Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՀՀ-ում հանքարդյունահանող ընկերություն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: Սովորաբար հայտնի է որպես «ZCMC», շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր։

Առաջին երկրաբանական հետազոտությունները Քաջարանում կատարվել են 1880-ական թվականներին և շարունակվել մինչև 1931 թվականը, երբ սկսվել է տարածքում լայնածավալ հորատման ծրագրերի իրականացումը: Իր առաջին արտադրանքը կոմբինատը թողարկել է 1951 թ․ Ընկերությունը հիմնվել է որպես պետական ձեռնարկություն` 1951 թվականին: 2004 թ․ ԶՊՄԿ-ը մասնավորեցվել է և նրա   սեփականատերերն են`

«ՔՐՈՆԻՄԵՏ մայնինգ» ՍՊԸ-ն` 60% բաժնեմասով,
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ –ն` 15% բաժնեմասով,
«Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով,
«Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով:

 

«ԶՊՄԿ-ն որդեգրել է վախի, հետապնդումների քաղաքականություն»,- ասում է կոմբինատի նախկին աշխատողը
 |hetq.am|

«ԶՊՄԿ-ն որդեգրել է վախի, հետապնդումների քաղաքականություն»,- ասում է կոմբինատի նախկին աշխատողը |hetq.am|

hetq.am: Հունվարի 31-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) մի քանի հարյուր աշխատակիցներ գործադուլ էին սկսել՝ վերադասից պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ սոցիալական արդարության հաստատում։ Փետրվարի 10-ին որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո հայտարարվել էր գործադուլի ավարտի մասին: Այդուհանդերձ, ԶՊՄԿ-ն աշխատանքից ազատել էր գործադուլին մասնակցած 8 հոգու:  Ավելի ուշ այս անձինք դիմել են դատարան՝ աշխատանքում վերականգնվելու համար։ Նրանց հայցերն ընդդեմ ԶՊՄԿ-ի քննվում են առանձին-առանձին: Աշխատանքից ազատված աշխատակիցներն են Կարեն Արշակյանը, Տիգրան Աթայանը, Շավարշ Մարգարյանը, Վահե Մխիթարյանը, Կարեն Անդրեասյանը, Գոռ Բաբաջանյանը, Արթուր Բաբաջանյանը եւ Վահե Բաբաջանյանը (վերջին երեքը եղբայրներ են): Բոլորն էլ աշխատանքից ազատվել են ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի՝ փետրվարի 7-ի հրամաններով: Բոլոր հայցվորները պահանջը նույնն է՝ նախկին աշխատանքում վերականգել, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում նաեւ աշխատանքի չվերականգնելու դիմաց հատուցում բռնագանձել: Հայցերը քննում են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռոմեն Ահարոնյանը (3 հայց), Գուրգեն Քոթանջյանը (2 հայց), Անահիտ Թումանյանը (3 հայց)։   Բոլոր գործերով առայժմ նախնական դատական նիստեր են ընթանում: Գործադուլի մասնակցած եւ կոմբինատի դեմ դատական հայց ներկայացրած Վահե Մխիթարյանի գործը քննում է դատավոր Ա. Թումանյանը: Մայիսի 29-ին կայացած նախնական դատական նիստին Մխիթարյանը չի մասնակցել, բայց ասում է, որ տեղյակ է դրա ընթացքից։ Նրա եւ Թումանյանի վարույթում գտնվող մյուս երկու գործերի շրջանակներում դատավորը բավարարել է փաստական հիմքերի հստակեցման միջնորդությունները: «ԶՊՄԿ-ի ներկայացուցիչները դատարանի դահլիճում չարախնդում էին, թե մարդիկ չեն կարող ապացուցել, որ գործադուլը եղել է օրինական»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասում է Վահե Մխիթարյանը։ Շաբաթներ առաջ, ըստ Մխիթարյանի, ԶՊՄԿ-ից հաշտության առաջարկ է եղել իրենց։ «Մինչ այս մենք ստացել ենք նաեւ հաշտություն կնքելու առաջարկ։ Դա ենթադրում էր 12 ամսվա աշխատավարձ, որի դիմաց պետք է հետ վերցնեինք մեր դատական հայցերը։ Մենք մերժել ենք, քանի որ աշխատողների իրավունքները չեն վաճառվում»,- ասում է ԶՊՄԿ–ի նախկին աշխատակիցը։ Կոմբինատը մի քանի միլիարդ դրամ է պահանջում 8 հոգուցՀաշտության չգալուց հետո՝ մայիսի 5-ին, ԶՊՄԿ-ն ինքն է քաղաքացիական հայց ներկայացրել ընդդեմ 8 նախկին աշխատողների: Կոմբինատը դատարանին խնդրել է պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 4.758.480.000 դրամ՝ որպես նրանց գործողությունների հետեւանքով (ԶՊՄԿ-ն տեղի ունեցածը գործադուլ չի համարում) իրեն պատճառված վնասի գումար։ Բացի այս մեծ գումարից՝ հանքարդյունաբերողը դատարանին խնդրել է պատասխանողներից բռնագանձել 25.000.000 դրամ՝ որպես նախապես վճարված պետտուրքի գումար, ինչպես նաեւ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ 2.500.000 դրամի չափով: Կոմբինատը հայցը քննում է դատավոր Գուրգեն Քոթանջյանը:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
16:09 - 31 մայիսի, 2025
ԶՊՄԿ-ն նախկին աշխատակիցներին սնանկացնելու միտում ունի. քաղհասարակության հայտարարությունը

ԶՊՄԿ-ն նախկին աշխատակիցներին սնանկացնելու միտում ունի. քաղհասարակության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու աշխատանքային խմբի քաղհասարակության խմբակցությունը հայտարարություն է տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիատի՝ իր նախկին աշխատակիցների դեմ դատական հայցի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ «2025 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 10-ը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ աշխատակիցներն իրականացրել են գործադուլ` պահանջելով աշխատանքային, բնապահպանական, առողջապահական ապահովագրության պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում։ Այդ ընթացքում կոմբինատի արտադրական աշխատանքները դադարեցվել էին։ Համաձայն մամուլում առկա տեղեկատվության, գործադուլավորների և կոմբինատի տնօրենության միջև որոշակի բանակցություններից հետո, որին մասնակից էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, և ըստ մամուլում առկա տեղեկատվության հենց նրանց նախաձեռնությամբ գործադուլն ավարտվեց և ԶՊՄԿ-ն վերսկսեց իր աշխատանքները։ Դեռևս գործադուլի ընթացքում կոմբինատն ազատել էր աշխատանքից գործադուլի 8 մասնակիցների։ Գործադուլի ավարտից հետո, աշխատանքից ազատված և գործադուլին մասնակցած քաղաքացիները դիմել են դատարան՝ աշխատանքում վերականգնվելու պահանջով։ Այդ ընթացքում տեղեկանում ենք, որ ԶՊՄԿ-ն 4 758 480 000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի պահանջով դիմել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ 2025թ․հունվարի 31-ից փետրվարի 11-ը գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված 8 քաղաքացիների, և դատարանի որոշմամբ արգելանք է դրվել այդ քաղաքացիների գույքի վրա։ Այս քաղաքացիները հայտնվել են մի իրավիճակում, որտեղ խախտվել են նրանց սահմանադրական իրավունքները։ Արձանագրում ենք, որ պարզ է, որ ընկերության կողմից 8 շարքային քաղաքացիներից պահանջված գումարը քաղաքացիները չեն կարող վճարել։ Ըստ այդմ՝ հասարակությունը իրավունք ունի այս երևույթը վերագրել այդ քաղաքացիների տնտեսական կենսունակությունը ոչնչացնելու և նրանց սնանկացնելու ձգտման, ինչը վատ օրինակ կհանդիսանա մյուսների համար՝ ապագայում լռելու և իրենց կարծիքը չբարձրաձայնելու համար։ Այսպիսի երևույթը միջազգային պրակտիկայում համարվում է ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության (strategic lawsuit against public participation - SLAPP): Այն կիրառվում է հատկապես բռնապետական հասարակություններում և դատապարտվում է ժողովրդավարական պետությունների, միջազգային ժողովրդավարական ինստիտուտների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդն ունեն ընդունված դիրեկտիվներ և ռեկոմենդացիաներ և առաջարկում են գործընկեր և անդամ պետություններին մշակել SLAPP գործընթացներին դիմակայելու օրենսդրություն (ԵՄ դիրեկտիվներ, ԵԽ ռեկոմենդացիաներ)։ Այս պարագայում, Հայաստանում SLAPP գործընթացների շարունակական զարգացումը չի տեղավորվում Հայաստան-ԵՄ համափարփակ և ընդլայված գործընկերության մասին համաձայնագրի տրամաբանության մեջ և խոչընդոտ է ՀՀ-ի՝ Եվրոմիության հետ արդեն օրենքի մակարդակով ամրագրված մերձեցման և ինտեգրման ձգտումներին։ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտը սահմանում է թափանցիկությանն ուղղված երկխոսություն հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների և համայնքների ու քաղաքացիների միջև, մինչդեռ ստեղծված իրավիճակը հակասում է ԱՃԹՆ ստանդարտին ու սկզբունքներին և ստվեր է գցում ՀՀ ԱՃԹՆ գործընթացի վրա, որը մինչ այժմ բարձր գնահատական է ստացել ԱՃԹՆ միջազգային քարտուղարության կողմից։ Գործադուլը, որը տեղի ունեցավ Սյունիքում, հնարավոր է՝ հենց առողջ երկխոսության բացակայության արդյունքն է, որի մասին խոսում էին գործադուլավորները գործադուլի օրերին: Արհմիությունները հայաստանյան իրականության մեջ բավարար կայացած չեն, որպեսզի ժամանակին արձագանքեն ստեղծված իրավիճակին և հանդիսանան երկխոսության հետևողական հարթակներ։ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղհասարակության խմբակցությունն անընդունելի է համարում ԶՊՄԿ նախկին աշխատակիցների նկատմամբ 4 758 480 000 ՀՀ դրամի պահանջի ներկայացումը, և առհասարակ քաղաքացիների աշխատանքային, սոցիալական, բնապահպանական կամ այլ իրավունքների նկատմամբ որևէ անհամաչափ սահմանափակում: Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ որպես ԶՊՄԿ համասեփականատեր՝ ապահովել, որպեսզի կոմբինատի աշխատողների նկատմամբ ներկայացված հայցադիմումը հետ վերցվի, լիարժեք լուծում տալ ԶՊՄԿ գործադուլի մասնակիցների կողմից բարձրաձայնված հարցերին և այդ մասին ներկայացնել հանրային հաշվետվություն Վերականգնել աշխատանքից ազատված քաղաքացիներին իրենց աշխատանքում Պահանջում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում այս հարցի շուրջ հրավիրվի ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ հերթական նիստ»: ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղհասարակության խմբակցության անդամ, Օլեգ Դուլգարյան ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղհասարակության խմբակցության անդամ Անահիտ Սիմոնյան ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղհասարակության խմբակցության անդամ Նազելի Վարդանյան ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղհասարակության խմբակցության անդամ Վիկտորյա Բուռնազյան ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղհասարակության խմբակցության այլընտրանքային անդամ Սոնա Այվազյան 29.05.2025
18:01 - 29 մայիսի, 2025
ԶՊՄԿ-ն դատի է տվել գործադուլին մասնակցած քաղաքացիների և պահանջում է 4,5 միլիարդ դրամից ավել փոխհատուցում

ԶՊՄԿ-ն դատի է տվել գործադուլին մասնակցած քաղաքացիների և պահանջում է 4,5 միլիարդ դրամից ավել փոխհատուցում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժենտիրական ընկերության գործադուլին մասնակցած մի խումբ աշխատակիցների իրավունքներն ու շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ընկերությունը դիմել է դատարան՝ ընդդեմ գործադուլին մասնակցած ու աշխատանքից ազատված մի շարք աշխատակիցների։  ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժենտիրական ընկերությունը 4 758 480 000 ՀՀ դրամի պահանջով դիմել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ԶԽՄԿ ՓԲԸ-ից աշխատանքից ազատված, 2025թ․ հունվարի 31-ից փետրվարի 11-ը գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի։ Հանրամատչելի ու հասանելի «ԴատաԼեքս դատական տեղեկատավական համակարգ» պաշտոնական կայքում հասանելի թիվ ՍԴ/0215/02/25 քաղաքացիական գործով Դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ՀՀ արադարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում (այսուհետ նաև՝ ՀԿԱԾ կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն) հարուցվել է թիվ 13488958 կատարողական վարույթը, որի շրջանակներում 4 758 480 000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել դատական գործով Պատասխանողներ Շավարշ Հովհաննեսի Մարգարյանին, Վահե Սամվելի Մխիթարյանին, Տիգրան Արշամի Աթայանին, Կարեն Մարութի Արշակյանին, Կարեն Արկադիի Անդրեասյանին, Գոռ Վրեժի Բաբաջանյանին, Վահե Վրեժի Բաբաջանյանին, Արթուր Վրեժի Բաբաջանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա, բացառությամբ դրամական միջոցների և բանկային հաշիվների վրա (․․․)։ Մինչդեռ, նշված իրողությանը նախորդել են գործողություններ, որոնք վկայում են, որ Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի որևէ գործողություն չէր կարող ԶՊՄԿ ՓԲԸ-ին վնասներ պատճառել: ԶՊՄԿ-ն ունեցել է նաև Գործադուլին չմասնակցած հազարավոր աշխատակիցներ, որոնք հնարավորություն են ունեցել ապահովել Ընկերության բնականոն աշխատանքը, մինչդեռ այդ ամենը կարծես թե դիտմամբ չի համակարգվել, և արդյունքում Ընկերությունը նշում է, թե Գործադուլի պատճառով է վնասներ կրել, այնինչ նշվածը չի համապատասխանում իրականությանը: Հետևաբար ստացվում է, որ ԶՊՄԿ-ի հազարավոր Աշխատողների խնդիրները բարձրաձայնած, հազարավոր Աշխատողների շահերն ու իրավունքները իրենց խաղաղ գործողություններով և/կամ ընդհանրապես՝ ընդամենը լռությամբ ու չաշխատելով Գործադուլին միացած Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի նկատմամբ շարունակվում է ոչ միայն անհիմն հետապնդումը, այլ նաև առկա է խտրական մոտեցում և ենթադրյալ վնասներ հատուցելու հարցում թիրախավորում, առկա է իրավիճակ, որ ԶՊՄԿ-ն փնտրում է մեղավոր անձանց այնտեղ, որտեղ մեղավորներ չկան (․․․)»,- նշված է ԶՊՄԿ ՓԲԸ գործադուլին մասնակցած մի խումբ աշխատակիցների իրավունքներն ու շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյանի գրառման մեջ: Խաչատրյանը նաև ներկայացրել է, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել գործադուլի մեկնարկից ի վեր: 1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժենտիրական ընկերությունում 2025թ․ հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր պայմանների պահպանմամբ՝ Աշխատողների կողմից Գործադուլը սկսվել և ավարտվել է 2025թ․ փետրվարի 11-ին (․․․)։ Գործադուլը անօրինական չի ճանաչվել, Գործադուլի ընթացքում բարձրացված հարցերի լուծման խոստումներ և երաշխիքներ ստանալով անմիջապես Ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի կողմից տրված տեսաձայնագրառմամբ հարցազրույցով՝ Աշխատողները Գործադուլը կամավոր կերպով դադարեցրել ու չեն շարունակել։ Աշխատողների (այսուհետ նաև՝ Գործադուլավորներ) հիմնական պահանջները եղել են․ աշխատավարձերի բարձրացում, որպեսզի իրենց կատարած աշխատանքին համարժեք վարձատրություն ստանան և վարձատրության հարցում խտրականություն չլինի, մասնավորապես չլինի այն իրավիճակը, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնող և շատ չչարչարող անձինք ստանան մի քանի միլիոն ՀՀ դրամ, իսկ հասարակ բանվորները ստանան դրանից մի քանի անգամ ցածր աշխատավարձ, աշխատանքի պայմանների բարելավում , որպեսզի յուրաքանչյուր աշխատող ունենա անվտանգ ու մարդկային պայմաններով և արժանապատիվ ածխատանք ու աշխատանքի պայմաններ ապահովագրության պայմանների բարելավում, որպեսզի ապահովագրական ընկերությունը փոխվի և ապահովագրության հետ կապված պայմանները վերանայվի Օրեր շարունակ տևած Գործադուլը լուսաբանվել և թափանցիկ կերպով հանրայնացվել է Գործադուլին մասնակցած անձանց կողմից, որպեսզի թե՛ Ընկերության, թե՛ այլ անձանց, այդ թվում՝ մարզային ԶԼՄ-ների կողմից կողմնակալ կերպով Գործադուլը չներկայացվի որպես այլ նպատակով կազմակերպված գործողություն, հատկապես, որ Ընկերության Ղեկավարության կողմից տարբեր հայտարարությունն են արվել ու հրապարակվել Ընկերության ֆեյսբուկյան էջում՝ նշվելով, թե իբր Գործադուլը կազմակերպել են ինչ-որ արտաքին ուժեր, ինչ-որ քաղաքական նպատակներով, իբր Գործադուլը զուրկ է սոցիալական բնույթից (․․․), իբր դրա ետևում այլ՝ Ընկերության հետ կապ չունեցող անձինք են կանգնած (․․․), ինչը բնականաբար ամբողջությամբ հերքվեց ժամանակի ընթացքում (․․․)։ Գործադուլի նպատակների, պահանջների և բացառապես սոցիալական բնույթ կրելը ևս մեկ անգամ հաստատելու և դրանք հանրայնացնելու նպատակով Գործադուլավորների կողմից 02․02․2025թ․ սկսած նախաձեռնվել և կազմակերպվել է լրացուցիչ քվեարկություն , որին մասնակցած անձանցից 2448 (երկու հազար չորս հարյուր քառասունութ) անձ «Կողմ» է քվեարկել Գործադուլին ու Գործադուլով ներկայացված պահանջներին, հաստատել, որ Գործադուլը բացառապես սոցիալական բնույթ է կրում, ինչի արդյունքում Ընկերությունն ի դեմս Ղեկավարության, ինչպես նաև՝ մարզային ԶԼՄ-ները, այլևս զերծ մնացին Գործադուլին այլ՝ իբրև թե արտաքին ուժերի կողմից իրականացվելու, քաղաքական նպատակներ ունենալու, սոցիալական բնույթ չկրելու, իբրև թե սխալ լինելու մասին հրապարակային հայտարարություններից (․․․)։ 2025թ․ փետրվարի 4-ին Գործադուլավորները և Ընկերության ներկայացուցիչները հերթական հանդիպում-քննարկումը ունեցան, որի ընթացքում հնարավոր չեղավ ընդհանուր համաձայնության գալ (․․․)։ Գործադուլավորների կողմից մի քանի անգամ՝ տարբեր օրերի կազմակերպվել է խաղաղ քայլերթ, որն ուղեկցել են նաև Իրավապահ մարմինները (…)։ Առհասարակ, Գործադուլի ամբողջ ընթացքին հետևել են Իրավապահ մարմինները, Ոստիկանության և Պարեկային ծառայության բազմաթիվ Ծառայողներ, ԶՊՄԿ անվտանգության Աշխատակիցներ օրեր շարունակ ներկա են գտնվել Գործադուլի վայրում և որևէ արտառոց դեպքեր չեն արձանագրվել (…), ԶԼՄ-ների կողմից Գործադուլավորների մասնակցությամբ որևէ միջադեպի մասին հրապարակում չի արվել, ավելին, ԶՊՄԿ-ի կողմից հերքվել են նման հրապարակումները, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Իրավապահ մարմինների կողմից որևէ առերևույթ իրավախախտման փաստով կամ դեպքով զեկույց, զեկուցագիր կամ հաղորդում չի ներկայացվել, հակառակ դեպքում տվյալ քրեական վարույթի մասին Ընկերությունը հրապարակում կաներ (․․․)։ Գործադուլավորների և Ընկերության ներկայացուցիչների համատեղ քննարկումներին միջամտել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ (Արմեն Խաչատրյան, Նարեկ Ղահրամանյան), Արհեստակցական միությունների տարածքային և հանրապետական կառույցների ներկայացուցիչներ, հատկապես Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, արդյունքում 11․02․2025թ․ կողմերը ընդհանուր հաշտության համաձայնության են եկել և ըստ Աշխատողների կողմից բանակցած անձանց ընկալածի՝ մոտավորապես որոշվել, խոստացվել ու երաշխավորվել է, որ Գործադուլը կազմակերպած Աշխատողների նկատմամբ հետապնդումներ, հաշվեհարդար, աշխատանքից ազատումներ, մեղադրանքներ ու քրեական վարույթներ չեն լինի, Աշխատողները կշարունակեն աշխատել, Աշխատողները սկսում են աշխատել և համաձայն են ԶՊՄԿ գլխավոր տնօրենի հրապարակային այն երաշխիքներին ու խոստումներին, որոնց համաձայն՝ շատ կարճ ժամանակում ամենը կարվի աշխատանքի պայմանների բարելավման, համահարթեցման եղանակով աշխատավարձերի բարձրացման, ապահովագրական ընկերության փոփոխման համար, Ընկերությունն ընդունել է, որ աշխատավարձերի համահարթեցման եղանակով բարձրացման, բազմաթիվ խնդիրներ ստեղծած ապահովագրական՝ Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության փոխարինման, աշխատանքի պայմանների բարելավման անհրաժեշտությունը կա, Կողմերը 11․02․2025թ․ հաշտության հասել են շատ բարդ ու երկարատև բանակցությունների արդյունքում, սակայն այդ ամենը ընդամենը մեկ ժամում կարող է փլուզվել ու կրկին անդառնալի հետևանքների հանգեցնել, եթե Կողմերից յուրաքանչյուրի ստանձնած խոստում կամ երաշխիք անտեսվի, Կողմերից մեկը չկատարի իր տված խոստումը կամ տեր չկանգնի իր տված երաշխիքներին (․․․) (․․․) Մեղմ ասած մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված հաշտության համաձայնությունն այնքան խոցելի ու փխրուն է, որ Կողմերը ներկայումս էլ պետք է բոլոր ջանքները գործադրեն, որպեսզի կրկին քաոս չստեղծվի, որպեսզի վերջնական բանակցություններից ու 11․02․2025թ․ հաշտության համաձայնության կայացման գործընթացից դուրս մնացած որևէ անձ չկարողանա ոտնձգել Կողմերի համար ընդունլի հաշտության համաձայնությանը և փորձի արժեզրկել բոլոր այն խոստումներն ու երաշխիքները, որոնք տրվել են ամենաբարձր մակարդակով (․․․)։ Թերևս, օբյեկտիվ իրականությունը ակներև դարձնելու հարցում կարևոր է նշել Գործադուլին նախորդած, Գործադուլի ընթացքում տեղի ունեցած և Գործադուլին հաջորդած դեպքերն ու դրանց ժամանակագրությունը և հաջորդականությունը ըստ տարբեր անձանց հայտնած ու հրապարակած տեղեկությունների ԶՊՄԿ ՓԲԸ-ի Աշխատողները 2024թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած բազմիցս բանավոր և գրավոր՝ անուն առ անուն, պահանջ առ պահանջ՝ ստորագրություններով հանդերձ, դիմել են ԶՊՄԿ ՓԲԸ-ի՝ իրենց ստորաբաժանումների արհմիությունների Ներկայացուցիչներին և Արհմիության նախագահին, որպեսզի Աշխատողների աշխատանքի պայմանները բարելավվեն, աշխատավարձերը բարձրացվեն, ապահովագրական ընկերության հետ կապված խնդիրները լուծվեն, վերացվի անհավասարությունը, խտրական մոտեցումը, արտոնյալներ ու շահագործվողներ չլինեն, Աշխատողների իրավունքնեը չխախտվեն ու չանտեսվեն, որպեսզի Աշխատողը ցանկանա աշխատել, իսկ Գործատուն կարողանա ավելի ու ավելի տեսանելի և շոշափելի դրական արդյունքների հասնել, հակառակ դեպքում Աշխատողները բողոքի ակցիաներ ու գործադուլ կանեն, ընդհուպ օրերով չեն աշխատի՝ մինչև իրենց ձայնը լսելի դառնա և իրենց կողմից բարձրացված խնդիները արդարացի լուծումներ ստանան, ԶՊՄԿ Արհմիությունը Աշխատողներին բազմիցս հայտնել է, թե իրենց բանավոր և գրավոր դիմում-առաջարկ-զգուշացումները փոխանցվել են ԶՊՄԿ-ի Ղեկավարությանը, բարձր մակարդակում այդ խնդիրները կքննարկվեն և կլուծվեն, ուղղակի ժամանակ է պետք, և այդպես ձգձգել ու արհեստականորեն Աշխատողների ու Ղեկավարության միջև քննարկումները ձգձվել են, և, փաստորեն, միայն ամիսներ հետո է պարզ դարձել, որ Արհմիության նախագահը ավելի շատ իրեն համարել է Գործատու Ընկերության Ղեկավարության ներկայացուցիչ, քան Աշխատողների իրավունքները և շահերը ներկայացնող մարմի ղեկավար (․․․) Հասկանալով, որ նախապես ներկայացված բանավոր և գրավոր դիմումները ամիսներ շարունակ Ղեկավարության կողմից անտեսվում են և Արհմիության նախագահը իրենց շահերից հանդես չի գալիս՝ Աշխատողները ստիպված են եղել նախապես որոշված օրը՝ 31․01․2025թ․ Գործադուլ սկսել, հատկապես այն իրավիճակից հետո, երբ 31․01․2025թ․ Աշխատողների և Ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցությունները արդյունք չտվեցին (․․․), Տարբեր շահագրգիռ անձանց միջամտությամբ, Ռոման Խուդոլիի 10․02․2025թ․ տեսաձայնագրությամբ հրապարակային խոստումներ և երաշխիքներ տալուց հետո Գործադուլի համակարգող խորհրդի անդամները 10․02․2025թ․ հայտարարեցին, որ Աշխատակիցները կվերսկսեն աշխատանքը կոմբինատի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա (․․․)։ Կողմերի միջև ի վերջո հնարավոր եղավ 11․02․2025թ․ հասնել բարձր մակարդակի բանակցային գործընթացի կազմակերպման և հաշտության համաձայնության հասնել, ունենալ խոստումներ ու երաշխիքներ, որ Աշխատողները հետապնդումների չեն ենթարկվի, սպառնալիքներ, աշխատանքից ազատումներ, հաշվեհարդարներ չեն լինի, իսկ շատ կարճ ժամանակում աշխատավարձերը համահարթեցման եղանակով կվերանայվեն ու կբարձրացվեն, աշխատանքի պայմանները կբարելավվեն, ապահովագրական ընկերությունը կփոխվի։  2. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում 10․02․2025թ․ հրապարակում կատարեց, որով նշեց հետևյալը «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա յի նախագահ` Էլեն Մանասերյանը Elen Manaseryan և նախագահի տեղակալ` Տիրուհի Նազարեթյանը փետրվարի 10-ին հանդիպեցին ԶՊՄԿ աշխատողների բողոքի ակցիայի մասնակիցների, այնուհետև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի և գործատուի ներկայացուցիչների հետ։ 7 ժամ տևած բանակցությունների արդյունքում գործատուն վերահաստատեց, որ աշխատողների կողմից աշխատանքը վերսկսելու պահից մեկ ամսվա ընթացքում կիրականացվի աշխատավարձերի վերանայման գործընթացը, սոցիալական արդարության սկզբունքով։ Երաշխավորեց, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ չի լինի հետապնդում և խտրական վերաբերմունք, նաև չեն լինի նոր ազատումներ։ Քննարկումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Նարեկ Ղահրամանյանը։ Աշխատողների կողմից որոշվեց վերականգնել բնականոն աշխատանքը։ ՀԱՄԿ-ը հետամուտ կլինի աշխատողներին խոստացված երաշխիքների իրականացման ընթացքին։ Շնորհակալություն ենք հայտնում կողմերին ցուցաբերած սթափության, համագործակցային մոտեցման համար ի շահ բոլորի բարեկեցության։ Աշխատողների միասնությունը կարևոր և անհրաժեշտ պայման է արժանապատիվ աշխատանքի միջավայր ունենալու ճանապարհին»: 3. Գործադուլավորների և Ընկերության Ղեկավարության միջև հաշտության համաձայնության վերաբերյալ 11․02․2025թ․ «ԶՊՄԿ բողոքի ակցիայի հանգուցալուծման մասին» խորագրով հրապարակում կատարվեց ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից, որի բովանդակությամբ նշում էր հետևյալը «ԶՊՄԿ բողոքի ակցիայի հանգուցալուծման մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից 2025 թվականի հունվարի 31-ից սկսված բողոքի ակցիայով մասնավորապես ներկայացվել են հետևյալ պահանջները՝ աշխատավարձերի զգալի բարձրացում արդարացի համահարթեցման միջոցով, աշխատանքային պայմանների բարելավում, անհրաժեշտության դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով, մասնավորապես կարևորվել է որոշ արտադրամասերում օդափոխության հետ կապված խնդիրը, հայտարարվել է նաև, որ գրեթե չի գործում առողջության ապահովագրության համակարգը, և մրցույթը շահած ապահովագրական ընկերությունը պատշաճ ծառայություն չի մատուցում։ Բողոքի ակցիային են միացել մեծ թվով աշխատակիցներ, ինչի արդյունքում Կոմբինատի գործունեությունը գրեթե դադարեցվել է։ Փետրվարի 9-ին և 10-ին ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ հանդիպումներ եմ ունեցել ակցիայի մասնակիցների, ինչպես նաև Կոմբինատի ղեկավարության հետ։ Բանակցություններին են միացել նաև Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և տեղակալ Տիրուհի Նազարեթյանը։ Այդ ընթացքում Կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլին պաշտոնական կայքով տարածել է երկու հայտարարություն, ըստ որոնց՝ աշխատավարձերի համահարթեցման, աշխատանքային պայմանների և ապահովագրական համակարգի բարելավման ուղղությամբ կձեռնարկվեն միջոցներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ողջամիտ ժամկետում։ Բանակցությունների ընթացքում, ինչպես նաև ԶՊՄԿ պաշտոնական հաղորդագրություններում, ըստ էության, Կոմբինատի ղեկավարությունը պաշտոնապես հանձն է առել աշխատավորների կողմից բարձրացված խնդիրների ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ, ինչը մի քանի անգամ հավաստել է տնօրեն Ռ.Խուդոլին։ 2025 թվականի փետրվարի 10-ի երեկոյան, բողոքի ակցիայի մասնակիցների հետ քննարկելով վերը նշված հանգամանքները, մասնավորապես՝ Կոմբինատի ղեկավարության կողմից աշխատավորների բարձրացրած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրելու և լուծելու հանձնառությունը՝ մասնակիցները որոշում կայացրեցին դադարեցնել բողոքի ակցիան և անմիջապես անցնել իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը՝ վերագործարկելով չաշխատող արտադրամասերը։ Շնորհակալություն եմ հայտնում Կոմբինատի աշխատավորներին, ովքեր մասնակցելով բողոքի ակցիաներին՝ խստորեն պահպանել են հասարակական կարգը և համակեցության կանոնները։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին և տեղակալ Տիրուհի Նազարեթյանին ներգրավվածության և ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալություն ԶՊՄԿ ղեկավարությանը աշխատավորների բարձրաձայնած խնդիրներն արձանագրելու և դրանք լուծելու հանձնառություն ստանձնելու համար։ Հուսով եմ՝ այսուհետ աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանության հետ կապված խնդիրների բարձրաձայնման համար բողոքի ակցիաների անհրաժեշտություն չի լինի, և հարցերը կլուծվեն ինստիտուցիոնալ եղանակով։ Այս համատեքստում խիստ կարևորում եմ Կոմբինատի արհիմիության պատշաճ գործունեության անհրաժեշտությունը։ Առաջարկում եմ վերադասության կամ դատական կարգով քննարկել ակցիայի 8 մասնակիցներին աշխատանքից ազատելու հրամանների իրավաչափությունը։ Միաժամանակ իմ մանդատի լիազորությունների շրջանակում հետևողական եմ լինելու Քաջարան քաղաքի բնակիչների, ինչպես նաև՝ ԶՊՄԿ աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովման հարցում»։ 4. Բացի այդ՝ աշխատողների պահանջների իրավաչափության, Աշխատողների աշխատավարձերի բարձրացման, աշխատանքի պայամների բարելավման, ապահովագրական ընկերության կողմից արհեստական խնդնիրների ստեղծման, իսկ հետո արդեն՝ Աշխատողների նկատմամբ հետապնդումների, քրեական վարույթի հետ կապված հարցերին իր առանձին ելույթներով, հրապարակումներով ու հարցազրույցներով հանդես եկավ նաև հանքարդյունաբերության ոլորտում վերահսկող մարմին հանդիսացող «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն»-ի ներկայացուցիչ, իրավապաշտպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը (1, 2, 3, 4, 5):  5. Մյուս կողմից ԶՊՄԿ Արհմիությունը, Աշխատողների շահերը պաշտպանելու, իր թերացումներն ընդունելու, իրեն ամիսներ շարունակ փոխանցված դիմումները Ընկերության Ղեկավարությանը ներկայացնելու և դրանց մասին հրապարակավ հանդես գալու փոխարեն՝ շտապեց 01․02․2025թ․ ժամը 10։06-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը խորագրով՝ Ընկերության ֆեյսբուքյան էջում կատարված հրապարակմամբ հրապարակավ քննադատել Աշխատողներին, Գործադուլը և Աշխատողների պահանջները հրապարակային ձևով համարել անօրինական, ինչը ոչ միայն չնպաստեց կառուցողական երկխոսություն սկսելուն, այլ ավելի սրեց իրավիճակը, թերևս պետք է պարզել, թե ինչու, ահա տեքստը. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը: «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։ Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։ Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի: Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի: 01.02.2025թ․»։ 6. ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջում 05․02․2025թ․ ժամը՝ 23։53-ին կատարվել է ևս մեկ անհասկանալի հրապարակում,մասնավորապես հետևյալ բովանդակությամբ․ «ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Հայտնում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ԶՊՄԿ տարածքից դուրս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, Ընկերությունը մեկնաբանել չի կարող։» 7. 2025թ․ փետրվարի 7-ին ժամը 16։45-ին ԶՊՄԿ ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջով հրապարակում արվեց, որի համաձայն Գործադուլը կամակերպած թվով ութ աշխատակիցներ աշխատանքից ազատվում են, մասնավորապես հետևյալ տեքստով. «Ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։ Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ՝ Մարգարյան Շավարշ Հովհաննեսի Արշակյան Կարեն Մարութի Մխիթարյան Վահե Սամվելի Բաբաջանյան Գոռ Վրեժի Բաբաջանյան Վահե Վրեժի, Բաբաջանյան Արթուր Վրեժի Անդրեասյան Կարեն Արկադիի Աթայան Տիգրան Արշամի Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։․․․»։ 8. Ընկերության ֆեյսբուքյան էջում 09․02․2025թ․ ժամը 13։40-ին հրապարակվել է հետևյալ հայտարարությունը․ «ԶՊՄԿ-ն հայտարարում է, որ Ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում մեր աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։ Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին (․․․)» 9. Բանակցությունների դրական հանգուցալուծմանը մեծապես նպաստել է նաև ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի «Սյունիք» հեռուստաընկերությանը 10․02․2025թ․ տված հարցազրույցը, որը 10․02․2025թ․ ժամը 00։57-ին հրապարակվել է Ընկերության ֆեյսբուկյան էջում և հասանելի է հետևյալ հղումով, այդ հարցազույցում Ռոման Խուդոլին ընդունել է, որ Ընկերությունում կան բազմաթիվ խնդիրներ և, որ, փաստորեն Աշխատողների կողմից բարձրացված խնդիրները կան (․․․) 10. Մյուս կողմից, Ընկերությունը 10․02․2025թ․ ժամը 11։17-ին ևս մեկ հայտարարություն է հրապարակել հետևյալ բովանդակությամբ․ «ԶՊՄԿ-ի պաշտոնական հայտարարությունը. ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է այս հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ 1. Աշխատավարձի քաղաքականություն Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։ 2. Բժշկական ապահովագրություն Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր և բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։ 3. Աշխատանքային պայմանների բարելավում Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ։ Աուդիտն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման և ձեռքբերման գործընթացը։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։ Հարգելի աշխատակիցներ, կոչ ենք անում վերադառնալ ձեր աշխատավայրերը։ Այս նպատակներին և խնդիրների լուծմանը մենք կարող ենք հասնել միասին։ ԶՊՄԿ-ն միասնական կոլեկտիվ է, և մեր ընդհանուր նպատակն է կոմբինատի արդյունավետ աշխատանքը՝ ի շահ աշխատակիցների բարեկեցության, տարածաշրջանի զարգացման և Հայաստանի բարգավաճման»։ 11. Գլխավոր տնօրեն Խուդոլիի անունից 2025թ․ փետրվարի 11-ին ժամը 17։18-ին համացանցային հարթակում «ԶՊՄԿ գլխավոր տնօրենի ուղերձը` կոլեկտիվին» վերնագրով հրապարակում է կատարվել, որը ևս մեկ անգամ հաստատում է վերը նշված հաշտության համաձայնությունը։ Այդ հրապարակման մեջ նշված է նաև հետևյալը․ «Հանձնառու ենք մեր աշխատակիցների հետ քաղաքակիրթ աշխատանքային մթնոլորտում քննարկել և լուծել ընթացիկ բոլոր հարցերը։ Ընկերությունը, կատարելով ավելի վաղ ստանձնած պարտավորությունները և հանդես գալով որպես աշխատակիցների անվտանգ աշխատանքային միջավայրի երաշխավոր, հորդորում է բոլոր այն աշխատակիցներին, ովքեր Ընկերության արտադրական գործունեության վերսկսմամբ կամ իրենց աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված ենթարկվել են կամ կենթարկվեն ցանկացած տեսակի սպառնալիքի, բռնության, ոտնձգության կամ հաշվեհարդարի, այդ մասին անհապաղ հաղորդել [email protected] էլ․ փոստի հասցեով կամ +37495364587 հեռախոսահամարով։ Ընկերությունը երաշխավորում է հաղորդումների գաղտնիությունը և բացառում ազդարարողների նկատմամբ վրեժխնդրության հանդուրժումը՝ համաձայն Ընկերության «Աշխատավայրում բռնության, ոտնձգությունների, խտրականության և հաշվեհարդարի դեմ պայքարի» քաղաքականության (հետևյալ hղումով): Ընկերությունը խստորեն դատապարտում է ցանկացած նման ճնշում իր աշխատակիցների նկատմամբ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նշված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ պաշտպանելով իր աշխատակիցների իրավունքները և անվտանգությունը»,- նշված է եղել գրառման մեջ։  (հասանելի է հետևյալ հղումով)։ 12. Այնուհետև, Ընկերության ֆեյսբուքյան էջում 18․02․2025թ․ ժամը 15։54-ին հրապարակվել է «Ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերից նախաձեռնված աշխատավարձերի համահարթեցման նոր համակարգի ներդրման անհրաժեշտության և դրույքաչափերի հնարավոր փոփոխությունների առանձնահատկությունները ներկայացնում է ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան» խորագրով տեսանյութ, որը հասանելի է հետևյալ հղումով։ 13. Ընկերության ֆեյսբուքյան էջում 21․02․2025թ․ժամը 09։57-ին «ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռ.Ն.Խուդոլիի և ղեկավար անձնակազմի շրջայցը` Ընկերության արտադրական օղակներ» խորագրով տեսանյութն է հրապարակվել։  14. Ընկերության ֆեյսբուքյան էջում 01․03․2025թ․ հրապարակվել է « Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդմանը ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտյոմ Պետրոսյանն անդրադարձել է հանքարդյունաբերությանը, Հայաստանում ոլորտի հեռանկարներին, ընդերքի արդյունահանման ռիսկերին և կոմբինատի ձեռքբերումներին։» մեկնաբանությամբ տեսանյութ։  15. Ընկերության ֆեյսբուքյան էջում 18․03․2025թ․ ժամը 16։37-ին հրապարակվել է «Արդեն երրորդ տարին անընդմեջ գործարանը կայուն զարգացման տարեկան հաշվետվություն է հրապարակում՝ նկատի ունենալով լավագույն համաշխարհային չափանիշները, ինչպես նաև ձգտում է ապահովել, որ ընկերության սպառած ամբողջ էլեկտրաէներգիան արտադրվի «կանաչ» էներգիայի միջոցով․ ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյան» մեկնաբանությամբ նյութ ( հասանելի է հետևյալ հղումով)։  16. Ընկերության ֆեյսբուքյան էջում 25․03․2025թ․ ժամը 09։15-ին հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունից հետևում է, որ Ընկերությունն ունի 4500-ից ավելի աշխատակից, այսինքն, ստացվում է, որ Գործադուլին կողմ քվեարկողներից բացի եղել է նաև 2000-ից ավելի Աշխատակից ովքեր կարող էին շարունակել իրենց աշխատանքը, ինչը կարծես թե տեղի չի ունեցել (․․․)։ Ներկայումս աշխատանքից ազատված Աշխատողների՝ աշխատանքի վերականգնման նպատակով նախաձեռնված թիվ ՍԴ/0148/02/25, ՍԴ/0149/02/25, ՍԴ/0150/02/25, ՍԴ/0151/02/25, ՍԴ/0152/02/25, ՍԴ/0153/02/25, ՍԴ/0154/02/25, ՍԴ/0156/02/25 դատական գործերը գտնվում են ընթացիկ փուլում (․․․), ընդ որում, դրանց վերաբերյալ տեղեկությունները հասանելի են Դատական իշխանության հանրամատչելի պաշտոնական ԴատաԼեքս դատական տեղեկատվական համակարգ կայքում»:
10:11 - 26 մայիսի, 2025
ԶՊՄԿ-ից ազատված 8 աշխատողները դատարան են դիմել՝ աշխատանքի վերականգման համար
 |hetq.am|

ԶՊՄԿ-ից ազատված 8 աշխատողները դատարան են դիմել՝ աշխատանքի վերականգման համար |hetq.am|

hetq.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) նախկին աշխատակից Վահե Մխիթարյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ փետրվարին ընկերության կողմից ազատված 8 աշխատակիցները դատարան են դիմել աշխատանքի վերականգնման հայցով։ Նախքան դատարան դիմելը, ըստ Մխիթարյանի, իրենք սահմանված կարգով դիմել էին ԶՊՄԿ-ի վերադասին՝ վերականգնվելու համար։ Սակայն պատասխանը, մեր զրուցակցի պատմելով, եղել է այն, որ ԶՊՄԿ-ի գործող կանոնադրությամբ նման ընթացակարգ չկա, ապա հորդորել են դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները։ «Քանի որ 8 հոգին էլ տարբեր հիմքերով են ազատվել աշխատանքից, բնականաբար, դատական գործերն էլ տարբեր են եղել»,- ասում է Վահե Մխիթարյանը։ Հարցին, թե ինչ ակնկալիք ունի դատական կարգով բողոքարկումից, ԶՊՄԿ-ի նախկին աշխատողն ասում է․ «Եթե անկեղծ, ապա այդքան էլ մեծ վստահություն չկա արդարադատության համակարգի հանդեպ, որովհետեւ մենք նաեւ տեսնում ենք, որ հանքարդյունաբերության լոբբինգը շատ լավ աշխատում է, եւ այստեղ ռիսկեր էլ կան, բայց ամեն դեպքում գործընթաց է, որի միջով պետք է անցնենք եւ լիահույս ենք, որ արդարադատությունը գործողության մեջ չի ուշանա»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
22:16 - 29 ապրիլի, 2025
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, այն գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն

ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, այն գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ընկերությունը առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 19 մլրդ 901 մլն դրամ։ Ցանկում 2–րդը «Մոբայլ սենթր արթ»-ն է` 16 մլրդ 591 մլն դրամ հարկային մուտքերով, 3-րդ՝ «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ 12 մլրդ դրամով, 4-րդում` «Սի Փի Էս էներջի գրուպ»–ը` 7 մլրդ դրամով։ 5-րդը «Փրիթի ուեյ» ընկերությունն է` 6 մլրդ 545 մլն դրամով։ 6-րդ տեղում «Վայդբերրիզ»-ն է` 5 մլրդ 697.5 մլն դրամով, հաջորդում է «Սիթի»-ն՝ 5 մլրդ 171 մլն-ով, 8-րդը «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ն է՝ 4 մլրդ 469 մլն-ով, 9-րդը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` 4 մլրդ 396 մլն դրամով, 10-րդ տեղում «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը՝ մոտ 4 մլրդ-ով։ Ցանկում ներառված չէ ԶՊՄԿ-ն, որը սովորաբար գլխավորում է ցանկը։ Ընկերությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ պատճառը նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձն է։ «2024թ.-ի արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն։ Հենց այդ պատճառով առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել ԶՊՄԿ-ի հարկերի մակարդակը հնարավոր չէ, պետք է դիտարկել տարեկան ցուցանիշների կտրվածքով, քանի որ իրական հարկային վճարումներն ամբողջությամբ կերևան տարվա վերջում։ Նախորդ տարվա հարկային կանխավճարների ճշգրտումն ամփոփվում է առաջին եռամսյակում՝ արդեն վերջնական հաշվետվության հիման վրա։  Բնականաբար, հաջորդ եռամսյակում՝ արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով, անկասկած, ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում»։  ՊԵԿ-ից ևս Sputnik Արմենիային հայտնել են, որ Կոմբինատը ցանկում չի ներառվել 2024 թ. արդյունքներով հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերության պատճառով։ ՊԵԿ-ից հայտնում են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է  387 միլիարդ 109 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել  22 միլիարդ 244 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 123 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 329 միլիարդ 864 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 միլիարդ 230 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 57 միլիարդ 244  միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել շուրջ 22 միլիարդ 986  միլիոն դրամ։
18:08 - 25 ապրիլի, 2025
Երեւան-Կապան թռիչքների օպերատոր ավիաընկերությունը վաճառվել է ԶՊՄԿ-ին
 |hetq.am|

