ԵՄ-ն կոչ է արել սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը
 |armenpress.am|
15:42 - 12 ապրիլի, 2023

ԵՄ-ն կոչ է արել սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Հայաստանի զինված ուժերի զինծառայողների վրա Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում։ 

ԵՄ դիվանագիտական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ Ադրբեջանի սադրիչ հարձակումը որակելով որպես բախումներ։ 

«Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թ.-ի գիծը, կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է դուրս բերվեն այս գծից անվտանգ հեռավորությունների վրա՝ կանխելու միջադեպերի կրկնությունը», - ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին:

Դիվանագետը հավելել է, որ կողմերը պետք է ակտիվացնեն սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները:

«Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ Պրահայում 2022 թ.-ի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները՝ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ՝ համաձայն 1991 թ.-ի Ալմա Աթայի հռչակագրի: ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին», - նշված է հայտարարության տեքստում:

Եվրամիությունը դարձյալ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:

«ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ», - նշվում է ԵՄ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։ 

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։

Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել