ՀՀ ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում ծանրամարտի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը
13:54 - 15 ապրիլի, 2023

ՀՀ ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում ծանրամարտի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից։
 
Նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։
 
«Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։ Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել։
 
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023 թ. առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը»։
 
Հիշեցնենք, Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դահլիճում ներկա գտնվող դիզայներ Արամ Նիկոլյանը մոտեցել էր Ադրբեջանի պետական դրոշին, վերցրել այն և այրել։ Անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել էին դահլիճից։ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանության բաժին, ավելի ուշ նա ազատ էր արձակվել։

Իսկ Ադրբեջանի Երիտասարդության եւ սպորտի նախարարությունը եւ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ ադրբեջանցի մարզիկները վերադառնում են իրենց երկիր; Ադրբեջանի հայտարարության մեջ ասված է․

«Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության այսպիսի մթնոլորտ, չի ապահովվում անվտանգությունը, հոգեբանական ճնշման պատճառով ադրբեջանցի մարզիկների նորմալ մասնակցությունը մրցումներին հնարավոր չէ։Հաշվի առնելով այս ամենը՝ որոշում է կայացվել ադրբեջանցի մարզիկների հայրենիք վերադառնալու մասին։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել