Սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի պահնորդը. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:37 - 13 ապրիլի, 2023

Սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի պահնորդը. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլի 12-ին Կապանում սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը, Սիվիլնեթին հայտնել է ԶՊՄԿ-ի խոսնակ Արայիկ Մարգարյանը։

Պահնորդը Կապանի թաղամասերից մեկում՝ Շղարշիկում, որը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է, պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատելիս է եղել։ Դեպքի վայրում թանկարժեք գույք չի եղել։

Նրան սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը դեպքի վերաբերյալ գրառում է կատարել՝ անդրադառնալով սպանությանը ադրբեջանցիների առնչության վարկածին։ Նա նշում է, որ հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել։

«Քանի որ լրագրող գործընկերները շատ են հարցնում այն մասին, որ ԶՊՄԿ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածն է, իբրև թե, քննվում, այս պահին ուղղակի արձանագրում եմ, որ քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ բոլոր միջոցները, օպերատիվ հետախուզական միջոցառումները ձեռնարկվում են հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Բայց այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք։ Եթե ենթադրություններից դուրս ոմանք կարող են իրենց հայտնի, որոշակիություն ունեցող տվյալներ ունենալ հանցագործությունն ընդհանրապես կատարողների վերաբերյալ, ապա կարող են ու պարտավոր են հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,- գրել է Աբրահամյանը։

ՀՀ քննչական կոմիտեն նույնպես դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․

«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ:

Դեպքի առթիվ 2023թ. ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ կանոնը կամ պահանջը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով: Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել