Սեյրան Օհանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար։

Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին։ Սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանում։ 1992թ․ դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ։ 1994-1998թթ. եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998թ. հոկտեմբերից՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999-2000թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը,  2000-2007թթ. եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար:

2007-2008 թ․-ին եղել է ՀՀ զիված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

2008-2016թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1995թ. արժանացել է գեներալ-մայորի, 2000թ.՝ գեներալ-լեյտենանտի, 2007թ.՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումների:

1999 թ․-ին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման  եւ «Ոսկե արծիվ» շքանշանի։

 

Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին
 |azatutyun.am|

Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին |azatutyun.am|

azatutyun.am: Դատախազն այսօր միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին՝ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելու հոդվածով։ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր իրենց կամքով ներկայացել են դատական նիստին։ Նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստին, նրանք դատարան չէին եկել, դատարանն էլ որոշել էր այսօրվա նիստին նրանց հարկադրաբար ներկայացնել Հակակոռուպցիոն դատարան։ Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները 2008-ի մարտի 1-ի գործով դարձյալ դատարանի առջև են կանգնած։ Վճռաբեկ դատարանն է բեկանել դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։ 2018-ի հեղափոխությունից հետո, 10 մարդու կյանք արժեցած հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանին ու մյուսներին։ Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը: Այն ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել էր՝ եթե անգամ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, միևնույն է, դա չի նշանակում, որ վերացել է 2008-ին 10 մարդու կյանք խլած իրադարձությունների մասով նախկին նախագահի պատասխանատվությունը։
Այսօր 16:10
Առանց հոդվածի չի լինում մեղադրանք, առանց մեղադրանքի չի լինում մեղադրյալ. Ռոբերտ Քոչարյանը՝ իր գործով դատավարության մասին |armenpress.am|

Առանց հոդվածի չի լինում մեղադրանք, առանց մեղադրանքի չի լինում մեղադրյալ. Ռոբերտ Քոչարյանը՝ իր գործով դատավարության մասին |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը, որի շրջանակում քննարկվում է մեղադրանքի վերաորակավորման հարցը։ Դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթացող նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը և դատարանը կարծիքների փոխանակում ունեցան Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի և նրա պաշտպանների հաստատման հարցի շուրջ։  Դատավորը Քոչարյանին հարց ուղղեց, թե արդյոք վերջինս ցանկանո՞ւմ է, որ իր շահերը պաշտպանեն  փաստաբաններ Արամ Օրբելյանը, Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը, սակայն Քոչարյանը շեշտեց, որ առանց հստակ հոդվածի ու մեղադրանքի չի կարող ունենալ մեղադրյալի կարգավիճակ, հետևաբար՝ դատավորի հարցը ՀՀ օրենսդրության հետ որևէ առնչություն չունի։   «Առանց հոդվածի չի լինում մեղադրանք, առանց մեղադրանքի չի լինում մեղադրյալ։ Ձեր հարցը մեր օրենսդրության հետ որևէ առնչություն չունի»,- հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ դատարանը հարցի էությունը չի հասկանում։  Դատավոր Պետրոսյանը, իր հերթին, պարզաբանեց, որ մեղադրյալի կարգավիճակը, ինչպես նաև արարքի իրավական գնահատականի փոփոխությունը գտնվում են դատարանի քննարկման տիրույթում։ «Վճռաբեկ դատարանը որոշակի ծավալ է սահմանել այս գործով, և մեր դատարանն իրավասու է որոշել, թե ինչպես շարունակել վարույթը։ Մենք պարզապես փորձում ենք հասկանալ՝ ցանկանո՞ւմ եք, որ Ձեր շահերը պաշտպանեն նշված փաստաբանները, թե՞ ոչ»,- նշեց դատավորը։ Քոչարյանն իր դիրքորոշումը կրկին հաստատեց՝ ընդգծելով, որ դատարանի հարցի ձևակերպումը խնդիրներ է առաջացնում։ «Եթե փաստաբաններն այստեղ են, ուրեմն իմ հետ պայմանավորվածությամբ են այստեղ նստած»,- եզրափակեց նա։  Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը 2021 թվականին արդարացվել էին, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց նրանց առաջադրված հոդվածը։ Սակայն ՍԴ-ն 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ մասնակի բավարարեց Վճռաբեկ դատարանի դիմումը՝ հնարավորություն տալով վերաորակավորել մեղադրանքները և նոր քննություն սկսել։
Այսօր 11:41
Դատարանը Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում է կայացրել |civilnet.am|

Դատարանը Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում է կայացրել |civilnet.am|

civilnet.am: Հակակոռուպցիոն դատարանը որոշել է բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ հաջորդ դատական նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով: Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, չէին ներկայացել դատական նիստին։ Պաշտպանների խոսքով` պատճառն այն է, որ նրանք պարզաբանում չեն ստացել, թե ինչ հոդվածով են մեղադրվում։ Գործի նախապատմությունը 2018-ի հուլիսի 26-ին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի կամ Սահմանադրական կարգի տապալման գործով։ Գործը վերաբերում էր 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին։ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով. առաջինը՝ այլ անձանց հետ սահմանադրական կարգի տապալում, որը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն էր և հետագայում ճանաչվեց հակասահմանադրական, երկրորդը՝ 3 մլն դոլար կաշառք վերցնելու հոդվածը, որը դեռևս քննվում է։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Քոչարյանը 2008-ի փետրվարին, երբ Ազատության հրապարակում խաղաղ ցույցեր էին, բանակի հրամանատարական կազմի հետ քննարկել է ներքաղաքական հարցեր։ Այնուհետև ստորագրվել է ՊՆ-ի «0038» հույժ գաղտնի հրամանը, զինծառայողներ են Երևան բերվել, և նրանք ցույցերը ցրելու վարժանքներ են իրականացրել։ Բացի Քոչարյանից, գործով անցնում են նաև այդ ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցնող Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։ Այս գործը դատարան է մտել 2019-ի ապրիլին։ Քննության ընթացքում դատարանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի սահմանադրականության հարցը։ ՀՀ Սահմանադրական դատարանը 2021-ի մարտի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այս հիմքով պաշտպանները միջնորդել են կարճել գործը, իսկ Աննա Դանիբեկյանը բավարարել է այդ միջնորդությունը։ Այնուհետև մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Հետագայում գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան։ Գործով պայմանավորված՝ այս ատյանը դիմել է ՍԴ՝ պարզելու այս անգամ էլ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մեկի սահմանադրականության հարցը։ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024-ի հուլիսի 22-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը։ Սահմանադրական դատարանի վերջին որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը գործը բեկանել էր ու ուղարկել նոր քննության։
15:02 - 15 նոյեմբերի, 2024
«Ազգային խայտառակություն է». Սեյրան Օհանյանը՝ Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանի պահվածքի մասին  |aysor.am|

«Ազգային խայտառակություն է». Սեյրան Օհանյանը՝ Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանի պահվածքի մասին |aysor.am|

aysor.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ազգային խայտառակություն է համարում Նիկոլ Փաշինյանի պահվածքը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը: «Գիտեք, հարաբերություններ կարգավորելը երկրի իշխանության պարտականություններից մեկն է, բայց այդ հարաբերությունները պետք է արժանապատիվ լինեն: Երբ հրավեր ոչ թե ստանում ես, այլ դու ես խնդրում, երբ դու ժպտերես դեմքով հանդիպում ես մի պետության ղեկավարի հետ, որը ցեղասպանություն է իրականացրել ու աջակցել է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությանը, ազգային խայտառակություն է, նսեմացման պահ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ըստ Օհանյանի` թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ ճնշումներ ու պարտադրանքներ է գործադրում Նիկոլ Փաշինյանի վրա:
14:21 - 27 սեպտեմբերի, 2024
Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը՝ համացանցում շրջանառվող տեսանյութի և ՔՊ-ի հետ իր ենթադրյալ կապերի մասին
 |iravaban.net|

Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը՝ համացանցում շրջանառվող տեսանյութի և ՔՊ-ի հետ իր ենթադրյալ կապերի մասին |iravaban.net|

iravaban.net: «2018 թվականի դեկտեմբերից ես որևէ կապ չեմ ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ուժի պաշտոնյաների հետ։ Ես որևէ անգամ քաղաքականացված չեմ եղել և քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Ընդամենը 2018-ին օրենսդիր մարմնում քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ եմ ներկայացրել»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է նշված դատավորին։ Վերջինս 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից: «Ցուցակում ընդգրկվելու առաջարկն եղել է քաղաքական թիմի կողմից որպես իրավաբանի և ես տվել եմ իմ համաձայնությունն ու ԱԺ պատգամավոր դառնալու հայտ եմ ներկայացրել։ Իմ համարն անցողիկ չի եղել։ Այնուհետև ես դիմում եմ գրել ու ասել, որ դադարեցնեն իմ անդամակցությունը կուսակցությանը»,- նշեց նա՝ հավելելով, որ «Մարտի 1»-ի գործն իրեն էլեկտրոնային եղանակով է մակագրվել և ընթանալու է բացառապես պրոֆեսիոնալ և մրցակցային դատավարություն։
14:17 - 23 սեպտեմբերի, 2024
Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առնչվող քրգործով դատախազը Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի համապատասխան որոշում

Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առնչվող քրգործով դատախազը Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի համապատասխան որոշում

2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանի հակակոռոուպցիոն պալատը հրապարակել է թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով (ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների) կայացված որոշումը, որով բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Այս մասին հայտնում են դատախազությունից: Ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առկա պայմաններում Առաջին ատյանի դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի  նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն իրավաչափ չէ, և որ Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելուց հետո, մինչև դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալը,  մեղադրողն իրավասու է եղել փոփոխելու նշված անձանց մեղսագրված արարքի իրավաբանական գնահատականը: Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին վերագրվող արարքներում առկա են Քրեական օրենսգրքի այլ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ վերոնշյալ քրեական գործով մեղադրողն առաջիկայում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի համապատասխան որոշում: Գործի շահերից ելնելով՝ այս փուլում այլ մանրամասներ չեն ներկայացվում:
11:44 - 17 սեպտեմբերի, 2024
Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու մյուսները կրկին կկանգնեն դատարանի առջև
 |azatutyun.am|

Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու մյուսները կրկին կկանգնեն դատարանի առջև |azatutyun.am|

azatutyun.am: Արդարացումից երեք տարի անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին երեք ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը, 2008-ի մարտի 1-ի գործով դարձյալ կկանգնեն դատարանի առջև։ Վճռաբեկ դատարանն օրերս բեկանել է արդեն նախկին դատավոր Աննա Դանիբեկյանի՝ դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել նոր քննության՝ Հակակոռուպցիոն քրեական դատարան։ Դեռ պարզ չէ, թե որ դատավորին կմակագրվի այս գործի քննությունը, և երբ կսկվի դատավարությունը։ «Սա ավելի շուտ քաղաքականություն է, որտեղ օգտագործվում է իրավաբանությունը՝ որպես միջոց խնդիրները լուծելու համար», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Գլխավոր դատախազությունն, ըստ ամենայնի, Քոչարյանին ու մյուսներին նոր հոդվածով մեղադրանք կառաջադրի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Նրանք անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում չեն ազատազրկվի՝ այս հոդվածով վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տպավորություն ունի, որ իրավական հետևանք չունեցող այս քայլն արվեց ոչ թե Քոչարյանին ու մյուսներին դատելու, այլ հենց իշխանության համար, որ ցույց տան, թե կատարում են իրենց խոստումները։ «Ե՛վ Մարտի 1-ի գործը, և շատ գործեր փորձում են ուղղակի օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար: Հատկապես որ առջևում ընտրությունների տարի է մոտենում, ավելի հակված եմ ես կարծել, որ սա խաղ է՝ հերթական խաղ քաղաքական, որի ընթացքում պետք է ցույց տան, թե իրենք հավատարիմ են իրենց խոստումներին, թե Մարտի 1-ը իրենց մտքում կա, թե բոլոր հանցագործությունները պետք է բացահայտվեն», - ընդգծեց Հարությունյանը: 2018-ի հեղափոխությունից հետո մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանին ու մյուսներին։ Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է, ունի խնդիրներ և չի կարող գոյություն ունենալ։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ հրաժարվելով լսել այդ ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ու մյուսների պնդումները։ Դատախազները դատավորին խնդրել էին չգնալ խորհրդակցական սենյակ, այլ՝ հնարավորություն ստեղծել վերաորակել հոդվածը։ Ապա Դատախազության բողոքարկման արդյունքում Վճռաբեկ ատյանը եզրահանգեց, որ ստորադաս դատարաններն ակտ կայացնելիս դատական սխալ են թույլ տվել, օրենք են խախտել, երբ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո դադարեցրել են քրեական հետապնդումը։ Ըստ Վճռաբեկի՝ նախքան խորհրդակցական սենյակ մտնելը դատավորը պետք է դատախազներին հնարավորություն տար վերաորակել ամբաստանյալների արարքը։ Նախկին նախագահի փաստաբանները դեռ մեկնաբանություն տալ չեն ցանկանում։
16:12 - 16 սեպտեմբերի, 2024
Քոչարյանի և մյուսների գործի քննությունը կսկսվի նորից․ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը
 |factor.am|

Քոչարյանի և մյուսների գործի քննությունը կսկսվի նորից․ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը |factor.am|

factor.am: Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։ Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Այս մասին տեղեկանում ենք Վճռաբեկ դատարանից։ Հիշեցնենք, որ վերը նշված 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 2018 թվականից մեղադրվում էին 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու մեջ։ 2021 թվականին, սակայն, Սահմանադրական դատարանը որոշեց, որ 300․1 հոդվածը հակասահմանադրական է։ Դրանից հետո 4 ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերագրվող հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական։ Դատավոր Աննա Դանիբեկյանը կարճեց գործի վարույթը՝ չնայած դատախազության պնդումներին, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքը կարող է վերաորակվել։ Դատավոր Աննա Դանիբեկյանի այս որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք ներկայացրեց, սակայն վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց կարճման որոշումը։ Դրանից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք ներկայացրեց։ Վճռաբեկ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան: Ըստ Վճռաբեկի՝ ՍԴ ներկայացրած դիմումի՝  մեղադրողի կողմից անձին մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը փոխելու հնարավորության բացակայությունը և դատարանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու բացարձակ պահանջն այն պարագայում, երբ հատուկ հանցակազմ սահմանող քրեաիրավական նորմը, որով որակված է անձի արարքը, ճանաչվում է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, սակայն այդ արարքն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի հատկանիշներին, հանգեցնում է տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների խախտման։ Սահմանադրական դատարանը 2024 թվականի հուլիսին որոշմամբ արձանագրեց, որ մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
19:08 - 13 սեպտեմբերի, 2024
Կառավարությունը ինտենսիվ աշխատում է ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղղությամբ. վարչապետ |armenpress.am|

Կառավարությունը ինտենսիվ աշխատում է ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղղությամբ. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ռազմավարական որոշումները կայացվում են և փաստաթղթերով ամրագրվում են անվտանգության խորհրդում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե ի՞նչ հիմնարար փաստաթղթերով են ամրագրվում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները, ի՞նչ գործողություններ են իրականացվում պետության համար կարևոր, ռազմավարական փաստաթղթերը մշակելու և իրագործելու ուղղությամբ, հատկապես անվտանգության ոլորտում։ «Ռազմավարական որոշումներ կայացվում են և փաստաթղթերով ամրագրվում են անվտանգության խորհրդում, բայց ես կուզեի ընդգծել փոփոխվող աշխարհում մեր քաղաքականությունների ճշգրտման տեղը և հարթակը։ Ըստ էության, հանգամանքների բերումով ստացվել է այնպես, որ այդ տեղը դարձել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը և իմ գնահատմամբ՝ ձեր նշած խնդիրները արտահայտվում են կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան զեկույցում: Իմ գնահատմամբ՝ 2021, 2022, 2023 և 2024 թվականներին շատ կարևոր խոսակցություններ են տեղի ունեցել այդ քննարկման ընթացքում։ Եվ կառավարության զեկույցը արտահայտել է քաղաքականությունների ճշգրտման բովանդակությունը և դրանց պատճառները։ Նաև այդ ճշգրտումները այս դահլիճում քննարկելու առիթ ունեցել ենք»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ կառավարությունը ինտենսիվ աշխատում է ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղղությամբ։ «Բայց, ամենայն հարգանքով, ազգային անվտանգության ռազմավարության բովանդակությունը պետք է ձևավորվի և նոր ինստիտուտների միջին օղակի աշխատողները այն դնեն թղթի վրա և ոչ թե հակառակը։ Հիմա դա է տեղի ունենում, և դա տեղի է ունենում ինտենսիվ և ոչ հրապարակային»,- եզրափակեց Փաշինյանը։    
18:38 - 11 սեպտեմբերի, 2024
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան

Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր զորակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և բոլոր այն հոգևորականներին, ովքեր «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» շարժման առաջին շարքերում են։ «Ազգային տոնացույցում կան օրեր, որոնք սրբագույն խորհուրդ ունեն ինձ համար։ Ու թեև ժամանակն այսօր այլ բովանդակություն է հաղորդել համազգային արժեքներին ու պայքարին, հերոսական ճանապարհներին ու կռած հաղթանակներին, միևնույն է, հիշողությունը տանում է հետ՝ դեպի Հաղթանակների մայիս, Շուշի, դեպի հայրերի բնօրրան Արցախ, որի ամեն թիզ հողն ազատագրվել էր համազգային՝ Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության նվիրումի, պայքարի գնով ու սրբացել էր մեր մարտական ընկերների ու եղբայրների, մեր որդիների ու հայրերի արյամբ։ Վերադառնում ես ներկա։ Բեկումնային օրեր։ Պատմական նշանակություն ունեցող իրադարձություններ։ Եվ հայ ժողովուրդը, որ ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ այսօր իր գոյության իրավունքը պաշտպանելու հրամայական ունի ու ոտքի է կանգնել՝ վստահելով, համախմբվելով Հայոց եկեղեցու հոգևոր հայրերի շուրջ։ Իմ զորակցությունը հայտնելով Բագրատ սրբազանին և բոլոր այն հոգևորականներին, ովքեր «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» շարժման առաջին շարքերում են, իմ աջակցությունը հայտնելով մեր հայրենակիցներին, ովքեր դուրս են եկել պայքարի՝ հանուն Հայրենիքի պաշտպանության, այն խորին համոզմունքն ունեմ, որ Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել, դառնալ միասնական և արժանապատվորեն դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին՝ մեր պետության, ժողովրդի դեմ գործող ուժերին (ներքին, արտաքին) արժանի հակահարված տալ»,- Facebook-ում գրել է Օհանյանը։
14:05 - 08 մայիսի, 2024
Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելը ԳՇ-ն է առաջարկել. Օհանյան  |aysor.am|

Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելը ԳՇ-ն է առաջարկել. Օհանյան |aysor.am|

aysor.am: Կարծում եմ՝ բացահայտ սուտ են այն խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Սահմանազատումը և սահմանագծումն իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, և իրենք պետք է հասկանան այն, որ Տավուշում մեր պաշտպանությունը բավականին բարձր մակարդակի է։ Այդ 4 գյուղերը, որոնց մասին խոսվում է, հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ, միևնույն ժամանակ՝ այդ հատվածում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Խոսել այն մասին, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են, նշանակում է, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում, գնում են միակողմանի զիջումների»,-ասաց Սեյրան Օհանյանը։ Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը. «Դա միակողմանի պահանջ է»։
11:59 - 09 ապրիլի, 2024
Բանակը կարող է Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամաններից հետ կանգնել. Սեյրան Օհանյան
 |aravot.am|

Բանակը կարող է Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամաններից հետ կանգնել. Սեյրան Օհանյան |aravot.am|

aravot.am: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արած հայտարարություններին։  «Առանց վերջնական համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։ Երկրորդ, հատվածական սահմանազատումը հատկապես Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ ամենանախապատրաստված առաջնագծի հնարավորությունների նվազեցմանը, ու այդ հատվածում հավելյալ խնդիրներ են ստեղծվելու սահմանամերձ բնակչության համար։ Եվ, իհարկե, ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհահատվածի նկատմամբ վերահսկողությունն Ադրբեջանի կողմից բազմապատկելու է ՀՀ անվտանգության սպառնալիքները։ Մտահոգության համար առաջին հերթին հիմք է հանդիսանում այն, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի իրականացման համար նախապայմաններ չկան, ու այդ ընթացակարգերը խախտվում են, որովհետեւ Ադրբեջանի հետ որեւիցե համաձայնագիր չկա։ Եվ այդ գործընթացի առաջին կետը սահմանազատումն է, դա նշանակում է աշխատել քարտեզների վրա։ Երեկ նույն Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որեւիցե քարտեզ չկա, դա նշանակում է, որ այդ սահմանազատումը չի իրականացվել։ Եվ այս ամենն իրականացրած այցելում է ՀՀ Տավուշի մարզ, ժողովրդի մոտ մտահոգություն ստեղծում եւ ասում, ու իրականում սահմանագծում ենք իրականացնելու։ Իսկ սահմանագծում նշանակում է տեղում արդեն իրականացնել գործընթաց, զորքերին կամ բնակչությանը հետ քաշել ու կահավորել այդ սահմանը»,- ասաց Օհանյանը։ Հարցին, թե իրատեսակա՞ն է համարում, որ բանակը կարող է չկատարել հրամանները, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես ասացի, որ յուրաքանչյուր ոք՝ թե զինվորական, թե քաղաքացիական, հասկանում են, որ այս գործընթացն անօրինական է, ընթացակարգերի խախտումը հանցագործություն է։ Այդ գործընթացում ամենամեծ դերակատարությունը պետք է ունենա Ազգային ժողովը։ Եվ այդ հանցավոր գործընթացից հրաժարվելը յուրաքանչյուր մարդու իրավունքների մեջ է մնում, սրա մեջ կարող են լինել զինծառայողներ։ Թեեւ բանակը կարգապահ կառույց է եւ իրականացնում է մեր երկրի անվտանգությունը, ես ասում եմ՝ ոչ թե պաշտպանությունից հրաժարվել, այլ անօրինական տրվող հրամաններից հետ կանգնել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
14:03 - 21 մարտի, 2024
«Երբ իշխանությունները նեղն են եղել, ռուս սահմանապահներին բանավոր ասել են՝ կարող եք գնալ տեղակայվել»․ Սեյրան Օհանյան

 |aravot.am|

«Երբ իշխանությունները նեղն են եղել, ռուս սահմանապահներին բանավոր ասել են՝ կարող եք գնալ տեղակայվել»․ Սեյրան Օհանյան |aravot.am|

aravot.am: «Ցանկացած բանակցություն կարեւոր է, բայց նրանց հայտարարություններից մենք տեսանք, որ պայմանավորվել են հերթապահ արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները։ Նաեւ պարզ չէ, թե որոնք են սկզբունքները, նաեւ հարցերի հերթականությունը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։ Անդրադառնալով Գերմանիայի միջնորդությանը՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Դուք տեսնում եք՝ Ադրբեջանի իշխանություններն անընդհատ պնդում են, որ մեզ որեւիցե միջնորդ պետք չէ։ Դա գալիս է նրանից, որ փորձում են միայնակ ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա։ Բայց մյուս կողմից էլ իրենք շատ խորամանկ կերպով օգտագործում են թե արեւմտյան հարթակը եւ թե նաեւ հետխորհրդային հարթակը, որպեսզի իրենց շահերն առաջ տանեն։ Իհարկե, մեր շահերից ելնելով, արեւմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ, բայց որեւիցե երկիր այստեղ տեղում մեզ աջակցելու մեծ հնարավորություններ չունի, բացի հատվածական դիտորդական առաքելությունից։ Այնպես որ, այս բանակցությունների գլոբալ առումով արդյունքներ ակնկալելն այնքան էլ հուսադրող չէ»։ Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով են ռուս սահմանապահները տեղակայվել Ներքին Հանդում, Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես 2022 թվականի հուլիս ամսին եմ եղել Ներքին Հանդում։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ քննարկվում էր, թե ադրբեջանցիներն իրենց դիրքերը երբ են առաջ տվել՝ 2020 նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո, թե՞ 2022 թվականին։ Եվ տեղում աշխատելու ընթացքում մենք պարզեցինք, որ իրենք դիրքերն առաջ են տվել հենց 2022 թվականին, եւ տեղի հրամանատարական ղեկավարությունը չէր կարողացել ճշտել եւ ժամանակային զեկուցել դրա մասին։ Եվ այնտեղ մենք տեսել ենք անցակետ, այդ անցակետը որեւիցե բան չէր տալիս, նույնիսկ մենք չենք էլ կանգնել, չենք էլ հարցրել»։ «Բայց ես զարմանում եմ մեկ բանի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում փաստորեն կարելի է, օրինակ, նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո բանավոր հրահանգ տալ եւ ասել՝ զորքերը հետ քաշեք մինչեւ ՀՀ սահման, երբ պայմանավորվածություն կար զորքերը կանգնեցնել այնտեղ, որտեղ մարտական գործողություններն ավարտվել են։ Չէին հասկանում, որ յուրաքանչյուր այդպիսի հատված հետագայում հիմք է հանդիսանալու սահմանազատման-սահմանագծման համար բանակցություններում շահ ունենալու համար, ինչպես այսօր տեսնում ենք։ Եվ նաեւ զարմանում եմ, որ ՀՀ իշխանությունները չգիտեն, թե ինչ բանավոր կամ գրավոր պայմանագրի համաձայն են ՌԴ սահմանապահները գտնվում այնտեղ։ Եթե այդպիսի պայմանագիր չկա, դա նշանակում է․․․ Երբ անհրաժեշտություն եղել է, երբ նեղն են եղել, ՀՀ իշխանությունները հենց այնպես բանավոր ասել են, որ կարող եք գնալ տեղակայվել։ Բայց այս ամբողջ քննարկումները գնացել են նրանից հետո, երբ ասացին, որ ՌԴ սահմանապահները ոչինչ չեն արել՝ կանխելու համար կամ թույլ չեն տվել, որպեսզի եվրոպական դիտորդներն այցելեն այնտեղ։ Դեմ առ դեմ այսօրվա շփման գծում, ընդ որում, ադրբեջանցիները գտնվելով ՀՀ սահմաններում, կանգնած են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Եվ մեր ստորաբաժանումների միջեւ ցանկացած սադրանք կանխելը, դրանից հետո համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը, նախքան կանխելն ուսումնասիրել, թե Ադրբեջանն ինչ ապատեղեկատվություն է տարածում, ինչ սադրանքների կարող է գնալ, մեր զինված ուժերի գործառույթն է։ Եվ տեղի հրամանատարությունը, եթե խելացի վարվեին, իրենք գիտեին, թե ինչ է նշանակում սադրանք, ինչ է նշանակում ուժեղացնել պաշտպանությունը, ինչ է նշանակում միջոցներ ձեռնարկել անվտանգության վերաբերյալ։ Եթե այդ ամենն իրականացվեր, գոնե մենք 4 զոհ չէինք ունենա։ Ադրբեջանցիներն անօրեն կերպով սադրանք կազմակերպելով՝ պատժեցին մեր ստորաբաժանումներին։ Եվ ամենակարեւորը, այդ պատժելու գործընթացից հետո մեր կողմից հակագործողություններ չեն իրականացվել։ Ադրբեջանցիները գնալու են սադրանքի մեր զինված ուժերի նկատմամբ մեր սահմաններում այնքան ժամանակ, որքան զգան, որ մենք թույլ ենք»,- ասաց նա։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ մեր շահերն առաջ տանելու, խաղաղություն պահպանելու համար պետք է ուժեղ բանակ ու պաշտպանված սահմաններ ունենալ։
12:53 - 01 մարտի, 2024
Հասկանո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե ռուսները դուրս գան Թուրքիայի հետ սահմանից․ Սեյրան Օհանյան
 |civilnet.am|

Հասկանո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե ռուսները դուրս գան Թուրքիայի հետ սահմանից․ Սեյրան Օհանյան |civilnet.am|

civilnet.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, խոսելով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իշխանությունների հայտարարությունների մասին, հիշեցրեց, որ ռուս սահմանապահներն իրականացնում են նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանի պահպանությունը։ «ՌԴ սահմանապահները, բացի «Զվարթնոցից» (նկատի է ունի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը – խմբ․), շատ կարևոր գործառույթ են իրականացնում՝ պաշտպանելով Թուրքիայի հետ շուրջ 300 կիլոմետրանոց սահմանը, ինչպես նաև Իրանի հետ 43 կմ սահմանը։ Եթե այդ սահմանապահները դուրս գան, դուք հասկանո՞ւմ եք, թե մեր համար ինչ խնդիրներ են առաջանալու այս տարածաշրջանում նաև Թուրքիայի կողմից»,- նշեց Օհանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները 2018-ից հետո Ռուսաստանի հետ «հետևողականորեն գնում են հարաբերությունների վատթարացման ճանապարհով»։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև պնդեց, թե «իշխանությունն անգամ չգիտի, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են ռուս սահմանապահները գտնվել, օրինակ, Սյունիքի սահմանամերձ հատվածներում»։ Օհանյանի կարծիքով՝ «սահմանապահները պատերազմի սկզբնական փուլի համար են պատասխանատու և պետք է միջոցներ ձեռնարկեն, որ պետության, տվյալ դեպքում՝ Հայաստանի հիմնական ռազմական ուժերը անցնեն մարտական գործողության»։ «Այս իշխանության օրոք մեր զինված ուժերը, սահմանապահները հարաբերությունները ՌԴ-ի հետ կատարում են ուշացումներով, այսինքն՝ յուրաքանչյուր գործողության համար համապատասխան ժամանակահատված գոյություն ունի։ Եթե հիշում եք, Տեղ գյուղում իշխանությունն ասում էր, որ ադրբեջանցիներն առաջինը եկան ու կանգնեցին մեր սահմանի վրա։ Դե թող այնպես անեին, որ մեր զինված ուժերը գնային, նախապատրաստեին, հիմքեր ու բնագծեր կահավորեին ու ադրբեջանցիներից առաջ այնտեղ տեղակայվեին»,- ամփոփեց պաշտպանության նախկին նախարարը։ 2023-ի մարտին ադրբեջանական զինուժը, ըստ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության, խախտեց պայմանավորվախությունն ու գյուղի տարածքի հինգ կետում սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ տեղակայվեց։
12:29 - 01 մարտի, 2024
Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում արևմտյան հարթակում բանակցությունները, սակայն գլոբալ արդյունքներ չի ակնկալում
 |armenpress.am|

Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում արևմտյան հարթակում բանակցությունները, սակայն գլոբալ արդյունքներ չի ակնկալում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում Հայաստան-Ադրբեջան ցանկացած բանակցություն, սակայն կարծում է, որ արևմուտքի միջնորդությամբ վերջերս կայացած բանակցություններից գլոբալ արդյունքներ պետք չէ ակնկալել: Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիայի միջնորդությունը կարո՞ղ է արդյունավետ լինել: «Ընդհանուր առմամբ ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները»,-ասաց Օհանյանը՝ կարևորելով ցանկացած շփում: Վերջերս Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքից ընդդիմադիր խմբակցության ղեկավարը գոհ չէ: «Պայմանավորվել են արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները: Պարզ չէ, թե որոնք են սկզբունքներն ու հարցերի հերթականությունը»,-նշեց պատգամավորը: Նա նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից անընդհատ պնդում են, թե միջնորդ պետք չէ՝ այդպիսով փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, մյուս կողմից էլ շատ խորամանկ կերպով օգտագործում են թե արևմտյան, թե հետխորհրդային հարթակը, որ իրենց շահերն առաջ տանեն: «Կարծում եմ, որ իհարկե, արևմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ: Բայց որևիցե երկիր այստեղ տեղում մեզ աջակցելու այնքան մեծ հնարավորություններ չունի՝ բացի դիտորդական առաքելությունից: Այս բանակցություններից գլոբալ առումով արդյունքներ ակնկալելը, գտնում եմ, որ այնքան էլ հուսադրող չէ»,-եզրափակեց Օհանյանը: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 2024 թ. փետրվարի 28-29-ը  կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։ Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։ Արարատ Միրզոյանը շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։  
12:04 - 01 մարտի, 2024