Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր կայացավ Մատաղիսի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի գործով առաջին դատական նիստը։
Այս քրեական գործը տարեսկզբին ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որտեղ կողմերը միջնորդել էին փոխել տարածքային ընդդատությունը, քանի որ վարույթի մասնավոր մասնակիցների եւ վկաների մեծամասնությունը չի բնակվում Սյունիքի մարզի տարածքում։ Դատարանը, դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, բավարարել էր միջնորդությունը՝ գործն ուղարկելով Երեւան։
Հիշեցնենք՝ Սեւակ Աբրահամյանը մեղադրվում է մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, որի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ 2020 թ․ սեպտեմբերի 27-ի հարձակումը:
Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի՝ 2020 թ․ սեպտեմբերի 23-ից մինչ 26-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն արձակել է 4 տարբեր կարգադրություններ՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում զգոնությունը բարձրացնելու, ակտիվացած հակառակորդի սադրիչ գործողություններին դիմագրավելու, մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, հակառակորդի բոլոր տեսակի թռչող սարքերին հակազդելուն պատրաստ լինելու, հակառակորդի կազմում եւ գործողությունների բնույթում փոփոխություններ արձանագրելու դեպքում անմիջապես ըստ վերադասության զեկուցելու, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում հետախուզության բոլոր ձեւերը ուժեղացնելու, «Մարտական» աշխատանքային ռեժիմի անցնելու եւ այլնի մասին։
Գնդապետ Աբրահամյանը, սակայն, ըստ մեղադրանքի, չի պահպանել ԳՇ պետի, ՊԲ հրամանատարի արձակված կարգադրությունների, հրամանների, ինչպես նաեւ «Մարտական կանոնադրության» պահանջները։
Դրա փոխարեն սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի եւ իր կողմից հրավիրված այլ հյուրերի` ՊԲ շուրջ 100 սպաների մասնակցությամբ Մատաղիս գյուղում կազմակերպել եւ անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում եւս ստացել է առաջնագծում եւ հակառակորդի թիկունքում ուժերի եւ միջոցների տեղաշարժերի, կուտակումների, մարտական գործողությունների վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ, ինչպես նաեւ՝ վերախմբավորում կատարելու, պաշտպանության անցնելու եւ չպահվող մարտական դիրքերը անձնակազմով համալրելու առաջարկներ։
Ի պաշտոնե պարտավոր լինելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Աբրահամյանը, ըստ մեղադրանքի, բավարարվել է միայն ստեղծված իրավիճակի մասին անմիջական պետին բջջային հեռախոսով զեկուցելու փորձերով։
Արդյունքում, երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ հարձակում է գործել ՊԲ տվյալ զորամասի պաշտպանական բնագծի երկայնքով, առաջիկա ժամերին հայկական զորքին մեծ կորուստներ պատճառելով, ճեղքել է պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, գրավել գերիշխող բարձունքները, գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի աջաթեւյան հատվածում մարտնչող անձնակազմին, ինչով պայմանավորված էլ ՊԲ հրամանատարի որոշմամբ 2020 թ․ հոկտեմբերի 2-ին տվյալ զորամասի ողջ անձնակազմը հետ է քաշվել եւ զբաղեցրել նոր պաշտպանական բնագիծ, իսկ Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ։
Սեւակ Աբրահամյանը կալանավորված է 2022 թ․ հուլիսի 29-ից։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Դատարանը թույլատրեց նիստի տեսա եւ լուսանկարահանումը
Դատական նիստի սկզբում նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը, դիմելով զոհված զինծառայողների՝ դահլիճում գտնվող ծնողներին եւ հարազատներին, խնդրեց եւ պահանջեց, որ նիստերի ընթացքում վերջիններս տեղից հայտարարություններ չանեն եւ հարգեն միմյանց աշխատանքը․ «Ես ցանկություն ունեմ, որ բոլորդ ներկա լինեք, եւ հանրության համար ամեն ինչ բաց եւ թափանցիկ լինի, բայց եթե նման դեպք եղավ, ստիպված եմ լինելու սանկցիա կիրառել եւ դահլիճից դուրս հանել»,- ասաց դատավորը՝ նշելով, որ քրեական գործը բավականին ծավալուն է, բարդ, դատակոչի ցուցակում շուրջ 50 վկա կա։
Լուսանկարում՝ զոհված զինծառայողների հարազատները դատարանի բակում
Այնուհետեւ ներկա լրագրողները խնդրեցին դատարանի թույլտվությունը նիստի տեսա եւ լուսանկարահանման համար։
