Ակնկալում ենք տպավորիչ առաջնություն. ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահներին
15:46 - 14 ապրիլի, 2023

Ակնկալում ենք տպավորիչ առաջնություն. ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը, ողջունելով երկու ֆեդերացիաների նախագահներին, նշել է, որ Հայաստանը պատվով է հյուրընկալում Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ. առաջնությունը և շնորհակալ է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաներին՝ այդ գաղափարին աջակցելու համար:

«Հայաստանը ներդրել է առավելագույն ջանքերը՝  Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս անցկացնելու համար: Ակնկալում ենք, որ այն կլինի տպավորիչ և հաջողություններով լի», - ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել նաև Ծանրամարտի աշխարհի 2024 թ. առաջնությունը:

Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, Օլիմպիական կոմիտեին, կազմկոմիտեին՝ կատարված մեծածավալ աշխատանքի համար  և վստահություն հայտնել, որ առաջնությունը կանցկացվի բարձր մակարդակով: Մուհամմեդ Ջալուդը նկատել է, որ հաշվի առնելով կուտակված փորձը՝ Հայաստանն իրապես կարող է հավակնել Ծանրամարտի աշխարհի 2024 թ. առաջնությունը հյուրընկալելուն, ինչի համար արդեն հայտ է ներկայացրել: Իսկ Անտոնիո Կոնֆլիտտին  արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ընդգծել նախապատրաստական աշխատանքների բարձր մակարդակը:

Զրուցակիցները քննարկել են ծանրամարտի և ընդհանրապես՝ սպորտի մասսայականացմանն առնչվող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը ռազմավարական ուղղություն է Հայաստանի կառավարության համար, և այդ ուղղությամբ իրականացվում են թիրախային բարեփոխումներ ու ծրագրեր:

Մտքեր են փոխանակվել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ:

2023 թվականի ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ. առաջնությունը, որի անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել