tert.am: Սպիտակ տունը սուր քննադատել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ մեկնաբանությունների համար։ Այս մասին գրել է BBC-ն։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին Լուլային մեղադրել է «ռուսական և չինական քարոզչությունը կրկնելու համար»։
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան, որը հանդես է եկել որպես խաղաղ բանակցությունների միջնորդ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար, շաբաթավերջին ասել էր, որ «Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի պատերազմը խրախուսելը և սկսի խոսել խաղաղության մասին»:
Նախագահի մեկնաբանությունները հնչել են Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հանդիպումից հետո: Չինաստանը փետրվարին հրապարակել էր ռուս-ուկրիանական հակամարտությանը վերաբերող խաղաղության ծրագիր։
Ջոն Քիրբին ասել է, որ Լուլայի մեկնաբանությունները, որոնք ենթադրում էին, թե «Միացյալ Նահանգները և Եվրոպան ինչ-որ կերպ շահագրգռված չեն խաղաղությամբ, կամ որ կիսում են պատասխանատվությունը պատերազմի համար», «ուղղակի սխալ էին»:
Պատասխանելով Քիրբիին՝ Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրան ասել է. «Ես չգիտեմ, թե ինչպես և ինչու է նա եկել այդ եզրակացությանը, բայց ես բոլորովին համաձայն չեմ»:
Բրազիլիան չի միացել արևմտյան երկրներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում և մերժել է Ուկրաինային զինամթերք մատակարարելու խնդրանքը:
Երկուշաբթի օրը Բրազիլիա այցելած, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան «երախտապարտ է բրազիլացի ընկերներին իրավիճակի ծագումը հստակ ըմբռնելու համար»։
«Մենք երախտապարտ ենք նրանց ցանկության համար՝ նպաստելու այս իրավիճակը կարգավորելու ուղիներ գտնելու հարցում»,- ասել էր ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
comment.count (0)