պապոյան |aravot.am|

aravot.am: «Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի՝ ՔՊ-ից հեռացումը շատ տրամաբանական եմ համարում, եւ անթույլատրելի եմ համարում երկրին, պետությանը, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունները, որոնց պաշտոնյան ի պաշտոնե տիրապետում է՝ հրապարակելը»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Հարցին, թե նորմա՞լ էր պատգամավորի հեռախոսի պարունակությունը ՔՊ վարչության նիստում հրապարակելը, Պապոյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ բոլոր քաղաքական գործիչները, հանրային մարդիկ պետք է որոշակի զսպվածություն, այդ թվում բարոյական զսպվածություն պետք է պահեն։ Քաղաքականությունը նաեւ ենթադրում է լրացուցիչ պատասխանատվություն»։
14:04 - 12 դեկտեմբերի, 2024
ՔՊ-ն միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից. Կոնջորյան

ՔՊ-ն միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից. Կոնջորյան

Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով: Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ասլանյանը հայտնել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ԱԺ ՔՊ խմբակցությանը: Ավելի ուշ, Հակոբ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը: Ըստ հրապարակված նկարի՝ Հայրապետյանը Ասլանյանին է ուղարկել տեքստ, որում  նշվում է, որ խմբակցությունից դուրս գալու՝ Ասլանյանի որոշումը եղել է էմոցիոնալ և նա  շարունակելու է մնալ ՔՊ լիարժեք անդամ։ Ավելի ուշ Հակոբ Ասլանյանն այդ նկարը հեռացրել է։  ԲՏԱ նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը անդրադարձել է Ասլանյանի գրառմանը և գրել․ «Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»։
21:22 - 11 դեկտեմբերի, 2024
Հակոբ Ասլանյանը չի կասեցնում ՔՊ-ի հետ համագործակցությունը․ պատգամավորը հրապարակել է իր և Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը

Հակոբ Ասլանյանը չի կասեցնում ՔՊ-ի հետ համագործակցությունը․ պատգամավորը հրապարակել է իր և Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը

ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը: Ըստ հրապարակված նկարի՝ Հայրապետյանը Ասլանյանին է ուղարկել տեքստ, որում  նշվում է, որ խմբակցությունից դուրս գալու՝ Ասլանյանի որոշումը եղել է էմոցիոնալ և նա  շարունակելու է մնալ ՔՊ լիարժեք անդամ։ Ավելի ուշ Հակոբ Ասլանյանն այդ նկարը հեռացրել է։ ԲՏԱ նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը անդրադարձել է Ասլանյանի գրառմանը և գրել․ «Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»։
19:04 - 11 դեկտեմբերի, 2024
Հակոբ Ասլանյանը հեռացվելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից. Արսեն Թորոսյան |armenpress.am|

Հակոբ Ասլանյանը հեռացվելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից. Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկելու է Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Factor TV»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր և կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը։ «Հարցը քննարկելու ենք այսօր խմբակցության նիստին, ու նրան  կհեռացնենք խմբակցությունից»,- ասել է Թորոսյանն՝ անդրադառնալով Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի մասնակցելու խմբակցության նիստերին և սառեցնում է համագործակցությունը խմբակցության հետ։  Հակոբ Ասլանյանը հայտնել էր, որ այդ մեկ ամսվա ընթացքում ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու Հովիկ Աղազարյանը կճշտեն իրենց հարաբերությունները։  Ասլանյանը նշել էր, որ արդար չի համարում կուսակցությունից Հովիկ Աղազարյանին հեռացնելը։ 
17:28 - 11 դեկտեմբերի, 2024
Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում. Արսեն Թորոսյան

Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում. Արսեն Թորոսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը արձագանքել է Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, որ 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ԱԺ ՔՊ խմբակցությանը՝ որպես հիմնավորում նշելով Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: «Այսպես կոչված «անձնականը» մի պահ կողքի դնելով, հետաքրքիր է Հակոբ Ասլանյանը խմբակցության, նախաձեռնողի և այլ փակ նիստերից մի կոնկրետ լրագրողի համակարգված ձևով տեղեկատվության, այդ թվում պետական գաղտնիք պարունակող, արտահոսքեր կազմակերպելը սեփական թիմի նկատմամբ դավաճանություն չի համարու՞մ։ Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Թորոսյանը: Թորոսյանը, նշելով, քանի որ թեման շատ է շահարկվում, ուզում է տեղեկացնել, որ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից իր հեռացման հարցը քննարկելիս ոչ միայն չի հերքել արտահոսքերի այդ համակարգված մեխանիզմի գոյությունը, այլև դրանում որևէ «խնդիր չի տեսել»։ «Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»,- գրել է նա:
13:22 - 11 դեկտեմբերի, 2024
Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ՔՊ խմբակցությանը. պատճառը Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են

Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ՔՊ խմբակցությանը. պատճառը Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ԱԺ ՔՊ խմբակցությանը: Այս մասին նա ասել է Factor.tv-ին տված հարցազրույցում: Նա որպես հիմնավորում նշել է ԱԺ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Հիշեցնենք, որ վերջինս հեռացվել է ՔՊ կուսակցությունից, ըստ կուսակցության պաշտոնական հաղորդագրության, «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»: Այնուհետև Աղազարյանը ինքնակամ դուրս է եկել նաև Աժ ՔՊ խմբակցությունից: Ասլանյանը հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին ինքն էլ «հանգամանքների բերումով» մասնակցել է մի գործընթացի՝ ծանոթացել է մարդու անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների: «Ցանկացած այլ դեպքում ես դա չէի անի, բայց քանի որ խոսքը վերաբերում էր իմ ընկերոջը՝ Հովիկ Աղազարյանին, ես ստիպված էի դա անել իմ ներքին համոզմունքը ամրապնդելու համար: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այնտեղ չգտա որևէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»,- ընդգծեց պատգամավորը: Ապա նա պատմեց, որ շաբաթ օրը տեղի է ունեցել մի հանդիպում, իր խոսքով, ՔՊ բարձրաստիճան պաշտոնյայի, իրավական համակարգի ներկայացուցչի, Հովիկ Աղազարյանի, նրա երեք որդիների և իր մասնակցությամբ. «Աղազարյանը բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ իր որդիներին հնարավորություն տան ծանոթանալ այն նյութերին, որոնք ներկայացվել են խմբակցությանը, և եթե ինքը չկարողանա բավարար բացատրություն տալ, ապա վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը: Դա տեղի չունեցավ: Աղազարյանի որդիներից մեկն ասաց, որ իրենց, ըստ էության, ծանոթ է հեռախոսի պարունակությունը, և որևէ հիմք չունեն դիմել իրենց հորը՝ մադատից հրաժարվելու խնդրանքով»: Հակոբ Ասլանյանը հայտարարության վերջում «խնդրանքով» դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին. «Ձևավորել խմբակցության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ: Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ փոխել իմ կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»: Ճշտող հարցին՝ դուրս կգա՞ խմբակցությունից, Հակոբ Ասլանյանը դրական պատասխանեց: Ըստ Ասլանյանի՝ նամակագրությունների մեջ չկան տողեր, որ կարելի լինի պետական դավաճանության կետի տակ դնել:  ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, նաև կուսակցական, քաղաքական, ներքին տեղեկությունների արտահոսքեր է կազմակերպել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար: Լրագրողի հարցին, որ մեղադրո՞ւմ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ որոշում կայացնելու համար, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Չեմ մեղադրում վարչապետին, գուցե նրան սխալ են ներկայացրել, գուցե թյուրիմացության մեջ են գցել: Շատ լավ գիտենք՝ կան մարդիկ, որոնք վարչապետի մոտ լավը երևալու համար ինչ ասես կարող են ներկայացնել, բայց այն, որ վարչապետին այնպես չեն ներկայացրել, որ վարչապետն իրական պատկերացում ունենա, ես կարծես թե համոզված եմ դրանում»: Ըստ պատգամավորի՝ ՔՊ-ում կան մարդիկ, որ իր նման են մտածում, բայց չունեն համարձակություն խոսելու սրա մասին. «Մարդիկ կան՝ կոտրված են, անտրամադիր են, կողմ են, որ արդար լինի ամեն ինչ, բայց ձայն չեն հանում»:
12:45 - 11 դեկտեմբերի, 2024
ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի վիճաբանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի վիճաբանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից ԱԺ պատգամավոր Հ.Ասլանյանին վիրավորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին ասվում է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ «Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ: Մասնավորապես, քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի հիշյալ բնակիչը, հասարակական տրանսպորտում թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել երկրի ղեկավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին՝ հրահրելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք: Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ.Ասլանյանին, տեսագրելով, այնուհետև համացանցում տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը, այն ուղղել է դեպի Հ.Ասլանյանը և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անպարկեշտ արտահայտություններով ստորացնելով վերջինիս, ինչպես նաև համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով և անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները, խախտել է այդ անձանց անդորրը և շարունակել վիճաբանությունը նաև իրեն դիտողություն արած անձանց հետ՝ արդարացնելով իր գործողությունները: Ստեղծված իրավիճակի պատճառով երթուղային ավտոբուսի վարորդը ստիպված դադարեցրել է երթևեկությունը և պահանջել, որպեսզի վիճաբանողները դուրս գան երթուղայինից:  Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դեռևս 2023թ. ապրիլին Ս.Վ.-ն, համացանցի տարբեր հարթակներում ուղիղ եթերով հեռարձակված հաղորդման ժամանակ, պատմել է, որ մի օր պատահաբար հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ.Ասլանյանին, ում նկատմամբ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, որից հետո իրենց միջև սկսվել է խոսակցություն: Այնուհետև, երբ Հ.Ասլանյանը բարձրացել է երթուղային ավտոբուս, ինքը երթուղային ավտոբուսի մեջ գտնվող անձանց բարձրաձայն ասել է, որ նշված անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հ.Ասլանյանն է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված թիրախավորելով վերջինիս:  Նկատի ունենալով, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ՝ խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցությամբ 7 000 000 դրամի չափով գրավի:  Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին»,- նշված է քննաչական կոմիտեի հաղորդագրությունում:
16:32 - 17 մայիսի, 2024
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։ ՔԿ-ից հայտնում են, որ նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտանգում պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ս․ Վարդանյանը ճանաչվել է տուժող։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:25 - 18 ապրիլի, 2024