Խաչատրյանի՝ բնակարանը զգալիորեն էժան գնելու մասին հրապարակմանը դատախազությունն ընթացք չտվեց |azatutyun.am|
10:32 - 18 ապրիլի, 2023

Խաչատրյանի՝ բնակարանը զգալիորեն էժան գնելու մասին հրապարակմանը դատախազությունն ընթացք չտվեց |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից շուկայականից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում է գերատեսչությունը։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հրապարակմամբ մատնանշված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, միաժամանակ այն չի բովանդակում այնպիսի փաստեր, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, հետևաբար հրապարակումը չի ուղարկվել իրավասու քննչական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով», - հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, «Ինֆոքոմ» կայքի հետաքննության համաձայն, 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում՝ իր հարևանների համեմատ զգալիորեն ավելի ցածր գնով։

Հետաքննության հեղինակ Մկրտիչ Կարապետյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ այս գործարքում առնվազն կոռուպցիոն ռիսկ է կա. - «Առնվազն ռիսկ, որ պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, Դատախազության կողմից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել