ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Ժաննա Անդրեասյանը:

Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն․ քննարկվել են համագործակցության ծրագրերը

Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն․ քննարկվել են համագործակցության ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնակցությամբ կայացել է ԵՄ-Հայաստան կրթական ոլորտի երկխոսության տեխնիկական կոմիտեի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կրթության ռազմավարության իրականցման ընթացքը և ԵՄ-ի բյուջետային աջակցության առաջընթացը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով գործընկերների հետ երկխոսությունը ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի և կրթության ոլորտում բարեփոխումների շրջանակում: «Կարևոր ենք համարում խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ կրթության բարեփոխումների ուղղությամբ, ինչպես նաև մշակույթի ոլորտում երկխոսության կայացմամբ, լեզվական քաղաքականության ոլորտում եվրոպական փորձի ակտիվ ներգրավմամբ, երիտասարդական քաղաքականության իրականացմամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս հանդիպումը հնարավորություն կընձեռի ամփոփելու բարեփոխումների առաջընթացները և արձանագրելու այն դժվարությունները, որոնք ծագում են կրթության զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքում: Որակյալ կրթության հասանելիության ապահովում «Մեր ծրագրերն իրականացվում են մի քանի ուղղություններով, և դրանցից մեկը որակյալ կրթության հասանելիության ապահովումն է, և այս ուղղությամբ մասնավորապես, կարևոր է ՀՀ կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում արդեն իսկ որոշակի դպրոցներ և մանկապարտեզներ հանձնվել են շահագործման և որոշակի թվով երեխաներ հնարավորություն ունեն ավելի լավ պայմաններում կրթություն ստանալու: Սեպտեմբերին բավականին մեծ ծավալով նոր ուսումնական հաստատությունների բացում ենք նախատեսում և հուսով ենք, որ մինչ 2026 թվականը մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խոստացած բոլոր ցուցանիշները լիարժեք ապահովվեն։ Հասանելիության տեսակետից հատկապես ուզում եմ շեշտադրել, որ մեզ համար շատ կարևոր թիրախ է նաև բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթության ապահովումը: 2024 թվականի ամփոփ տվյալներով արդեն շուրջ 75 տոկոս նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկում է գրանցվել, բայց անելիքներ շատ կան»,- ասել է Արաքսիա Սվաջանը: Ենթակառուցվածքներ Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ հնարավոր չէ խոսել որակյալ կրթության մասին, եթե ենթակառուցվածքները բավարար գույքային ապահովվածություն չունեն: Այդ ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք. «Բոլոր նորակառույց դպրոցները ամբողջությամբ ապահովվում են նոր գույքով, ԲՏՃՄ լաբորատորիաներով։ Բոլոր դպրոցների լաբորատորիաներով հագեցումը պետք է ավարտվի մինչև 2026 թվականի ավարտը: Այս պահին շուրջ 650 դպրոցներ ապահովված են լաբորատոր ենթակառուցվածքով։ Լաբորատորիաների հիմնումը ԵՄ բյուջետային աջակցության մեր թիրախներից մեկն է»,- նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով նաև ներառականության ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ «Դպրոցական սնունդ» ծրագիր Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքներին՝ նշելով, որ բոլոր մարզերում տարրական դասարանների տաք սնունդ է ապահովվում։ Նախատեսվում է տաք սննդի փորձնական ծրագիր իրականացնել միջին դպրոցում՝ ծնողական համայնքի հետ համագործակցությամբ: Կրթության բովանդակություն «Կրթության բովանդակության ապահովումը ամենակարևոր առաջնահերթություններից է՝ բոլոր մակարդակներում բարելավել կրթությունը և բնականաբար նախադպրոցական, դպրոցական նաև մասնագիտական կրթության ոլորտում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում՝ կրթության բովանդակությունը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով»,- նշել է Արաքսիա Սվաջյանը: Կրթական հաստատությունների կառավարում Նախարարի տեղակալի նշմամբ՝ կրթական հաստատությունների կառավարման արդյունավետությունը բարեփոխումների կարևոր ուղղություններից է, ինչից և կախված է կրթության որակը: «Այս ուղղությամբ բավականին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցներում, որտեղ ներդրվել է կառավարման նոր համակարգը: Այս տարվա ավարտի դրությամբ ավելի քան 500 դպրոցներ անցած կլինեն կառավարման նոր համակարգի, և սա ևս ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի թիրախներից մեկն է: Բայց այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ տնօրենների նշանակման, տնօրենների հավակնորդների կարողությունների զարգացման հետ կապված»,- հայտնել է նախարարի տեղակալը՝ նշելով, որ ԵՄ տեխնիկական աջակցության շրջանակում իրականացվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» փորձնական ծրագիրը՝ դպրոցների տնօրենի պաշտոնին հավակնողների համար։ Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ «Մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈւ/ համակարգում հատկապես կարևորում ենք մասնավորի հետ համագործակցությունը, որը, վստահաբար, կառավարման տեսակետից առավել մեծ հնարավորություններ է ստեղծելու նաև որակի բարձրացման առումով»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը: Դասավանդողների կարողությունների զարգացում, վերապատրաստումներ Որպես կրթության որակի վրա ուղղակի ազդեցություն՝ Արաքսիա Սվաջյանն առանձնացրել է դասավանդողների կարողությունների զարգացումը, որն իրականացվում է ատեստավորման տարբեր ձևաչափերով: Նրա տեղեկացմամբ՝ ԵՄ տեխնիկական աջակցության շրջանակում ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ իրականացվել են էլեկտրոնային դասընթացների մշակման աշխատանքներ. այժմ նախատեսվում է դրանք թվայնացնել։ Ամփոփելով խոսքը՝ Արաքսիա Սվաջյանն իրազեկել է, որ քննարկումների փուլում են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները: Երիտասարդության ոլորտի նոր օրենքի ընձեռած հնարավորությունների մասին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է վերջերս ուժի մեջ մտած «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքին, որը, ըստ նրա, իրականացվել է ոչ միայն երիտասարդների համար և երիտասարդների հետ, այլև երիտասարդների կողմից՝ ընդգրկելով երիտասարդական հասարակական կառույցների և 1000-ից ավելի անհատ երիտասարդի: Այդպիսով, օրենքի մշակման գործընթացում ապահովվել է բարձր մասնակցայնություն: Արթուր Մարտիրոսյանը հակիրճ ներկայացրել է օրենքի ընձեռած հնարավորությունները: «Երիտասարդական քաղաքականության առանցքում երիտասարդների կարողությունների զարգացումն է, ակտիվ քաղաքացիության ձևավորումը, մարզաբնակ երիտասարդների ինքնիրացման հնարավորությունների ընդլայնումը: Օրենքով սահմանված է ՀՀ համայնքներում երիտասարդական կենտրոնների առկայությունը, որն այժմ ակտիվորեն իրականացվում է պետություն-ՏԻՄ-մասնավոր հատված համագործակցությամբ: Հաստատվել է կենտրոնի ուղեցույցը, մշակվում են գործունեության մեթոդաբանությունը, երիտասարդական աշխատողի համակարգի ներդրումը, երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցության մեթոդաբանությունը: Խրախուսելով երիտասարդական նախաձեռնող խմբերին՝ նպատակն է նպաստել տարածքային համաչափ զարգացմանը, հնարավորություն տալ ինքնակազմակերպվող երիտասարդներին ապագայում ձևավորելու հասարակական կազմակերպություն, հիմնադրամ և այլն»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նախաձեռնող խմբերին աջակցության մեթոդաբանության մշակումը ներառված է «ԵՄ-ն հանուն կրթության» բարեփոխումների ծրագրում: Զուգահեռ իրականացվել է ՏԻՄ-երի և քաղհասարակության ներկայացուցիչների կարողությունների զարգացման ծրագիր: Իրականացվում է նաև երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիր. այս տարի նախորդ 24-ի փոխարեն կվերապատրաստվի 50 մասնակից: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը նշել է, որ Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները ԵՄ պատվիրակության օրակարգում են, և ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը: «Ծրագրերի նոր շրջափուլ է մեկնարկում 2025-2027 թվականների համար: Ներկայում կարևոր է արձանագրել այն առաջընթացը, որ գրանցել ենք, որպեսզի հստակեցնենք հետագայում իրականացվելիք կարևոր քայլերը»,- ասել է նա: Աշխատաժողովի ընթացքում տեղի է ունեցել նաև ԵՄ տեխնիկական աջակցության, ըստ բաղադրիչների, արդյունքային ցուցանիշների քննարկում։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍՆ ոլորտային պատասխանատուները ներկայացրել են հանրակրթության, միջին մասնագիտական կրթության, բարձրագույն կրթության, երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը և հիմնական արդյունքները։
23:02 - 26 հունիսի, 2025
Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն ավելի քան արդարացրել է իր գործունեությունը, և ձեր մասնակցությունը ռազմավարական որոշումների քննարկմանը մեզ համար շատ կարևոր է»: Անդրադառնալով օրակարգի առաջին՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» հարցին՝ Ժաննա Անդրեասյանը խորհրդանշական է համարել, որ հարցի համազեկուցող հանդես է գալիս հասարակական սեկտորի ներկայացուցիչը, քանի որ երիտասարդական քաղաքականության ոլորտում նախարարությունն իրապես մասնակցային քաղաքականություն է վարում, և հասարակական կազմակերպությունները և կառույցները դիտարկվում են՝ որպես համահավասար գործընկերներ. «Դրա վառ օրինակը «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքն է, որը մշակվել է համատեղ ջանքերով: Այս առումով այն դարձել է ուսանելի փորձ, և տարբեր միջազգային գործընկերներ մեզ դիմում են՝ ՀՀ փորձն ուսումնասիրելու նպատակով: Սա իսկապես ուրախալի է, քանի որ գործընկերության այս որակն է նաև, որ թույլ է տվել նման արդյունք ունենալ: Երիտասարդական կենտրոնների քաղաքականությամբ շատ կարևոր խնդիր ենք փորձում հասցեագրել՝ ՀՀ կառավարությունը մարզերում նախևառաջ տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն է վարում, և այդպիսի միջավայրերի ձևավորումն առաջին հերթին դառնում է երիտասարդների կարողությունների զարգացման, նրանց համախմբման, տարաբնույթ ծառայություններից ու ծրագրերից օգտվելու գործոն: Կան բնակավայրեր, որտեղ ձևավորված երիտասարդական կենտրոնները, ցավոք, գրեթե միակ հնարավորությունն են երիտասարդների համար որպես հանրային միջավայր՝ միասին որոշակի գաղափարներ քննարկելու: Մեր շատ բնակավայրեր զերծ են այդ հնարավորությունից, և երիտասարդական կենտրոնների քաղաքականությունը միտված է նաև լրացնելու այդ բացը: Ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն ներկայացնելու մեր անելիքներն այս ուղղությամբ և լսելու ձեր կարծիքներն ու առաջարկները»,-նշել է նախարարը: Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների հարցը տևական ժամանակ քննարկվել է, ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը. «Փորձել ենք հասկանալ, թե ինչ է առհասարակ նշանակում անվտանգությունը դպրոցներում, և ինչ հիմնական բաղադրիչներ այն ունի: Խոսքը թե՛ ֆիզիկական անվտանգության, թե՛ ընդհանուր առմամբ դպրոցներում ապահով միջավայրի ձևավորման մասին է: Այս հարցում, իհարկե, մոտեցումը չի կարող միատեսակ լինել, որովհետև, օրինակ՝ բոլորովին այլ խնդիրներ ունենք, երբ խոսում ենք մեծաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների կամ ավագ դպրոցների մասին, որտեղ համախմբված են դեռահասության տարիքում գտնվող մեծ թվով պատանիներ: Այլ է խնդիրը, երբ խոսում ենք փոքր դպրոցների մասին, որոնք տեղակայված են ավելի մեկուսացված բնակավայրերում, իսկ մեկ այլ անվտանգության հարց է, երբ դպրոցը, օրինակ՝ տեղակայված է փողոցների բանուկ հատվածներում: Իրականում անվտանգության խնդիրը բազմաշերտ երևույթ է՝ տարբեր բաղադրիչներով»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նախատեսվում է հաստատել դպրոցների անվտանգության ստանդարտներ և դրանց համեմատ՝ քարտեզագրել դպրոցների խնդիրները և սահմանել լուծման ճանապարհները: «Սա նաև միջգերատեսչական աշխատանք է. ոստիկանության բարեփոխումների գործընթացում ձևավորվել է համայնքային ոստիկանություն, որը, կարծում եմ, դպրոցների անվտանգության ստանդարտի կարևոր մաս պետք է լինի: Հատկապես վերջին շրջանում դպրոցներում տեղի ունեցած մի քանի միջադեպեր վկայում են նման ստանդարտների հրատապության մասին, հետևաբար ցանկանում ենք նաև հասարակական խորհրդում այս հարցը քննարկել և լսել ձեր կարծիքներն ու առաջարկները»,-նշել է նախարարը՝ ներկաներին մաղթելով շահագրգիռ քննարկում: Օրակարգի առաջին հարցը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ երիտասարդական միջավայրի ուղեցույցի մշակումը բխում է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի տրամաբանությունից և դրա կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրից: «Դեռևս 2022 թվականին նախարարի հրամանով հաստատվել էր երիտասարդական միջավայրի մասին ուղեցույցը, որտեղ սահմանվել էր երիտասարդական կենտրոնների գործունեության շրջանակը: Նշվել էր, որ դրանք պետք է ապահովեն երիտասարդների կարողությունների զարգացումը, ակտիվ քաղաքացիական կեցվածքը և դիրքորոշումը, ինտելեկտուալ ժամանցի անցկացումը, ինչպես նաև հանդիսանան տեղեկատվական հարթակներ՝ ոչ միայն ԿԳՄՍՆ, այլ տարբեր այլ գերատեսչությունների և տեղական ու միջազգային կառույցների ներկայացրած ծրագրերը հանրությանն արդյունավետ ներկայացնելու և այդ ծրագրերի առաջնային շահառուներ դառնալու տեսանկյունից: Կարևոր է, որ համայնքները ձևավորեն երիտասարդական կենտրոններ՝ գործընկերների հետ համագործակցությամբ կամ նպաստեն դրանց հիմնմանը: Հուսով եմ, որ երիտասարդական կենտրոնները տարեցտարի կբարձրացնեն իրենց գործունեության արդյունավետությունը, որին էլ միտված նաև երիտասարդական միջավայրի ուղեցույցի նոր տարբերակի մշակումը»,-նշել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին նոր ուղեցույցի մշակման համար, որն իրականացվել է ԵՄ «Երիտասարդները գործելիս. Հայաստանի երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում: Որպես նշյալ հարցի համազեկուցող՝ հանդես է եկել նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը: Ներկայացնելով երիտասարդական միջավայրի ուղեցույցի նախագիծը՝ նա նշել է, որ ուղեցույցի նպատակն է ապահովել հստակ ու միասնական մոտեցում՝ երիտասարդական միջավայրի ընդհանուր նկարագրի և գործառույթների վերաբերյալ, ինչպես նաև ծառայել որպես մեթոդական ուղեցույց՝ երիտասարդական կենտրոնների և տարածքների գործունեության արդյունավետ կազմակերպման և դրանց կողմից մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովման համար։ Ըստ բանախոսի՝ ուղեցույցի մշակման հիմք են հանդիսացել ոլորտային փաստաթղթերի ու նյութերի ուսումնասիրությունը, տեղական ու միջազգային, ինչպես նաև հայաստանյան երիտասարդական տարբեր կազմակերպությունների փորձի և տարածքների գործունեության դիտարկումները, ինչպես նաև 2022 թվականին հաստատված ԿԳՄՍՆ համանման ուղեցույցը: Ուղեցույցում ներկայացված են երիտասարդական միջավայրի հնարավոր գործառույթները, այն է՝ երիտասարդական կենտրոն և երիտասարդական տարածք: Ըստ այդմ՝ երիտասարդական կենտրոնն իրականացնում է շահառուների իրազեկվածության մակարդակի բարձրացում, խորհրդատվություն և ուղղորդում, կարողությունների բացահայտում ու շարունակական անձնային զարգացում, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպում, ինչպես նաև կենտրոնի տարածքից, նյութատեխնիկական ու կրթական միջոցներից օգտվելու հնարավորության տրամադրում։ Երիտասարդական տարածքն ապահովում է երիտասարդների գաղափարների, նախաձեռնությունների իրականացման, նրանց ինքնազարգացման և ժամանցի համար միջավայրի ապահովում, երիտասարդական ծրագրերի, միջոցառումների անցկացում, ինչպես նաև տարածքի, նյութատեխնիկական ու կրթական միջոցների ապահովում։ Արթուր Նաջարյանը ներկայացրել է նաև ուղեցույցով սահմանված երիտասարդական միջավայրի նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսները: Օրակարգի երկրորդ հարցը՝ «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում», ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ վերջերս դպրոցներում տեղի ունեցած մի շարք միջադեպեր հերթական անգամ նախարարության ուշադրությունը սևեռել են ուսումնական հաստատություններում անվտանգ միջավայրի ապահովման հարցի վրա. «Այս տարվա ընթացքում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել. նախ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում լիազորող նորմ ենք դրել, որով պետք է սահմանվեն դպրոցներում անվտանգության չափանիշները: Այնուհետև, մեր համապատասխան կառույցներին հանձնարարվել է մշակել բռնությունների կանխարգելման և դրանց դեպքում արձագանքման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ և ուղեցույցներ: Դրանք արդեն մշակվել են և տրամադրվել դպրոցներին: Հաջորդ տարի նախատեսում ենք հայտարարել անվտանգ և ապահով կրթության տարի, որի շրջանակում մի շարք գործընթացներ ենք պատրաստվում իրականացնել՝ սկսած մեթոդական ուղեցույցների տրամադրումից, որը կվերաբերի մի քանի ուղղություններով անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների, ինչպես նաև ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակներում ապահովությանը: Տարվա խորհրդին համապատասխան՝ նախատեսվում է ամեն ամիս իրականացնել հանրային մեկ միջոցառում և արշավ՝ բարձրացնելու նաև հանրային իրազեկման մակարդակը»: Փոխնախարարը կարևորել է նաև դպրոցի պատասխանատվության հարցը. սեպտեմբերին դպրոցներին կտրամադրվեն ուղեցույցներ և ընթացակարգեր՝ ինչպես արագ արձագանքել դպրոցներում և ընտանիքներում տեղի ունեցած բռնություններին և ինչ քայլեր ձեռնարկել: «Զուգահեռ՝ այդ երկու ուղղություններով մշակվել է դասընթացների սխեմա, որով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը վերապատրաստումներ կիրականացնի ՏՄԱԿ-ների համար, իսկ վերջիններս՝ բոլոր դպրոցների փոխտնօրենների համար: Նախատեսում ենք առաջին կիսամյակում դրանք իրականացնել դպրոցներում, իսկ երկրորդ կիսամյակում՝ նաև նախադպրոցական ուսհաստատություններում: Ներկայում քննարկում ենք նաև մեծաթիվ սովորողներ ունեցող դպրոցների մուտքի սահմանափակման հնարավորության, տարածքի հստակ առանձնացման և այլ հարցեր: Հուսով ենք, որ վերոնշյալ աշխատանքների և համապատասխան իրավակարգավորումների ընդունման դեպքում ուսումնական հաստատություններում կունենանք ավելի ապահով և անվտանգ միջավայր»,-նշել է նա: Զեկույցներից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական զեկուցողներին: Մասնավորապես՝ օրակարգի առաջին հարցի վերաբերյալ դիտարկումները վերաբերել են երիտասարդական կենտրոնների ուղեցույցի մշակման հարցում միջազգային փորձի ուսումնասիրության, նշյալ կենտրոնների տարածքի հաստակ բաշխման, տարածքի պատասխանատուի և գրադարանավարի առկայության, ծրագրի շարունակականության ապահովման և մշակութային հաստատությունների հետ համագործակցության խնդիրներին: Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ հասարակական խորհրդի անդամներին հետաքրքրել են դպրոցների ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, անձնակազմի պատասխանատվության, դասագրքերում անվտանգության կանոնների սահմանման, բուլինգի, այդ թվում՝ կիբերբուլինգի դեմ պայքարի, մեդիագրագիտության բարձրացման, դասղեկների դերի և երեխաների պատասխանատվության վերաբերյալ հարցերը: Նիստի ավարտին նախարարի տեղակալները շնորհակալություն են հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ նշելով, որ բոլոր դիտարկումները հավելյալ կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն։
18:59 - 26 հունիսի, 2025
Այս տարի առաջին դասարան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաները. մեկնարկել է հայտագրումը

Այս տարի առաջին դասարան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաները. մեկնարկել է հայտագրումը

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։ Նշենք, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին՝ ժամը 15։30-ի դրությամբ, արդեն հայտագրվել է ավելի քան 8900 երեխա։ Նախորդ փուլը ներառյալ, որի ընթացքում հայտագրվել էին նույն դպրոց հաճախող երեխաների քույր-եղբայրները և տվյալ հաստատությունում աշխատողների երեխաները, առաջին դասարան հաճախելու համար արդեն հայտագրվել է շուրջ 18 900 երեխա։ Հուլիսի 1-ից կմեկնարկի հայտագրման երրորդ փուլը, որը կիրականացվի haytru.emis.am համակարգի միջոցով՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախող երեխաների համար։ Այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը) կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է: Հայտագրման համակարգը բաց կլինի և կգործի մինչև 2025-26 ուսումնական տարվա ավարտը։ Հիշեցնենք, որ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ տվյալ ուսումնական տարում առաջին դասարան պետք է հաճախեն այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող այն երեխաները, որոնց 7 և 8 տարին լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում: Միաժամանակ ուժի մեջ է մտել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 1640-Ն հրամանով սահմանված՝ դպրոցների ընդունելության կարգի փոփոխությունը՝ https://tinyurl.com/3zubkjvv: Ըստ փոփոխված կարգի՝ բոլոր այն երեխաները, որոնք գործող կարգի համաձայն՝ չէին կարող ուսումնառությունը սկսել 1-ին դասարանից, այլ պետք է սովորեին իրենց տարիքային խմբում, ծնողի դիմումի համաձայն՝ կարող են ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման: Եթե երեխայի մոտ արձանագրվի մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք, ապա երեխան կարող է ընդգրկվել իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը կարող է ընդգրկվել 1-ին դասարանում, 8 տարեկանը՝ 2-րդ դասարանում: Այս դեպքում երեխայի՝ հաստատություն ընդգրկվելն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային հայտագրմամբ, այլ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա, որի համաձայն՝ երեխան ընդունվում է երկրորդ դասարան, այնուհետև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքներից ելնելով՝ կարող է տեղափոխվել 1-ին դասարան: Նոր կարգի համաձայն՝ հստակեցվել են նաև ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության ժամկետները և դեպքերը: ՀՀ տարածքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում դպրոցից դպրոց տեղափոխությունը, ինչպես նաև ուսումնական հաստատություն սովորողների ընդունելությունը կարող է իրականացվել մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը՝ բացառությամբ սովորողի բնակավայրի փոփոխության կամ արտերկրից տեղափոխության դեպքերի։ Հայտագրման գործընթացում առաջնահերթություններից օգտվող՝ սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաներին վերաբերող կարգավորումները համապատասխանեցվել են գործող ձևակերպումներին։ Հստակեցվել են նաև առաջնահերթություն ունեցող շահառուների կողմից տրամադրվող փաստաթղթերի ներկայացման, դրանց հավաստիությունը ստուգելուն և ժամկետներին վերաբերող ընթացակարգերը:
17:52 - 24 հունիսի, 2025
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

ԿԳՄՍՆ-ն, ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների, տեղեկացնում է, որ 2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ համակարգի գործարկման առաջին վայրկյաններին միաժամանակյա հարցումների թիվը գերազանցում է 45000-ը, ինչը նշանակում է, որ միևնույն երեխային տարբեր սարքերից փորձում են հայտագրել: Դրա արդյունքում համակարգն ունենում է մեծ ծանրաբեռնվածություն, և դժվարանում է երեխային նախընտրած հաստատությունում հայտագրելու գործընթացը: Հարգելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ հորդորում ենք՝ մեկ երեխային հայտագրելու համար օգտագործել մեկ սարք։ Խնդրում ենք հայտագրման ժամանակ նման ծանրաբեռնվածության դեպքում պահպանել հանգստություն և ևս մեկ անգամ հանգիստ, առանց ժամանակ կորցնելու՝ փորձել իրականացնել հայտագրումը: Հայտագրման համար նախընտրելի է օգտվել google chrome browser-ից։ Այլ browser-ներ կարող են հայտագրման կայքը բեռնել ձեր սարքի հիշողությունից, որի պատճառով լրացված հայտը կարող է չուղարկվել՝ պարզապես պահվելով սարքի հիշողության մեջ, ինչի արդյունքում հայտագրումը տեղի չի ունենա: Հայտագրման գործընթացը տևում է միջինում 30 վայրկյան: Քանի որ համակարգում կան մեծ պահանջարկ ունեցող դպրոցներ, որոնցում հայտագրելու ցանկություն ունեցող երեխաների թիվն ավելի մեծ է, քան տվյալ դպրոցի համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակը, ապա նշված դպրոցներում հաշված րոպեների ընթացքում լրանում են լիցենզիայով նախատեսված տեղերը, և նոր հայտագրում այլևս հնարավոր չի լինում իրականացնել: Սիրելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ խնդրում ենք ձեր և երեխաների տվյալների համապատասխանության ստուգումն իրականացնել նախօրոք՝ մինչև հունիսի 24-ը, քանի որ առանց տվյալների համապատասխանության ստուգման՝ չեք կարողանալու հայտագրել երեխային։ Տվյալների ստուգումը հավելյալ ժամանակ է պահանջում, և հայտագրման օրը ստուգում իրականացնելու դեպքում շատ հավանական է, որ չհասցնեք երեխային հայտագրել ձեր նախընտրած դպրոցում։ Տվյալների համապատասխանության ստուգումն իրականացվում է stugum.emis.am կայքի միջոցով։ Հայտագրման համակարգը կգործի մինչև 2025-26 ուսումնական տարվա ավարտը։
11:33 - 19 հունիսի, 2025
Ամփոփվել է դպրոցների տնօրենների հավակնորդների «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը

Ամփոփվել է դպրոցների տնօրենների հավակնորդների «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը

Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման հնգամյա ծրագրերը, որոնք արժանացել են գործընկեր կառույցների փորձագետներից կազմված հանձնաժողովի գնահատականին։ Մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ մասնագիտական զարգացման ճանապարհը մշտական ընթացք է։ «Կարողությունների զարգացման դասընթացները լրացուցիչ հնարավորություններ են ապահովում կրթության առաջնորդությամբ և կառավարմամբ հետաքրքրվողների համար՝ հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների կառավարման առումով բարդ փուլում ենք գտնվում և մարդկային ռեսուրսների տեսանկյունից բախվում ենք մի շարք խնդիրների: Տնօրենի պաշտոնի հավակնորդները, լրացուցիչ աշխատանք տանելով, կարող են փորձել ուժերը, աշխատել իրենց վրա և ապահովել ավելի մեծ զարգացում՝ ունենալով իրենց ներդրումը հանրակրթության ոլորտի բարեփոխման և զարգացման գործում։ Վստահ եմ՝ առաջընթաց եք գրանցել ոչ միայն կրթության առաջնորդության կարողությունների ձեռքբերման, այլև կրթության վերաբերյալ աշխարհայացքի, մոտեցումների, որպես անձ վերարժևորվելու և ձեր պլաններն առավել հստակեցնելու տեսանկյունից»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ մասնակիցներին ուղղված խոսքում։ Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակը տնօրենի հավակնորդի կառավարման հմտությունների և զարգացման ծրագրեր կազմելու կարողությունների զարգացումն է։ «Ծրագիրը սկսելիս նաև նպատակ ունեինք ձևավորել վերապատրաստողների համայնք, որի անդամները այս կամ այլ ձևաչափով կիրականացնեն կրթության առաջնորդության գործընթացը: Ուրախ եմ, որ ունենք մասնակիցներ, որոնք առաջընթաց են գրանցել և կարող են վերապատրաստել նոր մասնագետների, նաև հանդես գալ որպես մենթորներ։ Մենթորների վրա մեծ պատասխանատվություն է դրվում, քանի որ նրանք պետք է ուղղորդեն և աջակցեն փորձաշրջանով նշանակված տնօրենին՝ գրանցելու այնպիսի աճ, որ հետագա տարիներին կարողանա արդյունավետ կառավարել տվյալ հաստատությունը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հիշեցնելով, որ համապատասխան կարգում իրականացված փոփոխությամբ՝ տնօրենի պաշտոնում փորձաշրջանով նշանակվելու հնարավորություն է ստեղծվել: Փորձաշրջանի ընթացքում զարգացման ծրագրի իրականացման և մասնագիտական գործունեության աջակցման նպատակով նշանակվում է փորձաշրջանի ղեկավար, որը կարող է լինել նախարարի հրամանով հաստատված մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված՝ տվյալ տարածաշրջանի մենթոր դպրոցի տնօրենը կամ մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ այլ դպրոցի տնօրեն կամ համապատասխան լիազոր մարմնի կրթության վարչության մասնագետը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել՝ ծրագրի մասնակիցների մոտ ձևավորվել է կառավարման, ինչպես նաև մենթորության հմտություններ. «Անկախ նրանից, թե ծրագիրն ինչ արդյունքներով եք ամփոփել, ձեր հմտություններն ու կարողությունները մնայուն են: Վստահ եմ՝ ձեր աջակցության և աշխատանքային գործունեության շնորհիվ կարողանալու ենք ունենալ բարեփոխման ցանկալի արդյունքներ»: Միջոցառմանը մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։ Ծրագրի ղեկավարը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն է։ Ծրագրի շրջանակում մասնակիցներն անցել են ամբողջական բազմակողմանի վերապատրաստում՝ կառավարման մոդելներից մինչև մարդկային ռեսուրսների ու ֆինանսների արդյունավետ կառավարում, ռազմավարական մտածողությունից մինչև գիտելիքը ճիշտ ներկայացնելու արվեստ։ Մասնակիցների խոսքով՝ բացի խորքային գիտելիքներից՝ դասընթացը նաև բաց ու համագործակցային միջավայրում հարցեր բարձրացնելու և լուծումներ ստանալու, ինչպես նաև փորձառու մասնագետներից և միմյանցից սովորելու բացառիկ հնարավորություն էր:
21:33 - 16 հունիսի, 2025
Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

1lurer.am: Նախորդ տարի ունեցել ենք 23 բյուջետային ծրագիր՝ 234 միջոցառումներով, ինչն ահռելի ծավալ է: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Խոսելով ԿԳՄՍ ոլորտում կատարողականի մասին՝ նախարարն ընդգծեց՝ ունենք իրավիճակ, երբ նախարարության համակարգման տիրույթում և բյուջեում արտացոլվում է Կառավարության խոշորագույն ծրագրերից «300 դպրոց, 500 մանկապարտեզ»-ը, որտեղ կապիտալ ծախսերի մասով ունեցել են թերակատարումներ: «Առանց կապիտալ ծախսերի՝ նախարարության կատարողականը կազմել է 98,3 տոկոս»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:  Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ասաց՝ 2023-ի նկատմամբ 2024 թվականի համեմատ նախարարությունն ավելի է կատարել կապիտալ դասակարգվող ծախսերը շուրջ 30 միլիարդ դրամով, սակայն դա ամբողջ պատկերը չէ: Անդրեասյանի խոսքով՝ կապիտալ ծախսերի կատարման ցուցանիշների աճը վկայում է այն մասին, որ ունենք վստահություն, որ բոլոր պլանները, որոնք դրված են նախարարության առաջ, հավակնոտ ծրագրեր են, բայց կուտակված ռեսուրսը և աշխատանքի տեմպը տալիս են վստահություն, որ այն ցուցանիշները, որոնք նախատեսված են Կառավարության ծրագրերով, իրականացվելու են: «Անդրադարձս նաև դպրոցներին և մանկապարտեզներին է: Հնչեցվեցին տարբեր թվեր: Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն, և ես առաջարկում եմ բոլոր թերահավատներին՝ դպրոցներ առաջիկա այցին մասնակցել կազմակերպվող շրջայցերին, գալ և տեսնել աշխատանքների կատարման որակը, ստանդարտը և ծավալը: Վստահաբար, այդ այցերից հետո թերահավատների թիվն էապես կպակասի»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
12:29 - 10 հունիսի, 2025
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր արդյունքների առթիվ՝ ընդգծելով, որ նրանց հաղթանակները շատ ոգևորիչ են։ Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի կազմում հանդես եկած մարզիկները հաջողությամբ մասնակցել են ինչպես ձախ, այնպես էլ աջ ձեռքով մրցումներին՝ տարբեր դասակարգման քաշային կարգերում։ Եվրոպայի 27-րդ առաջնության ձախ ձեռքով մրցումներում ոսկե մեդալին արժանացել են Սարգիս Ստեփանյանը, Վալտեր Հարությունյանը, Գևորգ Համբարձումյանը, Նաիրա Մեսրոպյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել Գուրգեն Անտոնյանը, Վոլոդյա Բազեյանը, Կամո Կարապետյանը։ Աջ ձեռքով մրցումներում հաղթող են ճանաչվել Վալտեր Հարությունյանը, Վոլոդյա Բազեյանը և Նաիրա Մեսրոպյանը։ Գուրգեն Անտոնյանն ու Շահեն Բաբայանը դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Հայկ Ստեփանյանը, Էդվարդ Նիկողոսյանը և Սևակ Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։
11:35 - 08 հունիսի, 2025
Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ

Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ երրորդ նիստին քննարկվել է Արարատի և Լոռու մարզերում գտնվող 7 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկվել են նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։  Արարատի մարզի Արարատ գյուղի ամրոց-բնակատեղի 1, ամրոց-բնակատեղի 2, ամրոց-բնակատեղի 3 (Ք․ա․ V հազ․ - միջնադար) պատմամշակութային օբյեկտները ստացել են հանրապետական հուշարձանի կարգավիճակ, իսկ նույն մարզի Դաշտաքար գյուղի Գյուղատեղին (միջնադար), Ուրցաձորի երկու գյուղատեղիները)՝ տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ։ Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Լոռու մարզի Ահնիձոր գյուղում գտնվող՝ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի բնակելի տանը (XIX դ․ վերջ-XX դ․ սկիզբ)։ Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Ներկայացվել են նաև Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Թղիթ ամրոցի (պետցուցիչ՝ 6.32.1) օգտագործաման հանձնելու հարցը և ամրոցի տարածքում բազմաֆունկցիոնալ զբոսաշրջային համալիրի հիմնման ներդրումային ծրագիրը։
14:44 - 05 հունիսի, 2025
Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները. ՀՀ ԿԳՄՍ նախարար

Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները. ՀՀ ԿԳՄՍ նախարար

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 2-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին: Այն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում:  ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երեխաների ձայնը լսելի դարձնող հարթակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս ձևակերպելու երեխաների ասելիքը, ներկայացնելու նրանց տեսակետներն ու հարցերը: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորմամբ ևս երեխաների մասնակցայնության խնդիր է դրվել: «Ոլորտային ամենակարևոր անելիքներն ու ռազմավարական հարցերը ցանկանում էինք նաև աշակերտների հետ քննարկել, իմանալ նրանց կարծիքը, քանի որ կրթության համակարգի հիմնական շահառուները հենց երեխաներն են: Եթե խոսում ենք կրթության ոլորտի բարեփոխումներից, առաջին հերթին աշակերտներին լսելու կարիք ունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ քաղաքացիների ընդունելության գործընթացին զուգահեռ ԿԳՄՍ նախարարությունում պարբերաբար կազմակերպվում են նաև հանդիպումներ աշակերտների և ուսանողների հետ՝ նրանց հուզող հարցերին անդրադառնալու նպատակով: Նախարարի դիտարկմամբ՝ քաղաքացիների ընդունելության շրջանակում բարձրացվող հարցերն ու խնդիրները սկզբունքորեն տարբերվում են ուսանողների և աշակերտների հետ հանդիպումներում բարձրացված հարցերից: «Չենք կարող առանց այդ միջավայրը ձևավորելու համոզվել, որ կայացվող որոշումներն ու իրականացվող քաղաքականությունն ուղղված են հենց երեխաների կարիքներին: Կարծում եմ՝ երեխաներին ուղղված մեր քաղաքականություններում ամենակարևոր իրավունքներից մեկը երեխաների մասնակցության իրավունքն է: Սա վերաբերում է ամենատարբեր ոլորտներին: Կարևոր է` ամենափոքր տարիքից երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու, ինքնուրույնության և պատասխանատվություն ստանձնելու հմտությունները: Նկատելի է, որ ավելի ինքնուրույն, պատասխանատու և մտածված որոշումներ կայացնող սերունդ է ձևավորվում, ինչը շատ ուրախալի է. սա հանրային զարգացման ամենաուղիղ ճանապարհն է»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարն անդրադարձել է նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքին, որով երիտասարդության նվազագույն շեմ է սահմանվել 13 տարեկանը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հանրային կյանքում երեխաների մասնակցությունը պետք է սկսվի հնարավորինս վաղ փուլում: ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընթացում կազմակերպվել են նաև պանելային քննարկումներ՝ «Երեխաների իրավունքների պաշտպանությունն ու շրջակա միջավայրը», ինչպես նաև «Երեխաների անվտանգությունն առցանց տիրույթում, սոցիալական ցանցերի ազդեցությունը երեխայի հոգեկան առողջության վրա» թեմաներով: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ սրանք ուղղություններ են, որոնց շուրջ հետևողական աշխատանք է իրականացվում: «Երեխաների առցանց անվտանգության հարցը դարձել է, թերևս, օրվա ամենակարևոր խնդիրներից մեկը: Տեսնում ենք, թե ինչպես են փոխակերպվում տարբեր մարտահրավերները թվային տիրույթում՝ սկսած բռնության ձևերից մինչև ամենատարբեր հարցեր: Հետևողական աշխատանք պետք է տանենք, քանի որ կան մինչև վերջ չպարզաբանված խնդիրներ. օրինակ՝ արհեստական բանականության կիրառության արդյունքում ձևավորվող հարաբերություններն ու փոփոխվող համակարգերը »,-ասել է նախարարը: Ըստ նրա` պանելային քննարկման մյուս թեման` շրջակա միջավայրի պահպանությունը, առնչվում է ավելի երկարաժամկետ ռազմավարություններին, որոնցում ևս երեխաների ներգրավվածությունը շատ կարևոր է: Խորհրդի նիստին մասնակցել և ներկաներին ողջունել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: Անահիտ Մանասյանը կարևորել է երեխաների մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում. «Այս միջոցառումը կազմակերպվել է ոչ միայն երեխաների համար, այլև՝ երեխաների անմիջական մասնակցությամբ և ներգրավվածությամբ: Երեխաների իրավունքների պաշտպանությունը մեր կարևոր առաջնահերթություններից է: Սա ոլորտ է, որն ունի ամենօրյա ուշադրության կարիք»: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի դիտարկմամբ՝ երեխաների անվտանգությունն առցանց տիրույթում, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող խնդիրները տեղ են գտել «Երեխայի իրավունքների կոմիտեի» եզրափակիչ դիտարկումներում: Նրա խոսքով՝ Երեխաների իրավունքների կոնվենցիան և եզրափակիչ դիտարկումները կողմնորոշիչ են, թե ինչ անելիքներ կան, և հետագայում ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվել՝ երեխայի իրավունքների բարելավման գործում հաստատուն քայլեր ձեռնարկելիս: «Անհրաժեշտ է հասկանալ յուրաքանչյուրիս պատասխանատվությունն ու դերակատարությունը, որ կարող ենք ստանձնել երեխայի իրավունքների բարելավման ուղղությամբ»,- ասել է Քրիսթինե Վայգանդը: Այնուհետև տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի շրջանակում կազմակերպված պանելային քննարկում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և մաղթել, որ երեխաներն իրենց պաշտպանված և ապահով զգան նաև դպրոցական միջավայրում: Երեխաների իրավունքների համատեքստում Արաքսիա Սվաջյանն առանձնացրել է հատկապես կրթության իրավունքի իրացումը: «ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում, որպեսզի մեր բոլոր տարիքի սովորողների և, մասնավորապես, երեխաների համար՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև մասնագիտական, ապահովվի հասանելի և որակյալ կրթություն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ դպրոցական ծրագրում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ: Սովորողների կողմից էլ հետաքրքրություն է ցուցաբերվում այս աշխատանքներում ներգրավվածության տեսանկյունից: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է դպրոցներում ԲՏՃՄ լաբորատորիաների հիմնումը, որոնք հնարավորություն են տալիս դպրոցականներին տեղում ստուգելու օդի աղտոտվածությունը, խոնավությունը և բազմաթիվ այլ հետազոտություններ կատարել նախագծային աշխատանքների և խմբակների գործունեության շրջանակում: Պանելային քննարկման մասնակիցները պատասխանել են աշակերտների բազմաբնույթ հարցերին, ներկայացրել իրենց դիտարկումները քննարկվող թեմաների վերաբերյալ:
16:50 - 02 հունիսի, 2025
Որեւէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը. ԿԳՄՍ նախարարը՝ վարչապետի հայհոյախառն գրառման մասին
 |news.am|

Որեւէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը. ԿԳՄՍ նախարարը՝ վարչապետի հայհոյախառն գրառման մասին |news.am|

news.am: Ես կարծում եմ՝ վարչապետն ինքը մեկնաբանել է իր գրառումը և ավելացնելու որևէ բան չունեմ։ Այդ մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ «Կրթությունը նորաձև է» արշավի մասնակից, երկրի վարչապետը հայհոյում է հոգևորականին։ «Եթե հանրային ձևավորված խոսույթի մասին եք խոսում, բնականաբար որևէ մեկիս չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է։ Լավ է, որ մենք ուշադիր ենք, արժի, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմերից, այդ թվում, օրինակ, իմ նկատմամբ։ Բնականաբար որևէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը, մենք շատ տարբեր քննարկումներ ենք ունեցել նաև առիթ ենք ունեցել կառավարության նիստում էլ այդ հարցերից խոսել և կարծում եմ՝ ավելի քան պարզ է դիրքորոշումը։ Ես կարծում եմ, որ այն մեկնաբանությունները ու վարչապետի կողմից նաև հավելյալ գրառումները, որ արվեցին, ավելի քան պարզ են դարձնում ասելիքը»։ Ինչ վերաբերում է եկեղեցիների՝ չոլանացված լինելու մասին վարչապետի հայտարարությանը, Ժաննա Անդրեասյանն ասաց. «Մենք ունենք մեր հուշարձանների հանդեպ հոգատարության, այդ թվում հանրային հոգատարության շատ լուրջ խնդիր։ Առաջին անգամ չեմ այդ մասին խոսում, այն տրամաբանությունը, որը գործում է մեր որոշ եկեղեցիներում, թողնում է նման տպավորություն, և ես դրա համար ցավում եմ, ինչպես կարծում եմ, պիտի ցավա մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև եթե մենք արժևորում ենք մեր մշակույթը, առաջին հերթին պիտի մեր կողքը նայենք։ Քանի՞ անգամ եք տեսել ձեր կողքին մարդ, ով որ գտնվում է հուշարձանի տարածքում և, օրինակ, աղբ է գցում։ Քանիսն է մեզնից մոտեցել և ասել, որ դա չի կարելի անել։ Գիտեք, այստեղ կարելի է անընդհատ մեզ դնել զարմացած մարդկանց տեղ և մտածել, որ բացահայտվում են բաներ, որոնք մենք էլ չգիտեինք։ Դա տեղի է ունենում մեր կողքը, մեր բոլորի ներկայությամբ և մասնակցությամբ, և ավելի լավ է, եթե մենք այդ խնդիրներից խոսենք, խոսելու ձևերը կարող են տարբեր լինել, բայց այն, որ խնդիր կա և խնդիրներին պետք է անդրադառնալ, դա կարծում եմ ավելի քան ակնհայտ է»։ Հարցին՝  հայհոյանքը կրթելու գործընթացում օգնու՞մ է, նախարարն արձագանքեց. « Գիտեք, ես հասկանում եմ ձեր հարցադրումների տրամաբանությունը, ոճը, մոտեցումը, ինքս կարծում եմ, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք հանրային խոսույթի նկատմամբ։ Դա դիտում եմ նաև կրթության ուղիղ խնդիրը։ Մենք առիթ ենք ունեցել նաև խոսելու, որ ընտանիքներում են երեխաներին սովորեցնում որոշակի անպարկեշտ բառեր և որևէ կերպ չեմ կարող համարել դա ընդունելի, որովհետև կարծում եմ, որ մենք բոլորս կարող ենք միասին խոսել, քննարկել՝ ունենալով տարաձայնություններ և դա կարող ենք անել մեր լեզվի հարուստ բառապաշարով»։ Նա հավելեց, որ այդ գործընթացը պետք է սկսեն բոլորը։
13:36 - 02 հունիսի, 2025
Ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ ու միասնական աշխատանք. ԿԳՄՍ նախարար

Ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ ու միասնական աշխատանք. ԿԳՄՍ նախարար

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը՝ «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Բացմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։ Համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, միավորել ուսուցչական համայնքի ներուժը, կիսվել ոլորտի նորարարություններով: Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մասնակցության, ինչպես նաև կրթության ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների և դրանցում ուսուցչի դերակատարության վերաբերյալ քննարկումների պատրաստակամության համար: «Նախորդ տարի մեկնարկեցինք ուսուցչական տարեկան համաժողովները, քանի որ ուսուցիչներին և դպրոցներին լսելը, նրանց փորձը դիտարկելը շատ կարևոր ենք համարում։ Նմանօրինակ համաժողովներն առաջին հերթին պետք է դառնան միմյանցից սովորելու, գաղափարներ կիսելու և մասնագիտական հարցեր քննարկելու հարթակներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել համաժողովների մասնակցության շուրջ հետաքրքրության մեծացումը: Նախարարը շեշտել է՝ կրթության ոլորտի վրա մի շարք այլ գործոններ են ազդում, ինչպես օրինակ՝ տեխնոլոգիական և սոցիալական զարգացումը, որն ի հայտ է բերում տարբեր մարտահրավերներ: «Որոշ մարտահրավերների գիտենք՝ ինչպես արձագանքել, որոշների պարագայում, ինչպես օրինակ՝ արհեստական բանականության, դեռևս պարզ չէ՝ ինչպես արդյունավետ արձագանքել, և ինչպես պետք է փոխվի կրթությունն արհեստական բանականության գործիքների կիրառության պարագայում: Ընդ որում՝ մենք արդեն իսկ ունենք սովորողներ, որոնք այդ գործիքները կիրառում են: Պետք է հասկանանք, թե ինչպիսին պետք է լինի դպրոցի և ուսուցչի դերը՝ հաշվի առնելով այդ փոփոխությունները: Ստեղծագործական միտքն ու հարցերի բաց քննարկումը շատ կարևոր են լուծումներ գտնելու ճանապարհին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն այս համատեքստում երեք կարևոր շեշտադրում է արել: Առաջինը վերաբերել է պաշտպանական և անվտանգային հարցերին: «Կրթությունն է, որ կարող է տալ շատ հարցերի պատասխանը և էապես բաձրացնել երկրի անվտանգային մակարդակը՝ առաջին հերթին մրցունակ քաղաքացիներով: Մարդկանցով, որոնք գիտեն, թե ինչպես վարվել տարբեր իրավիճակներում, ճկուն են, ստեղծագործ և ունեն անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ՝ բարդ իրավիճակներում լուծումներ գտնելու: Մրցունակ և պատրաստված քաղաքացի ձևավորելը կրթական համակարգի առաջնային խնդիրն է : Բայց պետք է նաև հասկանանք, որ դպրոցներն իրենք պաշտպանության կարիք ունեն: Այդ պաշտպնությունն առաջին հերթին հանրային խոսույթում կրթության համակարգի հանդեպ նրբանկատությունն է, որի ձևավորումը նաև ջանք է պահանջում: Կրթական համակարգի մասին հանրային խոսույթը պետք է նպաստի խնդիրների լուծմանը՝ առանց նսեմացնելու համակարգում աշխատող մարդկանց և այն ահռելի աշխատանքը, որ արվում է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն առանձնահատուկ շեշտել է նաև ուսուցիչների պաշտպանության խնդիրը. «Տևական ժամանակ մտածել ենք, որ մեր ուսուցիչների և մանկավարժների նկատմամբ ունենք ավանդական հարգանք և հեղինակության ընկալում: Այո, հարգանքը վաստակում են, բայց ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը, որոնք առաջին հերթին անվտանգ և ապահով միջավայրի հարցն են բարձրացնում, շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ և միասնական աշխատանք: Կարիք ունենք փոխելու ծնողների հետ աշխատանքի մեթոդները: Պետք է հասկանալ, թե կրթության կազմակերպման գործընթացում ինչպես պետք է ընդգրկել ծնողներին, որպեսզի այդ աշխատանքից շահի առաջին հերթին երեխան, շահի կրթությունը, և ոչ թե ունենանք իրավիճակ, երբ ծնողների մասնակցությունը վերածվում է կոնֆլիկտի»: Նախարարն ընդգծել է՝ պետք է ապահովվեն օրենսդրական և ինտիտուցիոնալ բոլոր լծակները, որպեսզի ուսուցիչները դպրոցներում լինեն պաշտպանված: «Եթե ուզում ենք դպրոցում ունենալ ուսուցիչներ, որոնք կարողանում են որակյալ կրթություն ապահովել, ապա պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ուսուցիչն իրեն լավ զգա դպրոցում: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ուսուցիչների համար դպրոցը դառնա հաճելի, ապահով և սիրված աշխատանքային միջավայր»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: Նախարարի մյուս կարևոր շեշտադրումը վերաբերել է երեխաների պաշտպանության խնդրին: Նա ընդգծել է՝ խնդիրները ոչ թե անհատական են, այլ համակարգային: «Պաշտպանությունն առաջին հերթին երեխաներին պատրաստվածությունն է՝ խթանելով նրանց ինքնուրույնությունը, ստեղծագործականությունը և նախաձեռնողականությունը: Պետք է բավարար իմաստուն և նրբանակատ լինել և կարողանալ նրանց ուղղորդել՝ առանց ճնշելու, աջակցել՝ առանց վնասելու, հետևել՝ առանց ազատությունը սահմանափակելու: Սա է կրթական համակարգի դերը: Դպրոցական կյանքը չի ավարտվում միայն դասարաններում, և մեր աշխատանքն էլ պետք է չավարտվի դասասենյակում»,- ասել է նախարարը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, փաստել է, որ կրթության ուղին սկսվում է դպրոցից. «Ուսուցիչն աշակերտի առաջին առաջնորդն է, առաջին օրինակն ու առաջին ոգեշնչողը։ Սիրելի՛ ուսուցիչներ, դուք ոչ միայն ուսուցանում եք, այլև ձևավորում եք մտածողության մշակույթ, որն աշակերտն իր հետ բերում է համալսարան։ Այդ մշակույթն է, որ հիմք է դառնում պատասխանատվության, գիտության, նորարարության և առաջընթացի համար։ Մեր աշխատանքները փոխկապակցված են, և դպրոցի աշխատանքից ուղղակիորեն կապված է նաև համալսարանի աշխատանքի որակը»,- ասել է ռեկտորը և հավելել, որ Երևանի պետական համալսարանը միշտ պատրաստ է համագործակցել հանակրթության համակարգի հետ։ Ողջունելով ներկաներին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշել է. «Ուրախ ենք նպաստել Հայաստանում կրթական համակարգի բարելավմանը՝ ԿԳՄՍ նախարարության հետ հաջող համագործակցությամբ աջակցելով կրթության բարեփոխումներին»։ Նա ներկայացրել է իր մանկավարժական փորձը՝ ուսուցիչներին խորհուրդ տալով համագործակցել այլ գործընկեր ուսուցիչների հետ՝ փորձարկելով նորարարական մեթոդներ ու չվախենալով դրանք ձախողելուց։ ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինա Վայգանդը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն ու ԵՄ-ին երկարատև համագործակցության համար։ «Նորարական տեխնոլոգիաները, բացի ռիսկերից, նաև հնարավորություն են ուսուցչիների համար՝ կրթական գործընթացը կազմակերպելիս։ Վստահաբար, դրանք առավելագույնս կնպաստեն ուսուցման որակի բարելավմանը՝ մանկավարժական զարգացման հետ ձեռք ձեռքի քայլելով։ Մեր գործընկերների հետ համագործակցությամբ աշխատում ենք նպաստել այդ միջավայրի ապահովմանը»,- ասել է Քրիստինա Վայգանդը։ Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մենթոր դպրոցների պարգևատրման արարողություն, որին հաջորդել է պլենար նիստ: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևաքսիա Սվաջյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի Ժ/Պ Արտաշես Թորոսյանը՝ ներկայացնելով ոլորտում իրականացվող աշխատանքները, ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման տեսլականը: Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ և աշխատարաններ՝ ուսումնական գործընթացին վերաբերող տարբեր թեմաներով:
15:40 - 31 մայիսի, 2025
Կինոյի տանը տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի փառատոնի փակման արարողությունը

Կինոյի տանը տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի փառատոնի փակման արարողությունը

Կինոյի տանը տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի փառատոնի փակման արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, կինոսեր հասարակության ներկայացուցիչներ:   ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվել է յոթ օր, սակայն Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը շարունակվում է ամբողջ տարին․ «Հայաստանը գտնվում է եվրոպական մշակութային տիրույթում, երկկողմ ձևաչափով համագործակցում է եվրոպական բազմաթիվ երկրների հետ, իսկ Եվրոպական միության հետ մեր երկիրն ունի բազմակողմ համագործակցության օրակարգ։   Վերջերս ավարտվեց Ստեղծարար արդյունաբերության ծրագիրը, որը Եվրոպական միության կողմից ֆիանսավորվող ամենամեծ ծրագիրն է մշակույթի ոլորտում։ Նախաձեռնել ենք Հայաստան-Եվրոպական միություն շարունակական երկխոսություն մշակույթի ոլորտում, որը միտված է եվրոպական երկրների հետ համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանը։ Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության հարթակները շատ կարևոր են, քանի որ մշակույթն է, որ իրապես միավորում է ժողովուրդներին և պետություններին»։   Նա վստահություն է հայտնել, որ մշակութային ծրագրերը կխթանեն Հայաստանի և եվրոպական երկրների միջև միջմշակութային երկխոսությունը, ինչպես նաև կնպաստեն ՀՀ-ում իրականացվող մշակույթի ոլորտի բարեփոխումներին ու ենթակառուցվածքների զարգացմանը։   Անդրադառնալով փառատոնային ֆիլմերին՝ նախարարի տեղակալը նշել է, որ մեկ շաբաթ շարունակ Երևանի Կինոյի տանը հնարավորություն է ընձեռվել դիտելու միջազգային ճանաչում ունեցեղ հեղինակներ Ջոշուա Օփենհայմերի, Ռադու Ժուդեի, Միգել Գոմիշի և այլոց ֆիլմերը։ Եվրոպական ֆիլմերի փառատոնը եզրափակվել է Պաբլո Լարրինի «Մարիա» ֆիլմով:   Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը և Հայաստանի կինոգործիչների միությանը՝ կինոտոնի կազմակերպման համար:   Փառատոնի փակմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:   «Եվրոպական ֆիլմերի փառատոն-2025-ը վերահաստատում է կինոյի հզոր ներուժը՝ որպես կամուրջ, որը միավորում է մշակույթները և մարդկային փորձառության գունեղ ու բազմաշերտ կողմերը։ Փառատոնը նշանավորել է Եվրոպայի և Հայաստանի հարուստ մշակութային բազմազանությունը»,- ասել է դեսպան Վասիլիս Մարագոսը և շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը և բոլոր գործընկերներին փառատոնի կայացման գործում ունեցած ներդրման և գործընկերության համար։ Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվել է մայիսի 24-30-ը Կինոյի տանը:   Հանդիսատեսը 7 օր շարունակ բնօրինակ լեզվով ու հայերեն, անգլերեն ենթագրերով դիտել է «էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25» և «Մարիա» ֆիլմերը:
11:47 - 31 մայիսի, 2025
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը

Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը

91 տարեկանում ԱՄՆ-ում կյանքից հեռացել է հայ օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի, սոպրանո Էլվիրա Ուզունյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։  Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 6-ին Թբիլիսիում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում, ապա տեղափոխվել Հայաստան։ 1962 թվականից հանդես է եկել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կերտելով Անուշի կերպարը՝ Տիգրանյանի «Անուշ» օպերայում, Օլիմպիայի կերպարը՝ Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայում, Ռոզինայի կերպարը՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայում, Վիոլետայի կերպարը՝ Վերդիի «Տրավիատա» օպերայում և շատ ու շատ այլ դերերգեր։ 1978 թվականին արժանացել է Հայաստանի և Վրաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներին։ Էլվիրա Ուզունյանը հաջողությամբ հանդես է եկել նաև աշխարհի տարբեր բեմերում՝ Գերմանիայում, Կանադայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Նա նաև նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Գառնի» (1966թ.), «Երիտասարդության ափը» (1969թ.), «Սպիտակ ափեր» (1975թ.), «Կրկին հինգ օր» (1978թ.), «Հյուրանոց «Տատիկ»» (1980թ.), «Մասնակի դեպք» (1983թ.) և այլն։ Վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ համերգային գործունեությունից զատ, համագործակցելով ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, Բոստոնում ստեղծել և ղեկավարել է «Օգնենք երիտասարդ տաղանդներին» կազմակերպությունը՝ աջակցելով հայ երիտասարդ արտիստների կայացմանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր խորին վշտակցությունն է հայտնում մեծանուն արտիստուհու ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նրա արվեստը հավերժ կմնա հայ մշակույթի և օպերային արվեստի պատմության մեջ։
11:13 - 30 մայիսի, 2025
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շարունակության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հունգարական կողմից՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հուշագրով նախատեսվում է «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիրը, որը ավելի վաղ կնքված հուշագրի համաձայն գործել է 2023-2025 թթ., կշարունակվի նաև հետագա տարիներին: Հուշագրի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը և Հայաստան-Հունգարիա բարեկամական հարաբերությունների խորացմանը: Հունգարական կողմը ՀՀ քաղաքացիների համար առաջարկում է տարեկան առավելագույնը 30 կրթաթոշակ՝ Հունգարիայի բուհերում ինչպես հունգարերեն, այնպես էլ այլ օտար լեզվով ուսումնառության համար: Առաջնահերթությունը տրվում է գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (STEM), ինչպես նաև բժշկության և առողջապահության ու գյուղատնտեսության ոլորտներին։ Կրթաթոշակները տրամադրվում են բակալավրիատում (BA/BSc), մագիստրատուրայում (MA/MSc) և մեկաստիճան մագիստրատուրայում (OTM) առկա ուսուցմամբ, ինչպես նաև դոկտորանտուրայում (PhD/DLA) երեքից տասը ամիս տևողությամբ կրեդիտային համակարգով հեռակա ուսուցում ստանալու համար: Տարբեր մակարդակներում առկա ուսուցման ծրագրերի ցանկը հրապարակվում է «Տեմպուս» հասարակական հիմնադրամի էջում (www.tpf.hu):
18:16 - 27 մայիսի, 2025
Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը

Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը

Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հերթական՝ 2027 թվականի 6-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հարցը:  Համաժողովին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի առաջարկն ընդունվել է միաձայն և ներառվել համաժողովի եզրափակիչ հռչակագրում, որն առաջիկայում  կհաստատվի Ֆրանկո­ֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից: «Մենք ուրախ կլինենք 2027 թվականի հերթական համաժողովն անցկացնել Հայաստանում»,- նշվում է փաստա­թղթում՝ շնորհակալություն հայտնելով մեր երկրին համաժողովը հյուրընկալելու առաջարկի համար:  2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը:   
15:58 - 27 մայիսի, 2025
Մենք ունենք գիտնականներ, որոնք շատ ավելի բարձր վարձատրություն են ստանում, քան պետական պաշտոնյաները. ԿԳՄՍ նախարար
 |1lurer.am|

Մենք ունենք գիտնականներ, որոնք շատ ավելի բարձր վարձատրություն են ստանում, քան պետական պաշտոնյաները. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

1lurer.am: Գիտության ոլորտը մեր Կառավարության ամենակարևոր առաջնահերթություններից է: Պատասխանելով քաղաքացիների տեսահարցերին՝ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ես ուզում եմ հիշեցնել մի քանի պարզ թվեր, որոնք ցույց են տալիս նաև մեր քաղաքականությունն այս ուղղությամբ և, մասնավորապես, ֆինանսավորման ընդհանուր ծավալների աճը, որ 2018 թվականի համեմատ կազմում է 280 տոկոս, և այդ իմաստով արդեն 40.2 մլրդ դրամ ֆինանսավորման մասին ենք խոսում գիտության ոլորտում, ինչը եթե բովանդակային առումով նայենք, ապա մի քանի ուղղություններով էական աշխատանքներ կատարելու հնարավորություն է տվել, և դրանից կուզեի առանձնացնել մի քանիսը: Մասնավորապես՝ մենք գիտության ոլորտում միայն բազային ֆինանսավորմամբ գիտնականների աշխատավարձերի շուրջ 300 տոկոս աճ ունենք: Ֆինանսավորման տրամաբանությամբ բազային աշխատավարձերի իրավիճակ ունենք, երբ մարդիկ ամսական 500 հազար դրամ աշխատավարձ են ստանում, սրան գումարվում են տարաբնույթ դրամաշնորհային ծրագրերը, որոնց շրջանակներում այս գումարը կարող է ընդհուպ կրկնապատկվել: Մենք ունենք գիտնականներ, որոնք շատ ավելի բարձր վարձատրություն են ստանում, քան պետական պաշտոնյաները: Կարծում եմ, որ սա առաջին հերթին ուղիղ ցուցիչ է Կառավարության վերաբերմունքի՝ գիտության ոլորտին»,- նշեց նախարարը: «Մենք բազմապատկել ենք կապիտալ սարքավորումներին ուղղված ծախսերը գիտության ոլորտում, ինչը հնարավորություն է տվել, որպեսզի մեզ մոտ այսօր իրականացվեն այնպիսի հետազոտություններ, որոնց համար նախկինում մեր գիտնականները պետք է գտնվեին արտերկրի լաբորատորիաներում: Մեր գիտությունը դառնում է միջազգայնորեն ավելի մրցունակ: Սա է ցույց տալիս գիտական հրապարակումների ընդհանուր ծավալը, որը մենք տեսնում ենք, և պետք է ասեմ, որ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում մեր հրապարակումների թվերը նախորդ տարեվերջի արդյունքներով պատմական ռեկորդներ են սահմանել: Օրինակ՝ Web of science գիտատեղեկատվական շտեմարանի տվյալներով՝ մեր հրապարակումների թիվը 2024 թվականի տարեսկզբի համար 1205 է եղել՝ նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 40 տոկոսով գերազանցելով: Նմանատիպ արդյունքներ ունենք նաև Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված պարբերականներում հրապարակումների, որտեղ ունեցել ենք 2019 հրապարակում, ինչը 14 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա հրապարակման ցուցանիշը: Սա ցույց է տալիս, որ մեր գիտությունը դառնում է միջազգայնորեն մրցունակ և հնարավորություն է  տալիս, որ այստեղ այնպիսի գիտական արդյունք ստանանք, որը կարող է տեխնոլոգիական և առևտրայնացման տեսանկյունից մեր երկրի տնտեսական զարգացման նոր հնարավորություններ բացել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: 
20:40 - 26 մայիսի, 2025