ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային

Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային

Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային։ Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարությունը։ «Ի լրումն ԱԱԾ հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Սակայն, Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ անձանց Թուրքիային փոխանցում չի իրականացվել։ Ավելին՝ նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»,- ասվում է հայտարարությունում։ Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։ Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Հայաստանը Թուրքիային է հանձնել երկու քուրդ մարտիկների։
19:53 - 25 սեպտեմբերի, 2022
ԱԱԾ-ն՝ ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ հնչեցվող քննադատությունների մասին

ԱԱԾ-ն՝ ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ հնչեցվող քննադատությունների մասին

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին հնչեցվող անհիմն ու մերկապարանոց քննադատությունները՝ տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը։ Տեղեկացվում է որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից»։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրությամբ նաև հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները։ Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Հայաստանը Թուրքիային է հանձնել երկու քուրդ մարտիկների։
18:00 - 25 սեպտեմբերի, 2022
Ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ․ Փաշինյանը խոսեց Հայաստանում «գործակալական ցանցերի» մասին

Ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ․ Փաշինյանը խոսեց Հայաստանում «գործակալական ցանցերի» մասին

Ես տեղյակ եմ, որ մենք ունենք ադրբեջանական ագրեսոր ուժերի կողմից ռազմական բնույթի հանցագործությունների դեպքեր, և այդ հանցագործությունների դեպքերը պետք է մանրամասն փաստագրվեն, և հետագա գործընթացներում ընթացք տրվի միջազգային իրավական գործընթացների շրջանակներում։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այստեղ ես կուզենայի մեկ հանգամանք ընդգծել, որ այս թեմայից դուրս շատ կարևոր է, որ հատկապես ուշադրություն դարձնենք, որ ՀՀ ԶՈՒ գործունեությունը խաթարելու յուրաքանչյուր փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի՝ անկախ մոտիվացիաներից, անկախ գործող անձանց էմոցիոնալ վիճակից, և ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք, մենք դեպքեր ենք ունեցել 44-օրյա պատերազմում և դրանից հետո, այդ գործերով լավ է, որ ինտենսիվ քննություն է գնում, որևէ անձի որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործունեություն իրականացնել»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը անկախ էմոցիոնալ վիճակից օրենքի գիծը անցնում է, պետք է իրավապահ համակարգի հակազդեցությունը շատ կոնկրետ արագ և ամենակոշտ ձևով զգա․ «Սա պետական անվտանգության հարց է, և մենք չենք պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ»։ «Մեզ համար շատ կարևոր է տեղեկատվական անվտանգության ապահովումը, և մենք տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ։ Ժողովորդավարությունը՝ ժողովրդավարություն, բայց այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնել, և մենք ակնկալում ենք, որ մեր իրավապահ համակարգը, ԱԱԾ-ն շատ կոնկրետ մեթոդներ ձեռնարկի՝ հայտնաբերելով այդ թվում՝ համագործակցող անձանց, քանի որ դա գործակալական ցանց է ՀՀ-ում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ԱԱԾ-ն վերջին շրջանում շատ մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով․ «Բայց կարծում ենք, որ գործակալական ցանցերի հետ մեր պրոբլեմները չենք կարգավորել և այդ ուղղությամբ պետք է շարունակենք հետևողական աշխատանք իրականացնել»։
11:59 - 16 սեպտեմբերի, 2022
Ավարտվել է պետական դավաճանության հատկանիշներով հարուցված հերթական քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է պետական դավաճանության հատկանիշներով հարուցված հերթական քրեական վարույթի նախաքննությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը հաշվի առնելով՝ տեղեկացվում է, որ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված վարույթներից մեկով կազմվել է եզրափակիչ դատավարական ակտ և կալանքի տակ գտնվող անձի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ Քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի քննությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավաքագրված լինելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից՝ վերջիններին փոխանցել է ծառայության բերումով իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի տեղեկություններ, որից հետո պարտավորագիր է գրել հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ համագործակցության վերաբերյալ,  ստացել համապատասխան ծածկանուն և յուրաքանչյուր ամսվա համագործակցության դիմաց 500 ԱՄՆ դոլար վարձատրության խոստում: Դրանից հետո, հիշյալ անձը 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի կազմով ընդգրկված լինելով պաշտպանության տարբեր տեղամասերում մարտական գործողությունների իրականացմանը, հակառակորդի  կողմն անցնելով և նպատակ ունենալով գործել ի վնաս Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային անձեռնմխելիության, ունենալով հրթիռավորի մասնագիտությամբ բարձրագույն զինվորական կրթություն, տիրապետելով ռեակտիվ համակարգից մարտական արձակումների հմտություններին և ղեկավարելով զորամասի հաշվեկշռում գտնվող ռեակտիվ համակարգերից մեկը, ՀՀ ՊՆ համար N զորամասի համապատասխան ծառայության կողմից տրված և վերստուգված ճշգրիտ կոորդինատների առկայության պայմաններում իր ղեկավարած մարտական ռեակտիվ համակարգից դիտավորությամբ կատարել է ոչ նպատակային կրակային արձակումներ և չի խոցել հակառակորդի կրակային նշանակետերը, ինչի արդյունքում հնարավոր չի եղել կատարել հաշվարկի առջև դրված մարտական առաջադրանքը։ Ընդ որում, հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմինների տեսադաշտում հայտնվելուց, բացահայտվելուց խուսափելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները հիշյալ անձին տրամադրել են իրենց  հաղորդակցական կապը քողարկող հավելվածով ծրագրավորված բջջային հեռախոս՝ հանձնարարելով այն չօգտագործել հաղորդակցման նպատակներով, մշտապես պահել «թռիչքային» ռեժիմում, տեղեկությունները փոխանցելիս օգտվել հանրային վայրերում տեղակայված համացանցի միացման հնարավորություններից և այլն: Արդյունքում, քրեական հետապնդման ենթակա անձը հավաքել և քողարկված ինտերնետային կապի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին տեղեկություններ է տրամադրել հայրենիքի կողմից ձեռքբերված  ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, պատերազմի ընթացքում ունեցած զինտեխնիկայի կորստի վերաբերյալ՝ տրամադրելով նաև իր ծառայության զորամասի դիվիզիոնի զինծառայողների՝ անձնակազմի քանակի, զբաղեցրած հաստիքների, ամրակցված զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաստիքացուցակը, զինծառայության անցնելու պայմանների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթերը: Բացի այդ, հիշյալ անձը խոստացել է հավաքել ու 4.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններին հանձնել պետական գաղտնիք հանդիսացող ՀՀ ՊՆ համար N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական պատրաստվածության պլանը, քարտեզները և մարտական կարգադրությունները, սակայն չի կարողացել հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել,  քանի որ  բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից: Քրեական վարույթի ընթացքում ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել նաև առ այն, որ նույն անձը պատերազմի ընթացքում վարելով ՀՀ ՊՆ համար N զորամասին ամրակցված, ռազմական տեխնիկա հանդիսացող  ռեակտիվ համակարգի ավտոմեքենան, նպատակ ունենալով դիտավորությամբ վնասել այն և նույն զորամասի մեկ այլ ռազմական տեխնիկա հանդիսացող տրանսպորտալիցքավորման ավտոմեքենան ու դրա վրա տեղադրված ռազմամթերք հանդիսացող ռեակտիվ արկերը, տեսնելով իր վարած տրասնպորտային միջոցի հետնամասում կայանված հիշյալ ավտոմեքենան, կտրուկ հետընթաց է կատարել և հետնամասով բախվել է հիշյալ ավտոմեքենային՝ վնասելով այն և դրա վրա բեռնված ռեակտիվ արկերը, որի արդյունքում  հիշյալ ռազմական տեխնիկան 44-օրյա պատերազմի ընթացքում տևական ժամանակ չի օգտագործվել մարտական խնդիրների լուծման նպատակով։ Այսպիսով, գործով որպես մեղադրյալ ներգրավված անձը  հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն հավանական մարտական գործողությունների պլանավորման ընթացքում կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղակայումները, ինչպես նաև կանխորոշել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հատուկ կարգավիճակի զորամասերի կողմից իրենց առջև դրված մարտական խնդիրների բնույթը, նրանց կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալները և արդյունքում խոչընդոտել զինված ուժերի ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել պետական դավաճանություն: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ միայն 2022 թվականի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընդհանուր թվով 8 քրեական վարույթներ 15 անձանց վերաբերյալ։ Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է և նկատի ունենալով դրանց նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի դրանց ընթացքի և արդյունքների մասին։
11:42 - 09 սեպտեմբերի, 2022
«Անորակ հրթիռների» գործով կալանավորված Արմեն Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել |factor.am|

