«Դիմադրություն» շարժում

«Դիմադրությունն» ընդդիմադիր ուժերի շարժում է։ Շարժումը սկսվել է 2022-ի գարնանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Բողոքի ակցիաները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն շարժումը դեռ հանրահավաքներ է կազմակերպում և մտադիր է աշնանը վերսկսել ակցիաների անցկացումը։

Այս պատասխանատու օրը ես հայտարարում եմ, որ Արցախը Հայաստան է և վերջ․ Իշխան Սաղաթելյան

Այս պատասխանատու օրը ես հայտարարում եմ, որ Արցախը Հայաստան է և վերջ․ Իշխան Սաղաթելյան

Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման նախաձեռնած հանրահավաքը:  Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով  նշեց, որ վաղվանից սկսելու են խորհրդակցություններ ՀՀ բոլոր քաղաքական ուժերի, փորձագետների ու մասնագետների, բոլոր կարող մարդկանց  հետ։ «Մենք պետք է ներկայացնենք մեր ռազմավարությունը՝ բոլոր ոլորտենրում, որպեսզի մարդիկ իմանան, որ կա հնարավորություն»,- ասաց Սաղաթելյանը։   Սաղաթելյանը շնորհավորեց Արցախի անկախության օրվա կապակցությամբ ու անդրադարձավ Արցախին առնչվող իրենց պահանջներին, պատգամավորը նշեց․ « Այս պատասխանատու օրը ես հայտարարում եմ, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Արցախը հայ ժողովրդի համար գոյաբանական խնդիր է։ Կա երեք սկզբունքային պահանջ՝ պետք է բացառվի որևէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։ Պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը։ Պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը»։   Սաղաթելյանի խոսքով իրենք ունեն հստակ օրակարգ՝ վարչապետի պաշտոնանկության հարցը, որ կիրականացնեն մաքսիմալ շուտ, բայց ճիշտ ժամանակին։  Ազգային ժողովի աշխատանքների մեկանրկից հետո ընդդիմությունը կնախաձեռնի վարչապետին պաշտոնանկ անելու գործընթացը, որի համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն։     
21:19 - 02 սեպտեմբերի, 2022
Հայկական երկու պետությունների շահերը պաշտպանող միակ հարթակը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակը. Իշխան Սաղաթելյան

Հայկական երկու պետությունների շահերը պաշտպանող միակ հարթակը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակը. Իշխան Սաղաթելյան

Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո մենք կրկին տեսանք, որ Հայաստանն ու Արցախը միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանող որևէ ներկայացուցիչ չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դիմադրություն» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Ադրբեջանի նախագահ Ալիևն այդ հանդիպմանը ներկայացել էր սեփական օրակարգով ու, ըստ էության, լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Իսկ Նիկոլը, փաստորեն ընդունելով թշնամու հերթական թելադրանքները, շարունակում է բարբաջել այսպես կոչված խաղաղության օրակարգրի մասին։ Սիրելի հայրենակիցներ, արձանագրելով այս ամենը, մենք պետք է հստակ գիտակցենք, որ հայկական երկու պետությունների ու մեր ժողովրդի շահերը պաշտպանող միակ հարթակը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակը։ Առավել քան երբևէ մեր ժառանգությանը տեր կանգնելու գործը դառնում է մեր ազգի պարտականությունը։ Սեպտեմբերի 2-ին պետք է լինել Ֆրանսիայի հրապարակում՝ աշխարհին, թշնամիներին, Հայաստանում իշխանություն զբաղեցնող նրանց դաշնակիցներին ցույց տալու, որ հայ ազգը չի լքել Արցախը և որ հայ ազգը տեր է իր Հայրենիքին։ Արցախյան առաջին պատերազմը հաղթած հերոսոսների սերունդները դեռևս ապրում են մեր հայրենիքում և պատրաստվում շենացնել այն։ Մեզանից յուրաքանչյուրի պարտքն ու պատիվն է պաշտպանել մեր ազգային շահը, Հայաստանն ու Արցախը։ Ուստի կհանդիպենք վաղը, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում»,- գրել է նա:
14:08 - 01 սեպտեմբերի, 2022
Վարչապետի թեկնածուն որոշվելու է ոչ թե կուսակցական գրասենյակներում, այլ ժողովորդի մասնակցությամբ. այս խնդիրը մեր առջև դրված է. Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Վարչապետի թեկնածուն որոշվելու է ոչ թե կուսակցական գրասենյակներում, այլ ժողովորդի մասնակցությամբ. այս խնդիրը մեր առջև դրված է. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օգոստոսի 22–ին, «Երկիր մեդիա», «5-րդ ալիք» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, անդրադառնալով բազմաթիվ հարցերի, ասել է՝ «Դիմադրություն» շարժումը խախտել է երկիրը հանձնելու ժամանակացույցը. այն աղետը, որն այս օրերին ունենք, դա նախատեսված էր ավելի շուտ, ու ավելի մեծ ծավալով, այս իմաստով, ըստ Սաղաթելյանի, ակնհայտ է «Դիմադրություն» շարժման ձեռքբերումները:Նա նաև շեշտել է, որ իրենք առայժմ չեն հասել գլխավոր նպատակին՝ օրվա իշխանությունների հեռացմանը, աղետների կանխմանը:«Բայց վստահ եմ՝ մեր բացթողումները գնահատելով և ճիշտ եզրահանգումներ անելով, հնարավոր է հասնել այս իշխանությունների հեռացմանը, կարևորն այս պահին չհուսահատվելն ու չնահանջելն է։ Իսկ ինչ վերաբերում է այն քննադատություններին,  թե շոգին կամ ձմռանը պայքար չենք մղում, ապա նշեմ, որ նույնիսկ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ ձմռանը վրանները խփած էր, իսկ Նոր տարին էլ Հրապարակում էինք դիմավորել»,- շեշտել է Սաղաթելյանը։Այնուհետև նա առանձնացրել է շարժման ամենամեծ և կարևոր բացթողումները․«Պետք է արձանագրենք, որ մենք մեր երկրին սպառնացող վտանգները դեռ չենք կարողացել ամբողջությամբ հասցնել մեր ազգաբնակչությանը։ Այսինքն, Նիկոլի մեջտեղ բերած կեղծ, շինծու խաղաղության օրակարգը, որն իրականում նոր քաոսի, կապիտուլյացիայի, նոր պատերազմի օրակարգ է, մարդկանց մոտ ավելի գրավիչ եղավ, քան մեր ներկայացրած պայքարի օրակարգը։ Երկրորդը՝ մեր պայքարը հանուն Արցախի, դիտարկվեց որպես պայքար հանուն իշխանության, պայքար հանուն նախկինների վերադարձի, ըստ էության դա մեր բացթողումն է եղել․․․ՀՀ իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցաբար միջազգային հանրությանը մեր շարժումը, մեր պայքարը ներկայացնում է իբրև ռևանշիստներին պայքար և իմ վերջին եվրոպական այցելությունը դրա վառ ապացույցն է, որ շատ սխալ միջազգային ընկալում կա նաև մեր շարժման նկատամամբ։ Եվ ամենավերջինը՝ մենք չենք կարողեցել մեր շարժման մասնակիցներին, մեր պես մտածողներին, համակիրներին դարձնել ամենօրյա պայքարի մասնակից»։Խոսելով այն մասին, թե ինչ արդյունքներ է տվել «Դիմադրության» շարժումը, Սաղաթելյանն ասել է, որ ամենակարևորը դրա վառ գնահատականը և ապացույցը միջազգային արձագանքն է։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը երեք անգամ անդրադարձել է «Դիմադրության» շարժմանը տարբեր հարցազրույցներով և հայտարարություններով և ՀՀ ընդդիմության գործունեությանը հիմնականում այս կոնտեքստում, որ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, ովքեր խանգարում են Նիկոլ Փաշինյանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատել, այսինքն այս կեղծ օրակարգով Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկելուն։Հարցին, թե պայքարի հաջորդ փուլում կներկայացվի՞ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի անունը, Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է, որ եթե ընդդիմությունը խորհրդարանի միջոցով գնա իմպիչմենտի ճանապարհով, ապա, օրենքի պահանջի համաձայն, պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուին։«Թեկնածուն որոշվելու է ոչ թե կուսակցական գրասենյակներում, այլ ժողովորդի մասնակցությամբ։  Մենք այդ հարցից չենք խուսափում, բայց  այս օրերին մեկը փրկիչ է ման գալիս, մյուսը՝ առաջնորդ, էն մյուսն էլ՝ ձիու վրա նստած հերոս, որը  կգա ու ստեղծված իրավիճակից երկիրը դուրս կբերի, բայց ես վստահեցնում եմ, որ փրկիչներ չկան, պայքարի պատրաստ մեր հայրենակիցները պետք է  գտնեն այն ուժերին, որոնք գնալու են մինչև վերջ, որոնք անձնազոհ պատրաստ են պայքարել հանուն հայրենիքի, համախմբումը պետք է լինի հայրենիքի շուրջ։ Կա՞ անհրաժեշտություն թեկնածու մեջտեղ բերելու, այո՛, այս խնդիրը մեր առջև դրված է»,- ասել է նա։Շարունակությունը՝ tert.am-ում
09:36 - 23 օգոստոսի, 2022
Ընդդիմության հավաքներին տեղի ունեցած անկարգությունների դեպքով ևս մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Ընդդիմության հավաքներին տեղի ունեցած անկարգությունների դեպքով ևս մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Քաղաքական ընդդիմության նախաձեռնությամբ անցկացված հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2022թ. մայիսի 30-ին «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքի ժամանակ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, խուլիգանության և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ անկարգություններին մասնակից անձանցից 9-ի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ: Քննությամբ պարզվել է նաև, որ Արարատի մարզի՝ 35-ամյա բնակիչը, մասնակցելով զանգվածային անկարգություններին, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, չենթարկվելով և հակադրվելով ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյել է ոստիկաններին և բռունցքներով հարվածներ հասցնելով՝ բռնություն գործադրել նրանցից մեկի նկատմամբ, և միայն ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում է հնարավոր եղել կասեցնել ու խափանել հիշյալ բնակչի ու զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հակաիրավական գործողությունները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասը քրեական վարույթից անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և իրավասու դատարանին հանձնելու միջնորդությամբ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը «Դիմադրություն» շարժման նախաձեռնությամբ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպվել էր հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ և ուղղորդմամբ մասնակիցները գնացել էին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենք: Նույն օրը՝ ժամը 11:30-12:00-ի սահմաններում, ընդդիմադիր պատգամավորները ցանկացել էին մուտք գործել մասնաշենք, սակայն հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներից տեղեկացել էին, որ նախարարները տվյալ պահին չեն կարող ընդունել նրանց: Այնուհետև, հավաքի մասնակիցներից մի քանիսը, զանգվածային անկարգությունները կազմակերպած, գործով դեռևս ինքնությունները չպարզված անձանց դրդմամբ և ուղղորդմամբ, շարժվել էին դեպի նշված մասնաշենքի մուտքի առջև ծառայություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշի ուղղությամբ և չենթարկվելով ու հակադրվելով նախարարությունների շենք մուտք չգործելու, տարածքն ազատելու՝ ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սպառնալով հասարակական անվտանգությանը՝ բռնություն էին գործադրել ոստիկանների նկատմամբ, ճեղքել պատնեշը, կոտրել էին մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք էին գործել մասնաշենքի նախասրահ, ինչպես նաև՝ վնասել հարակից տարածքում կայանված ավտոմեքենաները: Հավելենք, որ երկու մեղադրյալի մասով ևս ավարտվել է նախաքննությունը, իսկ մյուս մեղադրյալների, ինչպես նաև՝ դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։
20:23 - 12 օգոստոսի, 2022
Հայտնաբերվել է «Դիմադրություն» շարժման հավաքի ընթացքում ոստիկանների ուղղությամբ քար ու շիշ նետած քաղաքացին. ՔԿ