Հանրային մեղադրող, Զինվորական կենտրոնական դատախազության դատախազ Վազգեն Վարդանյանը դեմ արտահայտվեց՝ պատճառաբանելով, որ քրեական գործը վերաբերում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին։
Մինչդեռ ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց՝ երբ քրեական գործն ուղարկվել է դատարան, վերջինիս վրա չի եղել որեւէ նշում առ այն, որ այն պարունակում է պետական գաղտնիք, եղել է ընդամենը 3 գաղտնի փաստաթուղթ, որոնք չհրապարակայնացնելու վերաբերյալ քննիչն իրենց նախազգուշացրել է։ Պաշտպանը ընդգծեց՝ Քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն՝ քննիչը, դատախազը եւ դատավորը պետք է նախապես ստորագրություն տված լինեն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները չհրապարակելու համար, եւ խնդրեց հայտնել՝ արդյո՞ք նման ստորագրություն տվել են․ «Եթե լրագրողներին չի կարելի, նույն կերպ ծնողներն են դահլիճում, ստացվում է՝ պետք է դռնփակ նիստ անցնացվի, բայց մեր ցանկությունն է, որ ծնողները ներկա գտնվեն մինչեւ վերջ, այդ թվում՝ բոլոր ապացույցների հետազոտմանը, որպեսզի ե՛ւ նրանց, ե՛ւ հանրության մեջ հստակ պատկերացում լինի, թե Աբրահամյանի մեղադրանքը որքանով է համապատասխանում իրականությանը, թե նրա փոխարեն ում պետք է մեղադրանք առաջադրվեր, թե որ պաշտոնատար անձինք են խախտել պահանջները, որոնց արդյունքում էլ առաջացել են այն հետեւանքները, որ մեղսագրվում են Սեւակ Աբրահամյանին»,– ասաց նա՝ առաջարկելով դռնփակ քննություն իրականացնել միայն այդ 3 փաստաթղթերի հետազոտման ժամանակ։
Աբրահամյանը միացավ իր պաշտպանի կարծիքին․ «Համաձայն եմ, շատ լավ կլինի, որ լրագրողները եւ մանավանդ ծնողները իրականությունն իմանան»,- ասաց նա։
Հանրային մեղադրողը հստակեցրեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ քրեական գործն ամբողջությամբ գաղտնի չէ, եւ ըստ իրեն՝ հրապարակայնությունը պետք է սահմանափակվի գաղտնիք պարունակող փաստաթղթերի մասով միայն։
Լուսանկարում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը
Լսելով կողմերին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլատրեց նիստի տեսա եւ լուսանկարահանումը մինչ հիշյալ փաստաթղթերի հետազոտմանը հասնելը։
Դրանից հետո դատարանը ճշտեց կողմերի ինքնությունը։ Ըստ այդմ, Սեւակ Աբրահամյանը հայտնեց, որ ազգությամբ հայ է, Արցախի քաղաքացի, ստացել է ռազմական բարձրագույն կրթություն, 2021 թ․-ի մայիսից իր դիմումի համաձայն զորացրվել է պահեստազոր, ունի 3-րդ կարգի հաշմանդամություն։
Պաշտպանը միջնորդեց դադարեցնել Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Պաշտպան Արման Թամրազյանը միջնորդեց դադարեցնել Սեւակ Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը եւ կարճել քրեական վարույթը արարքի ապաքրեականացման հիմքով։
Ինչպես հայտնի է, 2022 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել 2021 թ․-ին ընդունված Քրեական նոր օրենսգիրքը (այսուհետ՝ նոր օրենսգիրք), եւ նույն օրը ուժը կորցրած է ճանաչվել 2003 թ․ ընդունված արդեն նախկին օրենսգիրքը (այսուհետ՝ նախկին օրենսգիրք)։
Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց օրեր անց՝ հուլիսի 28-ին։ Միեւնույն ժամանակ որոշման մեջ նշվել է, որ այն համապատասխանում է նոր օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին։
Նախկին օրենսգրքի հիշյալ 365-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է սահմանում նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքի համար, որը առաջացրել է ծանր հետեւանքներ։ 1-ին մասը սահմանում է հետեւյալը․ «ՀՀ-ի վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել», իսկ 2-րդ մասը՝ հետեւյալը․ «Նույն արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով եւ առաջացրել է էական վնաս`»։
Ինչ վերաբերում է նոր օրենսգրքի 540-րդ հոդվածին, ապա դրա 5-րդ մասը սահմանում է․ «Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն»։
Լուսանկարում՝ պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը
Ընթերցելով հիշյալ հոդվածների բովանդակությունը՝ պաշտպանն ընդգծեց, որ նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսել մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, որը կատարվել է ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ․ «Որպեսզի պաշտպանական կողմի համար մեղադրանքն այդ առումով պարզ եւ հասկանալի լիներ, վարույթն իրականացնող մարմինը պետք է մեղադրանքում նշեր՝ Սեւակ Աբրահամյանը մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտել է դիտավորությա՞մբ թե՞ անզգուշությամբ, նրա կողմից այդ կանոնները խախտելու հետեւանքով առաջացե՞լ է վնաս կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք, թե՞ էական վնաս է պատճառվել, որն էլ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ պետք է նշվեր՝ նրա կողմից կատարված արարքը համապատասխանել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ի՞ն թե՞ 2-րդ մասին, որն առաջացրել է ծանր հետեւանք»։
Տվյալ դեպքում, ըստ պաշտպանի, վարույթ նախաձեռնելու որոշման մեջ առկա ձեւակերպումները հուշում են, որ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ 6-րդ ՊՇ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ հրամանատար Սեւակ Աբրահամյանը, իրենց ծառայողական պարտականությունների նկատամամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով խախտել են Կանոնագրքի մի շարք հոդվածների պահանջները, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ․ «Ընդ որում, Սեւակ Աբրահամյանին ներկայացված մեղադրանքում նշվել է, որ նա, հակառակ ծառայության եւ պետության շահերի, չի ձեռնարկել սպառնացող վտանգը կանխելու համար բավարար եւ համարժեք միջոցներ։ Մեղադրանքում նկարագրված արարքը նույնպես վկայում է այն մասին, որ Սեւակ Աբրահամյանին մեղսագրվել է արարքի անզգուշությամբ կատարում, հակառակ պարագայում, եթե Սեւակ Աբրահամյանը հակառակ պետության եւ ծառայության շահերի դիտավորությամբ չձեռնարկեր սպառնացող վտանգը կանխելու համար բավարար եւ համարժեք միջոցներ, ինչպես նաեւ առաջացած հետեւանքի նկատմամբ ունենար դիտավորություն, ապա նրա արարքը պետք է որակվեր այլ հոդվածով»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ այդ դեպքում առկա կլիներ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալում։
Ինչ վերաբերում է ծանր հետեւանքին, Սևակ Աբրահամյանին ներկայացված մեղադրանքում որպես ծանր հետևանք գնահատված փաստերը՝ հակառակորդի կողմից պաշտպանության խորքը մխրճվելը, ըստ պաշտպանի, վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության համաձայն, գնահատվել են որպես անզգուշությամբ առաջացած ծանր հետեւանք, իսկ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման համաձայն որպես առաջացած ծանր հետեւանք է նշվել նաեւ հակառակորդի կողմից պաշտպանության խորքը մխրճվելուց հետո Թալիշ եւ Մատաղիս գյուղերը հակառակորդի տիրապետության տակ անցնելու փաստը․ «Ակնհայտ է, որ հակառակորդի կողմից պաշտպանության խորքը մխրճվելը որպես անզգուշությամբ առաջացած ծանր հետեւանք դիտարկելու պայմաններում նույն պատճառով հետագայում Թալիշ եւ Մատաղիս գյուղերը հակառակորդի տիրապետության տակ անցնելը չի կարող դիտվել որպես դիտավորությամբ առաջացած ծանր հետևանք»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ որեւէ ապացույց չի վկայում ենթադրյալ արարքի դիտավորությամբ կատարված լինելու մասին։
Լուսանկարում՝ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը
Մինչդեռ նոր օրենսգրքում, ըստ Թամրազյանի, հոդվածները կառուցվել են այն տրամաբանությամբ, որ եթե նշված չէ արարքն անզգուշությամբ կատարելու մասին, ապա այն համարվում է դիտավորությամբ կատարված։ Տվյալ՝ 540-րդ հոդվածի 5-րդ մասում անզգուշության մասին նշված չէ, ուստի, ըստ նրա, այն քրեական պատասխանատվություն է սահմանում միայն դիտավորությամբ կատարված արարքի համար։ Հետեւաբար նոր օրենսգրքով, ըստ պաշտպանի, մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնների անզգույշ խախտումը ապաքրեականացվել է։
Վկայակոչելով նոր օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Թամրազյանը պնդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառելի է նոր, այլ ոչ թե հին օրենսգիրքը․ հիշյալ հոդվածը սահմանում է, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռեւս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանն առարկեց միջնորդության դեմ՝ ասելով միայն, որ միջնորդությամբ ներկայացված դատողությունները Քրեական օրենսգրքի սուբյեկտիվ մեկնաբանություն են։
Միջնորդության քննությունը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 21-ին։
Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)