Երեւան-Կապան թռիչքների օպերատոր ավիաընկերությունը վաճառվել է ԶՊՄԿ-ին |hetq.am|

hetq.am: «ՆովԷյր» ավիաընկերությունը, որն առավել հայտնի է Երեւան-Կապան-Երեւան չվերթի կատարմամբ, մեկ ամիս առաջ վաճառվել է հանքարդյունաբերական հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ), ավելի կոնկրետ՝ դրա բարեգործական հիմնադրամին: Նկատենք, որ այս հիմնադրամին է պատկանում նաեւ այն միակ օդանավը՝ չեխական արտադրության L-410UVP-E20-ը (հայկական գրանցումը՝ EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար եւ ապահովում է Երեւանի ու Կապանի օդային կապը: Հիշեցնենք, որ 2015 թ. արտադրված ինքնաթիռը Հայաստան է տեղափոխվել 2018-ին հենց արտադրող ընկերությունից, իսկ օդանավերի հայկական ռեգիստրում գրանցվել է 2019-ին: L-410-ը ձեռք էր բերել ԶՊՄԿ-ն, որը նաեւ ֆինանսավորել է Կապանի օդանավակայանի վերակառուցումը: Այդուհանդերձ, ի սկզբանե ինքնաթիռի սեփականատեր էր նշվել ԶՊՄԿ-ին փոխկապակցված «Գլոբալ Սերվիսիս Գրուպ» երեւանյան ՍՊԸ-ն, սակայն շատ չանցած սեփականատեր գրանցվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը: Այս հիմնադրամը նաեւ Կապանի օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերն է (մնացած 50 տոկոսը պատկանում է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին, որը պետական կազմակերպություն է): Այսպիսով՝ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը ոչ միայն Կապանի «Սյունիք» օդանավայայանի կոնցեսիոներ ընկերությունում մասնակցություն ունի, այլեւ Երեւան-Կապան-Երեւան թռիչքներն իրականացնող օդանավի սեփանակատերն է, վերջերս էլ դարձել է ինքնաթիռը շահագործող ավիաընկերության սեփականատերը:    Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանը «ՆովԷյրը» վաճառել է ԶՊՄԿ-ինՀամո Սահյանի անունը ստացած եւ EK-4117 գրանցումը կրող L-410 օդանավի առաջին (2019-2020 թթ.) շահագործողն «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» (Atlantis Armenian Airlines) ավիաընկերությունն էր, որն ընդգրկված էր «Ատլանտիս» խմբի մեջ: Խմբում ներառված ընկերությունների փաստացի տերը ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում Քաղավիացիայի կոմիտե) պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Նովելի Մարությանն է: 2020-ի աշնանը Մարությանն Atlantis Armenian Airlines-ը օտարեց այլ անձանց՝ փոխարենը հինելով «ՆովԷյր» ընկերությունը, որն էլ դարձավ L-410 ինքնաթիռի նոր շահագործողը: «ՆովԷյրն», ըստ էության, Մարությանի հոր անունն է կրում: Այդուհանդերձ, «Ատլանտիս» խմբի ոչ բոլոր ընկերություններում է որպես սեփականատեր երեւում Արամ Մարությանի անունը: Դրանցից մեկը հենց «ՆովԷյր» ՍՊԸ-ն է, որի միանձնյա տերերը հիմնադրումից՝ 2020-ի հոկտեմբերից ի վեր, ըստ փաստաթղթերի, եղել են Մարությանին փոխկապակցված անձինք՝ Սուրեն Ավագյանը (2020 թ.), Արսեն Ասլանյանը (2020-2022 թթ.), Տիգրան Շահվերդյանը (2022-2025 թթ.): Վերջինս, մասնավորապես, Մարությանի բիզնես գործընկերներից է, ու ժամանակին եղել է Atlantis Armenian Airlines-ի ֆինանսական տնօրենը: Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունից տեղեկանում ենք, որ մեկ ամիս առաջ՝ մարտի 18-ին, Շահվերդյանի փոխարեն «ՆովԷյր» ՍՊԸ-ի միակ սեփականատեր է գրանցվել ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը, որը գրանցված է կոմբինատի հասցեում՝ Քաջարան քաղաքում:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:33 - 16 ապրիլի, 2025
Միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 մլրդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել ՀՀ-ին. Փաշինյան |1lurer.am|

Միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 մլրդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել ՀՀ-ին. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ-ն ունի 21,8 տոկոս փայաբաժին՝ իմ տված խոստման համաձայն: Այս փայաբաժինն ինքնին մի քանի հարյուր միլիոն դոլարի շուկայական արժեք ունի: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս: «2018-2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդող 7-ամյա շրջանի, այսինքն՝ 2011-2017 թվականների հետ համեմատած: Բա թալանի վերադարձը պոզով-պոչո՞վ է լինում: Բայց սա ամենը չէ. 2024-ին ԶՊՄԿ-ն 33 մլրդ 249 մլն դրամի շահաբաժին է վճարել պետբյուջե, այսինքն՝ միայն ԶՊՄԿ-ի շուրջ մեր համբերատար, հետևողական գործողությունների արդյունքում, որը, ընդ որում, միանգամից տեղի չունեցավ, այլ տևեց 3 տարի, միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 մլրդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել ՀՀ-ին, միայն ԶՊՄԿ-ով՝ 1 մլրդ դոլար: Ոչ ուղիղ իմաստով, բայց անուղղակիորեն այս թեմայի հետ կապ ունի Ամուլսարի պրոբլեմը բարեհաջող հանգուցալուծելը, ՀՀ-ի՝ 12,5 տոկոս փայաբաժին ձեռք բերելը և ազդակիր համայնքներին տարեկան 7 մլն դոլար հավելյալ գումար վճարելու պարտավորության արձանագրումը, «ՎիվաՍել» ընկերության վաճառքն ու Կառավարության՝ 20 տոկոս փայաբաժին ձեռք բերելը: «Վիվա Արմենիա» ընկերությունն էլ 2025-ին, բացի վճարված հարկերից, պետբյուջե է վճարել 2 մլրդ դրամ փայաբաժին»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց վերոնշյալ ընկերություններին, որոնց հետ Կառավարությունը համասեփականատեր է: Փաշինյանը նաև նկատեց, որ այս գործընթացում ոչ միայն չի վնասվել ՀՀ պետականությունն ու միջազգային հեղինակությունը, այլև ամեն ինչ արվել է օրինականորեն և անցնցում՝ 100 տոկոսով հավատարիմ մնալով 2018-ի հեղափոխության ընթացքում տրված խոստումներին, այն է՝ «չբեմադրել վրեժխնդրության ու վենդետաների տեսարաններ, այլ հավատարիմ մնալ պետության կայացման ինստիտուցիոնալ ճանապարհին»:
12:52 - 15 ապրիլի, 2025
Ափոփվել են Քաջարան համայնք ՄԻՊ ներկայացուցիչների կատարած այցի արդյունքները

Ափոփվել են Քաջարան համայնք ՄԻՊ ներկայացուցիչների կատարած այցի արդյունքները

Ափոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փետրվարի 6-ին Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները: «Հանդիպումների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, ի թիվս այլնի, բարձրացրել են հարցեր` կապված աշխատավարձերի վերանայման, բժշկական ապահովագրության, աշխատանքային պայմանների, մասնավորապես՝ արտադրամասերում թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկի, փոշու, վիբրացիայի, ինչպես նաև հիգիենայի պայմանների հետ: ՄԻՊ ներկայացուցիչները նաև հանդիպում են ունեցել կոմբինատի հարակից շենքերի բնակիչների հետ: Վերջիններս նշել են, որ ներկայում ԶՊՄԿ-ում զտման կայան է կառուցվում, որտեղ պետք է մշակվեն ընկերության արտադրամասերից գոյացած թափոնները: Ըստ բնակիչների՝ կառուցվող կայանը շատ մոտ է բնակելի շենքին և կարող է բացասական ազդեցություն թողնել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա: Նրանց պնդմամբ՝ Քաջարանում էապես բարձրացել է օդի աղտոտվածության մակարդակը, կայանի հարակից, այդ թվում՝ բնակելի շենքի տարածքում գարշահոտություն է տարածվել: Հավելել են, որ վերոնշյալ հարցի վերաբերյալ նախաձեռնել են ստորագրահավաք: Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին վերաբերող հարցերը Պաշտպանի հանձնարարությամբ հասցեագրվել են համապատասխան տեսչական մարմիններ: Այցի ընթացքում արձանագրվել է, որ կոմբինատի աշխատակիցները պատշաճ իրազեկված չեն գործադուլի կազմակերպման և իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պահանջների վերաբերյալ: Ընդ որում՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերջին շրջանում հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ խնդիրը համակարգային է, վերաբերելի է ոչ միայն կոմբինատի, այլև այլ կազմակերպությունների աշխատակիցներին: Այս համատեքստում Պաշտպանն ընդգծում է, որ պետությունը պետք է շարունակական իրազեկման աշխատանքներ իրականացնի կոլեկտիվ աշխատանքային վեճերի կարգավորման և գործադուլի իրականացման օրենսդրորեն ամրագրված կառուցակարգերի վերաբերյալ: Հարկ ենք համարում նաև նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ իր տարեկան հաղորդումներում անդրադարձել է գործադուլի իրավունքի իրացման խնդիրներին: Այսպես, օրինակ՝ 2023 թվականի տարեկան հաղորդմամբ Պաշտպանը, մասնավորապես, արձանագրել է, որ թեև գործադուլի իրավունքն ամրագրված է, սակայն դրա իրականացման կառուցակարգերը բավականին բարդ են, ինչի արդյունքում գործնականում հնարավոր չի լինում օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ գործադուլ իրականացնել: Գործադուլին առնչվող իրավակարգավորումների համատեքստում թեև որոշակի դրական փոփոխություններ 2023 թվականին իրականացվել են և նվազեցվել են գործադուլի իրականացմանը ներկայացվող պահանջները, սակայն դրանք բավարար չեն գործադուլի իրավունքի՝ միջազգային չափանիներին համապատասխան պատշաճ իրացման տեսանկյունից: Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ պետությունում գործող իրավակարգավորումները չպետք է լինեն այնպիսին, որպեսզի գործնականում խոչընդոտեն գործադուլի միջոցով աշխատողների կողմից համապատասխան խնդիրների բարձրաձայնմանը, իսկ աշխատանքային պայմանների վերաբերյալ հարցերը իրավասու մարմինները պետք է մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնեն և լինեն հետևողական, որպեսզի հնարավորին սեղմ ժամկետում գտնվեն դրանց համակարգային լուծումները»,- ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ  ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։   Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել ութ աշխատակիցների վերաբերյալ։   ԶՊՄԿ-ի մի խումբ աշխատակիցներ մոտ մեկ շաբաթ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ ԶՊՄԿ-ն և դրա արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ աշխատակիցների այդ գործողություններն ապօրինի են, իսկ նրանց պահանջները՝ անիրատեսական։ ԶՊՄԿ-ն նաև հայտարարել է, որ այդ գործողություններին մասնակցում են նաև կոմբինատի հետ որևէ կապ չունեցող անձինք։ ԶՊՄԿ-ն իր աշխատակիցների և կոմբինատի հետ կապ չունեցող անձանց գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդումներ էր ներկայացրել իրավապահ մարմիններին։
19:30 - 10 փետրվարի, 2025
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խոստանում է 20%-ով բարձրացնել աշխատավարձերը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խոստանում է 20%-ով բարձրացնել աշխատավարձերը

ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է այս հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ Այս մասին հայտնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մամուլի ծառայությունից։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ 1. Աշխատավարձի քաղաքականություն Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։ 2. Բժշկական ապահովագրություն Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր և բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։ 3. Աշխատանքային պայմանների բարելավում Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ։ Աուդիտն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման և ձեռքբերման գործընթացը։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։ Հարգելի աշխատակիցներ, կոչ ենք անում վերադառնալ ձեր աշխատավայրերը։ Այս նպատակներին և խնդիրների լուծմանը մենք կարող ենք հասնել միասին։ ԶՊՄԿ-ն միասնական կոլեկտիվ է, և մեր ընդհանուր նպատակն է կոմբինատի արդյունավետ աշխատանքը՝ ի շահ աշխատակիցների բարեկեցության, տարածաշրջանի զարգացման և Հայաստանի բարգավաճման։ Շուրջ 2 շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ էին անում, պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Գործադուլի պատճառով ԶՊՄԿ-ն օրական շուրջ 400 մլն դրամի վնաս է կրել։
12:14 - 10 փետրվարի, 2025
ԶՊՄԿ աշխատակիցները կեսօրին ակցիայի են պատրաստվում. ազատման հրամանները ոչ ոք չի ստորագրել

ԶՊՄԿ աշխատակիցները կեսօրին ակցիայի են պատրաստվում. ազատման հրամանները ոչ ոք չի ստորագրել

ԶՊՄԿ-ի՝ գործադուլ հայտարարած աշխատակիցներն այսօր կեսօրին՝ ժամը 12:00-ին, պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կոմբինատի մոտ։ «Գործատուն փորձում է ճնշել իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով ճնշել այս աշխատավորական ընվզումը, որը սոցիալական արդարության հասնելու համար է։ Կարող ենք ասել, կարծես թե սահլը տեղից շարժվում է»,- սոցցանցի իր էջում հայտարարել է համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։ Նա նշել է, որ իրենց հետ հանդիպել է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, նախատեսվում է հանդիպում Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի ու նրա տեղակալների հետ հանդիպում, առաջարկներ կան ԱԺ ներկայացուցչի կողմից՝ խնդիրը քննարկելու ու արժանապատիվ լուծում տալու։ Մխիթարյանի խոսքով, այսօր ժամը 12-ին պետք է վերահաստատել աշխատակիցների վճռականությունն ու հաստատակամությունը՝ այս աշխատանքային վեճին արժանապատիվ լուծում տալու համար։ «Բոլորս գիտակցում ենք, որ առաջին հերթին վնասներ է կրում աշխատավոր ժողովուրդը, պետությունը, սոցիալական գործընկերությունը։ Ինչպես գիտեք տարածված հաղորդագրությունից, մեր գործընկերներից մի քանիսն ազատվել են աշխատանքից։ Համակարգող խորհրդի անդամներից ոչ մեկ չի ստորագրել աշխատանքից ազատվելու հրամանաը, մենք բոլորս հանդիսանում ենք ԶՊՄԿ աշխատակիցներ»,-ասաց Մխիթարյանը։ Մինչ այդ ԶՊՄԿ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԶՊՄԿ-ն հայտարարում է, որ Ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում մեր աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։ Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին»։ Հիշեցնենք, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը խնդրի վերաբերյալ hայտարարել էր. «Աշխատողներն իրավունք ունեն պայքարելու իրենց արժանապատիվ աշխատանքային պայմանների համար, այդ թվում` գործադուլի միջոցով։ Վերջիններիս հետ երկխոսելու փոխարեն աշխատանքից ազատելն իրավիճակի արհեստական սրում է։ Ուստի անհրաժեշտ է բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում և գրավոր արձանագրել մինչ այժմ բանավոր համաձայնության եկած երեք կետերը` աշխատավարձի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման և ապահովագրության իրական գործարկման վերաբերյալ»։
09:45 - 10 փետրվարի, 2025
ԶՄՊԿ-ի հաղորդումների հիման վրա Քննչականում ինքնիրավչության հոդվածով վարույթ է նախաձեռնվել
 |azatutyun.am|

