Դատախազ Գևորգ Քոչարյանը պաշտոնավարում է առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ
19:03 - 10 ապրիլի, 2023

Դատախազ Գևորգ Քոչարյանը պաշտոնավարում է առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Գևորգ Քոչարյանը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, իր պաշտոնեական գործունեությունը շարունակում է առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ։

 

Գևորգ Քոչարյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազ է։ Մինչ այս վարչության ձևավորումը նա Զինվորական կենտրոնական դատախազության՝ պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ էր։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ Քոչարյանը մինչև հիմա «Ժայռ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, ինչպես նաև շարունակում է տնօրեն մնալ «Ջի Էքս Պի գերազանցության կենտրոն» ՍՊԸ-ում։

«Ժայռ» ՍՊԸ-ն գրանցված է Արցախում՝ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում։ Ընկերության գործունեության վերաբերյալ տվյալներ չկան։ Ըստ ռեգիստրի տվյալների՝ այն հիմնվել է 2016 թվականին, կանոնադրական կապիտալը ավելի քան 220 միլիոն դրամ է։ Ընկերության բաժնետերը Վահե Հակոբյանն է՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին պատգամավոր Սամվել Հակոբյանի որդին։ Սամվել Հակոբյանը եղել է նաև Ասկերանի վարչական շրջանի ղեկավարն ու «Գոլդ սթար» ընկերության տնօրենը։ «Գոլդ սթար»-ը ոսկու հանքավայր էր շահագործում Զանգելանում, սակայն հանքը 2020-ի պատերազմի հետևանքով կորսվեց։ 

Երկրորդ ընկերությունը, որտեղ դատախազ Քոչարյանը շարունակում է տնօրեն մնալ, «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոն ՍՊԸ-ն է, որը  դեղ արտադրողներին ու ներմուծողներին տրամադրում է արտադրական, բաշխման, լաբորատոր գործունեությունների դասընթացներ։ Ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի հետ համագործակցությամբ։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով 2015-ից մինչ այժմ Քոչարյանն այնտեղ տնօրեն է։ 

 

Ի՞նչ են ասում օրենքն ու Գևորգ Քոչարյանը

Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներով արգելվում է հանրային ծառայողին առևտրային կազմակերպության կառավարման մարմնում ընդգրկված լինել կամ կազմակերպությունում ցանկացած այլ պաշտոն զբաղեցնել։ Տվյալ դեպքում Քոչարյանը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, շարունակում է առևտրային կազմակերպություն ղեկավարել։ 

Գևորգ Քոչարյանն «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում, խոսելով առևտրային ընկերությունում իր պաշտոնավարման մասին, վստահեցրեց՝ թե՛ «Ժայռ»-ում, թե՛ «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնում տնօրենի պաշտոնը թողել է մինչև հանրային ծառայության անցնելը։ 

«Դա շատ հին տվյալներ են, ես շուտվանից դիմել եմ, որ դադարեցնեմ, ես չեմ կարող ասել, թե ինչու տվյալները թարմացված չեն։ Ձեր մատնանշած ընկերություններից մեկից դուրս եմ եկել 10 տարի առաջ, իսկ մյուսից՝ ոչ պակաս, քան 6 տարի առաջ»,- պարզաբանեց դատախազը՝ նշելով, որ բացի իրավաբանական անձանց ռեգիստրից՝ այդ տվյալները կարող են արտացոլված լինել նաև Պետեկամուտների կոմիտեում։ 

Նա ասաց՝ «Ժայռ»-ը, իր հիշելով, գործունեություն չի ծավալել, իսկ «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնը հիմնականում բժշկական ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություն է եղել, ինքն էլ այնտեղ խորհրդատվություն է տրամադրել։

«Ինֆոքոմ»-ը այս մեկնաբանությունը Գևորգ Քոչարյանից ստացել է մարտի 9-ին, սակայն մինչ այժմ, ըստ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, նա շարունակում է հանդիսանալ այս ընկերությունների տնօրենը։

Դատախազ Քոչարյանի կինը՝ Գոհար Ալլահվերդյանը, անհատ ձեռներեց է, որը, Քոչարյանի խոսքով, մատուցում է հաշվապահական ու ֆինանսական  ծառայություններ։ Կորոնավիրուսային համավարակի ընթացքում նրա ԱՁ-ն առողջապահության նախարարության մատակարարներից է եղել և 4.4 միլիոն դրամ է ստացել նախարարությունից մատուցած ծառայությունների համար։ Քոչարյանն ասաց, որ դա եղել է միանվագ գործարք։

«Եթե չեմ սխալվում թթվածնային բալոնների վերալիցքավորման հետ կապված մեկ գործարք է եղել, ԱՁ-ն այլ գործառույթ է իրականացնում, որը կապ չունի առողջապահության ոլորտի հետ»,- նշեց նա։ 

 

Ի՞նչ է հայտարարագրել Գևորգ Քոչարյանը

2021 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրով Գևորգ Քոչարյանը հայտարարագրել է 1 բնակարան Երևանի կենտրոնում, ինչպես նաև 20.5 միլիոն դրամի փոխառություն «Միկշին» ընկերությանը։ Սա, ըստ էության, հիփոթեքային վարկ է «Երազ» բնակելի թաղամասի կառուցապատող ընկերությունից բնակարան գնելու համար։

Քոչարյանի եկամուտները 2021-ին, ընդհանուր առմամբ, կազմել են 30.2 միլիոն դրամ, որոնք ձևավորվել են նրա՝ որպես դատախազի աշխատավարձից` 9.1 միլիոն դրամի չափով, ստացած փոխառությունից՝ 19․5 միլիոն դրամի չափով, Պետեկամուտների կոմիտեից՝ ավելի քան 1 միլիոն դրամի չափով, որը հավանաբար հիփոթեքային վարկով բնակարանի գնման դեպքում եկամտահարկի վերադարձի գումարն է, և Գավառի պետական համալսարանից՝ 116 հազար դրամի չափով։

Նրա կինը՝ Գոհար Ալլահվերդյանը, հայտարարագրել է հողամաս և բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։ Բացի այդ՝ վերջինս անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր է կնքել Դավթաշենի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցվող բնակելի համալիրից բնակարան գնելու համար։ Այս հասցեում է կառուցվում Davtashen City համալիրը, կառուցապատողը «Ն և Ս քոնսթրաքշն» ընկերությունն է։

Ըստ 2021-ի հայտարարագրի՝ Ալլահվերդյանը վաճառել է իրեն պատկանող Hyundai Veloster մակնիշի ավտոմեքենան 3.6 միլիոն դրամով։ Բացի սրանից՝ Քոչարյանի կինն ունի նաև Toyota մակնիշի մեքենա։ Նա 4.4 միլիոն դրամի փոխառություն ունի տրամադրած «ԱԱ-մոթորս» ընկերությանը, ևս 10.000 դոլարի փոխառություն՝ Կարեն Ալլահվերդյանին։ 

Գոհար Ալլահվերդյանի եկամուտները 2021-ին կազմել են ավելի քան 20 միլիոն դրամ, որոնք ձևավորվել են մի քանի աշխատավայրերից ստացած աշխատավարձից, մեքենայի օտարումից, ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած գումարից, եկամտահարկի վերադարձից ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված միանվագ վճարներից։ 

Գևորգ Քոչարյանը հանրային մեղադրող է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործերով։ 


Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել