ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն հայտարարատուի կողմից անմիջականորեն վճարվելու դեպքում

Հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն հայտարարատուի կողմից անմիջականորեն վճարվելու դեպքում

Սոցիալական ծախսերի դիմաց 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ փոխհատուցումից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ վճարումը հիմնավորող փաստաթղթում որպես վճարող հանդիսանա հայտարարատու ֆիզիկական անձը։ Բացառություն են կազմում դասագրքե­րի վարձակալության նպատակով կատարված ծախսերը և աշխատողից հատուցում ստանալու պայմանով գործատուի կողմից ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կա­տարված ծախսերը։ Կոմիտեից հիշեցնում են՝ եթե սոցիալական ծախսը փաստացի կատարել է այլ անձ, սակայն՝ հայտարարատուի միջոցներից, ապա հայտարարատուն կարող է օգտվել փոխհատուցումից, բացառապես այն դեպքում, եթե սոցիալական ծախսերի դիմաց վճարումները կատարվել են 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
12:38 - 30 մայիսի, 2025
Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա ռեժիմով

Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա ռեժիմով

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ) ապրանքների մաքսային սպասարկումը երկրի ներսում 2025 թվականի հունիսի 1-ից կիրականացնի շուրջօրյա` առանց հանգստյան օրերի (24/7) ռեժիմով։ Ի՞նչ հնարավորություն կտա բարեփոխումը ԱՏԳ մասնակիցներին Բարեփոխման արդյունքում 2025 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների մաքսային հայտարարագրերը մաքսային մարմնի կողմից երկրի ներսում կընդունվեն, կսպասարկվեն և ապրանքները բաց կթողնվեն շուրջօրյա՝ ցանկացած օր և ցանկացած ժամի։ Գործառույթը կիրականացվի մաքսային մարմնում հատուկ այդ նպատակով առանձնացված աշխատակիցների կողմից։ Հիշեցնենք, որ մինչ այս բարեփոխումը` երկրի ներսում արտահանման գործընթացը սպասարկվում էր միայն աշխատանքային օրերին և միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` արտահանման ձևակերպումները կարող էին իրականացվել միայն պետական սահմանի անցման կետերում, ինչն իր հերթին անցման կետերում հանգեցնում էր լրացուցիչ ծանրաբեռնվածության  և հերթերի: Ի՞նչ  առանձնահատկությունների մասին պետք է տեղյակ լինել գործիքակազմից օգտվելու համար Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունից արտահանման  մաքսային ձևակերպումները հիմնականում իրականացվում են Երևանում և Վանաձորում տեղակայաված մաքսային մարմիններում, ինչպես նաև պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում, ուստի, արտահանվող ապրանքների շուրջօրյա ռեժիմով մաքսային սպասարկումն իրականացվելու է Երևանում և Վանաձորում, ինչպես նաև «Բագրատաշեն» անցման կետի մոտակայաքում գտնվող Տավուշի մարզի Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստում։ Աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ երկու կետերին. Երևան քաղաքում աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին, ապրանքների բացթողումն առայժմ իրականացվելու է միայն հետևյալ ժամանակավոր պահպանման պահեստներից․ «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ՓԲԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ ք. Երևան, Արարատյան 62/23, ծածկագիր՝ MHT00036), «Վալենիսա» ՀՁ ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ ք. Երևան, Շիրակի 43, ծածկագիր՝ MHT00007): Լոռու և Տավուշի մարզերում աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին արտահանվող ապրանքների ապրանքների բացթողումն իրականացվելու է․ Վանաձորում տեղակայված մաքսային սպասարկման սրահից (հասցե՝ ք. Վանաձոր, Մոսկովյան 44, ծածկագիր՝ 05100030), Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստից (հասցե՝ Տավուշի մարզ, ք. Այրում, գործարարների 10, ծածկագիր՝ MHT00018)։ Ի՞նչ է անհրաժեշտ իրականացնել արտահանվող ապրանքների մաքսային սպասարկումը շուրջօրյա (24/7) ռեժիմով կազմակերպելու համար Հայտարարատուի կողմից աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսային հայտարարագրի և տարանցիկ հայտարարագրի (ТТ ТС) ապրանքների գտնվելու վայրի վերաբերյալ դաշտում նշել համապատասխանաբար․ «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ՓԲԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (ծածկագիր՝ MHT00036), «Վալենիսա» ՀՁ ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (ծածկագիր՝ MHT00007), ք․Վանաձորում տեղակայված մաքսային հսկողության գոտի (ծածկագիր՝ 05100030), ք. Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ Տավուշի մարզ, ք. Այրում, գործարարների 10 (ծածկագիր՝ MHT00018))։  Նախքան հայտարարագրի գրանցումն իրականացնելը՝ մաքսային բոլոր վճարների (պետական տուրքի) վճարումը և «90009» դասակարգչի ներքո կցել վճարումը հիմնավորող փաստաթղթերը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել գործունեությունը` կարճ ժամանակում ավարտելով մաքսային գործին առչվող գործընթացները։ Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունից ելքի ուղղությամբ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և հերթերի առաջացումը նվազեցնելու նպատակով` Կոմիտեն հորդորում է արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին արտահանումների ձևակերպումները հնարավորինս իրականացնել երկրի ներսում:
11:24 - 30 մայիսի, 2025
54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ
 |1lurer.am|

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Այս պահի դրությամբ 54 հազար հայտարարագիր լրացրած ունենք, որից 23 հազարը սոցիալական կրեդիտ է ստացել: Այդ մասին ասաց ՊԵԿ նախագահը՝ ներկայացնելով 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները: «2 միլիարդից ավելի սոցիալական կրեդիտներ են ստացել մեր քաղաքացիները»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ մի շարք որոշումներ են կայացվել, որոնց շնորհիվ սահուն է դարձել հայտարարագիր լրացնելու գործընթացը, նաև ստեղծվել են համապատասխան ուղեցույցներ: ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Հարկային մարմնի հավաքած գումարի մասով 12,7 տոկոսանոց աճ է արձանագրվել, մաքսային մարմնի հավաքած գումարի մասով՝ 25,3 տոկոս աճ: «Հունվար-ապրիլի կտրվածքով 14 տոկոսանոց աճ կա անցած տարվա հունվար-ապրիլի նկատմամբ, որը ենթադրում է 120 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ անցած տարվա այդ ժամանակահատվածի համեմատությամբ»,- ասաց նա:
16:53 - 22 մայիսի, 2025
Բացահայտվել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Բացահայտվել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում են համաձայնեցված և  ունեն բարեկամական կապ։ Այս տնտեսվարողները արտադրել են նաև զինվորական համազգեստի նմանվող  հագուստներ, որոնք, ըստ ձեռքբերված նախնական տվյալների, վաճառվել են հիմնականում որսորդական խանութներին: Համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ այս  տնտեսվարողները 2020-2024 թթ ընթացքում թաքցրել են շուրջ 3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Կատարվել է  պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 900 միլիոն դրամի վնաս: Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով ՊԵԿ hետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը հաղորդում է ներկայացրել  Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՊԵԿ-ը շարունակելու է հետևողական պայքարը` հարկային կարգապահության խախտումները բացահայտելու ուղղությամբ՝ այսպես  նաև պաշտպանելով  օրինական բիզնեսի շահերը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
12:06 - 13 մայիսի, 2025
ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային ստորաբաժանումների միջև համակարգված և կայուն փոխգործակցության ամրապնդմանը՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացման, մաքսային հսկողության և ձևակերպումների պարզեցման և օպտիմալացման շրջանակում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնելու համատեղ ջանքերը՝ բեռների տեղափոխման գործընթացներն առավել արագ և դյուրին իրականացնելու ուղղությամբ, այդ թվում՝ բեռնատարների սպասարկման թողունակությունը բարձրացնելու առումով, հաշվի առնելով՝ Ագարակ սահմանային անցման կետի ընթացիկ վերակառուցումը։ Երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք ներդրման մասով ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։ Քննարկվել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը՝ որպես մաքսային ձևակերպումների և բացթողնման գործընթացների արագացմանը միտված նորարարական մոտեցում, ինչի գործառնական շրջանակը առաջիկայում առավել կհստակեցվի։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման հարցին և հաստատել իրենց պատրաստակամությունը՝ այս ուղղությամբ բանակցություններ սկսելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասով։ Կողմերը գոհունակություն են հայտնել արձանագրված արդյունքներից և փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ փոխգործակցությունն ինչպես ղեկավար, այնպես էլ փորձագիտական մակարդակներում։ Երկկողմ հանդիպման ավարտին ստորագրվել է հանդիպման արդյունքների մասին արձանագրություն», - հայտնում են նախարարությունից։
21:47 - 08 մայիսի, 2025
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային
 |news.am|

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիային: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս կոնվենցիան ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում: Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը: Այս որոշումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Կառավարության կողմից գործուն քայլեր են իրականացվելու կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրությունն ընդլայնելու նպա-տակով:
11:45 - 08 մայիսի, 2025
Շրջհարկ վճարողները 1-ին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը ներառյալ

Շրջհարկ վճարողները 1-ին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը ներառյալ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում եղել են բացառապես շրջանառության հարկ վճարող, 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար ամբողջությամբ վճարել են շրջանառության հարկը, նույն ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը գերազանցի առևտրական գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսը կամ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով ունենան չնվազեցված ու փոխանցված գումար, դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին են ներկայացրել 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։ Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողներն առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են ստանալ փոխհատուցում՝ վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ձևավորվող իրացման շրջանառության 5 տոկոսի տարբերության չափով, և լրացուցիչ փոխհատուցում՝ վճարված շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5 տոկոսի տարբերության չափով, եթե ունեն նաև 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկից չնվազեցված և փոխանցված գումար, բայց ոչ ավելի, քան փոխանցված գումարի 1.375-ապատիկը։ Աջակ­ցու­թյունից օգտվելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել դիմում՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։ Դիմումն առաջին եռամսյակի համար պետք է ներկայացնել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ երկրորդ եռամսյակի համար՝ մինչև օգոս­տոսի 1-ը ներառյալ:
14:56 - 30 ապրիլի, 2025
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ: «Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և հաճախ չի տրամադրում համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր։ Նման գործելաոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը։ Տվյալների ճշգրտման և իրացման իրական ծավալների բացահայտման նպատակով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող այս ընկերության վաճառքի կետերում իրականացվել են միաժամանակյա միջոցառումներ: Տեղում ձեռք են բերվել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող կարևոր փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել նախնական ֆինանսական վերլուծության համար։ Հաշվարկներն ուշագրավ են. ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ: Արդյունքում, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով: Հիմք ընդունելով հաղորդման փաստերը՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթային և օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակում իրականացվել են խուզարկություններ ընկերության իրավաբանական և գործունեության հասցեներում, որոնց արդյունքում առգրավվել են նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ նյութեր։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ստվերային տնտեսության և հարկային կարգապահության խախտումների դեմ պայքարը շարունակվելու է՝ նպատակ ունենալով բացահայտել և կանխել նմանատիպ դեպքերը»,-ասված է հաղորդագրության մեջ։
13:36 - 29 ապրիլի, 2025
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, այն գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն

ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, այն գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ընկերությունը առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 19 մլրդ 901 մլն դրամ։ Ցանկում 2–րդը «Մոբայլ սենթր արթ»-ն է` 16 մլրդ 591 մլն դրամ հարկային մուտքերով, 3-րդ՝ «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ 12 մլրդ դրամով, 4-րդում` «Սի Փի Էս էներջի գրուպ»–ը` 7 մլրդ դրամով։ 5-րդը «Փրիթի ուեյ» ընկերությունն է` 6 մլրդ 545 մլն դրամով։ 6-րդ տեղում «Վայդբերրիզ»-ն է` 5 մլրդ 697.5 մլն դրամով, հաջորդում է «Սիթի»-ն՝ 5 մլրդ 171 մլն-ով, 8-րդը «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ն է՝ 4 մլրդ 469 մլն-ով, 9-րդը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` 4 մլրդ 396 մլն դրամով, 10-րդ տեղում «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը՝ մոտ 4 մլրդ-ով։ Ցանկում ներառված չէ ԶՊՄԿ-ն, որը սովորաբար գլխավորում է ցանկը։ Ընկերությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ պատճառը նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձն է։ «2024թ.-ի արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն։ Հենց այդ պատճառով առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել ԶՊՄԿ-ի հարկերի մակարդակը հնարավոր չէ, պետք է դիտարկել տարեկան ցուցանիշների կտրվածքով, քանի որ իրական հարկային վճարումներն ամբողջությամբ կերևան տարվա վերջում։ Նախորդ տարվա հարկային կանխավճարների ճշգրտումն ամփոփվում է առաջին եռամսյակում՝ արդեն վերջնական հաշվետվության հիման վրա։  Բնականաբար, հաջորդ եռամսյակում՝ արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով, անկասկած, ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում»։  ՊԵԿ-ից ևս Sputnik Արմենիային հայտնել են, որ Կոմբինատը ցանկում չի ներառվել 2024 թ. արդյունքներով հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերության պատճառով։ ՊԵԿ-ից հայտնում են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է  387 միլիարդ 109 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել  22 միլիարդ 244 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 123 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 329 միլիարդ 864 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 միլիարդ 230 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 57 միլիարդ 244  միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել շուրջ 22 միլիարդ 986  միլիոն դրամ։
18:08 - 25 ապրիլի, 2025
Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ․ ՊԵԿ

Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԻՀ-ից մուտք գործող բեռնատարում առկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք: «Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Ագարակ» սահմանային անցման կետում ՀՀ քաղաքացի Ա.Վ.-ի կողմից շահագործվող «KAMAZ» մակնիշի բեռնատար մեքենան ենթարկվել է զննության: Արդյունքում, տրանսպորտային միջոցի բեռնախցիկի կողային և դիմային պատերին հատուկ հարմարեցված թաքստոցներից, մեքենայում առկա բեռի տակ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված` տարբեր տեսակի 7300 տուփ ծխախոտ: Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են: Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` համաձայն «Մաքսային կանոնների մասին» օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշների։ Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն` հետագա ընթացքն ուսումնասիրելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
12:13 - 25 ապրիլի, 2025
Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ը

Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման և եկամտային հարկի վճարման ժամկետները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։   «Մասնավորապես, 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման համար ժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։   Նույն կերպ վերանայվել են նաև եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները, մասնավորապես՝ 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի վճարման վերջնաժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ հետագա՝ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը։   Միաժամանակ, նախատեսվել է կարգավորում՝ համաձայն որի, այն ֆիզիկական անձը, որը մինչև եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման վերջնաժամկետը (2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար՝ համապատասխանաբար մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը) դիմել է Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար, սակայն մինչև նշյալ վերջնաժամկետը չի ստացել նույնականացման քարտը, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնում է կամ եկամտային հարկը վճարում է մինչև նույ­նականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառ­յալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
18:01 - 22 ապրիլի, 2025
ՊԵԿ նախագահը շնորհավորական խոսք է ուղղել ՀՀ քաղաքացիներին Հարկ վճարողի օրվա առթիվ

ՊԵԿ նախագահը շնորհավորական խոսք է ուղղել ՀՀ քաղաքացիներին Հարկ վճարողի օրվա առթիվ

Հայաստանի ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական խոսք է ուղղել ՀՀ քաղաքացիներին Հարկ վճարողի օրվա առթիվ, նշելով՝ «հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «մեր մեծ ընտանիքի բյուջեում»՝ ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն և բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն»։ ՊԵԿ նախագահի շնորհավորական խոսքը ստորև․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու հարկերի բարեխիղճ վճարման առաքելությունը։ Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «մեր մեծ ընտանիքի բյուջեում»՝ ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն և բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն։ Իսկ բարեխիղճ հարկ վճարելը հոգատարություն ու պատասխանատվություն ստանձնելն է, այդպիսի կյանք ապահովել ներկա և ապագա սերունդների՝ մեր երեխաների համար, որը համոզված եմ, յուրաքանչյուրդ զգում եք ձեր հոգու խորքում։ 21-րդ դարը լի է տուրբուլենտությամբ ու անորոշություններով, բայց նաև Հայաստանի համար մեծ հնարավորություններով, որտեղ հանրային ծառայության և հանրային ինստիտուտների առաջնորդող դերն ավելի է ընդգծվում։ Այդ դերի լիարժեք իրացման հարցում ձեր կողմից հարկերի բարեխիղճ վճարումն անկյունաքարային նշանակություն ունի, քանի որ միայն այդպես է հնարավոր կառուցել դիմակայուն անվտանգային համակարգեր, դինամիկ զարգացող տնտեսություն, աշխարհի հետ անխափան կապ ապահովող տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներ, ունենալ առողջ ու կիրթ հասարակություն և դրան սպասարկող ենթակառուցվածքներ, շարժվել 21-րդ դարի թվայնացման հեղափոխական տեմպերի առջևից։ Պետական եկամուտների կոմիտեն՝ մենք, խորը գիտակցելով ստեղծված իրավիճակը, ստանձնել ենք հանրային ծառայության մեր մասի առաջնորդության պատասխանատվությունը։ Աշխատանքային օրը սկսելով «Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում» կարգախոսի ներքո՝ մենք հետևողականորեն բարեփոխում ենք վարչարարական գործիքները, պարզեցնում, արագացնում և թվայնացնում ձեզ մատուցվող ծառայությունները, ներդնում վերլուծական նոր գործիքներ, շարունակաբար կրթվում, որպեսզի, հնարավորինս քիչ ժամանակ ծախսելով, կատարեք հարկերի բարեխիղճ վճարման ձեր առաքելությունը։ Մեր գլխավոր նպատակը մարդակենտրոն, խելացի, արդար և հզոր հարկային և մաքսային համակարգերի ձևավորումն է, որտեղ յուրաքանչյուր հարկ վճարող կզգա պետության աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը։ Հետևողականորեն արմատախիլ ենք անում համակարգի բարի համբավն արատավորող ցանկացած դրսևորում, կոշտ արձագանքում անօրինական և անբարեխիղճ ցանկացած դրսևորման: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ հարկերի վճարման համար և լիահույս եմ, որ բարեխղճության դրսևորումը կվարակի բոլորիդ և 22-րդ դարին ընդառաջ մենք միասին կկերտենք 21-րդ դարին հարիր մարդակենտրոն պետական եկամուտների ծառայություն։ Մենք ձեզնից մեկն ենք, հոգատար ենք ձեր հանդեպ և ակնկալում ենք հոգատարություն մեր և ապագա սերունդների հանդեպ։ Համոզված եղեք, որ ձեր հարկերը կամ ներդրումները «մեր մեծ ընտանիքի» բյուջեում ապահով ձեռքերում են։ Կրկին սրտանց շնորհավորում եմ», - նշված է հայտարարությունում։
13:24 - 19 ապրիլի, 2025
Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց։ Այս մասին հայտնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն։ «Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: Արդյունքում կցորդի հատվածում նկատվել են կասկածելի զանգվածներ։ Այս տեղեկությունը փոխանցվել է Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն և համատեղ  շարունակվել է բեռնատար մեքենայի և կցորդի մաքսային զննությունը՝ օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ և ծառայողական շներ: Կցորդի հատակի հատվածում հայտնաբերվել է գաղտնարան, ուր տեղադրված է եղել ավելի քան 85 կգ  կշռող 112 փաթեթ` լցված «հաշիշ» տեսակի թմրամիջոցի զանգվածով։ Դրանք փաթեթված են եղել  թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով և փայլաթիթեղով:  Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի Վ․Հ․-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունքի մարզային քննչական վարչություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Վ․Հ․-ն ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Ներկայում  ՊԵԿ,  ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության և Քննչական կոմիտեի  աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվում են լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` թմրամիջոցները ՀՀ տարածքում ստացող, դրա հետագա իրացումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով», - նշված է հայտարարությունում։
11:31 - 15 ապրիլի, 2025