Դեռ երեք տարի առաջվանից, երբ Երեւան քաղաքը սպասում էր նոր ավտոբուսներին, բազմիցս հայտարարվել է, որ դրանցում տեղադրվելու է քարտային տոմսավորման համակարգ։ Իրավասու պաշտոնյաների հայտարարությունները, սակայն, որեւէ անգամ հստակ ժամանականշում չեն ունեցել․ մշտապես հնչել են «մի քանի ամսից, առաջիկայում, շուտով» եւ այստեսակ այլ արտահայտություններ։ Երեւանի տրանսպորտային համակարգ մուտք գործած նոր ավտուբուսներում մինչ օրս այդ համակարգը ամբողջությամբ ներդրված չէ, միայն վերջին շաբաթների ընթացքում, երբ որոշ երթուղիներում վերջին գնված ավտոբուսները սկսեցին սպասարկել, դրանցում ներդրվեց համակարգի փորձնական մոդելը։
Այսպես, 2020թ․ հուլիսին Երեւանի քաղաքապետարանը հաղորդեց, որ համայնքի բյուջեի միջոցներով 100 փոքր չափսի ավտոբուս է ձեռք բերվելու։ Մրցույթում մասնակիցներին առաջադրված պայմաններից մեկը վարորդի խցիկում քարտային տոմսավորման հնարավորությունն էր։ Այդ ավտոբուսները եկան Երեւան, եւ 2021թ․ հուլիսին Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ մի քանի ամսից անցում կկատարվի էլեկտրոնային վճարման համակարգի։
2021թ․ տարեվերջին եկավ ավտոբուսների նոր խմբաքանակ, որը եւս ձեռք էր բերվել մայրաքաղաքի բյուջեով։ Դրանցում եւս նախատեսված է տեղադրել քարտային տոմսավորման համակարգ, սակայն գործում են միայն մետաղադրամ ընդունող սարքերը։
Հաջորդ տարի՝ 2022-ի ապրիլին, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ շուտով գործարկվելու է միասնական վճարային համակարգի փորձնական՝ պիլոտային տարբերակը, որի արդյունքները հաշվի առնելով՝ կանցնեն համակարգի ամբողջական տեղադրմանը։ Բայց հստակ ժամկետներ պաշտոնյան չնշեց։
Ամիսներ անց էլ Երեւանի քաղաքապետարանը «Sputnik Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան էր հավաստիացրել, որ էլեկտրոնային համակարգն, ամենայն հավանականությամբ, կներդրվի մինչեւ տարեվերջ։
Չնայած այս հավաստիացումներին եւ հայտարարություններին, միայն 2022թ․ նոյեմբերի 8-ին էր Երեւանի քաղաքապետի որոշմամբ հայտարարվել հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման եւ ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ, որն ամփոփվել էր նույն թվականի դեկտեմբերի 13-ին։ Մրցույթում հաղթել էր «Թել-Սել» ՓԲԸ-ն: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ մինչ այդ հնչած հայտարարությունները հիմնված չեն եղել այս ուղղությամբ փաստացի կայացված որոշումների վրա։
Infocom-ը ս․թ․ մարտի 30-ին Երեւանի քաղաքապետարանից հարցմամբ, ի թիվս այլնի, հետաքրքրվել է, թե ինչ գործոններով պայմանավորված մինչ օրս չեն ներդրվել համակարգի պիլոտային եւ հիմնական տարբերակները, ինչ փուլում են համակարգի պիլոտային տարբերակի ներդրման աշխատանքները, երբ եւ քանի ավտոբուսում է ներդրվելու պիլոտային տարբերակը, որ երթուղիները սպասարկող ավտոբուսներն են լինելու դրանք եւ այլն։
Քաղաքապետարանից ապրիլի 5-ին տրամադրած պատասխանում նշել են, որ ներկայումս ընթանում են համակարգի ներդրման աշխատանքները՝ ըստ սահմանված գրաֆիկի, եւ վստահեցնում՝ որևէ հետաձգում առկա չէ։
Համակարգի հիմնական ներդրումը, ինչպես նշում են քաղաքապետարանից, տևելու է 12 ամիս՝ համաձայն կնքված պայմանագրի։ Հիմնական ներդրումը 3 փուլի է բաժանված․
Հարցման պատասխանում ասվում է, որ արդեն իսկ պիլոտային ներդրման համար «Թել-Սել» ՓԲԸ-ն իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ (տոմսային համակարգի ձեռքբերում, վալիդատորների ձեռքբերում, ծրագրային կարգաբերում, ինտեգրում «Թել-Սել» վճարային համակարգի հետ և այլն)։
«Առաջիկայում փորձնական վալիդատորները կտեղադրվեն հասարակական տրանսպորտի մեկ երթուղում, որի երթուղու, տոմս ձեռք բերելու, վալիդատորից օգտվելու և այլնի մասին կարվի հայտարարություն»,- հայտնում են քաղաքապետարանից:
Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանն այս անգամ արդեն հաղորդում է, որ քարտային համակարգի ներդրման աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն դարձյալ հստակ ժամկետներ չեն նշվում․ միայն այն, որ ընդհանուր ներդրումը տեւելու է 12 ամիս, բայց չկա հստակեցում՝ թե երբվանից սկսյալ։ Պայմանագրի կնքման ամսաթվից կարելի է ենթադրել, որ 12 ամիսը հաշվվում է այդ պահից, քանի որ պայմանագիրն էլ ուժի մեջ է մտել ստորագրման պահից։
«Թել-Սել» ընկերությունից Infocom-ի՝ ապրիլի 5-ին ուղարկված գրավոր հարցմանն ի պատասխան ապրիլի 12-ին տեղեկացրել են, որ Ընկերության կողմից կատարվել է համակարգի պիլոտային շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռք բերում, ընթանում են կարգաբերման և «Թել-Սել» վճարային համակարգի հետ համակցման աշխատանքները:
Ընկերությունը վստահեցրել է, որ համակարգի պիլոտային շահագործումը պլանավորվում է սկսել մայիսին, այն տեւելու է մոտ երկու ամիս:
«Պիլոտային ծրագրի հաջող ավարտից հետո Համակարգի ամբողջական ներդրումն Ընկերությունը կիրականացնի 9 ամսվա ընթացքում: Հավելենք, որ հաշվարկը իրականացվում է պայմանագրով սահմանված կարգով»,- պատասխանել են Ընկերությունից՝ նշելով, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման հետ կապված պետությունն ընդհանրապես գումար չի ծախսելու, եւ որ ծրագիրն ամբողջությամբ իրականացվելու է «Թել-Սել» ընկերության ֆինանսական միջոցներով:
Հետաքրքրվել էինք նաեւ, թե այս պահի դրությամբ քանի համապատասխան սարք է ձեռք բերել Ընկերությունը, ինչ սարքեր են դրանք (վալիդատոր եւ այլ), եւ թե ինչ արժեք ունեն դրանք։ Պատասխանել են, որ այս տեղեկատվությունը ներառում է առևտրային գաղտնիք, և այն նպատակահարմար չի համարվում հրապարակել:
Ինֆոքոմը Երեւանի քաղաքապետարանին խնդրել է նաեւ Ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի օրինակը։ Քաղաքապետարանից նշել են, որ պայմանագրում փոփոխություններ են արվում, ինչից հետո այն կհրապարակվի։
Հետգրություն․ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ս․թ․ ապրիլի 17-ին Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց, որ վերջերս գծերում ներմուծվել են նոր ավտոբուսները, եւ դրան զուգահեռ «հենց այս պահին ներդրվում է տոմսային համակարգը»։ Ավինյանը հայտնեց, որ MAN ավտոբուսներում տոմսային համակարգը հիմա փորձնական ներդրված է, վճարում անել էլ հնարավոր է մի քանի եղանակով, այդ թվում՝ քարտով, հեռախոսով, QR կոդով, իսկ ապագայում նաեւ տրանսպորտային քարտերով։ Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ մինչեւ տարվա վերջ միասնական տոմսային համակարգը ամբողջությամբ ներդրված է լինելու ե՛ւ ավտոբուսներում, ե՛ւ գազելներում, ե՛ւ մետրոյում։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)