Սոս Ավետիսյան

7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցությամբ պատգամավոր։

Սոս Ավետիսյանը ծնվել է 1989 թվականին Արարատի մարզի Արարատ քաղաքում:

2010թ. ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն լեզվի եւ գրականության բաժինը: 2013թվականին  ավարտել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման» մագիստրոսական ծրագիրը, 2014թ.՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը, 2016թ.՝ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիոսի քոլեջը: 

2008-2010թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ: 2016 թվականից դասավանդում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: 2016-2017թթ. եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հայոց պատմության դասախոսի օգնական:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով՝ ընդգրկվելով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության և ՀՀ ԱԺ թվով 15 բարեկամական խմբերի կազմերում։ 

«Այդ դեսպանները մեր լավագույններից են». Արարատ Միրզոյանը` վերջին քաղաքական նշանակումների մասին |hetq.am|

«Այդ դեսպանները մեր լավագույններից են». Արարատ Միրզոյանը` վերջին քաղաքական նշանակումների մասին |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է` քաղաքական նշանակումներն ԱԳ նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է, և ամենևին ոչ բոլոր նախարարներն են կարիերային դիվանագետներ: Խորհրդարանում ասաց ԱԳ նախարարը՝ պատասխանելով պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե նախարարն ինչ դիրքորոշում ունի այն հարցում, որ դիվանագիտական կորպուսում քաղաքական նշանակումներ են արվում: Արարատ Միրզոյանն արձագանքեց` մի շարք երկրներում նմանատիպ պրակտիկա է գործում նաև դեսպաններ նշանակելու հարցում: «Դա եղել է մինչև 2018-ի հեղափոխությունը, նաև հեղափոխությունից հետո, պատերազմից առաջ, պատերազմից հետո, կլինի նաև ապագայում: Եթե վերջին մի քանի քաղաքական նշանակումներից եք հարցնում, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ դեսպանները մեր լավագույն դեսպաններից են»,- ասաց նա: Հիշեցնենք, որ դիվանագիտական կորպուսում քաղաքական նշանակումների շարքին են դասվում նախկին պատգամավոր Լիլիթ Մակունցի` Միացյալ Նահանգներում, նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի` Գերմանիայում, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանի` Իսպանիայում, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի` ՌԴ-ում նշանակումները: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն էլ հիշեցրեց, որ մի շարք երկրներում Հայաստանը դեսպանատան գործունեության համար տարածքներ է վարձակալում, նա հետաքրքրվեց, թե կան արդյոք հաշվարկներ` տարածքներ ձեռք բերելն արդյոք ավելի շահեկան չի լինի: «Շատ լուրջ ֆինանսիստ պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե տնօրինում ես քո գույքը, շատ ավելի շահավետ է, քան վարձակալությունը: Մենք որդեգրել ենք քաղաքականություն, աստիճանաբար, ըստ առաջնահերթությունների քիչ-քիչ փորձենք անցնել դրան, հիմա էլ կա, մինչև մեզ էլ արվել է»,- ասաց Միրզոյանը: Գլխավոր նկարը՝ «Ֆոտոլուր» գործակալության
15:19 - 06 հունիսի, 2022
Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. դեսպան Ավետիսյանի հարցազրույցն Իսպանիայի պետական հեռուստաընկերությանը

Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. դեսպան Ավետիսյանի հարցազրույցն Իսպանիայի պետական հեռուստաընկերությանը

Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Իսպանիայի պետական ռադիոհեռուստաընկերության 2-րդ ալիքը (La 2 de TVE) պատրաստել է հատուկ հեռուստառադիոհաղորդում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի։ Հաղորդման շրջանակներում իսպանական հեռուստաընկերությանը հարցազրույց են տրամադրել դեսպան Սոս Ավետիսյանը աշխարհահռչակ հայազգի ջութակահար Արա Մալիկյանը, Մադրիդի Ինքնավար համալսարանի դասախոս, պատմաբան Ֆերնանդո Կամաչոն, իսպանաբնակ հայազգի իրավաբան Էմմա Հակոբյանը։ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Միջազգային ճանաչումը և ոգեկոչումը կարևորվում են ոչ միայն անցյալի դաժան ոճրագործությունների դատապարտման, այլ նաև՝ ապագայում ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, մարդկային արժանապատվության և անվտանգության երաշխիքների ապահովման առումներով»,- հարցազրույցի ընթացքում ընդգծել է դեսպան Սոս Ավետիսյանը; Դեսպանն ընդգծել է նաև, որ Հայաստանը երկար տարիներ միջազգային ասպարեզում այս հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկն է՝ նշելով, որ 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ն ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Հաղորդումը հեռարձակվել է իսպանական մի շարք այլ հեռուստաալիքներով:
20:10 - 23 ապրիլի, 2022
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել մի շարք երկրներում դեսպաններ նշանակելու մասին

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել մի շարք երկրներում դեսպաններ նշանակելու մասին

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վարուժան Ներսեսյանը համատեղության կարգով նշանակվել է Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին, համատեղության կարգով, նշանակել Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)»,- նշված է հրամանագրում։ Մեկ այլ հրամանագրով՝ Սոս Ավետիսյանը նշանակվել է Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանին, համատեղության կարգով, նշանակել Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,- նշված է հրամանագրում։ Նախագահի մյուս հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը համատեղության կարգով նշանակվել է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանին, համատեղության կարգով, նշանակել Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- նշված է հրամանագրում։ Նշանակվել է նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն Ղևոնդյանին նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան)»։
20:25 - 08 ապրիլի, 2022
Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է

Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում էր մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը, ում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունը։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը 2022 թ․-ին ավարտվում է․ նա պաշտոնավարում է 2016 թ․-ից։ Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը մի քանի հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին, որը ներկայացնում էր Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Հարցերից մեկն էլ վերաբերում էր ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանին․ «Գործող մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից դժգոհ են երկու սուբյեկտ՝ Ադրբեջանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ինչո՞վ եք սա բացատրում»,- հետաքրքրվեց Մանուկյանը։ Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեք Արման Թաթոյանի գործունեությանը գնահատական չի տվել․ «Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանին, խոսքը վերաբերում է Արման Թաթոյանի գործունեությանը, նախ՝ որևիցե մեկը որևիցե գնահատական «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության կողմից պարոն Թաթոյանի գործունեության չի տվել, երբեք չի տվել»։ Թեև Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբևէ գնահատական չի հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ, սակայն 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության, ապա նաև 8-րդ գումարման ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները բազմիցս հրապարակային անդրադարձել են Մարդու իրավուքների պաշտպանի գործունեությանը՝ նաև գնահատականներ հնչեցնելով։ Ի դեպ, ԱԺ նիստերից մեկում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ ելույթ ունենալով խմբակցության անունից։ Ավելին, Պաշտպանի գործունեության վերաբերյալ գնահատականներ են հնչեցրել նաև կառավարող ուժի այլ պաշտոնյաներ ևս։ Կառավարող խմբակցության պատգամավորների անդրադարձը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 7-րդ գումարման Ազգային ժողովի 2020 թ․-ի մայիսի 11-ի նիստի ընթացքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման և տարեկան զեկույցի քննարկման ժամանակ,  «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ ՄԻՊ-ի գործունեության վերաբերյալ որոշ գնահատականներ հնչեցրին։  Կառավարող խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ի թիվս այլնի, նշեց, որ Թաթոյանի աշխատանքում մեկ խնդիր է նկատում․ «Դուք շատ խոսեցիք ատելության խոսքի գեներացման մասին, նաեւ զեկույցում եք այդ մասին բավական հիմնավոր փաստարկներով նշել, բայց այս մեկ տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ, հատկապես, պատճառահետևանքային կապի դեպքում միշտ արձանագրել եք եւ խոսել եք հետևանքի մասին, մինչդեռ այս իրավիճակում, հատկապես, ատելության խոսքի դեպքում պատճառը չափազանց կարևոր է: Այն, որ հասարակական կառույցներն ամիսներով ուղղակիորեն վերբալ հայհոյանքների, վերբալ բռնության ներքո էին, Դուք դա չէիք արձանագրում: Այն, որ հենց այդ նույն ՀԿ-ների մոտ ուսուցիչներ, որոնք ամիսներով մարզերում հայերեն և մաթեմատիկա էին սովորեցնում երեխաներին կամավոր հիմունքներով, այդ նույն խմբակի կողմից վերբալ բռնության արժանացան, Դուք դրան չարձագանքեցիք, սակայն արձագանքեցիք, երբ այդ նույն խմբակի նկատմամբ որևէ գործողություն իրականացվեց: Արձագանքեցիք րոպեների կամ ժամերի ընթացքում»։ Նմանատիպ դիտարկում արեց նաև «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր՝ Սոս Ավետիսյանը․ «Կրկնելով կամ վերաձևակերպելով տիկին Աբրահամյանի հարցը՝ ուզում եմ հստակ հասկանալ, թե ինչո՞ւ երբ ատելության խոսք, թիրախավորում, ընդհանուր առմամբ, ՀԿ սեկտորի նկատմամբ թիրախավորված գործողություններ են տեղի ունենում, Մարդու իրավունքների պաշտպանն այդ ամենը չի բարձրացնում պետության ուշադրության համար, որովհետև ես լավ հասկանում եմ, որ ՄԻՊ-ը, իհարկե, պաշտպանում է քաղաքացիներին պետության հնարավոր իրավունքի խախտումներից, բայց Մարդու իրավունքների պաշտպանն իդեալական աշխարհում նաև պետք է բարձրացնի նման հարցեր, որպեսզի պետությունը իր ուշադրությունը տեղափոխի այդտեղ, մասնավորապես, թե՛ հարգարժան Խառատյանների ընտանիքի նկատմամբ, թե՛ պարոն Մարությանի ընտանիքի նկատմամբ հնչում են այսպիսի խոսքեր, եւ ՄԻՊ-ը պետք է այդ հարցը բարձրացնի պետության առջև»։ Նույն նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որն այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը խտրական մոտեցում է ցուցաբերում․ «Ինչ որ կասեմ, խդնրում եմ ընդունեք իմ անձնական, սուբյեկտիվ տպավորություն և կարծիք։ Վերացական չեմ ասի, կատարված վերջին 2 դեպքը մեջբերեմ։ Ի դեպ, մինչև հարցը տալն ասեմ, որ, գուցե, ես եմ սխալ պատկերացնում, բայց, իմ պատկերացմամբ, մարդու իրավունքների գրասենյակը մարդու իրավունքներն է պաշտպանում և իր հայտարարություններով ֆոն է ստեղծում երկրում, ինչի համար շատ կարևոր են իր հայտարարությունները։ Մասնավորապես, երբ ԱԺ դահլիճում խմբակցության ղեկավարը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում ԱԺ փոխնախագահի հասցեին,Դուք որևէ արձագանք չեք տալիս։ Եվ որքանով ես տեղյակ եմ, ներեցեք, եթե սխալ եմ հասկանում, բայց պատգամավորը ևս մարդ է, և իր իրավունքները պետք է պաշտպանեք Դուք՝ անկախ նրանից, թե նա իշխանական է, ընդդիմադիր, իշխանության ներկայացուցիչ, թե չէ։ Իսկ երկրորդ դեպքը, երբ ԱԺ նույն փոխնախագահի նկատմամբ բռնություն գործադրվեց, Ձեր գրասենյակը րոպեների արագությամբ հասավ այն հայտնի խմբակին և, ընդամենը դեպի ձեզ իրականացված զանգ, որին ես ներկա եմ եղել, դրանից հետո մեկ ժամ հետո նոր Ձեր գրասենյակից մարդ ներկայացավ, իսկ հարցը գնում էր ԱԺ փոխնախագահի մասին»։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, Պաշտպանին հարցրեց՝ արդյոք ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի՞ որևիցե առավելություն․ «Կարմիր թելով այսօր մեր հարց ու պատասխանների մեջ անցնում էին ընդդիմության, ընդդիմության կանանց առավելություններն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, օրինակ՝ ցիտեմ հենց ձեզ․ «կնոջ և այն էլ՝ ընդդիմադիր»: Կարելի է ենթադրել, որ ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի որևիցե առավելություն: Եվ արդյո՞ք Ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ երբ Դուք անընդհատ ընդգծում եք, որ ընդդիմադիր գործիչներին, ընդդիմադիր կանանց Դուք պիտի անպայման պաշտպանեք, հասարակության ենթագիտակցության մեջ չեք ամրագրում արդեն եղած այս ատելության մթնոլորտը, որ իշխանության ներկայացուցիչներին կարելի է վիրավորել, ահաբեկել, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին՝ ոչ»։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն էլ, ներողություն խնդրելով Թաթոյանից, ասաց, որ որոշ դեպքերում վերջինիս գործողություններում երկակի ստանդարտներ է նկատում․ «Իմ գործընկերները հիմնականում խոսեցին տիկին Սամսոնյանի (7-րդ գումարման ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբ․ պատգամավոր) և տիկին Ռևազյանի (Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, խմբ․) դեպքերի վերաբերյալ Ձեր ոչ նույնական արձագանքի մասին: Եվ ես ուզում եմ մի քիչ բացել, թե մենք, վստահ եմ՝ բոլորս, ինչ նկատի ունենք: Ես վստահ եմ, որ մենք բոլորս բավականաչափ ռեսուրս էլ ունենք, մտավոր կարողություններ էլ ունենք, կամք էլ ունենք, որ մենք մեզ պաշտպանենք: Մենք չենք ասում, որ խոցվել ենք դրանից, որ Դուք մեզ չեք պաշտպանել: Մենք ասում ենք, որ խնդրահարույց ենք համարում, որ Ձեր ինստիտուտը ներկայացնող անձը, այսինքն՝ Դուք, հետևողական չեք Ձեր մոտեցումներում: Կարևոր չէ՝ Դուք դատապարտո՞ւմ եք դա, թե՞ Դուք դրան չեք անդրադառնում: Խնդիր է, երբ Դուք չեք անդրադառնում մի դեպքում և անդրադառնում եք մյուսում, և բնավ խնդիր չէր լինի, եթե Դուք առհասարակ, չանդրադառնայիք»։ Հաջորդ օրվա նիստին Թաթոյանի զեկույցին անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, որը այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա մի քանի խնդիրներ առանձնացրեց ՄԻՊ-ի զեկույցում։  «Դուք Ձեր զեկույցում, պարոն Թաթոյան, կանանց իրավունքներից խոսելիս նշել եք հետևյալ միտքը. «Կինը ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է»։ Մեղմ ասած, այս ձևակերպումը ոչ տեղին էր, եթե Դուք այս ձևակերպմամբ կարդայիք զեկույց 20-րդ դարի 20-30-ական թթ․-ին որևէ խորհրդարանում, սա կլիներ ընկալելի, բայց 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ՝ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է։ Դուք Ձեր ձևակերպման մեջ եւ բացատրության մեջ, երբ այս հարցը հնչեց, ասացիք, որ ժամանակը չի հերիքել, որ ավելի խորքային բացատրեք կանանց իրավունքների մասին։ Ես Ձեզ ուզում եմ վստահեցնել, որ Դուք կարող էիք կրճատել Ձեր միտքը Ձեր զեկույցի այլ ասպեկտներում, բայց կանանց իրավունքների մասին Դուք պետք է խոսեիք ավելի համապարփակ, քանի որ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ՝ սկսած պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունից մինչև սեռերով պայմանավորված աբորտների սահմանափակում, կանանց հանդեպ բռնության կրճատում և այլն։ Ես հույս ունեմ, որ Ձեր վերջնական զեկույցում, պարոն Թաթոյան, Ձեզ հետ եմ խոսում, Ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան»։ Հակոբյանը նշեց, որ իշխանությունը և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության․ «Երկրորդ ասպեկտը, որի մասին կարելի է շատ երկար խոսել, ՀՀ-ում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ Ձեր զրոյական վերաբերմունքն է։ 2 տարի է անցել հեղափոխությունից, և երկու տարի շարունակ իշխանությունը՝ որպես ընդհանուր համակարգ, և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության, էլ չեմ ասում՝ կանանց մասին ինչեր են խոսում, ինչեր են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում մեր իշխանական կանանց, և Ձեր վերաբերմունքը և գնահատականը զրոյական է։ Ես այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ, որ Դուք հստակ հասկանաք, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք Դուք աշխատել եք»։ Իսկ յոթերորդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, 2020 թ․-ի դեկտեմբերի 23-ին նաև ֆեյսբուքյան գրառմամբ էր անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանին՝ առաջարկելով Թաթոյանն իր գնահատականներում լինել կոնկրետ, հասցեական և թիրախային։ Այս տարվա հունիսին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից հետո,  Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը ֆեսբուքյան մի քանի գրառումներով անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու, այժմ արդեն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի արձագանքել այն ժամանակ «Հայաստան դաշինքի» պատգամավորության թեկնածու  Գեղամ Մանուկյանի՝ ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորանքներին։ Մեկ այլ գրառմամբ էլ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի հեռացրել իր ֆեյսբուքյան գրառման տակ առկա վիրավորական մեկնաբանությունը։ Այս տարվա դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում։ Մարիա Կարապետյանը խոսել է ՄԻՊ-ի մասին՝ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալով Կարապետյանը Թաթոյանի գործունեությանն անդրադարձել է նաև  2021 թ․-ի մայիսի 6-ի ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին տարեկան հաղորդումը և տարեկան զեկույցը։ Կարապետյանը՝ խմբակցության անունից ձայն խնդրելով, ի թիվս այլնի, անդրադարձավ նաև մարդու իրավունքների պաշտպանին․ «Մենք, իհարկե, ուշադրություն ենք դարձնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բովանդակային, մասնագիտական հայտարարություններին, վերլուծություններին, սակայն դրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգավորում և չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին։ Մենք այստեղ հաճախ ենք լսում դասախոսություններ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացի-քաղաքացի հարաբերություններին չի անդրադառնում, կամ չպետք է պաշտպանի պաշտոնյաներին քաղաքացիներից, բայց, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանը ընտանեկան բռնության համատեքստում իրազեկող հոլովակներ է տարածում, հայտարարություններ է անում, դժվար թե կարող ենք պնդել, որ այստեղ պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին, ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության համակարգի մասին, մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման մասին»։ Պատգամավորի կարծիքով՝ Արման Թաթոյանը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները իր զեկույցում փաստացի արդարացրել է այն պնդմամբ, որ կառավարող ուժը բաժանարար գիծ է քաշել նախկինների և ներկաների, սևերի ու սպիտակների միջև․ «Իսկ զեկույցի մեջ նաև փաստացի գրել եք, որ նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած հարձակումները մեր մեղավորությունն են։ Ահա, մեջբերում եմ, ասում եք. «Պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար քանակի ծառայողներ Երևանում այդ պահին առկա չեն եղել՝ տեղի ունեցածը կանխելու համար, քանի որ գտնվել են առաջնագծում, անընդունելի է»։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք պետք է ոչ թե բոլոր հնարավոր ուժերն ուղղեինք դեպի ճակատ՝ թողնելով քաղաքում և երկրում մինիմալ անհրաժեշտը, այլ պետք է պետական պաշտոնյաների պահպանությո՞ւնն ամրացնեինք»։ Նա նշեց նաև, որ Թաթոյանը դեկտեմբերի 17-ից խոսել է սահմանագծման ուսահմանազատման մասին՝ դրանք ներկայացնելով որպես տեղի ունեցող գործընթաց․ «Բոլորս հիշում ենք, թե ինչպես նոյեմբերի 9-ից հետո և հատկապես դեկտեմբեր ամսին հանրությունը ենթարկվում էր մեդիատեռորի՝ սուտ, կեղծ լուրերի միջոցով, որոնց նպատակն էր տագնապ հարուցել և խախտել առանց այն էլ փխրուն հանրային հոգեկան անձեռնմխելիությունը։ Սկսած դեկտեմբերի 17-ից, պրն Թաթոյան, Դուք պարբերաբար ահազանգել եք սահմանագծման և սահմանազատման մասին,կարծես նման գործընթաց իսկապես տեղի էր ունենում»։ Այնուհետև նույն նիստի ընթացքում, անդրադառնալով Թաթոյանի եզրափակիչ ելույթին, Կարապետյանն ասաց․ «Պետք է անդրադառնամ այսօր ՄԻՊ եզրափակիչ ելույթին, դրա ագրեսիվ ոճը և բովանդակությունը հարիր չեն այն ինստիտուտին, որը նա ներկայացնում է։ Ինչ է տեղի ունեցել այսօր։ Քննարկել ենք ՄԻՊ տարեկան զեկույցը, պարոն Թաթոյանը ներկայացրել է զեկույցը, իսկ պատգմավորները՝ թե՛ կառավարող խմբակցության, թե՛ ընդդիմության, հարցեր են տվել և ելույթներ ունեցել՝ գնահատանքի խոսքեր ասելով Մարդու իրավունքների պաշտպանին և նրա աշխատակազմի մասին։ Խոսել եմ նաև ես՝ վերահաստատելով, որ մենք բարձր ենք գնահատում Պաշտպանի և նրա աշխատակազմի փաստահավաք գործունեությունը և ինքներս օգտվում ենք աշխատանքի արդյունքներից միջազգային հարթակներում, բայց ես խոսել եմ նաև խնդիրների մասին՝ վկայակոչելով 2 օրինակ․ առաջինը ՀՀ-ում ներքաղաքական համատեքստում պարոն Թաթոյանի տված գնահատականների կամ որոշ գնահատականների անհամաչափության մասին, մասնավորապես ասել եմ, որ անհասկանալի է ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի համար պատասխանատու հանել կառավարող ուժին՝ հարցնելով՝ իսկ ինչո՞ւ էին բոլոր ոստիկանանան ուժերը առաջնագծում, նաև ասել եմ, որ դեկտեմբեր ամսին իր մի շարք հայտարարությունները, թե իբր տեղի են ունենում սահմանազատման և սահմանագծման գործընթացներ, ավելացրել են այն  տագնապը, որը մարդիկ առանց այն էլ զգում են»։ Նրա խոսքով՝ իր դիտարկումները միայն ներհայաստանյան համատեքստին են վերաբերվել․ «Սրան ի պատասխան՝ պարոն Թաթոյանը փրփրեց ու որոշեց, որ լավագույն մարտավարությունը արտաքին քաղաքական օրակարգերը հարցին խառնելն է, նա զրպարտեց ինձ, թե ես ասել եմ, որ ինքը պետք է չբարձրաձայնի Ադրբեջանի կողմից կատարվողի վերաբերյալ։ Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իր և իր աշխատակազմի կատարած իրապես կարևոր փաստահավաք աշխատանքը այնուամենայնիվ իրավունք է ապահովագրում, որ նա ներքաղաքական հարցերում ինձ վրա հոխորտա, ապա նա չարաչար սխալվում է։ Պարոն Թաթոյան, Դուք Մարդու իրավունքների պաշտպան եք, Դուք քաղաքական գործիչ չեք, զբաղվեք Ձեր գործով»։ Հաջորդ օրը «Ազատության» եթերում Մարիա Կարապետյանը վերահաստատել էր իր տեսակետները Թաթոյանի վերաբերյալ։ Կառավարող ուժի այլ պաշտոնյաներ նույնպես հնչեցրել են գնահատականներ Թաթոյանի գործունեության վերաբերյալ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ նշելով, որ Թաթոյանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ազգային ժողովի և Կառավարության շենքի վրա հարձակումները։ Այդ մասին նա ասել է 2020 թ․-ի նոյեմբերի 16-ին՝ առցանց ասուլիսի ընթացքում․ «Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում, հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց Ազգային ժողովի շենքը, և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը։ Ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան, սա շատ կարևոր հանգամանք է, նույնիսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այդ հարձակումները չդատապարտեց, սա շատ կարևոր հանգամանք է»։ Նույն օրը Փաշինյանն այդ մասին խոսել էր Ազգային ժողովում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում․ «Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ տեղի ունեցան հայտնի բռնությունները, մինչև հիմա այդ բռնությունները դատապարտված չեն, կառավարության շենքի նկատմամբ բռնությունը, Ազգային ժողովի շենքի նկատմամբ հարձակումը, կառավարության կեցավայրի նկատմամբ հարձակումը մինչև օրս դատապարտված չեն քաղաքական ուժերի կողմից, մինչև օրս դատապարված չէ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Ազգային ժողովի նախագահի նկատմամբ հարձակումն է դատապարտվել, ես կարդացել եմ, Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջն եմ կարդացել, դատապարտվել է Ազգային ժողովի նախագահի դեմ հարձակումը, բայց հարձակումը Ազգային ժողովի դեմ, գույքի ոչնչացումը, կառավարության շենքի դեմ, ինչո՞ւ չի դատապարտվել այդ ամեն ինչը»։ Անվտանգության խորհրդի քարտուղար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը նույնպես բազմիցս անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ նա քաղաքական գործունեությամբ է զբաղվում․ «Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին»,- այս տարվա հոկտեմբերին Rusarminfo-ին տված հարցազրույցում ասել էր նա։ Այսպիսով, Վլադիմիր Վարդանյանի պնդումը, թե ՔՊ խմբակցության պատգամավորները երբևէ գնահատական չեն հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ, մանիպուլյատիվ է, քանի որ խորհրդարանի կառավարող խմբակցության պատգամավորները բազմիցս անդրադարձել են պաշտպանի աշխատանքին, ընդ որում՝ բացասական գնահատականներ հնչեցնելով։ Իսկ պաշտպանի աշխատանքին անդրադարձած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք էլ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ են։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքից   Նանե Ավետիսյան
12:00 - 26 դեկտեմբերի, 2021
Սոս Ավետիսյանը չի մասնակցում կոռուպցիայի հանձնաժողովի անդամի քննարկմանը. թեկնածուն նրա կինն է |armtimes.com|

