Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում. կալանքները մեսիջ են պետական ապարատին, որ հանկարծ իրենք որոշում չընդունեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից․ Արսեն Թորոսյան

Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում. կալանքները մեսիջ են պետական ապարատին, որ հանկարծ իրենք որոշում չընդունեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանը այսօր կալանավորվեց։  Այս առիթով Արսեն Թորոսյանը գրել է․ «Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչո՞ւ լավ չի աշխատում պետական ապարատը...Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շուրջ հարուցված քրեական վարույթներով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում ձերբակալություններն ու կալանավորումները հստակ հաղորդագրություն են ամբողջ պետական ապարատին, որ հանկարծ նախաձեռնողականություն չցուցաբերեն տարբեր հարցեր լուծելիս, որոշումներ չընդունեն, անվերջ քննարկումներ անեն տարբեր հարցերի շուրջ, իրենց լիազորությունների շրջանակներում եղած հարցերը չլուծեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից, որովհետև վաղը կարող են հանիրավի մեղադրվել «որոշում կայացնելու համարձակություն» ունենալու համար: Մեր բազմաթիվ հայրենակիցներ են բախվել վերոշարադրյալ խնդրին, ավելին հաճախ լսել այդ չարաբաստիկ արտահայտությունը, որ «վերադասը պետք է որոշի այդ հարցի լուծումը», քանի որ ինքը վախենում է պատասխանատվությունից: Ուրեմն, կովիդի ժամանակ ամբողջ աշխարհում կար մահճակալների դեֆիցիտ և վստահ եմ բոլորն են հիշում այն կադրերը, թե ինչպես են տարբեր զարգացած և հարուստ երկրներում կովիդով հիվանդ պացիենտները «բուժում» ստանում բժշկական կենտրոնների միջանցքներում և բակերում` բաց երկնքի տակ: Եվ որպեսզի մեր մոտ նման իրավիճակ չստեղծվի կառավարությունը որոշեց, որ ամեն ինչ անելու ենք հնարավորինս շատ մահճակալային ֆոնդ ունենալու համար, իսկ համավարակի առաջին պիկի ժամանակ առողջապահության նախարարությունում որոշվեց, որ ստեղծվելու են խմբեր, որոնք այցելելու է ԲԿ-ներ, որպեսզի արդեն իսկ թեթև պացիենտներին գրեթե հարկադրաբար դուրս գրեն` շատ ծանր պացիենտների համար ազատ մահճակալներ ապահովելու նպատակով: Մենք նաև քննադատվել ենք սրա համար, թե ինչու ենք այդ թեթև հարկադրանքը կիրառում և բազմաթիվ պացիենտներ. չէին էլ ուզում դուրս գրվել, այլ ուզում են «մինչև վերջ» ապաքինվել հենց ԲԿ-ներում։ Վստահ եմ, գրեթե ոչ մի երկրում նման մեխանիզմ չի եղել և մեր մոտ էլ կարող էր չլինել ու ոչ ոք մեզ չէր կարող հետագայում մեղադրել, թե ինչու նման բան չենք արել: Իհարկե մենք այդ դեպքում ավելի շատ ծանրացած դեպքեր կունենայինք և դժբախտաբար նաև ավելի շատ մահեր: Այդ խմբերի վրա դրված է եղել մեկ պարտականություն` իրենց բժշկական գիտելիքները օգտագործելով ապահովել հնարավորինս շատ ազատ մահճակալներ, ինչը և նրանք պատշաճ արել են: Բայց հիմա, փաստորեն այդ խմբի բժիշկները և կովիդի բուժումը համակարգող տեղակալներից մեկը անհիմն մեղադրվում են ինչ-որ ֆինանսական վերահսկողություն պատշաճ չկատարելու մեջ: Ըստ էության, եթե չլիներ ավելի շատ կյանքեր փրկելու համար ընդունված վերոնշյալ որոշումը, չէր լինի և այսօրվա անհեթեթ մեղադրանքը: Չեմ զարմանա եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ, չէ որ կովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն:Շարունակելի...»։ Հիշեցնենք, որ Թորոսյանի նախկին տեղակալը անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
13:22 - 12 մարտի, 2023
«Պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ». Արսեն Թորոսյան

«Պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Չէի ուզենա այս ֆորմատով անդրադառնալ տեղի ունեցածին, բայց ստիպված եմ` հաշվի առնելով երեկ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը, ինչպես նաև դրան հաղորդած որոշ երևույթներ. 1. Ինչպես բազմիցս նշել եմ, ըստ էության նաև ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ապացուցել, կովիդի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունը իրականացվել է ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիտելիքներ չունեցողներ անձանց կողից, բազմաթիվ տվյալների բացակայության պայմաններում, ինչը հենց իրենք են ընդունում, սակայն միևնույն է եզրակացություններ են արվել, որոնք որևէ քննադատութան չեն դիմանում (ամբողջական տեսանյութը): Որպեսզի պարզ լինի, թե ինչպես է հաշվեքննությունը իրականացվել, ուզում եմ հիշեցնել, որ կովիդի համավարակի ամենաբուռն ժամանակահատվածում, երբ կառավարությունը իր ամբողջ ներուժը ներդրել էր դրա դեմ պայքարի գործում թե՛ առողջապահական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ջանք չէին խնայում ցեխ շպրտելու այդ գործողությունների վրա, նաև կասկածներ սերմանելու հանրության մեջ այդ գործողությունների արդյունավետության վերաբերյալ: Եվ ի վերջո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ստեղծվում է քննիչ հանձնաժողով, որը պետք է քններ համավարակի դեմ պայքարի զանազան ասպեկտներ (անկեղծ ասած, չգիտեմ էլ՝ կոնկրետ ինչ): Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը և հանձնաժողովի աշխատանքների մասին ինձ շատ բան հայտնի չէ, չնայած բազմիցս հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ մասնակցել նիստերին և պատասխանել հարցերի: Ինչևէ, հանձնաժողովը դիմում է Հաշվեքննիչ պալատին, որը այդ պահին ղեկավարում էր Լևոն Յոլյանը և հաշվեքննությունը հանձնարարվում է հաշվեքննիչ պալատի անդամ Աբրամ Բախչագուլյանին: Յոլյանի և Բախչագուլյանի քաղաքական անցյալը բոլորին է հայտնի, և հաշվեքննության «արդյունքներն» էլ համապատասխան են դրան: 2. Հաշվեքննությունը ուղարկվում է դատախազություն, ինչպես սովորաբար տեղի է ունենում և դատախազությունը այն ուղարկում է հակակոռուպցիոն կոմիտե, որն էլ քրեական վարույթներ է նախաձեռնում դրա վերաբերյալ: 3. Հիմա անդրադառնամ այդ վարույթի ընթացքում տեղի ունեցած տարօրինակ երևույթներին, որոնք առիթ են տալիս կասկածելու դրա անաչառությանը: Վարույթի ընթացքում հարցաքննվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական կենտրոնների բազմաթիվ տնօրեններ, առողջապահության նախարարության բազմաթիվ պաշտոնյաններ, բժիշկներ, պացիենտներ: Տարօրինակը այն է, որ մինչ օրս չեն հարցաքննվել ո՛չ նախորդ նախարարը, այսինքն ես, ո՛չ գործող նախարարը (իմ ունեցած տեղեկություններով): Իմ բազմաթիվ փորձերը հասնելու նրան, որպեսզի ինձ նույնպես հարցաքննեն, ապարդյուն են մնացել, և ես այստեղ միտում եմ տեսնում, քանի որ իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար: Չէ՞ որ Կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշված երկու հրամաններն էլ արձակվել են իմ կողմից և ինձնից ավելի լավ ոչ ոք չէր կարող իմանալ դրանց արձակման թե՛ նպատակները, թե՛ տրամաբանությունը: Հրամաններից մեկը կորոնավիրուսային աշխատանքների կազմակերպմանն է վերաբերում, իսկ մյուսը կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացված պացիենտների դուրս գրմանը: Տարօրինակ է նաև, որ մինչև երեկ չէր հարցաքննվել նաև երեկ ձերբակալված Գևորգ Սիմոնյանը: Այս ամենը առիթ է տալիս ենթադրելու, որ Կոմիտեին ավելի շատ հետաքրքրել է այդ ծանր աշխատանքը կատարած անձանց հրապարակային թիրախավորումը, և ոչ թե գործի հանգամանքները: Ինձ, գործող նախարարին և Սիմոնյանին չհարցաքննելը այլ բացատրություն չի կարող ունենալ, իսկ խափանման միջոցի ընտրությունն ինքնին առիթ է տալիս ենթադրելու, որ դա արվում է մտացածին թեզերը մեղադրյալներին անազատության մեջ պահելով հիմնավորելու մղումով: 4. Տարօրինակ է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի հաղորդագրության նախաբանը, ըստ որի՝ քննությունը, պարզել է, թե «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս են քննությունով պարզել հրապարակայնորեն հասանելի այս տեղեկատվությունը: Թե պարզապես իրենց աշխատանքին «լրջություն» հաղորդելու համար են սա հատուկ գրել, որ ընթերցողները ավելի շատ զայրանան «մելադրյալների» վրա: Սխալ եք պարզել, հարգելի գործընկներներ, 26 մլրդ կառավարության կողմից հատկացվել է միայն 2020 թվականին, մոտավորապես այդքան էլ հատկացվել է 2021 թվականին, բայց թե դա ինչ կապ ունի այս կոնկրետ մեղադրանքի հետ, հայտնի չի ոչ մեկին: 5. Հիմա անդրադառնամ կոնկրետ մեղադրանքներին, անկախ մեղադրյալների անձերից: Հաշվի առնելով արտակարգ դրությունը և համավարակը՝ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով՝ նրա տեղակալներից մեկին վերապահվել էր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման համակարգի ծավալման, կազմակերպման, բուժման դիմաց ֆինանսավորման աշխատանքների համակարգումը, մյուս տեղակալներին վերապահվել էին այլ գործառույթներ (հակահամաճարակային միջոցառումներ, դեղորայքի և բժշկական սարքավորումների ձեռքբերում և այլն): Ֆինանսավորման համակարգման գործառույթը չի ենթադրում այնպիսի վերահսկողական գործառույթներ, որոնք կենթադրեին ներկայացված հաշվետվությունների հետ այնպիսի գործողություններ, որոնք հենց այդ պահին կճշտեին, թե արդյոք բոլոր ԲԿ-ների բոլոր պացիենտներն են հոսպիտալացված հենց սովորակական հիվանդասենյակում կամ հենց վերակենդանացման բաժանմունքներում, ինչպես ներկայացված էր հաշվետվության մեջ, այլ ենթադրում էր միայն փաստաթղթային համապատասխանության ապահովում և դրա հիման վրա ֆինանսավորում: Կորոնավիրուսային համավարակների պիկերի ժամանակ ԲԿ-ներում միաժամանակ բուժվում էր մի քանի հազար պացիենտ, և այդ աշխատանքը, որը ակնկալում էր Կոմիտեն (իհարկե, հայտնի չէ՝ ինչ իրավական հիմքով), ֆիզիկապես էլ հնարավոր չէր անել: Կոմիտեի աշխատակիցները հավանաբար մոռացել են, թե ինչպես էր երկիրը այդ օրերին պայքարում համավարակի դեմ: Եվ ընդհանրապես առողջապահության ֆինանսավորման մեջ ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը իրականությանը, միշտ ստուգվում է հետագայում, երբ ստուգումներ են բացվում ԲԿ-ների նկատմամբ և եթե հայտնաբերվում են շեղումներ, դրանք վերականգնվում են պետական բյուջե: Եվ որևէ նախարարի տեղակալ կամ այլ պաշտոնյա դրա պատճառով մեղադրյալ չի դարձել, քանի որ նման գործառույթ չի ունեցել: Նույն իրավիճակն է մեզ բոլորիս քաջ հայտնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հայտնի գործով, երբ հարյուրավոր պացիենտների համար պետական բյուջեից գումարներ էին փոխանցվել ԲԿ-ին հաշվետվությունների հիման վրա, իսկ պացիենտները ընդհանրապես չէին էլ բուժվել ԲԿ-ում: Որևէ պաշտոնյա մեղադրյալ այդ գործով չկա, քանի որ համակարգը իր ստուգողական ֆունկցիաները իրականացնում է բացված ստուգումների հիման վրա, իսկ ֆինանսավորումը իրականացվում է` ստացված հաշվետվությունների հիման վրա: 6. Բացի այդ, Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարությունից մեջբերեմ մեկ հատված․ «Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։ Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ»։ Այսինքն, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, նախարարության բոլոր պաշտոնյանները պետք է տարբերակեն «կեղծված» փաստաթղթերը։ Ընդ որում, հայտարարության մեջ անգամ խոսք չի գնում ակնհայտ կեղծիքի մասին, ինչպես սովորաբար ընդունված է որակել որևէ պատասխանատվություն առաջադրելուց առաջ։ Կեղծ փաստաթղթեր ու կեղծ հաշվետվություններ ներկայացնելու դեպքերը բացմաթիվ են պետություն և մասնավոր իրավահարաբերություններում, սակայն որևէ պաշտոնյա չի ձերբակալվում, եթե ապացուցված չէ այդ կեղծիքը կատարելու մեջ նրա մեղավորությունը, քանի որ բնական է, որ պաշտոնատար անձը չի կարող ապրիորի տարբերակել կեղծ և ոչ կեղծ հաշվետվությունը, քանի դեռ դրա վերաբերյալ հատուկ ստուգում կամ ուսումնասիրություն չի իրականացվել, էլ չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ խոսքը չի գնում ակնհայտ կեղծիքի մասին։ Կոմիտեի հայտարարությունից պարզ է դառնում, որ կեղծիք կատարելու մեջ Գևորգ Սիմոնյանի մեղավորությունը հիմնված է ենթադրությունների հիման վրա: Նույնիսկ ծիծաղելի է այս ձևակերպումը «նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով», ըստ էության, ուրիշ ոչինչ չկա մեղադրանքի հիմքում: 7. Հաջորդ մտացածին թեզը վերաբերում է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժին (Դուրսգրման տրիաժ խմբեր): Հավանաբար Կոմիտեն չի ցանկացել կամ չի կարողացել ըմբռնել այդ խմբի բուն գործառույթը: Այդ խմբերը ստեղծվել են իմ հրամանով, երբ վարակված անձանց շատ մեծ թվի պատճառով ԲԿ-ներում այլևս տեղ չկար նոր պացիենտներին հոսպիտալացնելու համար, և խմբերը պետք է, ըստ գրաֆիկի, այցելեին բոլոր ԲԿ-ներ (հաշվի առնելով, որ 30-ից ավելի ԲԿ կար, այդ այցելությունները լինելու էին 2-3 շաբաթը մեկ անգամ), և ԲԿ անձնակազմի հետ հիվանդության պատմությունները և հենց պացիենտներին զննելով, իրականացնեին պացիենտների դուրսգրում, որպեսզի ազատվեին տեղեր նոր պացիենտների համար: Այս խմբերը որևէ ֆինանսական կամ ֆինանսական վերահսկողության գործառույթ չեն ունեցել և չէին էլ կարող ունենալ, և մարդկանց մեղադրել մի բանի համար, որի համար իրենք պատասխանատու չեն եղել և չէին էլ կարող լինել, առնվազն զավեշտալի է, եթե ոչ քրեաիրավական առումով տարօրինակ: Պարզ լեզվով ասած, այդ խմբերը մահճակալ ազատելու համար են ստեղծվել և իրենց գործառույթը պատշաճ իրականացրել են: 8. Շատ տարօրինակ էր նաև երեկ բոլոր քննչական, ըստ էության փակ, գործողությունների մասով մամուլին օպերատիվ տեղեկատվություն հաղորդելը, որը կրկին տեղիք է տալիս մտածելու, որ այս ամենը ավելի շատ կոնկրետ անձանց թիրախավորելու համար է, քան թե իրականությունը բացահայտելու: Տպավորություն էր ստեղծվում, որ Հրապարակ օրաթերթը արտահաստիքային (գամ գուցե՞ հաստիքային) թղթակից ունի Կոմիտեում: Նույն տպավորությունն էր ստացվում երեկվա գործողությունների շտապողականությունից և դա այն դեպքում, որ Գևորգ Սիմոնյանը, մշտապես հասանելի լինելով, նախապես չէր հարցաքննվել: 9. Մի առանձին հարց է նաև այս վարույթների նկատմամբ դատախազական հսկողությունը. արդյո՞ք հսկող դատախազը չի զարմացել, թե ինչու ինձ, գործող նախարարին կամ Գևորգ Սիմոնյանին մինչ օրս չեն հարցաքննել այն դեպքում, երբ ես եմ այդ հրամանները արձակել, իսկ վարույթի շրջանակում «հայտնաբերվածը» տեղի է ունեցել 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Կամ արդյո՞ք հսկող դատախազը վերոգրյալի վերաբերյալ պատկերացումներ ունի: Թե կրկին այդ հսկողական ֆունկցիան կա՛մ ֆիկտիվ է, կա՛մ միայն ամեն գնով մեղադրանքը հաստատելու միտում ունի` անկախ ապացույցների առկայությունից: Մեր իրավապահ համակարգը չի թոթափել երբեմնի սովետական այն ստերեոտիպը, որ ապացույցների բացակայության դեպքում հարուցված վարույթները կարճելը դա նախաքննական մարմնի վատ աշխատանքի արդյունք է, և հետևաբար ամեն գնով դրանք պետք է առաջ գնան: Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները: Նման որակի գործերի միջնորդությունները այլ ճակատագրի արժանանալ չէին էլ կարող: Հուսամ արդարադատությունը տեղի կունենա, և եթե կան մեղավորներ, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ եթե չլինեն, ապա հանիրավի մեղադրողները պատշաճ հանրային և մասնագիտական գնահատականի կարժանանան: Եվ նորից ուզում եմ հրապարակային կրկնել, որ պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ այս գործով: Հ.Գ. մի ամբողջ համակարգի 2 տարվա տքնաջան աշխատանքը, որի ժամանակ տասնյակ հազարավոր պացիենտներ են բուժում ստացել և ճնշող մեծամասնությունը փրկվել, մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու մեր երկրի համար: Ոչ մի նոր մարտահրավերի ժամանակ հազարավոր բուժաշխատողներ և հարյուրավոր առողջապահության կառավարիչներ չեն նետվելու այդ մարտահրավերի դեմ պայքարի, ինչպես դա արեցին կովիդի և պատերազմի ժամանակ»:
14:26 - 11 մարտի, 2023
Անցում ենք կատարել փուլային տարբերակով էլեկտրոնային հերթագրման համակարգի, ինչը էականորեն նվազեցրել է հերթերի կուտակումը․ Արա Ֆիդանյան

Անցում ենք կատարել փուլային տարբերակով էլեկտրոնային հերթագրման համակարգի, ինչը էականորեն նվազեցրել է հերթերի կուտակումը․ Արա Ֆիդանյան

Այսօր Ազգային ժողովի նիստին՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը անդրադարձավ նույնականացման քարտի տրամադրման համար առաջացած հերթերին՝ նշելով, որ քաղաքացիները արդարացիորեն բողոքում են դրանց տրամադրման հետ կապված խնդիրներից։  Արձագանքելով Բաթոյանին՝ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ասաց՝ բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքում օգտագործում են նույնականացման քարտեր, բոլորին տրամադրվում են քարտերը․ դրանց տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ․-ի փետրվարի 15-ը։ Դրանից հետո արդեն կտրամադրվեն նույնականացման քարտերը նույն ձևով, սակայն առանց էլեկտրոնային կրիչի։ Ինչ վերաբերում է Անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերին, նախ պետք է նշեմ, որ  այն փաստաթղթերի ծավալները, որոնք տրամադրում են մեր ստորաբաժանումների կողմից, էականորեն աճել են, և բացի այդ՝ արդեն իսկ անցում ենք կատարել փուլային տարբերակով էլեկտրոնային հերթագրման համակարգի, ինչը էականորեն նվազեցրել է այդ հերթերի կուտակումը։ Այդ համակարգը նախատեսում ենք ներդնել տարածքային ստորաբաժանումներում»։ ՔՊ-ից Արսեն Թորոսյանն էլ, արձագանքելով փոխոստիկանապետի խոսքին, ասաց՝ պատասխանները այդքան էլ գոհացուցիչ չեն․ «Լինելով ՀՀ քաղաքացի՝ լավ չեմ պատկերացնում՝ ինչպես է տվյալ դեպքում Ոստիկանության աշխատակիցը որոշելու իմ կարիքը։ Արդյոք ես կարիք ունե՞մ ID քարտի, թե չունեմ այդ կարիքը։ Չեմ ուզում մտածել այդպես, բայց այստեղ կարող են նաև լինել, օրինակ, խնամի-ծանոթ-բարեկամ լուծումներ, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկի ծանոթն է, ապա կարող է պարզվի, որ իր կարիքը իրոք կարիք է, իսկ մեկ ուրիշի կարիքը այդքան էլ իրական կարիք չի։ Նման մեխանիզմ ներդնելու փոխարեն, նաև հաշվի առնելով մեծ պահանջարկը (ես չեմ ասում, որ Անձնագրերի և վիազների վարչությունը վատ է աշխատում, հակառակը ծանրաբեռնված է աշխատում) պետք է պարզապես ապահովել պատշաճ մատակարարումներ և հզորությունների մեծացում»:  Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էլ ասաց․ «Նույնականացման քարտերը 2020 թ․-ին տրամադրվել է 70. 273, այս տարի դեռ դեկտեմբերի 1-ի դրությամբ 155.766։ Այսինքն՝ ակնհայտ է ծավալի աճը։ Իմ խոսքում ես նշեցի, որ մեր նպատակն է նաև ապագա սերնդի տեղեկատվական միջոցներով հագեցված նույնականացման քարտեր և անձնագրերի ներդրումը։ Խնդիրը նաև նրանում է, որ այն էլեկտրական կրիչները, որոնք մեր կողմից օգտագործվում էին, դրանք ներդրվել են դեռևս 2011 թ․-ին, այլևս չեն համապատասխանում չափորոշիչներին և չեն էլ արտադրվում, հետևաբար պաշարներով համալրվելը իրատեսական չէր։ Դրանով է պայմանավորված նաև, որ անցում կատարեցինք այս մոտեցմանը»:  Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց նաև՝ ինչու են կենսաչափական անձնագրերի տրամադրումը մեկ տարով կասեցնում՝ հաշվի առնելով, որ դրանք կարծես թե ինչ-որ պահանջների առումով ավելի լավն էին կամ ավելի մոդեռն էին, քան սովորական անձնագրերը․  «Փաստացի, հիմա նույնիսկ այն քաղաքացիները, որոնք ունեն կենսաչափական անձնագիր, որի ժամկետը լրանում է, օրինակ, հունվարի 15-ին, ստիպված է լինելու անցում կատարել հին տեսակի անձնագրին, կարծես թե հետընթաց ենք ապրում, ոչ թե առաջընթաց»:  Ֆիդանյանն էլ ասաց՝ հետընթաց միանշանակ չենք ապրում․  «Որովհետև բավականին լուրջ ընկերությունների հետ աշխատանքներ ենք տանում, արդեն ունենք բավականին լուրջ խորհրդատվական ընկերություններ, որոնց հետ տարվում են համապատասխան գործողություններ առավել ժամանակակից համակարգի ներդրման համար։ Այս փոփոխությունները բացառապես ժամանակավոր բնույթ են կրում և վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց ականտես կլինենք ամբողջ թվային համակարգի գերարդիականացված համակարգ ունենալու»։
12:10 - 06 դեկտեմբերի, 2022
Արսեն Թորոսյանը Վիլնյուսում հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Արսեն Թորոսյանը Վիլնյուսում հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգամանտաս Պավիլիոնիսի հետ։   Նա նշել է, որ հանդիպումների ժամանակ խոսել են հայ-լիտվական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև դրանք հետագայում ավելի խորացնելու անհրաժեշտության մասին․   «Քննարկել ենք նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման կարևորության և այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու հարցը։   Անդրադարձ եղավ նաև մեր տարածաշրջանում եղած անվտանգային իրավիճակին։   Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատային շնորհակալություն հայտնեցի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12-14-ը իրականացված ագրեսիան դատապարտող հայտարարության համար։   Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ԵՄ դիտորդական առաքելությանը, որպես տարածաշրջանային անվտանգության նոր ներդրված կարևոր մեխանիզմ։ Հատուկ շեշտեցի, որ կարիք կա դրա ծավալման ժամկետների երկարացման, ինչը թույլ կտա առավել երկար ժամանակով կայունություն բերել տարածաշրջան, որպեսզի հնարավոր լինի հասնել երկարատև խաղաղության երկու երկրների միջև։   Հ.Գ. պաշտոնական հանդիպումներից զատ, նաև ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել Լիտվայի առողջապահության նախկին նախարար, այժմ Սեյմի պատգամավոր Աուրելիուս Վերիգայի հետ, ում հատուկ շնորհակալություն եմ հայտնել կովիդի առաջին ալիքի ժամանակ մեր երկրին տրամադրած մեծ օժանդակության համար, երբ մեր համար ամենածանր ժամանակահատվածում լիտվացի բուժաշխատողների խումբը օգնության հասավ հայ բուժաշատողներին»,- գրել է Թորոսյանը։
16:09 - 19 նոյեմբերի, 2022
Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը |hetq.am|

Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը |hetq.am|

hetq.am: Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին: Իսկ 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը: Մինչ նախարարի տեղակալ նշանակվելը, Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաև զբաղեցրել է Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նա եղել է նաև առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի օգնականը: Պարզվում է, որ Շավարշ Գրիգորյանը ևս սեր ունի ձկնաբուծության հետ: Նրան է պատկանում խոշոր ձկնաբուծարաններից մեկի` «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 16.67%-ը: Այն ձեռք է բերել 2021թ. ապրիլի 2-ին` «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի հիմնադրումից մոտ երկու ամիս առաջ: «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009թ․-ին: Ընկերությունը «Մաքս Ֆիշ» ընկերությունների խմբի անդամ է: Հիմնական գործունեությունը ձկնաբուծությունն է՝ թառափի, սաղմոնի, իշխանի և այլ ձկնամթերքի աճեցում և վերարտադրություն, ինչպես նաև ձկան և ծովամթերքի առևտուր։ Պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան: Ընկերությանն են պատկանում Արարատի մարզի մի քանի գյուղերում արհեստական ձկնաբուծության համար նախատեսված լողավազաններ՝ մոտ 14 հա ընդհանուր մակերեսով։ «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնետերերից է նաև դեղագործական ոլորտում հայտնի «Իննովաֆարմ» ՍՊԸ-ի 15% բաժնետեր Վահրամ Թորոսյանը: Նրան է պատկանում «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 25%-ը: Նշենք, որ հիմնադրումից ամիսներ անց «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են: 2021թ. հոկտեմբերի 19-ից ընկերության 80% բաժնեմասը պատկանում է Արսեն Թորոսյանի հորը՝ Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը: Վերջինս նույնպես պաշտոն է զբաղեցրել Արագածոտնի մարզպետարանում: 2016թ. նշանակվել է Արագածոտնի արդեն նախկին մարզպետ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանի օգնականի պաշտոնում: Օգնականի պաշտոնից ազատվել է 2017թ. օգոստոսի 11-ին: Մինչ այդ էլ աշխատել է հարկային մարմնում: Հողատարածքը, որտեղ գործունեություն է ծավալում «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն, գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: Կադաստրի կոմիտեի տվյալների միասնական էլեկտրոնային բազայից ստացված տեղեկատվության համաձայն՝ հողի սեփականատերը ընկերությունում 20% բաժնեմաս ունեցող Սարգիս Թադևոսյանն է, ումից էլ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն վարձակալել է 217 քմ արտադրական նշանակության հողատարածք և 9 ջրավազան: Նշենք, որ Սարգիս Թադևոսյանը նաև «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի տնօրենն է: Արսեն Թորոսյանի ընտանիքը՝ մարզպետի խորհրդականի ընտանիքի անդամների միջոցով «ընդլայնվում» է Արագածոտնի մարզում: Արսեն Թորոսյանը, հոր՝ Գևորգ Թորոսյանի և Սարգիս Թադևոսյանի՝ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ում բաժնետեր դառնալու հաջորդ օրը՝ 2021թ. հոկտեմբերի 20-ին, երկու միավոր հողատարածք է գնել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Այս տեղեկատվությունը նշված է պաշտոնյայի 2021թ. գույքի, եկամուտների, շահերի տարեկան հայտարարագրում: Թորոսյանը հողատարածքները գնել է ընտանիքի նոր բիզնես գործընկերոջ՝ Սարգիս Թադևոսյանի կնոջից՝ Աննա Թադևոսյանից՝ համապատասխանաբար վճարելով 3 մլն 700 և 1 մլն 300 հազար դրամ: Սարգիս Թադևոսյանը Փարպի գյուղից է: Այդ գյուղից է նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը: Այս գործոնով պայմանավորված՝ ոչ միայն Սարգիս Թադևոսյանի որդին է պաշտոն զբաղեցնում մարզպետարանում, այլև եղբորորդին՝ 27-ամյա Գալուստ Թադևոսյանը:  Վերջինս էլ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն ստացել է 2022թ. մարտի 10-ին, 3 տարի ժամկետով: ՍՊԸ-ն «անանուն աղբյուրից» (այդպես է նշված տվյալներում) վայրկյանում ստանալու է 60 լիտր ջուր: Անշարժ գույք գնելու առումով 2021թ.-ն «բարեբեր» է եղել Արսեն Թորոսյանի համար: Նա, Փարպիում գնած հողատարածքներից բացի, երկու միավոր հողատարածք էլ ձեռք է բերել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քարաշամբ գյուղում: Հողատարածքներից մեկը 2 մլն 700 հազ. դրամով գնել է Քարաշամբի նախկին համայնքապետ  Զորիկ Խլղաթյանից: Վերջինս համայնքը ղեկավարել է 24 տարի` 1996թ․-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 18-ը: Պատմության մասնագետ Զորիկ Խլղաթյանն այժմ Քարաշամբ գյուղի դպրոցի տնօրենն է:  Մյուս հողամասը, որի արժեքը կազմել է 12 մլն 300 հազ. դրամ, ըստ հայտարարագրի, Արսեն Թորոսյանը գնել է Զորիկ Խլղաթյանի եղբորորդուց` 25-ամյա (գործարքի ժամանակ) Հենրիկ Խլղաթյանից: Նշենք, որ Զորիկ Խլղաթյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել է համայնքապետի պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր: Այդ ժամանակ Քարաշամբ գյուղում իր անունով ունեցել է 16 միավոր հողատարածք, մեկ առանձնատուն և հողին ամրակցված 2 միավոր անշարժ գույք: Մեկ միավոր հողատարածք էլ հայտարարագրել է Կոտայքի մարզի Արզական գյուղում: Նշված անշարժ գույքերից երեքը միանձնյա սեփականություն են, մնացած 17-ը` կնոջ և այլ անձանց հետ համատեղ: Զորիկ Խլղաթյանի կինը` Գայանե Իսախանյանը, ըստ հայտարարագրի, 2020թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ իր անունով Քարաշամբում ունեցել է 21 միավոր անշարժ գույք, որից 5 միավոր հողի նկատմամբ միանձնյա սեփականատեր է: Արսեն Թորոսյանը 2020թ. սեպտեմբերին, կնոջ հետ համատեղ, 13 մլն 692 հազար դրամով հողատարածք է գնել նաև Ծաղկաձոր համայնքում: Եկամուտներ, գումարներ… 2021թ. գույքի, եկամուտների, շահերի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Արսեն Թորոսյանի եկամուտները կազմել են մոտ 28 մլն 420 հազ. դրամ և 20 հազ 737 եվրո: Դրամային եկամուտներից 9 մլն 520 հազ․ դրամը Արսեն Թորոսյանի հոր՝ Գևորգ Թորոսյանի նվերն է որդուն: Մնացածը ստացել է պետական մարմիններից՝ աշխատավարձ կամ այլ եկամուտ:  Ինչ վերաբերում է եվրոյով արտահայտված եկամուտին, Թորոսյանն այն  ստացել է ավստրիական «Bank Austria» բանկից: Իշխանական պատգամավորը հայտարարագրել է նաև բանկերում պահվող դրամական միջոցներ` մոտ 12 մլն 464 հազ. դրամ, 20 հազ. դոլար և 31 հազ. եվրո: 2021թ. Ա. Թորոսյանը 17 մլն 750 հազ. դրամով ձեռք է բերել 2017թ. արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա: Նույն տարում 16 մլն 400 հազ. դրամով վաճառել է իր ունեցած BMW մակնիշի ավտոմեքենան: Թորոսյանը կնոջ հետ համատեղ առանձնատուն ունի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Այն գնել է 2011թ․-ին: Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի կնոջ` Վարդանուշ Թևանյանի եկամուտներին, 2021թ. տարեկան հայտարարագրում նշված է մոտ 34 մլն դրամ: Նշված գումարը ստացել է «ՄԻԲՍ» ՍՊԸ-ից՝ որպես աշխատավարձ և վարձակալության դիմաց ստացված վճար: Որպես դրամական միջոց՝ Վ. Թևանյանը հայտարարագրել է 8 մլն 187 հազ. դրամ, 98 դոլար և 8 հազար 80 եվրո: Հայտարարագրում նշված է նաև կանխիկ դրամ` 1 մլն 500 հազ. դրամ: Վարդանուշ Թևանյանը նաև խոշոր չափի ավանդներ ունի: Երեք ավանդների հանրագումարը 2021թ. վերջում կազմել է 51 հազ. 558 դոլար: Նա 19 մլն 380 հազ. դրամ, որպես փոխառություն, հանձնել է «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ին: Վերջինս բազմաֆունկցիոնալ բնակարաններ կառուցող ընկերություն է: Չի բացառվում, որ Թորոսյանի կինն այդ ընկերությունից բնակարան է գնում, և վճարված գումարը կանխավճար է: Պատգամավորի կինն ունի MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019թ․-ին: 2021թ. 7 մլն դրամով վաճառել է իր BMW 535 մակնիշի ավտոմեքենան: Ավելի մանրամասն` hetq.am-ում։ 
21:40 - 25 հոկտեմբերի, 2022
Հռիփսիմե Գրիգորյանը և Արսեն Թորոսյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր

Հռիփսիմե Գրիգորյանը և Արսեն Թորոսյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի և Շվեդիայի Ռիկստագի միջև համագործակցության խորացման հարցում առանցքային է բարեկամական խմբերի գործունեությունը: Այս առումով կարևորում եմ հատկապես վերջին տարիներին կայացած արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում հայ և շվեդ պատգամավորների համագործակցության ակտիվացումը՝ նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը հուլիսի 13-ին ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը: Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին` Հռիփսիմե Գրիգորյանը բարձր է գնահատել ծրագրի իրականացման հարցում Շվեդիայի օժանդակությունը, ինչպես նաև շարունակական աջակցությունը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին: Հայ օրենսդիրները խոսել են տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջև սերտ համագործակցությունից: Դեսպանը կարևորել է տարբեր ոլորտներում հայ-շվեդական կապերի ընդլայնումը, ընդգծել բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
18:09 - 13 հուլիսի, 2022
Հայաստանն Էստոնիայից ակնկալում է աջակցություն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում. Արսեն Թորոսյան

Հայաստանն Էստոնիայից ակնկալում է աջակցություն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում. Արսեն Թորոսյան

Էստոնիայի հետ մենք ունենք բարեկամական հարաբերությունների շատ լավ պատմություն: Այդ պատմության հիմքերի վրա երկու երկրների համագործակցությունը զարգացնելու իրատեսական նախադրյալներ կան: Որպես Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար` կարևորում եմ համագործակցությունը նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև խորհրդարանական հարթակում՝ ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հուլիսի 8-ին Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ հանդիպման ժամանակ: Էստոնիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ օրակարգային են փոխադարձ այցերն ու հանդիպումները, քննարկումներն ու մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացումը: Բարեկամական խմբի ղեկավարը հավելել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար, իսկ փոխադարձ այցերն ու անմիջական շփումները նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը: Նա նաև ընդգծել է, որ Էստոնական հաջողված փորձը միշտ օրինակելի է եղել Հայաստանի համար մի շարք բնագավառներում, ինչպիսիք են թվային տեխնոլոգիաները, կրթությունն ու առողջապահությունը, և կա ներուժ այդ ոլորտներում ակտիվ համագործակցության համար: Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանն իր գործընկերներից, այդ թվում` Էստոնիայից, ակնկալում է աջակցություն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում՝ դիվանագիտական ջանքերի գործադրման միջոցով, ինչը, ի վերջո, կբերի տարածաշրջանի երկրների միջև խաղաղության հաստատման, որը կարևոր է ոչ միայն մեր տարածաշրջանի երկրների համար, այլև ավելի լայն համատեքստում` հաշվի առնելով վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումները և դրա հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն ու ավանդական տրանսպորտային հաղորդակցությունների խափանումը մեր մայրցամաքի արևելյան և արևմտյան հատվածների միջև:
14:53 - 08 հուլիսի, 2022
Խորհրդարանական կառավարման մոդելը մերժողներին հաջորդ ընտրությանը մարդիկ պետք է իրենց վերաբերմունքը ցույց տան. Թորոսյան

Խորհրդարանական կառավարման մոդելը մերժողներին հաջորդ ընտրությանը մարդիկ պետք է իրենց վերաբերմունքը ցույց տան. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ամփոփել է խորհրդարանական անցած շաբաթը: Վերջինս հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ակտիվ աշխատում է և՛ խորհրդարանում, և՛ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում: Թորոսյանը նաև հիշեցրել է, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է և չի ներկայանում ԱԺ աշխատանքներին: «Ընդդիմությունը կարծես թե մերժում է խորհրդարանական կառավարման մոդելի էությունը՝ անտեսելով մեր 100 հազարավոր քաղաքացիների տված քվեն: Ես կարծում եմ՝ հաջորդ ընտրություններում մեր քաղաքացիները պետք է իրենց վերաբերմունքը ցույց տան այդ քաղաքական ուժերին, որոնք, չօգտագործելով խորհրդարանական որևէ գործիքներ, հատկապես միջազգային ատյաններում, մեր երկրի ընդհանուր և գործընկեր երկրներում մեր երկրի շահերը ներկայացնելու հնարավորությունները չեն օգտագործում: Փաստորեն, նրանք անարդյունավետ գործողություններ են իրականացնում, որը ի սկզբանե հայտնի էր՝ արդյունք չի տալու»,- նկատել է պատգամավորը: Ըստ նրա՝ ընդդիմությունը կեղծ օրակարգով է առաջ շարժվում՝ խոսելով մտացածին թշնամիների մասին, որոնք երկրի ներսում են. «Իրականում, բոլորը շատ լավ գիտեն՝ մեր անվտանգային մարտահրավերները երկրից դուրս են, և դրանք մեղմելու, խաղաղության օրակարգը ամրապնդելու և առաջ մղելու համար բոլորս միասնական պետք է գնանք առաջ»: Պատգամավորի պնդմամբ՝ իշխանությունը ցանկանում է ընդդիմության հետ կոնստրուկտիվ աշխատանք՝ թե՛ հանձնաժողովներում, թե՛ բարեկամական խմբերում, թե՛ պատվիրակություններում, թե՛ պարզապես նախագծեր կազմելիս, սակայն կա հակառակ պատկերը:
14:08 - 16 մայիսի, 2022
Հակաժողովրդավարական ուժերը պիտի համակերպվեն ժողովրդի քվեի հետ. Արսեն Թորոսյան
 |azatutyun.am|

Հակաժողովրդավարական ուժերը պիտի համակերպվեն ժողովրդի քվեի հետ. Արսեն Թորոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում: Խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքով` մի անգամ չստացված և ժողովրդի քվեով մարած շարժումը ընդդիմությունը փորձում է նորից արթնացնել, որը ըստ նրա` հաջողություն չի ունենա: «Ազատության» հետ զրույցում պատգամավորը պնդում է` վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությունը կեղծ օրակարգ ունի: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. Արսեն Թորոսյան. - Մենք ներքաղաքական ճգնաժամ չենք տեսնում, եթե շատ անկեղծ ասեմ, նույնիսկ անցյալ տարի էլ տեսնում էինք մասամբ, երբ որ գնացինք լուծումների: Եվ չի կարելի պարզապես, ասենք, 3-4 ամիսը մեկ արտահերթ ընտրություններ անել և ասել, որ քանի որ փողոցում կան մեր 12 հազար քաղաքացի կամ 50 հազար քաղաքացի, կապ չունի, մենք պետք է գնանք արտահերթ ընտրությունների: Արտահերթ ընտրությունները եղել են, եղել են ազատ և արդար, ինչպես և նախկին ընտրությունները, և կլինեն հերթական ընտրություններ 2026 թվականին, որին կարող են մասնակցել թե՛ այսօրվա ընդդիմադիր ուժերը, իմ կարծիքով` իրենք շանս չեն ունենա, իհարկե, անցնելու այլևս խորհրդարան` տեսնելով, թե ինչ են հիմա իրենք անում, թե՛ այլ ուժեր նոր խորհրդարան ձևավորելու համար: Կարծում եմ` պետք է ողջամտությունը, այնուամենայնիվ, իրենց մոտ էլ, իրենց մտքում էլ հաղթի, և հասկանանք` ուր են գնում. ի վերջո, գալիս են կառուցողական բանավեճի, որը, ի դեպ, ես մոտավորապես համարում եմ, որ կամուրջները գրեթե այրված են այդ առումով, իրենք են այրել, ոչ մենք, թե պետք է ագրեսիվացման տանեն, որպեսզի սևերես չլինեն իրենց աջակիցների առաջ: Դա էլ, գիտեք, ինչի է բերում:  - Այդ սցենարն էլ չի՞ անհանգստացնում ձեզ… Արսեն Թորոսյան. - Իհարկե, անհանգստացնում է, և մեզ անհանգստացնում է մեր ցանկացած քաղաքացու առողջություն, կյանք և բարեկեցություն, և նաև դրանով է պայմանավորված, որ մենք շատ ողջախոհ ենք գտնվում նույնիսկ ինչ-որ չափ սահմաններն անցնող դեպքերում և փորձում ենք զսպվածության կոչերով այդ ամեն ինչը կարգավորել, ոչ թե, օրինակ, միանգամից ոստիկանությունը ուժ է կրառում այդ դեպքերում: - Ինչո՞ւ եք ասում, որ կամուրջները այրված են, գուցե նախաձեռնե՞ք, այնուամենայնիվ, երկխոսության փորձ: Արսեն Թորոսյան. - Մենք պատրաստ ենք: Երեկ ձեզ առաջին նախագահն էլ էր նման հուշում արել` հանգուցալուծելու այս վիճակը: Արսեն Թորոսյան. - Ախր այնքան պարզ բաների մասին ենք խոսում: Երեկ Ազգային ժողովում կար հարց ու պատասխանը, հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը պատասխանում էր իրենց իսկ տված հարցին, թողեցին, գնացին մարդիկ, սկսեցին կոչեր անել: Իրենց իրավունքն է, բայց այդ նախաձեռնելը տեղի է ունենում մեր Ազգային ժողովի առաջին նիստից: Մենք ասում ենք` եկեք, խոսենք, իրենք ասում են` ձեզ հետ խոսելու բան չունենք, մենք գնում ենք ձեր հրաժարականը պահանջելու: Պահանջեք, դա էլ է ձեր իրավունքը, բայց պահանջելու արդյունքում մենք ժամանակին տվել ենք հրաժարական, վարչապետը տվել է հրաժարական, կառավարությունը դարձել է ժամանակավոր, տեղի են ունեցել ընտրություններ, ընտրությունների արդյունքում եղել է այս պատկերը: Կլինեն նոր ընտրություններ, կլինի այլ պատկեր, իրենք կձևավորեն իշխանությունը, իհարկե ես չեմ ուզենա, որ որևէ հակաժողովրդավարական ուժ ձևավորի իշխանությունը Հայաստանում, որովհետև մենք գիտենք` դա ինչով է հղի, իրենք կլինեն իշխանություն: Չի ձևավորվի, իրենք պետք է համակերպվեն ժողովրդի քվեի հետ:  
16:16 - 06 մայիսի, 2022
Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով հարցազրուցավարի դիտարկմանը, որ իրավապաշտպանները պահանջում են իրավական եւ քաղաքական գնահատական տալ անցյալին, ինչն այդպես էլ չի տրվել մինչ օրս, հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական․  «Ի՞նչ ա նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական։ Ես, անկեղծ ասած, ապշում եմ, արդեն չորս տարի ա՝ լսում եմ էդ բառակապակցությունները՝ իրավական եւ քաղաքական գնահատական։ Ի՞նչ ա, օրենք ընդունենք ինչի՞ մասին, որ ՀՀ-ում օրենքները մինչեւ էդ խախտվել են, որ ժողովրդավարությունը մինչեւ էդ լավ չի եղել, որ ընտրությունները կեղծվել ե՞ն։ Դրա լավագույն գնահատականը եղել ա ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը՝ դրան հաջորդող ընտրական ազատ եւ արդար պրոցեսներով, առնվազն երկու [խորհրդարանական] ընտրություն ենք ունեցել 2018, 2021թթ․, եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, երբ նույնիսկ մեր ընդդիմադիրները հաղթել են մեզ, եւ մենք ճանաչել ենք այդ արդյունքները, որովհետեւ այդ արժեքները մեզ համար առավել կարեւոր են, քան իշխանությունն ինքնին։ Ես կարծում եմ, որ մեր իրավապաշտպան կազմակերպությունները պետք է մի քիչ ավելի բովանդակային մոտենան, թե էսօր կոնկրետ ինչ պրոբլեմ ունենք եւ ինչպես դա կարելի ա լուծել»,- ասել է Արսեն Թորոսյանը։ 2018թ․ ապրիլյան իրադարձությունների ժամանակ եւ դրանից հետո մի տեւական ընթացք ամենօրյա ռեժիմով խոսվում էր տարբեր ոլորտներում բարեփոխումների մասին։ Մատնացույց էին արվում իրավական, դատական համակարգերում, պետական կառավարման ապարատում առկա խնդիրները, որոնք խորն էին այնքան, որ հաճախ էր հնչում միտքը, որ մեկ-երկու տարում դրանք հիմնովին լուծելը շատ բարդ է։ Բարեփոխումների մասին խոսելուն, դրանց վերաբերյալ որոշակի քայլեր ձեռնարկելուն զուգընթաց քննարկվում էր նաեւ անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության հարցը։ Դրա մասին խոսում էին ե՛ւ քաղաքական գործիչները, ե՛ւ իրավապաշտպան կառույցները՝ շեշտելով, որ այդ գնահատականը կարեւոր է հատկապես ապագայի համար, որ այլեւս չլինի մի իշխանություն, որը մտքի ծայրով կանցկացնի ապօրինություններ անել, իրավունքներ եւ օրենքներ ոտնահարել։ Ընդ որում՝ այդ օրակարգը սկզնաբական շրջանում խորթ չէր նաեւ կառավարող ուժի՝ Նիկոլ Փաշինյանի թիմի համար․ նրա տարբեր ներկայացուցիչներ մասնակի կամ ամբողջական անդրադարձեր ունեցել են այդ հարցին, մենք այս հոդվածում մի քանի օրինակներ կներկայացնենք։  Ինչպե՞ս գնահատական տալ անցյալին․ անվերջ քննարկումներ Այսպես, անդրադառնալով նախկինում հնչած տեսակետներին․ 2019 թվականի մայիսին Հայաստանի խորհրդարանում այդ ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումներ կազմակերպվեցին։ Միրզոյանն այս թեմայով իր ծավալուն ելույթում, խոսելով հանրային համերաշխության մասին, ասել էր․ «Համաձայնեք՝ մենք չենք կարող, օրինակ, գործող դատարանների միջոցով գործեր հարուցել եւ դատապարտել տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր մասնակցություն են ունեցել, ենթադրենք, ընտրական խախտումների եւ ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունների: Մենք չենք կարող տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսուցիչների, ՏԻՄ-երի, բոլորիս տարբեր ազգականների դատապարտել, բայց մենք գուցե կարիք ունենք տալու այդ գնահատականը, արձանագրել եւ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ այլեւս երբեք Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող»:  Իսկ մասնավորապես անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի առնչությամբ Միրզոյանը հարց էր հնչեցրել․ «Մենք պետք է հասկանանք՝ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Գուցե կա՞, ժամանա՞կն է արդյոք, թե՞ պետք է սպասել եւս 20 տարի»: Քննարկում Հանրային հեռուստաընկերության եթերում՝ արդարադատության փոխնախարարի մասնակցությամբ 2019 թվականի հուլիսին Հանրային հեռուստաընկերության եթերում քննարկվում էր նախկին իրավաքաղաքական համակարգին գնահատական տալու հարցը։ Այդ հաղորդմանը մասնակցում էր նաեւ այդ ժամանակ արդարադատության փոխնախարար, այժմ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Այդ քննարկումը նույնիսկ տեղադրված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝ «Հանրային քննարկում. ի՞նչ գնահատական տալ նախկին իրավաքաղաքական համակարգին» վերնագրով։ Հաղորդման ժամանակ քննարկվում էին դատաիրավական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, դրանց գնահատական տալու հարցը, եւ այլն։ Նույն այդ ամսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ որպես պետություն անցյալին քաղաքական գնահատական տալու հարցը քննարկման փուլում է․ «Երբ այդ քննարկումները կավարտվեն եւ դրանց արդյունքում կհանգենք, որ մենք ունենք մի տեքստ, որի շուրջ ունենք կոնսենսուս թե՛ խմբակցության ներսում, թե՛ մյուս խմբակցությունների հետ, արդեն ավելի հրապարակային ձեռնամուխ կլինենք այդ գործընթացին»,- մասնավորապես նշել էր Ջուլհակյանը՝ իր կարծիքը հայտնելով, որ նախկինում մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ։Պատգամավորը կարծում էր՝ «պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը» Մեկ այլ հարցազրույցում Արուսյակ Ջուլհակյանը նշել էր, որ իրենց խմբակցության պատգամավորներից շատերը, նաեւ վարչապետ Փաշինյանը այդ քաղաքական գնահատականը բազմիցս տվել են, այդ թվում՝ Մարտի 1-ի տասը տարվա կապակցությամբ խմբակցության տարածած հայտարարություն մեջ․ «Առանձին պատգամավորներ էլ հայտարարել են, որ մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ, բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ մեզ ներկայացվող պահանջը ոչ թե առանձին պատգամավորների մակարդակով է, այլ պետական ինստիտուտների։ Պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը»,- ասել էր պատգամավորը՝ հավելելով, որ այդ ամիսների քննարկումների արդյունքում եկել էին այն եզրահանգման, որ անցյալին գնահատական տալու համար ավելի ճիշտ կլինի ստեղծել առանձին հանձնաժողով, որը կկազմվի ԱԺ-ի կամ մի քանի մարմինների կողմից եւ կունենա բարձր լեգիտիմություն՝ այն առումով, որ տարբեր խմբերի մոտ անկողմնակալ ու օբյեկտիվ կընկալվի, եւ հետագայում իր պատրաստած զեկույցն ու գնահատականը հանրության լայն շերտերի մոտ կունենան վստահություն ու համաձայնություն։ Այդ հանձնաժողովի մասին դեռ կհիշատակենք։ Փաշինյանի հրապարակած «հանրաքվեի հռչակագիրը», որով պետք է քաղաքական գնահատական տրվեր անցյալին 2020թ․ մարտին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն շատ լավ առիթ է, որ բացի բուն հանրաքվեի դրվող տեքստից՝ նկարագրեն նաեւ տեղի ունեցող գործընթացի քաղաքական կոնտեքստը։ Այդ առիթով ստեղծել էին 2020թ․ ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիր, որով ոչ միայն Սահմանադրության փոփոխություն տեղի կունենար, այլեւ կտրվեր, Փաշինյանի խոսքով, «նախնական ընդհանուր գծերով քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին», փորձ կարվեր ախտորոշել՝ ամենաբարդ եւ մեծ խնդիրը որն է եղել, որը նաեւ հիմք կդառնար համազգային պայմանավորվածության, որ դա այլեւս երբեք չի կրկնվի։  Ավելի ուշ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր այդ հռչակագրի նախագծի տեքստը, որտեղ, ի թիվս այլնի, արձանագրված էր, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները կեղծվել են, Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի, նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ հետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն, եւ այլն։  Հանրաքվեն, ինչպես հայտնի է, տեղի չունեցավ, իսկ քաղաքական գնահատական չտրվեց, համենայն դեպս, հռչակագրի նախագծից անդին։ Փաստահավաք հանձնաժողովի մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը Որոշ ժամանակ անց՝ 2020թ․-ի մայիսին, ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից օրենքների մասին նախագծերի փաթեթը։ Նախագծերով սահմանվում էին 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումների դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու եւ դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների եւ գործունեության հետ կապված այլ հարաբերությունները։  Նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ 1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային եւ քաղաքական կոռուպցիայի երեւույթների կայուն առկայությամբ, որպիսի հանգամանքն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում․ «2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետեւանք էին այս երեւույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, որը կարող է հաղթահարված համարվել միայն իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, տուժողների խախտված իրավունքները, հնարավորինս վերականգնելու, անցյալին գնահատական տալու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու [միջոցով], որպեսզի բացառվի հետագայում որեւէ իրավիճակում նման երեւույթների կրկնությունը»,- շեշտված էր նախագծում: Հիմնավորման մեջ ասված էր, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել էր անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք, ըստ նախարարության, հենց Փաստահավաք հանձնաժողովն էր՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաեւ՝ հաշտեցման հանձնաժողովը (այս հոդվածում չենք անդրադառնա, թե ինչպես մոռացության մատնվեցին նաեւ ի սկզբանե նախանշված անցումային արդարադատությունը եւ հեղափոխական օրակարագի մյուս կարեւոր հարցերը)։ Թեեւ անցումային արդարադատության շրջանակներում այս հանձնաժողովը պիտի որ անկյունաքարային նշանակություն ունենար, սակայն դրա կյանքի կոչումը մինչ օրս չի եղել, իսկ դրա շրջանակներում, բնականաբար, քաղաքական գնահատական էլ չի տրվել։ Իրավապաշտպանները պնդում էին անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին Արդեն 2020թ․ հունիսին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին եւ համակարգային փոփոխություններ իրականացնել։ Նրանք նշել էին, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն իր ջանքերն ուղղում է կարճաժամկետ քայլերի վրա՝ ամիսներ շարունակ հապաղելով արմատական լուծում տալ ժողովրդավարական եւ իրավական պետության վերականգնման համար այնպիսի հրատապ ու կենսական խնդիրներին, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի շուրջ եւ ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը, ինչը կարող էր վերաճել լրջագույն քաղաքական ճգնաժամի։  Միայն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները չէ, որ խոսում էին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Նրանց թվում էին նաեւ հանրային ու քաղաքական այլ գործիչներ։  Այսպիսով, Արսեն Թորոսյանը, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր ձեւավորված կառավարության անդամ էր՝ առողջապահության նախարարը, այդ իրադարձություններից տարիներ անց հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավաքաղաքական գնահատական, օրե՞նք պիտի ընդունվի, ինչի՞ մասին։ Սա այն պարագայում, երբ այն քաղաքական թիմը, որի ներկայացուցիչն է ինքը, առնվազն նախաձեռնել է գործընթացներ, որոնք ենթադրել են նաեւ անցյալին քաղաքական գնահատական տալ հստակ եղանակով, եւ ոչ միայն առանձին հայտարարությունների տեսքով։ Ընդ որում՝ այդ նախաձեռնությունները չեն եղել, օրինակ, անհատ պատգամավորների մակարդակով, այլ կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի, արդարադատության նախարարի։ Որքան էլ իշխող մեծամասնության ներկայացուցիչներն իրենց տարբեր ելույթներում գնահատականներ հնչեցրել են անցյալի իրադարձությունների վերաբերյալ, ընդ որում՝ շատ հաճախ բավականին սուր ձեւակերպումներով, այդուհանդերձ ինչ-որ փուլում կարեւորվել է հենց քաղաքական ավելի ծանրակշիռ հայտարարության ընդունումը՝ խորհրդարանի մակարդակով։ Այլ են հարցերը, թե ինչու այդ գործընթացը տրամաբանական կետին չհասավ, կամ արդյոք հիմա ժամանակավրեպ չէ այս խոսակցությունը, սակայն հարկ է նկատել, որ Արսեն Թորոսյանի համար անհասկանալի է մի գործընթաց, որի կարեւորությունը ժամանակին շեշտել են իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները։ Լուսանկարը՝ parliamentmonitoring.am կայքից Հայարփի Բաղդասարյան
12:30 - 27 ապրիլի, 2022
Մարտունին շուտով կունենա ժամանակակից բժշկական կենտրոն

Մարտունին շուտով կունենա ժամանակակից բժշկական կենտրոն

Մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել եմ Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ ծանոթացել ենք նոր կառուցվող շենքի շինարարական աշխատանքներին, որոնք սկսվել էին 2020 թվականի ամռանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։   «Ըստ նախատեսված պլանի՝ այն պետք է ավարտվեր 2022 թվականի աշնանը, ու չնայած համավարակով և պատերազմով պայմանավորված դժվարություններին՝ շինարարական աշխատանքները ոչ մի օր չեն կանգնել և Մարտունի խոշորացված համայնքը շուտով ունենալու է գերժամանակակից հիվանդանոց՝ հագեցած բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում համակարգչային տոմոգրաֆով (ԿՏ)։   Ուզում եմ նաև տեղեկացնել, որ նման մոդուլային բժշկական կենտրոն Հայաստանում առաջին անգամ է կառուցվում, նմանատիպ կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են նաև Վայոց Ձորի մարզում և նման նախագիծ կա Նաիրիի բժշկական կենտրոնի կառուցման համար։ Այս տիպի նախագծերն ավելի արդյունավետ են թե՛ բժշկական օգնությունը կազմակերպելու տեսանկյունից, թե՛ ծախսաարդյունավետության։   Հ.Գ. Մարտունու բժշկական կենտրոնում վերջին տարիներին տեղի են ունեցել էական բարեփոխումներ։ Հիշեցնեմ նաև, որ 2020 թվականից աշխատում է հեմոդիալիզի ծառայությունը, որը մինչ այդ հասանելի չէր Մարտունիում և պացիենտները ստիպված գնում էին այլ տեղեր»,- նշված է գրառման մեջ։    
17:06 - 03 ապրիլի, 2022
Վնասում են երկու երկրների հարաբերություններին. Թորոսյանն անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառմանը |armenpress.am|

Վնասում են երկու երկրների հարաբերություններին. Թորոսյանն անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը ցավում է, որ Ուկրաինայի գործընկերները տեղեկատվական պատերազմում ճիշտ չեն կողմնորոշվում, տարածում են ապատեղեկատվություն, վնասում երկու երկրների հարաբերություններին: Թորոսյանը նման տեսակետ հայտնեց անդրադառնալով Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջի գրառմանը, որն  անդրադարձել է Ադրբեջանի՝Արցախ վերջին ներխուժման փաստին. Գրառումն ավելի ուշ հեռացվել էր Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջից: Թորոսյանը նախ դա համարեց ոչ թե Գերագույն Ռադայի պաշտոնական հայտարարություն, այլ պարզապես «Թվիթեր»-ի էջի գրառում , թեև դա արվել է պաշտոնական էջում: «Ցավում եմ դրա համար՝ տարածել են մի անհայտ աղբյուրից եկած ապատեղեկատվություն, թե իբր ռուսական խաղաղապահ զորամիավորման զինվորները տեղափոխվել են Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար, ինչն ամենևին չի համապատասխանում իրականությանը: Եվ ես շատ եմ ցավում, որ մեր գործընկերներն Ուկրաինայում կամ այդ «Թվիթեր»-ի էջը վարողներն այս ինֆորմացիոն պատերազմի ժամանակ չեն կարողանում կողմնորոշվել, թե որն է ճշմարտություն, որը՝ սուտ»,-ընդգծեց պատգամավորը: Թորոսյանը նշեց՝ չի ուզենա հավատալ, որ դա դիտավորյալ է արվում: «Նրանք, այնուամենայնիվ, պետք է ուշադիր լինեն, քանի որ դրանով վնասում են երկու երկրների հարաբերություններին, ինչը մենք չէինք ուզենա, որ տեղի ունենար, և, կարծում եմ, նրանք էլ դա չեն ուզում»,-ասաց նա:
13:42 - 25 մարտի, 2022
Ծխելը վնաս է ոչ միայն յուրաքանչյուրի առողջությանը, այլ նաև Հայաստանի տնտեսությանը․ Թորոսյան |armenpress.am|

Ծխելը վնաս է ոչ միայն յուրաքանչյուրի առողջությանը, այլ նաև Հայաստանի տնտեսությանը․ Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Ծխելը վնասակար է ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու առողջության, այլ նաև Հայաստանի տնտեսության համար։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4,2 տոկոսը և դա յուրաքանչյուր անձի հաշվով կազմում է 92 հազար դրամ։ Սա շատ կարևոր է, որովհետև մեր գործընկերները հաճախ նաև հարցեր են տալիս տնտեսվարողների գործունեության հետ կապված։ Դեմ չեմ, որ ինչ-որ կոնկրետ տնտեսվարման ճյուղի սա վնաս պատճառի և շարունակի վնաս պատճառել, բայց եթե ընդհանուր համատեքստում նայենք, ապա սա միայն օգտակար է Հայաստանի Հանրապետությանը, ինչպես օգտակար է եղել աշխարհի բոլոր երկրներին»,- նշեց Թորոսյանը։ Պատգամավորն ընդգծեց՝ պետք է հստակ արձանագրել, որ ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվողների մուծած հարկերը երբեք չեն գերազանցել և չեն գերազանցելու այդ արտադրատեսակների օգտագործման հետևանքով հասցվող վնասին։ «Եկեք հիշենք շատ հաճախ, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում տարեկան մահանում է 5500 մարդ»,- եզրափակեց Թորոսյանը։
15:01 - 09 մարտի, 2022
44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում. Արսեն Թորոսյան

44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում. Արսեն Թորոսյան

Քննչական կոմիտեում 44-օրյա պատերազմի զոհերի թվի մասին տեղեկատվությունը ձևավորվում է` հիմնվելով դատաբժշկական ծառայության կողմից զոհերի մարմինների և մասունքների դատաբժշկական (ներառյալ` դատագենետիկական) փորձաքննության վրա:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: «Չէի ուզի այս ցավոտ հարցին անդրադառնալ, բայց նույնիսկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այս հարցի շուրջ վարչապետի մեկնաբանությունից հետո չդադարող մանիպուլյացիաներն ու կեղծիքը, որոնք հաճախ անցնում են բարոյականության սահմանը, ստիպում են ինձ դա անել: Ցավալին այն է, որ դա անում են նաև մարդիկ, որոնք եղել են զինված ուժերում ղեկավար պաշտոնների, նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատար են եղել և շատ լավ գիտեն, թե այդ թվերը ինչպես են ձևավորվում, ովքեր են այն մարդիկ, որ այդ վիճակագրությունը տալիս են: Նրանք նաև շատ լավ գիտեն, որ պատասխանատուները պրոֆեսիոնալներ են և կեղծիքի երբեք չեն գնա, ավելին` նրանց մեծ մասին հենց իրենք էլ ժամանակին նշանակել են այդ պաշտոններում: Ես համոզվել եմ, որ մեր պետական կառավարման մարմինները չեն թաքցնում մեր կորուստների իրական թվերը դեռ 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էի Արցախի պաշտպանության բանակի ռազմաբժշկական բաժնի վիճակագրի պաշտոնը և ինքս էի մասնակցում վիրավորների թվի հավաքագրմանը»,- գրել է Թորոսյանը: Պատգամավորը ընդգծում է, որ երկու պետական մարմիններն էլ եղել են Ստեփանակերտում` սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, և նա որպես Առողջապահության նախարար  անձամբ բազմիցս ներկա է եղել այդ գործընթացին: «Ուզում եմ ասել, որ միայն մեր ժողովրդին ավել ցավ պատճառել ցանկացող անձը կարող է կեղծել այս, արդեն իսկ անասելի ցավ պատճառող թվերը ու փորձել մեր կորուստները ներկայացնել ավելին, քան կան: Միայն մեր կորուստների վրա հակառակորդի հրճվանքը ցանկացող անձը կարող է ասել, որ մենք ոչ թե 3812 զոհ ենք ունեցել (և 217 անհետ կորած անձ), այլ 5000, 6000 կամ ավելին: Միայն բարոյականության հետ խնդիրներ ունեցող անձը կարող է ասել, որ մենք տասնյակ հազարավոր վիրավորներ ենք ունեցել` մոտ 7500-ի փոխարեն: Տիկնայք և պարոնայք, դուք ձեզ երբևէ հարց տվել եք, թե դուք ո՞ր երկրի կամ ժողովրդի շահերն եք պաշտպանում»,- եզրափակել է Թորոսյանը:
12:22 - 11 փետրվարի, 2022
Դեռ 2018-ից համակարգային փոփոխություններ են արվել հոգեկան առողջության պահպանման ոլորտում․ Ա․ Թորոսյան

Դեռ 2018-ից համակարգային փոփոխություններ են արվել հոգեկան առողջության պահպանման ոլորտում․ Ա․ Թորոսյան

ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որով պատասխանել է ՄԻՊ Արման Թաթոյանին։ «Մի քանի օր է, ինչ գործող ՄԻՊ Արման Թաթոյանը թմբկահարում է «Հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումների մասին» ու որ դրանք 2017թ.-ից այս կողմ չեն փոփոխվել: Միայն այն, որ «զեկույցի» վերնագրում խոսվում է «հոգեբուժարանների» և ոչ թե հոգեկան առողջության պահպանման կենտրոնների մասին, ինչպես այդ բժշկական հաստատությունները կոչվում են արդեն մի քանի տարի է (վերջինը անվանափոխվել է իմ կողմից 2019 թվականին), խոսում է նրա մասին, որ կա հոգեկան առողջության պահպանման ոլորտի վերջին տարիների բարեփոխումները և դրական առաջընթացը ստվերելու միտում: Նույնիսկ այդ անվանափոխությունների մեջ մենք տրամաբանություն ենք դրել, որպեսզի պայքարենք խարանի և խտրականության դեմ այդ հաստատություններում բուժում ստացող կամ ապրող մեր քաղաքացիների նկատմամբ, փոխենք վերաբերմունքը նրանց նկատմամբ թե' բժշկական հաստատություններում, թե' հանրության շրջանում: Պարոն Թաթոյանը սակայն միտումնավոր չի նկատում դա ու կրկին հրամցնում է հասարակությանը խարանի և խտրականության մարմնավորում հանդիսացող տերմինը և դրա տրամաբանությունը: Նույն թելը երևում է բուն տեքստում: Դեռ 2018 թվականից մենք աշխատել ենք թե' գործող հոգեկան առողջության պահպանման կենտրոնների շենքային պայմանների լավացման, թե' ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացման վրա: Շարունակաբար լավացվել են Սևանի և Ավանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնների շենքային պայմանները, պացիենտների սնունդը, գիշերելու պայմանները, հագուստը, դեղորայքը: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ի թիվս վերոնշյալի նաև հենց հիմա պետական բյուջեի միջոցների հաշվին տեղի է ունենում ամբողջական վերակառուցում և վերազինում: Այս փոփոխությունների ականատեսն են բոլոր մեր պացիենտները և նրանց հարազատները, որոնք և կփաստեն խոսքերիս ճշմարտացիությունը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտի համակարգային բարեփոխումները սակայն ինչ-որ չափով դանդաղեցին մինչ օրս ձգվող կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պատճառով և ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ավելի կակտիվանան. դա եղել է մեր կառավարության առաջնահերթություններից մեկը և այդպես էլ մնալու է: Հուսով եմ նաև, որ առողջապահության նախարարությունը մանրամասն կանդրադառնա «զեկույցում» զետեղված հանգամանքներին և դրանց ճշմարտացիությանը, իսկ ես ևս մեկ անգամ արձանագրում եմ մարդու իրավունքների պաշտպանի կողմնակալությունը, այդ թվում ոչ այդքան քաղաքական հարցում, ինչպիսին է մեր քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման կարևոր ոլորտը»։ Նշենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը ևս հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր՝ բարձրաստիճան պաշտոնյաները ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու իրավունք չունեն։
11:20 - 25 հունվարի, 2022