Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է վերացնել «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի օրենքի անհամապատասխանությունները, ինչպես նաև ստեղծել իրավական հիմքեր՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի ոլորտում վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։ Պապոյանը նշեց, որ գործող օրենսդրության որոշ հոդվածներում առկա են հակասություններ, որոնք խոչընդոտում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքը։ Օրինակ՝ օրենքի 6-րդ հոդվածով պահանջվում է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշվեն, հարգադրոշվեն, ունենան տարբերանիշ և անվանիշ։ Սակայն 8-րդ հոդվածում նշված է միայն երեք պահանջ։ Այս հակասությունը խոչընդոտում է վերահսկողության լիարժեք իրականացմանը։ Նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների պահանջները՝ վերացնելով հակասությունները, խմբագրել 2-րդ հոդվածի 14-րդ կետը՝ վերացնելով կրկնվող բառերը, ապահովել ԵԱՏՄ երկրների միջև թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիության գործընթացի շարունակականություն։ Նախագծի ընդունումը կօգնի բարելավել վերահսկողության մեխանիզմները և ապահովել թանկարժեք մետաղների առք ու վաճառքի ոլորտում ավելի արդյունավետ վերահսկողություն, վերացնել արհեստածին խոչընդոտները տեսչական գործողությունների ժամանակ, ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը՝ նվազեցնելով օրենքի բացերի հնարավոր ազդեցությունը։ Նախագծի ընդունումն, ըստ նախարարի, կարևոր է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի համար՝ արդյունավետ վերահսկողության իրականացման և սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։ Այս փոփոխությունները համահունչ են նաև ԵԱՏՄ իրավական դաշտում փոխճանաչելիության պահանջներին, ինչը կապահովի Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարումը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։
13:06 - 27 նոյեմբերի, 2024
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։  Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։   Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, պարենային ապրանքների արտահանումների կազմակերպմանը, տոհմային անասնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների պատվաստանյութերի ձեռքբերմանը, ալկոհոլային արտադրանքի արտահանմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ժամանակ թունաքիմիկատների կիրառմանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են գյուղատնտեսության ոլորտում առկա համագործակցության ընդլայնումը և պատրաստակամություն հայտնել շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
16:12 - 15 նոյեմբերի, 2024
ՀՀ-ից Իրան ժամանած մասնավոր ներդրողները ծանոթացել են գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին

ՀՀ-ից Իրան ժամանած մասնավոր ներդրողները ծանոթացել են գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ: Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստանի և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները: Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, այդ թվում նաև միջազգային հաղորդակցային ուղիների դիվերսիֆիկացման քաղաքականություն։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է Չաբահար նավահանգստի դերն ու նշանակությունը: Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել նավահանգստում, ծանոթացել առկա հնարավորություններին և առևտրային հեռանկարներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ից ԻԻՀ ժամանած մասնավոր ներդրողներ, որոնք իրենց հարցերն են ուղղել իրանական կողմին, ծանոթացել գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին։
21:40 - 14 նոյեմբերի, 2024
Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու
 |civilnet.am|

Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու |civilnet.am|

civilnet.am: 2018-ի հեղափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից Տիգրան Ավինյանին հասցրեց քաղաքական իշխանության բարձունքի։ Դա այն տարին էր, երբ հեղափոխությունը վերջ դրեց Հանրապետական իշխանության երկարատև կառավարմանը՝ իշխանության բերելով «Քաղաքացիական պայմանագրին»։ Տիգրան Ավինյանը, որն այդ ժամանակ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ էր, դարձավ Հայաստանի փոխվարչապետ։ Նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվում էր ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով։ ՍիվիլՆեթը և OCCRP-ն (Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ) համատեղ հետաքննությամբ պարզել են, որ այդ ծրագրերը Ավինյանի համակարգման տիրույթում են եղել և դրանց վերաբերող քննարկումները համակարգել է ինքը՝ փոխվարչապետ Ավինյանը։ Տիգրան Ավինյանը փոխվարչապետի պաշտոնում էր 2018-2021 թվականներին և, ի թիվս այլ ոլորտների, համակարգում էր գյուղատնտեսությունը։ Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը խաղողի, ժամանակակից տեխոնոլգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի ինը շահառուների համար աշխատել է որպես կապալառու՝ օգնելով այդ ծրագրի շահառուներին այգիներ հիմնել։ Շահառուները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել կառավարությունից՝ պտղատու այգիներ հիմնելու համար։ Շահառուն ոչ թե ինքն է ուղիղ իրականացրել այգեհիմնումը, այլ որպես կապալառու ներգրավել է «Իրիգեյթ»-ին։ Էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվում է հայտնել, թե ընդհանուր առմամբ «Իրիգեյթ»-ը որքան գումար է ստացել շահառուներից։ Ավինյանը, նրա հայրը՝ Արմեն Ավինյանը, «Իրիգեյթ»-ի բաժնետեր Դավիթ Ավինյանը՝ Տիգրան Ավինյանի եղբայրը, չեն պատասխանել ՍիվիլՆեթի մեկնաբանություններ ստանալու գրավոր հարցումներին։ Տիգրան Ավինյանը քաղաքական այն թիմից է, որն իշխանության եկավ 2018-ի գարնանը՝ շաբաթներ տևած հակակառավարական անհնազանդություններից հետո՝ տապալելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը։ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարումը սկսեց ու շարունակեց կոռուպցիան արմատախիլ անելու և ժողովրդավարությունն ամրապնդելու խոստումներով։ Որպես փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համակարգում էր տնտեսական զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության ոլորտները։ Բացի այդ, նա տնօրենների խորհրդի նախագահ էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում՝ ANIF-ում, որը լուծարվեց այս տարի։ Անուղղակի օգուտներ պետական ծրագրից՝ «Իրիգեյթ»-ին «Իրիգեյթ» ՍՊԸ-ն հիմնվել է 2011-ին։ Ընկերությունը մասնագիտացած է ոռոգման համակարգերի տեղադրման գործում։ Այն ունի նաև վարձակալած հողեր, արտադրում է Chiruchamich ֆիրմային անվանմամբ չրերի հավաքածու-տուփերը, որոնք վաճառվում են Երևանի սուպերմարկետներում։ Տիգրան Ավինյանը եղել է ընկերության բաժնետեր ու տնօրեն, սակայն 2018-ի հունիսին՝ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, բաժնեմասը փոխանցել է պլաստիկ վիրաբույժ եղբորը՝ Դավիթին, իսկ ընկերության տնօրեն դարձել է հայրը՝ Արմեն Ավինյանը։ 2018-ի հոկտեմբերին «Իրիգեյթ»-ի հետ կապված սկանդալ պայթեց, երբ OCCRP-ի անդամ «Հետք»-ը գրեց, որ «Իրիգեյթ»-ը 35 000 դոլարի պետական դրամաշնորհ է ստացել։ Տիգրան Ավինյանը դրամաշնորհի համար դիմել էր դեռ այդ տարվա փետրվարին, բայց ընկերությունը հաղթեց, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր։ Անդրադառնալով այս պատմությանը՝ Ավինյանը հերքել էր հնարավոր շահերի բախումը, վստահեցրել, որ դրամաշնորհի ստացման գրեթե բոլոր փուլերն ավարտվել էին մինչ իր պաշտոնը ստանձնելը։ Սակայն ՍիվիլՆեթն ու OCCRP-ն հայտնաբերել են, որ «Իրիգեյթ»-ն անուղղակի օգուտներ է ստացել նաև գյուղատնտեսական մեկ այլ պետական ծրագրից։ 2017-ին Հայաստանի նախկին կառավարությունը ընդունել էր ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման որոշում։ Սա պիլոտային ծրագիր էր, որ նպատակ ուներ զարգացնել ինտենսիվ այգիները, մեծացնել պտղի ու հատապտղի արտադրության ծավալները։ Ծրագիրն ի սկզբանե ենթադրում էր միայն վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, բայց 2019-ին «Քաղաքացիական պայմանագրի» կառավարությունը ընդլայնեց ծրագիրը՝ ավելացնելով նաև շահառուներին փոխհատուցում տրամադրելու բաղադրիչը։ Փոխհատուցման բաղադրիչը ենթադրում էր, որ այգու հիմնման ծախսերի 50 տոկոսի փոխհատուցումը կատարելու է կառավարությունը։ Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն՝ այս ծրագրի փոխհատուցման բաղադրիչից օգտվել է 109 ընկերություն և անձ, փոխհատուցվել է ավելի քան 2 միլիարդ դրամ։ «Իրիգեյթ»-ը այս շահառուներից չէր, սակայն փոխհատուցում ստացած հինգ իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար հանդես է եկել որպես կապալառու։ Այդ հինգ շահառուներն ընդհանուր առմամբ ստացել են 305 մլն դրամի փոխհատուցում՝ բալի, տանձի, դեղձի, ծիրանի այգիներ հիմնելու համար։ Էկոնոմիկայի նախարարության հետ գրագրությունից պարզ է դառնում, որ հինգ շահառուները, որոնք որպես կապալառու ներգրավել են «Իրիգեյթ»-ին, հիմնել են ավելի քան 29 հա այգիներ։ Նախարարությունը հրաժարվել է հայտնել, թե շահառուները որքան գումար են փոխանցել «Իրիգեյթ»-ին՝ համարելով դա առևտրային գաղտնիք։ Էկոնոմիկայի նախարարությունը, սակայն, ունի հաշվարկ, ըստ որի, այս պտուղներով այգեհիմնման 1 հեկտարը կարժենա նվազագույնը 15 մլն դրամ, առավելագույնը՝ 34 մլն դրամ։ Տատանումը կախված է տնկանյութի տեսակից, կարկտապաշտպան ցանցի առկայությունից և այլն։ Այսօրվա փոխարժեքով 29 հա այգեհիմնումը կկազմեր նվազագույնը մոտ 1,1 մլն դոլար, առավելագույնը՝ 2,2 մլն դոլար։ Հինգ շահառուները, որոնք որպես կապալառու ներգրավել են «Իրիգեյթ»-ին, ստացել են այս ծրագրով փոխհատուցված ընդհանուր գումարի 15 տոկոսը։ Ամենամեծ փոխհատուցում ստացող ընկերություններից «Նոյլենդ ԱՄ»-ն և «Մարգեց»-ը որպես կապալառու ընտրել են «Իրիգեյթ»-ին: «Մարգեց»-ի տնօրեն Արամ Մարգարյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են այգեհիմնման գործում ընտրել «Իրիգեյթ»-ին, պատասխանեց, թե այն ժամանակ, երբ ինքը սկսում էր մասնակցել ծրագրին, կար չորս-հինգ կապալառու, և պատահական սկզբունքով է ընտրել «Իրիգեյթ»-ին։ Մարգարյանը չմանրամասնեց, թե որքան գումար է իր կողմից փոխանցվել այդ ընկերությանը։ Ռոբերտ Ազիզյանը, որը երկու այլ ընկերություններում է ներգրաված, որոնք օգտվել են ծրագրից ու կապալառու ներգրավել «Իրիգեյթ»-ին, ՍիվիլՆեթի հետ զրույցում պարզաբանեց՝ որպես կապալառու «Իրիգեյթ»-ին է ընտրել աշխատանքի որակի պատճառով. «Ես իրենց արած գործերը տեսել եմ, կառուցած այգիները հավանել եմ։ Ուրիշների այգիներում հենասյուները թափվում են, ցանցերը պատռվում»։ «Իրիգեյթ»-ը՝ վարկերի սուբսիդավորման բաղադրիչում Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրի մյուս բաղադրիչը վերաբերում էր վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը։ Սրա էությունն այն էր, որ կառավարությունը վարկերի տոկոսների մեծ մասը սուբսիդավորում էր, ու շահառուները առավելագույնը վարկը ստանում էին 2 տոկոսով։ Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման բաղադրիչով «Իրիգեյթ»-ը որպես կապալառու հանդես է եկել չորս շահառուների համար։ Նախարարությունը հրաժարվել է տրամադրել այս բաղադրիչով այն շահառուների անունները, որոնք այգեհիմնում իրականացրել են «Իրիգեյթ»-ի միջոցով։ Նախարարությունը չի տրամադրել նաև սուբսիդավորման չափերը։ Բայց նախարարության պատասխաններից մեկում նշվում է, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ն ներգրավվել է՝ 27,3 հա այգիներ հիմնելու համար։ Եթե հիմք ընդունենք պաշտոնական հաշվարկները, «Իրիգեյթ»-ի այս աշխատանքները նվազագույնը կարող էր արժենալ 940 000 դոլար, առավելագույնը՝ 2,1 մլն դոլար։ Ինչպես նշեցինք, Տիգրան Ավինյանը որպես փոխվարչապետ համակարգում էր գյուղատնտեսության ոլորտը։ 2019-ին, երբ կառավարությունը խաղողի, ժամանակակից տեխոնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրն էր մշակում, Ավինյանը կառավարությունում ղեկավարել է առնվազն մեկ նիստ, որը վերաբերում էր այս ծրագրի ընդունմանը։ Համապատասխան արձանագրությունից պարզ է դառնում, որ Ավինյանը քննարկման մասնակիցներին որոշ հանձնարականներ է տվել, թեպետ չի բացառվում, որ դրանք եղել են տեխնիկական բնույթի։ Ավելի մանարամասն՝ սկզբնաղբյուրում։ 
19:58 - 13 նոյեմբերի, 2024
Էկոնոմիկայի նախարարությունն արտահանողների համար փոխհատուցման նախագիծ է մշակել 
 |civilnet.am|

Էկոնոմիկայի նախարարությունն արտահանողների համար փոխհատուցման նախագիծ է մշակել |civilnet.am|

civilnet.am: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արտահանողներին փոխհատուցում տրամադրել՝ ներմուծվող երկրի օրենսդրությամբ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի գումարի չափով։ Համապատասխան որոշման նախագիծը գերատեսչությունը ներկայացրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ «Առաջարկվող նախագիծը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությանը կամ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել ՀՀ ծագում ունեցող ապրանք և ստանալ փոխհատուցում՝ ներմուծման երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով, եթե ներմուծման երկիր ապրանքի համար սահմանված չէ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ»,- ասված է նախագծում։ Հիմնավորումներում նշվում է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունն առաջացել է՝ «հաշվի առնելով Հայաստանից ապրանքների արտահանման հետ կապված առաջ եկած բարդությունները (պայմանավորված եղանակային խնդիրներով ու տրանսպորտային պոտենցիալի նվազմամբ) և դրանց արդյունքում ապրանքների տեղափոխման ծախսերի շեշտակի բարձրացումը»։ Նախարարությունից կարծում են, որ առաջարկվող փոփոխությունը նաև երկարաժամկետ մրցունակության տեսանկյունից հնարավորություն կտա ապահովել միջազգային շուկաներում տարատեսակ տեղական արտադրանքների ներկայացվածությունը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։
11:49 - 13 նոյեմբերի, 2024
Հայաստանը չի օգտագործի «Կոնյակ» անվանումը. կկիրառվի «Հայկական բրենդին» |armenpress.am|

Հայաստանը չի օգտագործի «Կոնյակ» անվանումը. կկիրառվի «Հայկական բրենդին» |armenpress.am|

armenpress.am:  Հայ արտադրողներն իրենց արտադրանքը չեն մակնշի «Կոնյակ» անվանումով, որը ԵՄ-ի կողմից պաշտպանված աշխարհագրական նշում է, փոխարենը «Հայկական բրենդին» կգրանցի որպես աշխարհագրական նշում:   Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  Նախարարն ասաց, որ «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ են արվում: Ըստ նրա՝ երկու շաբաթից կմեկնարկի ԵՄ աջակցության ծրագիրը: Ծրագրի շրջանակում ԵՄ-ն աջակցություն կտրամադրի հետևյալ ուղղություններով՝ սահմանել շուկայահանվող կոնյակի որակական հսկողության ապահովման նպատակով լաբորատոր ենթակառուցվածքների պահանջները, նախագծել որակի վերահսկման կայուն համակարգ՝ արտադրանքի ստուգման և հավաստագրման ստանդարտացված ընթացակարգով, վերահսկել կոնյակի նոր անվանման օգտագործումը և զարգացնելու կարողությունները և այլն: «Ընդ որում, կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ նոր անվանմամբ հայկական բրենդին գրանցվի որպես աշխարհագրական նշում, ունենա հստակ չափանիշներ, արտադրության, որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմներ, որոնց պետք է ենթարկվեն հայկական բրենդի արտադրողները, որոնք կօգտագործեն նոր աշխարհագրական անվանումը»,–ասաց Պապոյանը:  Նա հետագա փուլում անհրաժեշտ համարեց նաև նոր մարմնի կամ կազմակերպության հստակեցումն ու ամրագրումը, որը պատասխանատու կլինի կոնյակի վերաբրենդավորման շրջանակում նախատեսված գործընթացների իրականացման և համակարգման համար: 
15:45 - 05 նոյեմբերի, 2024
Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում, քննարկումներ կան մի քանի երկրների հետ |armenpress.am|

Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում, քննարկումներ կան մի քանի երկրների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում՝ այդ հարցը քննարկելով մի քանի երկրների հետ:   Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Այլընտրանքային ներմուծման աղբյուրները դիտարկում ենք: Քննարկում ենք մի քանի երկրների հետ: Ընդ որում, սա որևէ երկրի դեմ չէ: Եթե մենք մեր ցորենի 99 տոկոսը ներմուծեինք, պայմանական, Ռումինիայից, ես Ռուսաստանի հետ բանակցելու էի ցորենի ներմուծման հարցով։ Սա նորմալ, տրամաբանական գործընթաց է»,-ասաց Պապոյանը:  Նախարարը պարենային անվտանգության առումով կարևոր համարեց անմշակ հողերում թեկուզ բացասական ինքնարժեքով ցորենի մշակությունը խրախուսելը։ 
15:44 - 05 նոյեմբերի, 2024
Գևորգ Պապոյանը երկկողմ ձևաչափով բանակցությունները համարում է արդյունավետ Հայաստանի և Ադրբեջանի համար |armenpress.am|

Գևորգ Պապոյանը երկկողմ ձևաչափով բանակցությունները համարում է արդյունավետ Հայաստանի և Ադրբեջանի համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյոք տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման հարցերը նույնպես երկկողմ ձևաչափով կքննարկվեն՝ առանց Ռուսաստանի միջնորդության: Պապոյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջնորդ երկրները սեփական շահերով են մոտենում գործընթացին։ «Եթե դուք նկատել եք, վերջին ժամանակներում մեծ հաշվով ամբողջ գործընթացը տեղի է ունենում երկկողմ ֆորմատով»,- ասաց Պապոյանը՝ հիշեցնելով սահմանազատման հարցով հանձնաժողովների ղեկավարների, երկու երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների՝ վերջերս տեղի ունեցած երկկողմ շփումները և ընդգծելով երկկողմ ձևաչափի արդյունավետությունը: Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ երկկողմ ձևաչափով բանակցությունները հաջողություն են գրանցել և նպատակահարմար է շարունակել աշխատանքը հենց այս ձևաչափով։ «Երկկողմ ֆորմատը, իմ կարծիքով, արդյունավետ է եղել և պետք է շարունակել այդ ֆորմատով աշխատել»,-եզրափակեց նախարարը։
13:16 - 05 նոյեմբերի, 2024
Էկոնոմիկայի նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության հարցեր

Էկոնոմիկայի նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։   Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, ԵՄ-ի կողմից տրամադրվող ոլորտային աջակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման շուկայի ընդլայնմանը, միջազգային ստանդարտներին որակի ենթակառուցվածքի համապատասխանեցմանը, սննդի անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։   Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսությունում, մասնավորապես՝ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ԵՄ-ից Հայաստան ներդրումների ներգրավման հնարավորություններին։   Քննարկվել է նաև ՓՄՁ-ներին աջակցելու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունը՝ նոր ֆինանսական միջոցների և երկարաժամկետ վարկային ծրագրերի տրամադրմամբ։   Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։   Գյուղատնտեսության ոլորտում երկուստեք կարևորվել են ագրոբիզնեսի զարգացումը, գյուղոլորտի թվայնացումն ու նորարար տեխնոլոգիաների ներդրումը։
17:45 - 04 նոյեմբերի, 2024
Մարզերում ստեղծվելու են զբոսաշրջային կոնկրետ համակարգեր. Գևորգ Պապոյան |1lurer.am|

Մարզերում ստեղծվելու են զբոսաշրջային կոնկրետ համակարգեր. Գևորգ Պապոյան |1lurer.am|

1lurer.am: Էկոնոմիկայի նախարարությանը 2025 թվականի պետբյուջեի ծրագրում կհատկացվի 79 միլիարդ 550 միլիոն դրամ՝ նախատեսված 10 ծրագրի իրականացման համար: 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:  Ինչ վերաբերում է զբոսաշրջության ռազմավարությանը, նշեց՝ այս պահի դրությամբ այն դեռ չի հաստատվել:  «Ակտիվ քննարկումների փուլում է»,- նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հետ հնգամյա վարկային պայմանավորվածության շրջանակում նախատեսում է 100 միլիոն դոլար վարկային միջոցներ վերցնել և դրանք ՀՀ մարզերում տարածել 10 զբոսաշրջային կլաստերների վրա՝ սկսած Գորիսից մինչև Ջերմուկ, Ապարանից Գյումրի և Դիլիջան: «Այսինքն՝ այս ամբողջ գումարները ծախսվելու են մարզերում, և ստեղծվելու են զբոսաշրջային կոնկրետ համակարգեր»,- հայտնեց Պապոյանը:  Նախարարը բերեց Մարմաշեն վանական համալիրի օրինակը, նկատեց՝ մի քանի տարի առաջ այնտեղ հնարավոր չէր հասնել մեքենայով: Ներկայումս ասֆալտապատված է վանական համալիր տանող ճանապարհը, դրա շրջակայքում ստեղծվել է ճեմուղի, առանձնացված վայրեր են ստեղծվել մանր բիզնեսի համար:  «Մենք փորձում ենք մեր պատմամշակութային ժառանգությունը համեմել բնության ժառանգության հետ, դա էլ՝ լավ ժամանակ անցկացնելու միջավայրի հետ: Սա է լինելու մեր ռազմավարության առանցքը, և հիմա ռազմավարությունը հարմարեցնում ենք այդ տրամաբանությանը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը: 
12:39 - 04 նոյեմբերի, 2024
Անահիտ Ավանեսյանը և Գևորգ Պապոյանը մասնակցել են «Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը

Անահիտ Ավանեսյանը և Գևորգ Պապոյանը մասնակցել են «Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը

«Մասնագիտական այն պոտենցիալն ու ձեռքբերումները, որ ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով։ Այս ոլորտում դեռ հեռու ենք ցանկալի արդյունքներից, բայց վստահաբար ունենք դրա մեծ ներուժը, և ժամանակն է առաջ շարժվելու»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Բաց քննարկումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը` Էկոնոմիկայի նախարարության հետ գործակցության արդյունքում։ Քննարկմանը ներկա էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բժշկական կենտրոնների ղեկավարներ, բժշկական տուրիզմի ոլորտում առավել մեծ փորձ ունեցող կլինիկաների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ։ Նախարար Ավանեսյանն անդրադարձել է այն հիմնական ուղղություններին, որոնք այժմ բարեփոխման փուլում են` բուժկենտրոնների հիմնորոգում, վերազինում, էլեկտրոնային առողջապահության զարգացում, լիցենզավորման, որակի ստանդարտների և վերահսկողության խստացում։ «Բժշկական տուրիզմ ունենալը ցանկացած երկրի համար մեծ հեղինակություն է և զբոսաշրջային ոլորտի զարգացմանը նպաստող` շատ ավելի եկամտաբեր ուղղություն։ Տուրիզմի զարգացման մեր ռազմավարության մեջ մենք մեծ տեղ ենք հատկացրել առողջապահական տուրիզմին», - նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` հայտնելով պատրաստակամություն առողջապահության նախարարության հետ կոնկրետ ենթածրագրերով համագործակցելու։ Նա անդրադարձել է նաև բժշկական սարքավորումների ձեռքբերման պետական լիզինգային ծրագրին։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնի մեծ ձեռքբերումների արդյունքում` արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունները հաղթահարելու համար Հայաստան են գալիս ոչ միայն հայազգիներ, այլև` քաղաքացիներ աֆրիկական երկրներից, Անգլիայից։ Ակնաբուժական, ստոմատոլոգիական, էսթետիկ բժշկությունն այն հիմնական ուղղություներն են, որոնց բուժծառայություններից օգտվելու համար առավել հաճախ են մարդիկ գալիս մեր երկիր։ Որո՞նք են այն հիմնախնդիրները, որ խոչընդոտում են մեր երկրում այս ոլորտի զարգացմանը, ի՞նչ կարող է անել պետությունը Հայաստանը հենց բժշկական զբոսաշրջության առումով աշխարհին ճանաչելի դարձնելու համար. քննարկմանն այս հարցերի շուրջ իրենց առաջարկներն են արել մասնակիցները։
17:24 - 02 նոյեմբերի, 2024
Տասնհինգ միլիոն դոլար ներդրմամբ Մուսալեռում գործող «Բաղեշյան» ոսկու գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ

Տասնհինգ միլիոն դոլար ներդրմամբ Մուսալեռում գործող «Բաղեշյան» ոսկու գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գործող «Բաղեշյան» ոսկու գործարան. գյուղում իրականացվել է 15 մլն դոլարի ներդրում, և այժմ գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ: Նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նախարարը, ընկերության սեփականատեր՝ սփյուռքահայ գործարար Էփրեմ Բաղի ուղեկցությամբ, շրջել է գործարանի տարածքում և ծանոթացել ոսկերչական իրերի պատրաստման գործընթացին՝ սկսած արտադրական փուլից մինչև պատրաստի արտադրանքի ստացում։ «Այցի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խոչընդոտները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել դրանց լուծման ուղղությամբ: Գործարարը Մուսալեռ գյուղում իրականացրել է 15 մլն դոլարի ներդրում, և այժմ գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ: Գործարանում առկա է պատկերասրահ և վաճառասրահ, որտեղ ցուցադրվում են ոսկյա զարդերը, որոնք ոչ միայն վաճառվում են Հայաստանում, այլև արտահանվում են Ամերիկա, Եվրոպա և Մեքսիկա»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ գործարանի բացումից հետո բացվել են նաև երեք խանութներ, որոնցից մեկը գտնվում է Վանաձորում։    
20:37 - 01 նոյեմբերի, 2024