Սոս Ավետիսյանը չի մասնակցում կոռուպցիայի հանձնաժողովի անդամի քննարկմանը. թեկնածուն նրա կինն է |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանը ներկայացրեց Տաթևիկ Բարսեղյանի՝  հանձնաժողովի անդամի թեկնածուի կենսագրությունը: Բարսեղյանը ծնվել է 1992 թվականին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը,  ունի մագիստրոսի կոչում: 2012-2019 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ  հակակառուպցիոն կոնետրոն» ՀԿ-ում: Համակարգել է ՀԿ-ի հակակոռուպցիոն կրթական ծրագրերը: 2019 թվականից հանդիսանում է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի  և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի ղեկավարը: Մասնագիտական վերապատրաստումներ է ստացել մի շարք երկրներում՝ Գերմանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, Ռուսաստան և այլն: Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին: Տիգրանյանի՝ թեկնածուի կենսագրական ներկայացնելուց հետո, «Իմ քայլ» -ի պատգամավոր Սոս Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս հարցի քննարկմանը և քվեարկությանն ինքը չի մասնակցելու. «Կա շահերի բախում, տիկին Բարսեղյանն իմ կինն է»,-ասաց պատգամավորը:
13:58 - 04 հունիսի, 2021
7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

Նկարը՝ Iravaban.net-ի ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում։ Այս խորհրդարանը գործունեություն ծավալեց 2 տարի 5 ամիս, և այս տարվա մայիսի 10-ին արձակվեց իրավունքի ուժով՝ Նիկոլ Փաշինյանին երկու անգամ վարչապետ չընտրելու մեթոդով, որպեսզի հունիսին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ նոր ընտրություններ։ 2 տարի 5 ամիս օրենսդիր մարմնում գործունեություն են ծավալել երեք խմբակցություններ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»։ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, մշակում, նաև փոփոխում է օրենքներ և այլն: Հետևաբար օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած երեք ուժերի աշխատանքի գնահատման մեթոդներից մեկն էլ նրանց ներկայացրած և ընդունած օրենսդրական նախագծերն են։ Օրենսդրական նախագծերի ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել Ազգային ժողովի պաշտոնական Parliament.am կայքը, որտեղ հրապարակվում են պատգամավորների ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ և դեռևս չեն քննարկվել, կամ ընդգրկվել են ԱԺ օրակարգում, բայց դեռ չեն ընդունվել, կամ էլ ընդունվել են ամբողջությամբ։ «Իմ քայլը» խմբակցություն Այսպես, 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունն ունի 81 պատգամավոր, որոնցից 15-ը այս գումարման Ազգային ժողովում չունեն ընդունված նախագծեր, իսկ նրանց մի մասը պարզապես չեն էլ ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Այս պատգամավորներից ոմանք միայն վերջերս են ստանձնել պատգամավորական մանդատը, սակայն կան նաև պատգամավորներ, որոնք արդեն 2 տարի 5 ամիս է՝ օրենսդիրում են։ Օրինակ՝ Մաթևոս Ասատրյանը խորհրդարանում 2 տարի 5 ամիս աշխատելու ընթացքում համահեղինակության կարգով նախաձեռնել է 2 օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, սակայն դրանցից մեկը հեղինակը հետ է վերցրել, իսկ մյուսը հանվել է շրջանառությունից։ Այսինքն՝ պատգամավորը 7-րդ գումարման Ազգային ժողովում աշխատել է 2 օրենքի փոփոխության նախագծերի վրա, որոնք չեն ընդունվել։ Պատգամավոր Միքայել Զոլյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել ոչ մի նախագիծ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չունի ո՛չ ընդունված, ո՛չ օրակագում ընդգրկված և ո՛չ էլ շրջանառության մեջ դրած նախագծեր։ Պատգամավոր Սեդրակ Թևոնյանը նույնպես 7-րդ գումարման Ազգային ժողովում որևէ նախագիծ չի ներկայացրել։ Վերջինիս որպես հանձնաժողովի անդամ ներգրավված է եղել «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» նախագծի կազմում։ Պատգամավոր Կնյազ Հասանովը Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր է։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում Ազգային ժողովին չի ներկայացրել և չի համահեղինակել որևէ օրենսդրական նախագիծ։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Վերջինիս ներգրավված է եղել մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում։ Պատգամավոր Արտաշես Թևոսյանը մանդատը ստանձնել է խորհրդարանի ձևավորման հենց սկզբից։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում ներկայացրել է միայն մեկ նախագիծ, սակայն հետագայում հետ է կանչել այն։ Պատգամավորը չունի ընդունված ոչ մի նախագիծ, սակայն մեկ նախագիծ ընդգրկված է օրակարգում, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Սա վերջին 2,5 տարիների ընթացքում միակ նախագիծն է, որը դեռևս ամբողջությամբ ընդունված չէ։  Արման Եղոյանը չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Վերջինս մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ է եղել, որոնք, սակայն, հեղինակը հետ է կանչել։ Նախագծերից մեկը, որի համահեղինակ է եղել Արման Եղոյանը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին է․ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Մեկ այլ նախագիծ էլ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է, որը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հետ է վերցվել։ Այս նախագիծը նորից ներկայացվել է ԱԺ․ ընդունվել առաջին ընթերցմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծում Եղոյանը նույնպես ներառված է եղել․ այս դեպքում էլ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Երկրորդ անգամ ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Կինեմատոգրաֆիայի մասին մշակված նախագիծը արժանացել է նույն ճակատագրին, ինչ նախորդ երեք նախագծերը։ Այս անգամ ևս ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Այսինքն՝ այս պահին Եղոյանը օրակարգում ընդգրկված 3 նախագծերի համահեղինակ է։ Նարեկ Ղահրամանյանը պատգամավորական մանդատը ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, որից օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սա կարող է պատճառ լինել օրենսդրական բնականոն գործունեության խաթարման, բայց, այնուամենայնիվ, պատգամավորը դեռևս չունի ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն նա համահեղինակ է օրենսդրական 2 նախագծի, որոնք ընգրկված են օրակարգում, իսկ մեկ նախագիծ էլ դեռ օրակարգում չէ։ Նախագծերից մեկը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է, մյուսը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Պատգամավորը նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխություն էլ է նախաձեռնել, որը շրջանառության մեջ է։ Պատգամավորներ Գոռ Երանյանը և Կարապետ Մխչյանը պատգամավորական մանդատ են ստանձնել համապատասխանաբար 2020 թվականի հոկտեմբերի 1-ին և 13-ին, սակայն նրանցից մեկն ընդհանրապես չունի նեկայացրած նախաձեռնություն, մյուսն ունի ներկայացրած, սակայն դեռ չեն ընդունվել։ Մասնավորապես Գոռ Երանյանը ընդհանրապես չունի ներկայացրած նախագիծ։ Կարապետ Մխչյանը օրենսդրական երկու [1,2] նախագծերի մշակման աշխատանքներում մասնակցություն է ունեցել, որոնք, սակայն, հեղինակը հետ է վերցրել։ Երկու նախագծերն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Պատգամավոր Հայկ Ցիրունյանը մանդատը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 27-ին։ Պատգամավորը համահեղինակ է երկու նախագծերի, որոնք այժմ ընդգրկված են օրակարգում։ Դրանցից մեկը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է, մյուսը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Պատգամավորը մինչ օրս չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Պատգամավորներ Նարեկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը և Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, 14-ին և 24-ին։ Մանդատը ստանձնելուց ի վեր Նարեկ Գրիգորյանը չի ներկայացրել և համահեղինակության կարգով ներգրավված չի եղել որևէ օրենսդրական նախագծում։ Կարեն Գրիգորյանը մասնակցություն ունի 2 օրենսդրական նախագծում, որոնք հեղինակը հետ է վերցրել։ Նախագծերից երկուսն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Երկուսի դեպքում էլ նախատեսված են եղել գրեթե նույն փոփոխություններ, սակայն ինչ-ինչ պատճառներով երկու անգամ էլ հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո մինչ օրս չի համահեղինակել և չունի որևէ ներկայացրած նախագիծ։  Պատգամավորներ Էմմա Պալյանը և Վահագն Ալեքսանյանը մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2021 թվականի մարտի 22-ին և ապրիլի 6-ին։ Վերջիններս նույնպես օրենսդրական նախագծեր չեն հեղինակել կամ համահեղինակել։ Կան պատգամավորներ, որոնք ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ ունեն, սակայն նրանցից շատերինը նույն օրենսդրական նախագիծն է, որը մշակվել է շուրջ 55 պատգամավորների համատեղ ջանքերով։ Այսպես՝ պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը և Լիլիթ Ստեփանյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծի համահեղինակ են։ Այս շարքի պատգամավորներից Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը և Արեն Մկրտչյանը չունեն հեղինակած կամ համահեղինակած օրենսդրական նախագծեր։ Վերջիններս չունեն նույնիսկ ներկայացրած օրենսդրական նախագծեր, բացի այս մեկից, որի կազմում իրենք նույնպես ընդգրկված են եղել։ Սերգեյ Մովսիսյանը համահեղինակ է 2 օրենսդրական նախագծի, որոնք դրվել են շրջանառության, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգում։ Հայկ Սարգսյանը 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացրել է 4 նախագիծ, սակայն բոլորի դեպքում էլ հեղինակը ընթացքից հետ է վերցրել։ Սարգսյանն այս պահին ունի 1 նախագիծ, որը դրվել է շրջանառության, սակայն դեռ ընգրկված չէ օրակարգում։ Մերի Գալստյանը ներկայացված է եղել 15 օրենսդրական նախագծերում․ բոլորի դեպքում հեղինակը ընթացքից հետ է վերցրել նախագիծը։ Այժմ պատգամավորը ներկայացված է 3 նախագծում, որոնք դրվել են շրջանառության, բայց դեռ ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյան 1 նախագծի հեղինակ է, սակայն ընթացքում այն հետ է վերցրել։ Այժմ կան 6 նախագծեր, որոնք շրջանառության մեջ են, սակայն դեռ օրակարգում չեն ընդգրկվել։ Պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյանը, Տաթևիկ Գասպարյանը և Արթուր Մանուկյանը համահեղինակ են ընդունված միայն մեկ օրենսդրական նախագծի՝ ««Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»։ Սակայն, բացի այս երեք պատգամավորներից, նախագծի համահեղինակ են ևս 35 պատգամավորներ։ Այս պատգամավորներից Ալեքսանդր Ավետիսյանը և Տաթևիկ Գասպարյանը բացի այս նախագծում ներգրավված լինելուց, չեն ներկայացրել որևէ այլ օրենսդրական նախագիծ։ Արթուր Մանուկյանը ներգրավված է 2 օրենսդրական նախագրեծում, որոնք ընդգրկված են օրակարգում։ 1 օրենսդրական նախագծի համահեղինակ է նաև պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Բացի այս մեկ ընդունված օրենսդրական նախագծից, պատգամավորը ներգրավված չի եղել որևէ այլ օրենսդրական նախագծում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Ընդդիմադիր ուժերի պարագան մի փոքր այլ է։ Վերջիններս հնարավոր է չունենան ընդունված օրենսդրական նախագծեր իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանում մեծ թվով ներկայացված լինելու պատճառով։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախագծերը չեն ընդունվում իշխանության ներկայացուցիչների դեմ քվեարկելու պատճառով, ինչը սովորաբար չի լինում «Իմ քայլի» ներկայացրած նախագծերի պարագայում։ Այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք այս խմբակցության պատգամավորների ներկայացրած, ընդունված և չընդունված նախագծերի մի մասի վերաբերյալ ամփոփ տվյալներ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը և Սողոմոն Սողոմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեն ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ, սակայն այս նախագծի վրա համահեղինակության կարգով աշխատել են շուրջ 38 պատգամավորներ, որոնց թվում էին նաև հիշյալ անձինք։ Նախագիծը COVID 19-ի տարածումը կանխելու, կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին է։ Վերոնշյալ պատգամավորներից Գագիկ Ծառուկյանը և Սողոմոն Սողոմոնյանը բացի այս ընդունված նախագծիչ չեն ներկայացրել որևէ այլ նախագիծ։ Պատգամավոր Նորա Առուստամյանը ներկայացրել է 2 օրենսդրական նախագիծ, սակայն դրանք մերժվել են։ Վերջինս ունի նաև օրակարգում ընդգրկված 1 նախագիծ։ Վարդևան Գրիգորյանը համահեղինակել է 5 նախագիծ, որոնցից 1-ը մերժվել է, 4-ը  հետ է վերցվել։ պատգամավոր Կարինե Պողոսյան ներկայացված է 2 օրեսնդրական նախագծում, որոնք սակայն հետ են վերցվել։ Պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Քաջիկ Գևորգյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Հրանտ Մադաթյանը, Տիգրան Ստեփանյանը, Վարդան Վարդանյանը և Իվետա Տոնոյանն ունեն ընդունված 2 օրենսդրական նախագիծ, որից մեկը հիշյալ նախագիծն է։ Այս պատգամավորներից Արայիկ Աղաբաբյանը, Տիգրան Ստեփանյանը և Վարդան Վարդանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր։ Քաջիկ Գևորգյան համահեղինակ է մի նախագծի, որը դրվել է շրջանառության, սական ընդգրված չէ օրակարգում։ Ջանիբեկ Հայրապետյանը ներկայացրել է 5 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հեղինակը հետ է վերցրել, 2-ը՝ մերժվել։ Հրանտ Մադաթյան ներկայացված է 10 օրենսդրական նախագծում, որոնցից 9-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ Իվետա Տոնոյանը ներկայացրել է 4 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Ինչպես արդեն նշեցինք ընդդիմադիր պատգամավորների պարագայում մի փոքր այլ է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ ասել է, որ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերը իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում՝ դեմ քվեարկելով, որից հետո, ամիսներ անց, որոշակի փոփոխության ենթարկելով իրենց անվան տակ ներկայացնում են նույն նախագծերը և ընդունում։ Հետևաբար ընդդիմադիր պատգամավորների մոտ հաճախակի են դեպքերը, երբ ներկայացվել են նախագծեր, որոնք չեն ընդունվել։ Այսպես, օրինակ, պատգամավորներ Հրանտ Այվազյանը, Սրբուհի Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն վերջիններս ունեն ներկայացրած նախագծեր, որոնց մի մասը հենց հեղինակներն են հետ կանչել, մի մասն էլ մերժվել է։ Նշված պատգամավորներից Հրանտ Այվազյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ներկայացված օրենսդրական այլ նախագծեր։ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է 4 նախագիծ, որոնցից 2-ը հետ է վերցվել, 2-ը՝ մերժվել։ Սարիկ Մինասյանը ներկայացրել է 1 նախագիծ, որը հետագայում հետ է վերցրել։ Սարգիս Ալեքսանյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը և Ռուբիկ Ստեփանյանն ունեն միայն մեկ ընդունված օրենսդրական նախագիծ, որը այն նույն նախագիծն է, որի մասին արդեն խոսեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների գործունեությունը ներկայացնելիս։ Այս պատգամավորներից Սարգիս Ալեքսանյանը, Արմեն Եղիազարյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Ռուբիկ Ստեփանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր, բացի վերոնշյալից։ Պատգամավոր Աննա Կոստանյան ներկայացրել է 8 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ը հեղինակը հետ է վերցրել, 3-ը՝ մերժվել է։ Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում նախաձեռնությունները ներկայացնում է խմբակցության և ոչ անհատ պատգամավորների անունից։ Ընդհանուր առմամբ խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցից ընդունվել են 39-ը։  Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ 7-րդ գումարման խորհրդարանում կան 3 խմբակցություններում չընդգրկված 9 պատգամավորներ։ Նրանցից Աննա Գրիգորյանը և Թագուհի Թովմասյանը համահեղինակել են միայն 1 օրենսդրական նախագիծ։ Այս նախագծի համահեղինակ է նաև մեկ այլ անկախ պատգամավոր՝ Վարդան Աթաբեկյանը։ Վերջինս համահեղինակել է նաև մեկ այլ օրենսդրական նախագիծ։ Աննա Գրիգորյանը բացի այս նախագծից համահեղինակության կարգով ընդգրկված է նաև երկու այլ նախագծերում, որոնք դրվել են շրջանառության, սական դեռ չեն մտել օրակարգ։ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է 4 այլ նախագիծ, որոնք դրվել են շրջանառության, սակայն ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, բացի 2 ընդունված օրենսդրական նախագծերից, համահեղինակել է մեկ օրենսդրական նախագիծ, որը հետագայում հեղինակը հետ է վերցրել 2 ընդունված օրենսդրական նախագիծ ներկայացնողների շարքում են նաև անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը։ Գոռ Գևորգյանը, բացի 2 ընդունված նախագծերից, ներկայացրել է նաև 1 այլ նախագիծ, որը դրվել է շրջանառության մեջ, սակայն դեռևս ընդգրկված չէ օրակարգում։ Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը ներկայացրել են մի շարք օրենսդրական նախագծեր, որոնց մի մասը հեղինակներն են հետ վերցրել, մի մասն էլ մերժվել է խորհրդարանի կողմից։ Ընդհանուր պատկերը դիտարկելիս տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանին ներկայացված օրենսդրական նախագծերը հիմնականում ընդունվել են առանց խնդիրների, իսկ ընդդիմության ներկայացրած նախագծերի պարագայում կան մերժված շատ նախագծեր։ Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք չեն ներկայացրել և չունեն գեթ մեկ ներկայացված օրենսդրական նախագիծ, ոմանք էլ ունեն ներկայացված նախագծեր, սակայն միայն մեկ կամ երկուսն են ընդունվել խորհրդարանի կողմից։ Քանի որ օրենսդիր մարմնի գործառույթներից մեկն էլ օրենքներ մշակել, լրացնել և հեղինակելն է, հետևաբար, սա ակնառու ապացույց է, որի միջոցով էլ կարող ենք պատկերացում կազմել օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած պատգամավորների աշխատանքի մասին՝ այս խորհրդարանի արձակման պահին և նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին։ Նարեկ Մարտիրոսյան
15:40 - 21 մայիսի, 2021
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսի հետ

