Սննդի շղթայի ռիսկերի գնահատում, միջազգային համագործակցություններ և երիտասարդ թիմ․ ինչպես Հայաստանում 2014-ից սկսեց գիտական նոր ուղղություն զարգանալ
16:57 - 12 ապրիլի, 2023

Սննդի շղթայի ռիսկերի գնահատում, միջազգային համագործակցություններ և երիտասարդ թիմ․ ինչպես Հայաստանում 2014-ից սկսեց գիտական նոր ուղղություն զարգանալ

Եթե երբևէ եղել եք Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շենքում, ապա լավ կիմանաք, թե որքան հեշտ է մոլորվել կենտրոնի միջանցքներում։ Բայց եթե այս շենքում փնտրում եք Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը, ապա ուշադրություն դարձրեք պատերից կախված նկարներին․ դրանք միանգամից կհուշեն, որ դուք ճիշտ տեղում եք։

Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի մուտքը


Թե ինչպես «ոչ այնքան գիտական նպատակներով» ստեղծված կենտրոնը
դարձավ գիտական

Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը ստեղծվել է 2012-ին։ Կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը հիշում է՝ երբ Եվրամիության հետ Խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ էին ընթանում, Հայաստանը պարտավորություն ստանձնեց սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատում իրականացնող կենտրոն ստեղծելու։ Կենտրոնը պիտի իրականացներ քիմիական ռիսկերի գնահատում, ինչի համար անհրաժեշտ էին համապատասխան լաբորատոր  կարողություններ և գիտական ներուժ, այդ պատճառով էլ այն ձևավորվեց Հայաստանի ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։


Դավիթ Պիպոյանը՝ Գիտարբուքի ժամանակ

Դավիթ Պիպոյանը նշում է՝ կենտրոնի ստեղծման նպատակն ի սկզբանե այնքան էլ գիտական չէր․ «Նախատեսվում էր, որ պետք է լիներ կառույց, որը գիտական մեթոդների կիրառմամբ տեղեկատվական-վերլուծական աշխատանք կիրականացներ պատկան մարմինների, այսինքն՝ ռիսկի կառավարիչների համար, և տեղեկությունը հանրությանը կփոխանցեր»։

2014-ին օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, համաձայն որոնց՝ կառավարությունը կենտրոնին պետք է համապատասխան լիազորություն տար գործունեություն ծավալելու համար։ Դավիթ Պիպոյանը նշում է՝ քանի որ կառավարությունն այդ հարցում այնքան էլ հետևողական չգտնվեց, իրենք որոշեցին կենտրոնում զարգացնել ու խորացնել գիտական ուղղությունը։ Մինչև  այսօր կենտրոնը սննդի անվտանգության ոլորտում գիտական գործունեություն է ծավալում։

 

Որտեղի՞ց սկսել

Սննդի շղթայի ռիսկերը գնահատելու համար հետազոտողները պետք է սննդամթերքի նմուշներ անալիզի ենթարկեն ու հասկանան, թե արդյո՞ք դրանցում կան պոտենցիալ թունավոր, արգելված նյութեր, հակաբիոտիկներ և այլն։ Բայց հետազոտողները նախ պետք է որոշեն, թե հատկապես որ մթերքներն ընտրել ուսումնասիրության համար, քանի որ ռիսկեր հնարավոր է հայտնաբերել ամենուր՝ սկսած ծորակի ջրից մինչև մսամթերք ու կաթնամթերք։

Դավիթ Պիպոյանի խոսքով կարևոր է, որ իրենց հետազոտությունների արդյունքները լինեն ներկայացուցչական, այսինքն՝ հստակ արտացոլեն Հայաստանի բնակչության մեծամասնության համար առկա ռիսկերը։ Իսկ նման արդյունքներ ստանալու համար պետք է հասկանալ, թե բնակչության մեծամասնությունը որ մթերքներն է օգտագործում ամենաշատը և ամենից հաճախ։

Տարիների ընթացքում Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնում աշխատանքի մեթոդաբանություն են մշակել։ Կենտրոնի հետազոտողները նախ հարցաթերթեր են կազմում, այնուհետև բնակիչների շրջանում հարցումներ իրականացնում։ Հարցմանը մասնակցում է մոտ 1500 հոգի՝ ոչ միայն Երևանից, այլև մարզերից։ Հարցերի շրջանակը լայն է, և դրանց պատասխաններց հնարավոր է հասկանալ ոչ միայն այն, թե մարդիկ ինչ մթերքներ են ամենաշատը և ամենից հաճախ օգտագործում, այլև այն, թե որտեղից են նրանք ձեռք բերում այդ մթերքները, ինչ եղանակով են եփում և նմանատիպ բազմաթիվ հարցեր, որոնք կարևոր են հետազոտության համար։ Այս մեթոդը կոչվում է ընդհանուր սննդակարգային հետազոտություն։ 


Հարցումների թղթապանակը

Դավիթ Պիպոյանը նշում է՝ ըստ ամենաթարմ տվյալների՝ Հայաստանի բնակիչներն ամենամեծ չափաքանակներով օգտագործում են ծորակի ջուր, ալրային հենքով մթերքներ, հատկապես՝ հաց, ինչպես նաև սուրճ։ Տրամաբանական է, որ կենտրոնն առաջնահերթ պիտի իրականացնի այս մթերքներում ռիսկերի գնահատում, քանի որ դրանցում առկա պոտենցիալ ռիսկերը կազդեն բնակչության մեծամասնության վրա։

Երբ «դաշտային» փուլն ավարտվում է, և հարցումների պատասխանները պատրաստ են, դրանք մուտքագրվում են  տվյալների բազա, թվանշայնացվում, դասակարգվում, և կենտրոնի հետազոտողներն իրականացնում են տվյալների վերլուծություն։ Երբ այս բոլոր աշխատանքներն ավարտվում են, կազմվում է հետազոտվող մթերքների ցանկը, իսկ դրան կհաջորդի նմուշառումը։



Աշխատնքի ամենահամեղ հատվածը

Կենտրոնում ամենահամեղը նմուշառման օրերն են, չնայած երբեմն հետազոտողները նախընտրում են սպասել անալիզների արդյունքներին, հետո նոր համտեսել այս կամ այն մթերքը։ Դավիթ Պիպոյանը ցույց է տալիս իրենց սառնարանը, որտեղ հետազոտությունների համար սննդի նմուշներ են․ այստեղ կգտնեք ամեն ինչ՝ սկսած կարտոֆիլ ֆրիից ու եփած բրնձից, մինչև շաուրմա, կաթնամթերք ու ընդեղեն։ 

Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնում սննդամթերքը հիմնականում հետազոտում են ոչ թե հում, այլ պատրաստի վիճակում, այսինքն՝ այն վիճակում, որով մարդիկ ընդունում են այն։

«Օրինակ, մարդիկ հում կարտոֆիլ չեն ուտում, հետևաբար մեզ համար անիմաստ է ռիսկի գնահատման տեսանկյունից հում կարտոֆիլը։ Մենք հարցումներ անում ենք, տեսնում ենք՝ մարդիկ ամենաշատը կարտոֆիլն ինչ եղանակով են պատրաստել, և մեր նմուշներն արդեն, բնականաբար, ենթադրում են պատրաստի սննդամթերք,- ասում է Դավիթ Պիպոյանը և պարզաբանում, թե ինչու իրենք նմուշները չեն վերցնում հում վիճակում։ 

Նրա խոսքով սնունդը կարող է աղտոտվել սննդի մատակարարման շղթայի բոլոր օղակներում, այդ թվում՝ տանը խոհարարական վերամշակման ժամանակ։ Դրա վրա կարող են ազդել տարբեր գործոններ՝ սկսած նրանից, թե ինչ մթերքներ են օգտագործվում, մինչև այն, թե ինչ վիճակում է կաթսան կամ տապական, որի մեջ պատրաստվում է սնունդը։ Սա նշանակում է, որ, օրինակ, հում բրինձը կարող է ռիսկեր չպարունակել, փոխարենը եփված բրինձը կարող է պարունակել ռիսկեր, որոնք առաջացել են պատրաստման ընթացքում։ 

Հաճախ կենտրոնի աշխատակիցները հետազոտությունների համար իրենց տներից են բերում եփված սննդի նմուշներ, երբեմն էլ հենց տեղում են այս կամ այն սնունդը պատրաստում։ 

Պատահում են դեպքեր, երբ կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցները նշում են, որ այս կամ այն սնունդը ձեռք են բերել հանրային սննդի կետերից։ Նման դեպքերում նմուշներ են վերցվում նաև հարցման պատասխաններում ամենից շատ հանդիպող սննդի կետերից։

Բացի տնային պայմաններում պատրաստված և հանրային սննդի կետերից վերցված նմուշներից՝ կենտրոնում հետազոտվում են նաև այս կամ այն արտադրողի պատրաստած նմուշները (օրինակ՝ կաթնամթերք): Դավիթ Պիպոյանը նշում է՝ հաճախ են իրենց մոտենում մարդիկ ու հարցնում, թե ինչու այս կամ այն արտադրողին չեն ներառում հետազոտություններում, բայց իրենք արտադրողին ընտրում են՝ հիմնվելով հարցումների պատասխանների վրա։

«Ենթադրենք, կաթնամթերքի շուկան ես ուսումնասիրում։ Եթե կա հինգ արտադրող, որը շուկայի 50%-ն է, ուրեմն իմ նմուշների 50%-ը պիտի լինի այդ արտադրողից։ Եվ եթե կան արտադրողների անուններ, որոնք 1500 մարդուց ոչ մեկը չի նշել, ես իրավունք չունեմ նրա նմուշը վերցնելու, որովհետև իմ արդյունքը ներկայացուցչական չի լինի»,- ասում է նա։

Դավիթ Պիպոյանը իրենց աշխատանքում առանձնացնում է ևս մի կարևոր նրբություն․ միշտ չէ, որ կարելի է օգտվել այլ երկրների փորձից, քանի որ ամեն երկիր ունի իր խոհարարական մշակույթը, պատրաստման առանձնահատկությունները։ Նա բերում է խոզի մսի օրինակը։ Հայաստանում մարդիկ խոզի միս ուտում են կա՛մ խորոված, կա՛մ տապակած վիճակում, իսկ ուրիշ երկրներում խոզի մսի պատրաստման այլ եղանակներ կան, որոնք մեզ մոտ ընդունված չեն կամ հազվադեպ են հանդիպում։ Հետևաբար, եթե խոզի միս է անալիզի ենթարկվում, ապա այդ միսը պիտի լինի պատրաստված այն եղանակով, որով օգագործում է մեր բնակչությունը։

Երբ այս բոլոր նրբություններն ու առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կենտրոնի հետազոտողները նմուշառում են իրականացնում, հերթը հասնում է լաբորատոր աշխատանքներին։

 

Նմուշները պատրաստ են․ գնացի՜նք լաբորատորիա

Սննդամթերքի նմուշները լաբորատոր հետազոտության ենթարկվելուց առաջ համապատասխան մշակումներ են անցնում և բերվում այնպիսի վիճակի, որից հետո կարելի է դրանցում ռիսկերի գնահատում իրականացնել։


Սննդի նմուշները լաբորատորիայում

Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը նմուշներում պոտենցիալ վտանգավոր նյութերը հայտնաբերելու համար օգտագործում է բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆ կոչվող սարքը։ Սննդի արդեն մշակում անցած նմուշները հատուկ ապակե սրվակներով տեղավորվում են սարքի մեջ։

Այս սարքը նաև զարգացած ծրագրային բազա ունի, և նմուշներն անալիզի ենթարկելուց հետո համակարգչի էկրանին երևում են արդյունքները։ Եթե նմուշներում հայտնաբերվել են այնպիսի նյութեր, որոնք պոտենցիալ ռիսկ են ներկայացնում մարդկանց համար կամ արգելված են, ուրեմն գիտական հետաքրքիր հոդվածը երաշխավորված է։

Դավիթ Պիպոյանը կատակում է, որ երբ հետազոտություն են իրականացնում, և պատկերը բացասական չի լինում, տխրում են, քանի որ գիտական առումով նյութը հետաքրքիր չի լինում։ Նա հիշում է, որ բավականին ռեսուրսներ էին ծախսել, ընդեղեն ձեռք բերել, անալիզի ենթարկել, բայց ռիսկեր չէին հայտնաբերել․ «Բայց հաշվի առնելով, որ Հայաստանի սպառող ենք, ուրախանում ենք, որ որևէ մթերքի արտադրության ոլորտում անվտանգությունն ապահովվում է»։

Երբեմն էլ կենտրոնի աշխատակիցները նմուշներ են անալիզի ենթարկում ոչ թե ռիսկերի գնահատման նպատակով, այլ որպեսզի ստուգեն, թե արդյո՞ք ազգաբնակչությունը բավարար քանակությամբ էներգիա և սննդանյութեր (սպիտակուցներ, ճարպեր, ածխաթթուներ) է ստանում։ Այսպիսի հետազոտությունների համար ևս կենտրոնը սարք ունի։ Վերջինս որոշում է սպիտակուցների պարունակությունը մթերքում։ 

 

Միջազգային համագործակցություն

Իրենց ուսումնասիրությունների արդյունքներով կենտրոնի հետազոտողները գիտական հոդվածներ են պատրաստում։ Նրանք նաև միջազգային համագործակցություններ ունեն և Եվրոպայից, հետխորհրդային երկրներից ու ԱՄՆ-ից տարբեր գիտնականների հետ համատեղ հոդվածներ են տպագրում։

«Շատ կարևոր միջազգային հեղինակավոր կազմակերպություններ կան, օրինակ՝ Եվրամիության Սննդի անվտանգության լիազոր մարմինը, որտեղ անսահմանափակ ռեսուրսներ կան, աշխարհի լավագույն գիտնականներն են նրանց համար աշխատում, մեծ թվով ֆինանսավորումներ ունեն, և բնականաբար, այստեղ նորարարական մեթոդների և գիտելիքի մեծ կումուլյացիա կա։ Ենթադրենք, մենք Հայաստանում որոշենք գնալ վերապատրաստման, ոչ մի տեղ չկա, որովհետև մեր հետազոտություններով միայն մենք ենք զբաղվում։ Այս առումով միջազգային հետազոտությունը քեզ տալիս է հնարավորություն գնալ, գիտելիքներդ թարմացնել, նոր մեթոդներ սովորել»,- ասում է Դավիթ Պիպոյանը

Նա նշում է, որ իրենք միշտ կարողանում են գտնել թեմաներ, որոնք միջազգային համագործակցության համատեքստում հետաքրքիր կլինեն, քանի որ Հայաստանը «սննդամթերքի անվտանգության և սննդամթերքի աղտոտման առումով թանգարան է՝ բաց երկնքի տակ»։ 

Վերջին այդպիսի համագործակցություններից մեկը կենտրոնն իրականացրել է Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի հետ․ համատեղ ուսումնասիրությամբ Հայաստանի ձկնաբուծության ոլորտում արգելված քաղցկեղածին դեղաներկեր են հայտնաբերվել, և պարզվել է, որ ահռելի քանակությամբ նմուշներ աղտոտված են եղել։

Դավիթ Պիպոյանը կարևորում է այն փաստը, որ իրենց թիմը կազմված է երիտասարդներից․ «ԵՄ Սննդի անվտանգության լիազոր մարմինը նոր մեթոդ էր մշակել, 2020 թ․ մենք արդեն հոդված ենք պատրաստել, 2021 թ․ ԵՄ լիազոր մարմնի հետ տպագրել ենք այդ հոդվածը։ Այսինքն՝ նաև գեներացիայի, ներդրման այդ բոլոր փուլերը արագ են մեզ մոտ տեղի ունենում, որովհետև կոլեկտիվը երիտասարդ է, և միջդիսցիպլինային խմբերը կարողանում են շատ արագ լուծել իրենց առջև դրված խնդիրները»։

 

Հանրային իրազեկում

Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի հետազոտողներն աշխատանքներն ավարտելուց և հոդվածը տպագրության ուղարկելուց հետո ևս մի կարևոր գործ ունեն՝ իրազեկել հանրությանը։

Կենտրոնն ակտիվ համագործակցում է լրատվամիջոցների հետ, հաղորդումների մասնակցում, տարեկան և հրատապ ասուլիսներ տալիս, որ հանրությունն էլ տեղյակ լինի, թե ինչ ռիսկեր են հայտնաբերվել իր օգտագործած սննդի մեջ։ Դավիթ Պիպոյանն ասում է՝ ինքն այնքան հաճախ է լրատվամիջոցներում հայտնվում, որ վերջերս կինոթատրոնում իրեն անգամ շփոթել են լրագրողի հետ։ 


Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնում

Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի հետազոտողներն ասում են՝ չեն փոշմանել, որի տարիներ առաջ որոշել են իրենց կենտրոնում զարգացնել գիտական ուղղությունը․ նրանց խոսքով գիտությամբ զբաղվելն ավելի հետաքրքիր ու ոգևորող է, քան տեղեկատվական-վերլուծական աշխատանքը պաշտոնյաների հետ։

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել