Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է (ՄԻՊ), այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ․ մարտին։

2014թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2020 սեպտեմբերից 2021թ մարտ աշխատել է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմում:

Միջազգային հանրության ոչ հասցեական հայտարարությունները կանաչ լույս են վառում Ադրբեջանի հերթական ագրեսիաների համար. Արցախի ՄԻՊ

 |armenpress.am|

Միջազգային հանրության ոչ հասցեական հայտարարությունները կանաչ լույս են վառում Ադրբեջանի հերթական ագրեսիաների համար. Արցախի ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի դեռ 2 տարի առաջ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, իսկ գերիների վերադարձը Ադրբեջանի կողմից ոչ թե հումանիտար ժեստ է, այլ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություն: Նման տեսակետ հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Երկու տարի է անցել պատերազմից: Սա այն պատերազմն էր, որ ուղեկցվել է ռազմական հանցագործությունների գրեթե բոլոր տեսակների կիրառմամբ, այսինքն այն, ինչ արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում իրագործել է: Ցավոք սրտի, պատերազմից 2 տարի անց էլ մենք Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների հստակ իրավական և քաղաքական գնահատականների չենք հանդիպում: Իհարկե, իրավական գործընթացներ կան միջազգային դատարաններում, որոնց առնչությամբ գործընթացը մի փոքր երկարատև է, և ամբողջական դատաքննությունից հետո միայն հանցավորները պատժի, պատասխանատվության կենթարկվեն: Բայց առնվազն պետք էր ակնկալել, և այսօր էլ պետք է շարունակել ակնկալել, որ միջազգային հանրության կողմից հստակ դիրքորոշում պետք է արտահայտվի, որ այդ պատերազմն Ադրբեջանի կողմից վարված ագրեսիվ պատերազմ է, որն ուղեկցվել է բազմաթիվ հանցագործություններով»,-ասաց Ստեփանյանը: Ընդ որում, Ադրբեջանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում նաև միջազգային դատական մարմինների նկատմամբ:  Ադրբեջանը մինչ օրս անտեսում է, չի իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներ, որոնք ոչ միայն Արցախի, 44-օրյա պատերազմի համատեքստում են, այլ առհասարակ: Արցախի ՄԻՊ-ը նկատեց՝ Ադրբեջանը ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու հարցում հնգյակում է: Կա ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, որը մեծ հաշվով չի փոխել Ադրբեջանի վարքագիծը: «Ընդ որում, եթե կայացվել է իրավական որոշումը, ապա միջազգային հանրությունն առաջին հերթին ինքն իրեն և իր ստեղծած մարմինները պետք է հարգի, ըստ այդմ էլ այդ որոշումները չկատարողներին ենթարկի պատասխանատվության»,-շեշտեց Ստեփանյանը: Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը՝ Ադրբեջանը մինչև օրս ամբողջությամբ չի վերադարձնում հայ գերիներին: «Այստեղ խոսքը նաև գերիների թեման քաղաքական առևտրի առարկա դարձնելու մեջ էր, որը և անթույլատրելի, և անընդունելի է: Ինձ համար երբեմն նաև զարմանալի է, երբ միջազգային կառույցների ներկայացուցիչներն են փորձում ողջունել, երբ  Ադրբեջանը գերիների նոր խումբ է թողնում վերադառնալ հայրենիք»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը: Ստեփանյանն անընդունելի համարեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը, որով վերջինս ողջունել էր Ադրբեջանի կողմից գերիների վերադարձը: «Գերիների վերադարձը չի կարող հումանիտար ժեստ լինել: Դա միջազգային իրավունքով սահմանված պարտավորություն է, որը պետք է կատարվի, ոչ թե դրա համար պետք է ողջունել կամ խրախուսել: Դա պարտավորություն է՝ պարտադիր կատարման ենթակա: Եվ մեր ուղղությունը նաև այն պետք է լինի, որ այդ պարտադիր կետերը, պահանջները պետք է կատարվեն, այլ ոչ թե դառնան այս կամ հարցի քաղաքական առևտրի թեմա»,-ասաց նա: Այսպիսով Արցախի ՄԻՊ-ը և իրավական, և քաղաքական պատասխանատվության տեսանկյունից համատեղ աշխատանքի կարիք է տեսնում: Ինչ վերաբերվում է իրավական գործընթացներին, ապա Ստեփանյանը լավատես է, կարծում է, որ հաջողություն ունենալու ենք երկու դատարաններում էլ՝ թե ՄԻԵԴ-ում, թե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, սակայն դրան պետք է զուգորդի նաև քաղաքական պատասխանատվության հարցը: Ստեփանյանը կարևորում է այդ թեմաները տարբեր կառույցներում հնարավորինս շատ բարձրացնելը: «Պետք է տարբեր պետությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրենք և պահանջենք, որ, եթե աշխարհի տարբեր կետերում ագրեսորին ենթարկում են պատժամիջոցների կամ այլ մեթոդներով զսպում են ագրեսիան, ապա նույնը պետք է կատարվի այստեղ, որովհետև միջազգային իրավունքը պետք է բոլորի համար գործի»,-ընդգծեց նա՝ շեշտելով՝ պետք է շարունակել աշխատանքը՝ համատեղելով իրավական պատասխանատվության գործիքակազմը քաղաքական պատասխանատվության հետ: Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային՝ Ստեփանյանն ընդգծեց, որ միջազգային հանրության ոչ հասցեական և հաճախ անբովանդակ հայտարարություններն ուղղակի կանաչ լույս են վառում Ադրբեջանի հերթական ագրեսիաների համար: Ընդ որում, խոսքը ոչ միայն սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ իրագործված ագրեսիայի մասին է, այլ նաև հրադադարի երկու տարիների ընթացքում Արցախի դեմ իրագործված ագրեսիաների: «Եթե միջազգային հանրությունը պետք է իր այս կրավորականությամբ թույլ տա, անպատժելիություն ստեղծի Ադրբեջանի համար, ապա բոլորը պետք է հասկանան, որ միջազգային իրավունքն է դրվում լուրջ վտանգի տակ: Սա միայն Հայաստանի կամ հայ ժողովրդի հարցը չէ, այլ նաև ընդհանուր աշխարհակարգի և սահմանված կանոնների հարցն է»,-ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
15:18 - 27 սեպտեմբերի, 2022
Միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողություններ. Արտակ Բեգլարյանը՝ Բելգիայի խորհրդարանականների հետ հանդիպմանը

Միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողություններ. Արտակ Բեգլարյանը՝ Բելգիայի խորհրդարանականների հետ հանդիպմանը

Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը հանդիպել են Բելգիայի Թագավորության Սենատի անդամ, Խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո իրագործված ադրբեջանական ռազմական հանցագործությունների, Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի հետևողական ու համակարգային կիրառման հետևանքով մարդու իրավունքների համատարած խախտումների, ենթակառուցվածքների աշխատանքը խոչընդոտելու միջոցով Արցախում բնականոն կյանքը խաթարելու ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։ Պաշտպանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր անհատներն ու կառույցները ստեղծված իրավիճակում պետք է առաջնահերթորեն հանդես գան Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի ճանաչման օրակարգով։ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն և դրա հետևանքով ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը՝ շեշտադրելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողությունների անհրաժեշտությունը։ ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ողջունել է բելգիացի խորհրդարանականների հետ ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ Բելգիայի օրենսդիրները կօգտագործեն իրենց հնարավորություններն ու լծակները Արցախի մասին միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու և Արցախի անկախության ճանաչման գործընթացին աջակցելու համար։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան-Բելգիա» բարեկամական խմբի անդամները։
15:02 - 26 սեպտեմբերի, 2022
Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին․ Արցախի ՄԻ պաշտպանի ուղերձը

Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին․ Արցախի ՄԻ պաշտպանի ուղերձը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ իր գործընկերոջը՝ Քրիստիննե Գրիգորյանին, ՀՀ անկախության տոնի առթիվ․ «Հարգելի տիկին Գրիգորյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր անդամներին և համայն հայությանը Մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության 31-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հայաստանի անկախությունն ու պետականությունը մեր հազարամյա ժողովրդի երազանքի մարմնավորումն է, արժեք, որ ձեռք է բերվել հարյուրավոր սերունդների մաքառմամբ և սրբագործվել՝ հազարավոր նահատակների զոհողությամբ։ Անկախ Հայաստանի գոյությունն իր հայրենիքում իր իրավունքներն ու ազատությունները լիակատար ու անխոչընդոտ իրացնելու հայ մարդու և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առանձնաշնորհյալ հնարավորությունն է ու երաշխիքը։ Աներկբա է, որ այդ երաշխիքն ամրացնելու գործում նշանակալի է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակավոր դերն ու արհեստավարժ գործունեությունը։ Պետականության առաջ ծառացած մարդահրավերներն այսօր էլ շատ են, որոնց հաղթահարումը պահանջում է ներուժի կենտրոնացում և համատեղում, անխոնջ աշխատանք ու անհուն նվիրում։ Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ՝ գոհունակություն և երախտագիտություն եմ հայտնում բոլոր պաշտպանների օրոք երկու ՄԻՊ հաստատությունների միջև ձևավորված և այսօր էլ շարունակվող սերտ ու անխզելի համագործակցության համար։ Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունն ու անկախությունը։  
13:48 - 21 սեպտեմբերի, 2022
Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է Եվրոպական Խորհրդարանում անցկացված «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովին

Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է Եվրոպական Խորհրդարանում անցկացված «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում անցկացված «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովին: Խորհրդաժողովի ընթացքում հիմնական բանախոսությամբ հանդես են եկել ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։    Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասներ է ներկայացրել 44֊օրա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ՝ նշելով, որ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել և այդ անպատժելիությունն է, որ կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների շարունակական, համակարգային և լայնածավալ խախտումների համար։   Պաշտպանը ներկայացրել է հրադադարի հաստատմանը հաջորդած 22 ամիսների ընթացքում արձանագրված ադրբեջանական հանցավոր գործողությունները, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների հետևանքով Արցախում ամենատարրական՝ կյանքի իրավունքի ապահովման սպառնալիքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի օգտագործումը որպես գործիք՝ իր անօրինական պահանջների իրականացման համար։ Գեղամ Ստեփանյանը ընդգծել է, որ ադրբեջանական այս քաղաքականությունը հիմնված է հայերի նկատմամբ էթնիկ ատելության վրա և նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկելու ու հայաթափելու Արցախը։   Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել Արցախի կարգավիճակի վերջնական որոշմամբ՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է միայն որոշվել իր ժողովրդի կողմից, փաստ, որը արձանագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված սկզբունքներում։ Հայտարարելով, որ հակամարտությունը կարգավորված է կամ հրաժարվելով կարգավիճակի շուրջ բանակցություններից՝ Ադրբեջանը փորձում է բացառել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունը։ Նման պայմաններում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ թե որպես միջնորդ, այլ որպես Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի երաշխավոր։   Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, դատարանի կողմից կայացված վճիռների և դեռևս քննվող գործերի ընթացի վերաբերյալ։   Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, անդրադառնալով իր հայրենիքում՝ Արցախում, անվտանգ ապրելու հայերի իրավունքին, նշել է, որ Եվրոպական խորհրդարանն արդեն իր հրատապ բանաձևով դատապարտել է Ադրբեջանում պետական մակարդակով հովանովորվող հայատյացության քաղաքականությունը, որն ինքնին այն փաստի ճանաչումն է, որ Արցախի ժողովրդի գոյությունը Ադրբեջանի տիրապետության տակ անհնարին է։   Եվրոպական խորհրդարանի՝ միջոցառմանը ներկա մի խումբ պատգամավորներ վերահաստատել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը օժանդակելու իրենց պատրաստակամությունը, իսկ ՄԻՊ֊ը կոչ է արել առավել ակտիվ և հասցեական գործողություններով ու հայտարարություններով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու շարունակվող էթնիկ զտման քաղաքականությունն ու պարբերաբար կրկնող ագրեսիաները։   Բելգիայի Թագավորություն և Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում սեպտեբերի 7-8-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել քաղաքական գործիչների, փորձագետների ու իրավապաշտպանների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
11:44 - 09 սեպտեմբերի, 2022
Արցախի ՄԻՊ–ը կոչ է անում բոլոր պետական մարմիններին բացառել հավաքների մասնակցության սահմանափակման հետ կապված ոչ իրավաչափ գործողությունները

Արցախի ՄԻՊ–ը կոչ է անում բոլոր պետական մարմիններին բացառել հավաքների մասնակցության սահմանափակման հետ կապված ոչ իրավաչափ գործողությունները

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվող հավաքի մասնակիցների հայտարարություններին։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․«Արձագանքելով Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվող հավաքի մասնակիցների կողմից հնչեցված հայտարարություններին առ այն, որ պետական մարմինների, պաշտոնատար անձանց, ուսումնական հաստատությունների պատասխանատուների կողմից ճնշումներ են գործադրվում հավաքի մասնակիցների նկատմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում նշել, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու յուրաքանչյուրի իրավունքը։ Հավաքների ազատության մասին Արցախի Հանրապետության օրենքի 6֊րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցելու որևէ հավաքի կամ խոչընդոտելու նրա մասնակցությունը որևէ հավաքի։ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր պետական մարմիններին և պաշտոնատար անձանց առաջնորդվել բացառապես օրենսդրական կարգավորումներով՝ բացառելով հավաքների մասնակցության սահմանափակման հետ կապված ոչ իրավաչափ գործողությունները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկա են լինում հավաքի վայրում՝ հավաքի ընթացքի դիտարկում իրականացնելու նպատակով»։
20:32 - 03 սեպտեմբերի, 2022
Այս օրը խորհրդանշում է իր իրավունքների և ազատությունների երաշխավորման համար Արցախի ժողովրդի պայքարի նշանակալից մի հանգրվանը. ՀՀ ՄԻՊ

Այս օրը խորհրդանշում է իր իրավունքների և ազատությունների երաշխավորման համար Արցախի ժողովրդի պայքարի նշանակալից մի հանգրվանը. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր գործընկերոջը Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:   «Հարգելի՛ պարոն Ստեփանյան,   Սիրելի՛ գործընկեր,   Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Այս օրը խորհրդանշում է իր իրավունքների և ազատությունների երաշխավորման համար Արցախի ժողովրդի պայքարի նշանակալից մի հանգրվանը, որին հաջորդում է սեփական հայրենիքում անձանց անվտանգ կյանքի ու արժանապատիվ գոյության, կրթության, սեփականության, տնտեսական, մշակութային և բոլոր այլ իրավունքների երաշխավորման ու ապահովման շարունակական մաքառման մեր ուղին։   Մարդու իրավունքները համընդանուր են և գործում են անկախ աշխարհագրությունից, դրոշներից ու սահմաններից, անկախ ազգությունից, էթնիկ, ռասայական, կրոնական պատկանելությունից կամ այլ հատկանիշներից։ Ահա այս արժեքների ու սկզբունքների վրա է խարսխված Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը։ Չափազանց կարևոր է անձամբ Ձեր առաքելությունը՝ միտված հակամարտության տևական չլուծման պայմաններում անձանց բոլոր իրավունքների և ազատությունների ապահովմանը։   Բարձր գնահատելով մեր երկու հաստատությունների առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ և մաղթում խաղաղություն ու բարեկեցություն»,-նշված է շնորհավորական ուղերձում։
12:24 - 02 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում արձանագրվել են Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը․ ԱՀ ՄԻՊ

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում արձանագրվել են Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը․ ԱՀ ՄԻՊ

Գոհունակությամբ ենք նշում, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը․ գրում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Կոմիտեի արձանագրած մտահոգությունները ազգությամբ և ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումների ու ռասիստական կարծրատիպերի քարոզչության վերաբերյալ՝ այդ թվում Ադրբեջանի պետական պաշտոնյաների կողմից, ինչպես նաև պատշաճ հետաքննության բացակայությունը լավագույնս վկայում են այն մասին, որ Ադրբեջանում խտրական քաղաքականությունը իրականացվում է պետական մակարդակով։ Կոմիտեի կողմից մատնանշված մյուս բոլոր դեպքերը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում արտադատական սպանությունները, խոշտանգումները, դաժան վերաբերմունքը և կամայական կալանավորումները, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը իրականացվում են համաձայն Ադրբեջանի պետական խտրական քաղաքականությանը և որպես դրա շարունակություն։ Կոմիտեի կողմից ներկայացված դիտարկումները մաս են կազմում տասնամյակների ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող Ադրբեջանի համակարգային և լայնածավալ խտրական քաղաքականությանը։ Պետական մակարդակով Ադրբեջանի խտրական քաղաքականության իրականացումը վկայում է, որ Արցախի ժողովրդի ընտրած ուղին և անկախ պետականության կառուցումը այլընտրանք չունեն։ Համոզված ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը հասունացել է՝ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտումների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների կիրառման վերաբերյալ միջազգային հանրության կողմից ստանձնած պարտավորության իրականացման դրսևորում»։
16:22 - 31 օգոստոսի, 2022
Արցախի ՄԻՊ-ը կառավարությանը կոչ է անում բնակչությանը իրազեկել երկրի շուրջ կատարվող իրադարձությունների մասին

Արցախի ՄԻՊ-ը կառավարությանը կոչ է անում բնակչությանը իրազեկել երկրի շուրջ կատարվող իրադարձությունների մասին

ԱՀ Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Այս իրավունքն ապահովելու համար ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերում նախատեսված է նաև պետական տարբեր մարմինների՝ «թույլատրելի» սահմաններում հրապարակային գործելու պարտականությունը: Արցախի Հանրապետության քաղաքացիները ունեն Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք և բարոյական անհրաժեշտություն: Այդ իրավունքը վերաբերում է նաև այնպիսի իրադարձություններին, որոնք առաջիկա ծրագրեր են և ուղղակիորեն առնչվում են անձնական և հանրային կյանքի կազմակերպման որոշակի գործընթացների (ճանապարհների կառուցում և երթուղիների փոփոխություն, համացանցի ապահովում, էներգա և գազա մատակարարում, կապի այլ միջոցների անցկացում և այլն): Նմանատիպ հարցերում կառավարության անգործությունը կամ պասիվությունը հանրության շրջանում մեծացնում է անորոշության զգացողությունը, հավելյալ մտահոգության և անհանգստության պատճառ դառնում: Վերոնշյալ հետևանքներից խուսափելու համար Արցախի Հանրապետության կառավարությանը կոչ ենք անում լիարժեքորեն ապահովել տեղեկացված լինելու՝ ԱՀ քաղաքացիների իրավունքը և հանրային կյանքին առնչվող հարցերի շուրջ պարբերաբար, ժամանակին և պատշաճ կերպով հանդես գալ իրազեկող հայտարարություններով»,-գրել է պաշտպանը։
16:30 - 24 օգոստոսի, 2022
Թեև տարբեր կազմակերպությունների կողմից Արցախին տրամադրվել է աջակցություն, բայց միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում. Արցախի ՄԻՊ

Թեև տարբեր կազմակերպությունների կողմից Արցախին տրամադրվել է աջակցություն, բայց միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել․ «Մարդասիրության համաշխարհային օրն ամենամյա հիշեցում է, որ պետք է գործել հանուն տառապանքների մեղմացման` անկախ մարդու ծագումից, համոզմունքից և այլ հանգամանքներից: Ամեն տարի Մարդասիրության համաշխարհային օրը համախմբում է մարդասիրության համակարգի գործընկերներին աջակցելու ճգնաժամից տուժած անձանց, նրանց գոյատևման, բարեկեցության և արժանապատվության համար: 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով երկրում աննախադեպ հումանիտար ճգնաժամ է ստեղծվել. հազարավոր զոհեր և հաշմանդամ անձինք` այդ թվում քաղաքացիական անձինք և երեխաներ, մոտ 40 000 բռնի տեղահանված անձ, ռազմագերիներ, որոնց մի մասը մինչ օրս անհայտ պայմաններում ապօրինի կերպով պահվում է Ադրբեջանում: Այս վիճակագրության հետևում կանգնած են անհատներ, ընտանիքներ, որոնց կյանքն ամբողջությամբ խարխլված է, իսկ ճակատագրերը` բոլորովին անորոշ: 2020թ. նոյեմբերի 10-ին զինադադարի մասին եռակողմ հայտարարությունը դադարեցրեց ռազմական գործողությունների ակտիվ փուլը, սակայն առաջ բերեց Ադրբեջանի կողմից անվտանգության և մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումներ, ինչպիսիք են` քաղաքացիական անձանց պատանդառություն և սպանության սպառնալիք, քաղաքացիական անձանց սպանության դեպքեր (որոնք դեռ մնում են անպատիժ), մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելու նպատակով քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված խաթարում, տարբեր մեթոդներով Արցախի խաղաղ բնակչության ահաբեկման, հրադադարի պարբերաբար խախտման դեպքեր: Այս բոլորը ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում պետական մակարդակով վարվող հայերի դեմ ուղղված ատելության խոսքով: Արցախի Հանրապետության չճանաչվածության պատճառով Միացյալ ազգերի կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ չեն այցելում Արցախ` ուսումնասիրելու հրադադարի խախտման, միջազգային իրավունքի ոտնահարման դեպքերը կամ տրամադրելու մարդասիրական օգնություն: Թեև տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից Արցախին տրամադրվել է աջակցություն, այնուամենայնիվ, միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում: Շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը գիտակցի հետպատերազմյան Արցախի մարդասիրական խնդիրների սրությունը և ստիպի Ադրբեջանին հետ կանգնել իր ագրեսիվ պահվածքից և Արցախը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունից, որը հանգեցնում է արդեն իսկ դժվար մարդասիրական իրավիճակի հետագա բարդացմանը: Այս օրվա կապակցությամբ ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են Արցախին հաղթահարելու առկա հումանիտար խնդիրները և ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մարդասիրական համակարգի բոլոր միջազգային կազմակերպություններին մոբիլիզացնել իրենց կամքն ու ռեսուրսները մեղմելու Արցախի ժողովրդի տառապանքները: ՄԱԿ-ը և մարդասիրական մանդատ ունեցող այլ միջազգային կազմակերպություններ մեծ դեր և պատասխանատվություն ունեն միջազգային իրազեկման խթանման և այս խնդիրների շուրջ քայլեր ձեռնարկելու հարցում»:
18:22 - 19 օգոստոսի, 2022
Բանակցությունների ընթացքում հայկական կողմը ստիպված է լինում գնալ զիջումների, որի հետևանքով կոպտագույն ձևով խախտվում է կյանքի իրավունքը. Արցախի ՄԻՊ

Բանակցությունների ընթացքում հայկական կողմը ստիպված է լինում գնալ զիջումների, որի հետևանքով կոպտագույն ձևով խախտվում է կյանքի իրավունքը. Արցախի ՄԻՊ

2022թ. օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին ասված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: «Այս ամենը կատարվում է այն պարագայում, երբ 2020 թվական նոյեմբերից կողմերի համաձայնությամբ հաստատվել է հրադադար և Արցախում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժեր՝ Արցախի ժողովրդի խաղաղությունն ապահովելու համար։ Սա խոսում է այն մասին, որ խաղաղություն Արցախում պատշաճ կերպով չի հաստատվել, իսկ ադրբեջանական կողմը չի կատարում հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ ամենատարբեր առիթներ օգտագործելով ուժի կիրառմամբ այս կամ այն հարցերի շուրջ զիջումներ պարտադրելով։ Ադրբեջանն իր ցանկացած պահանջ զուգորդում է ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հիմնարար դրույթները։ Տարբեր հարցերի վերաբերյալ տարվող բանակցությունների ընթացքում հայկական կողմը ստիպված է լինում գնալ զիջումների, որի հետևանքով կոպտագույն ձևով խախտվում են մարդկանց ամենատարրական իրավունքները՝ ընդհուպ կյանքի իրավունքը։ Ռուսական խաղաղապահների չհստակեցված մանդատի և խիստ սահմանափակ թվակազմի պատճառով փխրուն ու հարաբերական խաղաղությունը պարբերաբար վտանգվում է։ Իսկ Արցախի ժողովուրդն իր իրավունքների պաշտպանության համար նորից պայքարում է միայնակ։ Միջազգային տարբեր դերակատարների կողմից պարբերաբար հնչում են խաղաղության հաստատմանն աջակցող հայտարարություններ։ Որտե՞ղ է այդ աջակցությունը։ Որտե՞ղ են համանախագահող երկրների իրական քայլերը տեղում մարդկանց իրավունքները պաշտպանելու, մարդկանց կյանքերը փրկելու, մարդկանց խաղաղ կենսագործունեությունն ապահովելու հարցում։ Որտե՞ղ են ՄԱԿ֊ի, ԵԽ֊ի կամ ԵԱՀԿ֊ի գործողությունները։ Թե՞ ամեն ինչ ուղղակի սին խոսքերի մակարդակում է։ Աշխարհի այլ կետերում տեղի ունեցող հակամարտությունների վերաբերյալ միջազգային մեդիան մեկ րոպե անգամ չի լռում, միջազգային կազմակերպությունները հանդես են գալիս հայտարարություններով, աննկարագրելի ծավալների աջակցություն են ցուցաբերում, իսկ Արցախի ժողովրդին, որ տասնյակ տարիներով ուղղակի պայքարում է ադրբեջանական բռնապետության դեմ, անտեսում են։ Միջազգային կառույցների հարգելի՛ գործընկերներ, ձեր անհետևողականության, հակամարտությունը փորձագիտական դաշտում քննարկելուց այն կողմ չանցնող գործողությունների հետևանքով Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում ու դիմում է ամենատարբեր լկտիությունների։ Միթե՞ կարելի է այսքան բացահայտ երկակի ստանդարտներով առաջնորդվել, միթե՞ կարելի է քաղաքական շահերից կուրանալ ու անտեսել մարդկանց ու նրանց իրավունքները»,- գրել է Ստեփանյանը։
19:52 - 03 օգոստոսի, 2022
Արցախի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Շուշիի եւ Լաչինի շրջանների հատման կետում, լարվածությունը պահպանվում է. ԱՀ ՄԻՊ
 |news.am|

Արցախի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Շուշիի եւ Լաչինի շրջանների հատման կետում, լարվածությունը պահպանվում է. ԱՀ ՄԻՊ |news.am|

news.am: Արցախի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Շուշիի եւ Լաչինի շրջանների հատման կետում, լարվածությունը պահպանվում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝  նշելով, որ խոսքը, մասնավորապես Բերձոր քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածն է։ Հարցին՝ արդյո՞ք լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի այն պահանջով, որ Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթեւեկությունը պետք է կազմակերպվի նոր երթուղով, Ստեփանյանը պատասխանեց. «Միանշանակ այդ պահանջի կատարման համար է այս ամբողջ էսկալացիան։ Այսինքն՝ այս գործելաոճն Ադրբեջանը բազմաթիվ անգամ կիրառել է։ Ցանկացած պահանջ ներկայացնելուց առաջ լարում է իրավիճակը, այսինքն՝ ուղիղ անպարտելի եւ լկտի ձեւով սպառնալիք է գործադրում։ Այդ սպառնալիքի ներքո պարտադրում է հայկական կողմին որոշակի հարցերում գնալ զիջումների։ Վստահ եմ, որ այս էսկալացիայի առաջին նպատակը ճանապարհի փոփոխության հարցը լուծելն է»։ Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չեն եղել: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
15:20 - 03 օգոստոսի, 2022
Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում. Արցախի ՄԻՊ

Հուլիսի 28-ին՝ ժամը 11:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Կրակոցները տևել են շուրջ 20 րոպե, որի հետևանքով փափուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում։ Այս պահի դրությամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտնաբերվել է հրաձգային զինատեսակի 8 փամփուշտ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս վարքագիծը ցուցադրում է, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման, Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Արցախի ժողովրդի իրավունքների դիտավորյալ խախտումների հանգեցնող գործողությունների նույնիսկ կարճատև դադարները և կեղծ խաղաղասիրության դրսևորումներն Ադրբեջանի կողմից ներկայացվող բեմադրության տակտիկական մաս են և միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակադրված ու շինծու վարքագիծ։ Միջնորդների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահների համար առավել քան հստակ պետք է լինեն ադրբեջանական կողմի իրական նպատակներն ու ձգտումները, և ըստ այդմ միջազգային հանրության աչքին թոզ փչելու ադրբեջանական ցանկացած գործողություն պետք է ստանա իրական գնահատական և հակազդեցություն։ Ադրբեջանական իշխանությունների հանցավոր վարքագիծը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր որևէ փոփոխության չի ենթարկվել ու շարունակում է հետապնդել նույն հայատյաց ու ցեղասպան նպատակները»,- գրել է նա:    
17:36 - 28 հուլիսի, 2022
Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ
 |artsakhpress.am|

Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ |artsakhpress.am|

artsakhpress.am: Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։ Այս մասին «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։   Նա նշեց, որ նախօրիեն կապ է հաստատել այդ համայնքների ներկայացուցիչների հետ և նրանց տեղահանվելու հետ կապված տեղեկություններ չկան։   «Առաջին հերթին հենց Արցախի իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց բնակիչներին և հնարավոր չեմ համարում, որ լինի իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն։ Այս առումով քայլեր ձեռնարկվում են»,-նշել է նա։   Ըստ Ստեփանյանի՝ թե՛ Բերձորի, թե՛ Աղավնոյի բնակիչներն այն նույն արտոնություններից են օգտվում, որոնք որ սահմանված են տեղահանվածների համար։   «Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե ի վերջո հարցը հասնի դրան, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին շեն և Մեծ շեն համայքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով։   Հնարավոր է նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում։ Այս պահին հարցերը շատ են»,-նշեց արցախցի պաշտոնյան։
11:53 - 01 հուլիսի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետնախարարին և ՄԻՊ-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետնախարարին և ՄԻՊ-ին

Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանին և ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղոկատվական համակարգից: Նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետնախարարը քննարկել են ներկա պայմաններում արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը. «Այս առումով կարևորվել է համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի» Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին, Արցախ-Սփյուռք կապերին։ «Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել Արցախի իշխանություններին եկեղեցու նկատմամաբ դրսևորած հոգատար վերաբերմունքի համար։ Հանդիպման ավարտին պրն. Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի՝ Արցախին բերած զորակցության համար»,- նշված է պաշտոնական հայտարարութունում:
09:29 - 24 հունիսի, 2022
Արցախում մեկնարկում է տեղահանվածների բնակարանային կարիքի բավարարմանն ուղղված բնակվարձի փոխհատուցման նոր ծրագիր

Արցախում մեկնարկում է տեղահանվածների բնակարանային կարիքի բավարարմանն ուղղված բնակվարձի փոխհատուցման նոր ծրագիր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախագահությամբ հունիսի 20-ին փախստականների համաշխարհային օրվա առթիվ կազմակերպվել է կառավարության ներկայացուցիչների հանդիպում պաշտպանին առընթեր բռնի տեղահանված եվ փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է կառավարության պատրաստակամությունը համագործակցելու բոլոր մարմինների ու կազմակերպությունների հետ տեղահանված և փախստական անձանց հիմնախնդիրների լուծման նպատակով: «Տեղյակ եք հետպատերազմյան ծրագրերի մասին, որոնց միջոցով հնարավոր է դարձել ապահովել որոշակի սոցիալական կայունություն տեղահանված անձանց համար: Այդ համատեքստում մեկնարկում ենք նոր ծրագիր բնակվարձի փոխհատուցման նպատակով, որը կնպաստի տեղահանվածների բնակարանային միջանկյալ կարիքի բավարարմանը, և նախագիծն արդեն դրված է հանրային քննարկման: Իհարկե, այդ ընթացքում շարունակում ենք շահառու խմբերին ապահովել առաջնային ու երկրորդային շուկայի բնակարաններով, և առաջիկա ամիսներին հարյուրավոր նոր տներ են շահագործման հանձնվելու: Տեղեկացնեմ նաև, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ երկարաձգվում է պետական ֆինանսավորմամբ գործող բռնազավթված տարածքների հիմնարկների աշխատակիցների պարապուրդի վճարների տրամադրման ժամկետը մինչև 2022թ. տարեվերջ, իսկ այդ ընթացքում մեկնարկելու ենք զբաղվածության ապահովման լրացուցիչ ծրագրեր, որպեսզի կարողանանք խուսափել սոցիալական ցնցումներից: Բացի դրանից, ավարտին ենք հասցնում հարկադիր տեղահանված անձանց մասին օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո հնարավոր կլինի մեկնարկել իրավական կարգավիճակի տրամադրման գործընթացը: Այս և այլ ծրագրերը Արցախի Հանրապետության կառավարությունն իրականացնելու է ներառական սկզբունքով՝ նպատակ ունենալով բոլոր շահագրգիռ կողմերին ընդգրկել որոշումների կայացման գործընթացներում»,- իր խոսքում նշել է պետական նախարարը: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարևորել է այդ ձևաչափով հանդիպումը գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեղահանված ու փախստական անձանց հուզող հարցերը: Պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու առկա հիմնախնդիրների բարձրացմանն ու լուծմանը: Պետական լիազոր մարմինների և տեղահանված ու փախստական անձանց կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ ծավալվել է շահագրգիռ քննարկում նրանց զբաղվածության, սոցիալական ու բնակարանային հիմնախնդիրների, ներպետական ու միջազգային իրավական և մի շարք այլ հարցերի շուրջ:
10:31 - 21 հունիսի, 2022
Շահումյանի շրջանի ճակատագիրն Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակի հեռանկարի վառ օրինակ է. Արցախի ՄԻՊ

Շահումյանի շրջանի ճակատագիրն Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակի հեռանկարի վառ օրինակ է. Արցախի ՄԻՊ

30 տարի առաջ Ադրբեջանի բռնաճնշումների, հարձակումների և հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի 20 000 բնակչությունը մատնվեց տեղահանության և հայրենազրկման, ավելի քան 700 անձ սպանվեց և անհետ կորավ, պատմական հայկական բնակավայրեր հայաթափվեցին ու ենթարկվեցին թալանի ու կողոպուտի, շրջանի հայկական հոգևոր-մշակութային արժեքները ենթարկվեցին վանդալիզմի և ոչնչացման։ «Հայերի տները բաժանել էին, եւ ադրբեջանցի «նոր տերերն» իրենց անունները յուղաներկով գրել էին դարպասների վրա: Եկեղեցին պղծել էին, վերածել ոչխարների փարախի: Խաչը ջարդել էին, զանգը` ծակծկել ինքնաձիգից արձակված կրակոցներով, իսկ կտորները թափել այս ու այն կողմ»,- Արցախի մադու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ՝ պատմում են ականատեսները: Ինչպես նշված է Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ, շահումյանցիների նկատմամբ իրականացված հանցագործությունները նրանց՝ ազատ կամարտահայտման և սեփական հայրենիքում անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը «պատժելու» գործողություն էր։ «Էթնիկ-կրոնական պատկանելիության հիմքով հայրենազրկված շահումյանցիների նկատմամբ արդարության և նրանց խախտված իրավունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում հստակ չամրագրվեց, նրանց նկատմամբ իրականացված հանցագործությունների համար ադրբեջանական իշխանությունները այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։ Ավելին՝ այդ անպատժելիությունը շարունակում է ծնել նոր հանցագործություններ, որոնց ականատես եղանք 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և շարունակում ենք ականատես լինել հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։ Տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրությունը շարունակում է դրսևորել դատապարտելի անտարբերություն, որը չի բխում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքից»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:
17:50 - 13 հունիսի, 2022