Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Մեր խնդիրն է սթափ գնահատել իրավիճակի ողջ բարդությունն ու պատասխանատվությունը. Արցախի նախագահի գլխավորությամբ ԱԽ նիստ է հրավիրվել

Մեր խնդիրն է սթափ գնահատել իրավիճակի ողջ բարդությունն ու պատասխանատվությունը. Արցախի նախագահի գլխավորությամբ ԱԽ նիստ է հրավիրվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ նիստի նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա խնդիրների համատեղ քննարկումն ու անհրաժեշտ որոշումների կայացումը: Խոսելով Ադրբեջանի կողմից 2020-ից ի վեր եռակողմ հայտարարության դրույթների պարբերաբար խախտման ու 2022 թ. դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի նկատմամբ հումանիտար, սոցիալ-տնտեսական, ռազմական, քաղաքական և հոգեբանական ճնշումների հետևողական մեծացման մասին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ չնայած Արցախի բազմաթիվ հայտարարություններին և հորդորներին, միջազգային դերակատարները շարունակում են սահմանափակվել դեկլարատիվ հայտարարություններով ու գործողություններով, հետևողական չլինել ընդունված ծանրակշիռ որոշումների կատարման հարցում: «Հետևաբար, մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները և կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ: Վստահ եմ, որ մեր ողջամիտ քայլերի միջոցով հնարավոր է հաղթահարել այս ծանր ժամանակաշրջանը նույնպես՝ պահպանելով ու պաշտպանելով Արցախի Հանրապետության կենսական շահերը»,- ընդգծել է նախագահ Հարությունյանը: Նիստում օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին:
20:05 - 27 մարտի, 2023
Արայիկ Հարությունյանը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է երկրում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը

Արայիկ Հարությունյանը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է երկրում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի վարչակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ կառույցին գրասենյակ տրամադրելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ Խորհրդի անդամները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում բնակչության տարբեր շերտերի հետ, բացահայտում առկա խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում ԱՀ նախագահի աշխատակազմին։ Արմեն Գևորգյանը հավելել է, որ Խորհուրդը հետևողական է լինելու, որպեսզի այդ խնդիրներն ստանան պատշաճ լուծում: Նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ ըստ ամենայնի աջակցելու է Հանրային խորհրդի գործունեությանը և հույս հայտնել, որ կառույցի հետ համագործացությունը կլինի շարունակական: Հանդիպմանը մասնակցել է հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը:
18:53 - 15 մարտի, 2023
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ: Քննարկվել են Հանրապետությունում  ստեղծված  ճգնաժամային իրավիճակը և առկա մարտահրավերները: Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ շրջափակման հարուցած մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, իսկ մարտի 10-ին Հայաստանից մատակարարվող բնական գազի խողովակաշարի հերթական արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է: Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի 91-օրյա շրջափակման վրա: Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը փորձում է վերացնել 2020թ.-ի պատերազմի ծանր հետևանքները, սակայն այժմ առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանր մարտահրավերների: Հանրապետության նախագահը որոշ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին՝ իրավիճակով պայմանավորված հրատապ ու կարևոր քայլերի իրականացման նպատակով:
16:05 - 12 մարտի, 2023
Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից․ խոսնակը՝ Արցախի նախագահի հրաժարականի լուրի մասին |armenpress.am|

Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից․ խոսնակը՝ Արցախի նախագահի հրաժարականի լուրի մասին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության պետական լրատվական գործակալությունը գրում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում ու լրատվական դաշտում լուրեր են շրջանառվում Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձանց միջև բախումների, Արցախում ներիշխանական լարվածության, քաղաքական ամենատարբեր պառակտիչ գործընթացների, Արցախում պաշտոնանկությունների ու հրաժարականների վերաբերյալ։   Շրջանառվող այս լուրերի շարքում ամենաքննարկվող թեմայի` Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի վերաբերյալ հարցադրում է կատարել նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, ով ի պատասխան նշել է, որ Արցախի Հանրապետության համար այս բարդ փուլում նախագահ Հարությունյանը շարունակում է իրականացնել իր պարտականությունները։  «Հատկապես այս ժամանակաշրջանում ներքին ցանկացած ցնցում Արցախի համար կարող է կործանարար լինել, և նախագահն իր լիազորությունների շրջանակներում բացառելու է նման իրավիճակները։ Նախագահը քանիցս հրապարակավ անդրադարձել է իր հրաժարականի թեմային և նրա ասածները մնում են ուժի մեջ, այն է՝ ինքը հրաժարական կտա առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ ստացվի ապահովել բնականոն իշխանափոխությունը և խուսափել վտանգավոր ցնցումներից: Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի այսպիսի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից»,- ասել է Ավանեսյանը։ Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների հարցին՝ նա հավաստիացրել է, որ շարունակվում են աշխատանքային հարաբերությունները, քննարկումներն ու, ըստ կարիքի՝ բանավեճերը: «Սակայն ինչ ներքին քննարկումներ ու գործընթացներ էլ տեղի ունենան՝ նախագահ Հարությունյանը համոզված է, որ հայության տարբեր հատվածների միջև պառակտումն ու լարվածության աճն անընդունելի են և վտանգավոր»,- ընդգծել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը։
20:54 - 11 մարտի, 2023
Արցախի նախագահը ստորագրել է հրամանագրեր ու կառավարության որոշումներ

Արցախի նախագահը ստորագրել է հրամանագրեր ու կառավարության որոշումներ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են՝ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Կամոյի Սաֆարյանն ազատվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Արցախի գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Լևոնի Հայրիյանը: Արմեն Արտիկի Մանգասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և նախարար է նշանակվել Վահրամ Ռուդիկի Առաքելյանը: Արամ Ալեքսեյի Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնից: Արցախի քաղաքաշինության  նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Վիլենի Համբարձումյանին: Հանրապետության նախագահի ավելի վաղ ստորագրած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Լևոնի Հայրիյանն ազատվել էր Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Սամուրկայի Խաչատրյանին, իսկ Վահրամ Ռուդիկի Առաքելյանն ազատվել էր Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից:
19:12 - 08 մարտի, 2023
Ադրբեջանն Արցախին սպառնացել է կոշտ քայլեր ձեռնարկել՝ ինտեգրացիոն քաղաքականությունը չընդունելու դեպքում. Հարությունյանը մանրամասներ է հայտնել

Ադրբեջանն Արցախին սպառնացել է կոշտ քայլեր ձեռնարկել՝ ինտեգրացիոն քաղաքականությունը չընդունելու դեպքում. Հարությունյանը մանրամասներ է հայտնել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:  Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նիստը սկսելուց առաջ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Արցախի ներքին գործերի նախարարության զոհված ոստիկանների հիշատակը, այնուհետև նախագահ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ: Երկրի ղեկավարի խոսքով՝ ստեղծված իրավիճակի հումանիտար և ենթակառուցվածքային խնդիրները քննարկելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության  միջնորդությամբ և ներկայությամբ՝ փետրվարի 24-ին արցախյան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ: Հանդիպումների օրակարգում չորս հարց էր՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնում, բնական գազի անխափան մատակարարում և Կաշենի հանքավայրի վերաշահագործում: «Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է  քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն և տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»,- ասել է Ա. Հարությունյանը: Երկրի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ  ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր: «Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում  ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք,  կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել է նախագահը: Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների զոհվելու ողբերգական դեպքին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առաջիկայում նման սադրանքները, ցավոք, բացառված չեն: «Այն, որ մենք երկար ժամանակ պետք է պայքարենք և այդ պայքարի շրջանակներում լինելու են նման իրավիճակներ, պետք է դա գիտակցենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք: Ես պետնախարարի հետ քննարկել եմ մեր խնդիրները և այսօր ուզում եմ Անվտանգության խորհրդի որոշումով հանձնարարենք Կառավարությանը՝ մշակել ծրագիր պարենային անվտանգության ու էներգետիկ անվտանգության ուղղություններով, որովհետև մենք բոլոր սցենարները պետք է հաշվարկենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Անվտանգության խորհրդի նիստին օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ընդունվել են օրակարգով նախատեսված մի շարք որոշումներ:
17:44 - 06 մարտի, 2023
Արցախի նախագահը պահեստազորի սպաներին է ներկայացրել երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի նախագահը պահեստազորի սպաներին է ներկայացրել երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միության անդամներին։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցների խնդրանքով ներկայացրել է Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդրադարձել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը։ Նախագահը նշել է, որ առ այսօր տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում նաև մարտի 1-ին, քննարկվել են բացառապես տեխնիկական, հումանիտար բնույթի և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։ «Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»,- նշել է նախագահը՝ ընդգծելով, որ Հանրապետության իշխանությունները հավատարիմ են Արցախի Հանրապետության հիմնարար փաստաթղթերի և մայր օրենքի դրույթներին։ Նախագահը պատասխանել է նաև պահեստազորի սպաներին հետաքրքրող այլ հարցերի։
16:20 - 03 մարտի, 2023
Արցախի նախագահը ողջունել է Գերմանիայի կանցլերի հայտարարությունը

Արցախի նախագահը ողջունել է Գերմանիայի կանցլերի հայտարարությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախօրեի հայտարարությանը․  «Մենք ողջունում ենք Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա։ Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար, կոլեկտիվ իրավունքները լիովին հաշվի առնելու»,- թվիթերյան իր էջում գրել է  Հարությունյանը։  Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 2-ին, Օլաֆ Շոլցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր․ «Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-հայտարարել էր Գերմանիայի կանցլերը։
11:59 - 03 մարտի, 2023
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարարին

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ։ Երկրի ղեկավարը նիստի մասնակիցներին է ներկայացրել Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին։ Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների, իր համակարգման ոլորտներում ունենալու է կադրային քաղաքականությունը մշակելու և վարելու ազատություն։ Գուրգեն Ներսիսյանին է փոխանցվելու նաև Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահությունը։   Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ երկրի ղեկավարը նշել է, որ, չնայած վերջին 80 օրերի ընթացքում Արցախի ժողովուրդը ամեն օր կրում է սոցիալական, տնտեսական հսկայական վնասներ, ունենում է հոգեբանական ծանր ապրումներ, նա ամեն օր ցուցաբերում է դրանք անխոնջ հաղթահարելու մեծ կամք ու վճռականություն: «Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ անկախ դժվարություններից և մեր նկատմամբ կիրառվող տարբեր ճնշումներից՝ մենք հավատարիմ ենք մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար: Իսկ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, ինչպես հայտարարել եմ փետրվարի 23-ի իմ ուղերձում, անհրաժեշտ է ապահովել որոշակի պայմաններ ու միջազգային ձևաչափ»,- ասել է նախագահը: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ Կառավարությունը շարունակելու է գործադրել բոլոր միջոցները սոցիալ-տնտեսական բեռի թեթևացման և ուս-ուսի առկա մարտահրավերները միասին հաղթահարելու համար: Այս կապակցությամբ նախագահը հանձնարարել է նոր պետնախարարին առաջիկա օրերին մշակել և ներկայացնել սոցիալական նոր ծրագրերի փաթեթ՝ ուղղված կոմունալ վճարների, ընթացիկ այլ ծախսերի, ինչպես նաև հարկային և վարկային բեռի զգալի թեթևացմանը: Դրան զուգահեռ երկրի ղեկավարը հանձնարարել է հետևողական ու արագ կերպով ջանքեր գործադրել տնտեսության ինքնաբավության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ առաջնահերթ ուշադրությունը դարձնելով պարենի արտադրությանը:
13:56 - 01 մարտի, 2023
Մենք շարունակում ենք մեր պայքարը հանուն հայկական, անկախ ու անվտանգ Արցախի՝ վճռականորեն ապրելով և սրտացավորեն գործելով Արցախում․ Արայիկ Հարությունյան

Մենք շարունակում ենք մեր պայքարը հանուն հայկական, անկախ ու անվտանգ Արցախի՝ վճռականորեն ապրելով և սրտացավորեն գործելով Արցախում․ Արայիկ Հարությունյան

Անհրաժեշտ է գիտակցել, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը պետք է փայփայել ու զորացնել, քանի որ դա մեր ազգային շահերից է բխում, և անթույլատրելի է այդ երեքից որևէ մեկին վերաբերվել որպես լրիվ առանձին կամ խանգարող միավորի: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։  «Այո, Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, օբյեկտիվ իրականությունից ելնելով Արցախը ձգտում է ինքնուրույն հանդես գալ սեփական խնդիրների լուծման հարցում և բարձրացնել միջազգային սուբյեկտայնության մակարդակը, սակայն առանց Հայաստանի և Սփյուռքի մշտական աջակցության և ուղեկցության Արցախը չի կարող հաջողել: Իսկ Արցախն էլ իր բաժին պատասխանատվությունն է ստանձնում համազգային շահերի պաշտպանության գործում»,- նշեց Հարությունյանը։  Նախագահը անդրադարձավ նաև նրան, թե ի՞նչ է արվում անվտանգության ապահովման ուղղությամբ: Զգալի աշխատանք կատարվել և կատարվում է անվտանգության սեփական համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, սակայն հաշվի առնելով այդ թեմայով առկա խիստ զգայուն հարցերը՝ նախընտրելի է դրանց մասին քիչ խոսել, շատ աշխատել: Արցախում ապրող յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, որից ծնվում է դրա դեմ ուղղված հարձակումներից ու ոտնձգություններից այդ իրավունքը պաշտպանելու համընդհանուր ինքնապաշտպանության իրավունքը: Այս իրավունքը անքակտելիորեն մեզ ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի դեռ առկա է մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանն ուղղված վտանգը: Այնուամենայնիվ, մեր խոցելիության աստիճանը նկատի ունենալով՝ անհրաժեշտ է գիտակցել, որ մեր անվտանգության արտաքին երաշխիքները երկար ժամանակ կարևորագույն դեր են խաղալու մեզ համար: Ուստի, ջանքեր ենք գործադրում բարելավելու ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության մակարդակը, ինչպես նաև քննարկում ենք միջազգային քաղաքական այլ երաշխիքների կիրառման հնարավորությունները: Թեև Ադրբեջանի հետ հակամարտությունը մեր գլխավոր մարտահրավերն է, որը բացասաբար է ազդում Արցախի ժողովրդի կյանքի բոլոր ոլորտների վրա, այնուամենայնիվ, մեր ներքին հիմնախնդիրները նույնպես կարևոր նշանակություն ունեն ավելի ամուր ու զարգացած ապագա կերտելու ճանապարհին: Ավելին, դրանք ուղիղ կերպով անդրադառնում են նաև անվտանգային ու արտաքին քաղաքական հարցերի լուծման ջանքերի արդյունավետության վրա: Որո՞նք են ներքին կյանքում առաջնահերթ մարտահրավերներն ու անելիքները: Նախ պետք է արձանագրել, որ խորքային առումով Արցախի ապագայի հարցում միասնական դիրքորոշում է առկա ողջ հասարակության մեջ, այդ թվում՝ քաղաքական համակարգում: Սակայն խնդրահարույց է, որ տարբեր շահարկումների և բամբասանքների ազդեցությամբ այս թեմայով կեղծ ու անհիմն պառակտումներ են հրահրվում հասարակության մեջ, ընդ որում՝ ցավալի է, որ դա արվում է ոչ միայն ադրբեջանական կողմից, այլև՝ երբեմն հայկական շրջանակներից: Փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը շատ կարևոր է ներսում: Բոլորը պետք է գիտակցեն, որ մենք ներսում թշնամիներ չունենք, մենք ընտրել ենք մեր հայրենիքում ապրելու և պայքարելու արժանապատիվ ճանապարհը, և բոլորս պայքարի նույն շարքում ու դիրքում ենք գտնվում: Ուստի, ակնկալում ու պահանջում եմ, որ բոլորս վարվենք կուռ պայքարի տրամաբանությամբ՝ միասնական լինելով մեր նպատակների ու արժեքների շուրջ, ոչ թե՝ անձանց, այդ թվում՝ իմ, քանի որ մեր ներքին պառակտումների գլխավոր պատճառը սովորաբար լինում է անձնավորված մոտեցումների մեջ: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրի առջև ծառացած խնդիրները արժանապատվորեն և անցնցում հաղթահարելու համար: Այդուհանդերձ, հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռևս շարունակվում է պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան կյանքի կայունությունն ու տևական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ: Մենք պետք է ընդունենք, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակում ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված՝ ժողովրդաիշխանությունն արտահայտող պետական մարմինները ամբողջապես չեն արտացոլում հանրային տրամադրությունները, որոշ դեպքերում չունեն վստահության անհրաժեշտ չափ, ինչը մերօրյա անորոշությունների ու անընդհատ փոփոխվող պայմաններում հաճախ ծնում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհության ալիքներ, հանգեցնում պոռթկումների, ներքին ցնցումների: Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ Արցախում ներքին անկայունությունը, ցնցումներն ու հակադրությունները լրջագույն վտանգ են ներկայացնում, կարող են էականորեն վնասել մեր շահերին, արտաքին ուժերի մոտ առաջացնել մոտեցումների, վերաբերմունքի ու տրամադրությունների փոփոխություն, որոնք կարող են անցանկալի հետևանքներ առաջացնել: Մենք որդեգրել ենք համընդհանուր ճանաչում ստացած՝ այլակարծությունը, խոսքի ազատությունը հարգելու քաղաքականությունը, նույնիսկ 44-օրյա աղետալի պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության հարցում ոչ միայն որևէ նահանջ չենք կատարել, այլև արտաքին լսարանից հաճախ նույնիսկ ստացել ենք դրական արձագանքներ: Հետևաբար, մենք պետք է փորձենք առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել և մեր երկրի հեղինակությանը, միջազգային վարկին և ներքին կայունության պահպանման անհրաժեշտությանը: Վերջին օրերին հանդիպել եմ Արցախում գործող կուսակցությունների, Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ներկայացրել երկրում ստեղծված իրավիճակը, ներքին ու արտաքին վտանգներն ու մարտահրավերները: Արձագանքել եմ հանրային սեկտորի ներկայացուցիչների հայտարարությանը, հանդիպել եմ նրանց հետ, ընդունել եմ երկրի ներքին կյանքում առաջացած բևեռվածության, հասարակության պառակտվածության և հանրության շրջանում ապագայի հանդեպ հավատն ու հույսը ամրացնելու հրատապ անհրաժեշտության մասին պնդումները և դրանց վրա հիմնված՝ Արցախի Հանրապետության շրջանների ներկայացուցիչներից կազմված՝ Նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու պահանջը, որը պետք է ծառայի որպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ, ունենա հանրային-վերահսկողական առարկայացված լծակներ, խորհրդատվության, առաջարկություններ ներկայացնելու առանցքային ու ծանրակշիռ իրավունք: Նախատեսում եմ այդ մարմնին մասնակից դարձնել անհամեմատ ավելի շատ հարցերի ու խնդիրների քննարկմանը՝ ոչ միայն որպես խորհրդատվություն կամ առաջարկություն ներկայացնողի, այլև տարբեր գործընթացներում որպես անմիջական մասնակցողների: Մենք պետք է մեր ժողովրդին լիարժեքորեն համոզենք, որ, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, թիկունքում ոչ մի հարց չի քննարկվելու, և Արցախի ու արցախահայության ճակատագրի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվելու: Առաջիկա օրերին մեկնարկելու են այդ գաղափարի իրագործման աշխատանքները: Խորհրդատվական այս մարմնի ստեղծման մասին իմ նախորդ հայտարարությունից հետո հնչել են տարբեր տեսակետներ, բարձրաձայնվել են մտահոգություններ իբր Սահմանադրական մարմինների լիազորությունները կրճատելու, այլ մարմիններին փոխանցելու անթույլատրելիության մասին, ոմանք նույնիսկ սկսել են թիրախավորել նախաձեռնող խմբին: Իրականում, սակայն, խոսքը և նախաձեռնությունը ոչ թե պետական մարմինների լիազորությունների կրճատման մասին է, այլ հակառակը՝ դրանց իրացումը վերահսկողության տակ պահելու: Եթե հանրային իշխանությունների մոտ արդեն կա նման հակադրություն ստեղծվելիք խորհրդատվական մարմնի առնչությամբ, նշանակում է՝ հանրության՝ ի դեմս նախաձեռնող խմբի պահանջն այդ առումով ամբողջությամբ հիմնավոր ու արդարացված է, նշանակում է՝ ճիշտ ճանապարհին ենք, և ստեղծվելիք մարմինը ունակ է լինելու ծառայել որպես բավարար զսպող ուժ: Մեր անհամերաշխությունը, պառակտվածությունը, միմյանց նկատմամբ թշնամանքն ու ատելությունը, անձնականը պետականից գերադասելու մոտեցումները և այս ամենի համադրության մեջ ձևավորված ներքին կյանքի մթնոլորտը ուղղակի նվեր է մեր հակառակորդներին՝ մեզ նվաճելու իրենց ծրագիրն իրագործելու գործում: Ամեն անգամ տարբեր իրավիճակներում համոզվում ենք, որ ընդամենը մի քանի հոգու ջանքերի մեկտեղումը ինչպիսի մեծ արդյունքներ է ապահովում ոչ միայն ներսում, այլև միջազգային հարթակներում: Եկեք համախմբենք ու նորից զգանք անհաղթելի լինելու զգացումը: Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ ես ջանք ու եռանդ չեմ խնայելու, անելու եմ հնարավորն ու անհնարինը Արցախում ներքին համերաշխությունն ու միասնականությունն իրականություն դարձնելու համար, և առաջիկա բոլոր քայլերս ուղղված են լինելու առաջնահերթ հենց դրան: Սրանք լոկ խոսքեր չեն, բոլորս պետք է փոխվենք, այդ թվում՝ ես, և իմ առաջիկա քայլերը համոզիչ կերպով դառնալու են այս խոսքերի ու հայտարարությունների գործնական արտահայտությունը: Վերջին օրերին նախաձեռնված սահմանադրական բարեփոփոխումները դարձել են բուռն քննարկման առարկա. ոմանք քննադատում են, ոմանք ծայրահեղականացնում, ոմանք կարևորում ու նշանակություն են տալիս: Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ սահմանադրական ցանկացած փոփոխություն պետք է միտված լինի մեր երկրի ներքին կայունությունն ապահովելուն, կանխատեսվող վտանգներին դիմագրավելուն: Ամեն դեպքում, վստահեցնում եմ, որ Արցախում որևէ մեկի կամ որևէ խմբի, կամ ուժի շահերը սպասարկելու համար սահմանադրական փոփոխություն չի կատարվելու. դա բացառվում է: Մենք սահմանադրական փոփոխություններ անելու ենք, եթե իրապես զգանք դրա հրատապությունը, կարևորությունն ու անհրաժեշտությունը: Ներպետական կյանքում մենք շարունակում ենք լրջագույն խնդիրների բախվել սոցիալական արդարության, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքների լիարժեք իրագործման հարցում: Իհարկե, բազմաթիվ են դեպքերը, երբ անարդարության կամ անհավասարության մասին հայտարարությունները չունեն օբյեկտիվ հենք կամ մտացածին են, ներկայացվում են քաղաքական կամ այլ նկատառումներով, բայց սա ևս պետության ու մեր բոլորիս խնդիրն է: Մյուս կողմից, երբ անարդարության դրսևորումները շատ են, դրանց մեջ դժվար է տարանջատել օբյեկտիվն ու սուբյեկտիվը, իրականն ու կեղծը: Հետևաբար, առաջիկայում մենք պետք է այնպիսի քայլեր ձեռնարկենք, որ արդարության, իրավունքի գերակայության ու օրենքի առջև բոլորի հավասարության իրավական սկզբունքները կյանքի կոչվեն՝ ոչ թե լսելու համար հաճելի հայտարարությունների տեսքով, այլ ունենան գործնական ու շոշափելի արտահայտություն: Այս ամենն իրականություն դարձնելու համար առանձնահատուկ նշանակություն ունի պետական համակարգում կարգապահությունը, աշխատանքի ռացիոնալ կազմակերպումը, պետական իշխանություն-քաղաքացի առողջ ու վստահելի կապը, աշխատանքին նվիրվածությունն ու արդյունքը: Ինչպե՞ս շարունակել պայքարը և ի՞նչ դերակատարություն ունի Արցախի յուրաքանչյուր քաղաքացի: Սա վերջին, բայցև ամենակարևոր հարցն է: Մեզնից յուրաքանչյուրից կախված շատ բան կա Արցախի ավելի լավ ապագայի կերտման գործում, և խիստ անընդունելի ու վտանգավոր է հակառակորդի կողմից տարածվող անօգնականության ու անտարբերության մտայնությունը: Արցախի ապագայի վրա ազդող գլխավոր գործոնը մնում է Արցախի ժողովրդի կամքն ու վարքը, որը կոտրելու ուղղությամբ էլ հնարավորինս աշխատում է ադրբեջանական կողմը՝ կիրառելով ֆիզիկական ու հոգեբանական ճնշման հանցավոր ու լայն գործիքակազմ: Յուրաքանչյուր քաղաքացի ունի առնվազն երկու հստակ անելիք Արցախի ապագայի համար, այն է՝ ապրել Արցախում և ամենօրյա սրտացավ, նախաձեռնող ու շարունակաբար բարելավվող աշխատանք կատարել սեփական դիրքում՝ զինվորականից մինչև ուսուցիչ, հողագործից մինչև հանրային ծառայող: Ոքան էլ դժվար թվա պայքարը, միևնույն է՝ լուծումներ կան և դրանից փախչելը փախուստ է սեփական արժեքներից ու պատասխանատվությունից: Իսկ պետությունը, առավել քան երբևէ, բոլոր հնարավորություններով կանգնած է լինելու յուրաքանչյուր քաղաքացու կողքին՝ կիսելով պայքարի ու պատասխանատվության պատվաբեր բեռը: Հետևաբար, մենք շարունակում ենք մեր պայքարը հանուն հայկական, անկախ ու անվտանգ Արցախի՝ վճռականորեն ապրելով և սրտացավորեն գործելով Արցախում»:  
17:27 - 23 փետրվարի, 2023
Վիճակն արդեն կրիտիկական է․ այսուհետ ունենալու ենք էներգետիկ պաշարի ծայրահեղ սղություն․ Հարությունյանը ներկայացրեց Սարսանգի ջրամբարի ջրային պաշարների սղության հետևանքները

Վիճակն արդեն կրիտիկական է․ այսուհետ ունենալու ենք էներգետիկ պաշարի ծայրահեղ սղություն․ Հարությունյանը ներկայացրեց Սարսանգի ջրամբարի ջրային պաշարների սղության հետևանքները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ, որի ժամանակ նախագահը ներկայացրել է, թե ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Արցախի տևական շրջափակման հետևանքով: «2020 թվականի աղետալի պատերազմից հետո Արցախը թևակոխել է ծանր մարտահրավերների շրջան, որոնց կարողացել ենք քիչ թե շատ դիմակայել ու պահել որոշակի ներքին ու արտաքին կայունություն: Իսկ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի (Քաշաթաղի) միջազգայնորեն ճանաչված միջանցքի տևական արգելափակումը, տնտեսական շրջափակումն ու Արցախում բնակվող 120.000 մարդուն հումանիտար ամենատարբեր խնդիրների առջև կանգնեցնելը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Ադրբեջանի իրական նպատակները, մոտակա ու հեռակա ծրագրերը: Ավելի քան 70 օր արցախցիները համառորեն պայքարել և շարունակում են իրենց պայքարը մեր սրբազան հայրենիքում արժանապատվորեն ապրելու և արարելու, մեր նախնիների պատգամը սրբորեն պահելու և մեր նահատակված քույրերի ու եղբայրների շիրիմներին տրված երդումն անխախտ պահելու համար: Այս պայքարն անդադար ու անվերջ է լինելու, այն կարող է ավարտվել միայն հաղթանակով: Այժմ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ կցանկանայի ներկայացնել որոշ նկատառումներ: Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց հետո Արցախում ներքին կյանքի հարաբերականորեն խաղաղ ու բնականոն ընթացքն ամբողջությամբ խաթարվեց: Ունեցանք ներկրումների ու արտահանումների դադարեցում՝ բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից որոշակի հումանիտար բեռների ընդհատումներով սահմանափակ մատակարարման դեպքերի, կիսվեցին բազմաթիվ ընտանիքներ, ծագեցին կենսական բազմաթիվ ապրանքների սղության հետ կապված խնդիրներ, ի հայտ եկան հազարավոր նոր գործազուրկներ, գործունեությունը դադարեցրած կամ նվազեցրած հազարավոր տնտեսվարողներ, հասարակության շրջանում ծագեցին հոգեբանական խնդիրներ, ունեցանք էլեկտրամատակարարման ու գազամատակարարման պարբերական ընդհատումներ, տրանսպորտի խնդիրներ, դպրոցների, մանկապարտեզների ու հիվանդանոցների բնականոն աշխատանքի խափանումներ, տնտեսությունը կրեց ավելի քան 150 միլիոն դոլարի վնաս և բազմաթիվ այլ ուղղակի և անուղղակի զրկանքներ: Շրջափակումը, խոշոր առումով, Արցախի ժողովրդի վրա ունեցել է ազդեցություն հետևյալ երեք ուղղություններով՝ ազատ տեղաշարժի սահմանափակում, հոգեբանական ահաբեկչություն և կենսական ենթակառուցվածքների աշխատանքի խափանում: Եթե առաջինի և երկրորդի մասով կարողացել ենք քիչ թե շատ երկարաժամկետ շրջափակմանը դիմակայելու լուծումներ գտնել, ապա երրորդի մասով ունենք լրջագույն մարտահրավերներ, որոնք ստիպում են մեզ արագ ու վճռական որոշումներ կայացնել: Կփորձեմ փակագծերը բացել անվտանգային առումով թույլատրելիության սահմաններում: Հունվարի 9-ից լրիվությամբ խափանելով Հայաստանից եկող էլեկտրամատակարարումը, իսկ շրջափակման ողջ ընթացքում կանոնավոր կերպով խափանելով գազամատակարարումը՝ ադրբեջանական կողմը միտումնավոր հարուցել է շարունակական էներգետիկ ճգնաժամ՝ որպես ճնշման հիմնական միջոց: Այդ ժամանակվանից մենք անցել ենք էներգետիկ համակարգի ճգնաժամային կառավարման՝ ամբողջ ծավալով գործարկելով տեղի հիդրոէլեկտրակայանները և հնարավորինս սահմանափակելով սպառումը, այդ թվում՝ տնտեսական խոշոր ձեռնարկությունների աշխատանքի կասեցման և հովհարային անջատումների կիրառման միջոցով: Այս ողջ ընթացքում մեծ ծավալով պակասել են Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները, քանի որ անհամեմատ ավելի շատ ջուր ենք բաց թողել մեր գլխավոր հէկի գործունեության համար, քան Սարսանգ մուտք գործող ջրային պաշարները: Այժմ վիճակն արդեն կրիտիկական է, ինչը նշանակում է, որ այսուհետ ունենալու ենք էներգետիկ պաշարի ծայրահեղ սղություն՝ իր բոլոր հետևանքներով: Կուզեի նաև ընդգծել, որ այս ընթացքում զգալի գործ է արվել կառավարության կողմից կանոնակարգելու շրջափակման հարուցած խնդիրների լուծման աշխատանքները: Թեև դեռևս բազմաթիվ խնդիրներ կան, արձանագրվել են նաև անարդարության դեպքեր, սակայն կարող ենք պնդել, որ օրեցօր պետական ծառայությունների արդյունավետության մակարդակը բարձրանում է, և դրան զուգահեռ ավելի են մեղմանում բնակչության զրկանքները: Շնորհակալություն իրենց աշխատանքային ու քաղաքացիական պարտավորությունները պատշաճորեն կատարած և կատարող անձանց: Իսկ անբարեխիղճ վարք դրսևորած և արտոնյալի անընդունելի մոլուցքով տառապող մեր հայրենակիցները թող օր առաջ գիտակցեն, որ այդ վարքով վնասում են հայրենիքին ու հենց իրենց, քանի որ թուլացնում են մեր շարքերը և բացասաբար են ազդում հասարակության հոգեբանական դիմադրողականության վրա: Այս ամենի կողքին, այնուամենայնիվ, ունենք պայքարի ու դժվարությունների պատրաստ ժողովուրդ, որը հստակորեն գիտակցում է ադրբեջանական ցեղասպանական նպատակները և մեր կարմիր գծերը՝ պատրաստ պաշտպանելու վերջիններս: Մյուս կողմից, բնական եմ համարում ժողովրդի մեջ ծագող հարցերը պայքարի նպատակների, միջոցների, ժամկետների, կարմիր գծերի, ռիսկերի և առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Առկա տեղեկատվության և թույլատրելիության սահմաններում հնարավորինս կպատասխանեմ այդ հարցերին՝ պատրաստ լինելով նաև քննարկման այս և այլ ձևաչափերով: Ինչ վերաբերում է Արցախի շրջափակմամբ Ադրբեջանի կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներին, ապա ակնհայտ է, որ նմանօրինակ գործողություններով Ադրբեջանը հետապնդում է Արցախի ժողովրդի էթնիկ զտման նպատակ՝ «չկա հայ Արցախում, չկա խնդիր» տրամաբանությամբ: Իսկ ավելի միջնաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքում նրանք նպատակ ունեն նոր կենսական զիջումներ կորզել Արցախից ու Հայաստանից, փլուզել Արցախի ինքնիշխանությունը, տնտեսությունը, մեծացնել մեր կախվածությունն իրենցից, հոգեբանական ահաբեկչությամբ խթանել արտագաղթը և այլն, և այլն: Այս առումով մեր պայքարի ռազմավարական նպատակը հայկական, անկախ ու անվտանգ Արցախի պահպանումն ու ամրապնդումն է, իսկ այս փուլի գլխավոր նպատակը ադրբեջանական սադրանքներին վճռականորեն դիմակայելն է, որպեսզի թույլ չտանք էթնիկ զտման քաղաքականության հաջողումը: Այդ ճանապարհին կարևոր նպատակներից է նաև մեր կենսական շահերի ու կարմիր գծերի պաշտպանությունը: Ուժի ապօրինի կիրառման արդյունքում 2020 թվականին ստեղծված իրավիճակը չի կարող և չպիտի ճանաչվի որպես հակամարտության համընդգրկուն կարգավորման մեկնակետ։ Արցախի Հանրապետության կարգավիճակն առաջվա պես կարիք ունի միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա։ Պայքարի գլխավոր միջոցն Արցախում հաստատակամորեն ապրելն է՝ առանց տրվելու հոգեբանական ճնշման տարաբնույթ սադրանքներին: Երկրորդը՝ կենսական շահերի ու կարմիր գծերի անկոտրում պաշտպանությունն է՝ թույլ չտալով դրանց անդառնալի ոտնահարումը: Իսկ երրորդը՝ Ադրբեջանի հանդեպ միջազգային գործնական ճնշման ավելացումն է, որտեղ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի դերը պակաս կարևոր չէ: Առ այսօր մենք զգալի հույսեր ենք կապել միջազգային ճնշման հետ, սակայն բարի ու երբեմն կոշտ հայտարարություններից անդին գործնական քայլեր չենք տեսել: Այնուամենայնիվ, շարունակում ենք մեր ջանքերը նաև միջազգային իրավական ճակատում, և այդ առումով սպասված ու ողջունելի էր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի երեկվա որոշումը ճանապարհի բացման պահանջով, որը, սակայն, կարող է մեծ արդյունքներ ապահովել միայն միջազգային հանրության ազդեցիկ դերակատարների քաղաքական ամուր կամքի և գործնական քայլերի առկայության պարագայում: Ամեն դեպքում, անկախ Ադրբեջանի ցուցաբերած պատասխանատվությունից ու վարքից, սա պետք է համարել միջազգային իրավական հարթակում կարևորագույն հաղթանակ, որն ունի առանցքային իրավական արժեք ու նշանակություն ոչ միայն այսօր, այլև վաղը: Մեր պայքարի ռազմավարական նպատակին հասնելու համար պետք է երկար ճանապարհ անցնենք՝ հաշվի առնելով հակամարտության բարդությունը, ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը, տարածաշրջանային աշխարհաքաղաքական միջավայրի անկայունությունը և մեր ներքին խոցելիությունները: Իսկ շրջափակման այս պայմաններում մեր պայքարը արդեն բավականին կանխարգելիչ արդյունքներ է ապահովել, և որոշակի դրական միտումներ կան, որ առաջիկա օրերին այս ճգնաժամային իրավիճակը կարող է զգալիորեն մեղմանալ, ընդ որում՝ առանց մեր կենսական շահերն ու կարմիր գծերը խախտելու կամ վնասելու: Այնուամենայնիվ, մենք խնդիր ունենք ապահովելու որոշակի կայուն ու կանխատեսելի միջավայր առաջիկա ամիսների (միգուցե նաև մեկ-երկու տարվա) ժամանակահատվածում, քանի դեռ չի կայունացել խիստ փխրուն աշխարհակարգը և չենք կարողացել նշանակալիորեն բարձրացնել մեր ներքին դիմադրողականության մակարդակը: Իսկ այս ողջ ընթացքում մեզանից պահանջվում է առանձնահատուկ զգոնություն, ճկունություն, հեռատեսություն ու ռազմավարական համբերություն»։  Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի  
17:17 - 23 փետրվարի, 2023
Չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին․ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է պայքարի կարմիր գծերը

Չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին․ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է պայքարի կարմիր գծերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ, որի ժամանակ նախագահը ներկայացրել է, թե որոնք են պայքարի կարմիր գծերը: «Արցախում մեր ժողովուրդը պետք է ապրի ինքնիշխան, անվտանգ ու արժանապատիվ կյանքով, մենք պետք է ունենանք ինքնորոշման ու սեփական ճակատագիրը մեր հայրենիքում տնօրինելու երաշխավորված իրավունք, մինչև հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը ստատուս-քվոն պետք է անշեղորեն պահպանվի, իսկ խախտողները պետք է ենթարկվեն միջազգային ամենակոշտ արձագանքի ու պատասխանատվության, հանրային իշխանությունը պետք է իրականացվի Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով, Արցախի ներքին կյանքում ծագող հարաբերությունները պետք է կարգավորվեն բացառապես Արցախի օրենսդրության իրավակարգավորումների շրջանակում: Մեր պետական խորհրդանիշները ենթակա են պահպանման սրբությամբ ու ամենայն պատասխանատվությամբ: Ինչպե՞ս ենք տեսնում Ադրբեջանի և Արցախի միջև երկարատև հակամարտության և առնչվող խնդիրների կարգավորումը: Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ երկխոսության և հակամարտության կարգավորման, սակայն մենք ունենք հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնք բխում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներից, կենսական շահերից ու պահանջմունքներից: Այդ համատեքստում, երկխոսության և հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հիմնական հանգամանքները՝ ա. առաջին հերթին, անհրաժեշտ է ապահովել կայուն ու փոխվստահելի միջավայր՝ բացառելով սադրանքները, ուժի կիրառման դեպքերը և հոգեբանական բռնության դրսևորումները, որպեսզի հնարավոր լինի քննարկել երկուստեք մտահոգող՝ գոյություն ունեցող հարցերը: Եթե առավել նեղ ու առօրեական հարցերը հնարավոր է քննարկել ու լուծումներ գտնել պարզ շփումների միջոցով, ապա առավել գլոբալ ու հակամարտության լուծմանն ուղղված հարցերի քննարկման համար կարևոր եմ համարում միջազգային հանրության մասնակցությունը՝ երկխոսության արդյունավետությունը և կողմերի շահերի պաշտպանվածությունն ապահովելու, այդ ընթացքում ճնշումների ու հարկադրանքի հավանականությունը նվազեցնելու համար, բ. շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության. նրանց մասնակցության միակ ձևը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պարտաճանաչ կատարումն է, որի ընթացքում Ադրբեջանը պետք է երաշխավորի երթևեկության անվտանգությունը, զերծ մնա խոչընդոտներ հարուցելուց, գ. պետք է երաշխավորել նաև ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող՝ Հայաստանից Արցախ եկող կենսական ենթակառուցվածքների անվտանգությունը և բնականոն աշխատանքը՝ լրիվությամբ վերականգնելով գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը և բացառելով դրանց խափանման նոր դեպքերը: Կարևոր է շեշտադրել, որ այդ ենթակառուցվածքների խափանման պատճառով, ինչպես նշեցի, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները կտրուկ նվազել են, ինչը գարնանն ու ամռանը լրջագույն ճգնաժամ է ստեղծելու հենց ադրբեջանցի հողագործների համար, քանի որ բավարար ջրային պաշար չի լինելու տասնյակ հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համար, դ. մեր պաշտոնական երկխոսությունը կարող է կայանալ միջազգային համապատասխան ձևաչափի շրջանակներում, որը կարող է լինել փոխընդունելի սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, ներառյալ՝ իրավահավասարությունը: Իհարկե, ինչպես հետպատերազմյան շրջանում, հիմա էլ չենք բացառում ըստ կարիքի որոշակի դրվագային հաղորդակցությունը ադրբեջանական կողմի հետ հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ, սակայն դա չի կարող փոխարինել հակամարտության քաղաքական հարցերի շուրջ երկխոսությանը, ե. բանակցային պատվիրակությունների կազմերը պետք է որոշվեն բացառապես կողմերի կողմից, ինչը նշանակում է նաև, որ Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձևավորման հարցում, և նույն տրամաբանությունը վերաբերում է նաև ադրբեջանական պատվիրակության ձևավորմանը, զ. պետք է ապահովել Արցախի պատշաճ ներգրավվածությունը միջազգային հանրության մեջ, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցների ներկայությունն Արցախում, ինչը կապահովի թե՛ անվտանգության, և թե՛ զարգացման կարևոր երաշխիքներ Արցախի ժողովրդի համար: Հատկանշական է, որ Արցախը աշխարհում միակ չճանաչված պետությունն է, որը չունի ոչ մի միջազգային ներգրավվածություն, չի ստանում նույնիսկ միջազգային հումանիտար աջակցություն, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խիստ սահմանափակ առաքելությունից, է. և՛ բուն երկխոսության, և՛ հակամարտության համապարփակ կարգավորման համար խիստ անհրաժեշտություն է, որ բացառվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, որը պետք է երաշխավորված լինի անվտանգության միջազգային երաշխիքներով, այդ թվում՝ ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության բարձրացմամբ, ը. Արցախի ժողովրդի ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը սակարկման ենթակա չէ: Դա մեր ժողովրդի բնական ու հիմնարար իրավունքն է՝ ամրագրված նաև միջազգային հանրահայտ փաստաթղթերով, թ. Արցախը երբեք չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից, և չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին: Սա կամակոր որոշում կամ դիրքորոշում չէ, այն հիմնված է բացառապես արցախահայության՝ սեփական հայրենիքում մեր ժողովրդի ինքնորոշման, անվտանգ ու ազատ ապրելու իրավունքից, բացարձակ հայատյացության վրա հիմնված ադրբեջանական համակարգային քաղաքականությամբ պայմանավորված գոյաբանական լրջագույն վտանգների կանխման անհրաժեշտությունից, ժ. Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի միջազգային ճանաչումն ու պաշտպանության տրամաբանությունից դուրս որևէ այլ գործընթաց կամ լուծում մեր կողմից անընդունելի է, քանի որ անկասկած տանելու է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ բնաջնջմանը»:
16:59 - 23 փետրվարի, 2023
Վարդանյանի պաշտոնավարմանը հաջորդեց Արցախի շրջափակումը, որի դեմ պայքարը նաև հանուն Ռուբեն Վարդանյան անձի էր․ Արցախի նախագահ

Վարդանյանի պաշտոնավարմանը հաջորդեց Արցախի շրջափակումը, որի դեմ պայքարը նաև հանուն Ռուբեն Վարդանյան անձի էր․ Արցախի նախագահ

Ինրպես արդեն հայտնել էինք, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ, որի ընթացքում Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։  Նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է նաև իր և Ռուբեն Վարդանյանի հարաբերությունների վերաբերյալ քննարկումններին ու նշել․ «Վերջին շրջանում Արցախի հետ կապված ամենաքննարկվող թեման դարձել էր իմ և Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները, վերջինիս՝ պետական նախարարի պաշտոնում գտնվելը, պաշտոնից ազատելու շուրջ լուրերը: Հերթական անգամ մենք ականատես եղանք, որ մեզանում կան մարդիկ և ուժեր, որոնք իրենց քաղաքական ամբիցիաները բավարարելու, կողքինների նկատմամբ անձնական ատելությունն ու թշնամանքը ցուցադրելու համար ունակ են մինչև անգամ խորտակելու սեփական երկիրը, ոտնատակ տալու մեր ժողովրդի շահերը: Այս չակերտավոր պայքարում նման մարդիկ և ուժերը ունեն առավելություն այն առումով, որ իրենք կարող են բավարարել սեփական ցանկությունները պետությանը, մեր ժողովրդին վնասելու հաշվին, մինչդեռ մենք, նկատի ունեմ, պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, չունենք նման քայլերի դիմելու բարոյական և իրավական հնարավորություն: Նման պահվածք, դժբախտաբար, կարող են ցուցաբերել շատերը, բայց ոչ երբեք՝ Ռուբեն Վարդանյանը: Ռուբեն Վարդանյանը իմ ամենամտերիմ ընկերներից է, այն բացառիկներից, ով որոշեց Արցախ տեղափոխվել ու այստեղ ապրել մեր ժողովրդի համար ամենադժվար ու ամենաօրհասական պահին: Լուրը ինձ համար ցնցող էր, և այդ որոշման մասին անձամբ Ռուբեն Վարդանյանից լսելուց հետո անմիջապես առաջարկեցի ներգրավվել պետական համակարգում՝ պետական նախարարի պաշտոնում: Ճանաչելով Ռուբեն Վարդանյանին՝ համոզված էի, որ նա վայրկյան անգամ չէր տատանվի այդ պատասխանատվությունն ստանձնելու առաջարկիս շուրջ: Ցավոք, Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարմանն ընդամենը օրեր անց հաջորդեց Արցախի շրջափակումը, որը գրեթե չեզոքացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք պետք է իրագործվեին նրա և կառավարության կողմից: Մեր ժողովուրդը համառորեն համախմբվեց և ընտրեց մեզ բաժին հասած դժվարություններն ու փորձությունները արժանապատվորեն և բաց ճակատով հաղթահարելու ճանապարհը: Ես հիմա ուզում եմ հրապարակայնորեն ասել, որ այդ պայքարը նաև հանուն մեզ համար մեծ արժեք ներկայացնող Ռուբեն Վարդանյան անձի էր: Մտքիս դիտավորյալ խեղաթյուրումն ու կեղծ մեկնաբանությունները բացառելու համար պետք է շեշտեմ, որ մեր պայքարը սկսելու պահից Ռուբեն Վարդանյանն իր մեջ և իր դեմքում այլևս ամփոփում էր Արցախը և մեզանից յուրաքանչյուրին, իսկ արցախցուն հատուկ չէ ինքն իրեն կամ ընկերոջը դավաճանելը: Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ: Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես առավելագույն չափով ձգտել է կիսել պատասխանատվությունն ինձ հետ և ոչ թե սահմանադրական նորմերի վրա հղում անելով՝ փորձել բարդել ինձ վրա: Բայց, մյուս կողմից, նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտենում նաև Արցախում ստեղծված իրավիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար իմ անձնական պատասխանատվության ծավալին ու չափին: Այս ողջ ընթացքում ես մշտապես քննարկում, գնահատում և վերլուծության էի ենթարկում այն բոլոր խնդիրները, որոնք գոյություն են ունեցել ու լրացուցիչ ձևավորվել են Արցախի շրջափակումից հետո, հետևել եմ Արցախի և Հարավային Կովկասի շուրջ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, անց եմ կացրել մի շարք խորհրդակցություններ և դրանց մասին իրազեկել եմ նաև Ռուբեն Վարդանյանին, ունեցել ենք համատեղ քննարկումներ: Թեև մեր հետագա քայլերի ու ճանապարհի կառուցման ձևի վերաբերյալ մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ ուրույն տարբերակ, այդուհանդերձ Ռուբեն Վարդանյանը ըմբռնումով է մոտեցել իմ դիրքորոշմանը, ընդունելով, որ ամեն դեպքում իրավիճակին ամենախորը տիրապետում եմ ես, ի պաշտոնե տեղեկացված եմ առավելագույն չափով և տեղեկատվության համակողմանի ու խորը գնահատականները առավել ամբողջական կարող են տրվել իմ կողմից: Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության, առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից: Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով: Այնուամենայնիվ, ես բարձր եմ գնահատում այս ընթացքում պարոն Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Օրեր շարունակ այս թեման շրջանառվում էր մամուլում՝ ամենատարբեր մեկնաբանությունների զուգորդմամբ: Ոմանք մտահոգվում էին Ռուբեն Վարդանյանի համար, ոմանք փորձում այս որոշումը ներկայացնել որպես պայքարի ոգու ջլատում, նույնիսկ կան այնպիսինները, որոնք հայտարարում են, որ սա Ադրբեջանի թելադրանքի կատարում է: Չցանկանալով անդրադառնալ այսպիսի բնութագրությունների հեղինակներին, զերծ մնալով նրանց որակումներ ու գնահատականներ տալուց՝ ընդամենը կասեմ, որ որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել այս որոշումից, քան ես: Ասեմ նաև, որ ես իմ քայլերն ու որոշումները, բացի Արցախի ժողովրդից ու պետական մարմիններից, որևէ մեկի հետ չեմ քննարկում և չեմ համաձայնեցնում: Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում նշանակել եմ իմ որոշմամբ ու առաջարկը արել եմ իմ նախաձեռնությամբ, այն հավանության էր արժանացել Արցախի ժողովրդի կողմից, նման որոշում կայացնելու ժամանակ գիտակցել եմ Ադրբեջանում և այլ տեղերում խնդիրների ծագման հավանականությունն ու հնարավորությունը, բայց ոչ ոք ինձ չէր խանգարել ու չէր կարող խանգարել նման որոշում կայացնելու համար: Ինչ վերաբերում է մեր ժողովրդի պայքարին, ապա այն երեկ չի սկսվել, և այս առումով մեր պայքարը չի կարելի անձնավորել: Մեր պայքարը ունի դարերի պատմություն, այն երբեք ինձանով, Ռուբեն Վարդանյանով կամ ուրիշներով պայմանավորված չի եղել: Այդ պայքարը կա և լինելու է՝ անկախ մեզանից: Մեր ժողովրդի պայքարը անկոտրում է: Վստահ եմ, որ Ռուբեն Վարդանյանը մնալու է Արցախում և իր ակտիվ հասարակական գործունեությամբ բազմապատկելու է Արցախի զարգացմանն ուղղված իր ջանքերը: Մեր անձնական հարաբերությունները մնում են բարձր մակարդակի վրա, և ես մեծապես կարևորում եմ պետական մարմինների ու պաշտոնյաների ակտիվ համագործակցությունը պարոն Վարդանյանի և նրա գլխավորած կազմակերպությունների հետ, քանի որ նա հայրենիքի նվիրյալ է և գիտակցում է Արցախի արժեքը ողջ հայ ժողովրդի համար: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կուրսի շուրջ իմ ու Ռուբեն Վարդանյանի տարաձայնությունների վերաբերյալ շահարկումներին, ապա նշեմ, որ երկուսիս ռազմավարական նպատակն Արցախի հայկական, անկախ ու անվտանգ ապագան է, երկուսս էլ ունենք նույն ընկալումը Արցախի ժողովրդի կենսական շահերի ու կարմիր գծերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, մեր կարճաժամկետ մոտեցումներն ունեն որոշակի մարտավարական տարբերություններ, որոնց հիմքում ընկած են մեր ընկալումների տարբերությունները որոշակի գործոնների վերաբերյալ, այդ թվում՝ աշխարհի ու տարածաշրջանի խիստ անկանխատեսելի անկայունությունը, կարմիր գծերի պաշտպանության մեթոդները, հայկական ռեսուրսների ու լծակների կիրառման արդյունավետությունը, աշխարհաքաղաքական դերակատարների շահերի ու լծակների ազդեցությունը: Կուզեի ընդգծել նաև, որ այս հարցերի շուրջ պարբերաբար քննարկումներ ու բանավեճեր ենք ունենում, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի կազմով: Ինձ համար մի բան միանշանակ է, որ Արցախում չկա մի պաշտոնյա, որը որևէ կերպ շեղվող մոտեցում ունենա մեր ռազմավարական նպատակներից և Արցախը տեսնի Ադրբեջանի կազմում: Ուստի, խիստ անընդունելի են շահարկումները Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, պայքարի դադարեցման և այլ հարցերի շուրջ, դրանք դավաճանական հարվածներ են հենց Արցախի ժողովրդին: Ես վստահ եմ, որ անկախ իշխանությունում գտնվող անձերից՝ Արցախի ժողովուրդը չի կարող դադարեցնել իր պայքարը՝ հանուն սեփական հողում իր իրավունքների ու արժանապատվության: Անձինք անցողիկ են, իսկ հայ ժողովրդի (ներառյալ՝ արցախյան հատվածի) պայքարն ու ազգային շահերը՝ հավերժական: Մենք այստեղ ենք՝ մեզ վստահված ժամանակահատվածում ապահովելու այդ պայքարի շարունակականությունը և ազգային շահերի պաշտպանությունը: Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար: Իսկ մարտավարական հարցերում բանավեճի գլխավոր դատավորը ժամանակն է: Մյուս կողմից, պետք է գիտակցել, որ շատ հեշտ է պաշտոնական պատասխանատվություն չունեցող և այսբերգի միայն արտաքին մասը տեսնող մարդկանց համար պարզապես քննադատել և առերևույթ «խելամիտ» խորհուրդներ տալ: Այնինչ, իրականությունը շատ ավելի բարդ է, և անհրաժեշտ է զգուշավոր ու հետևողական աշխատանքով մեր վիրավոր նավը հանել ալեկոծություններից ու հասցնել փարոսին: Եվ այդ առումով, որքան էլ կարևոր է հանրության հետ բաց ու անկեղծ երկխոսությունը, միևնույն է՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ամեն ինչ հնարավոր չէ հրապարակային ներկայացնել, քանի որ մեզ միայն մենք չենք լսում, այլև՝ հակառակորդը, որը հաշվի է առնում ամեն մի տվյալ ու հանգամանք մեզ էլ ավելի թուլացնելու ջանքերում»։ 
16:39 - 23 փետրվարի, 2023
Արցախի նախագահը գլխավոր դատախազին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները

Արցախի նախագահը գլխավոր դատախազին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները

Արցախի նախագահը պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։  «Ես առաջարկել եմ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետական նախարարի պարտականությունները: Ուրախ եմ, որ նա պատրաստ է այս ծանր իրավիճակում վերցնել այդ դժվար պատասխանատվությունը: Վերջնական որոշման մասին առաջիկայում նա հայտարարություն կտարածի: Ընտրել եմ պարոն Ներսիսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: Աշխատանքի բնույթով պայմանավորված՝ պարոն Ներսիսյանի կողմից ի նպաստ Արցախի կատարված բազմաթիվ աշխատանքներ չեն բարձրաձայնվում, դրանց մասին տեղեկացված են շատ սահմանափակ մարդիկ, համոզված եմ, մի օր հանրությունը նույնպես այդ ամենի մասին կտեղեկանա և կիրազեկվի, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել դատախազության կողմից վերջին երկու տարում՝ Գուրգեն Ներսիսյանի ղեկավարությամբ: Նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային կառույցների և արտաքին գործերի նախարարության: Ինչպես պարոն Վարդանյանի պարագայում, պարոն Ներսիսյանը նույնպես իմ կողմից ստանալու է լայն լիազորություններ և ազատություն իր համակարգման ոլորտում որոշումների կայացման համար, այդ թվում՝ կադրային հարցերում: Բնականաբար, ինչպես առ այսօր, կարևոր որոշումները կայացվելու են Անվտանգության խորհրդի և կառավարության կազմերով կոլեգիալ քննարկումների արդյունքում՝ հնարավորինս ապահովելով նաև հանրության ներառական մասնակցությունն այդ գործընթացում»,- նշել է Արայիկ Հարությունյանը։  Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 23-ին, Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետական նախարարի պաշտոնից:
16:36 - 23 փետրվարի, 2023
Ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան

Ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, գրել է․ «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Մեկ այլ որոշմամբ մերժեց Ադրբեջանի անհիմն պահանջը ականների վերաբերյալ: Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և այս վարույթում հայկական կողմից ներգրավված բոլոր անձանց՝ իրենց կարևորագույն առաքելության համար: Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում: Սա համարում եմ մեր միջազգային պայքարում կարևոր հանգրվան, և Հայաստանի Հանրապետության հետ միասին շարունակելու ենք հնարավորինս օգտագործել միջազգային իրավական բոլոր մեխանիզմները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Արցախի պետական մարմիններն ունեն իմ հստակ հանձնարարականը առավելագույնս աջակցելու այդ ջանքերին», - գրել է նա: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
20:53 - 22 փետրվարի, 2023