Հայտնաբերվել է «Դիմադրություն» շարժման հավաքի ընթացքում ոստիկանների ուղղությամբ քար ու շիշ նետած քաղաքացին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքի ընթացքում 2022թ. հունիսի 3-ին Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի ուղղությամբ դեպի ՀՀ Ազգային ժողով անցնելու համար, հավաքի մասնակիցները, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, չենթարկվելով հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին՝ փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, քարերով, մետաղյա ձողերով, մուրճով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցրել վերջիններիս. արդյունքում՝ ոստիկանական շղթան ճեղքելու փորձերը հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգությունների վերածվելու և դրա հետևանքով չորս տասնյակից ավել ոստիկանության աշխատակիցներին ծանրության տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ պատճառվելու դեպքի առթիվ նույն օրը հարուցվել էր համապատասխան քրեական գործը: Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 17 անձանց առաջադրվել են մեղադրանքներ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված անձանցից երեքի՝ Գ.Կարապետյանի, Ռ.Աբրահամյանի և Ա.Խաչատրյանի մասով նախաքննությունը 2022 թվականի հուլիսի 14-ին ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2022 թվականի հունիսի 7-ին որոշում է կայացվել քաղաքացի Գ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է 2022թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին) որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու՝ անհնազանդության և ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրացնելու վերաբերյալ՝ երթը համակարգողների հրապարակային կոչերից հետո ոստիկանության աշխատակիցներին սադրելու և զանգվածային անկարգություններ հրահրելու միտումով՝ պատնեշ կազմած ոստիկանների սաղավարտներին ձեռքերով հարվածելու, ոստիկանության աշխատակիցների կանխարգելիչ գործողություններին բացահայտ հակադրվելու, վերջիններիս օրինական պահանջներին չենթարկվելով՝ իր ձեռքում գտնվող քարը և շիշը ոստիկանների ուղղությամբ նետելու համար: Քննությունից թաքնվելու հիմքով մեղադրյալ Գ.Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել կալանավորումը: 2022 թվականի հուլիսի 29-ին Գ.Սարգսյանը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Մեղադրյալ Գ.Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքի հարցը վերստին քննարկելու համար միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:00 - 01 օգոստոսի, 2022
Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց՝ իր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց՝ իր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց՝ իր օրակարգով: Այս հարցում դիրքորոշման փոփոխություն չկա։ Այս մասին հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Ըստ նրա՝ իշխանական պատգամավորների օրակարգը ընդհանրապես չի սպասարկում հայ ժողովրդի շահը, իսկ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները բոյկոտվել են։ «Երկրում կա խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթե հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմությանը զրկել մանդատներից, երկրում կլինի նաև լիարժեք սահմանադրական ճգնաժամ»,- ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով նաև, որ ընդդիմության հետ շանտաժի լեզվով չեն կարող խոսել, իրենք ուսանող չեն, որ բացակայությունների պատճառով կարողանան հեռացնել։ Նա խորհրդարանական աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում․ շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս «Դիմադրություն» շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։
15:12 - 22 հուլիսի, 2022
«Դիմադրություն» շարժման հուլիսի 21-ի հանրահավաքը 1 շաբաթով հետաձգվում է՝ սպասվող աննախադեպ շոգ եղանակի պատճառով

«Դիմադրություն» շարժման հուլիսի 21-ի հանրահավաքը 1 շաբաթով հետաձգվում է՝ սպասվող աննախադեպ շոգ եղանակի պատճառով

Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Սիրելի հայրենակիցներ, Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը: Մենք քննարկել ենք այդ առաջարկը եւ որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին: Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում  քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։ Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում։ Աստծով, ոգով, մինչև վերջ»,- նշել է Սաղաթելյանը։
13:39 - 19 հուլիսի, 2022
Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին

 |news.am|

Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին |news.am|

news.am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմել է դատարան՝  ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից: Պատճառն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելն է, որը ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով համարվում է վարչական իրավախախտում, որն առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: Սաղաթելյանը հայտնեց, որ ինքն այս գործով դեռ ծանուցում չի ստացել եւ տեղյակ չի, թե որ հանրահավաքի մասին է խոսքը։ Նրա խոսքով այս  հանգամանքը բացարձակ չի ազդելու իրենց մարտավարության վրա, իրենք  կշարունակեն հանրահավաքներ անցկացնել․ «Որ օրը որ հրապարակում, ինչ ժամի որ պետք լինի եւ հանրահավաք ենք անելու, եւ անհնազանդության ակցիաներ»:  
16:53 - 16 հուլիսի, 2022
Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ խորհրդարան կվերադառնա բացառապես սեփական օրակարգով

 |armenpress.am|

Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ խորհրդարան կվերադառնա բացառապես սեփական օրակարգով |armenpress.am|

armenpress.am: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ընդգծում է, որ ընդդիմությունը խորհրդարան կվերդառնա բացառապես իր օրակարգով: Սաղաթելյանի խոսքով՝ «Դիմադրություն» շարժման օրակարգը փողոցում է: «Խորհրդարան կվերադառնանք բացառապես մեր օրակարգով: Դա կլինի պաշտոնանկության գործընթաց կամ կլինի խորհրդարան մեր տարած գործընթացը, ինչպես արել էինք հունիսի 3-ին:  Այլ պարագայում մենք չենք պատկերացնում մեր գործունեությունը խորհրդարանում: Մեր ընտրողների ցանկությունն այն չէ, որ գնանք խորհրդարան, զբաղվենք երկրորդական գործերով»,-  հուլիսի 11-ին կայացած ասուլիսի ընթացքում նշեց Իշխան Սաղաթելյանը: Պատասխանելով մանդատներից հրաժարվելու մասին հարցին՝ Սաղաթելյանն ասաց, որ ամենահեշտ ճանապարհը մանդատներից հրաժարվելն է: «Այդ մանդատները մեզ համար կարևոր չեն: Դրանք ծառայելու են մեր ժողովրդին: Եթե կգա մի պահ, որ դրանից հրաժարվելու պահանջ տեսնենք, մենք կքննարկենք, բայց դրանցից հրաժարվելով՝ որևէ արդյունավետություն շարժումը չի ունենալու»,-ասաց նա: Սաղաթելյանը նշեց, որ գրեթե բոլոր մարզերում ձևավորվել են շարժման խորհուրդներ: «Հանրահավաքները իրականացվում են շաբաթը մեկ անգամ, մնացած բոլոր օրերին մենք կազմակերպչական աշխատանքներ ենք իրականացնում, որը այսօր ձեզ համար տեսանելի չէ: Մենք մարզերում ձևավորում ենք այդ խորհուրդները, որպեսզի շարժումն ընդգրկի նաև մարզերը»,-նշեց նա:    
14:31 - 11 հուլիսի, 2022
Առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ. պաշտպանական խմբի հայտարարությունը

Առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ. պաշտպանական խմբի հայտարարությունը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող «Արար» հիմնադրամի նախագահ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ առկա են նրա անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ։ Ստորեւ՝ հայտարարության տեքստն առանց խմբագրման։ Ս.թ․հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ։ Հաղորդագրությամբ նշվել է, որ Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ են ձեռք բերվել։ Այդ առիթով Չալաբյանի պաշտպանական խումբն այսօր հաղոդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Նախաքննության ավարտով պայմանավորված պաշտպանական թիմը ծանոթացել է գործի նյութերին և ներկայացրել մի շարք միջնորդություններ։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո, ինչպես և ակնկալվում էր, պարզ դարձավ, որ ոչ միայն չկան Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող ապացույցներ, այլ ճիշտ հակառակը՝ առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք հրապարակային դատաքննության արդյունքում կհանրայնացվեն և կդառնան անպատասխան մնացած բոլոր հարցերի ամբողջական պատասխանները։ Միաժամանակ հայտնում ենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելուց և դատարան ուղարկելուց հետո հանդես կգանք մամուլի ասուլիսով, որում արդեն հանգամանալից կներկայացնենք գործի բոլոր մանրամասներն ու նախաքննությամբ ձեռք բերված այսպես կոչված «բավարար» ապացույցների սնանկությունը»,-նշված է հաղորդագրությունում:
14:04 - 07 հուլիսի, 2022
Ավարտվել է հավաքի մասնակցի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է հավաքի մասնակցի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակցի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքում կազմակերպված հավաքի մասնակիցը 2022թ. մայիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հավաքի մասնակիցներին ներկայացված օրինական պահանջներին՝ փորձել էր ճեղքել նշված վայրում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից կազմված «Կենդանի պատը»:Ավելին, հիշյալ մասնակիցը, շարունակելով իր հակաօրինական վարքագիծը, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյել էր նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանին, հնչեցրել էր սադրիչ արտահայտություններ, իջեցրել էր նրա ձեռքի վահանը և ուժգին հարվածել սաղավարտին:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հավաքի մասնակցին մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նախաքննությունն ավարտել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:26 - 07 հուլիսի, 2022
Ընդդիմությունը բողոքի ակցիայով է նշում Սահմանադրության օրը
 |azatutyun.am|

Ընդդիմությունը բողոքի ակցիայով է նշում Սահմանադրության օրը |azatutyun.am|

azatutyun.am: Երևանում այսօր «Ի պաշտպանություն Հայաստանի Սահմանադրության» բողոքի երթ անցկացրին «Դիմադրություն» շարժման մասնակիցները։ Երթի մասնակիցները շղթայված Սահմանդրությունը տարան բարձր դատարանի մոտ՝ այնտեղ թողնելով նաև բազմաթիվ գրիչներ, որոնք, ինչպես իրենք հայտարարեցին, ոտնահարված Սահմանադրության խորհրդանիշն են։ Ընդդիմադիրները պարզել էին «Քաղբանտարկյալների երկիր Հայաստան» և այլ գրություններով պաստառներ։ Պատգամավոր Արամ Վարդևանյանը («Հայաստան») իր ելույթում պնդեց, որ վերջին տարիներին բարեփոխման անվան տակ Սահմանադրական դատարանի դեմ քայլեր են արվել. - «Մենք ունենք մի իրականություն, որտեղ օրվա իշխանությունները, որ այսօր իբր ժողովրդից, մեզանից պաշտպանում են Սահմանադրական դատարանը ոստիկանական ուժերով, էկել-շրջափակել էին էս դատարանը։ Հենց իրե'նք։ Պատկերացնո՞ւմ եք, օրվա իշխանությունը գա, շրջափակի Սահմանադրական դատարանը։ Որ դատավորները մուտք չգործեն։ Էդ օրվանից արդեն ջրբաժան ա էղել Սահմանադրության ու իշխանության միջև։ Սահմանադրությունը էս իրավիճակում, էս իրականությունում պաշտպանելը լինելու ա միայն պայքարի միջոցով։ Միա'յն պայքարի միջոցով։ Դրա համար բռունցքներս բա'րձր... Պայքա'ր, պայքա'ր»։ Ապա երթի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը («Հայաստան») հայտարարեց, որ նախագահ Վահագն Խաչատրյանը ոչ թե Սահմանադրության, այլ այս իշխանությունների պաշտպանն է. - «Նրա միակ առաքելությունը լռելն է։ Ուրիշ բան չունի անելու։ Եվ բացառապես պահելու ՔՊ խմբակի շահերը։ Առհասարակ պառլամենտական երկրում ինստիտուտը նախագահական անարգվել է»։   Լուսանկարը՝ Photolure-ի
15:04 - 05 հուլիսի, 2022
«Դիմադրություն» շարժումը Ազգային ժողովից երթով կշարժվի ԵՄ գրասենյակ

«Դիմադրություն» շարժումը Ազգային ժողովից երթով կշարժվի ԵՄ գրասենյակ

 «Դիմադրություն» շարժման մասնակիցները ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի մոտ: Շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ակցիայից հետո մասնակիցները շարժվելու են Եվրամիության գրասենյակ: «Հուլիսի 5-ի համար ևս որոշակի գործողություն է մշակված»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա հավաքը ևս պահանջված էր գաղափարակիցների շրջանում: Արամ Վարդևանյանի խոսքով՝ վերջին օրերին դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունները` մասնավորապես Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում Ջհանգիրյանի թողած ժառանգության վերացում, իսկ  ԵՄ-ն այդտեղ խնդիր չի տեսնում: «Մենք մինչև հիմա ռազմագերիներ ունենք Ադրբեջանում, ԵՄ-ն չունի՞ այդտեղ անելիքներ: Ես չեմ տեսել, որ ԵՄ-ն ասի Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ: Ցանկացած գործողություն, խոսք, որը հնչեցվում է հանրայնորեն, ոչ միայն արձանագրվում է Երևանում, այլև Բրյուսելում»,-ասաց Վարդևանյանը: Անդրադառնալով խմբակցության  ներսում մանդատներ վայր դնելու հարցին՝ Վարդևանյանն ասաց, որ  մանդատը պետք է ծառայեցվի կորևորագույն օրակարգերին` օրինակ վարչապետի ընտրությանը: «Մենք խնդիր չունենք մանդատ վայր դնելու, եթե իմանանք, որ դրանով ինչ որ հավելյալ արժեք կստեղծվի»,-ասաց նա: Նշենք, որ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը շարժումը երթ է  նախատեսում  ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների։ Հուլիսի 8-ին` ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։
11:18 - 04 հուլիսի, 2022
«Բոլորը նվիրում ենք իրենց», ըստ Սաղաթելյանի, ընդդիմությունն ԱԺ-ում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից
 |azatutyun.am|

«Բոլորը նվիրում ենք իրենց», ըստ Սաղաթելյանի, ընդդիմությունն ԱԺ-ում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով․ - «Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։ Սաղաթելյանն ասաց․ - «Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆիակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչապական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները։ Բոլորը նվիրում ենք նիրենց, թող գնան անեն ինչ ուզում են»։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովը այսօր գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
12:43 - 01 հուլիսի, 2022
Ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար. Սեւակ Նազարյան
 |news.am|

Ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար. Սեւակ Նազարյան |news.am|

news.am: Այս իշխանությունների գործունեության մեջ կարմիր թելով գնում է պետության համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներին զուգահեռ կեղծ օրակարգեր ստեղծելը եւ դրա շնորհիվ իրենց ընտրազանգվածի մնացորդներին բավարարելը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Դիմադրության» շարժման անդամ, ՀՅԴ-ական Սևակ Նազարյանը։ Նրա խոսքով, այս իշխանության նպատակն է բնազդային մակարդակում գոհ եւ ուրախ պահել մեր այն հայրենակիցներին, որոնք ատելությունից կուրացած չեն ուզում խոստովանել ու տեսնել, որ այս իշխանությունների գործունեությունը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն. «Այսօր էլ փորձ է կատարվում Բերձորի, Աղավնոյի հանձնման պրոցեսին զուգընթաց ԱԺ-ում կեղծ օրակարգ բերել և ընդդիմադիր պատգամավորներին, որոնք ընդդիմությանը բաժին հասնող խորհրդարանական պաշտոններ են զբաղեցնում, փորձեն հեռացնել այդ պաշտոններից՝  դրանով իսկ հրճվանք մատուցելով իրենց կուսակցությանը և այն մարդկանց, որոնք ապրում են նայելով միայն, թե այս իշխանությունն ընդդիմադիրներին ինչ ճնշումների է փորձում ենթարկել։ Այս ամենի մեջ զավեշտն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար»,- հայտարարեց  Նազարյանը։ Նա նշեց, որ  այն 270 հազար քաղաքացիները, որոնք ընդդիմության ձայն են տվել այս իշխանությանը հեռացնելու համար, իրենք կարող են գնատական տալ՝ այս ընդդիմությունը բավարարում է իրենց, թե ոչ, հակառակ պարագայում այս իշխանությանը և իրենց հետևող մեր հայրենակիցներն իրավունք չունեն ընդդիմության գործունեությանը գնահատականներ տալ։ Սեւակ Նազարյանը հիշեցրեց, որ ընդդիմությունն Արցախի, հայ-թուրքական, Շուշիի հռչակագրի հարցով  արտահերթ նիստեր էր հրավիրել, սակայն իշխող խմբակցությունը չէր մասնակցել. «Հիմա երկիրն այս վիճակում են, իսկ այդ մարդիկ որոշել են, որ ամենակարևոր օրակարգն ընդդիմադիրներին պաշտոններից հանելն է։ Ձեզ լինի այդ պաշտոնները, իսկ մենք մեր հայրենիքի տերն ենք, ոչ թե այդ պաշտոնների»,- ասաց Ս. Նազարյանը։ «Մեր երկրի օրակարգը հայկական Բերձոր քաղաքի ու հարակից գյուղերի ճակատագիրն է, որովհետև այդ ճանապարհից է նաև կախված Հայաստանի ու հայության ճակատագիրը։ Որպես խորհրդանիշ հայկական Բերձորի նկարները թողնում ենք խորհրդարանի մոտ՝ ևս մեկանգամ  արձանագրելով, որ սա Հայաստանի և հայության այսօրվա առաջնային օրակարգն է»,- ընդգծեց նա: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր ժամը 11:00-ին  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է  գումարել, օրակարգում են Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցերը:
12:41 - 01 հուլիսի, 2022