Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը եւ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանը այսօր հանդիպել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, հայտնում է Մեղրիի համայնքապետարանը։
Համայնքապետը նշել է, որ հանդիպումը ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցության, միասնական նախաձեռնությունների, համատեղ գաղափարների ու ծրագրերի իրականացման համար:
Համայնքի ղեկավարը ու հյուպատոսը քննարկել են Մեղրի համայնքի եւ ԻԻՀ միջեւ տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ: Երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը առավել խորացնելու եւ ամրապնդելու նպատակով քննարկվել է Մեղրի համայնքի եւ ԻԻՀ որեւէ քաղաքի հետ քույրացման գաղափարը` հատկապես կարեւորելով հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը այդ գործընթացում:
Համագործակցության շրջանակներում կարեւորելով կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտները զարգացնելու եւ հատկապես երիտասարդությանը այդ ոլորտներում ներգրավվելու միտումները` պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել փոխադարձ ճանաչողական այցեր:
Քննարկել են Հայ-Իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների եւ ազատ տնտեսական գոտու արդյունավետության հետ կապված մի շարք հարցեր:
comment.count (0)