ԶՄՊԿ-ի հաղորդումների հիման վրա Քննչականում ինքնիրավչության հոդվածով վարույթ է նախաձեռնվել |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեում ինքնիրավչության հոդվածով վարույթ է նախաձեռնվել։ Նշվում է, որ այս պահին նախաքննություն է ընթանում, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա: Կոմբինատից հայտարարել են, որ մեծամասնությունը պատրաստ է եղել անցնել աշխատանքի, սակայն մոտ 70 անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը և այդ հիմքով դիմել են իրավապահներին: Արդեն 10 օր աշխատանքի չվերադարձող ԶՊՄԿ աշխատակիցների գնահատմամբ՝ ընկերությունը այսպիսով փորձում է վախեցնել իրենց։ Գործադուլի մասնակիցները հերքում են, թե խոչընդոտում են վերսկսել աշխատանքները, ասում են՝ ցանկացողը կարող է գնալ գործի։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:12 - 09 փետրվարի, 2025
ԶՊՄԿ-ի գործադուլավորները պնդում են, որ քաղաքական ուժերի հետ կապ չունեն, եւ սպառնալիքների լեզվով հարցը չի լուծվելու
 |hetq.am|

ԶՊՄԿ-ի գործադուլավորները պնդում են, որ քաղաքական ուժերի հետ կապ չունեն, եւ սպառնալիքների լեզվով հարցը չի լուծվելու |hetq.am|

hetq.am: Երեկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ընկերությունն սկսել է անօրինական գործողությունների եւ արտադրության սաբոտաժը հրահրող եւ կազմակերպով մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները: Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել 8 աշխատակցի: Համաձայն ընկերության հաղորդագրության՝ նշված անձինք այլեւս ԶՊՄԿ-ի աշխատակից չեն, եւ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ: «Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր եւ կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների եւ ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ եւ նպաստներ վճարելու հնարավորությունը»,- ասվում է ԶՊՄԿ-ի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԶՊՄԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են սկսել աշխատավարձերի բարձրացման եւ սոցիալական արդարության վերականգնման համար: Ազատված 8 աշխատակիցների թվում են Վահե Մխիթարյանն ու Շավարշ Մարգարյանը, որոնք գործադուլի համակարգող խորհրդի անդամներ են: Երկուսն էլ աշխատանքից ազատման մասին տեղեկացել են ԶՊՄԿ-ի պաշտոնական կայքից: Շավարշ Մարգարյանը նշում է, որ իրեն նաեւ ծանուցում է եկել, որին դեռ չի ծանոթացել: Թե ինչու հարյուրավոր գործադուլավորներից հենց իրենց են ազատել աշխատանքից, Վահե Մխիթարյանը պատասխանում է, որ հարցի հասցեատերն ինքը չէ, այլ ԶՊՄԿ-ն, բայց նկատում է, որ նշված 8 հոգուց 4-ը գործադուլը համակարգող խորհրդի անդամներ են: Շավարշ Մարգարյանի դիտարկմամբ՝ այդ 8 հոգուց 4-ին մեդիադաշտում փորձել են քաղաքականապես պիտակավորել, ինչն էլ, հնարավոր է, դարձել է ազատման պատճառ: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ ԶՊՄԿ-ն մեդիատիրույթում ձեւավորում է դիրքորոշում, թե բողոքի ակցիայի կազմակերպիչները քաղաքական նպատակներ են հետապնդում, ինչն իրականությանը չի համապատասխանում: Գործադուլի մասնակցի փոխանցմամբ՝ իրենց քայլն ի սկզբանե կապ չի ունեցել եւ հիմա էլ չունի քաղաքական ուժերի հետ:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
20:18 - 08 փետրվարի, 2025
Զանգեզուրի կոմբինատի ղեկավարությունն աշխատանքից հեռացրեց գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին
 |azatutyun.am|

Զանգեզուրի կոմբինատի ղեկավարությունն աշխատանքից հեռացրեց գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունն աշխատանքից հեռացնում է գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին։ Ցույցերի ութերորդ օրը կոմբինատը 8 անձանց անուններ է հրապարակել՝ գրելով, թե «անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց են սկսել»։ Աշխատանքից հեռացվածների շարքում է նաև գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը: Նա այս օրերին ամենահաճախ ելույթ ունեցած ցուցարարներից մեկն է։ «Կանխատեսելի քայլ էր, ինչին պատրաստ էինք», - «Ազատության» հետ զրույցում արձագանքեց հեռացված աշխատակիցը, - «Համակարգող խորհուրդն անպայման կփոխի իր մարտավարությունը՝ ըստ կանխատեսված սցենարի: Պայքարը շարունակվում է: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, ամեն ինչ ընթանում է իր հունով»: Բողոքի ակցիաները պատրաստվում են շարունակել վաղը։ Ղեկավարությունը մյուս աշխատակիցներին հորդորում է այսօր ներկայանալ իրենց հերթափոխին ու կատարել աշխատանքային պարտականությունները։ Կոմբինատը սա որպես գործադուլի մասնակիցներին տրվող հնարավորություն է ներկայացնում ու հավելում՝ գործը չպահպանելու նրանց երաշխիքը կախված է աշխատանքն անհապաղ վերսկսելուց։ Հայաստանի թիվ մեկ հարկատուն նաև պնդում է՝ աշխատանքի խաթարման հետևանքով օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս են կրում։ Գործադուլավորներն ի սկզբանե աշխատանքային պայմանների բարելավում էին պահանջում։ Տեսախցիկների առջև և հետևում նրանք դժգոհում են սոցիալական անարդարություններից, իրենց կատարած աշխատանքի դիմաց ցածր վարձատրությունից, իրենց ու կոմբինատի ղեկավարության եկամուտների տարբերությունից։ «Բարելավեն բանվորների աշխատանքային պայմանները, աշխատավարձերի բարձրացում: Արհամարհում են, չեն իջնում մեզ հետ հանդիպելու: Բանվորը ցուրտ ձմեռը՝ 8 օր ցեխի, ձյան մեջ կանգնած, բայց իրենք ալարում են իջնեն, բանվորի հետ հանդիպեն», - ասել էր աշխատակիցներից մեկը: Օրեր անց արդեն ասում են՝ պատրաստ են վերադառնալ աշխատանքի, եթե գրավոր երաշխիք լինի, որ ընկերության աշխատակիցները չեն պատժվելու, իսկ գործը վերսկսելուց հետո էլ կնստեն մեկ սեղանի շուրջ՝ աշխատավարձի հարցը քննարկելու։ Ընկերությունը, փաստորեն, այս նախապայմանը չկատարեց և գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին ազատեց աշխատանքից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նրանց գործողություններն անօրինական է որակում, ցուցարարներն էլ ղեկավարությանն են մեղադրում ոչ իրավաչափ քայլեր կատարելու մեջ։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
20:55 - 07 փետրվարի, 2025
ԶՊՄԿ-ն հայտնում է ութ անձանց աշխատանքից հեռացնելու մասին

ԶՊՄԿ-ն հայտնում է ութ անձանց աշխատանքից հեռացնելու մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից (ԶՊՄԿ) տեղեկացնում են, որ թվով ութ աշխատակից հեռացվել են աշխատանքից։ «Ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։ Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ՝  Մարգարյան Շավարշ Հովհաննեսի,Արշակյան Կարեն Մարութի,Մխիթարյան Վահե Սամվելի,Բաբաջանյան Գոռ Վրեժի,Բաբաջանյան Վահե Վրեժի, Բաբաջանյան Արթուր Վրեժի,Անդրեասյան Կարեն Արկադիի,Աթայան Տիգրան Արշամի։ Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։ Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին Ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ութ օր է՝ շարունակվում է Հայաստանի ամենախոշոր ձեռնարկության՝ Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը. պահանջը աշխատավարձերի բարձրացումն է։ Ընկերությունը անիրատեսական է համարում 50 տոկոսի չափով աշխատավարձերի բարձրացումը։
16:58 - 07 փետրվարի, 2025