Թրամփի հատուկ բանագնացը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Պուտինի՝ ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու պահանջը
|news.am|
news.am: ԱՄՆ-ն Ռուսաստանի մտահոգությունները ՆԱՏՕ-ի արևելք ընդլայնման վերաբերյալ «հիմնավորված» է համարում և պատրաստ է քննարկել այս հարցը՝ որպես Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման մի մաս, ասել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ «Սա այն հարցն է, որը Ռուսաստանը միշտ կբարձրացնի։ Նրանք խոսում են ոչ միայն Ուկրաինայի մասին։ Նրանք խոսում են նաև Վրաստանի և Մոլդովայի մասին։ Եվ մենք ասում ենք. լավ, մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի ձեր սահմանը դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է», - ասել է Քելլոգը ABC News-ին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը մնում է Թրամփինը։
Քելլոգը նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները դեմ է Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք հրավիրելուն։ «Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա։ Եվ [դաշինքի] բոլոր 32 երկրները պետք է համաձայնվեն անդամակցությանը», - ասել է Թրամփի հատուկ դեսպանորդը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը, որը նախատեսել էր Ռուսաստանը։ «Մենք կտեսնենք, թե ինչի կհասնենք, երբ հաջորդ շաբաթ Ստամբուլում մեր քննարկումները ունենանք», - եզրափակեց Քելլոգը։
Նախկինում ռուսական բարձրաստիճան աղբյուրները Reuters-ին հայտնել էին, որ Պուտինը պահանջում է, որ արևմտյան երկրները «գրավոր» պարտավորություն տրամադրեն` ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու և այդպիսով «պաշտոնապես բացառելու Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային» դաշինքի անդամակցությունից։ Պուտինը նաև պնդում էր Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ռուսախոս բնակիչների պաշտպանության վրա։ Ինչպես նշել էր աղբյուրներից մեկը, եթե Պուտինը չհասնի իր պայմաններով խաղաղության համաձայնագրի, նա կփորձի ցույց տալ, որ «վաղը ավելի ցավոտ կլինի» Ուկրաինայի համար։ Նրա խոսքով՝ Կրեմլը կարծում է, որ Ռուսաստանը կարող է տարիներ շարունակ պայքարել՝ անկախ նրանից, թե ինչ պատժամիջոցներ կկիրառի Արևմուտքը և ինչ տնտեսական դժվարություններ կհետևեն դրան։ ՆԱՏՕ-ն չընդլայնելուց բացի, Պուտինը նաև պահանջում է, որ Կիևը լիովին հանձնի ռուսական բանակի կողմից մասամբ օկուպացված չորս շրջանները՝ Լուգանսկը, Դոնեցկը, Զապորոժիեն և Խերսոնը։
11:58 - 30 մայիսի, 2025