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսի հետ

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը: Արա Այվազյանը բարձր է գնահատել Կարոլինա Ֆերնանդեսի՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցը և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցությունը, ինչը մարդու հիմնարար իրավունքների և համամարդկային արժեքների նկատմամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի հստակ դիրքորոշման արտահայտում է։ Երկուստեք կարևորել են  ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնամերիկյան խորհրդարանի միջև փոխգործակցության սկզբնավորումը, որը կնպաստի նաև տարածաշրջանի հետ Հայաստանի փոխշահավետ համագործակցության խթանմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Ընդգծվել է մարդու իրավունքների խախտման հարցում միջազգային հանրության միանշանակ և միասնական դիրքորոշման կարևորությունը՝ որպես ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման արդյունավետ գործիք: ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բարձր է գնահատել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի առնչությամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը։
19:22 - 27 ապրիլի, 2021
Արցախում իրականացվող ականազերծման ծրագրերն Ադրբեջանը փորձել է միշտ արգելափակել. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Արցախում իրականացվող ականազերծման ծրագրերն Ադրբեջանը փորձել է միշտ արգելափակել. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանն իր ելույթում ասել է.«Տիկին նախագահող, շնորհակալություն, շնորհակալ եմ նաև տիկին Կովաչին՝ այս զեկույցի համար։  Ցավում եմ, որ Եվրոպայի Խորհրդում այս թեման դեռ ակտուալ է և մենք այս մասին խոսում ենք 1968 թվականից: Ըստ էության, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում տեղի ունեցածի վրա: Իմ գործընկեր պարոն Մարուքյանն արդեն Ձեզ  ներկայացրեց Ադրբեջանում բացված «ռազմավարի պուրակը», և մենք այդտեղից պարզ հասկանում ենք, որ այս մարդկանց համար խաղաղությունը որևէ նշանակություն չունի։Այս ելույթով նաև ցանկանում եմ առաջարկել, որ Ռասիզմի և անհանդուրժականության դեմ պայքարի հանձնախմբի իրավասություններն ընդլայվեն՝ որպես մշտադիտարկում իրականացնող խումբ, որպեսզի այն չսահմանափակվի միայն տարեկան զեկույցներով, այլև տրամադրի կոնկրետ դեպքերով զեկույցներ և կարծիքներ, երբ անդամ պետությունը, միջազգային իրավունքը կոպտագույն կերպով խախտելով, իրականացնում է ռասիստական և խտրական քաղաքականություն։ Հաննա Արենդտը չարության պարզունակության մասին արդեն իսկ ձևակերպել է, որ այն բխում է մտածել չկարողանալուց։Ես կրկին ուզում եմ նշել որ այս «պուրակի» բացումն այսօրեական ուղեղի մթագման արդյունք չէ, այլ Ադրբեջանի ինստիտուցիոնալ մակարդակի հասցված այլատյացության քաղաքականության։ Նաև ցանկանում եմ շեշտել ադրբեջանցի կոլեգաների համար այն փաստը, երբ իրենց երկրի ղեկավարը հայերին անվանում է անհավատներ, շներ և այլն, դա ամենևին չի օժանդակում խաղաղության հաստատմանը: Ցանկանում եմ նշել, որ դեռևս 2016 թվականին Ռասիզմի և անհանդուրժականության դեմ պայքարի հանձնախմբի զեկույցներում ռասիզմի և անհանդուրժողականության մասին նշվել է: Նույն կերպ այս կառույցի այլ հանձնաժողովները նշել են Ադրբեջանի այլատյացության մասին։Մի թեմայի էլ եմ ուզում անդրադառնալ: Մեր ադրբեջանցի գործընկերները փորձում են ինչ-որ ականների քարտեզի մասին խոսել՝ փորձելով մեր ուշադրությունը շեղել այն հիմնական թեմայից, որ իրենք ռազմագերիներ են պահում: Ուզում եմ նշել նաև, որ Ադրբեջանի ջանքերով է ԵԱՀԿ-ի գրասենյակը Հայաստանում փակվել, որը հումանիտար գործունեություն էր ծավալում: Ականազերծման ծրագրերը, որ Արցախում իրականացվել են, Ադրբեջանը փորձել է միշտ արգելակել, իսկ Հայաստանին երբեք պաշտոնապես չի դիմել՝ այդ քարտեզներն ստանալու համար: Այսինքն՝ այս ամենը հիմնական օրակարգից շեղելու փորձ է:Որպես ժողովուրդ, որ 106 տարի առաջ ցեղասպանությունն է հաղթահարել, որը հիշատակելու ենք Ապրիլի 24-ին, լավ գիտենք խաղաղության գինը: Բայց մենք գիտենք, որ դա կարող է տեղի ունենալ մարդկային արժանապատվության և արդարության հիմքի վրա, իսկ դրա նախադրյալները մենք հիմա չենք տեսնում»:
22:40 - 19 ապրիլի, 2021
Անտարբերության սերմերից որևէ լավ բան դուրս չի գա. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
 |1lurer.am|

Անտարբերության սերմերից որևէ լավ բան դուրս չի գա. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ելույթ է ունեցել Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը:«Այսօր մենք քննարկելու ենք տարբեր անդամ պետություններում հասարակական կազմակերպությունների դեմ արշավի մասին։ Ըստ էության, մենք խոսում ենք քաղաքացիական հասարակության կրճատման մասին։ Հաստատապես կարող ենք պնդել, որ այն երկրները, որտեղ այս իրավունքները կրճատվում են, այնտեղ ավելի քիչ են իրականացվում ՄԻԵԴ որոշումները, ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, ագրեսիվ հռետորաբանությունը և այլատյացության քաղաքականությունը շարունակվում է։Այս համատեքստում պետք է նշեմ, որ այլ կարևոր պետական կառույցների հետ մեկտեղ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և անկախ լրատվամիջոցներն  են շատ անգամ հարցեր բարձացնում, երբ պետությունները լռում են այս կամ այն հաշվարկով։ Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական 44 օրյա պատերազմի և դրա դաժանությունների մասին տարբեր միջազգային ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների տարբեր գնահատականներ են տրվել, շատ անգամ տրվել են փաստական տվյալներ, որոնք պետությունները հետագայում, եթե ամեն ինչ ճիշտ է, պետք է քննարկեին հենց այս դահլիճում։ Խոսվել է այն վայրագությունների մասին, որ այս տանդեմը նախաձեռնել է, փաստագրվել է ֆոսֆորային զենքի օգտագործումը, որը բոլոր կոնվենցիաներով արգելված է, խոսվել է վարձկան-ահաբեկիչների մասին, սակայն այս բոլոր գնահատականները բախվում են տարբեր շահերի հանրագումարային չեզոքությանն ու անտարբերությանը։Այս դահլիճում բոլոր քննարկվող թեմաները գուցե կարևոր են, սակայն ոչ մեկը չուներ այն հրատապությունը, որն իրերի բնականոն բերումով՝ անդամ պետությունների վայրագության մասին պետք է լիներ այստեղ, մենք պետք քննարկենք հենց մարդասիրական հարցեր՝ դրանցից առաջնայինը դարձնելով ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին։Հստակ է մի բան, որ բոլոր այն երկրներում, որտեղ քաղաքացիական հասարակությունը չի կայանում, ժողովրդավարության խնդիրները շատ են, լռությունը և անտարբերությունը կեղծ չեզոքության ներքո՝ անտանելի։Այս կառույցն ունի ամրագրված և ինստիտուցիոնալ համագործակցություն քաղհասարակության հետ, սակայն շահերի բերումով տարբեր կազմակերպություններ տարբեր հարցեր են բարձացնում, որոնք գուցե կարևոր են, բայց հրատապ չեն։ Սակայն պարզ է դառնում մեկ բան, որ երբ մարդկանց ազատ և արժանապատիվ իրավունքները խախտվում են և չեն դատապարտվում, այն հաստատապես բերելու է այլս անձանց իրավունքների և արժանապատվության ոտնահարմանը։ Սա է այն պարագան, որի նկատմամբ ևս մեկ անգամ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, որպեսզի ևս մեկ անգամ ձեր խորհրդարաններին և մայրաքաղաքներին փոխացնեք, որ անտարբերության սերմերից երբեք որևէ լավ բան դուրս չի գալու»,- ասել է Սոս Ավետիսյանը։ 
22:13 - 27 հունվարի, 2021
17 կուսակցությունների ուզածն, ըստ էության, ընդամենը քաղաքական պրոցեսների վրա ազդելու լծակներ ունենալն է․ Սոս Ավետիսյան

17 կուսակցությունների ուզածն, ըստ էության, ընդամենը քաղաքական պրոցեսների վրա ազդելու լծակներ ունենալն է․ Սոս Ավետիսյան

Հայաստանում իշխանությունը պետք է ձեւավորվի ընտրությունների միջոցով․ մենք եկել ենք ընտրություններով, եւ այսօրվա կառավարության ու իշխող մեծամասնության մնալու կամ հեռանալու հարցը նույնպես պետք է որոշվի այդկերպ։ Այս համոզմանն է խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, որը վստահ է՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինելու են․ «Ես հասկանում եմ մեր հայրենակիցների ցավը, բայց այդ ցավին եւ ցասմանը խառնված է նաեւ կեղծ քաղաքական օրակարգերի պատեհապաշտություն, բայց կարծում եմ ներքաղաքական իրավիճակի կայունացման տարբերակն ընտրությունների անցկացումն է։ Ես կարծում եմ, որ այստեղ է այն սովորական կոնսեսուսը, որը բոլորով ենք ընդունում։  Ինչու եմ ես սա ասում, որովհետեւ դժվար է միայն հանրության տեսակետը կշռելը, բայց  խնդիրը նաեւ առաջարկի մասով է․ ի վերջո քաղաքական ուժերը պետք է կարողանան ապագայի տեսլական ներկայացնել։ Ստեղծված իրավիճակում պետք է ամբողջապես վերանայենք մեր տնտեսությունը, քաղաքականությունը, կրթությունը, ռազմաարդյունաբերությունը, դիվանագիտությունը, ամեն բան։ Դրա համար անհրաժեշտ են ընտրությունները»,- Infocom-ի հետ զրույցում ասաց պատգամավորն՝ ընգծելով, որ ստեղծված նոր իրավիճակում ընտրությունների անհնարժեշտության մասին խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ «ժողովրդի կամարտահայտություն» տերմինն օգտագործելով։ Վերջինիս կարծիքով՝ ընտրական գործընթացը հնարավոր կլինի պատշաճ անցկացնել միայն Ընտրական օրենսգրքի ու Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությամբ․ վերջինի լրացումներն ու փոփոխություններն, ի դեպ, նախօրեին ամբողջությամբ ընդունվեցին խորհրդարանում։ Այս պահին խորհրդարանը Կուսակցությունների մասին օրենքն է վերջնականցնում, կլինի նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխություն եւ թերեւս ընտրությունները հստակ միայն այդ տարբերակով հնարավոր կլինի անել փոփոխություն։ Ինչ վերաբերում է փողոցում բողոքի ակցիաներ անցկացնող 17 կուսակցություններին, որ ներկայանում են որպես Հայրենիքի փրկության շարժում, Ավետիսյանի խոսքով՝ հենց նրանք են ապակայունացնում իրավիճակը․ «Այդ 17 կոչվածը՝ կուսակցությունների, մարդ-կուսակցությունների կամ խմբերի ասածը հետեւյալն է․ եկեք պահպանեք խորհրդարանը, մենք բերենք մեր մարդու, նա կայունացնի իրավիճակը, այսինքն՝ մոտավորապես այսպես են ձեւակերպում՝ «այդ ժամանակ մենք էլ ոչինչ չենք անի»։ Կայունացնելը դա է, որովհետեւ հիմա իրենք են ապակայունացնում, հետո կտեսնենք՝ մեկ տարի հետո ինչ կլինի, ընտրություններ կանենք, կանցնի, կգնա։ Իրականում, սակայն, խորհրդարանական երկրում, (ընդ որում՝ այդ համակարգին անցնելու ընտրությունը մերը չի եղել, չնայած վատ համակարգ չէ), չի կարող դա տեղի ունենալ, որպես կանոն՝ այդ առաջարկն ավելի շատ կարող է բնորոշ լինել նախագահական կամ կիսանախագահական համակարգին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պահին դա հնարավոր չի համարում, որովհետեւ այդ դեպքում ինչպե՞ս է աշխատելու այդ կառավարությունը, այդ կառավարության կայացրած որոշման համար ԱԺ-ն պատասխանատվություն կրելո՞ւ է, թե՞ ոչ․ «Ես որեւէ ընդհանրություն չունեմ այդ մարդկանց կամ այդ մարդկանց առաջարկած թեկնածուի հետ, ո՞րն է սկզբունքը, ինչո՞ւ պետք է մեր օրենքը ընդունվի կամ չընդունվի, որովհետեւ ի՞նչ։ Ես ունեմ կանխավարկած, որ դա բերելու է ընտրությունների կեղծման, որովհետեւ այդ կուսակցություններն ունեն ընտրությունների կեղծման ահռելի փորձ։ Իրենց ուզածն, ըստ էության, ընդամենն այն է, որ քաղաքական պրոցեսների վրա ազդելու լծակներ ունենան»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ իրենք ունեն ընդհանուր պատասխանատվություն, եւ չեն կարող իրենց ուսերից թոթափել դա այս կամ այն փոխատեղմամբ․ դա, ըստ Ավետիսյանի, անազնիվ կլինի։ Անդրադառնալով ընդդիմադիր մյուս կուսակցության՝ Լուսավոր Հայաստանի՝ Էդմոնին Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հայտարարության՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն արձագանքեց, որ երբ անձը խորհրդարանում փոքրամասնական կուսակցության ներկայացուցիչ է, չի կարող լինել վարչապետ․ «Այդպես չի լինում։ Ի վերջո խնդիրն այն է, թե մենք ինչքան ենք կապված ներքաղաքական դիվիդենտների հետ։ Ինչ վերաբերում է չեզոք թեկնածուներին՝ նախ Հայաստանում ահավոր դժվար է գտնել չեզոք մարդ, բայց նորից բախվում ենք նույն հարցին՝ չեզոք ո՞ւմ են ներկայացնելու, այսինքն՝ չեզոք մարդկա՞նց են ներկայացնելու, քաղաքական դիրքորոշում ունեցո՞ղ մարդկանց են ներկայացնելու, ա՞յլ դիրքորոշում ունեցող մարդկանց են ներկայացնելու, մենք ո՞նց ենք պատասխանատու լինելու չեզոք մարդու որոշումների համար․ սրանք բոլորն ավելի ապակայունացնող սցենարներ են, որովհետեւ դրանք գնում են ինստիտուցիոնալ ապակայունացման»։  Ավետիսյանի կարծիքով՝ այս պահին ճիշտ տարբերակը ռեֆորների, արցախահայության խնդիրները լուծելու շուրջ քայլերի համատեղումն է։ Ըստ նրա՝ քաղաքական կուսակցությունները զուգահեռաբար պետք է ձեւավորվեն, ներկայացնեն իրենց հայտը, նշեն ապագայի իրենց հեռանկարը, որպեսզի քաղաքացին ըստ իրավիճակի կարողանա ընտրություն կատարել։ Իսկ թե իշխող քաղաքական թիմն ինչ է արել 2,5 տարվա ընթացքում՝ մասնավորապես ընտրական օրենսդրության բարեփոխման առումով, Ավետիսյանը մեկնաբանեց, որ թե՛ Ընտրական օրենսգիրքը, թե՛ Կուսակցությունների մասին օրենքը ֆունդատամենտալ աշխատանքներ են, եւ որ դրանց վերաբերյալ բավական ծավալուն աշխատանք է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը․ «Որպես կանոն՝ երաշխիքները լինում են, որ ԸՕ-ն եւ Կուսակցությունների մասին օրենքը փոփոխվեն դանդաղ, որպեսզի քաղաքական դաշտի խաղացողները կարողանան դրան պատրաստվել, բայց ստացված իրավիճակում պարզ է, որ դրան պետք է արագություն հաղորդվի․ այդպես էլ անում ենք։ Ես կարծում եմ, որ ներկայիս իշխանությունը որեւէ առիթ չի թողել՝ կասկածելու ընտրությունների ազնվության վրա։ Խոշոր ՏԻՄ ընտրություններում մենք պարտություն ենք կրել, ինչը նորմալ է։ Այս առումով ես ինչ-որ մտահոգություն չունեմ, բայց կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքի փիլիսոփայությունը այնպիսին պետք է լինի, որ մարդիկ կուսակցություններ ընտրեն։ Մեր հասարակությունում կուսակցություն բառը բավականին վարկաբեկված է, որովհետեւ երբ կուսակցությունները տարիներ շարունակ կեղծում են ընտրությունները, ստեղծվում, փլուզվում, քանդվում, դառնում են ավտոկրատիկ, եւ իրենք ավտորկրատիկ են սարքում երկիրը, ու կուսակցության նկատմամբ հավատը կորչում է»։ Սոս Ավետիսյանի համոզմամբ՝ որպեսզի ամեն դեպքում ունենանք ծրագրային քաղաքականություն, հարկավոր է, որ հասարակության այն մյուս խմբերը, որոնք այս պահին չեն երեւում, օրինակ՝ մասնագիտական խմբերը, կարողանան ձեւավորել քաղաքական թիմեր եւ մասնակցել այդ ընտրություններին՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոնկրետ առաջարկներով։  Անդրադառնալով նոյեմբերի 10-ի՝ Հայաստանի վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությանը եւ գործող կառավարության ընդդիմախոսների այն պնդումներին, թե հնարավոր է դրա որոշ կետեր փոխել՝ ի շահ Հայաստանի, պատգամավորն իրատեսական չի համարում․ «Այն, որ մենք անհաշտ ենք այս հայտարարության հետ, հաստատ է, ես կարծում եմ, որ նույնիսկ հայտարարության համահեղինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անհաշտ, բայց իրավիճակն այսպիսին է։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա դա քաղաքական կուսակցությունների ծրագրերի տեսլականը պետք է լինի։ Պետք է կարողանալ ավելի շահեկան դիրքերի բերել մեր արտաքին քաղաքականությունը, պաշտպանական քաղաքականությունը եւ մնացածը։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի իրապես ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա»,- ասաց մեր զրուցակիցը։ Ավետիսյանը չի կարծքում, թե Մինսկի խմբի ձեւաչափը, որպես արցախյան հակամարտության լուծման հարցով բանակցությունների հարթակ՝ քանդված է։ Ըստ նրա՝ լուրջ մարտահրավեր է նետված, եւ, ըստ էության, պետք է աշխատել, որպեսզի ՄԽ համանախագահները մասնակից լինեն բանակցություններին, հետագա քննարկումներին։ Պատգամավորը առաջմահերթ քննարկման առարկա է դիտարկում հատկապես ԼՂ կարգավիճի հարցը, ապա նաեւ, փախստականների եւ այլն։  Թե ինչու հստակ չդրվեց Արցախի ճանաչման կամ Հայաստանին միացման հարցը, երբ մինչեւ պատերազմը՝ այս քայլերը չանելու հիմնավորումը ռազմական գործողությունների սպառնալիքն էր, Ավետիսյանը պատասխանեց, որ խորհրդարանը, որպես կանոն, առաջնորդվել է ԱԳՆ-ի առաջարկներով․ «Որովհետեւ նույնիսկ պատերազմի ժամանակ կար բանակցային ճանապարհ, եւ նաեւ դրանից հետո։ Այդ պարագայում պետք է զգուշավոր լինել։ Նույն տրամաբանությամբ ինչո՞ւ 1994 թվականից հետո չճանաչեցին Արցախը, կամ ինչո՞ւ չմիավորվեցին, ինչո՞ւ չգնացին ազգերի ինքնորոշման սկզբունքով, ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի ժամանակ չեղավ ճանաչում։ Սա անընդհատ կարելի է հետ ու առաջ անել, բայց մենք միշտ առաջնորդվել ենք մեր երկրի եւ արցախահայության շահերով։ Ես չեմ կարող մեկնաբանել թե ինչ կլիներ, բայց կարող եմ ասել, որ մենք Արցախի ճանաչմանը կամ միացմանը դեմ չենք, բայց թե ինչ հետեւանքների դա կբերեր եւ թե ինչ քայլեր կհետեւեին դրան, չեմ կարող ենթադրություններ անել»,- եզրափակեց Սոս Ավետիսյանը։ Ասպրամ Փարսադանյան
18:03 - 30 դեկտեմբերի, 2020
Արցախահայության՝ իրենց հայրենիքում ինքնորոշման իրավունքն անզիջելի է, մնացածը դիվանագիտական լուծման հարց է․ Սոս Ավետիսյան

Արցախահայության՝ իրենց հայրենիքում ինքնորոշման իրավունքն անզիջելի է, մնացածը դիվանագիտական լուծման հարց է․ Սոս Ավետիսյան

Թե՛ Արցախի ճանաչման, թե նրա հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու ճանապարհները, ելքերը պետք է քննարկվեն հանրության հետ։ Այս կարծիքին է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։ Հիշեցնենք, արցախա-ադրբեջանական սահմանին օրեր առաջ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը գրառում էր կատարել, ըստ որի՝ չի բացառվում Հայաստան-Արցախ ռազմական դաշինք կնքելու հնարավորությունը։ Քաղաքագիտական շրջանակները կարծում են, սակայն, որ ռազմական դաշինք պետք է կնքել միայն Արցախը ճանաչելուց հետո, ապա մտածել նաեւ միացման մասին։ Infocom-ի հետ զրույցում պատգամավոր Սոս Ավետիսյանը նկատեց՝ Հայաստանի ու Արցախի հանրության հետ կոնտակտը շատ կարեւոր է, բայց, իր կարծիքով, ռազմաքաղաքական դաշինքը հետագայում կարող է բերել նաեւ Արցախի ճանաչմանը։ «Դրանք տեսականորեն իրար հետեւող գործընթացներ են։ Այս 2 տարբերակներն էլ սեղանի վրա են, եւ մենք այդ կապակցությամբ քննարկումներ ունենք․ ինչպես կորոշի քաղաքական ղեկավարությունը, այդ ուղղությամբ էլ կշարժվենք»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, ըստ էության, ռազմաքաղաքական դաշինքը կարեւոր ուղենիշ կարող է լինել․ «Բայց ամենակարեւոր բանը, որ պետք է արձանագրել՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը, իրենց հայրենիքում ապրելու իրավունքը անզիջելի է, մնացածը արդեն դիվանագիտական եւ քաղաքական մտածողությամբ լուծում պետք է լինի»,- եզրափակեց պատգամավորը։ Սեդա Առաքելյան
18:38 - 01 հոկտեմբերի, 2020
Էլ ի՞նչ պետք է լինի, որ միջազգային հանրություն կոչվածն արձագանքի. Սոս Ավետիսյանը կոչով դիմում է աշխարհին |armtimes.com|

Էլ ի՞նչ պետք է լինի, որ միջազգային հանրություն կոչվածն արձագանքի. Սոս Ավետիսյանը կոչով դիմում է աշխարհին |armtimes.com|

armtimes.com: Երբ Ադրբեջանի կոնկրետ ցեղասպանական գործողությունների նկատմամբ չի լինում թիրախավորված քննադատություն եւ քայլեր, դրա հետեւանքն այս ագրեսիան է: Այս մասին Ազգային ժողովում, դիմելով միջազգային հանրությանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը: Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը եւ հավելեց, որ չի պատկերացնում, թե էլ ինչ պետք է լինի, որ միջազգային հանրություն կոչվածն արձագանքի: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ աշխատելու են բոլոր դիվանագիտական ուղղություններով, որպեսզի միջազգային գործընկերները հասկանան իրավիճակը: Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, այս պահին ամենակարեւորը մեր Զինված ուժերի կողքին լինելն ու ճիշտ ինֆորմացիոն հոսքերը կարգավորելն է: «Այս պատերազմը, ըստ էության, կարճ չի տեւելու, այս պատերազմը բավականին կործանարար է, եւ պետք է միահամուռ լինել ու ամեն օր կանգնել մեր ԶՈՒ-ի կողքին»,- ասաց Ավետիսյանը, ընդծելով, որ միայն այս պարագայում հնարավոր կլինի խոսել միջազգային հանրության հետ եւ գրանցել հաղթանակ: Նա նաեւ վստահեցրեց, որ այս ամենի ելքը լինելու է հաղթական եւ ամրագրվելու է բոլոր հնարավոր առումներով:
18:17 - 28 սեպտեմբերի, 2020
«Իմ քայլը»-ի մի քանի պատգամավորներ տարբեր պաշտոնյաների հետ քննարկել են Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը

«Իմ քայլը»-ի մի քանի պատգամավորներ տարբեր պաշտոնյաների հետ քննարկել են Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամանավոր Մերի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախորդ շաբաթ՝ օգոստոսի 6-ին և 7-ին պատգամավոր գործընկերներիս` Մարիա Կարապետյանի, Համազասպ Դանիելյանի և Սոս Ավետիսյանի հետ հանդիպումներ ենք ունեցել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի, Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արսեն Այվազյանի, Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ Ամուլսարի հարցի շուրջ: Նմանատիպ հանդիպումներ ունեցել ենք նաև նախկինում։ Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ՝ յուրաքանչյուր մարմնի լիազորությունների շրջանակում քննարկել ենք Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրությունը և այն բարելավելու ուղղությամբ արված և ապագա քայլերը։ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի հետ քննարկել ենք շարունակվող քրեական գործի քննության հրապարակայնության կարևորությունը, որքանով որ թույլ է տալիս գործի քննության գաղտնիությունը։ Ի պատասխան շահագրգիռ քաղաքացիների մեզ ուղղված հարցադրումների Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված, հարկ ենք համարում հայտնել, որ այս փուլում նման հանդիպումներ նախաձեռնելու և գործընթացներին հետևելու միջոցով ենք պատկերացնում մեր անելիքը որպես պատգամավոր։ Համայնքի բնակիչների և շահագրգիռ քաղաքացիների հետ ևս հանդիպումներ եղել են նախկինում և կարող են լինել»։
15:13 - 12 օգոստոսի, 2020
Ըստ էության, սպառնում են, որ  մարդկության դեմ հանցագործություն կգործեն․ Սոս Ավետիսյան

Ըստ էության, սպառնում են, որ մարդկության դեմ հանցագործություն կգործեն․ Սոս Ավետիսյան

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերը թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը, նրա խոսքով, Հայաստանին մեծ աղետի կհանգեցնի։ Այս մասին գրել է ադրբեջանական haqqin.az-ը։ Դարգյախլին այսպես է արձագանքել այն ենթադրյալ քննարկումներին, թե Հայաստանը կարող է հարվածել ադրբեջանական Մինգեչաուրի ջրամբարին: Նշենք, որ ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, ըստ էության, երբեւէ հայտարարություն չի եղել Մինգեչաուրին հարվածելու մասին։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Infocom.am-ի հետ զրույցում՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարի հիշյալ հայտարարությունը խայտառակ որակեց․ «Ըստ էության, սպառնում են, որ  մարդկության դեմ հանցագործություն կգործեն։ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարեւորում է զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) չտարածման մասին բոլոր պայմանագրերի եւ ռեժիմների համապարփակ եւ արդյունավետ կատարումը։ Այդ պարտավորվածությունները բոլոր երկրների կողմից համաշխարհային անվտանգության հիմնասյուներից մեկն են»,- շեշտեց պատգամավորը:
18:34 - 16 հուլիսի, 2020