Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի Հանրապետության գործող վարչապետն է։ Ծնվել է 1982 թվականի հունիսի 28-ին՝ Թբիլիսիում։ Վրացի քաղաքական և պետական գործիչ։ 

Դպրոցական տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտով։ 1998-2002 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանում։ 2004 թվականին ավարտել է Փարիզի (Ֆրանսիա) Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Փաշինյան

Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական վրացի ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված պետություն կառուցելու նպատակով՝ ավելի քան մեկ դար առաջ այս օրը վրացի ժողովուրդը վճռական քայլ կատարեց անկախության վերականգնման ուղղությամբ և այսօր էլ հաստատուն քայլերով շարունակում է իր ուղին։ Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանի հետ փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունների խորացումը մեր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, և լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արդյունավետ գործունեություն, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և զարգացում»: Վրաստանի վարչապետին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման 105- րդ տարեդարձի կապակցությամբ։ Պետականության կերտման ճանապարհը միշտ չէ, որ հարթ է եղել, սակայն հայ և վրացի ժողովուրդներն իրենց հետևողական պայքարի շնորհիվ ապացուցել են անկախ պետություն ունենալու իրենց իրավունքը և այսօր էլ, հավատարիմ մնալով իրենց ձգտմանը, շարունակում են սերտորեն համագործակցել պետականաշինության գործում: Վստահ եմ, որ առկա փոխգործակցության ներուժը և գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը հետագայում ևս կնպաստեն ու նոր խթան կհաղորդեն հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերությունների ու փոխշահավետ համագործակցության զարգացմանը։ Գնահատելի համարելով բարեկամ Վրաստանի ձեռքբերումները՝ հավաստիացնում եմ, որ Հայաստանը Վրաստանի համար վստահելի բարեկամ ու հարևան պետություն է և այդպիսին մնալու է։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արդյունավետ գործունեություն, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և զարգացում»:
11:35 - 26 մայիսի, 2023
Ադրբեջանը Վրաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է. Ղարիբաշվիլի |1lurer.am|

Ադրբեջանը Վրաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է. Ղարիբաշվիլի |1lurer.am|

1lurer.am: Աշխատանքային այցով Ադրբեջանում է գտնվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Գաբալայում նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ Ադրբեջանը Վրաստանի ոչ միայն բարեկամն է, այլև կարևոր ռազմավարական գործընկերը։ Երկու երկրի հիմնական նպատակներից մեկն էլ այս պահին խաղաղության և կայունության խթանումն է։ «Մեր հիմնական նպատակն է նպաստել խաղաղությանն ու կայունությանը: Մեկ այլ ոչ պակաս կարևոր նպատակ է տնտեսական աճը, ավելի շատ աշխատատեղերի ստեղծումը»,- ասել է Վրաստանի վարչապետը: Ղարիբաշվիլին հավելել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը համակարգված աշխատում են «Միջին միջանցք» նախագծի ուղղությամբ։ «Համատեղ գործողություններով կվերացվեն Միջին միջանցքի բոլոր խոչընդոտները և կզարգացվեն ենթակառուցվածքները, այդ թվում՝ ծովային և երկաթուղին»,- ասել է վարչապետը։ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանն այժմ աշխատում է նոր ծովային նավահանգստի՝ Անակլիայի կառուցման ուղղությամբ։ Ընթացիկ ծրագրի շրջանակներում էլ կընդլայնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի գործունեությունը և, այդպիսով, ավելի շատ բեռներ կներգրավվեն դեպի Միջին միջանցք։
17:15 - 07 ապրիլի, 2023
Վրաստանի վարչապետին Մարդու իրավունքների Պետդեպի զեկույցը «հետաքրքիր չէ» |azatutyun.am|

Վրաստանի վարչապետին Մարդու իրավունքների Պետդեպի զեկույցը «հետաքրքիր չէ» |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե Մարդու իրավունքների վերաբերյալ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը հետաքրքիր չէ իր Կառավարությանը, քանի որ այն մեծ մասամբ հիմնված է սուտ տեղեկությունների վրա: «Շատ հակիրճ եմ ծանոթացել զեկույցին։ Ցավոք, մեծ մասամբ այն հիմնված է այսպես կոչված էլիտար հասարակական կազմակերպությունների կողմնակալ և անարդար եզրակացությունների վրա», - ասել է Ղարիբաշվիլին: Վաշինգտոնի հրապարակած զեկույցում Վրաստանի իշխանությունները քննադատության են արժանացել անպատժելիության համար, մասնավորապես հիշատակվել են լրագրողների նկատմամբ բռնությունները, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բանտում, ինչպես նաև ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգումը Թբիլիսիի կենտրոնից Բաքու։
16:46 - 21 մարտի, 2023
Ադրբեջանի նախագահը ստորագրել է փաստաթղթի տակ, որտեղ ֆիքսված է, որ Լեռնային Ղարաբաղ կա․ Փաշինյանի պատասխանն Ալիևին |armenpress.am|

Ադրբեջանի նախագահը ստորագրել է փաստաթղթի տակ, որտեղ ֆիքսված է, որ Լեռնային Ղարաբաղ կա․ Փաշինյանի պատասխանն Ալիևին |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին, որոնք վերջինս արել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ։ Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, արձագանքելով Ալիևի հայտարարությանը, թե, իբր, «չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն և Ադրբեջանում չկա նման վարչատարածքային միավոր», Փաշինյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղ կա, և կա նաև Լաչինի միջանցք, որը պետք է բաց լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարության համաձայն, իսկ այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այդ փաստաթղթի վրա դրված է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Նաև այդ փաստաթղթում գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց մնա և Ադրբեջանի վերահսկողությունից դուրս։ Գիտեք, վերջերս մի քանի հայ երեխաներ փորձել են ավտոբուսով անցնել Լաչինի միջանցքով, սակայն նրանց կանգնեցրել են, և ավտոբուս են մտել դիմակավորված մի քանի ադրբեջանցիներ։ Երեխաները վախեցած էին, և դա Լաչինի միջանցքով անցնելու հայերի վերջին փորձն էր»,- նշել է Փաշինյանը։ Փաշինյանը անհիմն է համարել Ալիևի այն հայտարարությունը, թե, իբր հայերը մզկիթներ են ավերել։ « 2017 թվականին Ադրբեջանում բազմաթիվ մզկիթներ են ավերվել, որպեսզի դրանց տեղում այլ շենքեր կառուցվեն։ Խորհրդային տարիներին Ադրբեջանում ավերվել է ավելի քան 1500 մզկիթ, և Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է վճարեն խորհրդային ժամանակների պարտքերը։  Սա շատ վտագնավոր նարատիվ է, որովհետև վախենամ Ադրբեջան ցանկանում է կրոնական ենթատեքստ հաղորդել այս ամբողջ իրավիճակին։ Հակամարտության մեջ չկա կրոնական ենթատեքստ։ Հայաստանում ունենք մահմեդական փոքրամասնություն և գործող մզկիթ։ Սա  է իրականությունը»,- ընդգծել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը իր ելությում օգտագործել է վիրավորական խոսույթ՝ ընդգծելով «կապիտուլյացիա» բառը։ «Տպավորություն է, թե Ադրբեջանը որդեգրել է ռևանշի քաղաքականությունը, և, միգուցե, դա է Ադրբեջանի քաղաքականությունը։ Նշվեց, որ մեր պատմությունը շատ բարդ է, և սա պատմական հանդիպում է, բայց ինչ նպատակով ենք մենք այն օգտագործում՝ ատելությո՞ւն, ագրեսիվ հռետորաբանության, թե՞ մենք ցանկանում ենք օգտագործել այս հարթակը իրավիճակը բարելավելու համար։ Կարծում ենք, որ պետք է օգտագործենք այս հարթակը կառուցողական նպատակների համար։ Հպարտ եմ, որ մեր Կառավարությունը նույնիսկ կործանարար պատերազմից հետո անցկացրեց ազատ և մրցակցային ընտրություններ։ Lուծումը ժողովորդավարությունն է, թափանցիկությունն է, երկխոսությունն է և հարգանքն է մեր տարածաշրջանի բոլոր երկրների հանդեպ»,- եզրափակեց Փաշինյանը։
22:13 - 18 փետրվարի, 2023
Շատ կարեւոր է Վրաստանի դերը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կամուրջ հանդիսանալու համար․ Տոյվո Կլաար |1tv.ge|

Շատ կարեւոր է Վրաստանի դերը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կամուրջ հանդիսանալու համար․ Տոյվո Կլաար |1tv.ge|

1tv.ge: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը մենք խոսեցինք նախագահի և Հայաստանի վարչապետի հետ նրա անձնական մասնակցության և ներգրավվածության մասին, ինչպես նաև նրա ցանկության մասին՝ որպես օժանդակող հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև նրանց մերձեցման համար, մենք սատարում ենք դրան։ «Մոամբի»-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Տոյվո Կլաարը հուսով է, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունը կավելանա և կսերտանա։ Ինչպես ասում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունելի է Վրաստանի ցանկությունը կամուրջի դեր խաղալ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Շատ կարեւոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն եւ նպաստեն խաղաղությանը, եւ այստեղ շատ կարեւոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս առումով ավելի մեծ համագործակցություն կլինի Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև»,- ասել է Տոյվո Կլաարը։ Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Թբիլիսիում կարևոր էր, և Վրաստանի մայրաքաղաքը դեռ կարող է օգտագործվել ամենաբարձր մակարդակի և տարբեր ձևաչափերի հանդիպումների համար։ «Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայացավ ԱԳ նախարարների հանդիպումը և կարող է նորից դառնալ նման վայր՝ թե՛ առաջնորդների հանդիպումների, թե՛ տարբեր ձևաչափերի համար։ Այս առումով Վրաստանը աշխարհագրորեն շատ հարմար է, հարեւան երկրներից կարելի է արագ և հեշտությամբ հասնել այստեղ։ Ի վերջո, տրամաբանական է, որ նույն տարածքում գտնվող երեք երկրները՝ Հարավային Կովկասը, պետք է փորձեն գտնել համագործակցության ոլորտներ։ Օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում։ Ես մեծ ներուժ եմ տեսնում ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Տոյվո Կլաարը։
14:43 - 08 փետրվարի, 2023
Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ
 |armenpress.am|

Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեի հետ։ Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Այս մասին հաղորդում է «Грузия Online» պարբերականին: «Նշվել է, որ Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սերտ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունեն, և ապագայում տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցության հույս է հայտնվել», - մեջբերում է պարբերականը կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրությունը: Գեորգի Շարվաշիձեն Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ առաջին փոխնախարարի պաշտոնը։ Զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ։ 2016-2022 թթ.-ին եղել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի ռեկտորը։ Բացի այդ, 2004-2013 թթ.-ին նա աշխատել է որպես Բուդապեշտի «Բաց հասարակություն» ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն: Գեորգի Շարվաշիձեն Մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի գործող անդամ, պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Հեղինակ է մենագրությունների և գիտական ​​հոդվածների։
14:45 - 25 հունվարի, 2023
Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ մեծանուն երգիչ, և դերասան Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Վախթանգ Կիկաբիձեի մահվան մասին: Իմ ցավակցությունն եմ հայտնում Վ. Կիկաբիձեի ընտանիքին, հարազատներին և բարեկամ վրաց ժողովրդին: Վ. Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ, որը յուրովի խորհրդանշում է նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը»: Կյանքի 85-րդ տարում վախճանվել է վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն։ Կիկաբիձեն հայ հասարակությանը հայտնի էր, առաջին հերթին, «Միմինո» ֆիլմում կատարած դերով։
19:01 - 15 հունվարի, 2023
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հանդես է եկել ելույթով: Վարչապետն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը: Ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի,Հարգելի՛ գործընկերներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք,Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում կրկին ողջունում եմ վարչապետ Ղարիբաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը։Կասկածից վեր է, որ ընդհանուր արժեքների, քաղաքակրթական ու պատմական ընդհանրությունների վրա խարսխված հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը մեր ակտիվ փոխգործակցության ամուր հիմքն է ու ապագայի հուսալի գրավականը, իսկ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնություններից է:2022 թվականը կարելի է անվանել նախորդ շրջանի դժվարությունների և հետևանքների հաղթահարման տարի: Ցանկանում եմ գոհունակությամբ փաստել, որ հետևողական ջանքերի իրականացման շնորհիվ կարողացանք արձանագրել տնտեսական աճ և բազմաթիվ ոլորտներում մեր տնտեսությունները վերադարձել են բնականոն մակարդակի։Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր մեր միջկառավարական հարաբերությունները գտնվում են որակապես նոր փուլում և դինամիկ զարգացում են արձանագրում ամենատարբեր ոլորտներում։ Խոսքերիս վառ վկայությունն են Հայաստանի և Վրաստանի ղեկավարների պարբերական պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումները, որոնց ընթացքում մենք հնարավորություն ենք ունենում անդրադառնալ երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգին։ Այդ ակտիվությունը պահպանվում է նաև բազմաթիվ այլ ոլորտներում, որտեղ ամենատարբեր մակարդակներով տեղի են ունենում երկկողմ ակտիվ շփումներ։Այդուհանդերձ, մեր տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում կա փոխադարձ հստակ ընկալում՝ բացահայտելու դեռևս չիրացված ներուժը և առավել արդյունավետորեն օգտագործելու դրանից բխող հնարավորությունները: Այդ առումով, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում զգալի տեղ է վերապահված փոխադարձ ներդրումների խթանմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոքր և միջին բիզնեսի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, երկու երկրների ոլորտային գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին:Կորոնավիրուսի համավարակի հետևանքով գրեթե բոլոր երկրներում տնտեսություններն էապես բացասական ազդեցություններ կրեցին, որից անմասն չմնացին մեր երկրները, ինչի հետևանքով 2020 և 2021 թվականներին 2019 թվականի համեմատ որոշակիորեն նվազեցին փոխադարձ առևտրի ցուցանիշները։ Սակայն 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին առևտրաշրջանառության ծավալը, ՀՀ վիճակագրության հաշվարկներով, 2021 թվականի համեմատ ավելացել է գրեթե երկու անգամ՝ կազմելով 759 մլն ԱՄՆ դոլար։ Այստեղ Վրաստանի վիճակագրությունն ավելի բարձր ցուցանիշ է հրապարակում՝ 1 մլրդ, և ես համոզված եմ, որ դուք ավելի ճիշտ եք հաշվել, քան մենք: Շատ կարևոր է, որ մենք թվերը համեմատենք ոչ թե 2020, 2021 թվականի, այլ 2019-ի հետ, որտեղ ցուցանիշները եղել են շատ բարձր և ռեկորդային: Այս առումով՝ 2019թ. հունվար-նոյեմբերին Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 481.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2022 թվականին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 57.6%: Կարծում եմ, որ այս ցուցանիշը, հայտնի պատճառներով, ավելի կարևոր է, որովհետև մեզ համար էլ, ձեզ համար էլ 2019 թվականը եղել է շատ հաջող տարի՝ նախորդ տարիներից թերևս ամենահաջողվածը:Եթե համեմատելու լինենք 2022թ. 11 ամիսների ցուցանիշները 2019թ. տարեկան ցուցանիշների (554.7 մլն) հետ, ապա նույնիսկ այս պարագայում 2022թ. 11 ամիսներին Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2019թ. համեմատ աճել է 36.9%-ով: Այսինքն՝ 11 ամիսն արդեն 2019-ի ամբողջ ծավալը գերազանցել է, ինչի կապակցությամբ ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել: Սա նշանակում է, որ այն, ինչ մենք խոսում ենք, պայմանավորվում ենք, նաև գործարար աշխարհն այդ ուղերձն ընկալում է, նաև մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգանան:Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս արտաքին առևտրի ցուցանիշների դրական դինամիկան կպահպանվի՝ շնորհիվ մեր երկրների տնտեսությունների աճի և փոխգործակցության զարգացման։Կցանկանայի գոհունակությամբ նշել մեր երկրներում տնտեսական աճի բարձր ցուցանիշների արձանագրումը: Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում 2022 թվականին երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել: Կարծում եմ՝ նաև մեր փոխգործակցությունը և լավ հարաբերությունները շատ կարևոր դեր են ունեցել դրանում: Հայաստանում 2022 թվականի հունվար–սեպտեմբերին համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 12.6%։Երկկողմ համագործակցության շրջանակներում տրանսպորտային ոլորտին տրված առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք երթուղիների հանգուցային կապ ապահովող նախաձեռնություններում։ Սա ևս մեր քննարկումների ստրատեգիական հարթության հարցեր են, որոնց մասին մենք պետք է շարունակաբար աշխատենք:Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ վերահսկողության միջոցով։ Այս համատեքստում, ցանկանում եմ ընդգծել նախորդ տարվա օգոստոսին հայ-վրացական միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի «Բարեկամություն» անվանումը կրող նոր կամրջի շահագործման կարևորությունը:Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս երկաթուղային տրանսպորտային համագործակցությանը և մուլտիմոդալ փոխադրումների ընդլայնմանը, այդ թվում՝ ծովային փոխադրումների կազմակերպմանը։Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվել է 365 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որն ավելին է, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած Հայաստանից արտահանումը: Հույս ունենք, որ այս ոլորտում նախանշված դինամիկան մեզ կհաջողվի պահպանել:Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդիականությունն ու դրանց օրեցօր աճող դերը կյանքի գրեթե բոլոր բնագավառներում՝ Հայաստանի և Վրաստանի միջև թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտներում գործակցության զարգացումը դառնում է հրամայական:Կրթության և գիտության ոլորտում ևս շարունակվում են Վրաստանի հետ ակտիվ շփումները։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ նախորդ տարվանից սկսած՝ Հայաստանի արդեն երեք դպրոցներում դասավանդվում է վրացերեն, և այդ թիվը հաստատապես կավելանա։ Այդ թվի ավելացման համար մենք ակնկալում ենք մեր վրաց գործընկերների աջակցությունը Հայաստանի դպրոցներում վրացերենի դասավանդման մակարդակը բարձրացնելու համար և մենք ակնկալում ենք աջակցություն վրացերենի մասնագետների պատրաստման ու վերապատրաստման հարցում, որպեսզի կարողանանք պատշաճ ծավալով իրականացնել, որովհետև հիմնական խոչընդոտը, որ մենք այսօր ունենք, մասնագետների թվի սակավությունն է:Միջգերատեսչական համագործակցության շրջանակում մշակվել է Վրաստանի՝ հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցների ուսուցիչների ատեստավորման ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2022 թվականին: Նախատեսվում է ընդլայնել ծրագիրը, որը կներառի նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ արդյունավետ աշխատանքներ են ընթանում Երևանի պետական համալսարանում վրացագիտության կենտրոնի ստեղծման և Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում հայագիտական ամբիոնի զարգացման ուղղությամբ:Այսօր հայ-վրացական համագործակցությունը մշակույթի ոլորտում թևակոխում է որակապես նոր շրջափուլ, որում միմյանց մշակույթները զուտ ընկալողի կարգավիճակից անցում է կատարվում համատեղության սկզբունքով մշակութային միասնական դաշտ ձևավորելու, միջազգային մշակութային-զբոսաշրջային շուկայում միասնաբար դիրքավորվելու հարթություն։ Անհրաժեշտ եմ համարում նաև ընդգծել Վրաստանի և Հայաստանի մշակութային խմբերի հյուրախաղեր կազմակերպելը, մշակութային գործիչների փոխայցելությունները, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ կազմակերպելը: Նկատի ունեմ, որ վրաց մշակութային գործիչները, կոլեկտիվները հյուրախաղերով հանդես գան Հայաստանում և Հայաստանի կոլեկտիվները, արվեստագետները ներկայանան նաև Վրաստանում: Հույս ունեմ, որ մեր այս քննարկումների արդյունքում այդ պրոցեսը նույնպես կակտիվանա:Մեր մշակութային համագործակցության կարևոր ուղղություններից է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, և այդ համատեքստում մեզ անհրաժեշտ է ակտիվացնել մշակութային ժառանգության հարցերով պատասխանատու հաստատությունների միջև համագործակցությունը:Խոսելով մշակութային փոխգործակցության մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի հիմնանորոգման, ինչպես նաև թատերախմբի գործունեությանն աջակցելու համար:Մեր երկու երկրներում զարգացման զգալի ներուժ ունի նաև զբոսաշրջության ոլորտը։ 2022 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 1.6 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 90%-ով: Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև փոխադարձ զբոսաշրջային այցելությունները ևս աճի ներուժ ունեն։ Նշեմ, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանից Հայաստան այցելուների թիվը կազմել է շուրջ 190 հազար և այս թիվն ակնհայտորեն մեծանալու պոտենցիալ ունի:Կարծում եմ, որ մեր երկրների միջև տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներ ստեղծելու հարցում կա դեռևս չիրացված ներուժ, և այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը նոր մակարդակի կհասցնի զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը։ Իմիջայլոց, ուզում եմ ասել, որ Վրաստան կատարած իմ առաջին այցի ընթացքում, երբ հանդիպում էինք Վրաստանի բիզնես հանրության ներկայացուցիչների հետ, առաջին հարցը, որ նրանք բարձրացնում էին, ասում էին, որ Թբիլիսիից Երևան եկող ճանապարհները շատ վատ վիճակում են, և ես նրանց խոսատացա, որ այդ հարցն անպայման կլուծենք: Հիմա ուրախ եմ արձանագրել, որ Թբիլիսիից Երևան եկող ավտոճանապարհները գտնվում են փայլուն վիճակում: Այնպես, որ հույս ունեմ, որ մեր զբոսաշրջային ընկերությունները, մեր պայմանավորվածության համաձայն, զբոսաշրջության ծավալները, ուղղությունները և համագործակցությունը կակտիվացնեն: Մանավանդ, կարծում եմ, որ մենք, այս առումով, կարևոր մի փաստաթուղթ ենք ստորագրում՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայանգիրը, ինչը նշանակում է, որ մեր քաղաքացիները և մենք էլ իրար հետ փոխադարձաբար արդեն կարող ենք այցելել առանց անձնագրի, ID քարտերով, ինչը նույնպես շատ կարևոր է և արտահայտում է մեր համագործակցությունը:Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս համագործակցության համար: Այս թվարկումը ինչի՞ մասին է: Մեծ հաշվով այս թվարկումը նրա մասին է, որ մեր երկկողմ հարաբերությունները միաշերտ չեն, ոչ էլ երկշերտ են, ոչ էլ եռաշերտ: Մեր հարաբերությունները բազմաշերտ են, և համոզված եմ, որ մեր քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների այս որակը թույլ է տալու, որ այդ շերտերը գնալով շատանան՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն Վրաստանի, ի բարօրություն տարածաշրջանի և մեր երկու երկրների ու ժողովուրդների դարավոր բարեկամության:Կրկին ողջունում եմ և հաջողություններ մաղթում»:
18:44 - 12 հունվարի, 2023
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչ այդ կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը: Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից, նիստին ունեցած ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի՛ ներկաներ, Ուրախ եմ Երևանում հյուրընկալելու ձեզ և իմ գործընկերոջը՝ վարչապետ Ղարիբաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ մասնակցելու  Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստին: Երկու երկրների վարչապետների մակարդակով այս նիստի նախագահումը մեկ անգամ ևս վկայում է երկկողմ հարաբերությունների արժևորման և փոխգործակցության օրակարգը բարձր հոգածության ներքո պահելու մասին:  Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ երկարատև դադարից հետո՝ 2019 թվականից մինչև օրս, միջկառավարական հանձնաժողովի արդեն երեք նիստ է գումարվել: Կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու մեր երկրների հարաբերությունների խթանմանը միտված այս կարևոր ձևաչափի պարբերականությունն ու դրանում արձանագրված պայմանավորվածությունների արդյունավետ կատարումը: Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ այս միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը բավականին հագեցած է և ներառում է երկկողմ գործակցության ամենատարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, գիտություն, կրթություն, շրջակա միջավայրի պահպանություն և այլն: Վստահ եմ, որ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն՝ հայ-վրացական հարաբերություններին հաղորդելով նոր որակ և բովանդակություն: Անշուշտ, պարոն վարչապետի հետ բացի երկկողմ տնտեսական բնույթի հարցերից, քննարկման ենթակա են նաև անվտանգության, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցեր: Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա է փոխըմբռնում, ինչը պայմանավորված է մեր ժողովուրդների միջև դարավոր կապերով և հայ-վրացական եղբայրական հարաբերությունների գերակայության գիտակցմամբ: Թույլ տվեք հաջողություն մաղթել երկկողմ բոլոր փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Վստահ եմ, որ ապագայում ևս երկուստեք կգործադրվեն բոլոր անհրաժեշտ ջանքերն առկա բազմաբովանդակ  հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման և ընդլայնման ուղղությամբ, որի իրականացման համար անհրաժեշտ է դրսևորել ամենօրյա անխոնջ հոգածություն: Շնորհակալություն»: Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին նշել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ողջունում եմ Ձեր կառավարությանը, հանձնաժողովի անդամներին: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Երևանում և իմ գործընկեր բարեկամի հետ ղեկավարել տնտեսական հանձնաժողովի 12-րդ նիստը: Նախ, ուզում եմ նշել, որ տնտեսական հանձնաժողովը կարևոր հարթակ է մեր երկրների միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և մշակութային կապերի հզորացման համար: Ինչպես հայտնի է, մենք բազմադարյա բարիդրացիական բարեկամություն և եղբայրություն ունենք, և այսօրվա նիստն էլ ևս մեկ քայլ կլինի մեր երկրների տնտեսական առաջընթացի, նորարարությունների ներդրման առումով: Իսկ այս ամենին հնարավոր է հասնել միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության պայմաններում: Մենք բավականին դրական դինամիկա ունենք կառավարությունների միջև: Հաճույքով ուզում եմ նշել, որ անցած տարի հունվար-նոյեմբեր շրջանում առևտրաշրջանառությունն աճել է մոտավորապես 70 տոկոսով և գերազանցել է 1 մլրդ դոլարը: Իսկապես դա ողջունելի արդյունք է: Հայաստանը Վրաստանի համար դարձել է 6-րդ առևտրային գործընկերը: Թոփ տասնյակում Հայաստանը 6-րդ տեղում է, ինչը մեզ շատ է ուրախացնում: Ուզում եմ նշել նաև, որ բոլոր ուղղություններով մենք ունենք դրական առաջընթաց.  զբոսաշրջություն, բեռնափոխադրումներ, բոլոր ուղղություններով աճել են տվյալները: Պարոն վարչապետ, հանձնաժողովի թանկագին անդամներ, ուզում եմ նշել նաև, որ մեր իշխանությունը, մեր երկիրը, մեր ժողովուրդը շահագրգռված ենք, որ տարածաշրջանում լինի երկարաժամկետ խաղաղություն: Այս նպատակով ուզում եմ նշել, որ մենք ունենք նախաձեռնություն խաղաղ հարևանության հարթակի ձևավորման համար: Տվյալ ձևաչափը չի փոխարինի այլ ձևաչափերի և այլ նախաձեռնությունների, հակառակը՝ դա կօգնի, էլ ավելի կհզորացնի հնարավորությունները, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատվի: Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ առանց կայունության և խաղաղության անհնար է հասնել հզոր, երկարաժամկետ տնտեսական վերելքի և մեր ժողովուրդների բարեկեցության: Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների հանձնաժողովի անդամներին: Շատ արդյունավետ, արգասաբեր աշխատանք է կատարվել երկու կառավարությունների կողմից: Մեկ անգամ ևս ողջունում եմ բոլորիդ, սրտանց շնորհավորում Ամանորն ու Սուրբ ծնունդը, հաջողություն և բարօրություն ցանկանում մեր բարեկամ հայ ժողովրդին»:   Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրերին: Նիստի արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր: Ստորագրվել է նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:        
18:29 - 12 հունվարի, 2023