Ոչ թե քաղաքական վեկտորի փոփոխություն, այլ անվտանգության երաշխիքների փնտրտուք․ Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին
13:55 - 14 ապրիլի, 2023

Ոչ թե քաղաքական վեկտորի փոփոխություն, այլ անվտանգության երաշխիքների փնտրտուք․ Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին

Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք օգնության համար, և երբ չենք ստացել, այդ ժամանակ ենք փորձել այլընտրանքներ փնտրել։ Երբ մեզ մեղադրում են, որ մենք արտաքին քաղաքականություն ենք փոխում, առաջինը իրենց կմեղադրեի, որովհետև մենք առաջինը նրանց (ՀԱՊԿ-ին՝ խմբ․) ենք դիմել, որ եկեք, մեր հարցը լուծեք։ Այս մասին Civilnet-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որ Հայաստանը փոխել է իր արտաքին քաղաքական վեկտորը՝ ՌԴ-ից թեքվելով դեպի Արևմուտք։

Լրագրողը, մասնավորապես, նշեց ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում չեղարկելը, ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով հայտարարությունը չստորագրելը, նաև որ Հայաստանը հրաժարվել է իր քվոտայից՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ ունենալու, ԵՄ դիտորդների տեղակայման փաստը։

Գրիգորյանը այս համատեքստում ասաց, որ մինչև 2021-ի դեկտեմբերը որպես պաշտոնյա որևէ արևմտյան մայրաքաղաքում չի եղել, որևէ կոլեգայի հետ չի հանդիպել։ Նրա խոսքով 2021-ին Հայաստանի վրա Ադրբեջանի երկու հարձակումներից հետո Հայաստանը խնդիր է ունեցել իր անվտանգային խնդիրներ լուծելու ոչ միայն Արևմուտքի միջոցով։

«Հիմա շատերը քննարկում են՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով է էս ամենը տեղի ունենում, ո՛չ, մեր պրակտիկայի պատճառով է։ Եվ ես դա չէի կոչի վեկտորի փոփոխություն, ես դա կկոչեի փնտրտուք անվտանգության որոշակի երաշխիքների։ Մենք դա փնտրում ենք նաև Դելիում՝ երաշխիքները կամ հնարավորությունները։ Զենքը, որը հասնում է Երևան, երաշխիք է ինձ համար․․․ Անվտանգության կարողությունների զարգացում՝ սա է։ Հայաստանի վարած քաղաքականությունը արձագանք է, որոշում չէ՝ նախապես պլանավորված, կամ ինչ-որ դավադրություն, սա լրիվ արձագանք է»,- նշեց նա։

Խոսելով Հայաստանում ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հնարավորության մասին՝ նա ասաց․ «Մենք ՀԱՊԿ-ից օգնություն շատ շուտ ենք խնդրել, և այս քննարկումները որևէ պահի չեն ընդհատվել։ Պարզապես մենք խնդիրներ ենք բարձրացրել, ակնկալիք ենք ունեցել Հայաստանի սահմանը ճանաչելու, որը գոյություն ունի Ալմաթիի հռչակագրով, ասել ենք՝ այդ սահմանը ճանաչելով՝ դուք պետք է գաք, այդ սահմանը պաշտպանեք։ Պատասխանը եղել է այն, որ մենք (ՀԱՊԿ-ը՝ խմբ․) այդ սահմանը չենք ճանաչում»։

Նա նշեց, որ բանակցությունները շարունակվում են լուծումներ գտնելու համար․ «[Լուծումն այն է], որ գնահատական տան և ճանաչեն այդ սահմանը, որը պետք է պաշտպանեն։ Ի դեպ՝ ոչ թե դիտորդական առաքելություն ուղարկեն․․․ Ռազմական ալյանս է, ռազմական ալյանսը ինչպես է դիտորդ ուղարկում ընդհանրապես»։

Գրիգորյանն անդրադարձավ 2022թ․ տեղի ունեցած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ-ից Հայաստանին տրվող աջակցության փաթեթին։ Նա ասաց, որ դա հենց դիտորդներին վերաբերող հարցն էր։ 

Ի պատասխան հարցին, թե այդ փաստաթուղթը՝ ռազմական աջակցություն տրամադրելու կամ ռազմաքաղաքաան աջակցություն տրամադրելու, ինչի՞ մասին էր, Գրիգորյանն ասաց․ «Հիմնականում այդ դիտորդական առաքելության մեջ, օրինակ, ՊՆ-ից գնդապետի նշանակումը, որը պետք է պայմանական մեկ անդամ երկիր գործուղի Հայաստան։ Հիմնականում սրա մասին է»։

Ճշգրտող հարցին, թե զենք առաջարկվե՞լ է, ՀՀ ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Հայաստանն այսօր բոլոր տեղերում փնտրում է զենք ու զինամթերք։ Եվ չի կարող որևէ տեղում Հայաստանին զենք-զինամթերքի տեսքով օգնություն առաջարկվի, ու Հայաստանը հրաժարվի»։

Գրիգորյանը մանրամասներ չհայտնեց Հնդկաստանից զենքի գնելու հնարավոր գործարքների վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել