Կարծում եմ՝ Գորիսը Հայաստանի այն քաղաքն է, որն ամենաամուր կապերն ունի Ֆրանսիայի հետ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի |armenpress.am|
armenpress.am: Գորիսում տեղի ունեցավ Ֆրանսիայի պատով հյուպատոսության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը իր ելույթում նշեց՝ այն, ինչին ականատես են լինում այսօր, տարբեր իրադարձությունների տրամաբանական շարունակություն ու զարգացում է։
«Նախ, կարծում եմ, որ որևէ մեկը չի վիճի, եթե ասենք, որ Գորիսը Հայաստանի ամենաֆրանկոֆոն քաղաքն է, և Գորիս-Վիեն բարեկամական հարաբերությունների հիման վրա մենք հուշագիր կնքեցինք Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև, որը տեղի ունեցավ Տաթև վանական համալիրում, որից հետո արդեն Ֆրանսիայում՝ Լիոն քաղաքում, Սյունիքի 7 համայնքներ եղբայրական կապեր ստեղծեցին Օվերն-Ռոն-Ալպի 7 քաղաքների հետ։ Այս հարաբերությունների զարգացումը բերեց տրամաբանական այսպիսի մի փուլի, որի համար շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություններին, երկու երկրների դեսպաններին և բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն ունեն»,- նշեց Ղուկասյանը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին կարծիք հայտնեց, որ Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակի բացման արարողությանը ներկա գտնվելը բոլորի համար հուզիչ պահ է, քանի որ Գորիսը Ֆրանսիայի համար շատ առանձնահատուկ քաղաք է։ «Գորիսը ֆրանսիացիների համար Սյունիքի խաչմերուկն է։ Եվ կարծում եմ, որ Գորիսը Հայաստանի այն քաղաքն է, որն ամենաամուր կապերն ունի Ֆրանսիայի հետ, ինչի վկայությունն են քույր քաղաքները, համայնքների միջև եղբայրության համաձայնագրերը, ինչպես նաև երկու մարզերի (խմբ. նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնը) դեպարտամենտների միջև համագործակցությունը։ Մեզ հաճախ մի հարց են տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում հյուպատոսական գրասենյակը։ Սա հյուպատոսություն չէ, սա ավելին է, քան հյուպատոսությունը։ Ինչո՞ւ հյուպատոսություն չէ, որովհետև այստեղ բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսական գրասենյակ բացվի, ինչը հիմնականում ծառայում է վարչարարությանը և նման բաների։ Բայց սա ավելին է, քան հյուպատոսական գրասենյակը, որովհետև պատվո հյուպատոսությունում լինում են գործողություններ, որովհետև Ֆրանսիայում և Հայաստանում, Գորիսում և Սյունիքում մարդիկ գործում են ձեռք ձեռքի տված։ Պատվո հյուպատոսությունը մի վայր է, որտեղ գալու են տարբեր նպատակներով այստեղ գտնվող ֆրանսիացիները, որոնք այցելում են Հայաստան, որոնք գալիս են օգնելու Հայաստանին, և որոնք գալիս են գործելու Հայաստանում։ Արդեն 19 տարի շարունակ այն ֆրանսիացիները, որոնք գալիս են Գորիս՝ գործելու, օգնելու և ուղղակի այցելելու, այցելում են Գորիսում Ֆրանկոֆոն կենտրոն, և այդ կենտրոնի ապրեցնող ուժը հենց Կարմեն Ափունցն է (խմբ. Կարմեն Ափունցը, որը նշանակվել է Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս, Գորիսում Ֆրանկոֆոն կենտրոնի տնօրենն է)։ Կեցցե Սյունիքը, կեցցե Գորիսը և կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը»,- ասաց դեսպանը։
Գորիսում Հայաստանի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը նշեց, որ առանձնահատուկ հուզմունքով է կանգնած ներկաների առջև և այսօրվանից պատրաստվում է անցնել իր պարտականությունների կատարմանը՝ որպես Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս։
«Գորիսը և Վիենն արդեն 1992 թվականից ունեն բավականին սերտ կապեր, և 1992 թվականին քույր քաղաքների հռչակման մասին համաձայնագրի ստորագրումից հետո մեր երկու քաղաքների բարեկամությունը բազմաթիվ համագործակցություններ է ծնել։ Այս համագործակցության կարևոր հենասյուներից մեկը Ֆրանկոֆոնիան է։ Համագործակցությանը նպաստում են նաև այստեղի տարբեր կրթական հաստատություններում ֆրանսերեն դասավանդողները, ինչպես նաև Ֆրանկոֆոն կենտրոնը, որը ես 2006 թվականից ի վեր մեծ պատիվ ունեմ ղեկավարելու։ Հիմնադրումից ի վեր Գորիսի Ֆրանկոֆոն կենտրոնը ներգրավված է եղել բազմաթիվ համագործակցություններում և ծրագրերում և նպաստել է մեր երկու երկրների կապերի ամրապնդմանը տարբեր ոլորտներում։ Ֆրանսիական մշակույթը և ֆրանսերենը ինձ համար շատ կարևոր են, և արդեն մոտ 20 տարի շարունակ ես մեծ նվիրվածությամբ աշխատում եմ այդ ոլորտում և կշարունակեմ աշխատել։ Այս տարիների ընթացքում ես ամենօրյա ռեժիմով աշխատել եմ ֆրանսիացիների հետ, նրանք ինձ համար դարձել են շատ ավելին, քան աշխատակիցներ, ավելի շատ՝ հավատարիմ գործընկերներ, սիրելի և թանկագին բարեկամներ։ Կարծում եմ, որ սիրով, նվիրվածությամբ արված աշխատանքը և ձեր վստահությունն են այն հիմքը, որոնք կստիպեն ինձ հնարավորինս լավ աշխատել մեր երկու երկրների կապերի հետագա սերտացման ուղղությամբ»,- նշեց Ափունցը։
Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակի ժապավենը կտրեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
14:10 - 02 հունիսի, 2025