Եթե Փաշինյանն ինձ նկատի ունենար, կհնչեցներ իմ անունը. Թագուհի Թովմասյանը՝ գաղտնի ձայնագրության մասին |aysor.am|
15:33 - 19 ապրիլի, 2023

Եթե Փաշինյանն ինձ նկատի ունենար, կհնչեցներ իմ անունը. Թագուհի Թովմասյանը՝ գաղտնի ձայնագրության մասին |aysor.am|

aysor.am: Երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2021 թվականին Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված ձայնագրությանը՝ հարցադրումով. «Կարո՞ղ է այդ մարդը մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ խմբակցության անդամ է։ Եկել է, հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել, տվել է Սերժ Սարգսյանին»։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրեն նկատի ուներ Փաշինյանը, և ինչպե՞ս է մեկնաբանում այս հայտարարությունը։

«Նիկոլ Փաշինյանը, եթե ինձ նկատի ունենար, կհնչեցներ իմ անունը։ Եթե իմ անունը չի հնչեցրել, ես որևէ մեկնաբանություն չունեմ։

Ես գաղտնի ձայնագրելու սովորություն չունեմ, իմ ամբողջ կյանքի ընթացքում երբեք այդպիսի բան չեմ արել, ի տարբերություն այսօրվա գաղտնի ձայնագրությունների վրա հիմնված իշխանության գործելակերպի։

Դա իրենց ձեռագիրն է ու տարիների ավանդույթը»,- aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ 2021թ․ հունիսի 9-ին Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հրապարակել է ձայնագրություն Նիկոլ Փաշինյանի մասին, որտեղ վերջինս խոսում է ղարաբաղյան բանակցություններից, նշում, որ 2018 թվականի մայիսին Սոչիում իրեն են մոտեցել Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն, ասել, որ ինքն ունի ժողովրդական մեծ վստահություն, ու դա պատմական շանս է Ղարաբաղի հարցը լուծելու համար, և կրկին առաջարկել են Լավրովյան պլանը, իսկ Փաշինյանը նշել է, թե առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման դա ընդհանրապես քննարկելու թեմա չէ։

Ապա Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասում է․ «Ինձ համար պարզ էր, էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել, ուրիշ տեղ հայտնվել։ Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, բայց դա կլինի, պետք է այդ կոնվեյերի վրայից դուրս պրծնել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել