Լին Թրեյսի

2019թ. փետրվարի 19-ից՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Ավագ կադրային դիվանագետ է: Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը՝ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր  Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում:

Լ. Թրեյսին զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ. 2012-2014 թթ. եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալը՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի բյուրոյում, իսկ 2010-2011 թթ.՝ ԱՄՆ փոխդեսպանը Աշխաբադի (Թուրքմենստան) դեսպանությունում: 2006-2009թթ. նա Փեշավարի (Պակիստան) ԱՄՆ հյուպատոսարանի գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էր, ընդ որում, այս պաշտոնում նա արժանացել է պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության պարգեւի:  2004-2006 թթ. նա ղեկավարել է Աստանայում (Ղազախստան) ԱՄՆ դեսպանության ներկայացուցչության գործունեությունը: Լ. Թրեյսին նաեւ ծառայել է Քաբուլի (Աֆղանստան) եւ Բիշկեքի (Ղրղզստան) դեսպանություններում, իսկ 2000-2001 թթ. աշխատել է Պետքարտուղարության Նորանկախ պետությունների հատուկ հանձնակատարի գրասենյակում:

Լ. Թրեյսին բակալավրի կոչում է ստացել Ջորջիայի համալսարանում (Աթենք, Ջորջիա), ապա ուսանել է իրավագիտություն Ակրոնի համալսարանում (Ակրոն, Օհայո): 2017թ. նա արժանացել է Պետքարտուղարության պատվավոր պարգեւի՝ Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնում իր ակնառու ծառայության համար: Գիտի ռուսերեն:

Կարեն Անդրեասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացվող բարեփոխումների ընթացքը

Կարեն Անդրեասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացվող բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալլելոյին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին: ԱՆ-ից   հայտնում են, որ նախարար Անդրեասյանը ներկայացրել է ներկայումս ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և դրանց արդյունքները, մասնավորապես խոսել է Հայաստանում Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված աշխատանքների ընթացքից, բարեփոխումների իրականացման ընթացքում առաջ եկած հնարավոր խնդիրների շրջանակից, ինչպես նաև առաջարկել է դրանց լուծմանն ուղղված քայլեր: Կարեն Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացմանն ուղղված գործողություններին և ներկա ընթացքին, մանրամասնել Ռազմավարությամբ սահմանված կարևոր դրույթներ, ինչպես նաև հայտնել, որ շուտով տեղի է ունենալու Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացմանը նվիրված դոնորների համակարգող հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվել և երկուստեք առանձնակիորեն կարևորվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև հետագա քայլերը. վերահաստատվել է համագործակցության շարունակականության հրամայականը:  
18:50 - 20 սեպտեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունները

ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին:   Դեսպան Թրեյսին հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած մեծածավալ ու օգտակար աշխատանքի համար։   Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին թարմ տեղեկություններ է հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ։   Պաշտպանը նաև անդրադարձել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործություններին ու դրանք ծնող պատճառներին՝ ադրբեջանական պետության կողմից վարվող հայատյացության համակարգային քաղաքականությանը։   Գրիգորյանը նաև դեսպանին է փոխանցել սեպտեմբերի 16-ի ՄԻՊ արտահերթ զեկույցի տպագրված տարբերակը, որում վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում և դրա արդյունքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերը։   ԱՄՆ դեսպանը հատկապես կարևորել է, որ հարձակման առաջին իսկ օրերին Պաշտպանի հաստատությունը տեղեկություններ է տրամադրել գործընկերներին և պատշաճ ջանք է ներդրել հավաքագրված տվյալների ստուգման ուղղությամբ։   Քրիստիննե Գրիգորյանը նաև ներկայացրել է սեպտեմբերի 17-ին ՄԻՊ փաստահավաք թիմերի կողմից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի՝ հարձակումից տուժած համայնքներ կատարած այցերի հետևությունները։   Բացի դրանից՝ Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները տեղում ծանոթանան իրավիճակին, զրուցեն մարդկանց հետ ու պատկերացում կազմեն ադրբեջանական զինված հարձակման՝ մարդկային ու հոգեբանական հետևանքների մասին։   Հանդիպման ավարտին Պաշտպանն իր շնորհակալությունն է հայտնել դեսպանին մշտական արդյունավետ կապի ու համագործակցության բարձր մակարդակի համար:
16:07 - 20 սեպտեմբերի, 2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։   Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:   Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:   Պարոն Ֆիլիպ Ռիքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:   Հարություն Մարությանը հյուրին նվիրել է 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված հայկական կոտորածներին և Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր՝ The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times։  
15:51 - 08 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը
 |azatutyun.am|

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներին և պետքարտուղարի թվիթերյան գրառմանը՝ դեսպան Թրեյսին նկատել է՝ իրենք այլընտրանք չեն տեսնում, քան հետամուտ լինել և աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ուղիղ բանակցելու և փորձելու հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Եվ մենք պատրաստվում ենք կենտրոնացած մնալ դրա վրա: Դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, և ոչ միայն Միացյալ Նահանգներից: Եվրոպական միության մեր գործընկերները ևս ներգրավված են, ինչպես նաև ուրիշներ։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար և հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, և լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ի՞նչ օգնություն է առաջարկում Վաշինգտոնը, դեսպանը պարզաբանել է, որ այն, ինչ իրենք քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցությունն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: «Մենք շատ ենք կարևորում այդ նպատակը։ Նշեմ, որ մյուս թեման, որին անդրադարձել է պետքարտուղարը, վերաբերում էր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ ուղղությունը ևս մենք շատ կարևոր ենք համարում: Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք մինչ այժմ արել են Հայաստանն ու Թուրքիան, և երկու կողմերին էլ կոչ ենք անում առաջընթաց գրանցել»,- ասել է Լին Թրեյսին:
21:03 - 26 հուլիսի, 2022
Ֆինանսների նախարարը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները

Ֆինանսների նախարարը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: Այնուհետեւ նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները եւ Ֆինանսների նախարարության վարած ֆիսկալ քաղաքականության օրակարգը: ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին նախարարին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների եւ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:
15:31 - 26 հուլիսի, 2022
Հայաստանն ու ԱՄՆ-ը հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հեռանկարով

Հայաստանն ու ԱՄՆ-ը հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հեռանկարով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությանը։ Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործընթացներում ԱՄՆ կողմից ցուցաբերված օժանդակությունը, որի շնորհիվ՝ հատկապես ինժեներական ուղղություններով, բազմաթիվ ձեռնարկություններ են հիմնվել Հայաստանում։  Լին Թրեյսին բարձր է գնահատել այն հանգամանքը, որ բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջընթացը Հայաստանն առավելապես կապում է գիտելիքի և կրթության հետ՝ առաջ մղելով գիտելիքահեն տնտեսության զարգացման մոդելը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արհեստական բանականության, տեխնոլոգական կրթության, տիեզերական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի, թվայնացման, մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։  Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ոլորտում ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ունեցած դերակատարությանը, Ինժեներական քաղաք ծրագրին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
15:53 - 14 հուլիսի, 2022
Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը

 |armenpress.am|

Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում նոր դեսպանի պաշտոնում Սենատին է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին հավատարմատար Քրիստինա Քվիենի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Սենատի համապատասխան հանձնաժողովը պետք է լսումների օր նշանակի, որի ժամանակ Քվիենը կպատասխանի օրենսդիրների հարցերին: Դրանից որոշ ժամանակ անց վերին պալատում քվեարկություն տեղի կունենա՝ հաստատելու նրա թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Քրիստինա Քվիենը 2019 թվականից Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն էր: 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները: Դիվանագիտական ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում: Քվիենը եղել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն: Կալիֆորնիայում ծնված դիվանագետն ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան և ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան: Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2019 թ. փետրվարի 19-ից զբաղեցնում է Լին Թրեյսին:
09:54 - 12 հուլիսի, 2022
Մենք գնահատում ենք ձեր ջանքերը ժողովրդավարության ուղղությամբ. ԱՄՆ դեսպանի պատասխանը Թագուհի Թովմասյանին

Մենք գնահատում ենք ձեր ջանքերը ժողովրդավարության ուղղությամբ. ԱՄՆ դեսպանի պատասխանը Թագուհի Թովմասյանին

Քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակներում: Այս մասին ասվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին ի արձագանք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի պատասխանում: «ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու, Վահե Հակոբյանի՝ որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իշխող խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի որոշման նախագծերի շրջանառումից հետո հրատապ կերպով գրություններ էի պատրաստել և ուղարկել միջազգային կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։ Գրություններով իմ գործընկերների հրատապ ուշադրությունն էի հրավիրել նշված նախագծերին և նշել, որ, ինչպես դրանց հիմնավորումներից է պարզ դառնում, իշխող խմբակցությունը նման նախաձեռնություններով է հանդես գալիս ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանական աշխատանքի բոյկոտի (քվեարկություններին չմասնակցելու, ԱԺ խորհրդի, մշտական հանձնաժողովի նիստերից բացակայությունների), ցույցերի, երթերի ժամանակ արտահայտած կարծիքների պատճառով։ Բոյկոտի առնչությամբ նշել էի, որ համաձայն Եվրոպական դատարանի դիրքորոշման` բոյկոտը հակառակ կարծիք արտահայտելու ձև է և պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և որ հատկապես խորհրդարանական բոյկոտը լայն տարածում ունի բոլոր ժողովրդավարական պետություններում: Ինչ վերաբերում է ցույցերի, երթերի ընթացքում ընդդիմադիրների արտահայտած կարծիքներին և հնչեցրած կոչերին, ապա այս դեպքում նույնպես դրանք պաշտպանված են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն): Եթե իշխանական պատգամավորների կարծիքով դրանք պարունակում են քրեական օրենքի խախտումներ, ապա դրանց պետք է տրվի քրեաիրավական գնահատական, իսկ եթե ոչ, դրանք հատկապես պատգամավորների համար ամբողջովին պաշտպանված են արտահայտվելու ազատությանը վերաբերող ներպետական և միջազգային նորմերով և, հետևաբար, դրանց համար նույնպես պատգամավորը չի կարող պատժվել: Այս հարցում գործընկերներիս խնդրել էի հրապարակային խոսքով հանդես գալ իշխանական խմբակցության այս վարքագծի վերաբերյալ, որը դեմ է ժողովրդավարական սկզբունքներին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ի պատասխան հայտնում է. «Միացյալ Նահանգները հակված է Հայաստանի հետ գործընկերությանը՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, որոնք արտացոլում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակներում, ինչպես հաստատված է Հայաստանի օրենսդրությամբ։ Մենք Հայաստանի համապատասխան մարմիններին ենք թողնում ընդդիմադիրներին իրենց պաշտոններից հեռացնելու՝ խորհրդարանում հուլիսի 1-ին ընդունված որոշումների օրինականությունը։ Մենք նաև շեշտում ենք, որ կառուցողական ընդդիմությունը կարևոր դեր է խաղում յուրաքանչյուր ժողովրդավարությունում։ Միացյալ Նահանգները հակված է աջակցել հայ ժողովրդին, քանզի նրանք շարունակում են հետապնդել ժողովրդավարական օրակարգ․ Ես գնահատում եմ Ձեր կառուցողական ջանքերն այս ուղղությամբ»,- ասվում է Թրեյսիի պատասխանում»։
12:52 - 09 հուլիսի, 2022
ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՄՆ անկախության տարեդարձին նվիրված տոնակատարությանը

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՄՆ անկախության տարեդարձին նվիրված տոնակատարությանը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մասնակցել է ԱՄՆ անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։ Դեսպանատան ծովահետևակայինների կողմից անցկացվող դրոշի հանդիսավոր արարողությունից հետո հնչել են Հայաստանի և ԱՄՆ-ի ազգային օրհներգերը՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ողջույնի և շնորհավորանքի խոսքին հաջորդել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ելույթը, որում, մասնավորապես, նշել է․ «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Ձերդ գերազանցություն տիկի՛ն դեսպան, Օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների հարգելի գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձի կապակցությամբ: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք նաև շնորհավորել հայ և ամերիկացի ժողովուրդներին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ կառավարությունը շարունակական աջակցություն է ցուցաբերել մեր երկրին՝ մշտապես հավատարիմ լինելով հայ ժողովրդի առավել բարեկեցիկ, տնտեսապես ավելի կայուն, կոռուպցիայից զուրկ, օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական երկրում ապրելու ձգտմանը, ինչի համար իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում ԱՄՆ կառավարությանը։ Մեր երկու երկրների միջև սերտ համագործակցության մասին է վկայում այն, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը որակապես նոր փուլ մտավ, և երկկողմ միջկառավարական խորհրդակցությունները տնտեսական շրջանակներից վերաճեցին ռազմավարական երկխոսության։ Ես ուրախ եմ, որ այսօր ունենք հագեցած օրակարգ, որն արդեն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ սկսած իրավական բարեփոխումներից և կոռուպցիայի կանխարգելումից մինչև էներգետիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2022 թվականի գարնանը վերսկսվեցին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ամենամյա նիստերը և մայիսի 2-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում տրվեց ամփոփիչ նիստի մեկնարկը։ 2022 թվականի ռազմավարական երկխոսության ձեռքբերումներից պետք է համարել «Քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Այս ոլորտում համագործակցության խորացումը, վստահ եմ, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առջև։ Ձերդ գերազանցություն տիկի՛ն դեսպան, Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հուսանք, որ այս ջանքերը կլինեն շարունակական, և կհասնենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր նպատակին՝ չանտեսելով այսօր Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքները: Խորին երախտագիտությունս եմ հայտնում նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման համար։ Նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անփոխարինելի քայլ էր ողջ աշխարհում հայ ժողովրդի կողմից մղվող դարավոր պայքարի արդարացիության և ցեղասպանությունը ժխտողներին կոշտ պատասխան տալու համար: Այս տարվա ապրիլի 24-ին դիրքորոշման վերահաստատումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և համամարդկային արժեքների գերակայությանը:  Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր հայկական խոշորագույն համայնքներից մեկին՝ ամերիկահայությանը, ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացիներին, որոնք, լինելով տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, իրենց ծառայությունն են մատուցում ԱՄՆ-ին: Նրանք նաև երրորդ հանրապետության հիմնադրման առաջին օրվանից և արդեն 3 տասնամյակից ավելի կանգնած են Հայաստանի կողքին՝ իրենց անմիջական աջակցությունը ցուցաբերելով երկրի տարբեր ոլորտների զարգացմանը: Հայ համայնքը յուրօրինակ կամուրջ է, որ կապում է երկու երկրները, նպաստում հարաբերությունների ամրապնդմանը և ընդհանուր արժեքների վրա խարսխված գործընկերության մակարդակի բարձրացմանը: Ձերդ գերազանցություն տիկին դեսպան, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ և Ամերիկայի ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 246-րդ տարեդարձի կապակցությամբ։ Կեցցե հայ-ամերիկյան բարեկամությունը: Շնորհավո՛ր Անկախության օրը»։
10:35 - 01 հուլիսի, 2022
Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Թրեյսիին, դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթել հաջողություններ: Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի զարգացման, ժողովրդավարական գործընթացներում առաջընթաց գրանցելու գործում Միացյալ Նահանգների աջակցությունը: Նախագահ Խաչատուրյանն իր ջերմ հիշողություններով է կիսվել Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպան Հարի Գիլմորի մասին, որի հետ ծանոթացել է տարիներ առաջ, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել: Նա նշել է, որ երբեք չի մոռացվի այն, ինչ Հարի Գիլմորն է արել Հայաստանի համար այդ դժվարին օրերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա օրակարգի և երկկողմ գործակցության զարգացման հեռանկարների շուրջ:
14:36 - 29 հունիսի, 2022