Հայաստանը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության դոնոր է դարձել. ՀԲ
12:18 - 11 ապրիլի, 2023

Հայաստանը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության դոնոր է դարձել. ՀԲ

Ապրիլի 10-ին Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀԲ կենտրոնական գրասենյակից:

Որոշումը պաշտոնականացվել է Վաշինգտոնում տեղի ունեցած արարողության ընթացքում, որի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԶԸ հանձնառության ստորագրված փաստաթուղթը հանձնել է Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոյին և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխտնօրեն Անտոնելլա Բասանիին։

ՄԶԸ դոնոր դառնալու մասին Կառավարության որոշումը Հայաստանը վավերացրել է 2023 թ. մարտի 10-ին՝ ՄԶԸ աջակցություն ստացող երկիր լինել դադարելուց ինը և միջինից բարձր եկամտով երկրի կարգավիճակ ձեռք բերելուց չորս տարի անց։ Անդամակցելու որոշումը կայացվել էր 2022 թվականի աշնանը, երբ Հայաստանն ու Համաշխարհային բանկը Երևանում իրենց գործընկերության 30-ամյակն էին տոնում։

«Հայաստանը, լինելով միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, այլևս չի օգտվում Միջազգային զարգացման ընկերակցության աջակցությունից։ Կարծում ենք՝ եկել է ժամանակը, որ Հայաստանը սկսի աջակցել օժանդակության կարիք ունեցող երկրներին։ Սա հրաշալի հնարավորություն է Հայաստանի համար՝ մի կողմից օգնելու ցածր եկամուտ ունեցող երկրներին, մյուս կողմից՝ իր երախտագիտությունը հայտնելու ժամանակին ստացված համանման աջակցության համար։ Այս քայլով Հայաստանը ևս մեկ անգամ կվերահաստատի ինչպես Համաշխարհային բանկի խմբի հետ արդյունավետ փոխգործակցությունը, այնպես էլ իր համաձայնությունը ՄԶԸ կողմից իրականացվող քաղաքականությանը»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանում Համաշխարհային բանկի ներգրավվածության մեկնարկը տրվել է 1992 թվականին՝ երկրի անկախացումից մեկ տարի անց, շուկայական տնտեսության երկրի անցմանը օժանդակելու նպատակով։ Սկզբնական ներգրավվածությունը գլխավորապես ՄԶԸ վարկերի և կայունացման ծրագրերի միջոցով էր՝ աջակցելով անցումային բարեփոխումներին։ Այդ ժամանակից ի վեր Համաշխարհային բանկն օժանդակել է ինստիտուցիոնալ բարեփոխումների և ենթակառուցվածքի ներդրումների լայն շրջանակի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ջուրը և ճանապարհները, ինչպես նաև կրթությունը, առողջապահությունը և սոցիալական պաշտպանությունը։

«Համաշխարհային բանկի ներգրավվածության սկզբից ի վեր Հայաստանը տնտեսական խոր վերափոխման է ենթարկվել՝ 30 տարվա ընթացքում հնարավորություն ունենալով ՄԶԸ աջակցություն ստացող երկրից ՄԶԸ դոնոր երկիր դառնալու»,- ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխնախագահ Անտոնելլա Բասանին։ 

«Համակարգված բարեփոխումներն օգնել են պահպանել կայուն տնտեսական աճը՝ այդպիսով բարելավելով երկրում բազմաթիվ մարդկանց կյանքն ու ապրուստի միջոցները։ Գործընթացում Հայաստանը կարևոր գիտելիք է կուտակել այն մասին, թե ինչպես բարեփոխել, ինչն այսօր ՄԶԸ աջակցություն ստացողների համար կարող է մեծ արժեք ունենալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել