ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 13] Կըբե՜ք, ժողովուրդ, կըբե՜ք, լավ բանի հըմար է
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։
[օր 12] Շոուն ստացվեց, հեղափոխությունը պիտի՛ ստացվեր
< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ
[Գոհարիկ Տիգրանյան] Հերթական անգամ հանրակացարանի սենյակումս մահճակալի զսպանակներից պոկեցի մեջքս, որ գնամ Տառաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարան։ Բախտս բերել էր միայն, որ այդ օրը «էլեկտրոնային կառավարումը և ժողովրդավարությունը» առարկայից հերթական դասն ունեի, (դասախոսի նկատմամբ խորը հարգանք էի տածում)։
[Արմեն Գալջյան] Առավոտյան ճամբարում շրջան կազմած լուռ նստել էինք։ Մտանք ուղիղ եթեր, միացրեցինք Սերժի՝ իր համար ճակատագրական ելույթը, լուռ լսեցինք մինչև վերջ և ծափահարաեցինք, որովհետև «իսկապես փառահեղ խոսքեր էին, ժողովրդավարության ճիչն էր այդ խոսքերի մեջ ձուլվում», հատկապես այս հատվածը․ «մեկ մարդը երկու անգամից ավել չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին Հյաստանում»:
[Վահան Կոստանյան] Մեկ օր էր մնում: Թվում էր, թե արդեն բոլորս պիտի հոգնած լինենք, բայց դեռ ճանապարհը նոր պիտի սկսեր: Առավոտյան ֆեյսբուքը հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ ընդունել էի Արարատի առաջարկը՝ իր հետ գնալ ու աշխատել Ազգային ժողովում:
[Գոհարիկ Տիգրանյան] Ծխի ամպը գլխավերևումս, Կիևյան նորամուտ գարնան շողքը վրաս ու ականջակալները ականջներումս մտա վեհաշուք ու հարստությունից պայթող ուսանողությամբ լի համալսարանական կարմիր շենք։ Դասը սկսվեց, ու, ինչպես միշտ, հինգ – վեց հոգով գիտելիք տվող միակ դասախոսին սկսեցինք լսել։ Ձեռքի հետ հետևում էի, թե մեդիա տիրույթում ինչ էր կատարվում՝ ինքս ինձ ասելով. «Չես գնալու, գնալը սխալ է»։ Դասի ավարտին մոտեցա դասախոսիս ու ասացի.
- Պարոն Նոսիկ, ընկերներս արշավ են սկսել ընդդեմ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի։ Շատ հնարավոր է, որ միանամ նրանց, հույս ունեմ, որ կթողնեք հանձնեմ Ձեր քննությունն առանց աղմուկ։
Պատասխանեց.- Կթողնեմ, բայց խոստացիր, որ զգույշ ես լինելու ու հոգ կտանես քո մասին։
Նայեցի վրան ու թեթև ծիծաղեցի.- Կփորձեմ։
[Արմեն Գալջյան] Այօսր Քաղաքացու ծառը տնկելու հերթն էր: Արդեն Երևան հասնելուն մոտ 15 կիլոմետր էր մնացել, և Նիկոլն ուղիղ եթերում ուղերձով դիմեց Հայաստանի բոլոր բնակավայրերին՝ հատ առ հատ անունները կարդալով, և կոչ արեց բոլորին վաղը 18:00-ին լինել Ազատության հրապարակում:
[Վահան Կոստանյան] Ինչպես և նախորդ օրը պայմանավորվել էինք՝ պիտի շարունակեինք իրազեկման ակցիաները ԵՊՀ-ում: Նախորդ օրվա միջադեպից հետո նախապես պայմանավորված ժամին ես ու Հայարփին էինք միայն եկել: Շահենը քնած էր մնացել, մյուսները չկային:
Հայարփիի մոտ տրաֆարետ կար, իմ մոտ էլ ներկ ու ձեռնոցներ: Որոշել էինք, որ պիտի փչենք: Պարոն Առուստամյանը՝ համալսարանի անվտանգության պետը, իր պարտականություններից ելնելով՝ զգուշացրեց, որ չանենք նման բան: Տարկետման ժամանակներից արդեն սովորել էի լուրջ դեմքով գլխով անել նման պահանջներին ու անել ճիշտ հակառակը: Արդարության համար սակայն պիտի նաև նշեմ, որ ակցիաներից դուրս միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել իրար հետ:
Համալսարանի տարածքում ահագին ոստիկաններ կային, որոնց հրահանգված էր կարգուկանոնին հետևել, բայց երևի հավես չունեին բերման ենթարկել մեզ ու ամբողջ ճանապարհին լսել ինձ ու Հայարփիին: Ինձ դեռ մի կերպ դիմանալ կարելի ա, բայց պլշած հայացքով արագ-արագ խոսող Հայարփիի դեմ անգամ Տելեպուզիկները, Սուպերմենն ու Սորոսն են անզոր: Իսկ իրականում տեսարանն ամենաուրախներից չէր: Շատերն էին անտարբեր անցնում։ Ատամներս կռճացնելով ու մտածելով՝ ինչ լավ ա գոնե Հայարփին հետս ա, շարունակում էի փչել: Մի տեսակ ամեն ինչ Սևանի ճակատամարտն էր հիշեցնում: Հեռվից երևում էին լաստերը, որոնք դատարկ էին: Նույն կերպ համալսարանի տարածքում շատանում էին դասադուլի կոչերը, բայց դա երկուսով էինք փչում:
[Արմեն Գալջյան] Քայլերթի ընթացքում տեսանք, որ կառավարական կորտեժ է գալիս մեզ ընդառաջ, որի մեջ, ամենայն հավանականությամբ, Սերժն էր: Նիկոլը վերցրեց թռուցիկների մի խուրձ և շպրտեց այդ սլացող կորտեժի վրա կամ, ինչպես ինքը ասեց ուղիղ եթերում, «ճպցրինք ճակատին»:
[Թագուհի Ղազարյան] Այսօր պիտի սկսեինք դասադուլի իրազեկման ակցիաները: Ցերեկը Հակոբջանյան Անին, Լալայանը, Ղուկասյան Կարը ու էլի մի քանի էրեխեք առաջին անգամ փորձ արեցին փակել Ֆրանսիայի հրապարակը` #ՄերժիրՍերժին-ի անունից, թեև մենք տեղյակ չէինք, բայց մենք լիովին բաց էինք բոլոր էն ակցիաները, որտեղ պահպանվում էին մեր խաղաղ անհնազանդության մեթոդներն ու տրամաբանությունը, ընդունել որպես մերը:
[Սոնա Մնացականյան] Դասի եմ, հետո օֆիսում գործ եմ անում ու զուգահեռ հետևում, թե քաղաքում ինչ ա կատարվում։ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները փակել են Ֆրանսիայի հրապարակը, լարվում եմ, որ տեսնեմ Թագուհին հետներն ա՞, թե չէ։ Չեմ գտնում, գրում եմ, չի պատասխանում։ Մի քիչ հետո Օսիպյանն ա հայտնվում, ցույցի մասնակիցները պահանջում են տեղեկություն տալ բերման ենթարկված իրենց ընկերների մասին։
[Թագուհի Ղազարյան] Դրանից մի երկու ժամ հետո իրազեկման ավտոերթը սկսեցինք, քաղաքում դեռ էդ մի հինգ-վեց ցուցարարի փակած ճանապարհի պատճառով անտանելի խցանումներ էին: Գիտեի, որ ցուցարարներին «բերման էին ենթարկել»: Զանգում եմ Մազմանյան Տիգրանին՝ գիտե՞ս, որ Կարենց բռնել են, ասում է՝ հա, գիտեմ, կողքս ա, ինձ էլ:) Բերման ենթարկելը այդ օրերին նշանակում էր նստեցնել ոստիկանական մեքենան, տանել մի քանի կիլոմետր հեռու ու բաց թողնել:
[Անի Վարդանյան] Երևանում պատրաստվում էին Նիկոլ Փաշինյանենց դիմավորելուն։ Տարբեր իվենթներ էին բացվել։ Ոգևորություն և լավ արձագանքներ շատ կային։ Վատերն էլ քիչ չէին։
Համալսարանում կրկին մեռած մթնոլորտ էր։ Մարդիկ միայն մտածում էին, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 17֊ին ընտրվելու է վարչապետ, և դա անփոփոխ փաստ է։ Դասախոսներս զարմանում էին, որ ես դասերին ներկա էի, քաղաքական իրադարձությունների կիզակետում չէի։ Նույնիսկ մի դասախոս հեգնում էր։ Դրանից շատ էի ներվայնանում, բայց դեռ դուրս գալու մտադրություն չունեի։ Երևի ինչ որ ներքին զգացողություն ունեի, որ իրավիճակը պետք է ստիպի դուրս գալ։
[Սոնա Մնացականյան] Մտածում եմ՝ դե եթե բերման ենթարկվածներ կան, Թագուհին մեջները կլինի, դրա համար էլ չի պատասխանում։ Բայց հետո հենց ուղիղ եթերում տեսնում եմ Թագուհու փիրուզագույն գլուխը դեղին ծխի միջից, եռագույնն էլ ձեռքին․ լրիվ՝ «մշուշի միջից տեսիլ դյութական» ։-)
Մի քանի ժամից պատասխանում ա, որ չանհանգստանամ ու հարցնում, թե Ամերիկայում ոնց եմ։ Ասում եմ՝ ես դեռ Հայաստանում եմ։ Ասում ա՝ բա երբ ես թռնում։ Ասում եմ՝ ամսի 19-ին։ Ասում ա՝ հա՜, հեղափոխությունից հետո։ Պատասխանում եմ՝ ինձ թվում ա՝ առաջ․ ես միշտ քաղաքում չեմ լինում հեղափոխությունների ժամանակ ։-(
[Վահան Կոստանյան] Երեկոյան նախատեսված էր երկրորդ ավտոերթը: Առաջինից հետո արդեն սովորել էի, որ բարձրախոսով ես պիտի խոսեմ ճանապարհին ու իրազեկեմ հաջորդ օրվա մասին: Այս անգամ մարդիկ ու մեքենաները շատ ավելին էին, մարդկանց արձագանքը փողոցում՝ շատ ավելի դրական: Քաղաքացու երգի մեղեդին բոլորիս հույս էր տալիս: Երբ երկար Կենտրոնում պտտվելուց հետո հասանք Մասիվ, Հակոբջանյան Անիի մաման եկավ, որ իրեն տուն տանի: Ահագին կռվեցին, բայց Անին մնաց իր որոշմանը, որ պիտի մեզ հետ գա ճամբար:
[Թագուհի Ղազարյան] Բարսեղյան Հայկի հետ նույն մեքենայում ենք։ Ամբողջ ընթացքում, գլուխը մեքենայից դուրս հանած, Ճանապարհին հանդիպող մարդկանց կոչ է անում․ «Կըբե՜ք, ժողովուրդ, կըբե՜ք, լավ բանի հըմար է»։
[Միքայել Նահապետյան] Երկրորդ ավտոերթը քաղաքում արթնացրեց հաջորդ օրվա սպասումը։ Ավտոերթը շարժվեց դեպի քայլարշավը, ես` չգնացի։ Փոխարենը գնացի Թումոյի այգի` ուր պայմանավորվել էինք հանդիպել, հաջորդ օրվա պլանները հասկանալ։Այգում ցրտեց ու մթնեց, շարժվեցինք Կիևյան, նստեցինք բիստրոյում ու գարեջուր պատվիրեցինք։ Կազմեցինք հաջորդ օրվա պլաններն ու ցրվեցինք։
[Վահան Կոստանյան] Մինչև հիմա չեմ պատմել Գոհարիկի մասին, ում հետ մեր՝ այդ օրերի զրույցները շատ ավելի հարուստ օրագիր կլինեին, քան այն, ինչ գրում եմ հիմա: Ցավոք, նամակները չկան, որովհետև պարբերաբար ջնջել եմ՝ վստահ լինելով, որ ֆեյսբուքս ստուգում են:
[Գոհարիկ Տիգրանյան] Հասա սենյակ՝ ինձ համոզելով, որ չպետք է դասերս կիսատ թողնեմ, ընթացքում պլանավորելով, որ անգամ Հայաստանի գալիս մինիմում 8-երս կան, Նոսիկն էլ համաձայն է հետո քննություն վերցնել։
Որոշումս վերջնական դարձավ ուկրաինական ժամանակով 20.35, երբ ավտոերթի ժամանակ տեսա ընկերներիցս մեկին՝ Էլենին, մամայի հետ դրոշ էր ուզում, որ միանար Աբովյան գնացող ավտոերթին։
[Վահան Կոստանյան] Գոհարիկի՝ «գալիս եմ» նամակը փոխեց ամեն ինչ: Ու ես գիտեի, վստահ արդեն գիտեի, որ հեղափոխություն լինելու ա: Մարդն, ում հետ տարիներ շարունակ երազել էինք հեղափոխության մասին, կիսատ էր թողնում իր համար շատ կարևոր ուսումը Կիևում ու գալիս հեղափոխություն անելու:
[Գոհարիկ Տիգրանյան] Զանգեցի Վահանին ու ասացի, որ փող ա պետք՝ տոմս առնեմ։
[Վահան Կոստանյան] Քարտի վրա ոչ ես գումար ունեի, ոչ ինքը: Մի կերպ պարզվեց, որ մեր ընկերներից Մարիամը բավականաչափ գումար ունի, ու կարող ենք տոմս գնել: Իմ ճանաչած ամենաիրական հեղափոխականը գալիս էր հեղափոխություն անելու:
[Գոհարիկ Տիգրանյան] Երկու րոպե հետո ստացա Մարիամի քարտի նկարը, առա տոմսս ու 12 ժամ հետո արդեն կլինեի Երևանում։
Կուրսեցիս՝ Աղաբեկը գրկեց, Մարին ու Լուսինեն էլ որոշեցին, որ գալիս են իրենց սուրճի ընկերոջը ճանապարհելու։ Նրանց խոստացա, որ խմելու ենք հենց վերադառնամ, միակ հարցն էր՝ տոնելու համար էինք խմելու, թե լացելու էինք իրար գրկած։
Իսկ մայրս սկզբում բարկացավ, անջատեց հեռախոսը, հետո զանգեց և ասաց, որ տոլմա է սարքում ինձ համար։
Մնաց 11ժամ....
[Արմեն Գալջյան] Արդեն գրեթե Երևանի մատույցներում էինք՝ Պտղնիում՝ մեր ընկերներից Քրիստինե Պողոսյանի առանձնատունն էր, որտեղ և գիշերեցինք: Երևանում հզոր իրազեկման ավտոերթ էր, քաղաքի կենտրոնը կաթվածահար էին արել, իսկ հետո շարժվեցին դեպի Պտղնի՝ մեզ մոտ։
Գնացինք դիմավորելու․ ինչքան ակտիվիստ կար եկել էր, կարելի է ասել՝ ակտիվստների աշխարհի հավաքականն էր: Շատ հզոր լիցք հաղորդեց դա մեզ, արդեն վստահ էինք, որ Երևան մտնենք, հաստատ կա մարդկանց մինիմալ աջակցություն գործողություններ սկսելու համար, չնայած մենք մոտ 5000 մարդ էինք կանխատեում ապրիլի 13-ին, և այդպես էլ եղավ:
[Վահան Կոստանյան] Հասանք Պտղնի, որտեղ բոլորի տրամադրությունը շատ բարձր էր: Պողոսյան Քրիստենց Պտղնիի տնին կնախանձեր ոստիկանության յուրաքանչյուր բաժին՝ միանգամից էդքան աննորմալ իր հարկի տակ ունենալու համար: Նման հոգատար մթնոլորտ դժվար էր պատկերացնել, բոլորը բոլորի մասին հոգ էին տանում՝ Չալոյից մինչև վերջին անծանոթը:
[Թագուհի Ղազարյան] Պտղնիում Քրիստինեենց տանն էին կանգ առել, ավտոերթով գնացինք էդ տուն, բնական ա, շատ-շատ էինք կոորդինացնող խումբ ձևավորելու համար, տան հետնաբակում ազատ տեղ կար, այ էնտեղ հավաքվեցինք ու սկսեցինք քննարկել:
Ամենաառաջին բանը, ինչ ասեց Փաշինյանը, հետևյալն էր, որ ամենայն հավանականությամբ էստեղ ներկա բոլորս մի ամիս հետո նստած ենք լինելու: Բայց հետդարձի տեղ չկա: «Եթե ձեր մեջ կա մեկը, որ վախենում ա դատվել, որ վախենում ա նստել, վախենում ա սեփականություն կորցնել, վախենում ա, որ ընտանիքի անդամներին, ընկերներին կվնասեն, սեփականություն, գույք կկորցնի, վերջապես, եթե կա մարդ, որ վախենում ա վիրավորվել կամ մեռնել, խնդրում եմ, հիմա ասեք. որևէ մեկը ձեզ չի մեղադրի, բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ կհասկանանք»:
[Վահան Կոստանյան] Վախ ունեի, որ ոստիկանությունը կարող է գործողություն իրականացնել այդ գիշեր: Իմ վախը երևի ունեին բոլորը, բայց բոլորս լուռ էինք:
[Թագուհի Ղազարյան] Նիկոլն է: Պտղնիում ենք: Երկու նախաձեռնություններից կոորդինացնող խումբն ենք ձևավորում: Մեռնելուց չեմ վախենում, մտքումս Մաթևոսյանն ա` մեռնելը դժվար է, ուզենաք էլ չեք մեռնի: Ավելի հավանական ա, որ կնստեմ, դա իր դրական կողմերն ունի, վերջապես ինչ-որ տևական ժամանակ հանգիստ կլինեմ, կկարդամ, կգրեմ:Մինչդեռ ես էս մտքերով եմ, նկատում եմ, որ շուրջս եղած 12-15 մարդկանցից ոչ մեկը չի շարժվում տեղից, չի պատախանում: Բոլո՞րն են մտածում, թե ինչ ունեն կորցնելու: Խոսակցությունը շարունակվում ա հավանական ու անհավանական սցենարների մոտիվներով: Ուղեղումս հնչում ա` ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս…
Քննարկման ժամանակ ամենաանցանկալի, բայց հավանական երեք սցենարներից մեկը էն էր, որ մեզ շարունակելու են արհամարհել, ուրեմն մենք ինքներս պետք ա ինտրիգ ստեղծենք, Նիկոլը ասաց՝ մտածում եմ գնամ ԵՊՀ, ռեկտորին հաթաթա տամ, գուցե ուսանողությունը դրանից դուխովանա, զգա, որ մեջքներին մարդ կա կանգնած, կպաշտպանի իրենց ամեն պարագայում, Դավիթն ասաց՝ ուզում ենք գնանք ԴԱՀԿ շենքը բլոկենք, ԴԱՀԿ-ն շատ քաղաքացիների դժգոհության վայրն է, միգուցե դա մոտիվացնի մարդկանց։ Էս երկրորդն էդպես էլ չեղավ, ինչպես գիտեք:
Ու, իհարկե, որոշվեց Ֆրանսիայի հրապարակը վերցնել, ինչո՞ւ, որովհետև ո՛չ Ազատության հրապարակը, ո՛չ Բաղրամյան պողոտան առանձնապես չէին անհանգստացնում իրենց, կարող էին թողնել, որ ամիսներով փակես ու նստես, առավել ևս, որ իրենց գործը մի չորս օր էր՝ մինչև Սերժին ընտրեին: Բայց Ֆրանսիայի հրապարակի հետ կապված փորձ ունեինք, տասնհինգ թվին Վովա Գասպարյանը հենց Պրոսպեկի էդ հատվածը փակելիս էր, որ կորցրեց հավասարակշռությունը ու հունից դուրս եկավ, իսկ մենք ընդամենը կես ժամով էինք փակել: Հիմա մենք փակելու էինք Պրոսպեկտը, Բաղրամյանը, Սայաթ Նովան, շատ ուզելու դեպքում՝ Մոսկովյանը, Թումանյանը, Սարյանը: Անհնար էր, որ հունից դուրս չգային, դա էր մեր հույսը: Իհարկե իրենք նույնիսկ դա ահարամրհեցին, բայց սա արդեն ուրիշ պատմություն է:
Մյուս վախենալու սցենարն էն էր, որ սահմանին անկայունություն կստեղծեն, չեն խորշի անգամ լայնամասշտաբ պատերազմից, Նիկոլն ասաց՝ էս մեկը չքննարկենք, դու պատերազմական իրավիճակում գնում ես ընտրությունների՞: Չի կարա տենց բան լինի, չենք թույլ տա՝ առավել ևս պատերազմի ժամանակ: Ասաց՝ եկեք անհավաական սցենարներ չքննարկենք, խելքին մոտ բաներից խոսենք:
[Վահան Կոստանյան] Այգում՝ ծառի տակ տեղի ունեցավ մերժիրսերժինենց հետ վերջին քննարկումը Երևան մտնելուց առաջ,ու բոլորս ցրվեցինք մինչև հաջորդ վճռորոշ առավոտ:
[Թագուհի Ղազարյան] Էդ օրը ֆիքսեցինք էդ խումբը՝ որպես որոշումներ կայացնող, ու միմյանց մանդատ տվեցինք մեկնումեկիս բացակայության դեպքում որոշումներ կայացնել էնքան մարդով, ինչքան որ էդ պահին տարածքում կլինի:
Նիկոլլը մինչև վերջին պահը հավատարիմ մնաց թիմի ու թիմակից լինելու գաղափարին, անգամ էն ժամանակ, երբ պոտենցիալ վարչապետ էր: Դա ամենաշատն էր հիացնում իրա մեջ, իր մասին ինչ ասես լսել էի, բայց անձնական շփումը մենակ դրական տպավորություններ էր թողնում, հատ-հատ բոլորին լսում էր քննարկման ժամանակ, երբեմն երկար լռում էր, մինչդեռ քննարկողները իրար հետ կռիվ-բանավեճ էին անում, լռում լսում էր, մի տեսակ միշտ ցածրաձայն, նույնիսկ կասեի՝ դուխաթափ տպավորություն էր թողնում քննարկումներին, բայց հենց բարձրանում էր հարթակ, կերպարանափոխվում էր, ինչ-որ գերբնական էներգիա ու լավատեսություն էր իջնում վրան ու սկսում էր շատ, շատ սիրուն էդ խոսացություններից, անգամ հակադիր կարծիքներից սելեկցիա արած կարևոր բաները ասել:
Իր գլխավոր հատկությունը լսել կարողանալն էր, թիմային լինելը:
[Արմեն Գալջյան] Նկատել էինք, որ երկու մեքենա է շրջում Քրիստինեի տան մոտ, հավանաբար ԱԱԾ-ից էին։ Անկեղծ ասեմ՝ մեզ մոտ մի փոքր անհանգստություն առաջացավ, որ հնարավոր է այս գիշեր բոլորիս բերման ենթարկեն, և մենք ոտքով չհասնենք Երևան, չնայած ոչ մի իրավական հիմք չկար դրա համար: Բայց մեր անհանգստությունն անտեղի էր․ առավոտյան լուսացրինք նույն վայրում:
[Միքայել Նահապետյան] Գիշերը քնել չեմ կարողանում։ Գիտեմ, որ ինչ էլ լինի, էլ հետդարձի ճանապարհ չկա` կամ հաղթում ենք, կամ պիտի աղոթենք, որ նստեցնեն։Նորից գլխումս անհաջողակ ապուշի կանխավարկածն է։ Գիտեմ, որ եթե նույնիսկ 300 հոգի հավաքվի, պիտի գնանք մինչև վերջ։ Ասել Սուրոյի «վերջին կռվի շորերը հագնելու ենք ու կամ էս կողմ կամ էն կողմ»։
[Թագուհի Ղազարյան] Գիշերն ընկերներիցս մեկը տեքստ է ուղարկում, որ սրբագրեմ: Տեքստը ծայրից ծայր տրամաբանված, հիմնավորված, փաստարկված պատմություն է այն մասին, թե ինչու էս շարժումից ոչինչ դուրս չի գալու: «Կարապը, խեցգետինը ու գայլաձուկը»: Կետադրություն, ուղղագրություն նայում եմ, համարյա ոչինչ չկա սխալ, հետ եմ ուղարկում ու ասում, որ անհանգստանալու կարիք չկա, շատ մաքուր տեքստ է:
Հարցնում է՝ իսկ բովանդակությո՞ւնը: Ասում եմ՝ հենց բովանդակություն լինի, կքննարկենք: Հրաժարվում եմ ընդունել ձախողման հիմնավորումն իբրև բովանդակություն: Ընդհանրապես այդ օրերին խուսափում եմ քննարկել հնարավոր ելքերի մասին թեմաները: Գիտեմ, որ իրենցն ավելի տրամաբանական է ու հիմնավոր, բայց դրանց հակադարձելու էներգիա և ռեսուրս չունեմ:
[Միքայել Նահապետյան] «Լավ էլի» խմբի ալբոմը վերջանում է։ Մտածում եմ, որ էդ երգերն էլ են պարտության խրոնիկայից, որ ինչքան կռիվ ենք ունեցել, միշտ հաղթանակի մասին երգերով ենք սկսել, ու հետո էդ երգերը պարտության մեջ լսելով՝ երազել հաջորդ շանսի մասին, որ նորից երգեր գրենք ու նորից պարտվենք։ Էս անգամ մեր պայքարի երգը պարտության մասին է` ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս... Չբռնե՞նք հաղթենք։
19:41 - 12 ապրիլի, 2019