Այսօր՝ ապրիլի 11-ին՝ ժամը 17։00-ին, ՀՀ վարչական դատարանը պետք է հրապարակի մարտի 26-ին կայացած Սիսիան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների վիճարկման գործով վճիռը։ Այս մասին հայտնում են «Քաղաքացու որոշում» կուսակցության Սիսիանի նախընտրական շտաբից։
«Ապրիլի 5-ին «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն ներկայացրել էր հայցադիմում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու մասին։ Քննությունը տեղի է ունեցել ապրիլի 8-ին։
Ըստ «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ ոտնահարվել են ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով ամրագրված ընտրական իրավունքի հիմնական՝ հավասարության սկզբունքը։
Ըստ էության, սակայն, այսօր վարչական դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք հնարավոր են ներկա Հայաստանում ազատ, արդար, իրական ընտրություններ՝ ժողովրդական չափորոշիչներին համապատասխան, թե՞ ոչ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայցադիմումին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Հիշեցնենք, որ Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի Սիսիան համայնքներում ավագանու ընտրւթյուններ էին: Սիսիանում առաջադրվել էր 3՝ Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Երկու համայնքներում էլ ՔՊ-ն ստացել է առավելագույն քվեներ:
Ընտրության օրը Սիսիանում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբից հայտնել են. «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում»։
Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով։ Իսկ ավելի ուշ ՔՊ-ն հայտնել է, որ դիմել է վարչական դատարան՝ Սիսիանի ավագանու ընտրություններում մրցակից՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՈ) ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, նույն կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին և «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
comment.count (0)