«Անորակ հրթիռների» գործով կալանավորված Արմեն Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել |factor.am|

factor.am: Անորակ հրթիռներ ձեռք բերելու գործով ավելի քան երկու ամիս կալանքի տակ գտնվող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներա-մայոր Արմեն Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացրել է պաշտպան Հակոբ Ենոքյանը՝ զերծ մնալով սահմանված գրավի չափը հանրայնացնելուց։ Դեռ նախորդ ամիս քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին: Քննության ընթացքում, սակայն, պաշտպանական կողմն իր հերթին միջնորդել էր գրավ կիրառել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Մուրադյանի նախագահությամբ, օգոստոսի 11-ին որոշում էր կայացրել բավարարելու քննիչի ներկայացրած կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը՝ թույլատրելի ճանաչելով նաև գրավի կիրառումը: Արմեն Հարությունյանն ազատ էր արձակվել հենց հաջորդ օրը՝ գրավը վճարելուց անմիջապես հետո։ Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլարի անորակ հրթիռներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։ Արմեն Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում։
18:59 - 03 սեպտեմբերի, 2022
ԱԱԾ-ն հայտնում է «Սասունցի Դավիթ» կայարանում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումների իրականացման մասին

ԱԱԾ-ն հայտնում է «Սասունցի Դավիթ» կայարանում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումների իրականացման մասին

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 31-ին հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: ԱԱԾ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել: «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված: Հորդորում ենք բնակիչներին ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների  կողմից իրականացվող աշխատանքներին, ցուցաբերել հնարավոր աջակցություն և օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Միաժամանակ, դրսևորել զգոնություն և ուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտային միջոցներում առանց հսկողության թողնված իրերին, առարկաներին և դրանց մասին հայտնել իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։  
15:30 - 31 օգոստոսի, 2022
Երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել թշնամու կողմն անցնելու և լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանություն կատարելու համար. ՀՀ դատախազություն

Երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել թշնամու կողմն անցնելու և լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանություն կատարելու համար. ՀՀ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության 2 դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ: Քրեական վարույթներով ձեռնարկված վարույթային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Վ. Ղ.-ն և Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում բնակվող Ի.Վ.-ն հավաքագրվել են օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, Վ.Ղ.-ն թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ: Նրանք առանձին-առանձին հաղորդակցության տարբեր միջոցներով դիմել են Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատակով: Նշված քրեական վարույթներով հավաքված ապացույցների հիման վրա հսկող դատախազի կողմից 2022թ. օգոստոսի 18-ին կայացվել են Ի. Վ.-ի և Վ. Ղ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ: Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: Որոշումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:33 - 30 օգոստոսի, 2022
Բացահայտվել է օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դեպք․ ԱԱԾ

Բացահայտվել է օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դեպք․ ԱԱԾ

Սույն թվականի օգոստոսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հ.Զ-ն, շրջանցելով ՀՀ սահմանային «Մեղրի» անցակետը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և Հայաստանի Հանրապետության կողմից մուտք գործել Իրանի Իսլամական Հանրապետություն։ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում, նույն պահին Հ.Զ-ն բռնվել է և սահմանված կարգի համաձայն՝ փոխանցվել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին։Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։ Հ.Զ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
14:00 - 25 օգոստոսի, 2022
Ադրբեջանից դեպի Նախիջևան ավտոմոբիլային տրանսպորտով տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակության ճանապարհները չեն փակվելու. ԱԱԾ

Ադրբեջանից դեպի Նախիջևան ավտոմոբիլային տրանսպորտով տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակության ճանապարհները չեն փակվելու. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ներով և սոցիալական հարթակներով շրջանառվող այն լուրը, թե  ՀՀ տարածքով Ադրբեջանի Հանրապետությունից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր տարանցիկ ուղևորման դեպքում տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Ներկայումս մշակման փուլում են գտնվում տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, որում Հայաստանի բնակչության, ինչպես նաև օտարերկրացիների ու վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար որևէ տեղական և/կամ միջազգային (միջպետական) նշանակության ճանապարհների փակում և/կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում։  
19:26 - 22 օգոստոսի, 2022
ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ

 |armenpress.am|

ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում: ՀՀ կառավարության 2011 թվականի N 703-Ն որոշման լրացումներ կատարելու մասին նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Ակնկալվող արդյունքը Հայաստանում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային),  Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Նախագիծը մշակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ներգրավվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ նոր անցման կետերի շինարարական և կահավորման աշխատանքների իրականացման համար:
15:11 - 18 օգոստոսի, 2022
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. Դատախազությունը երկու անձի վերաբերյալ մանրամասներ է հայտնում

Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. Դատախազությունը երկու անձի վերաբերյալ մանրամասներ է հայտնում

ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության դեպքերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Մասնավորապես, 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ն, 2017թ. հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ, իսկ 2022թ. հունիսի 7-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ-ից հեռանալուց հետո օգոստոսի 7-ին տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն: Այդ կերպ կատարվել Է պետական դավաճանություն, որն  արտահայտվել են թշնամու կողմն անցնելով, լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:  Բացի այդ, 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ն, բնակվելով Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում և հավաքագրվելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից, 2022թ. ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած հրապարակումներում բացահայտորեն հանդես է եկել հակահայկական հայտարարություններով, որոնցում գովաբանել է ադրբեջանական իշխանություններին, նրանց վարած քաղաքականությունը, քննադատել 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել ու աշխատել Ստեփանակերտ քաղաքում՝ Ադրբեջանի Հանրապետության իրավազորության ներքո: Այդ կերպ նա առերևույթ կատարել է պետական դավաճանություն, որն արտահայտվել է թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:  Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 10.08.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ: Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարույթային գործողություններ՝ նշված անձանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով», ասված է հաղորդագրության մեջ:
15:14 - 12 օգոստոսի, 2022
Դավաճանության համար մեղադրվող 4 անձանց գործերն ուղարկվել են դատարան

Դավաճանության համար մեղադրվող 4 անձանց գործերն ուղարկվել են դատարան

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը հաշվի առնելով՝ տեղեկացվում է, որ վարույթներից չորսով 2022 թվականի հուլիս ամսին կազմվել են եզրափակիչ դատավարական ակտեր և կալանքի տակ գտնվող չորս անձանց մասով քրեական վարույթները մեղադրական եզրակացություններով հանձնվել են դատարան։ Այս մասին հաղորդում է ԱԱԾ-ն: Հարուցված և դատարան հանձնված քրեական վարույթներով պարզվել է, որ գործակալական ցանցերում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծավալած հակապետական գործունեության արդյունքում օտարերկրյա հատուկ ծառայություններին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ մինչև՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։ Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր  ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների, քողարկված եղանակով կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ և այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ միայն 2022 թվականի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընդհանուր թվով 5 քրեական վարույթներ 12 անձանց վերաբերյալ։ Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է և նկատի ունենալով դրանց նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբեր տեղեկություններ կտրամադրի դրանց ընթացքի և արդյունքների մասին։
12:50 - 01 օգոստոսի, 2022