ՌԴ ԶՈՒ եւ ԱԴԾ-ի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար․ Զախարովա
 |news.am|
14:49 - 12 ապրիլի, 2023

ՌԴ ԶՈՒ եւ ԱԴԾ-ի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար․ Զախարովա |news.am|

news.am: Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության եւ զինված ուժերի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ ապրիլի 11-ին կողմերի շփման գծում՝ Տեղ գյուղի մոտ զինված միջադեպ է տեղի ունեցել։ Կան զոհեր եւ վիրավորներ։ «Տարածքում գտնվող ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության եւ զինված ուժերի ներկայացուցիչները անմիջապես կապ են հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի պատասխանատուների հետ եւ միջոցներ ձեռնարկել  իրավիճակի դեէսկալացիայի համար»։

Նա նշել է, որ կատարվածը եւս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։ 

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։

Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել